Բերդի սկեսուրները սիրում են կրկնել, որ Ազինանց Մարիամն ամենալավն է, նրա նմանը չկա: Լվացքը խնամքով է անում, տեղը-տեղին լեղակում է, տեղը-տեղին օսլայում, չափից շատ չի չորացնում: Հարթուկն անում է պեծին տվող ածխի ծանր հարթուկով, դարսում կոկիկ շարքերով, անպայման դարսերի արանքը դնում սարի նարդոսով լցված չթե ծրարները: Սպիտակեղենի սնդուկի կափարիչը բացելուդ պես մի այնպիսի նախաստեղծ մաքրություն է բուրում, որ չէ թե կողքը կանգնել, նույնիսկ վրան նայելն է անհարմար: Մարիամն այնպես է մաշված շորի ծակերը լցնում, որ կտորի կարը չես նկատի: Պատուհանները լվանալիս երեք ջուր է անում` օճառաջուր, պարզաջուր և քացախաջուր: Հատակը փայլեցնում է մեղրամոմով, որն հետո ցոլք է տալիս ինչպես ջրափոսը լուսնյակ գիշերով: Նրա բակը միշտ ավլած է, փեչի փայտը կանոնավոր դարսած շարք-շարք` ինչպես մեղրահացը մեղվի փեթակում, տնամերձի «կեծանները» սալարկած են հղկած գետաքարով: Բերդում ո՞վ է «կեծանի» սիրունության հոգսը քաշում` մենակ Մարիամը:
Նրա եփածն այնքան համով է, որ ուտես` չես կշտանա: Հացը թեթև է, ասես խմորը ոչ թե ալյուրով է հունցած, այլ արևի աննյութեղեն լույսով, գնդերը ամռան հոտն ունեն, իսկ գաթան, որը նա հանգչող վառարանում հատուկ պահում է մինչև որ կլեպը ղռթղռթան դառնա, հալվում է բերանում:
-Եթե ուզում ես իսկական տան կնիկ դառնաս` օրինակ վերցրու Ազինանց Մարիամից,-իրենց հարսներին խրատում են Բերդի սկեսուրները: Հարսները նեղանում են, բայց ձայն չեն հանում` ո՞վ կհամարձակվի Մարիամի դեմ մի բան ասել: Նա ամենալավն է, նմանը չկա, և հարսները սա հաստատ գիտեն:
Առաջ Մարիամը մեծ ընտանիք ուներ` ամուսին, տարեմեծիկ երկու որդի, հասակն առած սկեսուր և սկեսրայր, ծեր տատիկ: Առաջ նա ամեն ինչ ուներ` քարաշեն տուն, ոլոր-մոլոր «կեծաններով» տնամերձ, որը սկեսուրը պարծանքով հարևաններին էր բերում ցույց տալիս: Նա մեկ էլ դեղձի այգի ուներ հենց սահմանի բերանին` քչքչան լեռնային գետակի ափին: Այն տարի բերքը չտեսնված առատ էր, ընտանիքով գնացին հավաքելու, իսկ Մարիամը տանը մնաց, որպեսզի դեղձի ջեմի շաքարաջուրը եփի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմը թաքուն-թաքուն, բայց և սրընթաց է գալիս, ո՞վ կարող էր իմանալ:
Սահմանի հողերը հետ գրավեցին միայն ձմռան վերջին: Հոշոտված աճյունները զինվորները հողին հանձնեցին դեղձի այգում: Մարիամը եկավ, պառկեց գերեզմանաթմբին և վեր չկացավ: Նրան գտան լուսադեմին. մինչև ոսկորները սառել էր, սառցակալել էին նույնիսկ կոպերն ու շրթունքները: Խնամում ու խնամում էին, վերջը ոտքի հանեցին: Այդ ընթացքում դեղձի այգին նորից գրավվեց և սահմանի այն կողմում մնաց ընդմիշտ:
Մարիամի ամեն մի օրը նման է մյուսին` ինչպես նրա ծեր տատի տերողորմյայի հատիկները. ավլիր բակը, ջրիր տնամերձը, կպցրու վառարանը, խմոր արա, հաց կամ գաթա թխիր: Նա ամեն բան խղճով է անում. պատուհանները երեք բերան ջրով է լվանում, սպիտակեղենը ջանասիրությամբ օսլայում ու հարթուկում է, ամենակեր ցեցի դեմն առնելու համար անպայման դարսերի արանքը նարդոսի չորացրած տերևներ է խցկում:
Ամեն ոք իր ճշմարտությունն ոնի: Մարիամինը պարզից էլ պարզ է, ավելի հասարակ չի լինում. ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված: Ախր նրա փրկության համար դու այլ բան չես էլ կարող անել:
Թարգմանությունը ռուսերենից` Կարլ Յալանուզյանի
Նարինե Աբգարյանի մասին բավական ժամանակ է տարբեր առիթներով ու տարբեր զրույցների ժամանակ լսում եմ: Հաճույքով կարդացի այս պատմվածքը: Ընդգծված ոճ կա, որը ստեղծում է վառ ու ամբողջական միջավայր` օգտագործելով բավականին մեծ քանակի նկարագրություններ ու դիպուկ մակդիրներ: Հիմնականում էֆեկտը ապահովվում է բարբառային բառերի կամ խոսելաձևի միջոցով կամ էլ ժամանակաշրջանին հատուկ առարկաների ու իրերի անվանումներով: Նկարագրությունների բանաստեղծականությունը տեղ-տեղ պոեզիայի է տանում, թեպետ հենց այդ կետում էլ կանգնում է ու առաջ չի գնում: Մյուս կողմից հարց կարող է առաջանալ կոլորիտայինության չափաբաժնի հետ կապված: Այն իրավիճակներն ու նկարագրությունները, որ քիչ թե շատ ծանոթ կամ գուցե հարազատ են հայերիս ու մենք, այսպես ասած, կես խոսքից պատկերացնում ենք տեսարանը ամբողջապես, դեռ հարց է, թե որքանով ընկալելի կլինի ոչ հայկական մշակույթը կրողին կամ թեկուզ մակերեսորեն ծանոթ ընթերցողին: Սյուժետային գծի կառուցվածքում կիրառվում է դրվագայնության հնարքը. իրավիճակ-թռիչք-իրավիճակ, ինչը մի կողմից պակասեցնում է գործողությունները, մյուս կողմից ընթերցողին ներգրավում պատմվածքը <> աշխատանքին` կարծես <> տալով լրացնել դրվագների արանքները:Ավարտը բարոյախրատական-դատողական է: Սա որոշակիորեն սահմանափակում է ընթերցողին` ինքնուրույն եզրահանգումներ անելու մեջ, եթե պայմանականորեն ընդունենք, որ այդպիսի հստակ եզրահանգումներ ընդհանրապես պետք են ու ինչ որ չափով պարտադրում հեղինակի վերաբերմունքը: Ընթերցվեց շատ արագ: Կսպասեմ նոր պատմվածքների կամ այլ ստեղծագործությունների այս հեղինակի կողմից:
Եթե ամեն մարդ իրեն վստահված պատառը մաքուր պահի նույն հոգատարությամբ, ինչպես մարիամն է անում, ամեն բան իր տեղը կընկնի