ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Կարճ բանաստեղծություններ

Մարիամ Կարապետյան

***
Բարև
գնացած,
արևների մեջ անցած
տուն,
որտեղ ես
երկնքում երևում էի…

***
Դու կգնա՞ս,
հետաքրքիր է` կգնա՞ս, թե՞ չէ,
և որտե՞ղ էիր դու, երբ բոլորը հասել էին…

Տունը, որ թևերը բացելու համար է…
***
Չհոգնելու համար խնդրեցի, որ գրկի ինձ,
թեև ճանապարհին չէինք
կամ ճանապարհին էինք, բայց չէինք քայլում:

***
Նստել կողք կողքի`
հազում ենք:
Լաց լինելդ եկա՞վ:
Դու խմելու՞ ես ափիդ մեջ կաթող ջուրը…

Աշուն
Գետնին թափված մազերի մեջ
ճանաչեցի մազերիս գույնը
այն պահին,
երբ տերևը տնային բույսից պոկվեց…

***
Շնչում էր ծառերն ու աշնան վերջին արևը,
դասավորում էր մազերի մեջ արևի շողերը…

Ես նրա հետ էի…

***
Այստեղ երազն էր
և պղպջակի մեծության մի ժպիտ…

…Այնքան վստահ էր քայլում անձրևի տակ,
որ մտածեցի`
նրանից լավ ոչ ոք չի պաշտպանի ինձ:

Գժվելու աշուն
Օրը տղա լիներ, սիրեի…

***
Իսկ մենք զբոսնել չգիտենք:

Գնում ենք անկյուններ գտնելու`
ամռանը շալակած ծառերը, տները, շենքերը
կամ ստվերները դրանց,
վերմակներ քարշ տալով երազի մեջ,
որ երազում չմրսենք…

Գնում ենք ձայներ հանելու…

***
-Իմ մեջ պարող մի բան կա,-
մատներս նվագելով` ասացի ես
(տպագրության դարի մարդիկ ենք
ու սիրում ենք ձեռքերը):
Գնանք պատուհանից կախվենք.
թռչուններ կմտնեն տուն,
կնստեն ու ոչինչ չեն խոսի,
կնստենք- կհոսենք…

Եվ բոլորս երջանիկ կլինենք լռության մեջ…

***
Որոշեցի չզրկել ինձ,
և այնպես միանգամից
դիմացս դուրս եկա
Ես:

Մենակության իր բաժնին սովորել էր,
իսկ ես կողքից ինձ համար լաց եղա…

Ֆելլինի

Նա երկար պատմում էր,
թե ինչպես չէին լսում հրեշտակներին,
այնքան երկար,
որ խլանում էիր…

***
Նորից մի ժամ է,
երբ նայում ես սեփական մազերի արանքից…

Հետո ես էլ կկախեմ գլուխս ջրերի վրա և ուռենի կդառնամ:
Ես սիրում եմ, երբ գլուխը կորցնելուց հետո գտնում են սեփական ուսերին ու կախում են գլուխը, ու գլխից երկար տերևներ են աճում…

***
…Ասաց` գտա՜,
հետո լույսը բացվեց:

Հետո
ես ընկա երկնքից
ու ասացի
բարև ձեզ…

***
Իսկ սա էկրանների մոլորակն է:
Տնակում, որտեղ բոլորը ճանաչում էին իրար,
նրանք ժպտացին, քայլեցին,
ժպտալով քայլեցին մինչև
տարածությունը իրենց միջև:

Այսօր բոլորը կրճատում են ճանապարհը:

***
Կծկվելու չափ հեռու,
արևի մասին մտածող հին սրտեր…
Իմ ականջներն այնքան տրամադրող են.
պատմում ու պատմում են…

…Եթե տիեզերքում ես,
ուրեմն կարող ես թռչել,
չէ՞…

***
Հետո նույն երթուղայինն են նստում
իրար շատ նման երկու մարդ:
-Բարի լույս:
-Այո…

***
Փակում ես աչքերդ,
հետո մեծ աշխարհի վրա ես բացում,
փոխարենը քեզ մի քիչ
պատուհան են տալիս:
Քունքերդ ծակծկում են,
երբ քամին քեզ տանում է…

Դրանք
մտածելով գրված երազներ են,
երազելու հետ ոչ մի կապ չունեցող բաներ են
հավատալու մասին…

***
Ես միայն հասկանալ սովորեցի:
Րոպեական կարոտ համատարած մայրամուտին,
և կարող է ձայն գալ երկնքին նկարած շենքերից…

***
Այս արևը իմ պարգևն է
ավելի հեռվում` քո մեջ,
և ինչ-որ անորոշ,
կիսատ պատկերացնելի գլուխ
կրծքիս վրա…

***
Արևը, որ անցնում է,
տեսե՞լ ես…

***
Այստեղ են
և ալիքների նման
գնում-գալիս են
տխրողները,
որ քո կողքին են,
երեկոն`
ապակիների չափ լայն…
Դրանք քո մասին են…

***
Թակում էի մարդկանց սրտերը,
Ու բացվում էին…

Եվ ես փաթիլի հետևում էի…

***
Նույն մեղեդին,
և կրկնում եմ
մատները դնելու տեղերը…
Ու կարոտի երգերի մեջ`
մարդիկ, որ անցյալի մասին են…

Եվ նա ինձ է
ամեն անգամ
ասում
Մարիամ…

***
Մոմի կրակներ
աչքերի մեջ

որ հետո
չբաժանենք
մեր իրար խառնված
գրքերը…

***
Եվ իմ կանչով եկածները
և քո կանչով եկածները`
մինչև անվերջություն ճկվող…

Եվ իմ բոլոր մկանները`
Ժպիտիս մեջ…

© Մարիամ Կարապետյան

Share Button

8 Կարծիք

  • Թոնդրակ says:

    ***
    Չհոգնելու համար խնդրեցի, որ գրկի ինձ,
    թեև ճանապարհին չէինք
    կամ ճանապարհին էինք, բայց չէինք քայլում:

    ***
    Շնչում էր ծառերն ու աշնան վերջին արևը,
    դասավորում էր մազերի մեջ արևի շողերը…

    Ես նրա հետ էի…

  • Մարիամ Կարապետյան says:

    Այս արևը իմ պարգևն է 🙂 🙂 🙂

  • hs says:

    Եվ իմ կանչով եկածները
    և քո կանչով եկածները`
    մինչև անվերջություն ճկվող…

    Եվ իմ բոլոր մկանները`
    Ժպիտիս մեջ…

    Մարիամ ջան ջան

  • Varvara says:

    Կեցցես, Մարիամ ջան

  • Էմմա Ալեքսանդրյան says:

    վերմակներ քարշ տալով երազի մեջ,
    որ երազում չմրսենք…

  • Մարիամ Կարապետյան says:

    Շնորհակալություն բոլորին :)))

  • Flora Asryan says:

    Բարև
    գնացած,
    արևների մեջ անցած
    տուն,
    որտեղ ես
    երկնքում երևում էի…

  • Carpe Diem says:

    Ես միայն հասկանալ սովորեցի:
    Րոպեական կարոտ համատարած մայրամուտին,
    և կարող է ձայն գալ երկնքին նկարած շենքերից…

    Շատ հավանեցի 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *