Ճանապարհը ոլոր֊մոլոր կլինի, թե ուղիղ, քարքարոտ կլինի, թե ողորկ, էական չէ, կարևորը՝ սրտիցդ գնա։ Այսպես, թե այնպես ճանապարհ ընկնելուց առաջ մենք` հասարակ մահկանացուներս, չգիտենք, թե ուր կհասնենք։ Ու քանի որ ես պայծառատես չեմ, «ու՞ր են տանում բոլոր ճանապարհները»,- փորձառու գեներալի անակնկալ հարցը տարակուսանքի պիտի մատներ ինձ՝ կապիտանի ուսադիրները նոր-նոր իր ձեռքից ճանկած հավակնոտ երիտասարդիս։ «Երևի շնորհավորելու յուրօրնակ ձև է»,- պիտի մտածեի։
Եթե պապս հարցներ, առանց երկմտելու կասեի` Էրգիր, բայց պապս հարցեր տալ չէր սիրում, հարցերին պատասխանել՝ առավել ևս։ Ցավոք նա արդեն չկա, իր հոգին բաժանվել է մի քանի մասի, ամեն մասն իր ճանապարհն անցել, մեկը՝ Գերմանիայով, մյուսը Սիբիրով, երրորդը՝ չգիտես թե աշխարհի որ անիծյալ եզերքով, հետո, Էրգիր հասնելուն պես նորից մեկտեղվել են ու խառնվել սասնա լեռները պատած օտար ամպերին։
«Իհարկե, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»,- կպատասխանեի ես, եթե հարց տվողը դիվանագիտության պատմության դասախոսս լիներ։ Ցավոք նա էլ չկա, իր «ծավալապաշտական նկրտումների» հետ հաշիվները մաքրել, դիվանագիտության պատմության մգլած եռահատորյակը գոցել ու հեզ ու հնազանդ իր հանգիստն է վայելում սիրելի Հռոմում։
Եթե երեխա լինեի, առանց հետին մտքի կասեի՝ տուն, տնից լա՞վ տեղ։ Բայց ափսոս տարիներն արել են իրենց սև գործը, տուն գնալու ցանկությունը անորոշ ժամանակով զմռսել ու հետին մտքերով մթագնել ուղեղս։
Եթե պապս ու դասախոսս չկան, այլ հնարավոր հուշարարների ու շահագրգիռ մարդկանց էլ այս պահին չեմ մտաբերում, ստիպված եմ ինքնուրույն լուծել գլուխկոտրուկը, մանավանդ՝ գեներալի ծագումն ու անցած ճանապարհը գրեթե հուշում են, թե ինչ է խմորվում լեզվի տակ․
– Պարոն գեներալ, բոլոր ճանապարհները տանում են Արցախ,- այնպիսի վստահությամբ եմ ասում, որ գեներալը հիացմունքով սեղմում է ձեռքս ու խրատում:
– Եթե հարցին չպատասխանեիր, այս գաղտնի հանձնարարությունը ուրիշին էի վստահելու։ Ի դեպ, շնորհավորում եմ։
Այ քեզ բան։ Ո՞վ կմտածեր, որ ամերկացի կոնգրեսի փորձագետ Ջոնսոնին ծպտյալ Արցախ ուղեկցելու դժվարին պարտականությունը հենց ինձ են վստահելու, նորելուկ կապիտանին, որ Արցախում երբևէ չի էլ եղել։ Ո՞վ կմտածեր, որ հազարամյակներ շարունակ դեպի Հռոմ տանող ճանապարհները մի ինչ-որ առեղծվածային պահի, մի ինչ-որ առեղծվածային գեներալի ձեռամբ պիտի փոխեին հունը ու բռնեին մի անհասկանալի ուղղություն դեպի աշխարհի կողմից մոռացված այն անկյունը, որը միջազգային լրատվամիջոցները համառորեն բնորոշում են որպես չճանաչված հանրապետություն։
Իսկ եթե հրաժարվե՞մ, ու խոստովանեմ, որ Արցախում չեմ էլ եղել։ Էլ ինչ կապիտան, որ Արցախում երբևէ չի եղել, ինչ ուսադիր, ինչ բան, երևի ընդհանրապես հրաժարվեմ, շառից փորձանքից հեռու, ինչպես կասեր հորեղբայրս։ Պարկետային կապիտան՝ չի էլ հնչում։ Այսպիսի խառը մտքերով համակված ձեռքս ինքնաբերաբար մեկնում եմ գեներալի պարզած ձեռքին ընդառաջ, ու ոչ թե ես, այլ ներսումս թաքնված ինչ-որ անտեսանելի մեկը, որ միշտ երազել է Արցախ գնալ, վրա է բերում․
– Իհարկե, պարոն գեներալ,- ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ուղեկցել ամերիկացի կոնգրեսականին, այն էլ՝ հատուկ առաքելությամբ։
– Վերջ։ Առավոտյան մեկնում եք, մեքենան կվարի Չյոռնին,- կարճ է կապում գեներալը։
Եթե մեքենան Չյոռնին է վարելու, լեգենդար գեներալի լեգենդար զինվորն ու ոչ-պակաս լեգենդար վարորդը, ում ղեկի արքա էին անվանում, անպայման ամեն ինչ լավ կլինի։ Չյոռնիին բոլորը գիտեին որպես Չյոռնի, ու իսկական անունը երբևէ չէի էլ իմանա, եթե տարիներ հետո չպարզվեր, որ յուրահատուկ ազգանուն կրող դասընկերուհուս զարմիկն է, ու ինք էլ նույն ազգանունն է կրում։ Միայն ասեմ, որ շատ գեներալներ Չյոռնիի հետ «Դուք»-ով էին խոսում, հենց այդպես էլ ասում էին «Բարև Ձեզ, Չյոռնի ջան, Դուք կարո՞ղ եք այս հարցը լուծել, և այլն, և այլն․․․»
Եվ այսպես, ղեկի արքա Չյոռնին, արկածախնդիր կոնգրեսական Ջոնսոնը, նորելուկ կապիտանն ու մի մութ անձնավորություն, որ այդ օրը իր կարևոր ներկայությունն այդպես էլ չզարդարեց գեթ մեկ արտաբերած բառով, ընկանք ճամփա։ Հազիվ էինք շարժվել, երբ Չյոռնին վառեց թունդ սիգարետը ու ծուխը փչեց մեքենայի մեջ, հենց ամերիկացու քթին։ Բա իհարկե, ամերիկացուն պետք է գլխանց հասկացնել, թե ով է այստեղ տերն ու տնօրենը։ Այդ օրը սիգարետը պիտի մխար֊մխար ու այլևս չիջներ Չյոռնիի շրթունքներից, մեքենայի խցիկը պարուրելով այնպիսի մառախուղով, որ հազիվ էինք կարողանալու իրար նշմարել։ Շրթունքներից չիջավ նաև այն պարզ պատճառով, որ Չյոռնին ծխելու համար ընդհանրապես ձեռքերը չէր օգտագործում, շրթունքների ու ատամների խաղով ծամծմում էր կոթուկը ու պատուհանից դուրս թքում, վայրկյան անց հաջորդը վառելու համար։ Որպեսզի միամտաբար չմտածեք, թե ձեռքերով ղեկն էր բռնում (հո ծնկները չէին ցավում), պարզաբանեմ, որ մի ձեռքով բջջային հեռախոսն էր պահում ականջի մոտ, իսկ մյուս ձեռքն ապահովում էր իր խոսքի ձեռնախաղային արտացոլանքը։ Խեղճ ամերիկացին համարյա հարմարվել էր մեքենայի ղեկին Չյոռնիի վարած նիստ ու կացին, երբ հանկարծ մեքենան արգելակեց, բեռնախցիկից հանեց օղին ու իր «թաշախուստան» ու մեղադրեց ինձ, թե կոչումս չոր է, շատ-շատ չոր, այնքան չոր, որ մեքենան առաջ չի գնում։ Ապա ութ փայլուն ու մանր աստղերը լցրեց երկու հարյուր գրամանոց բաժակի մեջ ու առաջարկեց խմել ցմրուր, մի հարյուր-հարյուր էլ իրեն, ամերիկացուն ու մութ անձնավորությանը լցրեց։ Իմ փաստարկը, թե աստղերը օղիով օծելու արատավոր ավանդույթը գալիս է հյուսիսից և հարիր չէ հայ սպայի նկարագրին, և ամերիկացու հանդիմանանքը, թե վարորդը ոչ մի պարագայում իրավունք չունի խմելու, այն էլ ցմրուր, ոչ մի ազդեցություն չթողեցին․ ղեկը Չյոռնիի ձեռքին էր և մենք ստիպված էին ցմրուր ենթարկվել։ Մենք խմեցինք օղին, ես մեկիկ-մեկիկ լպստեցի աստղերը, հայտնվեցի կապիտանական ուսադիրների բարձունքին ու թոթովեցի․
– Ծառայում եմ հայրենիքին։
– Անու՜շ,- ծորացրեց Չյոռնին։
– «Գուդ ջոբ»,- բթամատը վեր պարզեց Ջոնսոնը։
Մութ անձնավորությունն իհարկե չխմեց, նա պիտի միշտ սթափ մնար, կոնգրեսական Ջոնսոնի դավադիր մտադրությունները բացահայտելու համար։ Իսկ դավադիր մտադրության հիմքում ընկած էր այն հանճարեղ գաղափարը, թե հաջողեցնելու է հաշտեցնել թշնամիներին և նախագահներին արժանացնել Նոբելյան մրցանակի։ Որքան էլ փորձեցի համոզել, թե մեզ նոբելյան մրցանակ պետք չէ, ոչ էլ թշնամուն է պետք, Ջոնսոնը անդրդվելի մնաց։ Ասաց, թե իբր ջահել եմ, բան չեմ հասկանում, խաղաղություն չեմ ուզում, մտագար եմ։ Մինչ մենք քննարկում էինք նոբելյան մրցանակի հնարավորությունները, Չյոռնին մտել էր իր տարերքի մեջ ու հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագության ալիքների վրա բջջային հեռախոսի մեջ հայհոյանքներ էր ոռնում ինչ-որ չկատարված խոստումի առիթով․
– Ես ձեր մերը․․․
– Կինն է զայրացրել,- իբր թարգմանում եմ ես, փորձելով արդարացնել Չյոռնիի զայրույթը։
– Պերեկուռ,- շուտով ասաց Չյոռնին, իբր մինչ այդ զուրկ էր մնացել ծխելուց, հայհոյանքներից ու կյանքի այլ հաճույքներից, ու արգելակեց մի հրաշալի տան շեմին, որ, ինչպես պարզվեց քիչ անց, քավոր Սպոյի տունն էր։
«Պերեկուռ» ասվածը քավոր Սպոյենց տանը մի քանի տասնյակ ուտեստներով հագեցած սեղան էր և իհարկե սեղանի զարդը` քարահունջի օղին։
– Լցրեք,խմենք մեր չճանաչված հանրապետության կենացը,-առաջարկում է ամերիկացին։
-Ավելի ճանաչված չի էլ լինում,-հանդիմանում է Սպոն։
-Եթե հաջողվի ծրագիրս իրականացնել, երկու նախագահներին Նոբելյան մրցանակի կարժանացնեմ,-նույն երգն է երգում Ջոնսոնը,-մի հարց եմ ուզում տալ, ճի՞շտ են ասում, թե մեր գեներալը լոգարանից վարել է մարտը, համ սափրվել է, համ էլ բոլորին հավաստիացրել, թե գտնվում է հիամանատարական իր կետում, ու այդպես հիշողությամբ հրամաններ տվել ու հաղթել կարևոր ճակատամարտը։
– Մեր բոլոր զինվորները աչքերը փակ կարող են մարտ վարել, որովհետև տանն են գտնվում, հավաստում է քավոր Սպոն,- մի մեծ բան չի արել։
– իսկ ճի՞շտ են ասում, թե գեներալին այդ հաղթանակի համար այն ժամանակ պատժել են, վերադաս հրամանատարությանը մոլորության մեջ գցելու համար,-Ջոնսոնի հարցին հենց ինքն էլ պատասխանում է,- մի այդպիսի ռուսական ասացվածք կար, ասում էր, թե ցանկացած նախաձեռնություն պատժելի է։
– Այո, ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում,- փիլիսոփայում է Չյոռնին։
– Իսկ ճի՞շտ են ասում, թե այդ մարտում մեր թափած միակ արյունը ցայտել է գեներալի այտից, երբ սափրվելուց կտրել է մաշկը,- հարցնում եմ ես ու պատկերացնում, թե ինչպես է գեներալը հայելու մեջ տեսնում մոտակա բլուրները, թշնամու դիրքերն ու մոտեցող ուժերը, թե ինչպես է արյունը կաթում գեներալի այտն ի վար։ Քարահունջն արդեն խփել է գլխիս, պատկերացնում եմ, թե ինչպես է գլխավոր հրամանատարությունը օրհասկան պահերին գեներալին կանչում, ածելին տալիս ձեռքը ու խնդրում սափրվել։
– Քարահունջը նույն Սթոունհենջն է, Անգլիա գնացած մարդիկ հինգ հազար տարի առաջ մեզնից են այն գողացել,֊ ամերիկացուն լուսավորում է Չյոռնին։
– Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա Քարահունջը հնադարյան քարերի կառույց է, թե օղի,- մտմտում է Ջոնսոնը։
Չգիտենք, Քարահունջը քար է, թե օղի, բայց այնպես է խուժել մեր գիտակցության մեջ,որ չենք էլ հասկանում, թե ինչպես ենք նորից հայտնվել ոլոր-մոլոր ճանապարհներին, Չյոռնիի արդեն հարազատ դարձած խեղդող ծխի, հեռախոսի մեջ հնչող մշտադալար լուտանքների, մութ անձնավորության բացակա հայացքի գողտրիկ միջավայրում։ Մենք սլանում ենք լեռների միջով, թանձր մառախուղի միջով, չգիտեմ ինչի միջով, հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագությամբ։
– Պարոն Ջոնսոնին ասա թող աչքերս հետևից ձեռքով փակի, այս ճանապարհը հինգ մատիս պես գիտեմ, ասա թող չվախենա,- իր միտքը թարգմանելու խնդրանքով հերթական անգամ ինձ է դիմում Չյոռնին։
– Վարորդն ասում է, որ չվախենաք, իր տան ճանապարհն է,-հնարավորինս կարճ բացատրում եմ։
– Պարզից էլ պարզ է, եթե իր գեներալը լոգարանից մարտ է ղեկավարում ու հաղթում, վարորդն էլ աչքերը փակ կսլանա լեռնանցքներով։ Սևին ասա, իմ բոլոր նախնիները գեներալներ են եղել, միայն ես եմ շեղվել ճիշտ ուղուց,- Չյոռնիի մականունը թարգմանելով շարունակում է Ջոնսոնը, ձեռի հետ էլ ցույց տալիս, թե իբր ռուսերեն է հասկանում, – Այնպես որ` ինձ չես վախեցնի։
– Թարգմանի, որ այս լեռներում սավառնում է Նժդեհի ոգին,- շարունակում է Չյոռնին ու մի դասախոսություն կարդում մեր ազգի հերոսական էջերի մասին։
Այդ պահին բոլորս, գուցեթե նաև մութ անձնավորությունը համոզվում ենք, որ մառախուղը Չյոռնիի, նույն է թե այս ժողովրդի համար գոյություն չունի։ Այսինքն մառախուղը որպես բնության երևույթ, գուցե քաղաքական կամ չգիտեմ ինչ շղարշ, ինքն իր համար կա, սակայն Չյոռնիի տեսողութունը ճեղքում է մառախուղի թանձր պատն ու ավելի առաջ տեսնում։ Այնքան առաջ է տեսնում, որ Ջոնսոնին իր առաքելության հարցում ոչ մի լավ բան չի կանխատեսում.
– Թե ասա ի՞նչ գործ ունես, բանակցություն֊մանակցություն, արի գնանք ֆռֆռանք, մի երկու վանք֊բան, սար֊ձոր նայենք գանք։
Որպեսզի գլուխներդ շատ չցավեցնեմ, պատմության ամենակարևոր մասը կարճ կպատմեմ, մանավանդ՝ ժամանակ չունեցանք վանք-մանք, սար ու ձոր նայելու, մանավանդ՝ որպես անվստահելի անձնավորության համարյա ոչ մի հանդիպման չթույլատրեցին մասնակցել։ Երևի շատ էի խմել։ Աղոտ հիշում եմ միայն երեք պատգամավորներին, որ այդպես էլ չիմացան, թե ում հետ էին հանդիպում, ու թե այդ մարդն ինչ էր ուզում իրենցից, ինձ սենյակից դուրս հրավիրող նախագահին, ինձ մխիթարող վաղեմի դասընկերոջս, որ նախագահի օգնական էր դարձել։ Բայց ամենատպավորիչը, որ երբեք չեմ մոռանա, սահմանագծի հավաքարարներն են, որ լույսը դեռ չբացված՝ զինվորական կարգապահությամբ ավլում են ճանաչված ու չճանաչված հանրապետությունների սահմանագիծը։ Ցախավելներն առած ավլում ու ավլում են, դիվանագիտական ու քաղաքական կեղտն ու փոշին կոլոլում ու լցնում են աշխարհի աչքը․ ահա քեզ չճանաչված հարապետություն։ Չճանաչված հանրապետություն, որտեղ գեներալներն ու վարորդները աշխարհի ջիգրու աչքերը փակ են հաղթում ու սլանում մառախլապատ լեռներով դեպի անսահմանություն, ու որտեղ բոլոր ճանապարհները տուն են տանում։ Այդ պահին սկսում ես մտածել, թե պապիդ մասնատված հոգին մինչև մեկտեղվելը գուցե այստեղով էլ է անցել։ Ո՞վ գիտե, դիվանագիտության դասախոսդ էլ գուցե Արցախով է Հռոմ գնացել։
Պատմությունն իհարկե կատարյալ ավարտ կունենար, եթե Ջոնսոնը մնար չճանաչված հանրապետությունում, ասենք սիրահարվեր սլացիկ հավաքարարուհիներից մեկին կամ նման մի բան։ Բայց եթե մնար, աշխարհը չէր իմանա սահմանագծի հավաքարարների, աչքերը փակ կռվող զինվորների, խելագար վարորդների, կասկածամիտ պատգամավորների ու շատ ու շատ բաների մասին։ Մեր ուղևորության հետադարձ մասը գրեթե նույնն է, հակառակ հաջորդականությամբ, նույնիսկ Սպոյենց տան «պերեկուռը»։ Միայն վերջում Ջոնսոնը հոգնեց, խնդրեց կանգնել մայրաքաղաքի մատույցներում, շնորհակալություն հայտնեց ու ճոճվելով գնաց։ Գնալուց առաջ մի ծրար տվեց Չյոռնիին ու ասաց, որ կնոջը հանձնի։ Ասաց, որ Սևը իր հանդիպած ամենատպավորիչ վարորդն է, մի մարդ, որ մեքենան վարում է հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագությամբ, լեռնային ոլոր֊մոլոր ճանապարհներով, ղեկը պտտում ծնկներով, մշտապես ծխում ու հեռախոսով լուտանքներ թափում աշխարհի վրա, ձեռի հետ պատմական ակնարկներ անում ու անվերջ օղի խմում, ինչն իհարկե կարելի էր հանդուրժել, եթե տեղի չունենար թանձր մառախուղի մեջ։ Ասաց, թե իր շնորհիվ ի վերջո հասկացել է, թե ուր են տանում բոլոր ճանապարհները։
Առավոտյան, երբ մառախուղը ցրվեց ու արևը դուրս եկավ, գեներալին զեկուցեցի, որ առաքելությունը պսակվել է հաջողությամբ։ Ասում են, երբ առավոտյան Չյոռնիի կինը սեղանի վրա հայտնաբերել է ծրարը ու հետաքրքրվել, թե ինչ է պարունակում այն, Չյոռնին քնաթաթախ մրթմրթացել է․
– Հեչ, Նոբելյան մրցանակ եմ ստացել։