մոտեցող
50-ամյակիս կապակցությամբ
ճիտիս պարտք եմ վերցնում
ժողվել
առողջ և ուժեղ
կենսախինդ ու ամփոփ
50 բանաստեղծություն
թե ինչպե՞ս եմ
գլուխս ազատելու
սա փորձանքից
դեռ չեմ գիտեր
2
առանձնապես
ոչ կլոր ամյակներուս վրա եմ սևեռված
ոչ պոլոզ
ըշտը
առիթ է
բանաստեծորեն
ինքզինքըս անուշ մը լկստվելու
3
ջահել օրերիս համեմատ
թեքվել-կզկտել եմ մի քիչ
խուճուճ
սարթ մազերս թափվել
քաչալացել
տգեղացել եմ լրիվ
ծխում եմ շատ
խմում եմ շատ
պսորիազն էլ
լափել է մաշկս
ալ առաջվա
աղեկը չեմ
4
ինձ պես մեկին
լույս աշխարհ բերելու համար
էս մոլորակը
քրտնփչած
տաքուպաղ էղնելով
պատկերացնու՞մ եք
4,5 միլիարդ տարի
անդուլ պտտվել-աշխատել է
առանց ինձ էլ
ասենք
հողը արգավանդ կլիներ
զեռուները սոված չէին մնա
հասկանում եք չէ՞
բայց ոչ
հենց ինձ
հենց ինձ
պետք էր անտարակույս
էստեղ զետեղել
հըբը ինչղ
անկրկնելի
արարաչագործության պսակ
ջոկեցիք չէ՞
5
հրեշտակ էղնեի էլի
անմարմին անսեռ
անդարդ
մեկուսի
խոնարհ
հրեշտակների շարքի վերջում
Աստծո զորությունը
ու փառքը
զվարթորեն երգեի
միայն երգեի
ջոկեցիք չէ՞
6
տո ոչ էլ
աստանդական բանաստեղծ դառա
ասենք Բասյոյի պես
ինչ հայրենիք
ինչ ընտանիք
ինչ կնիկ
ինչ ճժեր
ինչ բանուգործ
ինչ չուլուփալաս
չխիզախեցի էլի
ջոկեցիք չէ՞
համարյա
վերևի հրեշտակը կէղնեի
7
տիա
մի քանի ժամ էլ
ուզում եմ
կենտրոնանամ
ինքս իմ մեջ սուզվեմ-պայծառանամ
մի քանի տող գրեմ
չի ստացվում
էրեխեքս չեն թողնում
զոռով ղրկում եմ քնելու
չեն քնում
ընդհանրապես
էս թեմայով
վիճակագրություն կա՞
ընտանիքավոր արարիչնե՞րն են
ավելի արգասաբեր շնորհալի
թե՞ առանձյակները
Բախը Տոլստոյը Թումանյանը
ընդդեմ Մոցարտի Նարեկացու Ուիթմենի
հրես
ոչ մի օրինաչափություն էլ չկա
8
զանձս
պահիկ մը մոռնամ
զերկիրս լամ
իդա լաո
մեր վիճակ
հեչ վիճակ չէ
ինդո՞ր պիտի էղնի մըր հալ
իմա՞լ տի զորնանաք
մտիան էրինք
մըր Սասուն ու Մուշ
մտիան էրինք
մըր Ծովասար ու Բանձրիկ Մարաթուկ
մտիան էրինք
մըր Կարին ու Կարս
մտիան էրինք
մըր Վան ու Նախճվան
մտիան էրինք
հացն ու գինին Տեր կենդանին
մտիան էրինք
զԽաչն Պատերազմին
հեյ վախ
հեյ վախ
Արցախ դշխո աշխարհ
մկա քեզ էլ կորուսեցինք
դառնանք զօղորմին չտանք
ուրացողներին ու դավաճաններին
դառնանք զօղորմին չտանք
հարստահարողներին ու կաշառակերներին
դառնանք զօղորմին չտանք
քաղաքական գլխներին
իշխանական ջոջերին
9
Գյումրի
փոշե փոշե փոշեհատս
փոշենյութս փոշեսյունս
փոշեղենս փոշեհույզս
փոշեպատս փոշեամպս
փոշեբույրս փոշեգույնս
փոշեբուքս փոշեփողս
փոշեմուղս փոշեկուլս
փոշետունս փոշետուփս
փոշեպարկս փոշեթուղթս
փոշե փոշե փոշեմաղս
փոշեկոլոլս փոշեկուտակս
փոշեթաթախս փոշեխռիվս
փոշեհոտս փոշեհամս
փոշեձեռս փոշեաչս
փոշեմերս փոշեհերս
փոշեհարսս փոշեծածկս
փոշեզարմս
փոշեցրիվս
փոշեխելառս
փոշե փոշե փոշեզավակս
10
Գյումրի
զահրատեղեն
փոս մը փոս մը փոսեր
փոս մը քար մը
փոս մը փոս մը քար մը
ջրափոս մը ցեխ մը
ջրափոս մը ցեխ մը
քար մը
ցեխակոլոլ փոս մը
հետո կյանք մը
ուրիշ կյանք մը
կյանք կյանքի քով
փոս մը ցեխ մը
հետո մահ մը
մահ կյանքի քով
դյուրին մահ մը
դժվար մահ մը
պզտիկ փոս մը
պզտիկ քար մը
11
ընդդեմ ջերմոցային բանաստեղծությունների և բանաստեղծների
հեծանիվովս Կապս գնացի
լոբի ցանեցի և ոլոռ
դեղի համար
երեք հարյուր խատուտիկի գլուխ հավաքեցի
հիացա ծաղկած խնձորենիներով
ու բալենիներով
հինգ մեղվի
առանց խղճի խայթի
խայթել տվեցի
ոտքերիս և ձեռքերիս
հարդարեցի աներոջս մազերը
երշիկով ծվածեղ սարքեցի
և աներոջս հետ օղի խմեցինք
ամաները լվացի
հեծանիվովս տասը կիլոմետրը հաղթահարելով
նորից տուն վերադարձա
12
երկու օրից
կլրեմ հիսունս
բայց շարքս չկարողացա
վերջացնեմ
էս խառնակ օրերում
ոչ հավես մնաց
ոչ ներշնչանք
13
թղթիկ մը գրեմ
Ապաղոնին
առժամանակ կասեցնի
կամ թե սառեցնի
բանաստեղծական ծառայություններս
14
երեք օր էլ
համուհոտ չեմ առնում
ոչ կյանքից
ոչ հաց-մացից
հավանաբար
քովիդն է ճանկել
15
Իսրայելը շարունակում է
ցեղասպանել պաղեստինցիներին
Ռուսաստանը շարունակում է
ցեղասպանել և ուկրաինացիներին
և իր որդիներին
ուղղաթիռի վթարից զոհվեցին
Իրանի նախագահը և կառավարության մի քանի անդամ
մենք վախկոտավարի
սահմանազատվում-սահմանագծվում ենք
մեր պապենական հողերից
Բագրատ սրբազանը հունից դուրս եկավ
Դեբեդը հունից դուրս եկավ
վարչապետը ձևականորեն հեծանիվ է քշում
և խոսում դրա առավելություններից
Փարիզում շուտով
օլիմպիական խաղերն են
16
30 տարի և ցմահ
դու լևոնական ես
իսկ դու ռոբասերժական ես
նրանք նիկոլական են
քպական հողատու
դու շուն-շանորդի դաշնակցական ես
իսկ դու համ դոդ ես
համ էլ կաշառակեր հանրապետական
նրանք կապիտուլյանտ են
զոմբի ժեխամբոխ
դու թուրքի գործակալ ես
իսկ դու ջհուդի զավակ
նրանք էլ ռսի
քամակ լիզողներ
17
15-օրյա թերի քաղվածք
Ազատավանի կամրջի վրա
«Honda»-ն բախվել է ճանապարհի արգելապատնեշին
շարժիչը դուրս է թռել մեքենայից
կան զոհեր
ողբերգական դեպք Գեղարքունիքում
ջրասուզակները գետից դուրս են բերել
վարորդի կնոջ և երեխայի մարմինները
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
բախվել են Չինաստանի քաղաքացու
և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները
Մասիս-Այնթապ ավտոճանապարհին
բախվել են «BMW X 6»-ը և «ՎԱԶ 2106»-ը
3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
կա 2 զոհ 2 վիրավոր
վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին
կա զոհ և տուժած
Տավուշի մարզում
եկեղեցու ճանապարհին կողաշրջվել է «УАЗ» ավտոմեքենա
կա 4 վիրավոր
Երևանում բախվել են 3 մեքենա
1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին «Zil»-ը
դուրս է եկել երթևեկելի հատվածից
բախվել քարերին և կողաշրջվել
Toyota-ն հայտնվել է ճանապարհի կողնակում
բախվել չիչխանի հյութերի տաղավարին
վարորդի մայրը մահացել է
ավտովթար Երևան-Գյումրի «մահաբեր» հատվածում
քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
կա զոհ
Երևանում բախվել են «Kia»-ն ու «Ducati» մոտոցիկլը
մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
«Opel»-ը վրաերթի է ենթարկել
փողոցը չթույլատրելի հատվածով անցնող
մորն ու նրա անչափահաս դստերը
«Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան
Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում
Վեդիի վարչական տարածքում
վրաերթի է ենթարկել հեծանվորդին
ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի
բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին
ապա դուրս եկել երթևեկելի գոտուց
և մոտ 20 մետր առաջանալով հայտնվել դաշտում
կա 5 վիրավոր
Արմավիրում «Ford Fusion»-ը գլխիվայր
հայտնվել է դաշտում
կա 1 զոհ
4 վիրավորներից մեկն անչափահաս է
վերջին զանգի 19-ամյա մասնակիցը
«Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին
ու հայտնվել ձորակում
Երևան-Աշտարակ ավտոճանապարհի
Պռոշյան գյուղի վարչական տարածքում
բախվել են «Mercedes»-ը «Mercedes Sprinter»-ը
«Ford Transit» «Nissan»-ը «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը
կա 7 վիրավոր
3 մեքենա բախվել են Երևան-Իջևան ճանապարհին
տուժածների վիճակը միջին ծանրության է
ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք
կան տուժածներ
անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
18
– դու խոսիր
գորշ գայլ եղբայր
– իմ մեթոդները պարզ են
ժամանակի քննությունը բռնած
ժանիքներիս պես
միշտ աշխատող և արնածոր
ցեղասպանել նրան
բնի մեջ մորթել
հայրենիքից փախեփախ անել
իսպառ ջնջել նրա գոյության հետքերը
նրա ամեն ինչը սեփականացնել
խնդրեմ
իմ լակոտներից մեկը
հենց հիմա
դանդաղորեն հոշոտում է նրան
– դու խոսիր
գորշ արջ եղբայր
– ես նրան
միշտ հայտնվում եմ որպես փրկիչ
և իմ արջի ծառայությունը առաջարկում
մեր մեջ ասած
ես նրա հավատարիմ դաշնակիցն եմ
մեծ եղբայրը
նրան շշմեցնելը
սիրաշահելը ահաբեկելը
փուչ խոստումների
սին երազանքների մեղրով բժժցնելը
ինձ համար խաղուպար է
խնդրեմ
նրա հինավուրց
ցմքած մարմնով մեկ
իմ գործակալ ճանճերը
զեռուներն են վխտում
– դու խոսիր
գարշահոտ հոպոպ քույրիկ
– ես ատում եմ նրան
բիբլիական ժամակներից ի վեր
նրա աստվածային ծագումը
խելացնորում է ինձ
նրա բնակատեղին
ինձ խոստացված երկիրն է ավետյաց
ես հիմա եմ հոպոպ
իսկ առաջներում ինձ
քանանական շուն են կոչել
ակն ընդ ական
ատամն ընդ ատաման