Նա շատ ջղային էր ու սեքսուալ: Ու անչափ սիրուն էր կռվում հետս: Այնպիսի անտեղի ու անզուսպ պոռթկումով, որ դժվարանում էի նեղացած ձևանալ: Մեկ առ մեկ հավաքում էի բոլոր բառերը: Բաց չէի թողնում նույնիսկ ամենադառներն ու ամենափնթիները: Ամեն բառ նախ գրկում էի, շուռումուռ տալիս, հոտոտում ու նոր ներս թողնում մեջս: Տաք էին: Կրքոտ: Չար: Երևի դրա համար չէին խոցում: Չէին ջնջում նրան իմ միջից: Ու կրակում էր անխնա: Վրա-վրա: Երբեմն չէի հասնում նրա ռիթմին ու հետ էի ընկնում: Ու զգում էի, թե ինչպես էր նա դատարկվում, թափում բառերն իմ մեջ: Կաթի բարակ առվակը երակի պես ծռմռվելով բերանիս անկյունից հոսեց ներքև: Նա լուռ հետևեց կաթի հետագծին: Մտածեցի՝ դա կհամարի սեքսուալ ու անսպասելիորեն կառնի ինձ իր թևերի մեջ: Նա առհասարակ սիրում էր նայել կանանց՝ կաթ խմելիս: Շունչը պահած հետևում էր ու վերջում միշտ ժպտում: Դու կմեռնես, հանկարծ գոռաց նա, դու կմեռնես հենց այսօր: Հենց հիմա: Ու կմեռնես կաթ խմել չկարողանալու համար: Որովհետև անփույթ կին ես: Ահավոր փնթի: Անտանելի անշնորհք: Անշնորհք ու սարսափելի տգեղ: Դրա համար էլ կմեռնես ու կհայտնվես դժոխքում: Այնտեղ ամեն օր քեզ կստիպեն կաթ խմել, որ վերջապես սովորես, վերջապես հասկանաս, որ կաթ այդպես չեն խմում, խմում են այնպես, որ ոչ մի կաթիլ չկորչի, նույնիսկ շուրթերիդ վրա չմնա: Ու ես ինքս կթաղեմ քեզ: Երդվում եմ, Հաննա, ես ինքս կկրեմ դիակդ, առանց ափսոսալու քեզ կգցեմ փոսը, որը ես ինքս այս անշնորհք ձեռքերովս կփորեմ: Ու հաճախ կգամ քո գերեզմանին: Համարյա ամեն օր: Մեռելագույն ծաղիկներ կբերեմ քեզ: Իսկ դու կժպտաս ներքևից: Կասես՝ ես մեռած եմ, գնա ողջ ու առողջ կանանց մոտ: Գրկիր ու քնիր նրանց հետ: Կխանդեմ: Սարսափելի կխանդեմ: Ստոր: Բայց, միևնույն է, գնա: Իսկ ես կասեմ՝ մեռած, թե ողջ, դու իմ երես առած աղջիկն ես: Իմն ես: Իմ փնթին ես: Ու սերմս թաղման թափորի պես կհետևի քեզ: Հողի մեջ կգտնի քեզ: Բառերի հոսքը կտրուկ կտրվեց: Գրեգն անսպասելի գրկեց ինձ:
Հաննան լռեց ու հայացքը փախցրեց հատակին: Հատակին միջատ էր վազում: Միջատը մոտենում էր Արսինեի ոտքերին: Արսինեի ոտքի մատները շարժվեցին մեջքի վրա պառկած բզեզի ոտքերի պես: Միջատը ծածկվեց նրա կրունկների հետևը: Տուն մտնելիս Արսինեն հանել էր կոշիկներն ու թողել դռան մոտ: Դրանով ցույց տվեց, որ հատակն ավելի շատ իրենն է, քան մյուս երկուսինը, մտածեց Հաննան, ու դա արեց հենց սկզբից, իր անունն ասելուց առաջ, իր ոտնահետքերը թողնելով մանրահատակին: Ճիշտ կատվի պես, որ միզելով նշում-սեփականացնում է իր հավանած տեղը:
Սենյակի անկյունից կաթի առվակը ծուլորեն շարժվում էր առաջ, հետզհետե լայնանում, շրջանցելով կանանց ոտքերը՝ ջնջում հատակը: Հաննան այլևս չէր խոսում: Երևի վախենում էր, որ կանայք կմտածեն, թե ջանքեր է թափում նրանց համոզելու համար: Թեև դրա համար էլ հավաքվել են այստեղ: Բայց ինչ-որ բան խանգարում էր ներսից, ինչ-որ բան մնում էր ներսում, ինչ-որ բան անչափ լուռ էր ու մաքուր՝ բառեր դառնալու ու օդը շարժելու համար: Ու Հաննային թվում էր, թե լուռ ու մաքուր, դա շարունակվում էր դրսում, հատակին, կաթի տեսքով, մաքրում էր ու ջնջում:
-Թվում էր՝ Գրեգի մեջ մի աստված է ապրում, որը երբեք թույլ չի տա նրան մեռնել,- ասաց Մերին ու պատկերացրեց, թե ինչպես Գրեգի մահը մտավ բոլորի մեջ, ինչպես լցվեց նրանց շնչառության մեջ, ու ինչպես հետո մոռացան նրան, ինչպես հետո հիշեցին ու կրկին մոռացան նրան: -Կարծում էի՝ նա մորս պես անմահ է,- ասաց Մերին ու հիշեց այն օրը, երբ ուզում էր ինքնասպան լինել: Փքված երակներով ձեռքերը դողում էին: Ձեռքերով ամուր սեղմել էր դանակի կոթը, երդվում ու համոզում էր, որ կկտրի երակը: Երդվում էր բոլոր հնարավոր աստվածներով: Իսկ Գրեգը պատին հենված հանգիստ ծխում էր, գրողը տանի նրան, նա այդ պահին բոլոր աստվածների պես հանգիստ էր ու համր: Բայց հանկարծ ցատկեց իր մոտ: Տեսնելով նրա աչքերի զայրույթը, դանակը ձեռքից իսկույն գցեց: Ու երևի կշարունակեր նայել նրա աչքերին այնքան, մինչև զայրույթը մարեր, բայց նա քարշ տվեց նրան ննջասենյակ, պատռեց շորերն ու շպրտեց անկողնուն: Հետո պառկեց կողքը, մազերը շոյելով ու կոպերը համբուրելով՝ շշնջաց՝ դու միշտ էլ կհասցնես մեռնել, ու ինչո՞ւ մեռնես հենց այսօր, եթե կարող ես մեռնել հետո:
-Ասում էր, որ գրելով կրակում է ինքն իրեն,- ասաց Արսինեն ու առաջին անգամ սկսեց մտածել, թե ինչու էր Գրեգը գրում, եթե ոչ ոք չէր կարդում նրան, եթե չկար մեկը, ով կիսեր նրա ինքնասպանությունը, եթե բոլորը նրան համարում էին այնքան մենակ, որ խուսափում էին անգամ նրա բառերից: Երևի դա իրոք փախուստ էր նրա համար: Կամ փրկություն: Ու նրան կարդալիս՝ Արսինեն ամեն անգամ ճիշտ նույնն էր զգում, ինչ Gloomy Sunday-ն լսելիս. հետզհետե սրանում էր ինքնասպանության ցանկությունը, ու ավելի պարզ էր տեսնում այն բոլոր տղաներին ու աղջիկներին, որոնք երգի ազդեցությունից ինքնասպան էին լինում՝ երամ-երամ գցվելով պատուհաններից ու կամուրջներից՝ անվերարկու ու անգլխարկ, անթև ու թևերով, ու միշտ բաց աչքերով, սարսափելի բաց աչքերով ու սարսափելի հանգիստ ու նույնքան սարսափելի պայծառ՝ չնայած կիրակին իրոք մռայլ էր, այնքան մռայլ, որ թվում էր՝ այսուհետ շաբաթվա բոլոր օրերը կիրակիներ են լինելու:
-Նա ցինիկ էր,- ասաց Արսինեն,- ու շատերն էին այդպես մտածում, որովհետև երբեք չէր զսպում իրեն:
-Նա ուղղակի անտաղանդ էր,- Հաննան զգաց Մերիի հայացքը, աչքերը հատակից բարձրացրեց ու նայեց նրան:
-Ովքեր սիրում էին նրան՝ այդպես չէին մտածում,- Մերին իսկույն զղջաց ասածի համար:
-Ուրեմն ի՞նչ, ես չէի՞ սիրում նրան,- հարցրեց Հաննան ու իսկույն զղջաց հարցի համար:
Սկզբում ամեն ինչ շատ հեշտ թվաց: Արսինեն նույնիսկ մտածում էր միանգամից պայմանավորվել կանանց հետ, իսկ հիմա չէր կարողանում պարզ ու հասարակ բառեր գտնել, որոնք պիտի հնչեին ընդամենը մի անգամ, որից հետո կբաժանվեին ու այլևս երբեք չէին հանդիպի իրար: Մտքում ընտրում էր բառերը, շարում էր կողք-կողքի, կարում ու կարկատում, բայց կանանց հայացքներից՝ բառերն առանձնանում էին իրարից, թրջված մրջյունների պես կծկվում էին:
-Ինքն էլ չէր հավանում իր գործերը,- ասաց Հաննան,- երբեմն կարդում էր ու ասում՝ սրա մերը, էս գրելիս խելքս լրիվ թռցրել էի:
Դու նրանց չես խաբի, ասաց Գրեգը, գլորեց բաժակն ու մոտ քաշեց վիսկու շիշը: Քեզ թվում է, թե բառերով կխաբես նրանց: Ինչքան բառ ուզում ես լցրու, ճխտի նրանց աչքերի մեջ: Նրանք, միևնույն է, չեն հավատա քեզ: Կկուրանան ու չեն հավատա: Նրանք բառերդ կուլ կտան, կմարսեն ու կմտնեն զուգարան: Իսկ քեզ կթվա՝ գլուխգործոց ես գրել, կմտնես մի կեղտոտ փաբ ու կտոնես, մինչև լուսաբաց կայֆեր կանես, բայց չես իմանա, որ գլուխգործոցդ այդ պահին քաքի հետ միասին լող է տալիս ինչ-որ փտած խողովակներում: Փռթկաց: Շիշը դրեց շուրթերին ու մեծ-մեծ կումերով քաշեց պարունակությունը: Վեր կացավ ու սկսեց պարել բալկանյան ռիթմերի տակ: Պարեց մինչև ուժասպառ լինելը: Հետո կանգ առավ, տեղում ճոճվելով՝ նայեց շուրջը, բռնվեց պատահական սեղանից, բռնեց պատահական կնոջ հայացքն ու ասաց՝ տիկին, արի գնանք շռենք բոլոր գլուխգործոցների գլխին:
-Խմե՞նք,- Արսինեն մատնացույց արեց բուխարու վրա դրված վիսկու շիշը:
-Նա լքեց ինձ,- ասաց Հաննան՝ վերցնելով վիսկու շիշը:
-Ես սիրում էի նրան,- անսպասելի հեծկլտաց Մերին:
Արսինեն լցրեց բաժակները, իսկ Հաննան ծխախոտ կպցրեց:
-Նա ինձ էլ է թողել: Բայց միշտ վախենում էր, որ մի օր կլքեմ նրան: Երբեք չմոռանաս ինձ, ասում էր նա,- Մերին մի կում արեց,- նա երևի տեսնում էր իմ հեռանալն ու հիանում: Հիանում էր ու վախենում: Երևի ես աներևակայելի սիրուն էի հեռանալիս: Երևի թեթևություն էի զգում՝ ամեն քայլով նրանից հեռանալիս: Երևի ընդամենը մի անգամ շրջվեցի ու ժպտացի նրան: Երևի այդ պահին միայն հասկացա, որ նա կարող է նաև թույլ լինել, բոլոր աստվածների պես: Երևի զգեստս հանեցի ու թողեցի ճանապարհին: Երևի նա ավելի խոցվեց իրենից հեռացող իմ մերկությունից: Երևի նրան ավելի շատ ցավ պատճառեց, որ ես հեռանում էի նորից ծնվելու համար: Երևի նա կգրկեր զգեստս, ինչպես իմ դիակը կգրկեր, ու համբուրելիս նույն սառնությունը կզգար, ու կփնտրեր ինձ զգեստիս մեջ, ինձ՝ զգեստիս մեջ փոքրացած, միջատի, միկրոբի չափ փոքրացած: Իսկ եթե ես լքեմ քեզ, ասում էր նա, որոշ ժամանակ շարունակիր սիրել ինձ, հետո ուղղակի հիշիր, միշտ հիշիր ինձ, անընդհատ: Նա բառերը մեխում էր ճակատիս: Ու ցավը մեղմելու համար համբուրում էր մեխած տեղերը: Բայց երբեք չլքես ինձ առանց հրաժեշտի: Ես ուզում եմ տեսնել, թե ոնց ես հեռանում: Ես պիտի տեսնեմ, համոզվեմ, որ մեջքիդ վրա զգում ես դեպի քեզ ձգվող ցավս, մարմնիցս պոկված, դեպի քեզ վազող ոտքերս, որոնք միշտ էլ դեպի քեզ են քայլել ու որոնց վրա այդքան սիրում ես գլուխդ դնել: Իսկ եթե ես լքեմ քեզ, ասացի նրան, ինձ պահիր մարմնիդ վրա, մազերիդ մեջ, ամենուր, ամեն անգամ լողանալիս մերկացրու ինձ, մերկացրու ինձ քո հետ միասին, արթնացրու ինձ բջիջներիդ մեջ, Գրեգ, Գրեգ, Գրեգս, դու էլ չես մոռանա ինձ, չէ՞, ուրիշների հետ քնելիս էլ կհիշե՞ս ինձ, չէ՞, կմերկացնե՞ս ինձ նրանց հետ միասին, կցրե՞ս ինձ նրանց մեջ, կխանդեմ, ախմախ, բայց միշտ հիշիր կուրծքս, կուրծքս քեզ սփոփել է, պահել է, սիրել է, դու չես մոռանալու նրան, ինչպես չես մոռանա մորդ, որի կուրծքը ծծել ես կաթի համար, բկլիկ, իսկ իմս համբուրել ես, ծամել ես, իմիս վրա քնել ես ու այնքան ես սիրել կուրծքս, որ նույնիսկ խանդել եմ նրան:
-Երբ մայրը մահացավ, Գրեգը գրականության դասախոս էր,- ասաց Հաննան, ու Արսինեն հասկացավ, որ Հաննան այլևս չի ուզում լսել Մերիին, որովհետև Մերիի բառերի ներսում Գրեգը սառը քանդակի էր նման: Դրա համար էլ հիշատակեց մորը, որին երբեք չէր հիշել ու չէր էլ հիշի: Երբ Գրեգը լսարան մտավ, ներողություն խնդրեց ուսանողներից նախորդ դասից բացակայելու համար: Մայրս մահացավ, ասաց նա ու լռեց: Ու չշարժվեց տեղից: Ուսանողները լուռ նայում էին նրան. նրանցից յուրաքանչյուրը սպասում էր, որ իրենցից մեկն առաջինը կցավակցի դասախոսին, ու մյուսներն էլ կհետևեն նրան: Բայց այդ մեկը լուռ էր, ու բոլորը լուռ էին: Գրեգին թվաց, թե այդ պահին առաջին անգամ տեսավ մոր մահը, մոր մահը թափանցեց իր մեջ, ու ինքը որբացավ: Ձեռքերը տարավ գրպանները, ուր պատսպարվել էր մայրը, մատները շարժեց գրպաններում, որ մայրը կծի մատն ու ուշքի բերի իրեն:
Արսինեն դատարկեց վիսկու բաժակն ու սկսեց քայլել սենյակում, որտեղ ամեն ինչ այնքան հին էր, որ ժամանակն անգամ հնացած էր թվում: Եկեք պայմանավորվենք, որ շուտ գնանք այստեղից, հանկարծ ասաց նա ու զգաց, որ անհաջող բառեր է ընտրել, որոնք իսկույն խորտակվելու էին կանանց ունկերում: Այնպես էին փշրվելու ու կորչելու, կարծես երբեք էլ չէին հնչել: Գրեգի ուզածը դա չէր, ասաց Մերին ու իսկույն զգաց, որ նրանք ոչ մի դեպքում չեն հավատա, որ իր համար միևնույն չեն Գրեգի ցանկությունները: Մյուս կողմից էլ, Գրեգը չկա ու երբեք էլ չի իմանա այդ մասին: Թեկուզ իմանա, միևնույն է, ոչինչ անել չի կարողանա, միայն հոգին անհանգիստ կթափառի ինչ-որ անհասկանալի տեղերում, կճռճռա անպետք դռան պես, տերևի պես կսրթսրթա, շան պես կկաղկանձի ու շան պես էլ կլռի՝ ինքը՝ տկլոր ու քնձռոտ, տկլոր ու քնձռոտ ոսկոր էլ լպստելով: Ու կզղջա, անպայման կզղջա շանորդին, որը եթե ծներ՝ իր նման շներ էր ծնելու, թուլեք, լակոտներ, կզղջա, որ վերջում հիշեց նրանց՝ իր սևահեր կանանց, նրանց հանեց փոշու միջից, թափ տվեց ու հավաքեց իր նման հին ու հիվանդ մի տեղ ու ստիպեց նրանց խոսել իր մասին, պահանջեց նրանցից, որ հավատացնեն իրար, որ սիրել են իրեն, միայն այդ դեպքում նրանք կստանան իր կարողությունը, ու եթե նրանցից թեկուզ մեկը կասկածի, չհավատա մյուսին, նրանցից ոչ մեկը գրոշ անգամ չի ստանա իրենից: Այդպիսին էր կամքը անթագ թագավորի, որը մեռավ անթագ, անշուն ու անսեր: Մերին աչքերը թաքցրեց ափերի մեջ:
-Մի բան էլ դու պատմիր ձեր մասին,- ասաց Հաննան Արսինեին ու լցրեց վիսկու բաժակները: Արսինեն շրջվեց ու նայեց նրան, խոցված ու երկար: Կոկորդի երակները փքվեցին:
-Չմեղադրեք ինձ, որ անտանելի է ինձ համար գտնվել այս տանը, որտեղ ամիսներով փակել են ինձ ու նրան:
Երբ Արսինեն բացեց աչքերը, տեսավ հատակին կուչ եկած Գրեգին ու վեր թռավ: Գրեգին թվաց՝ նա կմոտենա իրեն, փափուկ ափերը իր վերնաշապիկից կսահեցնի ներս ու մեջքի վրա կտարածի մատների ջերմությունը: Մաշկի տակ կզգա նրա մատների, կրծքերի ու լեզվի փափկությունը: Բայց նա մոտեցավ պատուհանին ու նստեց գոգի տակ՝ հենց հատակին ու գրկեց ծնկները: Ինձ առևանգել են, ասաց նա: Ինձ էլ են առևանգել, ասաց Արսինեն ու դունչը հպելով ծնկներին՝ լռեց: Երբ այստեղից փախչենք, ինձ վարդեր նվիրիր, ասաց նա, ես վարդերը կդնեմ ջրի մեջ, իսկ առավոտյան նրանց կգտնենք գլխիկոր: Ամբողջ օրը մենք կխոսենք նրանց մասին, կփորձենք հասկանալ, թե ինչու այդքան շուտ թոշնեցին: Ու վերջապես կհիշենք, որ պոչերը չենք կտրել: Դու կկտրես վարդերի պոչերը: Ես ջուրը կփոխեմ: Գլխիկներին ջուր կցանենք: Կդնենք ջրի մեջ: Կթվա, թե հարություն են առնում: Երբ փախչենք այստեղից, շարունակեց Գրեգը, կրակի վրա թեյնիկ կդնես, իսկ ինձ կուղարկես թեյ առնելու: Ես կգամ քո ուզած վարդերով: Մենք վարդերը կդնենք ջրի մեջ: Հետո կթեյենք: Լուրեր կլսենք ահաբեկիչների, ջրհեղեղների, Աֆրիկայի ու պատերազմների մասին: Կվայելենք մեր խաղաղությունը թեյի բաժակի մեջ ու կերազենք Աֆրիկայի մասին: Գորգի վրա: Անկողնու մեջ: Լուսաբացին: Պատուհանի մեջ:
-Բայց դու երբեք ինձ վարդեր չես նվիրի, մի օր ասացի նրան: Կնվիրեմ, միայն թե փախչենք այստեղից, պատասխանեց ու նորից ծխախոտ վառեց: Իսկույն հարձակվեցի նրա վրա: Մի ծխի, ծուխը փակում է արյան անոթներդ: Մի օր էլ սեքս անելիս կմեռնես, ու ինձ կդատեն:
Արսինեն վիսկու բաժակը հպել էր դնչին ու ծիծաղում էր: Մերին ու Հաննան նույնպես ծիծաղեցին:
-Նա այնքան ծիծաղելի էր դառնում, երբ հիվանդանում էր,- ասաց Հաննան, ու բոլորը փռթկացին:
-Վեր էր կենում անկողնուց, կանգնում դռան մեջ ու շրթունքը կախ, շան աչքերով նայում էր ինձ, սպասում էր, որ մոտենամ ու սփոփեմ իրեն:
-Ու երբ նման պահերին բանի տեղ չէի դնում նրան,- ընդհատեց Հաննան Մերիին ու մի շնչով դատարկեց բաժակը,- տխուր-տխուր նորից պառկում էր ու սկսում տնքալ, որ ուշադրություն դարձնեմ իրեն, իսկ եթե հանկարծ սխալվեի ու մոտենայի, ձեռքերը աջ ու ձախ թափահարելով՝ կգոռար, որ ոչ ոք չի սիրում իրեն, ու բոլորը հեռանում են իրենից, որ լրիվ մենակ է, ինչպես մուկը՝ դաշտում: Հեռացեք, ես ձերը մերը, բայց մի օր հարստանալու եմ ու ձեր բոլորի լավը… ախ… ձեր բոլորի մոր… ախ, երիկամներս… ձեր բոլորի տիրոջ մերը… ախ, երիկամներս ցավում են, սիրելիս, ջուր բեր, խնդրում եմ, կամ հյութ, կամ պաղպաղակ, մի բան բեր, սիրելիս, ինչ ուզում ես բեր, միայն թե մի բան բեր ու միայն թե չլքես ծերուկիդ, երբեք, երբեք չլքես, մնա մոտս, չգնաս, մնա, տուր մատդ դնեմ բերանս, որ չկարողանաս փախչել ինձնից, մնա, որ լավանամ, որ նորից սեքս անենք, որ նորից կռվենք իրար հետ, չէ, ես այլևս չեմ գոռա քեզ վրա, չեմ կռվի, միայն դու գոռա վրաս, դու կռվի հետս, հա, ստոր եմ, գիտեմ, սիրելիս, ստոր եմ, բայց հիմա մի կռվիր հետս, հետո, երբ լավանամ, երբ կկարողանամ պաշտպանվել քեզնից… ախ, երիկամներս, սիրելիս, չէ, պաշտպանվել չի նշանակում կռվել, չէ, ասի չէ, գնա, գլուխս տարար, հեռացիր, վերջ, ռադդ քաշիր, վիրուս ես, քեզնից եմ վարակվել, դու վարակիչ կին ես, միկրոբ ես, անպատկառ կին ես, այլասերված միկրոբ ես, գնա, հեռացիր, միևնույն է, ոչ ոք չի սիրելու քեզ, միևնույն է, միայն ես կարող եմ սիրել քեզ, միայն ես, սիրելիս, Հաննաս, ջուր բեր ծերուկիդ, մեռնում եմ:
-Մի բան արա, Մերի, վատ եմ, շտապ օգնություն կանչիր, մորս զանգիր, մի բան արա, միայն մի կանգնիր ու մի նայիր այդպես, ոնց որ կույս լինես, որն առաջին անգամ տկլոր տղամարդ է տեսնում, գրողը տանի, շուտ, մեռնում եմ, զանգո՞ւմ ես, մո՞րս, ասա թող խնձորով թխվածք բերի, շուտ արա, Մերի, մեռնում եմ: Վերջ: Մեռա: Ես այլևս չկամ: Մեռած եմ: Թաղիր ինձ: Կամ մի թաղիր: Ոնց ուզես: Հիմա ինձ համար ամեն ինչ մեկ է:
Երբ Գրեգի դագաղը իջեցնում էին հողը, նրանք այնտեղ էին. մատնված լրտեսների պես սսկված ու լքված ագռավների պես հանդուգն: Հաննան ծխախոտ կպցրեց: Արսինեն բռով հող շպրտեց դագաղին: Մերին անսպասելի ծիծաղեց: Ծիծաղը վարակեց մյուս երկուսին էլ: Իսկ մարդիկ մտածում էին՝ կանայք մեղք են գործում: Իսկ կանայք մտածում էին, որ իրենք արդեն վաղուց գործել են մեղքը, որ մեղք գործելը պարտքը տալու պես մի բան է, որ մեղքից հետո ես միայն սկսում ապրել, ու ապրում ես մաքուր ու ազատ, բոլորից հեռու, բոլոր մեղքերից ու մահերից հեռու: Մարդիկ սկսեցին հող շպրտել դագաղին: Թվում էր՝ թքում են: Թվում էր՝ ծածկում են կանանց խայտառակ ծիծաղը, խլացնում են Գրեգին, թաքցնում են աշխարհը, կուրացնում են մահը: Բայց Գրեգը ինքն էլ էր ծիծաղում ներքևից, ներսից, տակից, բոլոր հնարավոր ծակուծուկերից: Ու լսում էին միայն նրանք՝ իր սևահեր կանայք: Գրեգն այսպես երբեմն ծիծաղում էր նաև օրգազմից անմիջապես հետո՝ անզուսպ ու կայֆի տակ: Ու դա գիտեին միայն իր սևահեր կանայք: Իսկ հիմա ծիծաղում էին չորսով: Այսպես մեռելի շուրջ հավաքված ծիծաղում էին նաև հին իռլանդացիները, ծխում էին ու քթախոտ քաշում, երգում էին ու խմում: Ու նրանց պես այս մարդիկ նույնպես հիշում էին մեռելին. փորփրում, քրքրում էին Գրեգին ու զսպում ծիծաղը: Բայց հետո ընդմիշտ կմոռանան նրան, նրա անունն էլ չեն հիշի, միայն գիշերը կարթնանան պատուհաններից այն կողմ լսվող ծիծաղից ու կծպտվեն վերմակի տակ, ու լավ կզգան իրենց, որ պատուհանները փակ են, դռները փակ են, որ իրենք վերմակի տակ են, որ իրենք էլ են փակ ու համր: Հիմա էլ են իրենց լավ զգում՝ դագաղը հողն իջեցնելիս, հող շպրտելիս, երբ գիտեն, որ շուտով տուն են գնալու, եղունգներն ու կոշիկները մաքրելու են հողից, սուրճ ու կոնյակ են խմելու, շոկոլադ են ուտելու, այնքան են լիզելու շուրթերը՝ մինչև համը կորի, հեռուստացույց են միացնելու, գիրք են կարդալու, ու չեն քնելու՝ մինչև օրը կորցնի իր համը, ու հենց կորցնի՝ քուն են մտնելու՝ համով, ապահով ու ժամանակավոր:
-Իսկ ո՞վ էր ձեզ առևանգել,- քիչ անց հարցրեց Հաննան Արսինեին ու ծխախոտ վառեց:
-Չգիտեմ,- պատասխանեց Արսինեն ու կուչ եկավ պատուհանի գոգի տակ: Արի կողքս նստիր, ասաց Արսինեն: Գրեգը աչքը չէր կտրում սեղանի վրա վազող մրջյունից: Արի մոտս, չե՞ս լսում: Չեմ դիմանում այստեղ, պատասխանեց Գրեգը: Ձանձրացա՞ր ինձնից: Պատերից դուրս էլ եմ ուզում քո հետ լինել: Իսկ ես չեմ ուզում կիսել քեզ դրսի հետ: Չփախչենք, խնդրում եմ: Դրսում էլ երջանիկ կլինենք, ասաց Գրեգը: Դուրս չկա, գոռաց Արսինեն, չկա ոչ մի դուրս, դրսում կան միայն նրանք, իսկ մենք ներսում ենք, այստեղ, փախչե՞լ ես ուզում, անպայման չի փախչենք, մենք կարող ենք ուղղակի գնալ, շատ հանգիստ գնալ: Արսինեն քայլեց դեպի դուռը, բացեց ու դուրս վազեց: Կրակեք, կրակեք, ես փախչում եմ, մենք գնում ենք, կրակեք: Գրեգը հասավ հետևից: Ի՞նչ ես անում: Բա որ կրակե՞ն: Թող, թող, թող: Ասում եմ՝ ներս մտի, գոռում էր Գրեգը: Մենք փախչում ենք: Մենք փախչում ենք: Արսինեն ընկավ ծնկների վրա՝ կախվելով Գրեգի անդրավարտիքից: Թող ինձ: Թույլ տուր գնամ: Ես փախչում եմ: Փախչում եմ քեզնից: Ես թողնում եմ քեզ: Մենակ մնա: Կկարոտե՞ս ինձ, կկարոտե՞ս: Ես կդառնամ քո հինգերորդ պատը, ու որ կողմ էլ շրջվես միշտ կբախվես նրան: Գրեգը նրան քարշ տվեց տուն: Փոշու մեջ կորած Արսինեն թավալվեց հատակին: Գրեգը նստեց նրանից քիչ հեռու, ու գլուխն առավ ձեռնափերի մեջ: Արսինեն սողալով մոտեցավ նրան, հոտոտեց ու քթով հրմշտեց նրա ծնկները, հետո գլուխը դրեց նրա գոգին ու ասաց՝ Գրեգ Երկարամազ, վաղ, թե ուշ դու կլքես ինձ ու կմոռանաս, բայց մի օր անպայման կհիշես ինձ ու էդպես էլ չես հասկանա, թե ինչու:
-Մի ժամանակ ես ատում էի նրան,- ժպտաց Հաննան ու կրկին լցրեց բաժակները:
-Ատո՞ւմ… դու սիրում էիր նրան, մենք սիրում էինք նրան, ես հավատում եմ, որ դուք սիրում էիք նրան, դուք էլ հավատում եք, որ ես էլ էի սիրում նրան… մենք չէինք ատում նրան…- Մերին գլխապտույտ զգաց ու հենվեց բուխարուն,- մենք սիրում էինք նրան, սիրում էինք նրան ու հավատում ենք մեկը մյուսիս, որ սիրում էինք նրան, հիմա կարող ենք նրա փողերը կիսել, ուտել, վառել կամ դեն թափել, բայց մենք սիրում էինք նրան…
-Ձայնդ կտրիր,- գոռաց Արսինեն սեղմած ատամների միջից,- ասա թող ձայնը կտրի, ասա այդ հիմարին ձայնը կտրի…
-Ես հիմար չեմ, հիմարը դու ես, Հաննան, Գրեգը, իսկ ես հիմար չեմ,- Մերիի ձայնը գնալով բարակում էր ու նվաղում: Արսինեն հարձակվեց նրա վրա ու բռնեց կոկորդից:
-Դո՞ւ էիր սիրում նրան, դո՞ւ, նա քեզ էլ է լքել, նա բոլորին էր լքում, նա բոլորից պահանջում էր չհեռանալ իրենից, որ հետո ինքը հեռանար, որովհետև ցինիկ էր, ու դու սիրո՞ւմ էիր նրան, դո՞ւ, դու այնքան անշնորհք ես, որ խմել էլ չես կարողանում, մի կումից հետո արդեն ցնդում ես, ու դու կարող ես սիրե՞լ:
Մերիի դեմքը կարմրել էր: Հաննան հազիվ պոկեց Արսինեին ու գրկեց Մերիին:
-Այդ ես եմ հեռացել նրանից… ես… ես եմ թողել նրան, իսկ դու չար կին ես, Գրեգը քեզ այդպես էլ մի վարդ չնվիրեց, դրա համար էլ… դրա համար էլ…- Մերին արտասվում էր: Հետո հանկարծ հրեց Հաննային ու գոռաց. -Իսկ դու չէիր սիրում նրան, նա քեզ նվաստացնում էր, անպատվում էր, դրա համար էլ չէիր սիրում նրան, դրա համար էլ քեզ թողեց ու գնաց:
Մերին կուչ եկավ բուխարու մոտ: Արսինեն մեծ-մեծ կումերով խմում էր վիսկին ու ծխում: Հաննան ժպտում էր: Մի ժամանակ իրոք ատում էր Գրեգին: Նրա հարցազրույցն էր տեսել: Նա բոլորին փնովում էր, ոչնչացնում էր: Հաննան երբեք չներեց նրան, որ իր սիրած գիրքն էլ քննադատեց: Ավելի շուտ անպատվեց ու չարախոսեց: Այնքան անտաղանդ էր, որ չէր կարողանում մաքուր ու մերկ բառերով գրոհել: Հատուկ բերել էր գիրքը, որ բոլորի աչքի առաջ պատռի: Ու լպիրշ ժպիտը դեմքին՝ պատռեց՝ թերթերը մեկ առ մեկ փռելով հատակին, ինչպես թիկունքից կրակած զինվորների: Միանգամից ատեց նրան: Բայց մի օր նրան նորից տեսավ հեռուստացույցով ու նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է նրա մեջ, ինչ-որ բան պակասել էր կամ ավելացել, հուսահատ էր թվում: Հաննան խղճաց նրան: Սկսեց փնտրել նրան: Ու հենց հանդիպեց նրան, ասաց՝ ես Ձեզ սիրում եմ: Նա ժպտաց, ուսի վրայից ինչ-որ բան թափ տվեց ու պատասխանեց՝ ուրեմն ես փրկված եմ:
Հաննան նստեց դաշնամուրի մոտ, սեղմեց պատահական ստեղները, որոնց արձակած հնչյունները երկար սպասումից հետո նման էին հաչոցի, հետո հանդարտվեցին, լռեցին ու շան պես քսվեցին մատներին: Ու Հաննան սկսեց նվագել:
-Նա ինձ էլ է թողել,- ասաց Մերին ու մոտեցավ Արսինեին: Ծնկաչոք նստեց նրա ոտքերի մոտ, նայեց նրա աչքերին ու անսպասելի մերկացրեց կուրծքը: Արսինեն լուռ նայեց նրա կրծքին, անհամարձակ մոտեցրեց մատները, մի պահ հապաղեց, հետո հպվեց պտուկներին, շոյեց, զգույշ շոյեց, հետո ստինքներից մեկն առավ ափի մեջ, սեղմեց, հետո մոտ բերեց Մերիի գլուխն ու սկսեց հյուսել մազերը:
-Մեզ չէին առևանգել,- ասաց Արսինեն,- առաջինը ես էի գտել այս լքված տունը: Հետո Գրեգը գտավ: Ու ինչքան փակվում էինք դրսի դեմ, այդքան էլ փակվում էինք միմյանց համար: Նա լքեց ինձ: Ես էլ լքեցի տունը: Դրսում ոչ մի բան չէր փոխվել: Միայն օդը դրսում շատ թվաց: Ամեն ինչ սարսափելի նույնն էր: Նույնիսկ՝ ես ինքս:
Այդ օրը Գրեգը սովորականի պես տնից դուրս եկավ, բայց հենց դուռը ծածկեց հետևից, Մերին զգաց, որ նա այլևս չի վերադառնալու: Սկսեց եփել նրա սիրած ճաշը: Այդ պահին ուզեց, որ տնից դուրս գալուց հետո՝ նա մեռնի: Թվում էր, թե դրանով միայն կարդարացվի նրա հեռացումը: Եթե կատվի պես տնից հեռանա ինչ-որ տեղ սատկելու համար, միայն այդ դեպքում կկարողանա ներել նրան: Ուզում էր, որ հանկարծ ընկներ մայթին, մի քանի անգամ թարթեր աչքերը՝ երկինքը տեսնելու համար, բայց չտեսներ, չտեսներ այն, ինչ այդքան սիրում էր, ագահորեն բացեր-փակեր բերանը՝ երկինքը կուլ տալու համար ու սարսափեր այն մտքից, որ երկինքը իրեն չի ընդունում իր մոտ, հետո զգար գլխին հավաքված օտար մարդկանց հպումներն ու շնչառությունը, դրանց մեջ փնտրեր նրան, փնտրեր այն, ինչ այդքան սիրում էր ու պատկերացներ նրան իր սիրած ճաշը եփելիս ու սարսափեր այն մտքից, որ մեռնում է օտար մարդկանց ձեռքերում:
-Կտուրից ընկավ,- ասաց Հաննան՝ չընդհատելով նվագը,- հարբած բարձրացել էր երկնաքերի կտուրը, որ գրկի երկինքը, ու ցած ընկավ:
Մերին գլուխը դրեց Արսինեի ծնկներին: Տեսնես նրանցից ո՞ւմ հիշեց ընկնելիս: Երևի կարծում էր՝ ընկնում է ուղիղ երկնքի կոկորդը: Երևի ժպտում էր, մտածելով, որ երկինքը ցած է իջել՝ իրեն կուլ տալու համար: Երևի այնքան հարբած էր, որ մտածում էր՝ ճիշտ ժամանակին է հեռանում: Երկինքը կլանում էր նրան, ու նա չէր ուզում ու չէր կարող դիմադրել: Երևի վերջին անգամ էլ հայհոյեց: Երևի հայհոյանքն էլ կիսատ թողեց, որովհետև զգաց, որ ոչ մի բանի համար չի զղջում, որովհետև, միևնույն է, արդեն սարսափելի մոտ է գետնին:
Մթնում էր ու անձրևում: Կանայք կրակ վառեցին ու կողք-կողքի նստեցին բուխարու առջև, մի ծածկոցով փաթաթված: Նրանք լուռ նայում էին ճրթճրթացող կրակին: Ու երեքն էլ հիշում էին այն պահը, երբ հեռանում էին Գրեգից: Ու նրա վերջին հայացքը: Նրա հայացքը բաց էր թողնում նրանց: Նրա հայացքը թույլ էր տալիս նրանց հեռանալ: Նրա հայացքը այլևս երբեք չէր սպասելու, բայց երբեք էլ չէր լքելու նրանց:
-Գրողը քեզ տանի, Գրեգ,- ասաց Հաննան,-այդպես էլ Ջոյս չդառար:
-Որովհետև դմբո էիր,- ասաց Մերին:
-Դմբո, դմբո Ջոյս,- շշնջաց Արսինեն:
Սիրուն ա, սարսափելի։