1.
Ալ համազգեստ չէր հագինը նրա,
Քանզի արյունն ու գինին են կարմիր,
Արյունն ու գինին ձեռքերի վրա՝
Կանգնած էր այնտեղ, ուր դիակ կար մի՝
Անկողնում պառկած խեղճ կինն իր սիրած,
Որին նա դարձրեց անշունչ մի մարմին:
Բանտարկյալների շարքի մեջ դժբախտ՝
Քայլում էր՝ մաշված, գորշ զգեստ հագին,
Թվում էր քայլքն իր թեթև ու զվարթ,
Նայում էր լույսին գլխարկի տակից,
Բայց չէի տեսել, որ երբևէ մարդ
Այդ աչքով նայեր լույս արեգակին:
Նայում էր անհագ, կարոտով խորին,
Հայացքով թախծոտ, լուռ ու անխնդում`
Կապույտ վրանի փոքրիկ կտորին,
Որը երկինք են անվանում բանտում,
Եվ արծաթագորշ սահող ամպերին
Նայում էր անհագ, կարոտով տրտում:
Ցավակիր հոգով ուրիշ մարդկանց մեջ՝
Քայլում էի ես մեկ ուրիշ շարքում:
Ի՞նչ մեղք ունի նա. այս հարցն էր անվերջ
Իմ սիրտը տանջում, միտքս փոթորկում:
«Էն մեկին պիտի կախաղան հանեն»,-
Լսեցի հանկարծ շշուկն ահարկու:
Աստվա՜ծ… պտտվեց իմ աչքերի դեմ
Ամբողջ այդ բանտը, պատերն իր բոլոր,
Այրող սաղավարտ դարձավ պողպատե՝
Իմ գլխի վրա երկինքը կլոր:
Ու թեև ե՛ս էլ ցավակիր հոգի,
Բայց չէի զգում էլ իմ ցավը խոր:
Միայն գիտեի՝ քայլերով արագ
Ինչու է քայլում՝ խոհերի տակ մառ,
Թախիծով անհուն, կարոտով անհագ
Ինչու է լույսին նայում նա համառ:
Այդ մարդն իր սերն էր սպանել կյանքում
Եվ պետք է մեռներ հենց դրա համար:
Բոլորն են իրենց սերը սպանում,
Թող որ այս մասին իմանան իրոք,
Մեկն իր հայացքի դառնությամբ անհուն,
Մեկը քծնանքի շողոմ խոսքերով,
Վախկոտն համբույրով է այդ բանն անում,
Քաջն էլ այդ բանը անում է սրով:
Մեկն սպանում է ծաղկուն հասակում,
Մեկն էլ՝ երբ արդեն տարեց է ու ծեր,
Մեկը Տռփանքի ձեռքով է խեղդում,
Մյուսը՝ Ոսկու ձեռքով մահաբեր,
Իսկ ով բարի է, դաշույն է վերցնում,
Եվ շուտ է սառչում զոհը կարեվեր :
Մեկի սերն է կարճ, մեկինը՝ երկար,
Վաճառում է մեկն, իսկ մեկը՝ գնում,
Մեկն արցունքով է սիրում իր կյանքում,
Մյուսը հոգոց անգամ չի հանում:
Եվ սպանում են… ամեն մարդ, սակայն,
Որպես հատուցում մահ չի ստանում:
Չէ, չի ստանում մահն ամոթալի՝
Որպես իր գործած մեղքի հատուցում,
Եվ նախատինքի օրը սոսկալի՝
Աչքերին սև քող՝ առաջ չի անցնում,
Բանտի հատակից, պարանը վզին,
Դեպի անդունդը քայլն իր չի գցում:
Ամեն մեկը չէ՛ գիշեր ու ցերեկ
Հայացքների տակ կասկածոտ ու լուռ,
Որ հսկում են միշտ՝ լինի սրտաբեկ,
Արցունք թափի թե աղոթի տխուր,
Հսկում են այնպես, որ մեկ էլ հանկարծ
Բանտը իր զոհից չմնա թափուր:
Եվ ամեն մեկը չի զարթնում ծեգին՝
Բոթաբեր անձանց իր խցում տեսնի՝
Դողդոջ Քահանան՝ ճերմակը հագին,
Մռայլ Շերիֆը՝ գույժը վախճանի,
Եվ Բանտապետը սև-զգեստակիր՝
Դալկադեմ տեսքով գոռ Դատաստանի:
Աճապարանքով մի ողորմելի
Չի հագնում շորեր դատապարտվածի,
Երբ կոպտաբերան Բժիշկն է զննում
Եվ նայում դեմքին՝ լուռ ու մտացիր,
Երբ ժամացույցի թակոցները թույլ
Հնչում են ուժով մուրճի հարվածի:
Եվ ամեն մարդ չէ՛ ծարավը սաստիկ
Ավազի նման զգում կոկորդում,
Մինչ պարտիզպանի ձեռնոցներ հագին՝
Դահիճն անաղմուկ իր խուցն է մտնում
Եվ կաշեփոկի ձիգ հանգույցներով
Ծարավն այդ ընդմիշտ խեղդում իր բնում:
Եվ չի էլ լսում գլխահակ ու լուռ՝
Աղոթքը վասն ննջեցյալների,
Երբ հոգեկսկիծ տանջանքը զարհուր
Հիշեցնում է, որ ապրում ես էլի,
Չի անցնում այն ժանտ կամարի տակով,
Ուր իր դագաղն է դրված ահալի:
Հայացքն օդի մեջ՝ չի նայում անվերջ
Տանիքի փոքրիկ լուսանցքից անդին,
Իր աղոթքներով կավե շուրթերով
Չի խնդրում՝ հոգին անցավ ավանդի,
Ու չի զգում իր դողացող այտին
Նա Կայիափայի համբույրն անհանգիստ:
2.
Զինվորն էր քայլում վեց շաբաթ այդպես՝
Մաշված, մոխրագորշ զգեստը հագին,
Թվում էր քայլքն իր թեթև ու զվարթ,
Նայում էր լույսին գլխարկի տակից,
Բայց չէի տեսել, որ երբևէ մարդ
Այդ աչքով նայեր լույս արեգակին:
Նայում էր անհագ, կարոտով խորին,
Հայացքով թախծոտ, լուռ ու անխնդում`
Կապույտ վրանի փոքրիկ կտորին,
Որը երկինք են անվանում բանտում,
Եվ թափառական գանգուր ամպերին,
Որ լուռ սահում են կապույտ երկնքում:
Չէր տանջում ձեռքերն իր խենթ շարժումով
Նրանց պես, ովքեր, ցնորված ցավից,
Փորձում են Հույսը դուրս կորզել մի կերպ
Հուսաբեկության մթին անձավից,
Նայում էր միայն դեպի արևը
Եվ օդն էր խմում ումպով անձկալից:
Չէր տանջում ձեռքերն, անարցունք էր, լուռ,
Չէր նայում ծածուկ, հոգոց չէր հանում,
Բայց օդն էր ըմպում նա այգաբացի,
Ինչպես կազդուրող դեղն են ընդունում,
Արևն էր խմում անհագ բերանով,
Ինչպես ամոքիչ գինին են խմում:
Եվ մենք՝ սրտաբեկ, ցավակիր հոգով,
Ծանր քայլելով մեկ ուրիշ շարքում,
Չէինք հիշում մեր մեղք ու ցավն անթիվ,
Մե՛կ ցավ էր արդեն ներսից մեզ զարկում,
Ու հայացքով գուլ նայում էինք լուռ
Նրան, ում բախտն էր սև ու ահարկու:
Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես
Անցնում էր զվարթ քայլքով իր կրկին
Եվ ինչպես էր լուռ, հայացքով տխուր
Թախծախոհ նայում լույս արեգակին,
Տարօրինակ էր մտածել, որ նա
Պիտի հատուցի սոսկալի մի գին:
Քանզի կաղնին ու թեղին մշտապես
Գարնանն առատ են կանաչ սաղարթով,
Բայց ահավոր է տեսնել օձաթույն
Կախաղանի ծառն իր չոր արմատով,
Եվ տեսնել, ավաղ, որ մարդ ուշ թե վաղ
Նրա պտուղն է դառնալու անթով:
Բարձրաբերձ մի տեղ գահն է նրբագեղ,
Որին ձգտում են մարդիկ հողածին:
Ո՞վ կուզի, սակայն, ձեռքերին կապանք`
Կանգնել մահագույժ տախտակամածին
Եվ վերջին անգամ հայացքով անկամ
Երկնքին նայել կարոտով անծիր:
Ինչ լա~վ է` պարել նվագի ներքո,
Երբ Կյանքն ու Սերն են հաճո մեր սրտին,
Քաղցրաձայն ջութակն ու վինն են հաճո,
Սրինգի ձայնը` անուշ ու նրբին,
Բայց սոսկալի է` քայլ գցել արագ
Դեպի անդունդը անլույս ու մթին:
Հարցախույզ աչքով, հիվանդ կասկածով
Հետևում էինք նրան ամեն օր,
Մեր սրտի խորքում ցավն էր փոթորկում`
Նույնը չէ՞ր լինի մեր վախճանն անզոր:-
Ո՞վ գիտե կյանքում, թե ի՛նչ Դժոխքում
Կխարխափի իր հոգին մեղավոր:
Ու մի օր արդեն էլ չէր քայլում նա
Բանտարկյալների տարաբախտ շարքում,
Եվ ես գիտեի` տարել են նրան
Ու իր սև մեղքի վճիռն են կարդում,
Գիտեի, որ այդ մեղադրյալին
Էլ չէի տեսնի երբեք իմ կյանքում:
Երկու խորտակվող նավերի նման,
Որ հանդիպում են ծովում հողմավար,
Անցանք մենք անբառ, անցանք մենք անձայն,
Բառեր չունեինք ասելու իրար:
Սուրբ գիշերով չէր հանդիպումը մեր,
Այլ վառ ցերեկով` միշտ ամոթահար:
Բանտի պարիսպն էր ձգվում շուրջը մեր,
Մերժված էինք մենք ու վտարանդի,
Աշխարհն իր սրտից դուրս էր նետել մեզ,
Եվ Աստծո գութն էր մեզ վանել անդին,
Ու որոգայթում, մեղքի թակարդում`
Մենք գերին էինք այդ խավար բանտի:
3.
Պարտապանների Բակն է քարերի
Պարսպի ներսում լպրծուն ու թաց,
Այդտեղ էր շրջում և օդն էր շնչում
Երկնքի ներքո կապարե, մթնած,
Եվ երկու կողմից հսկում էին միշտ,
Որ կալանվածը չմեռնի հանկարծ:
Կամ նայում էին գիշեր ու ցերեկ,
Հետևում էին կասկածոտ ու լուռ,
Եվ հսկում էին` լիներ սրտաբեկ,
Արցունք թափեր թե աղոթեր տխուր,
Որ հանկարծ մի օր քայլով ահավոր
Կառափնարանը չթողներ թափուր:
Բանտապետն էր միշտ պահանջկոտ ու խիստ,
Կանոնակարգն էր պահպանում բանտում,
Բժիշկն ասում էր, թե մահն այլ բան չէ,
Քան գիտական փաստ պարզ ու ավարտուն,
Իսկ Քահանան էլ, օրն երկու անգամ,
Աղոթք անել էր միայն ավանդում:
Օրն երկու անգամ իր ծխամորճն էր
Նա ծխում դանդաղ, գարեջուր խմում,
Անդրդվելի էր, հոգով անսասան
Եվ իր սրտի մեջ վախ չէր թաքցնում,
Ասում էր հաճախ, թե շատ է ուրախ,
Որ մահապատժի օրն է մոտենում:
Ինչու՞ էր սակայն ասում նման բան,
Չէր հարցնում նրան և ոչ մի պահակ,
Քանզի ում բանտում հսկիչ են կարգում,
Պետք է լուռ լինի և շուրթերը փակ,
Չպետք է հարցնի, այլ դեմքն իր դարձնի
Անխինդ ու անվիշտ, ինչպես մի դիմակ:
Կամ պետք է գնա և ապա ջանա
Մխիթարվել ու ինքնասփոփվել,
Թե Գութն ի՞նչ անի, երբ Մարդասպանի
Մռայլ որջում է փակվել-ամփոփվել,
Ի՞նչ աղոթես, որ պատժից ահավոր
Եղբորդ հոգին կարենա փրկվել:
Շրջանի մեջ փակ, դողդոջ, գլխահակ`
Խեղկատակների Շքերթն էր շարժվում,
Եվ էլ ի~նչ հոգ մեզ, գիտեինք` այդպես
Սատանայի Սև Ջոկատն էր անցնում
Ու սափրած գլխով, կապարե ոտքով`
Դիմակահանդես էր երթը դարձնում:
Թելատում էինք ձյութած պարաններ
Կեղտակուր, արնոտ մեր եղունգներով,
Դռները մաքրում, հատակը քերում,
Ճաղերը սրբում ճաքած ձեռքերով,
Լվալով հատ-հատ ամեն մի տախտակ`
Աղմկում էինք ծանր դույլերով:
Պարկ էինք կարում, քար էինք մանրում`
Կեղտ ու փոշու մեջ չարչարվում էլի,
Թիթեղին զարկում, օրհներգեր երգում`
Քրտնաջան, անդուլ մեր գործն անելիս,
Բայց ամեն մեկիս սրտում անմեկին
Սարսափն էր նստած լուռ, անպատմելի:
Եվ լուռ էր այնքան, որ օրերն անգամ,
Ինչպես ալիքն է սահում խոտերում,
Անցնում էին ծույլ, ու չէինք հիշում,
Թե բախտն անողոք ինչ է մեզ բերում:
Ուշ լինի թե վաղ, հիմար թե խարդախ`
Ստանում ենք մեր վիճակն աններում:
Մի օր հոգնաբեկ դառնում էինք մենք,
Երբ տեսանք հանկարծ շիրմափոս մի խոր,
Նայեցինք վախով. իր բաց երախով
Մահն էր, որ զոհ էր տենչում թարմ ու նոր:
Գիտեինք արդեն, թե ում կկախեն,
Գիտեինք` մոտ է վախճանն ահավոր:
Բանտ մտանք կրկին` մեր թշվառ հոգին
Վախճանին, Վախին, Վճռին միշտ հառած,
Խավարում անլույս, ծածուկ, սուսուփուս,
Դահիճը սահեց` փոքրիկ պարկն առած:
Սարսուռ ապրելով ու խարխափելով`
Մտա շիրիմն իմ համարակալած:
Այդ գիշեր բանտի միջանցքում անթիվ
Ուրուներ էին թափառում Ահի,
Երկաթ Քաղաքում քայլերով թաքուն
Շրջում էին լուռ` որտեղ պատահի,
Եվ ճաղերից դուրս աստղեր չէին լույս,
Այլ սառած աչքեր դալկադեմ մահի:
Իսկ նա քնել էր, ինչպես քնում են
Փափուկ խոտերում ու երազ տեսնում,
Եվ պահակները, նրան հսկելով,
Այդպես էլ ոչինչ չէին հասկանում`
Ինչպե՞ս կարող է քաղցր քուն մտնել
Նա, ում վախճանն է արդեն մոտենում:
Արթուն են, անքուն, լացում են թաքուն
Նրանք, որ երբեք արցունք չեն թափել:
Մենք` հիմար, ագահ, խարդախ, սրիկա,
Անկարող էինք մեր աչքը փակել,
Եվ մեր ուղեղում ցավի հետ զեղուն`
Ուրիշի ահն էր սողում անարգել:
Ահավոր բան է` զգալ ուրիշի
Գործած հանցանքն ու ցավից տառապել:
Մեր կուրծքն էր ճեղքել սուրը սև Մեղքի
Ու զազիր թույնն էր մեր սրտում պարպել,
Եվ հոսում էր մեր արտասուքը ջերմ
Արյան համար, որ մե՛նք չէինք թափել:
Հսկիչ ու պահակ դռների մոտ փակ
Արագ ու անձայն անցնելով թաքուն`
Նայում էին ներս երկյուղած այնպես,
Տեսնելով մարդկանց ծնկաչոք, անքուն,
Լսելով ապշած` աղոթքը նրանց,
Որ երբեք չէին աղոթել կյանքում:
Աղոթում էինք այդպես ծնկաչոք,
Խելագար ողբում դիակի համար`
Սև կեսգիշերի սգակառքն ամբողջ
Փետուր առ փետուր ցնցելով համառ,
Եվ, ինչպես քացախն սպունգի վրա,
Դառնահամ էր մեր Զղջումն հուզավառ:
Աքաղաղները` թե՛ գորշ, թե՛ կարմիր
Կանչեցին, սակայն օրը չէր բացվում,
Եվ մութ Սարսափի տեսիլքներ հտպիտ
Թափառում էին մեր բանտախցում,
Եվ ամեն ուրու խավար գիշերում
Խաղում էր զարհուր մի ներկայացում:
Եվ սահում էին, թափառում էին`
Մշուշում անցնող ճամփորդների պես,
Լուսնի լույսի հետ բռնած անհեթեթ
Իրենց շուրջպարը` բոլորիս ի տես,
Հտպիտ մի ջանքով և գարշ նազանքով
Պտտվում էին ուրուներն այդպես:
Ծամածռվելով ու ծռմռվելով`
Այդ խառնախմբի ստվերներն արագ,
Սարաբանդի մեջ մի ցնորատենչ,
Պար էին բռնել… Ձեռք ձեռքի` նրանք
Նուրբ նախշեր էին գծում հատակին,
Ինչպես քամու հետքն ավազի վրա:
Պտտվում էին ու շարժվում էին
Խամաճիկներն այդ` լաց ու ծիծաղով,
Սրինգներն Ահի ամեն մի պահի
Օդն էին լցնում սարսուռ ու վախով:
Դիմակներ բազում երգ էին ասում,
Որ մեռյալներին արթնացնեն խաղով:
Կանչում էին պարզ. «Լայն է աշխարհն այս,
Բայց շղթայվածը ի՞նչ պիտի անի,
Երբ զառ են գցում ու բախտ են փորձում
Եվ տեսնում են, թե խաղն ո՛վ կտանի:
Բայց ո՞վ է շահում Մեղքի հետ խաղում`
Տանը Ամոթի և դատաստանի»:
Դրանք օդեղեն կամ աննյութեղեն
Էակներ չէին մութ ու չարագույժ`
Նրա՛նց համար, ով ամուր կապանքով
Շղթա էր կրում զնդանում անհույս…
Տե~ր Աստված, դրանք շնչող, կենդանի
Արարած էին` ահարկու, անլույս:
Մի խառնակույտով, արագ պտույտով`
Պար էին բռնել շարքով անհեթեթ,
Ժպտում էին կեղծ` շրջելով անվերջ,
Աղոթողներիս դյութում սեթևեթ,
Սանդուղքին թառում, մեզ վրա հառում
Ցանկասեր, հեգնոտ աչքերն իրենց խեթ:
Եվ առավոտի քամին էր հեծում,
Բայց գիշերը դեռ ձգվում էր էլի,
Հսկա հաստոցն իր ոստայնն էր հյուսում
Ու սփռում մթան քողը ահռելի,
Եվ մեր աղոթքում վախն էր սողոսկում,
Ու սոսկում էինք Արդար Արևից:
Հեծում էր քամին այդ տխուր ժամին,
Բանտի պատերի շուրջը դեգերում,
Ինչպես պտտվող պողպատե անիվ`
Լուսաբացն էր իր պաղ շունչը բերում:
Ի՞նչ ենք մենք արել, քամի՛ խելահեղ,
Որ տառապում ենք այսպես աններում:
Վերջապես տեսա ճաղերը աղոտ,
Որ ստվեր էին գցում պատերին,
Անկողնուս դիմաց, լույսի թույլ խաղով,
Նշմարվում էր իմ խցի դուռն էլի:
Աշխարհում մի տեղ` բացվում էր ահեղ
Այգն Աստծո` կարմիր ու զարհուրելի:
Ժամը վեցին մեր խուցը մաքրեցինք,
Յոթին ամեն բան խաղաղ էր ու լուռ,
Սակայն չորս կողմից հզոր մի հողմի
Շառաչն էր ասես ճոճում պատ ու դուռ.
Մահվան Տիրակալն իր սառցե շնչով
Գուժում էր այդպես բոթն ահասարսուռ:
Ո՛չ ծիրանի էր հագել պերճաշուք,
Ո՛չ լուսնաճերմակ նժույգ էր տակին:
Պարան երեք յարդ, երբ կանգնում է մարդ
Կախաղանի մոտ` սահող տախտակին.
Ա՛յս էր իր ձեռքին Բանբերը պահել,
Որ գործն իր անի ու շուտ պարտակի:
Ասես լինեինք խոր ճահճում թաղված,
Կեղտ ու տիղմի մեջ խարխափող մարդիկ,
Հոգոց իսկ հանել կամ աղոթք անել
Անկարող էինք` խավարում բանտի.
Մի բան էր մեռել բոլորիս սրտում,
Մեր Հույսն էր մեռել` վշտի մեջ սաստիկ:
Քանզի անողոք Արդարությունը,
Որ մեր աշխարհում ծնունդն է Մարդու,
Քայլում է անշեղ` քայլով մահաբեր
Եվ սպանելով իր ճամփան հարթում,
Թույլին, ուժեղին երկաթ կրունկով
Հայրասպանն այդ բիրտ ճզմում է, ջարդում:
Սպասում էինք, որ ութը զարկի,
Մեր լեզուները ծարավն էր այրում,
Չէ՞ որ թիվը ութ` թիվն է դա անգութ
Ճակատագրի, որ սև խավարում
Իր պիրկ օղակով խեղդում է շարքով
Թե՛ բարի, թե՛ չար մարդկանց աշխարհում:
Էլ ի՞նչ անեինք` սպասում էինք,
Մինչև որ գալու նշանը տրվեր,
Ինչպես մութ հովտում միայնակ, տրտում,
Մունջ արձանացած անշշունջ քարեր,
Բայց զարկում էին մեր սրտերն ուժգին`
Ասես խենթ մեկը զիլ թմբկահարեր:
Եվ հանկարծ տոթում, դողացող օդում
Ժամացույցի զարկն հնչեց այնպես չոր,
Ու ամբողջ բանտից բարձրացավ մեկից
Ողբ համատարած` հուսահատ, անզոր,
Ինչպես որ ճահճում` իր թշվառ որջում
Բորոտն է ճչում ձայնով ահավոր:
Ասես երազի բյուրեղում տեսած
Մի զարհուրելի պատկեր սահմռկիչ`
Տեսանք կանեփի յուղոտ մի պարան`
Կախված սևասյուն հեծանի կեռից,
Լսեցինք` աղոթքն ինչպես է խեղդվում
Դահճի ձեռքերում` դառնալով խուլ ճիչ:
Եվ այն վիշտը, որ խեղդում էր նրան,
Ով դառը ճիչն իր արձակեց ահով,
Ե՛ս զգացի լոկ, էլ ուրիշ ոչ ոք,
Եվ ըմբռնեցի անհուն մի ցավով.
Ով մեկից ավել կյանքով է ապրում,
Նա պետք է մեռնի մի քանի մահով:
4.
Երբ մարդ են կախում, այդ օրը բանտում
Ժամերգություն կամ պատարագ չկա,
Քահանայի սիրտն այնքա~ն է հիվանդ,
Գունատ է դեմքով, անզոր է, տկար,
Կամ աչքերի մեջ մի բան է գրված,
Որ լավ կլիներ` ոչ ոք չկարդար:
Մեզ մինչև կեսօր փակված պահեցին,
Իսկ հետո լսվեց հնչյունը զանգի,
Եվ զնգզնգացող բանալիներով
Բացեցին մեկ-մեկ խցերը բանտի,
Ու մենք դուրս եկանք սանդուղքով երկաթ`
Փակ Դժոխքներից մեր տառապանքի:
Դուրս ելանք դեպի Աստծո օդն անուշ,
Բայց փոխվել էր մեր վիճակը նախկին.
Մեկի դեմքն ահից ճերմակ էր դարձել,
Մեկինն էլ գորշ էր ցավից դառնագին,
Եվ չէի տեսել, որ այդքան շատ մարդ
Կարոտով նայեր լույս արեգակին:
Չէի տեսել ես, որ նայեն այդպես`
Հայացքով թախծոտ, լուռ ու անխնդում`
Վրանի կապույտ փոքրիկ կտորին,
Որը երկինք են անվանում բանտում,
Եվ արագ սահող անհոգ ամպերին,
Որ թափառում են ազատ երկնքում:
Բայց մեր շարքերում մարդիկ էլ կային,
Որ քայլում էին գլխահակ, անկամ
Եվ գիտեին, որ մեղքեր են գործել
Ու ավելի՛ են արժանի մահվան.
Նա ապրողի՛ն էր սպանել, իրենք`
Սպանել էին մահացած մարդկանց:
Ով մեղանչում է ևս մեկ անգամ,
Ցավ է պատճառում նա մեռած հոգուն,
Հողոտ պատանքից հանում է նրան
Եվ արնոտում է` ցավով մորմոքուն,
Պատում է շերտով լերդացած արյան,
Իզու~ր է հոգին նա արյունոտում:
Ինչպես կապիկներ կամ խեղկատակներ,
Խեղկատակների հագուստներ կրած,
Լուռ շարժվում էինք կլոր շրջանով`
Բակի սայթաքուն ասֆալտի վրա,
Լուռ շարժվում էինք կլոր շրջանով`
Բառ իսկ չասելով, անձայն, անկրակ:
Լուռ շարժվում էինք կլոր շրջանով,
Եվ մեր սնամեջ գանգերի միջով
Հիշողությու՛նն էր հորդում սոսկալի,
Ինչպես սոսկալի հողմը` քրքիջով,
Եվ մեր առջևից Սարսա՛փն էր անցնում,
Իսկ մեր ետևից` Ա՛հը չզիջող:
Համազգեստներով մաքուր ու փայլուն
Եվ կիրակնօրյա կոստյումներով նոր`
Բանտապահները, այս ու այն կողմից,
Խիստ հսկում էին հոտը մեր մոլոր,
Բայց կոշիկներին` կիրը չհանգած
Արարքն էր մատնում նրանց ահավոր:
Այնտեղ, ուր առաջ փոսն էր լայնաբաց,
Ցեխ ու ավազով ծածկված էր արագ,
Փոքր մի տարածք ժանտ պատերի մոտ,
Ուր ամփոփվել էր մարմինը նրա,
Եվ այրող կրի մի շեղջ էր լցված,
Որպես մի պատանք, այդ մարմնի վրա:
Պատանք ունի նա` այդ մարդը դժբախտ,
Եվ քչերին է հասնում նման բան,
Բանտի պատի տակ պառկած է նա մերկ`
Մատնված այդպես խայտառակության,
Շղթա է կրում նա իր ոտքերին
Եվ մարմնի վրա` բոցեղեն սավան:
Եվ այրող կիրն է մարմինը լափում
Ու ոսկորներն է լափլիզում հրկեզ,
Գիշերն ուտում է ոսկորը փխրուն,
Ցերեկով` փափուկ միսը… և այդպես`
Միսն ու ոսկորը ուտում է հերթով,
Սակայն խժռում է սիրտը մշտապես:
Եվ երեք երկար տարիներ այդտեղ
Ոչ մի խոտ ու թուփ չպիտի աճի,
Տարաբախտ հողում չեն գցելու սերմ,
Պիտի լերկ մնա և չկանաչի,
Եվ պիտի նայի ապշած երկնքին
Հայացքով անչար ու չհառաչի:
Մարդասպանի արյունն ու սիրտը,
Կարծում են, ամեն հող կվարակի:
Ճիշտ չէ՛. բարի՛ է Աստծո հողը միշտ,
Բայց անգիտակ են մարդիկ ուղղակի:
Կարմիր վարդն այդտեղ ավելի՛ կարմիր,
Ճերմակն ավելի ճերմա՛կ կծաղկի:
Նրա բերանից կարմիր վարդ կելնի,
Սրտից կծաղկի ճեփ-ճերմակ մի վարդ:-
Ո՞վ գիտե, արդյոք, կամքն ու գործն Աստծո,
Հիսուսի կամքը գիտե՞ գեթ մի մարդ:-
Չէ՞ որ հենց Պապի հայացքի առջև
Ծաղկեց պանդուխտի չոր ցուպը անզարդ:
Չեն թողնում աճեն բանտի գարշ օդում
Ո՛չ կաթնաճերմակ, ո՛չ կարմիր վարդեր:
Աղյուսի բեկոր, կոպիճ ու կայծքար.
Մեզ տալիս են լոկ այսպիսի՛ զարդեր,
Մինչդեռ ծաղկունքը, բոլորս գիտենք,
Հուսաբեկ մարդուն բուժում են արդեն:
Ո՛չ գինեկարմիր, ո՛չ ճերմակ վարդեր
Ծաղկաթերթերով չեն ծածկի երբեք
Ցեխն ու ավազը ժանտ պատերի մոտ,
Որ պատմեն տանջվող մարդկանց սրտաբեկ,
Թե Աստծո Որդին բոլորի՛ համար
Խաչվեց ու մեռավ` ինքնակամ և հեգ:
Բայց որքան էլ ժանտ պարիսպը բանտի
Եզրապատել է շիրիմն այդ մարդու,
Եվ շղթաներով կապկպված ոգին
Չի քայլի գիշերն ազատ և արթուն,
Այլ պիտի միայն արտասվի տխուր,
Որ պառկած է պիղծ այդ հողի գրկում,
Խաղաղ է այնպես այդ մարդը դժբախտ,
Կամ կխաղաղվի շուտով նա իսպառ.
Չի դարձնում ոչինչ նրան խենթ, վհատ,
Չի քայլում Ահը արևի տակ վառ,
Քանզի այն Երկիրն, ուր պառկած է նա,
Ո՛չ Լուսին ունի, ո՛չ Արև պայծառ:
Կախեցին նրան, ինչպես գազանին,
Եվ թաղման համար զանգ իսկ չհնչեց,
Որ գեթ խաղաղվեր ահ տեսած հոգին
Ու հանգիստ առներ ցավից իր անշեջ,
Այնպես շուտափույթ դուրս տարան նրան
Եվ պարտակեցին խորը փոսի մեջ:
Պոկեցին նրա շորերը հագից,
Թողեցին դառնա բաժին ճանճերի,
Ծաղրեցին կարմիր կոկորդն այտուցված,
Ապակե փայլը սառած աչքերի
Եվ հռհռոցով` այրող ծածկոցով
Մատնեցին բախտին տաժանակրի:
Քահանան երբեք աղոթք չէր անում`
Անպատիվ շիրմի առջև ծնկաչոք,
Չէր էլ մոտենում այդ գերեզմանին,
Չէր խաչակնքում դողացող աջով,
Բայց մարդն այդ` մեկն էր մեղավորներից,
Ում եկավ փրկի Հիսուսն իր Խաչով:
Լավ է ամեն բան, միայն նա չկա,
Անցել է ուղին իր բաժին Կյանքի,
Օտար արցունքներ կփորձեն լցվել
Խղճի փշրված անոթը անգին,
Կսգան նրանք, ում վիշտն է անմեռ`
Մարդիկ օտարված և վտարանդի:
5.
Ճի՞շտ են, թե՞ սխալ Օրենքներն արդյոք,
Այդ մասին ոչինչ չգիտեմ,սակայն
Բանտարկյալներս մի բան գիտենք լոկ`
Ամուր են բանտի պարիսպներն այնքան,
Եվ ամեն օրը նման է տարու,
Որի օրերն են անվերջ տևական :
Բայց գիտեմ նաև` ամեն մի Օրենք,
Որ սահմանել են հենց իրենք մարդիկ,
Այն օրից, երբ Մարդն արարքով իր նենգ`
Եղբորն սպանեց ձեռքով տմարդի,
Ցորենն է տալիս չար քամու բերան
Եվ պահպանում է մղեղը հարդի:
Եվ ա՛յս էլ գիտեմ,- ու լավ կլիներ,
Որ իմանային բոլորն աշխարհում,-
Մարդկանց ստեղծած բանտերը բոլոր
Խայտառակության քարով են շարում
Ու վանդակում, որ Տերն իսկ չտեսնի՝
Ինչպես են մարդկանց այնտեղ չարչարում:
Ճաղերը լուսնի դեմքն են աղարտում,
Փորձում խանգարել արևին անգամ,
Բայց գոնե այդպես Դժոխքն են ծածկում,
Քանզի այն, ինչ որ անում են մարդկանց,
Ո՛չ Որդին Աստծո, ո՛չ Ադամորդին
Պետք չէ՛, որ տեսնեն երբևէ հանկարծ:
Պիղծ գործերն այնպես, թույն-որոմի պես,
Փթթում են բանտի գարշելի օդում,
Բարին այդ որջում թոշնում է, կորչում,
Ինչպես ծաղիկը մահաշունչ տոթում:-
Դարպասն է պահում Տանջանքը դալուկ,
Անհուսությունն էլ` հսկիչն է արթուն:
Մանկանն ահաբեկ տանջում են սովից,
Եվ լաց է լինում նա գիշեր ու զօր,
Թույլին մտրակում, ծեծում են խենթին,
Ծաղրում ալեհեր ծերունուն անզոր,
Շատերն են գժվում, բոլո՛րն են ճնշվում,
Բայց մնում են միշտ լուռ ու գլխիկոր:
Ամեն բանտախուց դարձել է վաղուց
Կեղտի մեջ թաղված մի գարշ արտաքնոց,
Այդ գարշահոտը` Մահվան պիղծ օդը,
Հեղձուկ է դարձնում վանդակները գոց,
Եվ մարդու մարմնում փոշի է դառնում
Ամեն ինչ, բացի Տռփանքն ալեկոծ:
Աղի ջուրն է լի տիղմով ու լորձով,
Կիր ու կավիճ է դառն հացի մեջ միշտ,
Եվ Քունն էլ բանտում շրջում է անքուն,
Բորբոք կոպերով նայում ակնապիշ,
Ժամանակից է օգնություն հայցում,
Խելագար ճիչով կանչում դառնավիշտ:
Բայց վտիտ Քաղցն ու Ծարավն անառողջ
Կռվում են թեև քարբ ու իժի պես,
Մեզ քիչ է հուզում բանտի քաոսում,
Քանզի սասանում , սպանում է մեզ
Այն, որ մեր կրած քարերը բոլոր
Գիշերով սիրտ են ճնշում մշտապես:
Կեսգիշերը միշտ մեր սրտի խորքում,
Եվ մթնշաղը բանտախցի մեջ`
Անիվ ենք շրջում, պարան ենք քանդում`
Ամեն մեկս` մեր Դժոխքում անշեջ,
Եվ լռությունը սոսկալի է, քան
Պղնձե զանգի ղողանջը անվերջ:
Չի լսվում երբեք մարդկային մի ձայն,
Ոչ ոք չի ասում ոչ մի քնքուշ բառ,
Դռան արանքից մեզ նայող աչքը
Անգութ է այնպես, անողոք ու չար,
Եվ մենք` մոռացված, հոգով թե մարմնով
Փտում ենք այդպես զնդանում խավար:
Ու ժանգոտում ենք մեր Կյանքի շղթան`
Մեր մենության մեջ մերժված և նկուն,
Ոմանք անիծում, ոմանք արտասվում,
Ոմանք էլ իրենց վիշտը չեն սգում,
Բայց Աստծո անմեռ Օրենքն է բարի
Եվ քար սիրտն է իր զորությամբ բեկում:
Եվ մարդ էակի ամեն բեկված սիրտ,
Թե՛ բակում բանտի, թե՛ բանտախցում,
Ասես կոտրված անոթն է, որի
Թանկարժեք գանձն էր մեր Տիրոջն օծում,
Ու բորոտի տունն այդպիսով դարձնում
Նարդոսի անուշ բուրմունքով լեցուն:
Երջանիկ է նա, ով բեկված սրտով
Խաղաղությունն է ստանում ներման:
Կարո՞ղ է այլ կերպ հոգին իր մաքրել
Ու ձերբազատվել Մեղքից միթե մարդ,
Չէ՞ որ հենց բեկված սրտի միջով է
Ներս մտնում փրկիչ Քրիստոսն անմահ:
Եվ նա, այտուցված կարմիր կոկորդով,
Մեռած աչքերով` դարձած ապակի,
Սպասում է սուրբ ձեռքերին Տիրոջ,
Որ Դրախտ վերցրին այն Ավազակին.
Փշրված սրտով զղջացողի դեմ
Տերն իր դռները երբեք չի փակի:
Կարմրազգեստ մարդը` Օրենք կարդացող,
Երեք շաբաթվա կյանք տվեց նրան,
Որ նա իր հոգում գտնի ամոքում
Ու մաքրի բոլոր հետքերը արյան,
Մաքրի արյունոտ այն ձեռքը, որով
Դանակի հարվածն իջավ անվարան:
Արյուն-արցունքով մաքրեց իր ձեռքը,
Որով ոճիր էր գործել մեկուսի,
Քանզի արյամբ է արյունը սրբվում,
Բուժիչ արցունքն է լոկ ճամփան հույսի,
Եվ Կայենի պիղծ նշանն արնաբիծ
Դարձավ ձյունաթույր դրոշմն Հիսուսի:
6.
Ռեդինգի բանտում՝ քաղաքին մոտիկ,
Մի փոս կա մերժված ու խեղճուկրակ,
Այդտեղ է պառկած այն մարդը դժբախտ,
Բոցերն են լափում մարմինը նրա,
Ու ծածկված է նա այրող սավանով,
Անուն չի դրված իր շիրմի վրա:
Մինչ Քրիստոսի կանչը հարության
Թող լռության մեջ այդպես նա մնա,
Հարկ չկա անմիտ արցունք թափելու,
Զուր հառաչելու հարկ չկա բնավ,
Այդ մարդն իր սերն էր սպանել կյանքում,
Հենց դրա համար պետք է մեռներ նա:
Բոլորն են իրենց սերը սպանում,
Թող որ այս մասին իմանան իրոք,
Մեկն իր հայացքի դառնությամբ անհուն,
Մեկը քծնանքի շողոմ խոսքերով,
Վախկոտն համբույրով է այդ բանն անում,
Քաջն էլ այդ բանը անում է սրով:
Թարգմանությունը անգլերենից` Խորեն Գասպարյանի