Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար այսօր հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանաչստան» ՀԿ նախագահ, Ձմեռային փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Ռաֆֆի Նիզիբլյանը:
Նա նշեց, որ Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: Նրա խոսքով, «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է և այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010 »-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Ռաֆֆի Նիզիբլյանը տեղեկացրեց, որ մրցույթին աշխատանքները պետք է ներկայացնեն մինչև հունիսի 30-ը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները`առանց տարիքային սահմանափակման: Իսկ մրցութի ամփոփումը կլինի հուլիսի 7-ին:
«Կանաչստան» ՀԿ անդամ Հասմիկ Կարապետյանը նշեց, որ մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետևյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ:
Նրա խոսքով, մասնակիցները կարող են նաև ներակայացնել 1 կամ 2 նոր հերոս: Հ. Կարապետյանը նշեց, որ այս բոլոր հերոսները վերցված են հայ իրականությունից:
«Նրանք որոշակի արժեքներ կրողներ են և ունեն որոշակի հատկանիշներ: Նրանք ` որպես Կաղանդ պապի ուղեկիցներ, նախապատրաստվում են Ամանորի տոնին և տոնում են այն: Հեքիաթում կերպարները պետք է բացահայտվեն իրենց գործողություններում և խոսքում: Հեքիաթում պետք է ստեղծվի տոնական միջավայր: Այս հեքիաթը պետք է նպաստի Ամանորի ծիսական խորհուրդների փոխանցմանը և արժևորմանը»,- ասաց նա:
Ռաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը կամփոփվի ժյուրիի կողմից: Մրցույթի աշխատանքները կքննարկվեն հետևյալ դասակարգումներով` մինչև 15 տարեկան երեխաների և պատանիների աշխատանքներ, սիրողական ստեղծագործողներ և մասնագետ սցենարիսներ կամ գրողներ: Մրցույթի հաղթողների համար յուրաքանչյուր դասակարգման համար սահմանված է 1 մրցանակ, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Լօլօ» մանկական ամսագրում:
«Հետագայում լավագույն աշխատանքները կամբողջացվեն մեկ ընդհանուր հեքիաթի մեջ, որն էլ կշրջանառվի, իսկ ժամանակի ընթացքում հեքիաթը կնկարազարդվի և կթատերականացվի»,-ասաց Ռ. Նիզիբլյանը:
Նրա խոսքով, այս մրցույթի նպատակն է թատերականացված ներկայացնել կերպարներ, որոնք իրական արժեքների կրողներ են և այսօրվա հայ իրականության մեջ պահանջված, ինչպես նաև ստեղծել Ամանորի տոնին հատուկ տոնական միջավայր, աշխուժացնել արդիական հեքիաթների ստեղծման գործընթացը:
Նա նաև հայտնեց, որ հեքիաթի վերոնշյալ հերոսների իմաստներին ծանոթանալու համար մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այցելել www.winterfestarmenia.com ինտերնետային կայքէջ:
Իսկ facebook-ում կա Կաղանդ պապի էջը`
http://www.facebook.com/pages/edit/?id=113108925400182#!/pages/Kagand-pap/113108925400182