Իր ժողովածուներից մեկը Վարդան Հակոբյանն անվանել է «Բանաստեղծությունը սահմանի վրա»:
Ճիշտ է, բանաստեղծությունից ավելի վսեմը միայն բանաստեղծությունն է, բայց այս նոր ժողովածուն, որ կոչվում է «Ջրի հիշողությունը» պայմանականորեն կարելի է անվանել «Բանաստեղծությունը սահմանից անդին»: Բնութագրումը թերևս մաքուր տրամաբանական է, բայց սուբյեկտիվորեն միանգամայն իմաստավոր է: Հակոբյանի պոեզիան մշտապես եղել է իմ քննադատական որոնումների կիզակետում: Անդրադարձել եմ նրա գրեթե բոլոր ժողովածուներին, ստեղծել մի ամբողջական գիտություն, սահմանելով նրա ստեղծագործական ուղին «Մեղեդիներից մինչև առասպել»:
Թվում է՝ ավարտել էի իմ խոսքը բանաստեղծի մասին, և չէի ակնկալում նոր հայտնություն առասպելից հետո: Բայց հայտնությունն իրոք եղավ և «Ջրի հիշողությունն» արդեն առիթ է տալիս առհասարակ խոսելու Վարդան Հակոբյան երևույթի մասին, արդի հայոց բանաստեղծության տեսադաշտում:
Նույն պոետական աշխարհն է՝ ճանապարհ, թևերի հեռուն, բնության շնչառությունը, սեր, կարոտ, մենության երազանք և այլն: Եվ սակայն կա կենսաբանական վերհուշի մի անդարձ կարոտ, որ թախծի միստիկական երանգ է տալիս բանաստեղծի պոետական անուրջներին.
Անդառնալի, անդիմադրելի կարոտը
Խեղդում է ինձ: Բայց ափսոս, ոչ մի
Գետ այլևս ետ չի գնում, որ
Վերադառնամ երկիրս հայրենի: Ու մենության մեջ
Լսում եմ մի ձայն՝ ապրելու ելքը մեռնելն է:
Երբ կյանքն ու մահը ձուլվում են հավերժությանը, գոյության իմաստի հոռետեսական խոհերը ուրույն գրավչություն են տալիս հոգու երանավետ ձգտումներին՝ «Երա՞զ է, հեքիաթ, թե իրականություն».
… Ես անցյալ-կորուսյալ
Քարեր եմ հավաքում, օրեր եմ հավաքում, հավաքում եմ ձեղումներ
Ու դռներ… Որտե՞ղ եմ վաղը ապրելու,
եթե կորցնեմ հանգրվանս
Վերջին՝
Հույսը հանդիպման: Հիշո՞ւմ ես միշտ ասում էիր,
Թե մենք միասին բնակվելու ենք ինչ-որ անհայտ
ծաղկի կոկոնում, իսկ
ծաղիկը հեռվում է, հեռուն էլ հեռու է, յոթ ծովերի խորքում:
Հակոբյանի պոետական իրականությունը իռացիոնալ իրականություն է, ուր հեռուն պատկերը փոխաձևում է պատկերացումի: Իմացության հարաբերականը աշխարհընկալման այբուբենն է, որից սկիզբ է առնում պարադոքսի այլաբանության ենթաբնագիրը: Եթե այսինչ երևույթը սխալ չէ, բնավ չի նշանակում թե ճիշտ է: Գեղեցիկ է գաղափարը, երբ անջատվում է նյութից, գեղեցիկ է էկզոտիկ հեռուն և հեռավորության մեջ անտեսանելին. «Դու երբեք ինձ մոտիկ չես լինում, և ես սկսել եմ արդեն սիրել… հեռուն, իսկ հեռվի մեջ անհայտությունը» հեռու հեռավոր հորիզոններում.
Օրս բացվում է թռչնի թևերին,
Թռչնի թևերին օրս մթնում է,
Երգս հյուսվում է լույսի թելերին,
Հույսի թելերին կյանքս հատնում է:
Հեռավորությունը, հորիզոնները, անտեսանելին հոգու ազատագրության ճիգերն են, բանաստեղծի երազանքը անջատվելու երկրային կապանքներից և վերևների անաղարտ եզերքներում գտնելու խաղաղ հանգրվանների երգը: Այստեղ արդեն բանաստեղծության հանգը փիլիսոփայական հնչեղությամբ ասույթներ է ձևաբանում շարականի էքսպրեսիվ պարզությամբ. «Կարևորը ընթացքն է, ոչ թե ուղղությունը, որովհետև ի վերջո բոլոր ճանապարհները նույն կետին են հասնում, եթե չեն մնում ճանապարհին».
Ծաղիկը թեքվել էր
քո չասած խոսքի վրա:
Բացատում խավար էր
բացարձակ:
Եվ ժամ եղավ, ճարճատուկի
ցողունը խփեց
Որձաքարին և նրանից
Հարյուր ծաղիկ ելավ միանգամից:
(«Մանրաքանդակներ»)
Պայմանականորեն ասած, սա ավելին է, քան բանաստեղծությունը, ընկալման ռեֆլեքսիան «դուրս» է բառերի կապակցությունից և մտքի ու զգացմունքի ինտելեկտուալ միասնությունը էսթետիկական բարձր հնչեղություն է տալիս բանաստեղծությանը: Առհասարակ, Վարդան Հակոբյանի բանաստեղծության մորֆոլոգիան ընդլայնում է պոեզիայի խրոնոտոպը և ուրույն ուղղություն է նշանավորում արդի հայ պոեզիայում:
«Ջրի հիշողության» երկրորդ բաժնում պոեմներ են, բանաստեղծի բնութագրմամբ՝ տիրադներ, որոնք ըստ կառուցվածքի նորույթ են ժանրի պոետիկայում: Ո՛չ սյուժե, ո՛չ պատմություն, ո՛չ հրապարակախոսական հղում և ոչ իսկ քնարական խոհերգություն, այլ մտքի պոետական զեղումներ կայի ու չկայի առեղծվածներում՝ տիրադը խորհրդանշող հասկացությամբ: «Հիմարության առիթմիա» տիրադի մոտիվը «Հիմա սիրո ժամանակը չէ… ու տրտում են սոսիները» բանատողն է, որ կապ է ստեղծում միայն բանաստեղծի երևակայությամբ զուգորդված մտահանգումների միջև.
Դիոգենեսին երեկ պատահմամբ հանդիպեցի մեր
Ջրաղացի ձորում, ձեռքին
լապտեր չկար, հարցրի՝
ո՞ւր է, դժգոհ թափահարեց ձեռքը և ասաց, որ
հիասթափվել է
անօգուտ փնտրտուքից, նետել է ձորը…
Հիմա սիրո ժամանակը չէ… ու տրտում են սոսիները:
Տիրադներում առավել բացահայտ է Հակոբյանի գրչի ազատությունը՝ թե՛ ձևի և թե՛ ասույթի առումներով, որ առերևույթ կարծես բացառում է իրերի տրամաբանության կարգը: Դիտենք «Բառը հասարակածի վրա» տիրադը: Ասեմ, որ բառի գեղագիտության դրույթը մշտապես եղել է Հակոբյանի գրական մտածումների կիզակետում՝ մշակութաբանական ամենալայն հասկացությամբ: Այս իմաստով կարելի է ասել, որ սույն տիրադը բառի գեղագիտության փիլիսոփայական ընդհանրացումն է.
Երբ մեկն ինձ հետ խոսում է ոչ մայրենի
լեզվով, թվում է՝
խաբում է
ինձ: Բառը: Բայց ուրիշ է, երբ…
Ես ու իմ միտքը հակադիր
Բևեռներից ենք գալիս, հանդիպում ենք
Այնտեղ, ուր չեն խաչվում ուղիները: Եվ բառը
մեր միացումն է: Բառը,
որ մի ամբողջ գիշեր մնացել էր
իմ ու քո արանքում՝ առավոտյան արդեն
ծեծում էր դուռը Երուսաղեմի:
Այս նախերգանքին հետևում է բառ ֆենոմենի տիեզերական շրջադասությունը՝ գոյական ու ածական նորաձևությամբ, քանզի «Բառերը հոգնել են իրենց բառարանապարտադրական իմաստներից, նրանց պիտի դուրս հանել մտքի նոր միջավայր»: Այս նոր միջավայրում «Բառը կիսում է արևին հասնելու ծաղկի ցանկությունը», «Տիեզերքը բառ-ծաղիկ է, որ մեկնել եմ քեզ», «Դեմոկրատիան բառ չէ, գործիք է նախընտրական», «Բառը իմ և իմ հանդիպումն է՝ իմ ու իմ բաժանումից առաջ», «Ես բառի ռիթմն եմ՝ բացարձակապես անկախ տիեզերական գույներից».
…Թռչնի բառը
ծառի բառը, իմ բառը… Ձայնը ստեղծվում է դանդաղ՝
խոտի, ջրի, վազքի, քամու, քարի, լաց ու ծիծաղի,
համբույրի, ատելության և այլնի շարժումներից,
ստանում մարմին, որն ավելի նուրբ է, քան տերևի
լսողությունը:
Գեղեցիկ ու բանաստեղծական են բառ-տիրադի համատիեզերական արձագանքները՝ մոլորակի աշխարհաքաղաքական անցուդարձերի, բնության զարմանահրաշ գույների, ջրերի հիշողության, հովիտների անդորրության, երազ-հեքիաթների, Նիցշեի ու Գյոթեի իմաստասիրության, Մալարմեի պոետական մեղեդիների, համլետյան լինել-չլինելու և այլմոլորակայինների մկրտության միստիկական տեսիլքներ, որ սահմանում են «Բանաստեղծությունը ոչ թե այնտեղ է, ուր է, այլ ավելի հեռու այն վայրից, ուր գտնվում է: Ու խոհն ավելի է: Ու անվերջ ավելի»: Վարդան Հակոբյանը անցել է այդ սահմանը և, ինչպես երևում է, նրա կարապը շարունակելու է իր երգը, քանզի կոչված է առաջատար լինելու հայոց բանաստեղծության զարգացման ուղիներում:
Մեր իրականության բոլոր բնագավառներին պակասում է մի էական բան՝ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ…