Անդրեյ Վոլկոնսկու հետ
… Իր անունը ես առաջին անգամ լսել եմ Մոսկվայում, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության հերթական համագումարի հերթական համերգներից մեկի ժամանակ։ Այդ օրը Մոսկվայի համերգասրահներից մեկում (կարծեմ՝ կոնսերվատորիայի փոքր դահլիճում) Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ հնչեց նրա Լարային կվարտետը։ Կոմպոզիտորական բաժնի ուսանողիս վրա այդ գործը ցնցող տպավորություն թողեց։ Այդ օրվա իմ ապրած զգացողությունը մինչեւ հիմա ինձ հետ է։ Դահլիճը խանդավառ ընդունեց թե՛ գործը, թե՛ կոմիտասցիների նվագը, սակայն կվարտետի հեղինակը ոչ միայն բեմ չբարձրացավ, այլ կարծես առհասարակ համերգին ներկա չէր։ Այդպիսի գործի հեղինակի բացակայությունը ինձ համար տարօրինակ էր։ Այդ օրերին ես փորձեցի հասկանալ՝ ո՞վ է Անդրեյ Վոլկոնսկին եւ ինչո՞ւ ներկա չէր համերգին։ Այս ձեւով ինձ հայտնվեց Անդրեյ Վոլկոնսկի անուն-ազգանունը, որի նկատմամբ ես այլեւս ուշադիր էի։ Տարիներ հետո Էքս ան Փրովանսում, երբ մենք զրուցում էինք անցյալի մասին, ու ես գիտեի, որ իր այդ տարիների գործերից շատերը ինքը ոչնչացրել է, հարցրեցի՝ կվարտետի պարտիտո՞ւրն էլ արդյոք նույն բախտին է արժանացել։ Անդրեյն ասաց, որ կվարտետը չի ոչնչացրել, այլ իր մի աշակերտի խնդրանքով պարտիտուրը նվիրել է նրան։ Գոհ էր, որ իր այդ պարտիտուրը չէր ոչնչացրել։
Նրա հետ ծանոթացա վաթսունականներին, Երեւանում։ Իր ղեկավարած «Մադրիգալ» անսամբլի հետ եկել էր Երեւան։ Համերգի ընթացքում ինքը կլավեսինի առջեւ էր, եւ մի խումբ երաժիշտներ նրա շուրջ երգում-նվագում էին։ Համերգին ներկա գտնվողներիս առջեւ հառնում էր մի անսովոր հնչյունային աշխարհ, որ թեեւ եկել էր Մոսկվայից, բայց իր հետ սովետական ոչինչ չէր բերել, ոչ էլ որեւէ հակասովետական «արգելված» գեղարվեստական իրականություն էր ծավալում։ Ինձ համակել էր բերկրանքի անսովոր մի զգացում՝ այդ օրը առաջին անգամ լսում էի Վերածննդի շրջանի երաժշտություն՝ կենդանի կատարմամբ։ Երաժշտության հեղինակների անուններն ինձ անծանոթ էին։ Անծանոթ էին նաեւ երաժիշտները, որոնք նվագում էին բեմում։ Այդ երաժիշտների մի մասի հետ ես շուտով մտերմացա։ Մտերմությունն սկսվեց այսպես։
Համերգի ավարտից հետո ես տեսա, թե ինչպես երաժիշտները դահլիճի մուտքի մոտ երկու մասի բաժանվեցին. մի մասը գնաց դեպի աջ՝ փողոցն ի վեր, մյուսը՝ ձախ՝ փողոցն ի վար։ Վեր բարձրացողների մեջ տեսա քիչ առաջ բեմում ելույթ ունեցած Լիսիցյան քույրերին՝ շրջապատված իրենց ընկերներով (մեծ մասամբ՝ Երեւանում ապրող հայեր), ձախ գնացողների մեջ Անդրեյ Վոլկոնսկին էր։ Ես գնացի Անդրեյ Վոլկոնսկու եւ նրա խմբի ետեւից…
Կարճ ժամանակ անց ձախ գնացողների այս խմբի հիմնական մասը մեր տանն էր, այլեւս միասին էինք՝ Անդրեյ Վոլկոնսկին, Մարկ Պեկարսկին, Լիդիա Դավիդովան… Խոսում էր Անդրեյ Վոլկոնսկին, մենք նրան լսում էինք։ Խոսում էր Մարկը, մենք նրան լսում էինք։ Բոլորս խոսելու հավասար իրավունք ունեինք, չկար «ժողովրդական արտիստի» կեցվածք ունեցող մեկը մեր մէջ, չկար մեկը որ ուշադրության վերմակն իր կողմը քաշեր. մենք միասին մի խումբ էինք, սակայն այնպես էր, որ ամեն պահի ընդգծվում էր՝ մեր կողքին Անդրեյ Վոլկոնսկին է։
Համերգներից հետո հավաքվում էինք մեր տանը եւ անսովոր ուրախության, սրամտությունների ու կատակաբանությունների մտերմիկ մի երեկո էր սկսվում, մինչեւ այն պահը, երբ Անդրեյը որոշում էր, որ երաժշտություն պիտի լսենք։ Մենք միասին երաժշտություն էինք լսում։
Անդրեյին անհնար է պատկերացնել առանց երաժշտություն լսելու։ Եթե կար չորս պատ եւ երաժշտությանը տրվելու ամենատարրական հնարավորությունը, ուրեմն այն պիտի հնչեր։ Դա կարող էր ժամեր տեւել։ Հետո, երբ ավարտվում էր լսելու արարողությունը եւ վրայից էլ մի շերտ լռություն էր սահում-անցնում, նորից մեջտեղ էին գալիս սրամտությունը, համերգային ուղեւորության ընթացքում գոյացած զավեշտական պատմությունները, զրույցները։ Եթե մեկն ու մեկը հանկարծ փորձեր լրջություն խառնել ընդհանուր մթնոլորտին, լրջությունը զավեշտ կդառնար, կթաղվեր մի բաժակ օղու մեջ, մենք նորից կծիծաղեինք, եւ այսպես՝ շարունակ։ Անդրեյի եւ «մադրիգալիստների» հետ իմ եւ իմ ընկերների բոլոր հանդիպումները այս ձեւով էին ընթանում։ Լրջության պահեր եւս լինում էին անշուշտ։ Անդրեյը այս դեպքերում քչախոս էր։ Բայց իր մեկ-երկու դիտողությունը կամ խոսքը կարեւորվում էին բոլորիս կողմից։
Ժամանակ անց, երբ ես առիթ ունեցա Անդրեյին հանդիպել, նրա կողքին ապրել Հայաստանի սահմաններից դուրս եւս, այս պատկերը չփոխվեց։ Փոխվեցին մեր շրջապատի մարդիկ, եւ հետագայում իր շուրջը իմ տեսած մարդկանց թիվը հետզհետե նվազեց։
Անդրեյի հետ երաժշտություն էինք լսում։ Երաժշտություն լսելու պահանջը իր մեջ անսովոր ուժ ուներ, գրեթե մոլուցքի նման մի բան էր։ Դա մի վիճակ է, որը երեւի կարելի է բնութագրել «ապրել երաժշտության մեջ» արտահայտությամբ։ Թվում է՝ նրա համար ժամանակը բաժանվում էր ոչ թե լսելու եւ չլսելու միջեւ, այլ մեկ եւ մեկ ուրիշ գործի ունկնդրման միջեւ։ Իր ներսում կար երաժշտության պահանջ ունեցող մեկը, որ նրան պարտադրելու պես մշտապես հուշում էր, թե հիմա որ գործը պիտի լսվի։
Իհարկե, երաժշտություն լսելու պահանջն իմ մեջ վաղ մանկությունից է գալիս։ Մենք՝ ընտանիքի վեց անդամներս, երաժշտության նկատմամբ դեպի լույսը ձգտող թիթեռներ էինք։ Եթե մեր ընտանիքի ամենակրտսերը մանկապարտեզից մի նոր երգ էր բերում տուն, մենք բոլորով այդ երգն էլ սովորում ու երգում էինք առավոտները…
Բայց Անդրեյի հետ երաժշտություն լսելը կարծես դրանից շատ ավելին էր։ Ճիշտ է, Անդրեյի հետ մանկական երգեր չեմ լսել։ Բայց մնացյալ այն ամենը, որ իր մեջ կյանք ուներ եւ ունակ էր լսողի համար ապրվող գորշ ու առօրեական օրը գունավոր եւ իմաստալից դարձնել, Անդրեյի հետ էր, նրա ապրվող ժամերի պարունակությունն էր։
Կնստեինք երաժշտություն լսելու, եթե Մոսկվայի իր տանն էինք՝ պիտի տեղավորվեինք՝ ծալապատիկ կամ կիսապառկած, գրեթե դատարկ իր սենյակի մեջտեղում փռված մազածածկ մորթե գորգի վրա, ու պիտի լսեինք։ Երաժշտության մեջ խորանալու հետ Անդրեյը դանդաղ պիտի սկսեր օրորվել, գլուխը հակած կրծքին՝ երաժշտության հետ դանդաղ վեր ու վար աներ, եւ այդ իր օրորվելը այնքա՛ն արտահայտիչ էր… Ի՞նչ էր դա. հաճույքի բարձրակե՞տ, երաժշտության հետ շնչելու նույնացո՞ւմ, վերանալու մի բացառիկ աստիճա՞ն… Իր աննկատ օրորվելը երաժշտության ամենախորքերը հասնելու վկայություն էր կարծես ու միաժամանակ ինքն իրեն այդ խորքերում հայտնաբերելու վայելք։ Ես չգիտեմ՝ այդ խորքերի մեջ ո՞ւմ էր հանդիպում. ազատ աշխարհից 1947-ին Սովետում հայտնված եւ իրականությանը չմերվող օտարականի՞ն, իր ընտանիքի անցյալի փառքը բերող եւ այդ փառքը մերժող իրականության մեջ ապրող իշխանի՞ն… Գուցե սրանք եւ էլի ուրիշներ էր իր մեջ արթնացած երաժշտության խորքերում ապրողը։
Մի օր կռահեցի, որ տարիների ընթացքում երաժշտություն լսելու իմ ուսուցիչն է դարձել նա։ Իրոք, նա ինձ համար ուսուցիչ եղավ՝ առանց իսկ ուսուցանելու փորձ կատարելու, առանց իսկ բառ գործածելու… լուռ… միայն այդպես թեթեւակի օրորվելով։
*
* *
Անդրեյը շատ էր սիրում Հայաստանը, կապված էր նրա հետ։ Գիտեմ, որ Միջին Ասիայից կամ հյուսիսկովկասյան երկրներից ոմանք նույնպես կարող էին ասել, որ Անդրեյը շատ էր սիրում իրենց երկիրը եւ մշակույթը։ Այդ երկրների հանդեպ իր սիրո մասին ես լսել եմ իրենից՝ Անդրեյից։ Բայց առավելաբար տեղյակ եմ Հայաստանի՛ հետ իր ունեցած կապերին։ Երեւանյան մեր առաջին հանդիպումից շատ տարիներ հետո, երբ նա արդեն Էքս ան Փրովանսում էր ապրում, եւ ես իրեն հյուր էի, մի օր ինձ ասաց. «Մինչեւ երեւանյան մեր հանդիպումը, ես գիտեի Հայաստանի ճանապարհների բոլոր «на ходу»-ները (փոքրիկ ճաշարանները) եւ Հայաստանի տարածքի բոլոր հնագույն եկեղեցիները, ճարտարապետական կոթողները»։ Եվ Ռուսաստան հսկայական երկրի տեր ազնվականի դիտարկումով ասում էր՝ «Հայաստանը շա՜ատ փոքր է»։
60-70-ականներին մենք միասին շատ ենք ճամփորդել Հայաստանով։ Դուրս ենք եկել դեպի լեռնոտ բնություն, այցելել ենք հնագույն վանքեր, անցել ենք գյուղերով, մտել-դուրս ենք եկել «на ходу»-ներ… Հիշում եմ՝ ամառային մի հրաշալի օր մենք նույն օրվա մեջ այցելեցինք թե՛ Հաղարծնի վանքը, եւ թե դրանից համեմատաբար ոչ հեռու գտնվող Գոշավանքը։ Նա այնպես էր մտնում այդ եկեղեցիները, ասես իր համար շատ կարեւոր, յուրահատուկ կատարելության, անցյալի խոր հիշողություն ունեցող կենդանի գոյությունների հետ հանդիպելու էր գնում։ Հաղարծինը անտառածածկ լեռների բարձունքներում մի հարթության վրա գտնվող վանական համալիր է։ Այն աչքից հեռու, ճանապարհներից հեռու գտնվող հոգեւոր մի կենտրոն էր, եւ այնտեղ տանող ավտոճանապարհը համեմատաբար վերջերս էր միայն կառուցվել։ Օրվա մի մասը մենք հատկացրինք Հաղարծնին։ Գոշավանքը հայ իրավագիտական մտքի հիմնադիր վանական Մխիթար Գոշի անունը կրող գյուղի տարածքում է։ Մխիթար Գոշը երկար տարիներ ապրել եւ գործել է այդ գյուղում, այդ վանական համալիրում։ Գոշավանքի մայր եկեղեցու գլխավոր դռան կողքին գտնվող ասեղնագործ խաչքարը իրոք նշանավոր էր իր անսովոր նրբագեղությամբ։ Հնագույն գյուղի դիմացի բլրին կանգնած այս եկեղեցին ու իր խաչքարը Անդրեյի ծանոթներն էին ու սիրելիները։ Այդ օրը մենք մտանք նաեւ եկեղեցուն կից մութ սենյակը, որ ժամանակին գրապահոց է եղել (ըստ պատմողների), եւ այդ մութ սենյակի պատերը սեւ էին վերից վար, քանի որ այստեղի մագաղաթյա գրքերը ժամանակին կրակի են տվել (… ավելորդ չէ ասել, որ հայերը գիրք եւ մանավանդ մագաղաթյա գիրք այրելու սովորություն չունեն)։ Այս երկու եկեղեցիների այցելությանը տրամադրած մեր հրաշալի օրն ավարտվեց «Հաղարծին» անվանումը կրող մի ռեստորանում, ու թեեւ սեղանի շուրջը նստածներիս թիվը փոքր չէր, հայկական հյուրասիրության պարտադիր մասը հանդիսացող հյուրին հյուրասիրելու արարողակարգը նա մերժեց՝ հայտարարելով, որ այսօր իր տոնն է, եւ ինքն է հյուրասիրում բոլորիս։
Երեւան եկավ եւ երեւանյան համերգից հետո մի երեկո մեր տանը հավաքվեցինք։ Իր նոր ավարտած հսկա պարտիտուրը բացեց եւ սկսեց վերլուծել ու մեզ ներկայացնել այդ գործի կոմպոզիցիոն կառուցողական սկզբունքները, պարտիտուրի կատարման որոշ յուրահատկությունները։ Այդ գործը գրված էր պարսկական դասական պոեզիայի՝ Օմար Խայամի բանաստեղծության հիման վրա։ Այդ ստեղծագործությունը այսօր արդեն հայտնի «Թափառող կոնցերտ» գործն է։ Անդրեյի ցանկությունն էր, որ այս գործի առաջին կատարումը լինի Պարսկաստանում, եւ արդեն բանակցությունների մեջ էր մտել պարսկական կողմի հետ։ Ուներ իր ցանկություն-առաջարկի պատասխան-նամակը Պարսկաստանից։ Տարիներ հետո, երբ մի օր քրքրում էի իմ թղթերը, տեսա որ պատասխան գրությունը իմ տանն է։ Հուսամ, որ այդ գրությունը հիմա էլ Երեւանում իմ թղթերի մեջ ինձ հետ է։ Այդ պարտիտուրի եւ Անդրեյի բացատրությունների շուրջ հավաքվածներիս համար դա իրոք խոր եւ տպավորիչ եւ շատ ուսանելի մի դաս էր։ Առ այսօր հիշում եմ, թե ինչպես էր Անդրեյը անփութորեն իր ձեռքի մեջ շուռ ու մուռ էր տալիս պարտիտուրի հսկայածավալ տրցակը։ Անսովոր էր իր բացատրականի լրջության եւ պարտիտուրի տրցակը այդպես անփութորեն տնօրինելու անհամապատասխանությունը։
Հայաստան գալիս Անդրեյը միշտ իր հետ ունենում էր ձայնագրություններ, գրքեր, նաեւ իր այս կամ այն գործի պարտիտուրը։ Մի օր կրկնօրինակեցի իր «Շչազայի տրտունջը» պարտիտուրի ձեռագիրը։ Այդ պարտիտուրը ես հաճախ էի ձեռքս վերցնում, փորփրում նրա ներսերը, ու քանի որ ձայնագրությունն էլ ունեի, հաճախ էի այն լսում։ Անսովոր էր Շչազայի մասին Անդրեյի պատմածը՝ հյուսիսկովկասյան տարածքներում ապրող եւ իր անձնական վիշտը երգ ու բանաստեղծություն դարձրած Շչազա անունով կնոջ պատմությունը։ Այն ժամանակ Անդրեյի շուրջը հավաքված երեւանյան երիտասարդ երաժիշտներիս համար այնքա՛ն անսովոր էր արդիական երաժշտություն գրող հեղինակի՝ մարդկային կենսագրության ու բանաստեղծական մի այսպիսի ակունքի դիմելու իրողությունը։ Հուսամ, որ այդ պարտիտուրի կրկնօրինակը նույնպես դեռ իմ թղթերի մեջ է, իմ տանը։
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, երբ վաթսունականների վերջերին նկարահանում էր «Նռան գույնը» ֆիլմը, իր ֆիլմի կոմպոզիտորին երկար փնտրտեց։ Դիմեց ինձ, հետո իմացա, որ Անդրեյ Վոլկոնսկուն է հրավիրել՝ աշխատելու իր հետ։ Առավել ճիշտ որոշում դժվար էր պատկերացնել։ Ես ուրախ էի։ Բայց ահա կարճ ժամանակ հետո նորից հրավիրեց ինձ։ Այս անգամ հրավերը վերջնական էր, ու ես գործի անցա։ Պետք եղավ ճշտել, թե ինչ էր արել մինչ այդ Անդրեյը. պարզվեց, որ ձեռնամուխ էր եղել ժողովրդական երաժշտություն նվագողներ հայտնաբերելուն, նրանց նվագը ձայնագրելուն։ Իր կատարած ձայնագրությունների մեջ աչքի էր ընկնում թառի մի նվագ, որն անչափ գեղեցիկ էր։ Թառի այդ նվագից որոշ հատվածներ մտան ֆիլմի մեջ, մաս կազմեցին ընդհանուր ձայնային հյուսվածքին, որի մեջ տեղ ունեին ժողովրդական այլ գործիքներ եւս, ժողովրդական երգեցողություն, աղմուկներ, եւ այլն։ Տարիներ հետո իմացա, որ Անդրեյը ճանաչել եւ շատ բարձր էր գնահատել ադրբեջանցի մի թառահարի նվագը։ Հայտնի է, որ այդ թառահարին նա հրավիրել էր Եվրոպա, միասին համերգներ էին տվել։ Շատ հնարավոր է, որ ֆիլմի համար իր ձայնագրած թառի նվագը այն նույն թառահարինն էր, որին նա հայտնաբերել էր «Նռան գույնը» ֆիլմի համար նախապատրաստական աշխատանքներ անելիս։
Երեւանում մի օր իմացա, որ Անդրեյի նյութական վիճակը շատ ծանր է, ու քանի որ գործի բերումով Մոսկվա պիտի գնայի, որոշեցի անպայման այցելել իրեն։ Այդ օրը մտա Մոսկվայի կոմպոզիտորների միության ճաշարան, ֆրանսիական մի կոնյակ գնեցի, զանգահարեցի Անդրեյին, որ ուզում եմ այցելել իրեն։ Ասաց՝ սիրով, միայն թե քեզ հետ խմիչք չվերցնես. տանը լիքը կա։ Պարզվեց, որ Շվեյցարիայում ապրող հարազատներից մեկը իրեն օգնության ձեռք էր մեկնել, եւ հիմա Անդրեյը նյութապես ապահով էր։ Քիչ հետո ես Անդրեյի տանն էի, եւ իր ընկերությունը վայելելու մի անմոռանալի օր ունեցա։ Առավոտից մինչեւ իրիկուն մենք երաժշտություն լսեցինք եւ ալկոհոլ խմեցինք։ Մենք երկուսս էլ գիտեինք, որ այդ օրը մեր երկուսի՝ իրար հրաժեշտի օրն է լինելու, եւ ինչ երաժշտություն որ ընտրեց, կապված էր դրա հետ։ Այդ օրվա բարձրակետը եղավ Մալերի 8-րդ սիմֆոնիայի ունկնդրումը, որ խորապես հուզեց երկուսիս։ Այդ օրվա Մալերի 8-րդը առ այսօր ինձ հետ է։ Մի քանի անգամ ընտիր ճաշեր բերեցին մեզ, որ ինքն էր պատվիրել։ Ճաշի հետ նա միացրեց ավստրիական զինվորական քայլերգերի մի շարք, որն այնքան համապատասխան էր թե՛ մեր ուրախությանը, թե՛ այդ համեղ ճաշերին։ Քայլերգերի նվագի տակ նա չափ տալու պես ձեռքերը վեր-վար էր անում, հետն էլ ուրախության ձայներ արձակում։ Այդ օրը ես ծանոթացա ննջասենյակում իր մահճակալի կողքին դրված հնագույն հրաշալի սպինետին։ Երաժշտության, ուտելիքի եւ խմիչքի միջից ոգեւորության մի պահի ես իրեն ասացի՝ ի՞նչ իմաստ ունի քո գնալը, ո՞ւր ես գնում։ Իմ այս հարց-դժգոհությունը, պարզվեց, նա հիշել էր տարիներ։
Այստեղ հարկ է ասել, որ մեզ մտերմացնող կապերից մեկը նաեւ այն էր, որ երկուսս էլ ներգաղթել էինք արտասահմանից (1947-ին)։ Երկուսս էլ գիտեինք՝ ինչ է ազատ աշխարհը, եւ ուր էինք հայտնվել։ Այս գիտակցության եւ մեր ընդհանրության հստակ ձեւակերպումը նա՛ արեց մի օր, եւ դա եղավ այսպես. իրեն մոտեցավ երեւանյան ռադիոյի հաղորդումների մի թղթակից՝ խնդրելով հարցազրույց տալ արտասահմանի հայերի համար։ Հարկ է ասել, որ այս հաղորդումների մեջ սովորաբար ընդունված էր գովեստի խոսքեր ասել Սովետի հասցեին, մեր «երջանիկ կյանքի» մասին։ Նա կտրականապես մերժեց այդ առաջարկը, հետո էլ իր մերժումը ավելի հստակ դարձնելու համար ասաց. «Я ахпар»։ Բացատրեմ որ այս «ախպարը» ածական է, որին արժանացան արտասահմանից քառասնականներին ներգաղթած հայերը՝ տեղաբնակների կողմից։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում էր թե՛ ծաղր, թե՛ մերժում, թե՛ նվաստացում։ Ուրեմն, մենք երկուսս էլ Անդրեյի հետ «ախպարներ» էինք։ Ուրեմն, Ռուսաստանից իր հեռանալուն ուղղված իմ «բողոքը» իմ «ախպար» եղբորն ուղղված բողոք էր նաեւ (հավելեմ, որ «ախպար» բառը «եղբայր» բառի բարբառային տարբերակն է, որը գործածվում էր առավելաբար այդ թվականներին Հայաստան ներգաղթած հայերի շրջանակում)։
Նրա գնալուց հետո ես երկար ժամանակ լուր չունեի իրենից։ Մի անգամ, երբ Մոսկվայում հանդիպեցի Նատալյա Գուտմանին, նա ինձ լսելու տվեց Անդրեյի նոր մի գործի ձայնագրությունը, որ արտասահմանից էր բերել։ Այդ գործից ես շատ տպավորվեցի… նաեւ տխրեցի։ «Immobile»-ն կարծես խոստովանություն էր իր նոր վիճակի մասին։ Դաշնամուրի եւ փողայինների համար գրված այդ գործը ինձ ներկայացավ իբրեւ էմիգրանտի ապրումների, անսահման միայնության կատարյալ արտահայտություն։ Այս զգացողությանս եւ տխրությանս մասին հայտնեցի Գուտմանին, եւ տարիներ հետո, երբ Էքսում հանդիպեցինք Անդրեյի հետ, նա ինձ հարցրեց՝ իրո՞ք այդ գործի մեջ էմիգրանտի ապրումներն են աչքի զարնում։ Հասկացա, որ Անդրեյին հասել էր իմ այդ զգացողությունը, նա դրանից ուրախ չէր։ Ճիշտ հակառակը։ Նրան ասացի. «Չէ, հիմա երբ լսում եմ այդ գործը, այդ տպավորությունն էլ չունեմ»։ Առ այսօր չգիտեմ՝ Անդրեյին հանգստացնելո՞ւ համար այդպես ասացի, թե՞ իրոք այդպես եմ զգում։ Միայն թե այդ գործը լսելիս ես հիմա էլ խորապես տխրում եմ։
Հայաստան-Վոլկոնսկի պատմությունների իմ իմացած մասն ավարտելուց առաջ ասեմ, որ երբ վերջին տարիներին իրեն այցելում էի Էքս ան Փրովանսում, մի անգամ հարցրեց՝ այցելո՞ւմ եմ Եղեգնաձորի անդնդախոր ձորերի միջից վեր խոյացած Նորավանք եկեղեցին։ Ինձ այնպես էր թվում, թե նա մի ներքին կապվածություն ուներ ճարտարապետական այս կոթողի հետ, եւ հերթական անգամ երբ պատրաստվում էի գնալ Էքս ան Փրովանս՝ այցելելու իրեն, մինչ այդ պարտքս համարեցի գնալ Նորավանք, որ անկախության տարիներին արտասահմանում ապրող հայերի նվիրատվությամբ իր վանական համալիրով նորոգվել էր վայելչորեն ու բարձր ճաշակով։ Հիմա էլ երբ այցելում եմ Նորավանք, Անդրեյը ինձ հետ է, ու ես նաեւ իր աչքերով եմ նայում եկեղեցուն, նրա առջեւ փռված հարթ տարածքին, նրա շուրջը բարձրացող անսովոր բարձր ժայռալեռներին։
*
* *
Մի օր Անդրեյը ինձ եւ կնոջս՝ Նոնային հրավիրեց Էքս ան Փրովանս՝ հյուրընկալվելու իր տանը։ Բայց այս պատմությունն իր սկիզբն ունի։
Ութսունականների վերջերին-իննսունականների սկզբին Հայաստանում անսովոր ծանր իրավիճակ էր։ Դա հետեւանք էր Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին, պատերազմին ու շրջափակմանը։ Ես նույնպես ընտանիքով ծանր դրության մեջ էի հայտնվել։ Իմ լավ բարեկամ Նատալյա Գուտմանը այդ օրերին, դիմելով Անդրեյին, ասել էր. «Պետք է փրկել Տիգրանին»։ Այս ձեւով ես հայտնվեցի Բելյաեւ ֆոնդի խնամակալության ներքո. Անդրեյը արդեն քանի տարի այս հիմնադրամի կուրատորներից մեկն էր՝ Չերեպնինի եւ Արվո Պյարտի հետ։ Ինձ եւ կնոջս համար մեծ ուրախություն էր Ֆրանսիայի հարավի այդ գեղեցիկ քաղաքում մի քանի ամսով Անդրեյին հյուրընկալվելը։ Դա 1993 թվականին էր։ Այդ օրերին կինս եւ ես վայելում էինք Անդրեյի բացառիկ հոգատարությունը։ Իր տանը ես հնարավորություն ունեցա նաեւ աշխատելու։ Բացի այդ, Անդրեյն, ըստ երեւույթին որոշել էր մեր նկատմամբ իր հոգատարությունն ամենաբարձր կատարելությանը հասցնել. ամեն օր մեկը մեկից գեղեցիկ ու ընտիր ռեստորաններ էինք այցելում, եւ ամեն օր մեր սեղանին հայտնվում էին համով ուտելիքներ։ Այստեղ հարկ է հիշել, որ Անդրեյը ոչ միայն բացառիկ հմտությամբ էր տիրապետում ուտեստեղենի ողջ «պարտիտուր»-ին, այլ նաեւ հարկ էր համարում մեզ բացատրել, թե ո՞ր ուտելիքի ո՞ր համի յուրահատկությանը պետք է ավելի ուշադիր լինել, ո՞ր հերթականությամբ այն պետք է վայելել, վաղը ո՞ր ռեստորանը պիտի այցելեինք եւ հատկապես ո՞ր ուտելիքը փորձելու համար։ Բայց եղավ մի օր, երբ ոչ թե ուտելիքը փորձելու գնացինք, այլ պարզապես համընդհանուր ուշադրություն վայելող մի հայտնի ռեստորանում լինելու։ Պարզվեց, որ մտել ենք մի ռեստորան, ուր ժամանակին ամեն կիրակի այցելել է Պոլ Սեզանը։ Ռեստորանը Էքսի նշանավոր վայրերից էր։ Այստեղ ճաշելը հատուկ վայելք էր անշուշտ թե ինձ, թե կնոջս համար։ Եթե ես ֆրանսիական խոհանոցի մասին մի քանի տեղեկություն ունեմ, դրա դասերը յուրացրել եմ Անդրեյի կողքին ապրելիս։ Այդ օրերին էր, որ մենք մի քանի անգամ այցելեցինք Էքս ան Փրովանսում ապրող, Ֆրանսիայից 1947-ին Հայաստան ներգաղթած եւ խրուշչովյան օրերին ետ արտագաղթած իմ սիրելի ընկերոջը՝ Սիմոնին, որին Անդրեյը գիտեր մինչեւ մեզ հյուրընկալելը, եւ նրանք մտերիմներ էին։ Սիմոնի գեղեցիկ մենատունը գտնվում էր Էքսը շրջապատող լեռներից մեկի ճանապարհին։ Այդ տանը մենք լավ ժամանակ ենք անցկացրել։ Ու երբ ես ամեն անգամ սարն ի վեր բարձրացող ճանապարհով ելնում էի դեպի Սիմոնի տուն, ինձ այնպես էր թվում, թե ես քայլում եմ Սեզանի անցած ճանապարհով։
Անդրեյը, ինչպես պարզվեց, ջրի հետ «գործ ունենալ» չէր սիրում։ Խուսափում էր ծով մտնելուց։ Այնուամենայնիվ, մի օր մենք ուղեւորվեցինք Մարսելից դուրս մի ծովափ։ Դեռ վաղ մանկությունից Միջերկրական ծովին խենթի պես կապված իմ մեջ ապրող լողորդը ինձ ստիպեց վազել դեպի ծով։ Այդ ընթացքում ճանապարհի եզրին, ժայռերի վրա վերեւում գտնվող փոքրիկ մի ճաշարանի պատուհանից, գարեջուրը առջեւը, Անդրեյը լուռ գոհունակությամբ հետեւում էր հաճույքի իմ խենթություններին։ Նորից ու նորից նա իմ մեծ եղբայրն էր։
Էքս ան Փրովանսում եղած ժամանակ մեր օրվա մեծ մասը հատկացվում էր երաժշտություն լսելուն։ Անդրեյը ունակ էր լսելու միայն այն երաժշտությունը, որի ուղղությամբ ինք հասունացած էր եւ նրան մնում էր միայն իր պահանջը բավարարել։ Չէր լինում երբեք, որ նրա մեջ այս կամ այն գործը լսելու պահանջը հասունացած չլիներ, եթե նա նստում էր երաժշտություն լսելու։ Քանի-քանի անգամ ես այցելեցի նրան Էքս ան Փրովանս, եւ քանի անգամ էլ որ պատրաստվեցինք երաժշտություն լսելու, այդպես էլ չկարողացա նրան համոզել, որ ժամանակ եւ ցանկություն գտնի լսելու իմ առաջարկածը։ Ես ուզում էի, որ նա ծանոթ լիներ Կոմիտասի երաժշտությանը. այդ բանը ինձ չհաջողվեց։ Ինձ հաջողվեց միայն իրեն համոզել լսելու Լիգետիի «Նոնսանս մադրիգալները»։ Այդ մադրիգալներից մեկում երգիչներից մեկը բարձր սուլոց է արձակում։ Սուլոցը լսելիս Անդրեյը ցնցվեց։ Ու երբ գործն ավարտվեց, ես իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ իրավացի եմ եղել Լիգետիի այդ գործը իրեն ներկայացնելիս։ Գոհունակության պես մի քանի բառ մրթմրթաց, եւ ես առաջին ու վերջին անգամ եղա մեր լսելիքը որոշողը։
1999 թվականի հունվարի 26-ին ես կնոջս հետ Ֆրանկֆուրտից մեկնեցի Էքս։ Վերջինիս փոքրիկ օդանավակայանում մեզ դիմավորեց Անդրեյը, եւ առաջին գործը որ արեցինք, օդակայանի բուֆետում նստած հանգամանորեն մի-մի գավաթ գարեջուր վայելելն էր։ Հենց այդտեղ Անդրեյին ասացի. «Գիտե՞ս, վաղը ես դառնում եմ վաթսուն տարեկան, եւ եկել եմ հատկապես, որ այդ օրը քեզ հետ, քո կողքին լինեմ»։ Իմ հայտարարությունն անակնկալ էր իր համար։ Սի կարճ պահ շփոթվեց, հետո վերադարձավ իր սովորական հանդարտությանը։ Մենք շատ գեղեցիկ ձեւով նշեցինք իմ տարեդարձի օրը։ Առավոտ շուտ մի մեծ զամբյուղ ծաղիկ ստացանք Շվեցարիայում բնակվող իմ ընկերներից մեկից։ Հետո ամբողջ այդ օրը մեծ թվով զանգեր եղան աշխարհի տարբեր քաղաքներից։ Այդ օրվա ամբողջ այս թոհուբոհի մեջ Անդրեյն ինձ համար մեծ եղբայր էր։ Հարկ է շեշտել, որ սովորաբար նա ատում էր հեռախոսազանգի ձայնը։ Ամեն անգամ, որ հեռախոսի զանգը զնգում էր, նա ձեռքերը խփում էր ծնկներին ու գոռալով բողոքում՝ «Опять этот телефон!»։ Սակայն իմ տարեդարձի օրը հեռախոսազանգերի ու թոհուբոհի նկատմամբ մեծահոգաբար հանդուրժող եղավ։ Կարծես նաեւ ուրախ էր այս ընդհանուր աղմուկի առթիվ։ Ինչպես միշտ, այդ օրն էլ կատակելու, ծիծաղելու առիթներ գտանք։ Այդ առիթներից մեկը հետեւյալն էր. նա զանգահարեց այդ օրերին Գերմանիայում գտնվող Վալենտին Սիլվեստրովին եւ այսպես ասաց. «Վալյա, ես քեզ շնորհավորում եմ Տիգրան Մանսուրյանի ծննդյան վաթսունամյակի առթիվ»։ Ու հետո մենք նորից ու նորից բարձրաձայն ծիծաղեցինք։
Դեռ առաջին այցելությանս ժամանակ Անդրեյն ինձ պատմել էր, թե ինչո՞ւ է ինքը նախընտրել այս քաղաքն իբրեւ մշտական բնակության վայր. որովհետեւ այս քաղաքում է ապրում Լուի Մարթինեզը։ Ու ինձ պատմեց, թե ինչպես է դեռ Սովետում սկսվել իրենց բարեկամությունը։ Եվ առաջին անգամ Էքս այցելությանս էլ հենց ծանոթացա Մարթինեզի եւ իր ընտանիքի հետ։ Անդրեյի մասին հուշեր պատմողներից շատերը երեւի կպատմեն Լուի Մարթինեզի մասին։ Նրան վերջին անգամ անցած տարի զանգահարեցի Էքս։ Տխրեցի, երբ իմացա, որ ծանր հիվանդ է։ Նորից հիացա իրենով, երբ իր հիվանդության մասին խոսեց առույգ ձայնով, իբրեւ անկարեւոր մի եղելության։ Շատ կուզեի կարդալ նրա հուշերը Անդրեյի մասին։ Լուի Մարթինեզի հետ ես ու Նոնան շատ մտերմացանք։ Անդրեյը, Լուին, Նոնան եւ ես շատ հաճախ էինք տնից դուրս գալիս այս կամ այն հետաքրքիր ծրագիրն իրականացնելու։ Լուիի նախաձեռնության շնորհիվ մենք Էքսի ամբողջ տարածքը ճանաչեցինք։ Այցելեցինք հնագույն եկեղեցիներ, եղանք նաեւ շքեղ վանքերում, որտեղ հոգեւոր աշխուժ կյանք էր եռում։ Մի գեղեցիկ օր չորսով այցելեցինք Էքսից ոչ հեռու գտնվող Ալբեր Քամյույի տունը։ Լուին մտերիմ էր եղել Քամյուի ու նրա ընտանիքի հետ, եւ ահա մենք այն տանն ենք, ուր ներկայումս ապրում է Քամյույի դուստրը։ Մենատան բակում նաեւ այն ավտոտնակն էր, որից իր կյանքի վերջին օրը Ալբեր Քամյուն մեքենայով դուրս էր եկել։ Ըստ ամենայնի, երեւում էր, որ առաջին անգամը չէր, որ Անդրեյը լինում էր այս տանը։ Քամյուի դստեր հետ մտերիմ բարեկամներ էին։
Մի գեղեցիկ օր Անդրեյի հետ մենք այցելեցինք Մարսել՝ հանդիպելու Բախի «Լավ տեմպերացված կլավիրի» նրա կատարման ձայնագրությունն իրականացնող հնչյունային ռեժիսորի հետ։ Երիտասարդ այդ ֆրանսիացին ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց։ Տպավորությունն այնպիսին էր, որ իր աշխատանքի մեջ ներդրվողը ոչ այնքան տեխնիկական կարողությունների տեր մարդն էր, այլ արվեստագետը։ Ինձ անծանոթ այս մարդը եւ Անդրեյը մտերմաբար քննարկում էին ձայնագրության հետ կապված հարցեր, եւ ես ուրախ էի, որ Անդրեյն իրեն նվիրված այսպիսի բարեկամ ունի։ Չեմ կարող առանց շնորհակալության զգացումի հիշել այս մարդուն, որի շնորհիվ եղավ եւ առ այսօր պահվում է Բախի «Լավ տեմպերացված կլավիրի» վոլկոնսկիական կատարումը։
Մարսել այցի այդ օրը հայտնաբերեցի նաեւ, որ Անդրեյը իր տնից, իր փոքրիկ քաղաքից դուրս գալ չէր սիրում, եւ նրա համար Էքսից Մարսել մեքենայով քսան րոպեանոց ճանապարհորդությունը լուրջ իրադարձություն էր։
Այդ օրը մենք եղանք նաեւ Մարսելում բնակվող ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի տանը։ Այստեղ մեծ սիրով ընդունեցին Անդրեյին, սակայն քիչ հետո պարզվեց, որ տնեցիները պատրաստվում են հեռուստատեսությամբ ֆուտբոլի խաղ դիտել։ Անդրեյը կտրականապես մերժեց նստել տանը, եթե այդ հաղորդումը ինքն էլ պիտի ստիպված լիներ նայել։ Տանտերերը սիրահոժար ենթարկվեցին նրա պահանջին։ Ավելորդ չէ ասել, որ Անդրեյի տանը հեռուստացույց չի եղել ոչ Մոսկվայում, ոչ էլ Էքսում։ Երբ մենք նստում էինք Էքսի իր տան պատշգամբում մի բաժակ գինի կամ գարեջուր խմելու, ես հերթական անգամ նայում էի պատշգամբից երեւացող դիմացի տների պատուհաններին, պատշգամբներին եւ տխրությամբ մտածում էի՝ ի՞նչ է անում այս հսկան այս անօրինակ միայնության մեջ։ Իմ սիրտը ցավում էր նրա համար, սակայն այդ զգացումս կարողանում էի թաքցնել։ Միայն մեկ անգամ նրան հարցրի. «Ի՞նչ ես անում այստեղ, Անդրեյ, ինչո՞ւ չես վերադառնում Մոսկվա»։ Ասում էի եւ գիտեի, որ նրա համար ետդարձի ճանապարհը փակ էր։ Մոսկվայից իրեն հյուր եկած մայրը նույն առաջարկն էր արել Անդրեյին՝ վերադառնալ Մոսկվա։ Անդրեյն այդ առաջարկը մերժել էր։
Վերադառնալով միասին երաժշտություն լսելուն՝ ասեմ, որ Էքսում եղած ժամանակ նա հաճախ էր ինձ ներկայացնում ռուս երիտասարդ կոմպոզիտորների գործեր։ Ռուսաստանցի երիտասարդ կոմպոզիտորները հաճախ էին նրան ուղարկում իրենց գործերի ձայնագրություններն ու պարտիտուրները։ Հիացմունքով եւ սիրով էր խոսում այդ գործերի մասին, որոնք ուզում էր, որ ես եւս լսեի։ Ամենից շատ հիացական տոնով խոսում էր Վիկտոր Կիսինի մասին։ Առ այսօր չեմ կարող առանց հուզմունքի հիշել երիտասարդ կոմպոզիտորների նկատմամբ նրա հոգատարությունը, նրանցով հիանալու իր բարեսրտությունը։
Մեր երկար ու տեւական ունկնդրումների ընթացքին իմ մեջ հատկապես մի քանի գործեր են տպավորվել։ Դրանց շարքին են Վալենտին Սիլվեստրովի դաշնամուրի սոնատները, Բրամսի՝ կանանց երգչախմբի համար գրած գործերը… Մի օր էլ ինձ կարծես թե զարմացնելու եւ մի լուրջ նվեր անելու ակնկալիքով լսել տվեց Էռնըստ Քրենեքի «Երեմիայի ողբը» երգչախմբային ծավալուն գործը։ Այդ գործը իրոք ինձ վրա մեծ տպավորություն թողեց, եվ հիմա էլ երբ առիթ եմ ունենում նորից լսելու այն, հիշում եմ Անդրեյի հետ մեր ունկնդրումը։
Մի օր իր գրասեղանին տեսա Մոսկվայից ստացված մի հոդված։ Ուսանողական մի աշխատանք էր, որի նյութը Անդրեյ Վոլկոնսկու «Սաղմոս 148» գործի վերլուծությունն էր։ Նկատեցի, որ Անդրեյը գոհ էր այդ վերլուծականի համար, Մոսկվայում ապրող երիտասարդ երաժշտագետի՝ իր ստեղծագործության հանդեպ ուշադրության համար։ Այդ գործը ես շատ եմ սիրում։ Եւ քանիցս իմ հիացումը հայտնել եմ այդ առթիւ Անդրեյին։ Իմ հիացումը Անդրեյը լռությամբ էր ընդունում՝ յուրօրինակ մի հայացքով նայելով աչքերիս մեջ։
Մի անգամ ինձ տվեց իր հոդվածներից մեկը, որ վերաբերում էր կլավեսին լարելու հնագույն արվեստին։ Այդ հոդվածը ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Մինչ այդ ռուսերենով այդ մասին գրված որեւէ նյութ չէի կարդացել։ Երբ զրուցում էինք այս հարցերի մասին, Անդրեյն ասաց, որ Արեւմուտք տեղափոխվելուց հետո ինքը հնագույն երաժշտության վերաբերյալ շատ նոր բաներ է իմացել, որոնք Սովետ Միությունում երբեք չպիտի իմանար։ Հենց այդ օրերին էլ մեր զրույցի թեմաներից մեկը եղավ Գիյոմ Դյուֆեի երաժշտության մասին իր գրելիք աշխատությունը։ Հսկայական նյութեր էր հավաքել նրա երաժշտության վերաբերյալ եւ պատրաստվում էր աշխատություն գրել։ Գրեթե մինչեւ իր կյանքի վերջին օրերը տեւած մեր հեռախոսազրույցների ընթացքին, ես ուզում էի, որ մի անգամ էլ անդրադառնանք Գիյոմ Դյուֆեի երաժշտությանը եւ նրա մասին իր աշխատությանը վերաբերող հարցերին։ Ափսոս, որ նա իր հետ տարավ վերլուծական իր հսկա միտքը եւ խանդավառությունը։ Այս զրույցների արդյունքում մնացին իմ տանը գտնվող Գիյոմ Դյուֆեի երաժշտության մի քանի խտասալիկները, որոնք անհնար է լսել՝ առանց Անդրեյին հիշելու։
Էքսում եղած ժամանակ շատ էի սիրում փորփրել իր գրադարակները։ Գուցե երկու բառով արժե հիշատակել այդ գրքերից մի քանիսի մասին։
Առաջինը՝ Վերածննդի շրջանի գեղանկարչությանը նվիրված հսկա ալբոմներն էին։ Տպավորվել են Աստվածաշնչի բառարանի առաջին մի քանի հատորները, կային նաեւ արտասահմանում տպագրված ռուսագիր գրքեր։ Տպավորվել են Նիցչեին, Գոգոլին, Եսենինին նվիրված գրքերը։ Այս գրքերում հայտնաբերեցի հիշածս գրողների մասին տեղեկություններ, որ երբեւէ Սովետական Սիությունում չպիտի իմանայի։ Հատկապես տպավորվել է սիբիրյան դառն ու կծու հումորով ժողովրդական քառյակների ժողովածուն։
Ավելորդ չէ ասել, որ Անդրեյը հսկայական էրուդիցիայի տեր երաժիշտ էր, եւ իր իմացությունները այնքան տարբեր բնագավառների էին վերաբերում, որ կզարմանայիր՝ ինչի՞ն է պետք եղել այս կամ այն կենցաղագրական կամ պատմական անցյալի ծալքը ճանաչելը։ Երաժիշտ կատարողներին գնահատում էր ոչ միայն ըստ «գեղարվեստական նվագի», այլ նաեւ ըստ նրանց իմացական, ինտելեկտուալ կարողությունների։ Երաժշտություն լսելու պահին նա հստակ գիտեր այս կամ այն կատարողի ինտելեկտուալ կարողությունների չափը։ Արհամարհանքով էր խոսում այն կատարողների մասին, որոնց փառքի կայացման օգտին ինտելեկտի զարգացման փոխարեն ճարպկությունն էր գործել։ Սակայն թող չստեղծվի այն տպավորությունը, թե իր փնտրածը երաժշտության մեջ կամ կատարողների դեպքում ինտելեկտուալ հագեցածությունն էր։ Իր տեսակետից՝ դա ընդամենը նախնական պայման էր բանաստեղծորեն ազատ, հարուստ մի անհատականություն ներկայացնելու ճանապարհին։ Այդ ազատ եւ հարուստ անհատականության տեր մարդը նախ եւ առաջ ինքն էր՝ Անդրեյը, որ երբեք չհամաձայնեց սրամտություններով, բառախաղերով լեցուն զվարճալի պատմություններ պատմելու փոխարեն ինտելեկտուալ զրույց վարել։ Իմ հիշողության մեջ իրենից մնացած կատակների, սրամտությունների կամ զվարճալի պատմությունների «տոպրակը» բավական հարուստ է։ Ազատ էր այնքան, որ երբ մի անգամ հարցրի՝ ինչո՞ւ հետեւողական չէ երաժշտություն գրելու հարցում եւ համեմատաբար քիչ է գրել, ասաց՝ գրել եմ միայն այն, որը մեջիցս ազատվելու պահանջ է ունեցել։ Հետո ավելացրեց՝ ի՞նչ գրեմ, երբ այդքան գեղեցիկ գործեր են գրվել, եւ դրանք բոլորն էլ իմն են։
———–
Իշխան Անդրեյ Վոլկոնսկի, (14 փետրվարի 1933, Ժնև — 16 սեպտեմբեր 2008, Էքս-ան-Պրովանս) — ռուս կոմպոզիտոր, կլավեսինահար, դիրիժոր:
tigran mansuryany im sireli arvestagetneric mekn e, inc apchecnum u hiacnum e hayereni nra graget u chapazanc kirt xosqy, chat em sirum nra kinoerajchtutyuny, havesov kardaci nayev hra hychagrutyuny. astvac nran erkar u aroxch kyanq ta
es sht em hargum nman taxandi