Դիմելու ձևի խնդիրը հայ պատմավեպերում
Գաղտնիք չէ, որ քաղաքավարական դուք դիմելաձևը հայոց լեզվում բավականին երիտասարդ երևույթ է: Այսօրվա տեսանկյունից սովորական է անծանոթին կամ տիտղոսավորին դիմելիս երկրորդ դեմք եզակի թվի փոխարեն կիրառել հոգնակի թվով դերանուն և, բնականաբար, դրան համապատասխան բայական վերջավորություն:
Երևույթն այսօր աշխարհում այնքան տարածված է, որ եվրոպական որոշ լեզուներում, օրինակ, անգլերենում ընդհանրապես վերացած է եզակի երկրորդ դեմքը, և բոլոր պարագաներում երկրորդ դեմքը գործածվում է միայն հոգնակիի կազմությամբ (մեծատառ կամ փոքրատառ գրությամբ), բացառություն է միայն Աստծուն ուղղված խոսքը: «Հին հայերը, հույները և հռոմայեցիք նման սովորություն չունեին. ամեն աստիճանի մարդկանց, առանց խտրության ասում էին դու. նույնիսկ կայսրերին և աստվածներին»[1],-գրում է Հ. Աճառյանը: Դուք դիմելաձևը եվրոպայից Ռուսաստան և Ռուսաստանից էլ Հայաստան է մտել 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին: Այս է պատճառը, որ հայ գրականության բոլոր այն պատմավեպերում, որտեղ նկարագրվում են 18-րդ դարից առաջ ընկած դեպքեր, որպես օրինաչափություն, բոլոր կերպարները՝ լինեն տեր թե ծառա, մտերիմ կամ անծանոթ, խոսելիս միմյանց դիմում են դու-ով: Չունենալով դուք դիմելաձևը՝ պատմավեպի հեղինակներն օգտագործում են լեզվական այլ միջոցներ՝ լրացնելու հարաբերություններում գերադասի և ստորադասի դերերը:
Այս տեսանկյունից, թերևս, հետաքրքիր է դիտարկել Րաֆֆու օրինակը: Րաֆֆու պատմական թեմաներով ստեղծագործությունները երեքն են՝ «Դավիթ Բեկ» (1882), «Պարույր Հայկազն» (1884) և «Սամվել» (1886-ից սկսած): Առաջին երկու գործերում («Դավիթ Բեկ» և «Պարույր Հայկազն») կերպարները միմյանց հետ խոսելիս կիրառում են քաղաքավարական դուք դիմելաձևը. «-Պարո՛ւյր,-գոչեց նա,-ձեր[2] մեջ սառել է հայրենական արյունը, դուք մեր հայրենիքի համար կորած մարդ եք»[3], «Այդ իրավացի կլիներ, եթե հարցը ձեր անձին կամ ձեր մասնավոր շահերին վերաբերեր»[4]: Քաղաքավարական դիմելաձևերի կառույցը փոխվում է միայն «Սամվելում»: Պատմավեպի առաջին երեք գլուխներում իշխանի՝ Սամվելի հետ զրուցելիս ծառաները նրան դիմում են դուք-ով. «Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տվեց ձեր հորեղբորը, ձեր հայրը հետամուտ եղավ ստանալ հայոց սպարապետությունը»[5] կամ «Ձեզ հայտնի է, տեր իմ, թե որպիսի՛ խաբեությամբ Շապուհ արքան մեր Արշակ թագավորին և ձեր հորեղբորը կանչեց Տիզբոն»[6]: Հետագա շարադրանքում, սակայն՝ սկսած «Մի աղոտ միտք ծագում է նրա մեջ» գլխից, դիմելաձևի այս տեսակը չկա: Այս ամենը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ Րաֆֆին ի սկզբանե նկատի չի ունեցել, որ քաղաքավարական դուք դիմելաձև հին հայերը չեն ունեցել և սովորության համաձայն պատմավեպերի կերպարներին «խոսեցրել» է դուք-ով, իսկ «Սամվելի» առաջին երեք գլուխների հետ կապված տարբերությունը գալիս է նրանից, որ այն թերթոն վեպ է և լույս է տեսել «Մշակում»՝ համարից համար և ոչ թե միանգամից՝ որպես պատրաստի վեպ: Դուք դիմելաձևի կիրառության անախրոնիզմ լինելը Րաֆֆին, թերևս, հասկացել է (հուշել են) գրելու ընթացքում, իսկ հետագայում, երբ գիրքը պատրաստելիս հավաքվել է «Մշակում» եղած նյութը, առաջին երեք գլուխները չեն սրբագրվել:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Րաֆֆու վեպերից ավելի վաղ՝ 1879 թվականին լույս տեսած «Երկունք Թ դարու» վեպում Ծերենցը չի կիրառում քաղաքավարական դուք դիմելաձևը, ասել է թե՝ հեղինակը, ի տարբերություն Րաֆֆու, նախապես գիտեր, որ իններորդ դարում մարդիկ միմյանց հետ չէին կարող դուք-ով խոսել. «Իշխան, դու չես իմացեր, որ մեր Տիկինն, Աստված լուսավորե հոգին, վախճանվեցավ ահա տարի ու կես է»[7] կամ «Տիկին, Աստված քեզ պահե…»[8]
Անծանոթի կամ աստիճանով ավելի բարձրի հետ երկրորդ դեմքով խոսելիս հոգնակիով դիմելը որոշակի տարածություն, հեռավորություն է ստեղծում զրուցակիցների միջև, հետևաբար, եթե դիմելաձևի այս կառույցը հանվում է, պետք է մտածվեն այլ կառույցներ, որոնք կապահովեն այդ տարածությունը, ինչն էլ հետևողականորեն արել են մեր պատմավիպասանները՝ սկսած Րաֆֆուց: Սակայն Րաֆֆին մյուս պատմավիպասանների համեմատ ավելի դժվար է օգտագործում դու ձևը և ծառա-տեր զրույցներում բավականին ճկուն գտնում այդ կառույցին փոխարինելու տարբերակներ այնպիսի այլ կառույցներով, որտեղ կերևա գերադասի և ստորադասի հարաբերությունը: Եվ քանի որ տիրոջը երկրորդ դեմք հոգնակի թվով դիմելու հնարավորություն չկա, ծառաներն արդեն սկսում են շատ հաճախ կամ իրենք իրենց, կամ տիրոջ մասին խոսել երրորդ դեմքով, այս երկու կառույցն էլ բավականին հաճախ կիրառված են Րաֆֆու վեպում: Օրինակ՝ Հուսիկը Սամվելին քեզ ասելու փոխարեն տիրոջ հետ տիրոջ մասին խոսում է երրորդ դեմքով. «Տիկինը հրամայեց հայտնել իմ տիրոջը (քեզ ասելու փոխարեն-Թ. Ղ.), որ շնորհ բերե նրա մոտ»[9]: Մեկ այլ հատվածում ծերունի Արբակն, օրինակ, ինքն իր մասին է խոսում երրորդ դեմքով. «Արբակը (ես-Թ. Ղ.) քեզ ե՞րբ է միայնակ թողել, որ այժմ թողնե»[10], իսկ գյուղացի Մալխասի խոսքում թե՛ իր, թե՛ տիրոջ մասին խոսվում է երրորդ դեմքով. «Քո ծառան (ես-Թ. Ղ.) ահա յուր տիրոջ (քո-Թ. Ղ.) սպասումն է»[11]: Առաջ գնալով Րաֆֆին ստեղծում է ևս մի հետաքրքիր կառույց, որում իր սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսելիս խոսողն ընդգծում է և՛ իր ծառա լինելը, և՛ դիմացինի տեր լինելը. «Իմ տիրոջ ծառան (ես -Թ. Ղ.) կարդալ չգիտե», «Ի՞նչ պիտի անե իմ տիրոջ ծառան», «Իմ տիրոջ ծառան չպիտի՞ իմանա, թե ո՛վ է նա», «Իմ տիրոջ ծառան ամեն ինչ տեղեկացել է, գիտե պարսիկ զորքերի թիվը»[12] և այլն:
Ինչպես արդեն նշվեց, հայ պատմավիպասանները սկսում են հետևողականորեն իրենց պատմավեպերի շարադրանքներից բացառել քաղաքավարական դուք դիմելաձևը: Սեփական անձի և տիրոջ կամ տիրուհու մասին երրորդ դեմքով խոսելու կառույցը նաև Մուրացանի ամենասիրելի ձևերից է, ինչը պարզ երևում է «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում. «Սեդան (ես -Թ. Ղ.) պետք է կույր լինի, որ յուր տիրուհու (քո-Թ. Ղ.) դեմքի մշտական թախիծը և նրա ճակատի տխուր կնճիռները չտեսնե…»[13] կամ «Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի (քո -Թ. Ղ.) հրամանն ու օրհնությունն ստանալու եկա»[14]: Սակայն Մուրացանն ավելի ճկուն է դառնում ուղղակիորեն դու ասելու հետ կապված: Նրա կերպարները հաճախ են իրար եզակի թիվ երկրորդ դեմքով դիմում, բայց դրա հետ մեկտեղ, որպես կանոն, նշում են նաև զրուցակցի տիտղոսը կամ որևէ այլ կոչական, որ ցույց է տալիս նրա դիրքը, օրինակ. «Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես»[15] կամ «Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ, սիրելի թագավոր…»[16]:
Օրինաչափությունը գրեթե նույնությամբ աշխատում է թե՛ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանքնի», թե՛ Ստեփան Զորյանի պատմավեպերի պարագայում. «Դու նույնպես, թագուհի, կարող ես մեկնել զավակներիդ հետ»[17], «Ճշմարիտն եմ ասում քեզ, Սպարապետ, որ եթե ժողովուրդը հայոց չի վկայի բարձրագույն ոգուն՝ ազատությունը նրան չի վկայի»[18]:
Դիմելաձևերի այս օրինաչափությունը նույնությամբ պահպանվեց նաև հետագայում, ընդհուպ մինչև անկախության շրջանում գրված պատմավեպեր, որոնցից շատերը թեև պատմավեպի դասական ձևը թարմացնելու կամ քայքայելու փորձ էին, բայց լեզվական այս հարցում օրինախախտներ գրեթե չեղան: Վարդան Գրիգորյանի պատմավեպերում, օրինակ, հոգնակի երկրորդ դեմքին փոխարինող կառույցի փոխարեն կիրառվում են թե՛ երրորդ դեմքով դիմելու, թե՛ տիտղոսը նշելու ձևերը. «Մեր արքայից արքայի (քո -Թ. Ղ.) թշնամին նաև մեր թշնամին է»[19], «Արքոնտը Սիմեոնին (քեզ-Թ.Ղ) սպասում է պալատում»[20] կամ մյուս տարբերակով՝ «Ինչո՞ւ ես այսքան մարդ հավաքել, Մամիկոնյան իշխան…»[21]: Վիգեն Խեչումյանը ևս հավատարիմ է մնում այս կառույցին. «Դու ասա, ի՞նչ է մտքինդ, իշխան, սաստիկ պաշարվեցինք»[22], «Իշխան Մուշեղ, ելիր ձեռք տանք շինականներին, միակամ դառնանք»[23] Պերճ Զեյթունցյանի նախընտրելի ձևն, օրինակ, թեև եզակի երկրորդ դեմքով, բայց միաժամանակ նաև տիտղոսներով ու պատվանուններով դիմելու ձևն է. «Դու միշտ մայր ես եղել ինձ համար, տիրուհի՛»[24], «Շատ հեշտ ես դատում մարդկանց մասին, պատանի՛ իշխան»[25], «Դու չարաշահում ես քո խելքը, Սյունյա՛ց տեր»[26], «Դու պետք է վաղուց պարտություն կրեիր, հայոց սպարապետ»[27], «Ես արժանի կլինեմ քո պատժին, արքայից արքա»[28], «Ձայնդ տաք տեղից է գալիս, արքայազուն իշխան»[29] և այլն: Ու չնայած այն հանգամանքին, որ այս տեսակի կառույցները գերակշռում են Զեյթունցյանի պատմավեպերում, այնուամենայնիվ այստեղ ևս երբեմն կարելի է հանդիպել սեփական անձի կամ դիմացի անձի մասին երրորդ դեմքով խոսվող կառույցներ. «Իմ սիրտը ավելի ծանոթ է ինձ, քան արքային (քեզ -Թ. Ղ.)»[30], «Եթե հայոց թագուհին (դու-Թ. Ղ.) այսքան գեղեցիկ չլիներ, իմ մեջ ոխ կմնար նրա (քո-Թ. Ղ.) հանդեպ»[31]:
Դիտարկենք անկախության շրջանի մեկ այլ պատմավեպ, որ, փորձելով թարմացնել պատմավեպի ավանդույթը, այնուամենայնիվ պահպանում է լեզվական այս կաղապարները, խոսքը Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» պատմավեպի մասին է: Մի քանի օրինակ էլ դիտարկենք այս պատմավեպից, որտեղ գերակշիռ մաս է կազմում միմյանց տիտղոսներով դիմելու կառույցը. «Ողջույն քեզ, Օգոստոսափառ կայսր Լևոն Արմենիոս»[32], «Բայց իմ սիրտը հանգիստ չէ, տեր իմ և որդի: Իմ ողջ մտահոգությունը դու ես…»[33], «Գնա՛ս բարով, Մեծն Վասիլ, երանելի կայսր համայն Բյուզանդիայի, փառավորդ դարեդար, աննման հիմնադիրդ մեծագույն կայսերական հարստության, Երիցս Երանելի և այլն և այլն և այլն: Քեզ բարի երթ»[34]: Թեև այս վեպում նույնպես, թեկուզ սակավաթիվ, բայց կան դրվագներ, որոնցում գերադասի և ստորադասի միջև տարածությունն ստեղծվում է երրորդ դեմքի միջոցով, օրինակ. «Երջանիկ եմ, որ իմ տերը (դու-Թ.Ղ.) խանդում է ինձ»[35]:
Ահա այս կաղապարը ևս շրջանցեց գրական մի շարք նորամուծություններով և «օրինազանցություններով» աչքի ընկած Լևոն Խեչոյանն իր «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպով: Խեչոյանի պատմավեպում վերանում են նույնիսկ պատմավեպի այն պայմանականությունները, թե հինգերորդ դարում ինչպես էին մարդիկ միմյանց հետ խոսում: Այստեղ միևնույն մարդիկ կարող են միմյանց հետ խոսել դու-ով, իսկ մի քանի էջ հետո՝ դուք-ով, ինչպես, օրինակ Դրաստամատ ներքինու և Արշակ արքայի դեպքում. «Նրա Բամբիշ մայրը քո հոր՝ Տիրան թագավորի քույրն էր <…> քեզ էլ գահ բարձրացրեց Բյուզանդական երկիրը»[36], իսկ մեկ այլ տեղում. «Արքա՛, ցուլը միանգամից ձեր կուրծքը կտեսնի, ձեր կրծքի կարմիր նշանը մաքրենք…»[37]: Երբեմն նույնիսկ մեկ էջի վրա զրուցակիցների խոսքը կարող է լինել մերթ դու-ով, մերթ դուք-ով, ինչպես, օրինակ, Դրաստամատի և Բյուզանդիայի կայսեր զրույցում. «Բարձրագո՛ւյն քրմապետ, Կեսա՛ր, Օգոստո՛ս, աստվածների ու Մարսի սպասավո՛ր, ֆրանկների ու բարբարոսների կործանո՛ղ, գաղիացիների ու իտալացիների ազատարա՛ր, մեր մե՛ծ արքա հայոց մեծաց Արշակն ասում է՝ նեղն եմ, ձեր օգնության կարիքն ունեմ», «Մեր թագավորն ասում է, ձեր աջակցությունն է անհրաժեշտ», «…դուք պարտավոր եք օգնեք, գործը միասին առաջ տանենք», «Մեր Ներսես Հայրապետին ուղարկենք, թող գա, հասնի Բյուզանդիա, քո ցանկությամբ մեր երկրին կաթողիկոս կարգեցինք, թող քո կամքով էլ միառժամանակ Հռոմում մնա»[38]: Սա, անշուշտ, գրողի անփութության հետևանք չի, որովհետև այդ դեպքում Խեչոյանի ամբողջ տեքստը գրված կլիներ միայն դուք-երով, ինչպես, օրինակ, Րաֆֆու «Դավիթ Բեկի» կամ «Պարույր Հայկազնի» պարագայում, մինչդեռ դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ նույնիսկ կողք կողքի դրված նախադասություններում երբեմն ծառան տիրոջ հետ կարող է խոսել մերթ դու-ով, մերթ դուք-ով: Խեչոյանի վեպում սա միակ անախրոնիզմը չէ. հիշենք թեկուզ պատմավեպի վերջին էջերում հայտնվող Մառան սարկավագի մասին, ով իբր 500 տարի առաջ դուրս էր եկել հայկական վանքից և միայն այդ օրն էր վերադարձել: Եթե նկատի ունենանք, որ դեպքերը տեղի են ունենում 4-րդ դարում, անիմաստ է խոսել դրանից հինգ դար առաջ գոյություն ունեցող հայկական վանքի և սարկավագի մասին: Ուրեմն ինչպե՞ս բացատրել դիմելաձևերի այս «շփոթը»:
Խեչոյանի պատմավեպն առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում մի առանձնահատկությամբ, այն է՝ գրելու ժամանակաձևը: Պատմավեպերը, որպես կանոն, գրվում են անցյալ կատարյալ ժամանակաձևով, այնինչ Խեչոյանի վեպը գրված է վաղակատարով (վաղակատարի բոլոր, այդ թվում և բաղադրյալ երկրորդական ձևերով): Խեչոյանի պատմավեպի այս առանձնահատկությունից են բխում մի շարք երևույթներ, որ նկատելի են այս գործում: Նշենք, որ երկու ժամանակաձևն էլ կատարված կերպի են, հետևաբար՝ երկուսն էլ անցյալի ցուցիչ են, մատնանշում են անցյալում կատարվածը: Այժմ փորձենք հասկանալ, թե որոնք են այս երկու ժամանակաձևերի՝ անցյալ կատարյալի և վաղակատարի հիմնական տարբերությունները: Որպես կանոն, անցյալ կատարյալը կիրառվում է այն պարագայում, երբ ասվածին ստուգություն հաղորդելու ցանկություն կա, անցյալ կատարյալով խոսում են ականատեսները, այս ժամանակաձևով խոսքը բերվում է իբրև հիշողություն, վկայություն, մինչդեռ վաղակատար ժամանակաձևով (որը նույնպես իր բոլոր ձևերում անցյալի ցուցիչ է) խոսում են այն պարագայում, երբ կա անստուգության զգացում, այս պարագայում գործ ունենք այնպիսի պատմության հետ, որին պատմողն ինքը ականատես չի եղել, դրա համար էլ ժամանակաձևի այս կիրառությունը ամենից հարմարն է բամբասանքի համար. «եթե վաղակատար ժամանակաձևը ցույց է տալիս ներկայի համեմատությամբ արդեն կատարված որոշակի տևականություն ունեցող այնպիսի գործողություն կամ եղելություն, որի մասին խոսողը պատմում է հիմնականում ոչ որպես ականատես, ապա կատարյալ ժամանակը ցույց է տալիս անցյալում կատարված այնպիսի գործողություն, որին խոսողը կամ ականատես է եղել, կամ այնքան հավաստի և որոշակի գիտի այդ մասին, որ ներկայացնում է իբրև ականատես, մտովի իրեն տեղափոխում է այդ գործողության կատարման իրադրության մեջ»[39]: Հենց ժամանակաձևի այս կիրառությունն է Խեչոյանին ընձեռում հնարավորություն պատմավեպում մի իրադարձության մասին ստեղծելու բազմաթիվ տարբերակներ ու վարկածներ, որովհետև ստույգ կատարվածը, ճշմարտությունը, այսինքն՝ անցյալ կատարյալով գրվողը չի հանդուրժի տարբեր, իրարամերժ մոտեցումներ ու դիրքորոշումներ, մինչդեռ վաղակատար ժամանակաձևի համար սա շատ հարմար է գալիս, անստուգությունը թույլ է տալիս մի երևույթի մասին տարբեր դիտանկյուններից խոսելու: Անստուգության պարագայում նաև վերանում է ուրիշի ուղղակի խոսքը ճշգրտորեն մեջբերելու խնդիրը, քանի որ, եթե հեղինակը գրում է, որ ինչ-որ մեկն իբր ասել է, այսինքն՝ նույնիսկ կասկածելի է այն հանգամանքը խոսքը ասվե՞լ է թե՞ չի ասվել, բնականաբար, կասկածի տակ է առնվում նաև խոսքի բովանդակությունը, այս պարագայում հեղինակն ազատվում է բոլոր խոսողների բառերը ճշգրտորեն հիշելու և վերարտադրելու պատասխանատվությունից: Եվ, կարծես, այս կոնտեքստում բնական է դառնում, որ հեղինակը կարող էր որևէ մեկի խոսքը մոտավորապես մեջբերելու դեպքում օգտագործել մերթ դու, մերթ դուք ձևերը, քանի որ նա արդեն ի սկզբանե տրամադրել է ընթրցողին, որ չի պատրաստվում ամեն բան ճշգրտորեն ասել, քանի որ ինքն էլ չգիտի, թե ստույգ ինչ է կատարվել: Ավելին, հեղինակի այս թվացյալ խոսքային «անփությունը» կարծես դառնում է մի տեսակ անհրաժեշտություն՝ ընթերցողի համար էլ ավելի համոզիչ դարձնելու այն, որ ինքը հեղինակը այն ամենի մասին, ինչ պատմում է, միայն լսել է և չի կարող ստույգ փոխանցել պատահածը, ինքը բարեխղճորեն ներկայացնում է պատմությունը թե՛ այս, թե՛ մյուս կողմի (կողմերի) տեսանկյունից: Եթե հեղինակն սկսի ամեն բառ ճշգրտորեն վերարտադրել տեքստում այնպես, ինչպես եղել է իրականում և չունենա խոսքային կամ իրադարձային ոչ մի «սայթաքում» կամ «վրիպակ», ընթերցողին կսկսի կասկածելի թվալ այն անստուգությունը, որը փորձում է ստեղծել հեղինակը:
Ավելի ուշ գրված պատմավեպերի հեղինակները երկխոսություններում՝ դիմելու ձևի կառույցում շարունակեցին պահպանել այն դասական ձևը, որ ձևավորվել էր մեր մեր պատմավեպը հենց սկզբից: Դիմելու ձևի դասական օրինաչափությունը պահպանվում է նաև 21-րդ դարի հայ պատմավեպում: Արդեն դարիս սահմանագծին գրված «Հուլիոս Կեսար» վեպում Արծրուն Պեպանյանի կառույցները նույնն են, ինչ մինչխեչոյանական շրջանում էին. «Եվ հետո, Կեսար, դժվարանում եմ հասկանալ քեզ. երբ ամենքը լուռ են, դու մարտնչում ես Ֆակտիոյի դեմ, իսկ այժմ, երբ ընդվզում են բոլորը, դու տարօրինակ կերպով կողմ ես քաշվում»[40], «Աստվածները ո՛չ ինձ, ո՛չ էլ այլևս որևէ մեկին չեն շնորհի խորհելու և գործելու քո կարողությունը, և անհնար է գրել քո մասին՝ առանց նսեմացնելու քո անձը»[41]: Վահրամ Մարտիրոսյանի՝ 2002-ին լույս տեսած «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպումօրինաչափությունը վերարտադրվում է. «Իշխան, <…> Ռուբենին միայն դու ես անդրանիկ համարում: Նա նախքան քո ամուսնությունն է ծնվել»[42], «Մեծ իշխան, <…> գուցե քեզ հատուկ իմաստությամբ հետաձգես նվերդ մինչև հաջորդ տաղավար տոնը»[43]: Պատմական երկերում դիմելու ձևի այս օրինաչափությունը պահպանվում է մինչև այսօր: 2013-ին գրված «Արտավազդ-Շիդար» պեսում Գուրգեն Խանջյանի պատմական կերպարները միմյանց դիմում են նույն դու-ով. «Իմ լեզուն քո ծառան է, արքա: Ասում են՝թագուհին ինքն է իմաց տվել իր կալանված լինելու մասին»[44]:
Այսօր պատմավեպեր գրողները խնդիր ունեն հաղթահարելու ժանրի կառույցի հին ձևերը, քայքայելու կլիշեները և վիպական նոր կառույցներ մշակելու: Պատմավիպական կառույցների նոր ձևեր կարող են ստացվել նաև լեզվական կառույցների միջոցով, ինչի հնարավորություններ լեզուն միշտ տալիս է: Մնում է միայն, որ վիպասանները կարողանան գտնել այնպիսի հնարքներ, որոնք կարող են ոչ միայն կերպարային համակարգի, հարցադրումների, այլև լեզվական կառույցների միջոցով կծառայեն ժանրի թարմացմանը:
[1] Աճառյան Հ., Լիակատար քերակայնություն հայոց լեզվի, հտ 2, Երևան, 1952, էջ 82:
[2] Այս և հետագա բոլոր ընդգծումներն իմ են-Թ. Ղազարյան:
[3] Րաֆֆի, Երկերի ժողովածու, հտ 7, Երևան, 1985, էջ 530:
[4] Նույն տեղում, էջ 548:
[5] Րաֆֆի, Սամվել, Երևան, 1984, էջ 18:
[6] Նույն տեղում, էջ 19:
[7] Ծերենց, Երկունք Թ դարու, Երևան, 1941, էջ 35:
[8] Նույն տեղում, էջ 214:
[9] Րաֆֆի, Սամվել, Երևան, 1984, էջ 30:
[10] Նույն տեղում, էջ 144:
[11] Նույն տեղում, էջ 60:
[12] Նույն տեղում, էջ 423:
[13] Մուրացան, Գևորգ Մարզպետունի, Երևան, 1988, էջ 7:
[14] Նույն տեղում, էջ 219:
[15] Նույն տեղում, էջ 154:
[16] Նույն տեղում, էջ 209:
[17] Զորյան Ստ., Վարազդատ, Երևան, 1967, էջ 78:
[18] Դեմիրճյան Դ., Վարդանանք, Երևան, 1987, էջ 862:
[19] Գրիգորյան Վ., Մանյա այրք, Երևան, 1988, էջ 60:
[20] Գրիգորյան Վ., Հավերժական վերադարձ, Երևան, 1881, էջ 17:
[21] Գրիգորյան Վ., Մանյա այրք, Երևան, 1988, էջ 255:
[22] Խեչումյան Վ., Գիրք լինելության, Երևան, 1966, էջ 353:
[23] Նույն տեղում, էջ 371:
[24] Զեյթունցյան Պ., Ծնվել է ու մահացել, Երևան, 1995, էջ 56:
[25] Նույն տեղում, էջ 59:
[26] Նույն տեղում, էջ 62:
[27] Նույն տեղում, էջ 172:
[28] Նույն տեղում, էջ 176:
[29] Զեյթունցյան Պ., Ընտիր երկեր երկու հատորով, հտ. 2, Երևան, 1987, էջ 171:
[30] Նույն տեղում, էջ 301:
[31] Նույն տեղում, էջ 393:
[32] Խալափյան Զ., Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավորը, Երևան, 1995, էջ 16:
[33] Նույն տեղում, էջ 206:
[34] Նույն տեղում, էջ 159:
[35] Նույն տեղում, էջ 210:
[36] Խեչոյան Լ., Արշակ արքա, Դրաստամատ ներքինի, Երևան, 1995, էջ 27:
[37] Նույն տեղում, էջ 109:
[38] Նույն տեղում, էջ 44:
[39] Աբրահամյան Ս., Աղայան Էդ., Ժամանակակից հայոց լեզու, հտ 2, Երևան 1974, էջ 372:
[40] Պեպանյան Ա., Հուլիոս Կեսար, Երևան, 2000, էջ 134:
[41] Նույն տեղում, էջ 297:
[42] Մարտիրոսյան Վ., Հանուն խաչի ծպտվածները, Երևան, 2002, էջ 81:
[43] Նույն տեղում, էջ 253:
[44] Խանջյան Գ., Արտավազդ Շիդար, Նորք, Երևան 2013, համար 3, էջ 90:
Հրաշալի էր ու ինքնատիպ: Անակնկալային: Այնպիսին, ինչպիսին հենց Թագուհին է՝ իր մարդկային, մտաներուժային ու ստեղծագործ տեսակով: Ի դեպ, նա է նախաձեռնել ու կյանքի կոչել իմ գրական <> կայքը, որի այցելուների թիվը մեկ տարում հատել է 9490-ի սահմանագիծը:
Շնորհակալություն, շատ հետաքրքիր հոդված է
Շնորհակալ եմ, հարգելիներս)
Հետաքրքիր էր: