ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Այնտեղ, ուր երբեք չենք եղել

Նաիրա Համբարձումյան
***
Իսկ ես մի օր կքնեմ
(հին նախամարդու պես)
Հենց այնպես,
Առանց ծածկոցի,
Եվ քամին կճոճի սաղարթները սոճիների,
Եվ հեռվում չիղջաչք գիշերներից
Կկախվեն հրեշտակները
Իրենց անկման պահին,
Եվ իրերը նորից հանգիստ կննջեն
Մինչև առավոտ
Եվ ընթացքը նորից
Նշաններ կխառնի կյանքին,
Եվ չի լինի մեկը,
Որ կասեցնի անկումն իմ`
Գահավիժման պահին:
***
«Ով ինձ հետ հաց էր ուտում, Իմ դեմ դարձավ»
Գործք Առաքելոց, ԺԳ, 19:

Մահը
Որպես բուրավետ լոտոս
Հանգչում-հառնում է
Վաղուց տրորված ճանապարհներում.
Այնտեղ,
Ուր արևը հայտնություն է դառնում,
Եվ արթնությունը
Մեկնաբանվում է երկրի լռությամբ:
Մահը
Որպես սահման անցանելի
Երկնքի զմռսված դարպասներին հասավ
Արևի մակույկով:
Գուշակներն անցնում են այսօր
Վաղո՜ւց տրորված ճանապարհներով:

***
Մեկը աղոթում է,
Եվ անցնում է ստվերը թռչունի
Գերեզմանաքարերի վրայով:
Մեկը շրջանցում է սեփական ստվերը,
Քանզի կյանքն ամբողջովին
Քաոս է` չգրված բառերի:
Բառերը պոկվում են
Իրերի էությունից,
Դառնում են նշան:

***
Իսկ որտե՞ղ է Դուռը`
Դեպի Ոչ Մի Տեղ.
Մահը
Որպես nelumbin nuciferum,
Հեռանում է դեպի սև հրեշտակների
Լռության ամրոցը.
Եվ ոտնահետքերը նրա`
Դեղին nelumbo,
Ծաղկում են
Խարխլված մայթի
Ու հողի
Սառնահամի միջև:
Ես սիրում եմ աշունը`
Ժամանակը բոլոր թաղումների,
Երբ միալար արտասվում է նոյեմբերը
Եվ ծեծում գերեզմանաքարերը բոլոր…

***
Օրիոնն արթնացավ կանաչ երկնքում.
և բառն իմ պրկվեց,
որպես նյարդը դարի:

Բարձր լարման կախաղանները,
Պղպջակները նյութի,
Քվանտները
Հանդարտ լքում են
Արույրե պտուկը արևի…

Ուժը օրենք է,
Եվ օրենքը` մեղկ,
Ստվերները սև ագռավների
Հեռանում են դեպի
Թափառախումբը գնչուների,
Որ քարափի մոտ,
Կլոնացված մշուշի ոստայնում
Պատրաստվում է թռիչքի:

Պապանձված օդի
Խոնավ պարանոցի
Արյունն են ծծում պլազմոդիումները,
Եվ մարդիկ,
Ցրված անհայտում,
Դատապարտված են
Կախաղանի ատոմային օղակին:

Լռության րոպե է
«Սև քառակուսու» առջև,
Հրաժեշտի պատարագ`
Շեղանկյուն գերեզմանախորշի մոտ,
Այնտեղ
Պոկվում է իսկական տողը,
Այնտեղ
Խոնավությամբ է շնչում մահը….

Էնտրոպիա կամ + 37◦
Ձանձրույթ.
Եվ ծառը նման չէ ծառին,
Եվ քարը նման չէ քարին,
Եվ հողը սերմ չի օրորում,
Եվ մարդը չի պտղավորվում,
Ո́չ մուտք, ո́չ ելք,
Ո́չ սկիզբ, ո́չ վերջ,
Ո́չ էլ` պտույտ,
Ձանձրույթ`
ՏԻ-Ե-ԶԵ-ՐԱ՜-ԿԱ՜Ն…

© Նաիրա Համբարձումյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *