Անուն
Մեկը փայլուն սկավառակ է՝ ոսկյա սկուտեղ,
Որի վրա կարելի է սուրճ մատուցել,
Քաղցրավենիք, միրգ ու ընդեղեն։
Նա պտտվում է երկնքով հերարձակ
Ու ջերմացնում մարդկանց հոգիները,
Որ դառնում են բանաստեղծ, քուրմ, սիրահար։
Մյուսը Արեգակն է իրական։
Նա գունդ է։ Հրե օվկիանոս։
Անծայրածիր, ցուրտ ու մութ տիեզերքում
Անսահման միայնակ՝
Հեծկլացող հրե արցունքներով։
Դժոխքի կրակների խտանյութն է նա՝
Ինքն իրեն այրող ու չսպառվող։
Հնարքներ և հրաշքներ
Տեսնել է պետք դեմքը,
երբ նրան աճպարարություն են ցուցադրում.
ամեն մի հիմար հրաշքից ապուշ է կտրում,
իսկական երեխա՝ բերանը բաց, աչքերը կլոր,
և դեմքի նույն արտահայտությամբ էլ,
առանց նախապես սպառնալու, թե հիմա կբացատրի,
առանց տատանումների ու վայրիվերումների,
առանց սխալ պատասխններով դեգերելու,
առանց տեսանելի ջանքի ու տանջանքի
տալիս է հրաշքի միակ
կամ ամենաճշգրիտ բացատրությունը։
Ապշելու է, թե ինչպես են ապրում նրա ներսում
համատեղ ու այդքան համերաշխ
զարմացողը ու բացատրողը։
Մեկը՝ դարանակալ հրաշքների աշխարհում,
ուր ամեն թփի տակից նշաններն են ցատկում,
մյուսի աշխարհում ամենին կա բացատրություն։
Ոչ մեկը չի սասանում մյուսի հավատը,
ոչ մեկը չի կործանում մյուսի հույսերն ու վախերը,
ոչ մեկը չի փորձում ոչնչացնել, անգամ փոխել մյուսին։
Նրանք նույնիսկ չեն վիճում։
Գաղտնիքներ
Մեկը շռայլորեն բաշխում է մարդկանց
իր ամենանվիրական ու ահավոր գաղտնիքները։
Եթե դրանք սպառվում են, սկսում է հորինել,
եթե սպառվում են ծանոթ մարդիկ,
տարածում է թերթերով ու գրքերով,
որ բաժին հասցնի նաև անծանոթներին,
և անմասն չմնան նրանք, որ նոր են ծնվելու…
Այս բերանբացությունը դարձնում է նրան անխոցելի.
ոչ ոք չի կարող սպառնալ նրան գաղտնազերծմամբ.
բոլորը ամեն ինչ գիտեն նրա մասին,
իր գաղտնիքներով նա տարածվել է ամենուր,
իր գաղտնիքներով տրոհված է մանր փշրանքների,
ոչ ոք չգիտի՝ այդ կտորներից որն է նա,
և թե որի մեջ է նրա մահը։
Եվ կա մյուսը, ով միշտ ունի մի սարսափելի գաղտնիք,
որ գաղտնի է պահում բոլորից ու անգամ իրենից։
Այդ գաղտնիքը սովորաբար լինում է անմեղ մի բան՝
հաճախ հանցակազմի նշույլ իսկ չպարունակող,
և եթե պատահաբար ընկնի թշնամու ձեռքը,
սա չի կարող պատկերացնել, թե դա ինչ է։
Նա սիրում ու փայփայում է իր այդ գաղտնիքը,
սրբազան դողի մեջ է ընկնում դրա մասին մտածելիս,
քնում է նրան փաթաթված ու շուլալված՝
բնականաբար ինքն իրենից թաքուն։
Եվ այդ գաղտնիքը դառնում է աներևույթ առանցք՝
ցողուն, հսկա մի կոճ, որի շուրջը
պտտվում-փաթաթվում է անծայր թելի նման
ինքը իր հնարովի ու անհնար գաղտնիքների հետ,
և փաթաթվում են մարդիկ, ում դրանք տրված են ի պահ,
և նրանց գաղտնիքները…
Ու մարդիկ նրա կողքին իրենց զգում են ապահով,
ասում են՝ ամուր մի առանցք կա այս մարդու ներսում,
նա երբեք չի ճկվի ու չի կոտրվի,
նրան կարելի է հենվել ամբողջ մարմնով
և ի պահ տալ հոգին։
Հրեշտակներ
Մեկը տարօրինակ խնդիրների փորձագետն է։
Մտածիր մի անհեթեթ ու չիրիկանանալի բան,
դարձրու այն քո կյանքի իմաստը
և դիմիր նրան։
Նա կգտնի քո երազանքն իրականացնելու ձևը։
Կտա քեզ անհրաժեշտ քայլերի հերթականությունը։
Նա զմայլանքով կհետևի, թե ոնց ես փոխվում։
Նրա առաքելությունն է այս կյանքում
մարդկանց դարձնել ուրիշ մեկը։
Նրանց, որ համբուրել են իրեն,
ում առջև կիսաբաց է արել հոգին,
ում պատահաբար հանդիպել է հերթի մեջ,
ում հետ մի քանի բառ է փոխանակել
կամ հայացք՝ փողոցում քայլելիս,
ում տեսադաշտով պարզապես անցել է՝
չնկատելով նրան,
ում երբեք չի տեսել ու չի ճանաչում։
Բայց փառասիրությունից չի այդպիսին,
նա զգում է իրեն ծպտյալ հրեշտակ՝
ուղարկված շունչ փչելու հոգիների մեջ,
կենդանացնելու մարմինները,
ստիպելու մարդկանց ապրել։
Բայց ահա, կանգնած են մարդիկ շվար՝
ձեռքերի մեջ իրենց իսկ հոգին՝
թպրտացող սիրտ,
որից կյանքը հորդում է արյան շիթերով,
ու չգիտեն նրանք ինչպես վարվել
իրենց արթնացած մարմինների հետ,
իրենք իրենց հետ, որ ուրիշ մեկն են,
երազանքների հետ՝ բոլորովին նոր։
Նրանք երջանիկ չեն թվում, այլ դժբախտ,
ինչպես հավիտենական քնից զարթնեցված,
հավիտենական կյանքի կոչված քնահարամ էակներ…
Եվ այդժամ նայում են նրան ու տեսնում մյուսին,
որ էլի հրեշտակ է, բայց անկառավարելի,
անվերահսկելի, անկախ ու անկյալ,
նրա հայացքը այրում է, ինչպես սառույցը,
նա ապրում է խոր անդուդնդի հատակին
և ասում այնտեղ պատահաբար նայած մարդուն՝
փորձիր թռիչքն այս վերջին,
որ իսկական մարդու համար է,
ազատ մարդու,
դե՛։
Ինքնասիրահարություն և ինքնահեգնանք
Նա սիրում է ինքն իրեն,
Նրա մեջ ապրող երկուսից ամեն մեկը
Սիրում է ինքն իրեն և մյուսին՝
Երբեմն կռվելով ու հաշտվելով,
Երբեմն իրար չնկատելով,
Իրար ճանաչած ու հոգնած,
Բայց անբաժանելիության գիտակցմամբ,
Ինչպես ամուսիններն են սիրում իրար։
Ու դա զվարճացնում է նրան,
Իսկ զվարճացնելը՝ վախեցնում,
Որովհետև նշանակում է,
Որ երկուսի արանքում
Ուրվականի պես անտեսանելի
Ապրում է երրորդը՝
Ավելորդը՝
Տեսանողը,
Հեգնողը,
Գրողը սա։