Վանուհի Բաղրամյան | Հնգաթև յասաման

Քայլեց,
Մոտեցավ ինձ,
Ժպտաց,
Հեգնեց,
շրջվեց,
Գնաց,
Որ էլ չգա

Եսը։

 

* * *
Անվարագույր խորանի պես ամոթել եմ ես,
Ինչ-որ շիկնանք արցունքի կաթիլով խեղդվեց,
մնաց կոկորդում,
մնաց չլացած,
նույնիսկ երբ բացեբաց խորանի առաջ
անքողածածկ եմ աղոթում
մերկացած հայացքիդ երգի պես։
խորանն ինձ մեջքով է կանգնել։

 

* * *
Դռանս զանգը փողոցի ծայրում եմ կախել,
Որ գալդ շուտ իմանամ։

 

* * *

Ինչքան էլ քամեցի երկինքը՝
հորինածդ հեքիաթների,
մի խնձոր էլ չընկավ.
չհարսնացած մնաց խնձորենիս։

 

* * *
Նեղլիկ ու բարակ աստիճանով բարձրանում եմ դեպի արևամուտ,
որ արևի ծնկի նստեմ՝ հետը տանի։
նեղլիկ ու բարակ աստիճանը կարճ է.
ձեռքս մեկնում եմ, չի հասնում.
կարճահասակ եմ։
արևամուտը քմծիծաղում է.
արևամուտը հասուն է։
արևամուտը
գնում է,
գնու՜մ է,
գնաց.
աստիճանս ճոճվեց անհենակ
ու խավարում ընկավ.
բարձրահասակ լինեի, հասնեի, ինձ էլ տաներ։

 

* * *
Փրկագին տալ չկարողացողի պես
պատեպատ զարկված մի սիրտ
մնացել է նախորդ աշնան տերևաթափի արցունքներում.
փրկությունն անխուսափ է:

 

* * *
Երևանյան կտուրներին գաղջ է նստել,
ու եռում է քաղաքը անիվների տակ։
մի քիչ փոշի կա,
մի քիչ հոգնություն,
մի քիչ էլ ապրել-չապրելու բթացած,
դատարկ ու հիմար փիլիսոփայություն:

Ժետոն վաճառող կնոջ կոպերը
կախվել են թուխպերի պես,
որ նույնիսկ մի լավ անձրևել չգիտեն:
իսկ կայարանապետը այսօր փողկապով է ու զայրացած:
ժետոն վաճառող կնոջը
ոչ ոք երբեք
հնգաթերթ յասաման չի նվիրել:

Մնացի ես,
գինու մի կիսատ բաժակ,
բարի պանդոկապանը,
ով չի վռնդում ինձ կեսգիշերին,
ու ես շնորհակալ եմ նրան
մենագարությունս կիսելու համար
պանդոկներում ապրողների պես:

 

* * *
Քաջաց երկրից մնացած նշխարը
նոր հունցով հունցվեց,
խմորվեց,
արևվեց։
գնաց նշխարի հուսո բույրը մոլորակեմոլորակ,
զնգաց,
թնդաց,
այրեց։
ուրեմն՝ քաջաց աղոթքները հասել ու ապրում են տիեզերքում։
միայն չխեղդվենք նշխարի մեր պատառը կուլ տալու պահին.
թե չէ Հորդանանի ջուրն էլ չի փրկի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *