ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Ընդսմին

Օրեր շարունակ
և ալարում
և մոռանում էի
բացել բառարանը

թեպետ
մոտավոր զգում
կանխավեյլում էի բառը

միաժամանակ
ընդնմինի մասին իմացա

***
Յոթ
թե ութ տարեկան էի

մարդիկ մահանում են
ես ևս

չեմ համակերպվում

***
Տասնմեկ
կամ տասներկու տարեկան էի

ընկերներս բացատրեցին
թե ինչպես են ստեղծվում երեխաները

ապշել
գուցե հիմար
սակայն պարզաբանող հարցեր էի տալիս

Հնարավոր չէ

հնարավոր չէ
ընթերցել բոլոր գրքերը գրվածքները
թեկուզ գեղարվեստական
թեկուզ բանաստեղծական

հնարավոր չէ
սիրել բոլոր ազգությունների կանանց
գոնե երեքին
գոնե երկուսին
լավ մեկին

հնարավոր չէ
վայելել հատապտղից մինչև միրգ ձգվող մեղրամիսը
ճանաչել համային գամման բանջարեղենների

հնարավոր չէ
ըմպել ավազանը տարաթունդ խմիչքների
համտեսել երնգապնակը խոհանոցների

ավաղ
ավաղ
ավաղ

***
Ընկույզ եմ կլպել
յոդից սևացել են մատներս

մենք բոլորս
Աֆրիկայից ենք

այս վարկածը
մի քանի օր էլ
ինձ դուր է գալիս

Չգրված նամակ

Աղջիկս իրենն էր պնդում
միմիայն հեծանիվ
ես իմը համակարգիչ

նեղացած
այդպես էլ
Ձմեռ պապին
նամակ չգրեցի

Աղջիկներիս ուրախությունը

1.
Որպես սովյալ
ոռնացող գայլ
պարտադիր գորշ
մոտենում եմ խժռելու
քուն մտնող աղջիկներիս

2.
Շալակում եմ հերթով

մածուն մածուն
թթված մածուն
մեկ ու հիսուն

3.
Փաթաթվում են
օղակներս
ոտքերիս

քայլեմ
պիտի

Անքնություն

Չեմ դժգոհում
ինքս ինձ հետ եմ

***
Շատախոսներից պրծում չունեմ
հուսամ
ավագ աղջկաս տաղանդը
տարիքային առանձնահատկություն է

***
Մի ժամանակ շնորհալի ընթեցող էի

****
Մի տեսակ
չի ստացվում հանգիստս
սիրտս արտառոց միապաղաղություն է ուզում

***

Չսիրեցի
և չկարողացա ընծայագրել իմ գրքերը
սակայն
սպասում եմ ուրիշներից

***
Շատախոս և խմած զրուցակիցս անընդհատ հարցնում էր` հո՞ չեմ ձանձրացնում:

***
Որպես բանաստեղծ, հավանաբար, էլ չկամ: Ո՞վ է մնացել: Ո՞վ է ծնվում:

***
Նույնիսկ ամուսնությունից առաջ չեմ դավաճանել կնոջս: Չի ստացվել:

***
Ծառը թեքված է եղել: Հատել են: Հատել են մեջտեղից: Կարծում եմ` դիտավորյալ: Ձգված առնանդամ:

***
Առաջնեկիս անչափ սիրում եմ: Ավելի ուժգին` փոքր աղջկաս: Եթե ունենամ, ենթադրենք, հարյուր երեխա, ինպե±ս է լինելու:

***
Կին, երեխաներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ, դպրոց… Ինձ համար ժամանակ չկա, համարյա չկա: Եթե լինի, շատ լինի` ի՞նչ եմ անելու:

***
Մի քանի հիվանդությունով պաշարված եմ: Շո՞ւտ չեմ ծերանում:

***
Իմ բախտը բերել է. տարեկան երկու-երեք անպետք գիրք եմ նվեր ստանում: Կան հռչակավոր գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, քննադատներ, որոնց նվիրում են տասնյակ, երկու տասնյակ կամ շատ գրքեր:
Դե նրանք էլ երևի մի հնար գտնում են:

© Գևորգ Թումանյան

 

Share Button

3 Կարծիք

  • Շատ հոգով ու հավեսով էս գրում Գևորգ ջան, վաղուց էսպիսի ջերմ տողեր չէի կարդացել…

  • Արամ says:

    Շատ գեղեցիկ էր, հաճելի, թափանցիկ, մաքուր, անկեղծ: Իրոք զգացի ժամանակաից գրակնության շունչ: Մի քիչ թող շատ լինեն այսպիսի հեղինակներ:

  • gevorg says:

    Պարզունակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *