Սուրեն Սարումյան | Հուղարկավորության դերաբախշումը

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Հանգուցյալը

Շողերն ընկնում էին խունացած զինվորական համազգեստով մարդու ուղիղ աչքերին՝ ստիպելով անընդհատ կկոցել, ու նրան թվում էր, թե քնից նոր արթնացած արևը թենիսի դեղին գնդակի պես ուրախ-ուրախ ցատկոտում է դիմացի ցածր բլուրների կատարներին:
Աննկատ ժպտաց. օրը խոստանում էր լավը լինել: Բլուրների կատարներին սառնամանիքն ընկել էր ուժահատ ծերունու պես՝ անհաստատ, թույլ: Լանջերին տատանվող եղյամապատ թփերը ուրիշ ժամանակ կնմանեցներ ճերմակած մազերի, որոնց մեջ քամին մխրճել էր իր անտեսանելի մատները, սակայն հիմա դրանք հիշեցնում էին մեռնող ցրտի հոգեվարքի ցնցումները: Երբ արևը, ցատկոտելով բլուրների կատարներին, հասներ երկնքի կենտրոնին, սառնամանիքն անհետանալու էր՝ ձուլվելով պուտերի պես անկանոն սփռված խիտ ստվերներին, ու իր աշխարհին, որն այդ առավոտ տեղավորվել էր բլուրների արանքում դրված անագե սկուտեղի պես հարթ ու անգույն մի հրաձգարանում, տիրելու էր ուշ աշնանային արևոտ օրվա կարճատև, բայց անչափ թանկ տաքությունը:
Օրը խոստանում էր լավը լինել: Շատ չէին չարչարվելու: Ժամանակին պիտի բարձրացներ այսօրվա հրաձգության համար նշանակված թիրախները, որոնց թարմ ներկած կանաչի վրա դեռևս անփորձ զինվորների գնդակները շուտով թողնելու էին տեղատարափ կարկուտի հետքերի պես խիտ սև անցքեր: Հետո, երբ ստվերներին ձուլված սառնամանիքը՝ եգիպտական աստծո պես անմահ, նորից հարություն առներ, դիմացի բլուրների կատարներին կանգնելով իր վիթխարի հասակով մեկ, մարդը պիտի տուն գնար:
Բլուրների վրա ցատկոտող արևի շողերը կարծես նկարեցին իր ոսկեծամ աղջնակի սիրելի դիմագծերը, ափերում տաքություն զգաց, ասես ձեռքը հպել էր երեխայի այտին, որոշեց, որ զինվորական ծանր բեռնատարի վարորդին խնդրելու է մի պահ կանգնել ավտոկայանի շուրջօրյա խանութի մոտ, շարժիչի համաչափ շնչառության ձայնի ներքո արագ քայլելու է դեպի խանութը, սրահում շաղակրատող մարդիկ՝ վարորդներ ու գյուղացիներ, լռելու են՝ պանրի և տնական օղու ծանոթ հոտերի մեջ զգալով վառոդի, հրաձգարանների ցեխի ու բլուրների վրա ցատկոտող արևի գրեթե անորսալի բույրը: Առավոտյան ոսկեծամ աղջիկը պիտի անկողնում քաղցրավենիք հայտնաբերեր ու հասկանար, որ իր հայրիկը տանն է:
-Ուշադրություն,- հրաձգարանի պետի պահանջկոտ ձայնը ասես կացնի անսպասելի հարված լիներ:
Շարքը, որի մեջ կանգնած էր նաև խունացած համազգեստով մարդը, թեթևակիորեն խլրտաց՝ հրաձգարանի պետին ցույց տալով, որ պատրաստ է անհապաղ կատարել նրա՝ հրամանի տեսք ստացած կամքը:
-Հավսար, զգա՛ստ,- պետի ձայնը նմանվեց թմբկահարվածի՝ կտրուկ, շառաչուն:
Շարքը քարացավ՝ կարծես բացարձակ հնազանդությունը մարմնավորող արձանների խումբ: Շարքի հետ միասին անշարժացած մարդուն թվաց, թե արևը բլուրների կատարներից ցատկել է իր կրծքի տակ՝ ողողելով իր հոգին մի մեղմ ու, չգիտես թե ինչու, տխուր ջերմությամբ:
Հրաձգարանի պետը բացեց բերանը՝ պատրաստվելով հատ-հատ, ասես հրանոթի փողաբերանից դուրս ժայթքող երկաթե գնդեր, շարքի անդեմ երեսին նետել իր կամքի ծանր բառերը: Չհասցրեց: Մարդուն թվաց, թե բլուրների կատարներին ցատկոտող արևը՝ սոսկալիորեն ծանր, հրաշեկ, ընկավ ուղիղ շարքի առջև՝ կուրացնելով իրեն չար մի լույսի բռնկումով ու հարվածելով շիկացած, մետաղական հողմի ահռելի ուժով: Ընկնելիս հասցրեց լսել խլացուցիչ դղրդյունը, որի աստիճանաբար թուլացող ձայնը մի պահ վերածվեց ամեն ինչ կուլ տալու ունակ խավարի ու անողորմ վճռականությամբ քայլեց իր վրա:
Այդ պահից մարդը, որը պատրաստվում էր ավտոկայանի շուրջօրյա խանութի մոտ իջնել ծանր զինվորական բեռնատարից, պիտի դառնար համընդհանուր խղճահարության, հարևանների չարաճճի երեխաների գերբնական սարսափի ու հուղարկավորության կարգադրիչների ծիսական ձեռնածությունների առարկան՝ մոտ ապագայում անխուսափելի օրգանական քայքայման ենթարկվելու համար: Ժամանակին անվիճելիորեն նրանը համարվող մարմինը, որի ամբողջականությունը, աճելու և բազմանալու իրավունքը երաշխավորում էր սահմանադրությունը, հիմա փոխում էր իրեն տնօրինելու իրավասություն ունեցող մարդկանց հանրային սպասքի պես հաճախակի: Առաջին տնօրինողը հիվանդանոցի սանիտարն էր, որտեղ բերել էին մարմինը՝ տնքացող վիրավորների հետ նույն մեքենայի սրահում դրված:
-Այս մահացածին ինչու՞ եք բերել,-զայրացած բղավել էր սանիտարը ու, առաջին անգամ այդքան շատ արյուն տեսնելուց անասելիորեն վախեցած մի զինվորի հրահանգելով բռնել մարմնի թևատակերից, ինքը վերցրել էր ոտքերից, ու դեռևս տաք մարմինը դրել էին միջանցքում, հենց գունաթափ լինեոլումով պատված հատակին:
Քիչ անց նրա մերկությունը, որ ժամանակին տեսնել կարող էին միայն լոգարանի ցնցուղն ու կանացի սերը, ճանաչել էին դիահերձարանի փողրակից հոսող սառը, մեռյալ ջրի շիթերը: Հետո մարմնի ամբողջականությունը, որին նախկինում կարող էին հավակնել միայն նրան բժշկել ցանկացողները, խախտվել էր՝ հերձումը կատարող սանիտարի դանակի սուր շեղբին ու մանր ատամնաշարով ճկուն սղոցին հանդիպելով: Ավելի ուշ նորից եկել էր ջրի թանձր շիթերի հերթը: Մարմինը լվանալուց հետո նրա կզակն օղակել էին դիարանի սալիկապատված պատերի չափ սպիտակ վիրակապով՝ զսպելով կիսաբաց բերանի խոռոչն արհամարհանքով աշխարհին ցույց տալու դիակների անզուսպ մղումը:
Արտաքինից ոչ այդքան շատ, սակայն ներքուստ հիմնովին փոխակերպված, տիկի պես դատարկ մարմինը մտցրել էին նոփ-նոր համազգեստի մեջ, որի նմանը կենդանության օրոք մարդը երբեք չէր հագել ու, ցավակցության պատշաճ խոսքեր արտասանելով, հանձնել էին հարազատներին:
Տանը սպիտակ սավաններով փակել էին բոլոր հայելիները. սովորույթի ուժը կտրականապես արգելում էր բազմապատկել մահը: Սենյակի կենտրոնում դրված սեղանը պիտի կատարեր ժամանակավոր դամբարանի պատվանդանի դերը, որի շուրջ երկու օր ու գիշեր շարունակ նստելու էին մարդու հարազատներն ու ազգականները, անգամ նրանք, ովքեր մշտապես հեգնել ու հարազատի պահանջկոտ անողոքությամբ շահագործել էին նրան: Մահը այդ ժամանակավոր դամբարանի պատվանդանի եզրագծերով անտեսանելի շրջան էր նկարել՝ ներկերի փոխարեն օգտագործելով դեռևս գրեթե աննկատ քայքայման՝ նոր հնձած խոտի բույր հիշեցնող հոտը: Այդ անտեսանելի շրջանի կենտրոնում, դագաղի մեջ պառկած մարդը կարծես ավելի էր փոքրացել՝ ողջերի աշխարհում շարունակելով մնալ միայն որպես մի ժամանակավոր թյուրիմացություն, որը շուտով պետք էր լինելու հուսալիորեն թաքցնել հողի հաստ շերտի տակ, անասելիորեն միայնակ ու օտար:
Անկասելիորեն մոտենում էր կեսօրը՝ սարսափելի ժամը, երբ հուղարկավորության կարգադրիչները մահացած մարդկանց հավերժորեն տանում էին իրենց տներից: Դագաղում պառկած մարդու դեմքն արդեն հողագույն էր դարձել, երբ կարգադրիչները հոգատարությամբ մի կողմ քաշեցին արտասվող հարազատներին: Մի քանի ամուր ձեռքեր ճանկեցին դագաղի կողքերից գրտնակների պես դուրս ցցված բռնակներից, ու թափորի հանդիսավոր, ծանր քայլերը նախկին մարդուն անվերադարձ հեռացրեցին ոսկեծամ աղջնակի՝ բազմաթիվ ոտնաձայների մեջ խլացած հեծկլտոցից:

Ազգականները

Գարեջուրը թարմ էր, ածիկն ու գարին բերում էին գարեջրագործական հնամենի ավանդույթներով հպարտացող մի օտար երկրից, ու չգիտես թե որտեղից իր Հաճույք մականունը վաստակած մարդը պղնձե հսկայական կաթսաների մոտ կատարոմ էր իր ամենշաբաթյա մոգությունը: Մատչելի գներով լավ տրամադրություն վաճառող հաստատությունը մարդաշատ էր. շաբաթվա վերջ էր, ու հոգնած քաղաքաբնակները համեղ գարեջրի գավաթի շուրջ շաղակրատելու հաճույքի համար պատրաստ էին լայնորեն բացել իրենց դրամապանակները:
Սեղաններից մեկի շուրջ նստած երեք երիտասարդները արդեն վաղուց հարբել էին, ու փոքր քաղաքների, որտեղ բոլորը ճանաչում են իրար, նման հաստատություններին բնորոշ առանձնահատկությամբ նրանց սեղանը վերածվել էր մի յուրօրինակ խաչմերուկի, որտեղով սեղանից-սեղան ընթանում էր նրանց հետ մեկ-երկու բաժակ խմելու հրավիրված մարդկանց անվերջանալի հոսքը:
Այն հազվադեպ պահերից էր, երբ երիտասարդներն իրենց սեղանի շուրջ երեքով էին մնացել: Նրանցից մեկը՝ կարմրած այտերով ու ալկոհոլի գոլորշիների մեջ կուլ գնացած աչքերով բարձրահասակը, ոգևորված խոսում էր: Ընկերները լսում էին ցրված ուշադրությամբ, բարձրահասակը ժամանակ առ ժամանակ քաշում էր նրանց թևքերից՝ պարտադրելով նորից թաղվել իր բերանից ջրվեժի շռայլությամբ դուրս հորդացող բառերի հեղեղի տակ:
Սեղանին՝ ծխուկներով պռնկեպռունկ լի մոխրամանների ու ճմռթված անձեռոցիկների արանքում և բարձրից ընկող ջրի կաթիլների ծանրությամբ լաքապատ փայտին խփվող բառերի մեջ կորած բջջային հեռախոսի զանգին երկար ժամանակ ուշադրություն չէին դարձնում: Սակայն զանգահարողը համառ էր: Բջջայինի տերը, դեմքին խոր, հուսահատ նողկանքի արտահայտություն դրոշմած, վերջապես ականջին մոտեցրեց ամընդհատ զանգահարող հեռախոսը:
-Տղերք, ձեր մորեղբայրը մահացել է,- սեղանակիցներին՝ իր զարմիկներին, ովքեր հարազատ եղբայրներ էին, ապշահար տեսքով փոխանցեց հեռախոսազանգի բերած բոթը:
Եղբայրներն իսկույն վեր թռան տեղերից:
-Ինչպե՞ս թե, չի կարող պատահել – եղբայրների աշխարհում վատ լուրը դժվարությամբ էր իրականություն դառնում:
-Այո, զանգահարողը հայրս էր, հիմա բարձրանում է դեպի քաղաքային հիվանդանոցի դիարան, մորեղբոր մարմինն արդեն տեղափոխել են այնտեղ,- համոզված պնդեց բոթը ստանողը:
– Դեհ, ուրեմն մենք էլ գնանք դիարան,- ասաց բարձրահասակը, ով տարիքով ավագն էր, ու, մոռանալով փակել հաշիվը, ընկերախումբը հապշտապ դուրս եկավ գարեջրատնից և ուղղություն վերցրեց դեպի քաղաքային հիվանդանոցի նորակառույց շենքը, որի հետնաբակում էր գտնվում մեկհարկանի անշուք շինությունը ամբողջությամբ զբաղեցնող դիարանը:
Դիարանի մուտքի առջև կանգնած մարդիկ՝ մահացածի ազգականներն ու սակավաթիվ ընկերներներից մի քանիսը գլխահակ էին, մտազբաղ: Մահը, առնչվելով որևէ մտերմի, ամեն անգամ աներեսաբար հիշեցնում էր նաև ողջերի գոյության ունայնության մասին: Դիարանի բակում, որտեղ օդը սառն էր, զրնգուն, թոքերը կտրող՝ ասես սալիկապատ հատակին ընկած նշտար, առօրյա հոգսերը թվում էին գորշ ու անկարևոր, ազգակցական անուրախ պարտականությունը կատարող մարդկանցից շատերը հույսի այդ միահարկ գերեզմանատան բակում մտովի խոստանում էին փոխել իրենց կյանքը, մտերիմներին ճիշտ ժամանակին ասել այն կարևոր խոսքերը, որոնք միշտ թողնում են վաղվան, վերջապես հրաժարվել ծխելու անմիտ մոլությունից, լինել ավելի ներողամիտ, որովհետև մարդու ցանկացած զանցանք նսեմանում էր մահանալու անխուսափելի ոճիրի համեմատությամբ, սակայն բակից դուրս գալուն պես նրանց ուսին մտերմաբար խփում էր բոթը լսած հերթական ընկերոջ տեսք ընդունած կյանքը.
-Հը՞, չգնա՞նք հանգուցյալի հոգու հանգստության համար մի-մի թաս խմելու,- յուրովի փորձում էր սփոփել ընկերը:
Ունայնության և տիեզերքի դատապարտվածության զգացողությունը նորից խեղդվում էր գինու թասի հատակին, կարևոր խոսքերը նորից մնում էին այդպես էլ երբեք չեկող վաղվան, ու ծխախոտի ծուխը գինետան ցածրիկ առաստաղի տակ նորից նկարում էր անհեթեթ, մշուշային զարդանախշերը:
Երիտասարդները մոտեցան բակում խմբված մարդկանց, որոնք հերթով ողջագուրվեցին նրանց հետ՝ սովորականից երկար սեղմելով բարձրահասակի ձեռքը: Ըստ Քաղաքում ընդունված սովորության տարիքով ավագները ցավակցությունների հիմնական հասցեատերերն էին համարվում:
-Ի՞նչ է պատահել, առավոտն եմ խոսել մորեղբոր հետ, երեկոյան պետք է քաղաք գար,- ազգականներից մեկին ցածրաձայն հարցրեց բարձրահասակը:
– Հրաձգարանի վրա հանկարծակի հրետանային գրոհ է եղել, մորեղբայրդ այդ պահին գտնվում էր շարքում, տողանի կանգնած, խեղճը տեղում զոհվել է,- դեմքի այլայլված արտահայտությամբ պատասխանեց թավ բեղերով հաղթանդամ տղամարդը ՝ մորաքրոջ ամուսինը:
Երիտասարդները լռեցին, չգիտեին ինչ ասել: Բարձրահասակը հիշեց իր մորեղբորը՝ փոքրամարմին, հեզ բնավորությամբ, համեստ մարդուն, ում բարությունը բոլոր ազգականների աչքին նրան դարձրել էր անատամ, անճար մեկը, որին կարելի էր լուրջ չընդունել, որովհետև մորեղբայրը միշտ աղքատ էր, որովհետև մորեղբայրը չգիտեր ապրելու ձևը: Աչքերը լցվեցին արցունքով: Պատկերացրեց մորեղբոր նիհար մարմինը ահռելի ուժով սլացող բեկորների կատաղությանը դեմ հանդիման, անպաշտպան ու բզկտված, ճիշտ նրա կյանքի պես, որտեղ ազատորեն տնօրինություն էին արել ազգականների առօրյա ագահությունն ու հզոր մարդկանց անարդարությունը:
Թևքով սրբեց աչքերը:
-Մտնենք ներս,- ասաց խեղճացած, անհասցե:
Տղաները քայլեցին դիարանի դռան խորշում անհետացած բարձրահասակի հետևից: Դիարանի միջանցքն ավելի շուտ մանկական հիվանդանոցի սպասասրահ էր հիշեցնում. պատերը ներկված էին կենսախինդ ծիրանագույն երանգով, լուսանկարների կարծես անվերջանալի շարքը մանրամասնորեն արձանագրել էր այդ հաստատության գործունեության կարևոր պահերը՝ գիտաժողովներ, խորհրդակցություններ, նոր նշանակումներ:
Բարձրահասակը մտածեց, որ հանդերձյալ աշխարհի նախաշեմի լավ մտածված բյուրոկրատիան մի տարօրինակ հոգեբանական մեղմասացություն է, որն ամեն օր վշտի ամենից խոր անդունդներին նայող մարդկանց թույլ է տալիս չխելագարվել, շարունակել մնալ լավ ընկեր, պատրաստակամ հարևան ու հոգատար ծնող:
Թքեց հատակին՝ մտքում մայր հայհոյելով :
-Հարազատնե՞րն եք,- կանացի կրծքային ձայնը հնչեց անսպասելիորեն, միջանցքում հայտնված բժշկական խալաթով ցածրահասակ ակնոցավոր կինը քաղաքային դիարանի երկարամյա տնօրենն էր, ակնհայտ էր, որ փորձառու տնօրենը տեսահսկման համակարգի էկրանին տեսել էր միջանցքում թքող երիտասարդին, սակայն, հասկանալով նրա հոգեվիճակը, չնկատելուն էր տվել բարձրահասակի ցուցադրական հանդգնությունը և դուրս էր եկել աշխատասենյակից իր ներկայությամբ վշտի հետագա անկանխատեսելի դրսևորումները զսպելու:
-Ցավակցում եմ, տղաներ, ցանկանու՞մ եք տեսնել հանգուցյալին, խնդրում եմ անցնել այս կողմ,- կինը ցույց տվեց անթափանց ապակուց պատրաստված դուռը ու նորից մտավ իր աշխատասենյակը:
Նիկելապատ, սառը սեղանին պառկած մորեղբայրն ասես քնած լիներ, հոգնած էր թվում ու խաղաղ, կարծես վերջապես գտել էր այն անդորրը, որն իրեն երբևէ պարգևված չէր եղել:
Բարձրահասակի աչքն ընկավ մորեղբոր կոշիկների կիսամաշ ներբաններին: Պատկերացրեց, որ դրանք իր մորեղբոր կյանքի կատարյալ խորհրդանիշն են: Դեռահասի չափսի, կիսամաշ կոշիկները կարծես այն կետն էին, որտեղ փլվում է ժամանակին այնքան հարմարավետ ու հաստատուն թվացող տիեզերքը՝ նույն տեսքով այլևս երբեք չվերածնվելու համար: Բարձրահասակ երիտասարդին պարուրեց միայնության մի անծանոթ, զարհուրելի զգացողություն: Այտով ներքև գլորվեց արտասուքի փոքրիկ, մենավոր կաթիլը: Մոտեցավ նիկելապատ սեղանին, կռացավ ու քնքշանքով համբուրեց մորեղբոր ճակատը: Թվաց, թե նրա շիրմաքարի անկենդան նկարն է համբուրել: Մի քանի րոպե լուռ կանգնեց՝ նայելով հատակին, հետո ձեռքից մեքենայորեն արձակեց իր թանկարժեք «Բրեգեն» ու ընկերների տարակուսած հայացքների ներքո կապեց մորեղբոր անկենդան թևքին…

Արարողության կարգադրիչները

Բահի շեղբն անընդհատ հետ էր մղվում քարքարոտ հողից, կարծես աշնանային ցուրտ եղանակը ծաղրելու համար մի բարակ վերնաշափիկ հագած գերեզմանափորը սրբեց ճակատի քրտինքը, թքեց կոշտուկավոր ափի մեջ ու, նորից ամուր բռնելով բահի երկարատև գործածումից հղկված կոթը, շարունակեց իր մենամարտը ընդերքը դժկամությամբ բացող հողի հետ:
-Էս ի՞նչ անհարմար տեղ եք վերցրել գերեզմանի համար, շատ է քարքարոտ,- բողոքեց իր մոտ կանգնած փոս ընկած այտերով մարդուն:
– Իբրև չգիտե՞ս, որ հիմա հարմար գերեզմանատեղի վերցնելը դարձել է ավտոտնակի համար տեղ վերցնելու պես թանկ հաճույք,-առարկեց փոս ընկած այտերով մարդը,- ի՞նչ անեն խեղճերը, եղածն այդ է, իսկ դու քո փողի տերն ես:
-Բան չասացի,- չհամառեց գերեզմանափորը,-ծխելու ունե՞ս,-հարցրեց՝ մի կողմ դնելով բահը:
Պատասխանելու փոխարեն փոս ընկած այտերով մարդը գրպանից հանեց ծխախոտի ճմռթված տուփն ու մեկնեց գերեզմանափորին:
Լուցկին վառվեց երրորդ փորձից, ագահորեն ներս քաշեց կապտավուն ծուխն ու նայեց վերև՝ կուտակված ջրի ծանրության տակ գորշ բրեզենտի պես ներքև կախված երկնքին:
– Անձրև է գալու,- ասաց համոզված:-Եթե ուզում եք գործը ժամանակին ավարտին հասցնել, մի բան մտածեք:
Փոս ընկած այտերով մարդը հանեց բջջայինն ու արագ-արագ հավաքեց անհրաժեշտ հեռախոսահամարը:
-Չե՞ք մտածում , որ անձրև կարող է գալ,- սկսեց նախատել զանգին պատասխանած զրուցակցին,- ուրեմն, մի հատ տաղավար գտեք կամ սրճարանների էն մեծ հովանոցներից, որ էստեղ մարդիկ կարողանան աշխատել: Այո, ես այստեղ եմ լինելու: Որքան կարող ես արագորեն կազմակերպիր:
Չէր հասցրել հեռախոսը դնել գրպանում, երբ հնչեց հանրահայտ ֆիլմերից մեկի պարեղանակը ընդօրինակող զանգը:
-Այո, ես եմ, իհարկե, իմ հետ պետք է քննարկեք, կարծում եմ, որ մի հարյուր հիսուն մարդ կմասնակցի հոգեհացին: Ընկեր ջան, ի՞նչ եք խոսում, հո՞ հարսանիք չենք անում, մեկ հոգու դիմաց շատ բարձր գին եք ուզում, լավ, մի քիչ ուշ կգամ, կխոսենք, հիմա ես գերեզմանոցում եմ,- ասաց ու առանց հրաժեշտ տալու անջատեց հեռախոսը:
-Էս օբյեկտների տերերը լրիվ են խիղճը կորցրել, էնպիսի գին են կրակում, կարծես քելեխի սեղանին սև խավիար ու գետնասունկ են դնելու,- զայրացած դժգոհեց իր հեռախոսային խոսակցությունն ուշադրությամբ լսող գերեզմանափորին:
– Գնա, խոսիր հետները, կարող է հարմար բան առաջարկեն,- փորձառու, նման գործերին քաջ գիտակ մարդու տեսքով խորհուրդ տվեց գերեզմանափորը,- էստեղի համար չմտածես, ասածդ թող ժամանակին բերեն, ես իմ գործն անելու եմ:
-Ճիշտ ես ասում,- համաձայնվեց փոս ընկած այտերով մարդը,- դու գործիդ նայիր, ես շուտ գնամ ու գամ:
Հոգեհաց տալու համար ընտրել էին Քաղաքի ոչ թանկ սրճարաններից մեկը: Փոս ընկած այտերով մարդը «Նրբագեղ» անունը կրող անշուք սրճարանը գտավ հեռավոր արվարձաններից մեկում՝ կիսակառույց եկեղեցու և բանջարեղենի շուկայի արանքի լորենիների արդեն լերկացած սաղարթների տակ թաքնված: Սրճարանի մուտքի առջև կանգնած էր մի հաստափոր, կարմրաթուշ մարդ և ծայրահեղ ուշադրությամբ հետևում էր սալարկից չորացած տերևներն ավլող ծերունի դռնապանին:
-Բարի օր,- փոս ընկած այտերով մարդը դիմեց հաստափորին:
-Բարև,- հաստափորի թանկարժեք մուշտակի օձիքի միջից լսվեց պատասխան անփույթ գռմռոցը:
Հասկանալով, որ կարմրաթուշն ակնհայտորեն հավես չունի իր հարցերին պատասխանելու՝ փոս ընկած այտերով մարդը գրպանից հանեց բջջային հեռախոսը, քթի տակ քրթմնջալով սկսեց թերթել ընդունված զանգերի ցանկը: Գտնելով անհրաժեշտ համարը՝ գոհունակ ձայն արձակեց ու սեղմեց կանչի կոճակը:
Զանգի թեթևամիտ մեղեդին անսպասելիորեն հնչեց հաստափորի մուշտակի գրպանից, նա նայեց հեռախոսին ու մոտեցավ փոս ընկած այտերով մարդուն:
-Փաստորեն քե՞զ հետ եմ խոսել հոգեհացի մասին,- ժպտալով ասաց ու բարևի համար մեկնեց լայն ափը:
-Այո, հուղարկավորության կազմակերպչական հարցերով ես եմ զբաղվում,- պատրաստակամորեն սեղմելով հաստափորի ձեռքը՝ պատասխանեց փոս ընկած այտերով մարդը:
-Իսկ դու մահացածի ի՞նչն ես, եղբայր ջան,- գործնական տեսքով հետաքրքրվեց հաստափորը:
-Նրա քենակալի հորաքրոջ տղան, շատ մոտ էինք հանգուցյալի հետ,-սեփական արժանապատվության գիտակցությամբ լեցուն՝ պատասխանեց մարդը:
-Մահացածին արդեն հետ չես բերի, ողջերի մասին է պետք մտածել,- բերանում երևացած ոսկի ատամների հետ իմաստնությամբ փայլեց հաստափորը,- ես երկուսիս համար էլ ձեռնտու տարբերակ եմ մտածել: -Ու որսալով զրուցակցի հետաքրքրված հայացքը, շարունակեց,- մի հոգու դիմաց գինը կլինի իմ ասածից ցածր, բայց քո ասածից բարձր, իսկ հավելյալ գումարի կեսն էլ հոգեհացից հետո կտամ քեզ: Ինչպես տեսնում եմ՝ դու շատ ես չարչարվում, հավատա, որևէ մեկը էդ չարչարանքդ չի գնահատելու:
-Առաջարկդ, անկեղծ ասած, վատը չէ,- լայնորեն ժպտաց փոս ընկած այտերով մարդը:
-Դե արի, ներս գնանք, քննարկենք ճաշացանկը,- հաստափորը երկաթը տաք-տաք էր ծեծում, ու երկուսով քայլեցին սրճարանի դռնից ներս:
Երբ մարդը վերադարձավ գերեզմանոց, փոսն արդեն պատրաստ էր: Ասես հողի վրա բացված մի սև բերան, որի հատակին, հիվանդ լեզուն պատած փառի պես, մանր խճաքարի տեսքով փռվել էր մոտաալուտ հավերժական բաժանումը՝ արևի լույսից ու կյանքից նախկին մարդու անխուսափելի քայքայումը թաքցնելու համար:
-Լավ էլ հասցրել եք,- ասաց կարմիր հովանոցի տակ լուրջ տեսքով ծխող գերեզմանափորին;
-Հա, հասցրեցինք,- պատասխանեց հորանջելով:
Սկսվող անձրևի ծանր կաթիլները դժկամ-դժկամ խփվում էին թարմ գերեզմանափոսի մոտ բացված հովանոցի կարմիր բրեզենտին:
-Մի-մի բաժակ խմե՞նք,- փոսի մեջ նետելով գլանակը՝ հարցրեց գերեզմանափորը:
-Կարելի է, ոնց որ թե ցրտում է,- համաձայնվեց փոս ընկած այտերով մարդը:
Գերեզմանափորը գետնին դրված շորերի միջից հանեց հանգուցյալի տնից ուղարկված փաթեթը, կոնյակի տռուզ շշին հաջորդեց քաղցրավենիքի տուփը, հետո ասես աճպարարի հմուտ ձեռքով օդից հայտնվեցին երկու փոքրիկ բաժակներ:
Փոս ընկած այտերով մարդուն թվաց, թե գերեզմանափորը լերդեցած, մուգ արյուն է լցնում բաժակների մեջ: Փակեց աչքերը: Հովանոցի կարմիր բրեզենտին խփվող կաթիլների ձայնը չգիտես ինչու ստիպեց մտածել միայնության մասին: Հետո վերցրեց բաժակներից մեկն ու միանգամից դատարկեց:
Հաջորդ օրն առավոտյան փոս ընկած այտերով մարդը գերեզմանոց չէր գնացել, այլ մեռելատան բակում լուրջ-լուրջ խոսել էր կյանքի դատարկության ու ամեն անկյունում դարանակալած մահվան մասին, ով իր կմախքացած երեսը սիրում էր ցույց տալ ամենից անպատեհ ժամանակ: Կեսօրին մոտ բարձրացել էր վերև, ենթարկվելով նրա ազդանշանին կարմիր գորգով պատած սեղանին էին մոտեցել մի քանի պնդակազմ տղամարդիկ ու կանանց ուժեղացած լացի ներքո բարձրացրել դագաղը:
-Երեք անգամ խփեք դռանը,- հրահանգել էր փոս ընկած այտերով մարդը:
Դագաղը դռանը բախելու ձայնը մարդու խոսքերից հետո տիրած լռության մեջ հնչել էր չարագույժ՝ ասես հենց ինքը՝ մահն էր տիրական ձեռքով ամուր թակում դժբախտացած տան դուռը:
Բակում համբերատար սպասել էր մինչ հանգուցյալի գլխավերևում խմբված հոգևորականներն ասել-վերջացրել էին իրենց անհասկանալի բառերը: Երբ դագաղը վերցրել էին սեղանից, զայրույթից խզված ձայնով շշնջացել էր.
-Քար դրեք դագաղի տեղը, քար դրեք, սեղանը չպետք է դատարկ մնա:
Գերեզմանոցում կանգնել էր հողաթմբին դրված դագաղի հենց կողքը, երբ վշտից իրենց կորցրած հարազատներին մի կողմ էին քաշել, հմտորեն կառավարել էր թոկերի միջոցով դագաղը փոսի մեջ իջեցնելու ոչ դյուրին գործը:
-Հանգուցյալի շորերի կապոցը գցեք փոսը, – ցածրաձայն ասել էր իր մոտ կանգնած գերեզմանափորին,- գլխի մոտ չէ, արա, ոտքերի տակ գցիր,- ստիպված էր եղել նորից զայրանալ:
Փոս ընկած այտերով մարդը կռացավ ու երկար մատները հողաթմբի մեջ մխրճելով՝ մի բուռ հող վերցրեց: Հողը փոսի հատակին մարդկանցից արդեն անասելիորեն հեռացած դագաղի կափարիչի վրա լցրեց թեթևության զգացումով՝ նրա խոնավ հատիկնների հետ գերեզմանի մեջ թափելով նաև վերջին երեք օրվա լարվածությունը: Մտածեց, որ հոգեհացի ժամանակ մի լավ խմելու է, հետո գնալու է տուն ու տաք լոգանք ընդունի:

Թափորը

Երկինքը տեղ-տեղ խունացած սև էր, ասես բակի հեռավոր անկյունում կանգնած դիակառքի հնամաշ թավիշը: Կտորի կույտ-կույտ դարսերով կախված երկինքն արտացոլվելով նախորդ օրվա անձրևից մնացած ջրափոսերում՝ կարծես հուղարկավորության թափորի ճանապարհին էլ էր ցանկանում սև թավիշ փռել, այնպես, որ բազմամարդ թափորի ոտնաձայները այդ երկնային սգո պաստառի վրա խլանան, ու լսվի միայն հանգուցյալի ոսկեծամ աղջկա ցածր հեծկլտոցը:
Բակում խմբված մարդիկ ուշադրություն չէին դարձնում հերթական մարդու մահը լուռ սգացող երկնքի վրա, քիչ հետո հանգուցյալին պիտի իջեցնեին՝ իր անցած ճանապարհներից ամենից երկարով անվերադարձ հեռացնելու համար, իսկ մարդիկ հետ էին գալու՝ հոգեհացից հետո կուշտ ու մի քիչ գինովցած, և երկնքի սև թավիշը թվալու էր մի հսկայական ձիթապտղի յուղոտ կող, որից գլորվող ու տանիքներին զարկվող կաթիլների խփոցի ներքո քնելուց առաջ անհանգիստ շուռումուռ էին գալու՝ հոգեհացի սեղանին թողած անձեռոցիկի պես ճմռթելով անկողնի սավանները:
-Դեպքը ո՞նց է եղել,- կիսաձայն հարցրեց ակնոցավոր երիտասարդը կողքը կանգնած գորշ վերարկուով մարդուն:
-Հրաձգարանում պարապմունքի ժամանակ հակառակորդի կրակի տակ են հայտնվել,- նայելով իր կոշիկների ցեխոտ ծայրերին՝ պատասխանեց մարդը:
-Շատ է վնասվել, հա՞,- զարմանքից լայն բացված աչքերով հարցրեց երիտասարդը:
-Չգիտեմ,- գրեթե թշնամանքով պատասխանեց մարդը:
Հանգուցյալի շենքի մուտքից լսվեց լացի, աստիճաններով իջնոող բազմաթիվ ոտքերի թմփթմփոցի ու հոգևորականների տատանող բուրվառների մեղմ զրնգոցի ձայնը: Դագաղը դուրս բերեցին ծայրահեղ զգուշությամբ, կարծես այնտեղ պառկած էր ոչ թե մի անասելիորեն տխուր ու փոքրացած, միայնակ մարմին, ով դեռ երկու օր առաջ մարդ էր եղել, այլ յուրաքանչյուր ցնցումից պայթելու ընդունակ վտանգավոր քիմիական մի նյութ:
-Դեմքը, տեսեք դեմքն ինչպես է սևացել,- խունկի հոտի հետ բակում հավաքված մարդկանց արանքում տարածվեց փսփսոցը:
Թափորը սկսեց քայլել ծանր ու անշտապ՝ Տ-աձև կոր նկարելով բակից դեպի մոտակա փողոցը տանող ճանապարհի թաց մակերևույթին: Ամրակազմ տղաների ուսերին դրված դագաղը նրանց յուրաքանչյուր քայլին համընթաց թեթևակիորեն տարուբերվում էր՝ կարծես անտեսանելի ալիքների վրա օրորելով իր մեջ պառկած, աշխարհին արդեն անհաղորդ մարդուն: Քայլելիս իր գրեթե միանգույն, հոծ մարմնին բարձրացած հարյուրավոր գլուխները տատանում էր նաև հուղարկավորության թափորը՝ լուռ, լի միայն արտասվելու ու ոտքերը քսքստացնելու ձայներով:
Գերեզմանոցում թափորը լռակյաց մարդկանց խիտ շարքերով օղակեց սև բերանի պես հողի վրա բացված փոսն ու նրա մոտ դրված դագաղը: Հետո լռության մեջ լսվում էր միայն դագաղի կափարիչին խփվող հողի ձայնը, որն ավելի թանձրացավ, երբ մարդկանց ափերին փոխարինեցին բահերը:
Հետո, երբ զինվորական համազգեստով փոքրամարմին մարդուն կլանած փոսի վրա բարձրացել էր թարմ ծաղիկներով քողարկված հողաթումբը, ոսկեծամ աղջիկը անսպասելիորեն պոկվեց իրեն սփոփող մորաքրոջ ձեռքից ու մանկական վտիտ մարմնով մեկ ընկավ հողաթմբին կարմիր ցանի պես սփռված ծաղիկների վրա, ինչպես սիրում էր պառկել հոր կրծքին՝ հատ-հատ որսալով նրա սրտի զարկերը: Քանի դեռ մորաքույրը բարձրացնում էր աղջկան գերեզմանից, նրան թվաց, թե գետնի տակից լսվում է հոր ձեռքին կապված «Բրեգե» – ի գրեթե անլսելի տկտկոցը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *