Հեռու- հեռու հովտի գլխին
հուսահատությունից գունատ երկինք…
Ինչ նման ենք այսօր
ես ու դու:
***
Երկու ծառեր կարող էին երազել իրար,
բայց բարձր էր բարդին կանգնած,
և զուր էր բալենու ծաղկումն
այդքան գեղեցիկ:
***
Չմտածել քո մասին,
որ չդողամ ողջ մարմնով,
այս գարնան երեկոյին,
երբ աշնան շնչով է լցվել սենյակս:
***
Ցամաք օվկիանոսում
ալիքդ է փնտրում
մոլորված մակույկս:
***
Մենք կարող էինք տեղափոխել լուսինը,
բայց միայնակ եմ կարճում գիշերը:
Եվ աստղերը այնպե՜ս տխուր են լքում
անբառ երկինքը:
Պառկած ենք կողք կողքի անկողնուն իմ
ես ու սառը աշունը:
***
Արծիվը պատռում է երկինքը,
քո լռության մեջ
այնպես ուժգին է հասնում ինձ
ամպի ձայնը:
***
Ձյան մեջ կորավ տաք դիմագիծը քո:
Օջախին եմ պարզել ձեռքերս
պատահական այս կայարանում:
***
Սարերի գլխի կանաչ-կապույտով
հիանալու սիրտ չկա այլևս.
բոլորի հայացքը
լանջերին թափված ալ կարմիրին է:
***
Քո ալիքները մեռնում են ցամաքին իմ կղզու,
կարմրադեղինով լցվող գիշերս՝ շուտով կավարտվի:
Լուսնի արտացոլանքի միջով
դու սահում ես հանդարտ,
ես հրաժեշտ եմ տալիս ծանոթ-անծանոթ քո ուրվագծին.
հեռացող ոտնաթաթերիդ ամեն հպումով
փակվում են այլևս
երկնքի դռները:
Շրջվի՛ր,
թող մի անգամ էլ շուրթերդ տեսնեմ,
և հայացքիս միջով թող հոսի, հոսի, հոսի
աշխարհն այս…
հալոցքի մեղեդին
թող ափեափ լցնի ինձ որպես հիշողություն,
որ երբ գնաս ու
մութն իջնի վերջին անգամ,
ցամքած ու փոքրացած
ավազահատիկ մարմինն իմ
հարություն առնի մեն մի բառով քո,
երգով անձայն,
պատկերով անձև,
հպումներիդ երազների փշաքաղությամբ
թող հավատամ մեկ անգամ էլ դեռ՝
ես կղզի եմ եղել
մի քանի հպումով
քո ալիքների:
***
Գնում էր, ասացի.
– Դուռս միշտ բաց է քո գալուն:
Եվ, իսկապես, երբ եկավ,
բաց էր դուռը՝
փլատակ իմ տան:
***
Երեխաները ուզում են խաղալ,
բանաստեղծները՝ բանաստեղծություն գրել,
սիրահարները համբուրվել են ուզում,
երկրի արյունոտ արգանդը՝ պայթել,
և ռումբերը թռչում են
որպես
կարմիր
խաղեր,
բանաստեղծություններ,
համբույրներ…
***
Ես հորինել եմ քեզ, բայց
չգիտեմ ինչպես կոչել:
Դեռ անանուն մանկան,
Ճիչն ես դու…
որ նոր մտավ աշխարհ:
***
-Աշնան անձրևի կաթիլների հետ դու էլ արի,-
փսփսում էի ես ու դուռս բախեցին:
Վախեցա.
«Չլինի թե ուրիշն է»:
Չբացեցի:
Ահա արդեն
տեղում են գարնանային անձրևները:
Եվ ես հավատում եմ, որ
դռան հետևում կանգնած ես դեռ
դու:
***
Մեծ ճանապարհին այս
հայտնվելս սխալմունք էր երևի:
Մոլորված ու շփոթված գտար ինձ,
տիրոջ պես խոսեցիր,
բայց չուզեցիր ձեռքս բռնած անցնել ուղին:
Ես քայլեցի՝ ձայնդ ականջներիս մեջ,
որ չմոլորվեմ:
Դու կանգնած մնացիր,
փոքրացար ու կորար հորիզոնի հեռվում:
Հիմա դողում եմ լսողություն դարձած՝
չլինի կորցնեմ վերջին հնչյունը ձայնիդ…
և շփոթ ու մոլոր գտնեմ ինձ կես ճամփին:
***
Մութս հանգչում է լուսիդ մեջ,
աղմուկը գոլորշիանում է շիկացած լռությունից քո,
կոպերիս տակ բնադրած թռչունները
դեպի քո երկինք են ձգվում.
իմ տարածությունը ավարտվում է
ոտքերիդ տակ…
հազար սարի հետևում ապրող
հազար հավերժություն կքայլեմ դեպի քեզ,
որ մայրամուտս ափիդ ննջի…
թե չգայիր,
կմնայի ծարավ երազին քաղցր…
երկրիս միակ եղանակը ձմեռը կլիներ,
գետ դարձիր, թող լվամ անապատի փոշին երեսիցս…
հուր դարձիր, թող հանգչելուդ հետ մոխիրս խառնվի քոնին…
ծառը լինես այգուս, շուքիդ տակ չվախենամ տապից…
ցորենի արտս լինես ու հաց դառնաս սեղանիս…
գինի լինես, արբենամ անհագ…
անձրևի հետ արի.
կայծակով,
կարկուտ դարձիր,
պոկիր արմատից ինձ,
ճեղքիր հողս դղրդոցով…
ավերակ էլ դառնամ, հոգ չէ…
արի..
Արի ու մի արի
գնա ու մի գնա
ծովս եղիր…
ալիքիդ նստեցրու,
տար…
նավս հատակդ առ…
Եղիր, որ լինեմ…
***
Երեկ եկար։
Ու այսօր այնպես սիրեցի աշունը։
Որ չգիտեմ գարնան աչքերին ոնց եմ նայելու:
Անձրև
Հաջորդ անգամ,
երբ զրուցես Աստծո հետ,
չմոռանաս թաշկինակդ թողնել մոտը…
***
Արդեն ամիսներ
կոկորդիս խեղդող արցունքը դու էիր,
հիմա, երբ շուրթիս ես հայտնվել,
համիցդ չեմ կշտանում:
***
Ասացին.
-ՑավաԶրկող խմիր.
մի հաբով ու մի բաժակ ջրով
ինձ քեզնից զրկել ուզեցին
***
Բարակ շապիկով, անձրևի հեղեղի տակ մնացի…
Մինչև վերջին ոսկորս ցրտից սրթսրթաց.
Եղանակի տեսությունը հայտնողին մեղադրելն անիմաստ է ,
Ի՞նչ իմանար, որ գնալու ես…
***
դու եկել ես,
բայց ներիր,
ես պիտի վազեմ մորս գիրկը.
շնորհակալություն հայտնելու ծնվելուս համար
***
ճիչս ուզում է քեզ հասնել,
խաբում եմ բանաստեղծությամբ
սկսվում է
***
Մի քանի ցեխոտ ոտնահետք
ձյան վրա,
Ահա .
մեր ողջ շնորհակալությունը երկնքին
***
ձեռքդ տարար շուրթերիս,
ես սարսռացի,
հետո
լաց եղա առաջին անգամ այդպես անկեղծ
այն ընկերոջս համար,
որ մեռավ քսանը չբոլորած…
ինչ տխուր է մահը թվում…
ձեռքերդ ճանաչելուց հետո…
***
Բոլոր թռչունները տաք երկրներ չվեցին
Միայն մեկը հավատաց սրտիս տաքությանը
Ձյունառատ գիշերներում ես կրկնում էի անդադար
-Քիչ մնաց,
Գարուն է գալու
-Ես կերգեմ քեզ համար գարնանը
Ձյունառատ գիշերներում կրկնում էր նա անդադար
Ձյունը չար խաղ էր խաղում
ապրելու համար մենք ավելի ու ավելի էինք գգվում
և այնքան գեղեցիկ էր,
Որ կատարվեց
Որ եկավ գարունը իսկապես
և չեմ հիշում արդեն, մեզ գտավ,
թե՝ ոչ…
***
-ես ինձ շատ սիրողներին չեմ հավատում
նետեցիր երկինք
և կատարվեց կամքը քո տիեզերական
և ոչ ոք լաց չեղավ ամպի համար,
որ սպառվեց հավատալով,
թե մի կաթիլ քեզ կհասնի…
***
Նայեցի կոշիկներիդ.
40 համարի աշխարհ…
երկու ոտնաթաթի տակ…
Աստված իմ ո՞վ է այս կատարյալ համաչափության հեղինակը
***
Ես գրկում եմ կուչ եկած ուսերդ, հայրիկ,
Սեղմում եմ ամուր ու լսում եմ ոսկորներիդ դղրդոցը ,
Որ փուլ եկած աշխարհը ճանաչեմ,
Ես խմում եմ նույն բաժակից
Որ մթության մեջ պատերը շոշափեմ մենության տաճարիդ ,
Մեզնից նույն ծխի քուլան է բարձրանում,
Բութ թթվահոտը երկուսիս շնչառության ռիթմն է,
ես գրկում եմ քեզ հասկանալու տարիների լռությունդ ,
Մենք նույն արցունքներն ենք գլորում,
Նույն աշխարհն է գլորում մեզ ,
Ծիծաղում ենք Բոլոր մեռած ու ողջ գնացածների համար,
Ես հրաժեշտ եմ տալիս հարցերին,
Հատակդ պարզվում է ինձ.
Այս աղմուկը ինչի՞ համար է
Որ չլսե՞մ հեկեկոցդ
Հայրիկ ես դու եմ
Փուլ ոսկորներդ
Իմ հատակաին են դիզվում
Միամտությունդ և դառնությունդ իմ մեջ է հոսում,
Մենք նույն գետում մկրտվեցինք
և նույն աստվածն է բացակայում մեր մեջ
***
Անձրևեց իմ մեջ,
և եղա ես ես
ճանաչեցի խեցիս, օվկիանոսի ձայնով հղի
-Ու՞ր է գնում նա…
մի ջրիմուռի կանչ նետեց իրեն խոնավ օդի մեջ
և արձագանքը փռվեց
ու խախտեց արևոտ ավազի քունը…
-Ու՞ր է գնում նա…
կրկնեցի ես
Եվ փոթորիկ եղավ
Եվ կյանքը տեսա ես՝
երազ, ափ նետված ձկան թպրտոցի մեջ,
Եվ բեկորներ հասան անծանոթ նավերից աշխարհի ,
Եվ դիզվեց վախը ափիս
Ու սեղմեց շուրթերս
լռությանս հետ,
Մայր մտնող արևի գեղեցկությամբ
դու սուզվեցիր օվկիանոսիս խորը հատակը,
Եվ այնքան խաղաղ էր իմ վերջին գիշերը երկնքից թվում։
ԱՄԵն ԻՆՉ ԿԱՆՑՆԻ
գոռում էր մեկը ողջ կոկորդով…
Բայց ամեն ինչը մնաց իր տեղում,
հնացած ամանորյա խաղալիքները եղևնուց կախ…
Նույն ցուցափեղկերը,
նույն մարդիկ
կրկնության փողոցներում,
Ու հիմա ինչքան էլ տխուր է,
Վաղը հաստատ էլի արև դուրս կգա.
Հիշեցնելով գարնան գեղեցկության մասին,
Եվ կծաղկի ինչ-որ տեղ ձնծաղիկը դեղին,
Մի ձեռք կհանի ու կբերի նրանց փողոց,
Անխախտ հիացմունքով ես կառնեմ դրանք ափիս մեջ,
Ես կհարցնեմ սովորության համաձայն՝
ինչու՞ այդ ձեռքը ինձ չհանեց հողից
ու չբերեց ձեզ մոտ դեղին ծաղիկներ…
ամեն- ամեն ինչ կկրկնվի հաշտվածությամբ ծերունական,
Եվ երեկոն կլինի իսկապես անկեղծ մնացած ժամերից,
Այո
հին երգի բառերը չեն փոխվում
Ու չեն խաբում ,
Որովհետև ամեն բան մնաց իր տեղում,
իսկ դու քայլում ես հին ու քարացած քաղաքում
առանց կրկնվելու սովորության
Դու անցնում ես հիմա…
Առաջին ու վերջին անգամ
Դու անցնում ես …
և հեռանալուդ հետ ես հավատում եմ, որ այս գոռոցը իսկապես երգ է…
Որը կրկնվելու է միշտ
***
Սկզբում Բանն էր և Բանն Աստծունն էր և Բանն Աստված էր,
Հետո թե լինի
ԲԱՆ Ա ՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
այն կլինես դու և քոնը կլինի այն,
Բայց ահա կորցրել եմ Աստծուն
և չգիտեմ ինչպես հասնել քեզ:
Ո՞վ էր սկիզբը և ի՞նչն էր հետոն, ես չգիտեմ:
Ես անսահման հիացմունքն եմ,
Որը ծառինն է:
Ահա և բուրմունքը ծաղկող բանաստեղծության,
Կանգնած միայնակ,
Պատրաստ փթթելու
Կապույտ երկնքի տակ,
Առանց բառ ու բանի,
Եվ դրա մեջ այնքա՜ն Աստված կա
և նրա մեջ այնքա՜ն դու ես:
***
Մատներս ուզում էիր բռնել.
Արթնացա:
Թափահարվում է դես ու դեն
Հիմա
քամոտ փողոցում,
Եվ ոչ մի կերպ չի ուզում հետս հաշտվել
ձեռքս:
***
Ոտնահետքդ ձյան վրա,
Եվ գարունը դռան հետևում…
Ինչպե՞ս բացեմ այս դուռը:
***
Գնում ես…
բայց մի՛ փակիր դուռն այդքան ամուր,
հեռացումից առաջ լավություն արա՝
Փլատակներ թող միայն,
Այլանդակիր
Եվ ավերիր ինձ:
Թող քեզանից հետո ոչ ոք չկարողանա ապրել իմ մեջ…
***
Դու ՆԱ ես,
և չկա աստվածաշունչ որ տեղավորի քեզ իր մեջ,
Թե տաճարդ մտնեմ ու ծնկի եկած համբուրեմ քարերը հատակիդ,
չեմ հասնի քեզ:
Դու տիզերքն ես,
Ու քեզնով պիտի վերջանար քաոսը:
Դու բանն ես
և քեզնով պիտի խորշեմ ներսիս լռությունից:
Ասում են պայթյունից ես,
Բայց դրա մասին թող գիտնականները մտածեն…
Ես անգիր եմ անում քեզ,
որ երգեմ գիշերը…
«Գանձ մի դիզեք երկրի վրա»,- ասում էր նա,
Բայց ահա դիզվում ես դու
Եվ չի գայթակղում դրախտը:
Հանձնված ափերիդ՝
մանանեխի հատիկի չափ հավատն եմ:
Ես հիշում եմ քայլերդ փողոցում,
և խնկամանն իզուր է տարուբերվում:
Ես հիշում եմ ձայնդ,
և գարունը կորցնում է գույնը,
և արևը չէր, որ այդքան տաք էր:
Մի՛ նստիր կողքիս ու մի՛ ծիծաղիր,
Աստծո մասին նման բան գրված չէ,
Թող գթասրտությունդ լինի անձրևը,
և բերքիս համար քեզ աղոթեմ,
Ու ներիր մեղքերս,
Որովհետև
Հետո, ինձ այս մեղքիս համար,
չեն ներելու:
***
Սիրո կրկնվող պատմություն
ամեն տարում:
Գարունը գիտի, որ ինքն է ծնունդն ու մահը ծաղկի,
և ծաղիկը սպասում է նրան:
***
Ինձ թևեր տվեցիր
ասացիր.
-Գնա,
քո միջով քեզնից գնալ չեմ կարող,
Ինձ ուրիշ երկինք տուր,
Այս մեկը դու ես:
***
Առանց մարգարեության
Չսպասեցին,
որ ասեմ.
-Առեք ինձ և գցեք ծովը,
Բայց ահա հեղեղներն ինձ պաշարեցին,
Ու բոլոր կոհակներն ու ալիքներն անց կացան իմ վրայով,
Եվ վռնդված էի իրավ Նրա աչքի առաջից,
Ու չէի գտնում տաճարը, որ նայեմ նրան:
Ջրերը շրջապատեցին ինձ մինչև հոգիս,
Եվ անդունդը պաշարեց,
Որովհետև
Աղաչում էի Նրան, որ առներ հոգիս ինձնից,
Որովհետև մեռնելս ապրելուցս լավ էր,
Եվ Տիրոջ լռությունը եղավ պատասխանը.
-Մի՞թե լավ է,որ բարկացել ես…
Չասաց նա,
Եվ Տերը ոչինչ չասաց,
և.
«Վե՛ր կաց, գնա Նինվե մեծ քաղաքը»,-
խոսքը
չէր դրանից առաջ,
Բայց ես փախա
Նրա երեսիցը,
Որ լինես
ԴՈՒ,
Ու քամի եղավ,
ու մեծ փոթորիկ եղավ ծովում,
Եվ աղաղակ եղավ,
Ու եղար
Նրա լռության մեջ,
Մթությունդ, որպես լույս,
Չգիտեմ ով հրամայեց,
բայց եղար
Կուլ տալու համար ինձ.
Քո ներսում եմ ահա,
Որ մարմնեղ գոյությանդ մեջ գտնեմ խաղաղությունս,
Ձուկ հսկա
ողնաշարդ տանս հիմքն ունեմ:
Եվ որովհետև ապաստան տվեցիր ինձ,
Ըդունիր աղոթքս հենց
ԴՈՒ,
չվռնդես ինձ,
Չփսխես ափ ոչ մի օր,
Լսիր իմ ձայնը, ինչպես նա լսեց հին մարդուն:
Թող մարմինդ լինի հանգրվանս վերջին,
Թող մթությանդ հետ ընդունեմ գիշերը որպես ցերեկ,
Քանզի էլ չկա հույս հասկանալու օտարի լեզուն,
Եվ եթե քառասուն օրից քաղաք պիտի կործանվի,
Ապա թագավոր չկա այլևս, որ քուրձ հագնի
և նստի մոխրի վրա:
Լսիր ձայնս,
որ չտրտմեմ
տրմությամբ ու չզայրանամ,
Չճանաչեմ Նինվեն,
խրատ չառնեմ դդմի չորանալուց:
Թող քո ներսում չոքեմ Նրա առաջ:
Եթե նետես ինձ ափ՝
Ավազին պիտի թավալ գամ
Եվ պիտի կրկնեմ կույրի նման,
Որ առնի հոգիս,
Թե
Կորսվեմ վերջին տնիցդ,
Մեռնելն իրավ լավ է ապրելուցս:
***
Ուրիշ երկրի գարուն ես դու,
բոլոր թռչունները
քեզ մոտ չվեցին,
նրանք երկնքում կետ դարձան
ես երկրի վրա
կորեկի հատիկ,
Թե գաս,
Իմ քաղաքի ոչ մի թռչուն
սոված չի մնա:
***
Բառերի հեղեղում
Երազանք Լռության մասին
Մենք
ամեն ինչի մասին խոսում էինք՝
քաղաքականության,
արվեստի ,
գրքերի,
տնտեսության,
մահվան,
երիտասարդության ,
կենդանիների,
ցավի,
եղանակի,
իրավաբանության,
եվրոպայի…
մենք
մի բանի մասին էինք լռում.
սիրո…
***
Մտացածին պատրանք էր
գարունը
և լռությունը, որ լուսնից էր,
եվ աստղերը,
որ փսփսում էին
երկնքի ունայնության մեջ,
և մեղվի փեթակների պես բուրող աշխարհը,
երբ ձայնդ էի լսում:
Միայն հիմա է ամեն ինչ իրական,
Երբ հեռացել ես:
Մեծ ճանապարհ ունես, Անի ջան, կողքիդ ենք լինելու։ Ապրես։