Ճու Ծըցին | Վազք

Ծիծեռնակները, որ չվել են հեռու, մի օր վերադառնալու են։ Ուռին, որ չորացել է, նորից կկանաչի։ Նորից կծաղկեն դեղձենու թափված ծաղիկները։ Բայց, խելացի՛, ասա ինձ, ինչո՞ւ մեր օրերը անցնում ու հետ չեն գալիս։ Մեկը գողացե՞լ է նրանց, ո՞վ։ Որտե՞ղ է թաքցրել։ Իրենք իրե՞նց են փախել։ Ո՞ւր են գնացել։
Չգիտեմ, թե քանի օր է տրված ինձ, բայց ձեռքերս կամաց-կամաց դատարկվում են։ Լռության մեջ, ութ հազարից ավել օրեր արդեն սահել են ձեռքերիցս։ Ինչպես ասեղի ծայրի փոքրիկ ջրի կաթիլը ծովի մեջ է կաթում, այդպես իմ օրերն են կաթում ժամանակի հոսքի մեջ՝ անձայն, անձև։ Ճակատս քրտնում է, արցունքներս թափվում են։
Գնացածը գնացած է, եկածը՝ եկած։ Գնալ գալու մեջտեղում այս ի՞նչ վազք է։ Երբ արթնանում եմ, սենյակում արևի երեք թեք ճառագայթ է ընկնում։ Արևն էլ ոտքեր ունի: Թեթև, լուռ տեղափոխվում է, ես էլ անգիտակցաբար նրա շրջապտույտի մեջ եմ հայտնվում։ Ու․․․ ձեռքերս լվանալուց, օրս ջրամանի միջից անցնում գնում են։ Հաց ուտելիս, օրերս թասի միջից անցնում գնում են։ Լուռ պահերին, օրերս աչքերիս առաջ արագ անցնում են։ Ես նկատում եմ նրա վազքով անցնելը, ձեռքս պարզում եմ, որ հետ պահեմ, ու նա անցնում է պարզած ձեռքիս միջով։ Գիշերը պառկած եմ անկողնում, նա գաղտնի անցնում է իմ վրայով, ոտքերիս մոտից թռչում գնում։ Երբ բացում եմ աաչքերս ու նորից տեսնում արևը, գիտեմ՝ մի օր էլ սահեց գնաց։ Ես ծածկում եմ դեմքս, հոգոց հանում։ Բայց նոր օրը էլի անհետանում է հոգոցիս միջով։
Թռչող օրերի մեջ, այսքան մարդկանց աշխարհում ես ի՞նչ կարող եմ անել։ Միայն թափառել, միայն վազել։ Ութ հազար օրերի վազքի մեջ, բացի թափառելուց էլ ի՞նչ է մնացել։ Քամին օրերը փչում է ծխի նման։ Մառախուղի պես արևից ցրվում են նրանք։ Ի՞նչ հետք եմ թողել ես։ Շղարշի պես աներևույթ հետքե՞ր ։ Մորեմերկ եմ եկել այս աշխարհ, մի ակնթարթ անց, էլի մորեմե՞րկ եմ հետ գնալու։ Արդար չէ։ Ինչո՞ւ եմ անիմաստ այսքան հեռու գնացել։
Դո՛ւ, խելացի՛, ասա ինձ, ինչո՞ւ մեջ օրերը անցնում ու հետ չեն գալիս։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *