ԳՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ | Իսպանալեզու գրականության բլոգ

cropped-111

«Իսպանալեզու գրականություն» բլոգը հրաշալի հարթակ է  իսպանալեզու գրականության հետ շփվելու: Նախագիծը նպատակ ունի դառնալ գրական-թարգմանական կամուրջ իսպանալեզու և հայալեզու գրականության միջև: Բլոգու հավաքված ու կարող եք կարդալ Բորխեսի, Մարկեսի,Ներուդայի, Կորտասարի, Սերվանտեսի, Լոպե դե Վեգայի, Լորկայի և շատ այլ իսպանալեզու հեղինակների գործերի հայերեն թարգմանությունները, ինչպես նաև իսպաներենով կարդալ հայ դասական և ժամանակակից գրողների գործերը: Անչափ հետաքրքիր այս բլոգի հրապարակումներին կարող եք հետևել այցելելով https://armspanish.wordpress.com/ հասցեով: Նախագծի հեղինակը Մերի Զոհրաբյան է:

Ձեր ընթերցանության ենք ներկայացնում բլոգի հրապարակումներից երկուսը՝

ԳԱԲՐԻԵԼԱ ՄԻՍՏՐԱԼ | ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ

Համբույրներ կան՝ ինքնին են տալիս

մեղադրյալ սիրո դատավճիռը,

համբույրներ կան` տրվում են հայացքով,

համբույրներ կան` տրվում են հուշերով:

Համբույրներ կան` լուռ, արդար,

համբույրներ կան՝ առեղծվածային,անկեղծ:

համբույրներ կան`տալիս են միայն հոգիները.

համբույրներ կան արգելված, որ իսկականն են:

Համբույրներ կան՝ վառող, խարանող,

համբույրներ կան` զգացումներ խլող,

համբույրներ կան՝ առեղծված, որ թողնում են

կորսված ու թափառական հազար երազներ:

Համբույրներ կան `փակված են կողպեքով,

որոնց ոչ ոք չի վերծանում ,

համբույրներ կան՝ ծնում են ողբերգություն

ճարմանդին ընկած վարդի թերթերով:

Համբույրներ կան օծանելիքոտ, նվաղ համբույրներ,

որ թրթռում են ներքին տենչանքից,

համբույրներ կան, որ շուրթերին հետք են թողնում,

ինչպես շողը սառույցներին:

Համբույրներ կան շուշանի պես`

կուսական, միամիտ ու վեհ,

համբույրներ կան՝ դավաճան, վախկոտ,

երդմնազանց ու անիծված:

Հուդայի համբույրը Հիսուսին

դավադրության դրոշմ էր Աստծո դեմքին:

Մինչ Մագդաղինացու համբույրը

նշան էր աստվածավախ հոգեվարքի:

Այդ ժամանակից համբույրների մեջ դողում են

սերը, դավաճանությունն ու ցավերը.

հարսանեկան համբույրները նմանվում են քամու,

որ փոթորկում է ծաղիկները:

Համբույրներ կան,որ զառանցում են

բոցավառ ու գիժ սիրառատ կրքից.

դու դրանք լավ ես ճանաչում. ի՛մ համբույրներ են՝

հորինված ինձնից շուրթերիդ համար:

Բոցոտ համբույրները դրոշմված հետքով

նկարում են արգելված սիրո դիմագծերը.

փոթորկոտ համբույրներ, վայրի համբույրներ,

որ ալեկոծել են միայն մե՛ր շուրթերը:

Հիշու՞մ ես այն առաջին, այն անորոշը,

որ ծածկեց դեմքդ կարմիր մշուշով,

երբ հուժկու հույզի դողէրոցքի մեջ

աչքերդ լցվեցին արցունքներով:

Հիշու՞մ ես՝ ցնդած՝ խանդիդ ծայրահեղության մեջ

ինձ զրպարտեցիր մի երեկո.

քեզ գրկումս ամուր սեղմեցի. դողաց մի համբույր,

ու հետո տեսար…արյուն շուրթերիս:

Ես քեզ սովորեցրի համբուրել.

սառը համբույրները քարե անտարբեր սրտերինն են,

ես քեզ սովորեցրի համբուրել ի՛մ համբույրներով՝

հորինված ինձնից շուրթերիդ համար:

 

Ֆրանկո Պագիլարո | Սիրում եմ քեզ

Սիրում եմ քեզ անբացատրելի,

անխոստովանելի,

հակասական:

Սիրում եմ քեզ

հոգուս բոլոր վիճակներով ,

որոնք այնքան շատ են,

որ շարունակ ինձ փոխում են.

դե գիտես արդեն `

ժամանակը,

կյանքը,

մահը:

Սիրում եմ քեզ

աշխարհով, որ չեմ ընկալում,

մարդկանցով որ չեն հասկանում:

Հոգուս երկվությամբ,

բախտիս ճակատագրականությամբ,

կրքիս դավադրությամբ,

արարքիս անհետևողականությամբ,

փաստերի հակասությամբ:

Եթե անգամ ասում եմ` չեմ սիրում քեզ,

մի՛ հավատա, սիրում եմ:

Եթե անգամ խաբում եմ քեզ,

հավատա, որ չեմ խաբում:

Իրականում ես իմ ներսում խաղ եմ սարքում,

որ քեզ սիրեմ… ուրի՛շ ձևով, ուրի՛շ ժանրով:

Հետո, չնայած չես հավատա,

իմ մաշկն անասելի կարոտում է

քո մաշկի բացակայությունը:

Սիրում եմ քեզ

առա՛նց մտածելու,

անգիտակցաբար,

անպատասխանատու,

ինքնաբերաբար,

կամքիս հակառակ…

բնազդով,

մղումով,

պոռթկումով,

անտրամաբանորեն:

Իսկապես, չունեմ տրամաբանական պատճառներ,

ոչ էլ անգամ հորինված՝

հիմնավորելու այս սեր-կրակը,

որ ձգում է դեպի քեզ:

Որն առեղծվածորեն ծագեց ոչնչից,

որը չծնվեց կախարդանքներից,

բայց որ հրաշքով, հեքիաթայնորեն

փոքրից, քչով և ոչնչով

լուսավորեց ներսիս խավարը:

Սիրում եմ քեզ.

սիրում եմ քեզ մարմնովս,

որ չի մտածում,

սրտովս, որ չի բանակցում,

մտքովս, որ չի վերլուծում:

Սիրում եմ քեզ.

անհասկանալիորեն,

առանց հարցնելու,

կարևորելու, հարցաքննելու…

պարզապես. ուղղակի ու հենց այնպես,

որովհետև, իրականում,

ինքս էլ չգիտեմ՝

ինչու եմ քեզ սիրում:

© Թարգմանությունը ` Մերի Զոհրաբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *