Մերօրյա իրականության մեջ ապրող մարդը այս կամ այն կերպ գտնվում է ամանատարբեր հասարակական հարաբերությունների կենտրոնում: Միգուցե տարբեր են արձագանքները, բայց որ սոցիալ-քաղաքական, տնտեսական բազմաթիվ խնդիրները այս կամ այն չափով ազդում են մերօրյա մարդու հոգեբանության, աշխարհայացքի ձևավորման ու ապրելակերպի վրա, և որ վերջին տարիներին սոցիալական բանաստեղծության տեսակը ակնհայտ աճ է ապրել, դա արդեն անհերքելի փաստ է:
Երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծական ժողովածուն սոցիալական բանաստեղծության անցած ճանապարհի ամնաբնորոշ ու լավագույն օրինակներից է:
Բանաստեղծի հայացքը նման է ֆոտոլուսանկարող սարքի օբյեկտիվին, որը կարծես բարձր մի վայրում կանգնած սղագրում է հասարակաան բոլոր իրողությունները` սկսած ընտրական գործընթացներից, նախագահական այցելություններից, առևտրատնտեսական հարաբերությորններից, միջավայրի պահպանության խնդիրներից, վերջացրած այդ ամենի հարաբերակցությամբ այս ու այն կողմ շարժվող մարդկային ամբոխով. պարզապես տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվում օբյեկտիվի ուղղվածության անկյունը: Ինչպես առաջին` «Թռչող հեծանիվ» վերնագրով ժողովածուում, այնպես ել հետագա հաջորդ տարիներին գրած և նոր գրքում «Երևանյան և համամարդկային ընդվզումներ» վերնագիրը կրող մասում զետեղված բանաստեղծություններում օբյեկտիվի լուսարձակի լուսավորման անկյունը չափազանց մեծ է` ամբողջ քաղաք-հասարակությունն ու նրա բազմաթիվ խնդիրները: Ի դեպ պետք է նշենք, որ քաղաքը Վահեի պոեզիայում առանցքային նշանակություն ունի և խստորեն կապված է հենց նույն օբյեկտիվի լուսազդակային դաշտի սահմանների հետ: Նախնական շրջանում քաղաքն ամբողջ հասարակությունն է, որի հոգեկան կեցվածքը նույնպես ձևափոխության է ենթարկվել, կորցրել իր նախնական տեսքըս. (Ես փնտրում եմ իմ քաղաքը Բուլդոզերների ռինգ դարձած այս քաղքաում…, Ես սրբում եմ իմ քաղաքը ջրացան մեքենայի անջրաչափ հրաբխացասումից… ընտրակաշառքով ընտրված ընտրյալներից… եվրո-գեյ-վկաներ աղմուկներից): Հասարակական կյանքի վայրիվերո վիճակն առաջնային ընկալման աստիճանում դեռևս թույլ չի տալիս սովորական դիտարկումներից այն կողմ անցնել. տեսանելին միայն հասարակական ու սոցիալական երևույթներն են, իսկ մարդը` միայն դիտորդ-սղագրող (միգուցե նաև չհավանող, չհարմարվող, բայց ոչ ավելին): Նմանատիպ դիտանկյունից են գրված Վահե Արսենի մի շարք բանաստեղծություններ «Տե-Տե (իսկը ռուսական ատրճանակ)», «Օ՜, արարիչ», «Հայտնություն» և այլն:
Ժամանակի ընթացքում լուսանկարող ապարատի օբյեկտիվը կամաց, կամաց սկսում է մոտենալ և հասարակական ամբողջ ֆոնից տարանջատել մարդկային անհատին. արդեն պարզ է դառնում ակնհայտը` թաքնվելն անհանար է. «Samsung` Թաքնվելն անհնար է», «Samsung` թաքնվելն անհնար է 2» բանաաստեղծությունները ամբոխից անհատի տարանջատման միջնամասում կարևոր տեղ են գրավում:
Թաքնվելն անհանար է
Samsung-ի հրավառ գովազդից,
Հատկապես` երբ ձյուն է իջնում,
իսկ դու մենակ ես
ներսում… (էջ.66)
Ու թեպետ բանաստեղծությունը շարունակում է հասարակական երևույթների դիտարկումը, սակայն էականն այստեղ դառնում է պատերի ներսում թաքստոց փնտրելու փաստը (Թաքնվելն անհնար է Բուզանդի համարակալված պատերի ներսում). դա արդեն օբյեկտիվի տեղաշարժման ու դեպի ներհայեցային ոլորտ ուղղորդելու առաջին փորձն է: Հասարակության պատկերը կամաց-կամաց սկսվում է արտացոլվել «հեռացող հայելու» արտապատկերում, իսկ հասարակություն-քաղաքը վերափոխվում «ինքնություն-քաղաքի». (Ձյունը մեղմ ծածկեց ինքնություն-քաղաքս): Արդեն կատարված իրողություն է հասարակությունից անհատի առանձնացման փաստը, ավելին, այդ անհատը հենց ինքն է` բանաստեղծը, ու քիչ անց նա առանց վարանելու կգրի.
Այդ ես եմ`
Վահե Արսենը,
թիկունքովս թիակներիդ հենված,
կչքվեմ, թե շրջվես,
վերահաս փողոցի անկյունում» (էջ8):
Բանաստեղծական հերոսի եսականացումը Ժամանակակից պոզիայի ամենաբնորոշ երևույթներից մեկն է, սակայն վերջին տարիներին ակնհայտ փաստ է դարձել նաև եսի անվանումային տարբերակը`այլևս ոչ մի կասկած չթողնելով, որ ինքնություն-քաղաքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հոգու արտացոլանք: Փոփոխվել է օբյեկտիվի տեսադաշտը.արդեն առաջնային պլանում են ոչ թե հասարակակն ու սոցիալակն երևույթները, այլ դրանց արձագանքը մարդկային հոգեկան ներաշխարհում: Բնաստեղծական ժողովածուի մյուս` «Ճեպընթաց մինչև արևը» վերնագրով մասում զետեղված բանաստեղծությունների հերոսը արդեն վերևից սեփական կյանքի կեցության հարցերը դիտարկող ինքնավերացարկված անհատն է, որը փնտրում է իր տեղն ու դերը առօրյա երևույթների համատեքստում. /Չխոսենք էպիլյացիայի վերջին տիեզերական ձեռքբերումներից/ եվ մեքենանաների վակումային փակվող կափարիչներից/: Որքան էլ մեծ ու ահազդու հնչեն գովազդ-կյանքի հրահանգները,իսկ անհոգության ժամերը հույս ներշնչեն, թե «ես ու հարևաններս ամենակարևորն ու անփոխարինելին ենք տիեզերքում», միևնույն է, դրպրոցականների«սվիֆտյան ծիծաղ-քմծիծաղն» ու աչքով անող մատուցողուհին գալիս են հաստատելու, որ դու ոչինչ ես կամ գոնե պատահական մի երևույթ: Քաղաք-ինքնությունը կենդանի էակ է, շարժվող օրգանիզմ, որն իր մաշկի վրա զգում է ժամանակի շունչն ու հարափոփոխությունը.
Ժամանակը հենց քաղաքն է,
Ժամանակը ես եմ,
Երբ անցնում եմ կամրջի վրայով:էջ 31
Այս հատվածը «Կորսված արև արահետով» բնաստեղծությունից է,ուր երկու կարևոր սիմվոլներ քաղաքն ու արևը համակցվում են կամրջի միջոցով:Մի կողմում «քաղաքական հարդարանք» արտաքինով քաղաքն է,մյուս կողմում արևն իր մեջ արտացոլած գետը,գետը նաև հարահոս ժամանակն է, որ արագորեն կարող է հոսել և իր հետ տանել արևի կերպարը, իսկ դու ընդամենը մի ակնթարթ ունես արևը տեսնելու, եթե բաց թողեցիր, այլևս չես տեսնի այն:Ու նաև երբեք չես մտնի գետը.այլ կանցնես կամրջի վրայով` ընդամենը փոխելով ժամանակային տարածությունդ, բայց ոչ ավելին: Գետի մեջ արտացոլված արևի սիմվոլը միակն ու եզակին չէ Վահե Արսենի պոեզիայում.արևն ու կանաչ աստվածները աղմկոտ քաղաքի հակադարձումն են,հասրակական մարդ-էակի հոգեկան ամբողջականության պահպանմն ամենօրյա պահանջ- պայքարը: Արևը, Վահեի բանաստեղծություններում ամենուր է. այն կատարյալի ձգտում է, անցյալի վերհուշ. «մանկության հեքիաթից պոկված խաղալիք-մեքենա», «Անցյալս արև է»: Ամեն անգամ արևը տեսնելիս ակնթարթի մեջ փոխվում են չափումները, առօրյայի կաղապարը դառնում է չնչին, առաջ է գալիս ինքնավերացարկման զգացողությունը,որը երկու տարբեր հարթություններում ներկայացված է «Սպանություն» և «Ազնավուր, Ազնավուր» բանաստեղծությունների մեջ: Առաջին բանաստեղծության մեջ արևի տապից ինքնավերացարկված,ենթագիտակցական մղումներով շարժվող մարդն է, որ սպանություն է կատարում, սպանում իր նմանակին: Ճիշտ է պատկերը ամբողջությամբ տեղավորվում է բանաստեղծի «արևայի» մտածողության մեջ, սակայն նաև չափազանց մեծ է նմանությունը Ալբեր Քամյուի «Օտարը» վեպի արևային սպանության դրվագի հետ: Իսկ ահա «Ազնավուր, Ազնավուր» բանաստեղծության մեջ արևի տապը գոլորշիացնում է ներկայի առօրեականությունը,որին միանում է ռադիոընդունիչից հնչող Ազնավուրի երգն ու բանաստեղծին տանում ինքնքվերացարկված մի տարածք, որը սյուռեալ մի վայր է,հեռու իրականությունից.
Մի±թե այլևս կա իմաստ, ինչ-որ բան վաճառելու և գնելու,
այստեղ`Սովետաշենի գերեզմանոցի հարևանությամբ,
հատկապես, երբ հնչում է Ազնավուրի երգը`
Լա Բոհեմը, լա բոհեմը, լա բոհեմը,
կասկածի տակ դնելով իրականության նման
օբյեկտիվ-պարզունակ բաները… (էջ.36):
Բանաստեղծության երկրորդ հատվածը հավանաբար գրվել է ավելի ուշ, Ազնավուրի մեկ այլ «Tu es, tu es» երգի ազդեցությամբ և համակցվել առաջին մասի հետ ու կարծում ենք, որ իզուր. բանստեղծության նախնական հիմքը տեսարան-տրամադրությունն է,որը երկրորդ մասում արդեն բացակայում է, ու թեպետ հեղինակը փորձում է ընդհանրացումը կատարել Ազնավուր կերպար-երևույթի միջոցով, սակայն դա արդեն արդեն մեկ այլ երգ է, մեկ այլ բանաստեղծություն: Խոսելով ինքնավերացարկման մասին` չենք կարող անտեսել բանաստեղծական մի երևույթ, որի օգնությամբ բանաստեղծը ստեղծում է անէացող, ցնդող իրականության պատկեր. խոսքը կրկնվող տողերի ու բնաձայնական հնչյունների մասին է, ինչպես վերոնշյալ օրինակում «լա բոհեմը» կամ մեկ այլ բանաստեղծության մեջ հեռացող «քայլ-արձագանքներ՜ը, նե՜րը, նե՜րը, նե՜րը…», իսկ մեկ այլ` «Տե-տե (իսկը ռուսական ատրճանակ) բանաստեղծության մեջ կրկնվող տտտտ-երի շարքը հնչում է որպես սարսափ-կրակոց` ուղղված հասարակությանը:
Վահե Արսենի բանաստեղծական հերոսը ամբողջությամբ հասարակական էակ է, և նույնիսկ սիրո նման հոգեկան ներզննումների ոլորտը զերծ չի մնում հասարակական խնդիրների արտացոլանքից: Եվ թեպետ «Այլաբանություն» բնաստեղծության մեջ բանաստեղծն անվերջ կրկնում է. «Ես կարող եմ գրել սիրո մասին…», սակայն կարող եմ բառն արդեն կասկած է ենթադրում,որ նա չի գրելու անձրևների հարյուր տարիներ շարունակվող այլաբանության մասին:
Ամբողջությամբ «կոտրված» է կնոջ կերպարը.լուսամփոփի պես աղջկան փոխարինելու է եկել «ընտրություններում կոփված» կնոջ աշխատասենյակային տեսակը, և հետո պատահականությունների համատարած իշխանության տակ են հայտնվել նաև սերն ու տղամարդ-կին հարաբերությունները.«…իսկ մատուցողուհին ինձ աչքով է անում…լուռ հուշում,որ Ձիահը,ահն է միայն ձիերի…» (էջ 15): Եվ կրկին հասարակական խնդիր` Ձիահ, և որպես ահազանգ «Ձիերի ահը» խաղարկային բանաստեղծությունը. «Ես ձիահ եմ: Դու ձիահ ես: Նա ձիահ ա: …Ես ձիահ էի: Դու ձիահ էիր: Նա ձիահ էր…» (էջ 100):
Շատ հետաքրքիր երևույթ է նկատվում պատկերի հասարակակ էությունից հոգևորի անցման դաշտում. որպես ահազանգ հնչում է սոցիալակն խնդիրը, ասենք «կանաչ կենտրոն» ծրագիրը,հետո բանաստեղծն այն տեղափոխում է բոլորովին ուրիշ հարթություն.
Վերցրու ուրիշի դեն նետածը և դարձրու այն քո մի մասնիկը,
թափոնը վերածիր խաչի և բարության,
փրկիր ինքնասպանության հակվածներին… (էջ 14):
կամ մեկ այլ բանաստեղծություն , և այս անգամ կրկանակի հակադարձում.
Ժամանակի մեքենա, վերափոխվի´ր առանց
կախարդական փայտիկի…
Վերափոխվիր և դարձիր ինձ համար մի տաքսի
և պտտիր ինձ իմ Երևանում
այսօր`
առանց կյանք-հաշվիչի,
ինձ համար իրական կամ
թվացյալ իրական ժամանակներում: (էջ.20):
Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուն սոցիալակն բանաստեղծության անցած ճանապրհի լավագույն արտացոլքն է բանաստեղծական հերոսի ամենաբնորոշ վերափոխությամբ`սովորական սղագրող-անհատից մինչև սեփական կյանքի իմաստի ու դերի արժևորման հարցերը հասարակակն ներազդեցությունների դաշտում որոնող զգյուն-անհատ, ով ունի հասարակական կեցվածք, ով անտարբեր չէ:
© Հասմիկ Հակոբյան
uzum em kardal vahei girqyyyyy
Ես վերջերս էի ձեռք բերել գիրքը և դեռ ամբողջովին էլ չեմ հասցրել կարդալ: Բայց հոդվածը շատ ճշգրիտ ուղություն ցույց տվեց, թե ինչպես մոտենալ գրվածքին և ճիշտ ընկալել այն: Շնորհակալություն, Հասմիկ:
Վահեի գիրքը վատ չի, բայց էս հոդվածը չդզեց: