ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ | Դիանա Համբարձումյանի նոր` ‹‹Դուռը թակում են›› վեպը

Անի Փաշայան

Դիանա Համբարձումյանը ընթերցողի սեղանին է դնում ևս մեկ վեպ` ‹‹Դուռը թակում են››, որ համարձակ ու սթափ հայացք է մեր
ժամանակներին, հոգու խորքերում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջին շրջանում մեր արձակում ի հայտ են գալիս նոր միտումներ ու ընկալումներ: Ալբեր Քամյուն ‹‹Փիլիսոփայությունը և վեպը›› ուսումնասիրության մեջ առանձնապես կարևորում է վիպասանի փիլիսոփայական ըմբռնումները, վեպի իմացաբանական-մտածական նշանակությունը. ‹‹Մտածել, ամենից առաջ նշանակում է ինչ-որ աշխարհ ստեղծել: Այլ կերպ ասած` ելնել մարդուն իր կենսափորձից զատող հիմնական հակասությունից` գտնելու համար սեփական ձգտումներին համապատասխանող նրանց համաձայնության հենարանը…՚ (Ա. Քամյու, Փիլիսոփայությունը և վեպը, Գրական թերթ, 1992, հ. 1): Դ. Համբարձումյանի վեպի հերոսները ‹‹պատմություններ›› չեն անում, այլ կռահում են, վերլուծում ապրածը, եղածը, տեսածը, լսածը: Միասնական ամբողջականությամբ ընթացող բազմաձայն մի քանի կերպարներ նորովի են նայում կյանքին ու ժամանակին` կանխորոշելով ապագան իր ողջ մակատեքստով: Վեպի ժամանակը ներկան է, ինչը, մի կողմից, ավելի կենդանի է դարձնում պատումը, մյուս կողմից, հնարավորություն տալիս սուզվելու այլ ժամանակների հոսքում` ելնելով այն փիլիսոփայությունից, որ անցյալն ու ապագան միաժամանակ կան ներկայում: Ներկայի` որպես քերականական իրողության մասին հետաքրքիր ձևակերպում ունի Մանվել Ասատրյանը: Նա գտնում է` ‹‹հիմա, երբ խոսում ենք›› ներկան, որքան էլ տարօրինակ թվա, իրական խոսքի պահը չէ, որ իրական խոսքի պահը, հիմնական գործողությունը ենթադրվում է (Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1988, էջ 312): Այսպիսով, օգտագործելով ներկան` որպես շարժվող իրողություն` գրողը հնարավորություն է ստանում լայնահուն ընդգրկումներ ունենալ տարածության ու ժամանակի անսահման տիրույթներում:
‹‹Դուռը թակում են›› վեպը մեր առջև բացում է մտածող, ինքնուրույն, զգայական կերպարների ու բնավորությունների նոր ներկայություն, երբ նրանցից յուրաքանչյուրը նույնքան կարևորություն ունի համահավասար բազմաձայնության մեջ` պոլիֆոնիայի կանոնի համաձայն: Երեքն էլ` Կինը, Ձիավորը և Եկվորը` վեպի առանցքում գտնվողները, կարևոր ասելիք ունեն. նրանք չորս հարյուր օր անընդհատ պատմում են իրենց և իրար պատմությունները, որ երկրի, ժողովրդի, կյանքի պատմությունն է: Այս երեք կերպարներին զուգահեռ` գրողը ստեղծել է նաև Մարգուշի խորհրդավոր ու բազմանշանակ կերպարը` աշխարհի խիղճն իր մեջ ամփոփողը, ում հիշում են, ով ոչինչ չի խոսում, բայց իր առերևույթ համրությամբ իրականում ամենաշատն է ‹‹խոսում››: Այս ամենին զուգահեռ` վեպում ապրում է մի կերպար-հանգույց ևս` երազը, որն իր ներկայությամբ չի զիջում միջուկ-կերպարներին, այլ համընթացվում է: Երազ-իրականությունը վեպի գեղագիտական ամենամեծ նվաճումն է: Գրողի հնարանքը` կարևորը երազի միջոցով պատկերելը, իրականություն դառնալու հնարավորություն ունի և վեպի շարժիչ ուժն է: Խաղ Երազի հետ` ահա այս առանցքում են համախմբվում վեպի ինքնատիպ հերոսները` Կինը, Եկվորը և Ձիավորը, որոնք միաժամանակ վեպ-դրամայի դերակատարներ են: Այս ամենի հետ աննկատ շարժվում է վեպի կյանքը. ‹‹Երազը հուշում է, հիշեցնում է, երազը սպառնում է գուշակել, կռահել, քեզ մատնել քեզ: Երազը սպառնում է ուղի ցույց տալ››: Վեպում մեր օրերի մարդն է, ով անցյալ ունի, ապագայի հուշ ունի, որ երբեմն ավելի ներկա է, քան ներկան: Ձիավորը Հայաստանն իր մեջ կրողն է` պատումի հոգևոր առաջնորդը, ժամանակի ու տարածության բավիղներում դեգերողը. ‹‹Ձիավորը հիշում է անցած ճանապարհի վտանգները, քարի ու հողի փախուստը ոտքի տակից, լեռան դավադրությունը, ոլորանների մութը, քամու վայնասունն ու արևի կարմրակաթ ջերմությունը, որ քարի միջից խոտ է հանում ու Ձիավորին խելառեցնում››: Ձիավորը միագիծ կերպար չէ. նա խառնվում է մյուս հերոսների ճակատագրերին, ուղեցույց դառնում, պարտադրում և ընդվզում: Խոր շնչառությամբ այս հերոսը, որ եկել է անցյալից, տեսնում է ապագան, հուշում է Կնոջ կարևորությունը, նաև լսում բոլորին, շարժում վեպն իր հետքով: Այս ձայնը մտածական խոր շերտեր ունի, կարևորը` հուշելու ընդունակություն. ‹‹Գոնե մեկ անգամ ճանապարհին հանդիպած մարմինները ծածկագրով պահպանում են հանդիպման պատմությունը` գրված միևնույն հիշատակարանում, որ իրենցն է ու արդեն` ամենքինը, ես սա էլ գիտեմ, որ Կնոջ տեքստից է: Հա, Կինն էլ տեքստ ունի, բոլորն էլ տեքստ ունեն, բայց չգիտեն, որ ունեն: Իմացողն էլ չգիտի, որ հենց տեքստն է թելադրում ճանապարհը: Թելադրողը տեքստն է››:
Վեպը հեռու է կենցաղային լինելուց, չնայած իր մեջ նաև կենցաղային տարրեր ունի, որոնք վավերականության երևութականություն են ստեղծում: Այն վիպասք է` հոգեբանական բարդ անցումներով և զարգացումներով: Վիպական ամբողջ շղթան հյուսված է առանձին փոքր գլուխ-դրվագներից: Հենց այս զրույց-պատումներից էլ ձևավորվում է վեպի ողջ հյուսվածքը, հերոսների անընդհատական շարժումը` թե’ հոգեբանական և թե’ ֆիզիկական, որ ձեռք է բերում անսովոր ուժ և ընթացք: Հերոսներն իրենց խոսքով լույս են սփռում այսօրվա մեր իրականության վրա, իրենց պատմություններով փնտրել տալիս մարդուն ու մարդկայինը: Վեպը հոգու ժամանակագրություն է նաև, ներաշխարհի, ճակատագրի տարաբնույթ զննումների մի տարածք, ուր հերոսները թե′ պատմություններ ու հիշողություններ ունեն, թե′ իրենց ռեալականությամբ ու կենսազգացողությամբ վերակենդանացնում են ցավի, մորմոքի, կարոտի ու սպասման տագնապները: Բոլոր երեք կերպարներին միավորում է միայնության, թախիծի, անազատության զգացումները, որոնք իրենց մեջ են կլանում ամեն ինչ` ձգվելով դեպի անանձնական ոլորտներ, ընդգրկելով տարածաժամանակային միավորներ փողոցը, քաղաքը, հայրենիքը, բնությունը, Հայաստան երկիրը, հեռուն ու մոտիկը, Արևը, Տիեզերքը: Վիպական տարածքը, կերպարային լինելով, անընդհատ ընդարձակում է իր բովանդակային սահմանները` այն հաճախ գերխիտ դարձնելով: Ունենալով ենթապատումներ` այս վեպը միկրոպատմվածքների շարք է, որտեղ գրողը մեծ կյանքի, պատումի տարեգիր է, ում տեսադաշտում չկան փոքր ու անկարևոր կերպարներ. հաճախ աննշանը խոշորանում է` դառնալով նշանակալից: Վիպական հյուսվածքներում խոհ, շնչառություն ու նյարդ կա, սրտացավություն երկրի բնակչի, կյանքի ամեն մի պահի ու, մանավանդ, ապագայի նկատմամբ:
Վեպի սկզբում առաջինը երևում է մարդը` իր անցյալով ու մտորումներով, ցավով ու տառապանքով` ճակատագրով, ապա նոր միայն ի հայտ են գալիս տարածաժամանակային պատկերները, այդ տարածության մեջ` քաղաքը, փողոցը, սենյակը: Հազվադեպ են երևում իրերը, ամբոխը, սակայն մշտապես ներկա են բնության պատկերները: Սակավ ու գրեթե ‹‹անանուն›› հերոսներով` գրողը ստեղծում է մեր ժամանակներին բնորոշ ահագնացող միայնության խոր ու բազմաձայն կերպարը: Վեպի կյանքը սկսվում է ձմեռվա պատկերով: Այս ցուրտն անցնում է հերոսներից մեկի` Եկվորի միջով. նրանից է բխում` այնուհետև անցնելով մյուսներին: Ի դեպ, առաջին պատմողը հենց Եկվորն է: Նա է հասունացնում Կնոջ կերպարը, հասկացնել տալիս նրա ողբերգությունն ու հոգու ցավը, բացում ճակատագրի թելը, հայտնաբերում Մարգուշին ու Համոյին, ծանոթացնում իր հետ. ‹‹Ես հիմա Հայաստանում չապրող Հայաստանի քաղաքացի եմ, ում փոխարեն ընտրացուցակում միշտ ստորագրում է մեր թաղի հայտնի գործ տվող Լողլող Մարտինը››: Ձայն-կերպարներն իրար մեջ են ու իրար հետ, նաև լավ ունկնդիրներ են. անդուլ լսում են միմյանց. ‹‹Իմ պատմածը, եթե ոչ մեկը չլսի, հասնում է Կնոջ ականջին, իր պատմածից եմ կռահում: Մեկ էլ Ձիավորն է լսում իմ ու Կնոջ պատմածը, քանի որ ինքն էլ մեր պատմությունն է պատմում` երբեմն մեզնից առաջ ընկնելով, երբեմն էլ, երբ մի բան ավարտվում-մոռացվում է, ինքը բաց թողած, մտքի մի ծայրում թաքցրած պահեր է հիշում ու մեզ վերադարձնում մեր` դեռ չկոտրած տաշտակին…››: Բայց ի վերջո, ամեն ինչ կատարվում է հերոսի ներսում` հոգու տարածության մեջ: Ավելի վառ է աշնան պատկերը, ավելի լուսավոր ու ներշնչող. ‹‹Աշուն է: Տեսնում եմ: Զգում եմ: Շնչում եմ էս աշունը: Խոտի մուգ կանաչի վրա շաղ եկած տերևների դեղինն ու կարմիրը Կատինկա տատիս գործած նախշուն կարպետն է, որ կա. ուզում ես թռչես օդ ու բոյովդ մեկ փռվես էդ կարպետի խոնավության վրա ու աչքերդ կկոցելով նայես հիվանդացող արևի գունատությանը››:
Դ. Համբարձումյանի արձակի կարևոր պայմաններից է տարածության ու ժամանակի միատեղ, համատեղ հոսքը: Անծանոթ քաղաքում քայլող հերոսուհու` Կնոջ կյանքն ընթանում է նրանից հազարավոր կիլոմետրեր հեռվում գտնվող Եկվորի և էլ ավելի հեռուներում ճանապարհորդող Ձիավորի աչքի առաջ: Այս ամենի հետ համատեղ Սպասումն է, ակնկալիքը` կյանքից ու սիրուց: Ցանկացած վեպ հետաքրքիր ընթացք է ձեռք բերում այն դեպքում, երբ նրա շարժիչ ուժը կարոտն ու սերն է: Սիրո սպասումով կնոջ հոգու ալեբախումները խառնվում են քաղաքի անցուդարձին, ձգվում եվրոպական քաղաքի մկաններով ու անարձագանք վերադառնում Կնոջը: Հսկա այդ քաղաքում ոչ ոք, կարծես, չի բնակվում: Ամենաիրականը դարձյալ Երազն է, որտեղ գլխավոր հերոսը Եկվորն է: Եկվորի բազմաբարդ կերպարն արդեն ջարդում է տարածության ու ժամանակի բոլոր միջնորմները` խախտելով դրա բոլոր օրենքները: Նա հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է: Կնոջ հոգին օտար աշխարհում մեկ հանգրվան ունի` Սիրո սպասումը, հանդիպումը սիրո հետ: Մի քանի դրվագներում այն, իհարկե, կայանում է, թեկուզ` երազում: Կինը, որ մեծ ուժի կերպար է, կարողանում է անձայն լաց լինել, միայնակ լինել ու սպասել: Նրա բոլոր ձգտումները պատկերված են երազի միջոցով, երազի, որն ընդունակ է անգամ շոյել նրա ինքնասիրությունը. ‹‹Կինն ավելի հաճախ է երազ տեսնում, քան մարդը տեսնում է քնի մեջ: Երևի արթուն էլ է երազ տեսնում››: Երազն այստեղ ուղիղ համեմատական է իրականությանը, և վեպում հաճախ են խախտվում իրականի ու երևակայականի սահմանները: Վեպի խոր ենթաշերտերում մարդու տագնապն է, որ արթնանում է երջանկության ու սիրո պակասից, կատարյալի անկարելիությունից: Վեպում տարածաժամանակային պատկերները հաճախ հեռանում են տարածությունից ու ժամանակից` դեպի հոգեկան աշխարհ: Արտաքուստ տեղից տեղ շարժվող հերոսները` անմարդ տեղանքներում, լեռներում թափառող, ինչ-որ տեղից եկող, ինչ-որ տեղ շտապող Ձիավորը, երևանյան ետնաբակում ու եվրոպաներում իրենք իրենց որոնող Եկվորն ու Կինը անձնական ու անանձնական տագնապներով կյանքը մոտեցնում են հոգու տարածությանն ու ժամանակին: Հերոսների շարժումը հոգեբանական տարածության և ժամանակի մեջ դնելը ստեղծում է պատումի նոր տեսակ: Նրանց անհանգիստ և անդադար շարժումը, բնության անվերջ փոփոխությունները, դեպքերի տեղատարափը մտորել է տալիս մի շատ կարևոր իրողության շուրջ. արվեստագետի հայացքը` անցյալը հայելու ու ապագայի մեջ տեղավորվելու, պատմական իրադարձություններին նորագյուտ հայացք ուղղելու, պահը, ակնթարթը որսալու անսահման մեծ ցանկությանն է ուղղված: Այս դեպքում ամեն պատմող որսում է տարածության ու ժամանակի բոլոր միավորները` հոգեբանական հսկա շարժման մեջ դնելով իր պատումի կյանքը: Եվ կարևորվում են տարածաժամանակային գեղագիտությանը բնորոշ սիմվոլ-մետաֆորները` ձին, քամին, ճանապարհը, շշուկները, ցախավելը, մկնդեղը: Պատումին կենսունակություն են հաղորդում ձայնային պատկերները, երբ գրողն արձանագրում է լռությունը, խոտի շնչառությունը, արևի խմխմալը, հողի բաբախը, ձյան թրթիռը, այլազան բույրերը, որոնք իրենց գեղագիտությամբ օժանդակ միջոց են հոգեկան տվայտանքներն ու փոփոխվող աշխարհը պատկերելու համար: Այս բոլորն աննախադեպ գեղագիտությամբ են օժտում վեպը, որին առանձին հմայք են հաղորդում երկխոսությունները, որտեղ զրույցները լսվում են երազում: Իրենց կյանքը մենակ ապրող հերոսների ցանկությունները երևակվում են նաև այս երկխոսություններում, որոնք ամբողջովին բացում են Ձիավորի, Եկվորի, Կնոջ ներաշխարհը, բացահայտում ցանկության ու իրականության անհամատեղելիությունը: Առանց այս երկխոսությունների վեպը կկորցներ իր թափանցիկությունն ու անկեղծությունը. ‹‹Եկվոր. – Տրվիր ինձ: Կին. – Կարո՞ղ եմ: Եկվոր. – Տիրիր ինձ: Կին. – Անհամարձակ եմ՚: ‹‹Դուռը թակում են›› վեպն անհանգիստ վեպ է այնքանով, որ անհանգիստ են գրեթե բոլոր հերոսները: Նրանցից յուրաքանչյուրն իր տեքստն ունի: Նրանք և’ նման են, և’ տարբեր: Իրենց տեքստում նրանք փորձում են անգամ ընդգրկել անընդգրկելին, և նրանց բոլորի կյանքը հզոր բախում-ազդակների ծնունդ է: Վեպը ձգտում է բացել առեղծվածայնության, բառի սահմանները: Առանց քարոզելու` գրողը փորձում է ստեղծել նոր Խոսք մարդու, երկրի անկման, տագնապի, սպասման, անկումից բարձրանալու հնարավորությունների մասին` այս բոլորը տեսնելով որպես անվախճանական իրողության հայեցակետեր: Վեպի հիմքում սիրո խնդիրն է, գոյաբանական սիրո, մեծ Երազի խնդիրը, որն ամբողջ վեպի հիմնական ազդակն է: Առհասարակ, Դ. Համբարձումյանի պատումին բնորոշ են մետաֆորիկ նշանները, որոնք ավելի են ընդգծվում պատկերային շարքում: Պատկերը, որ ստեղծագործության գեղարվեստական մտածողության հիմքն է, օժտված է գեղագիտական միջոցների մեծ հնարավորությամբ: Վեպն առատ է հարուստ, խոսուն պատկերներով, ինչպես` «Քաղաքի գիշերը հմայքներ ունի: Լուսինը մատների ծայրով շոյում է ջութակի լարերը, նոտակալին տնկված տետրն ու ջութակահարի ճաղատը…», «Կինը քնել է սպասումի շեմին… Կնոջն արթնացնելու մի կենտ հնար կա. մտնել նրա երազի մեջ ու քայլել նրա հետ լեռն ի վեր` փափուկ, անշշուկ, անկանգ: Լեռը հաղթահարելու կամքը ցավ է տալիս կնոջն ու արթնացնում: Ցավից մինչև երազի դուռ մի քայլ է»: Անշուշտ, վեպը նաև հրապարակախոսական տարրեր ունի: Արձակի հրապարակախոսական լինելն ամենևին նորություն չէ, մանավանդ որ այն չի խանգարում վեպի արվեստականությանը: Ժամանակի ու տարածության անսահմանությունը, հոգու տիրույթներում տեղի ունեցող տուրևառը, հիշողությունները, խոհերը, կարծես, մանրադիտակով են զննվում վեպում. գրողի աչքից չի վրիպում ոչ մի մանրուք ու ապրում: «Դուռը թակում են» վեպը կենդանի կտավ է, որի բոլոր հյուսվածքներում խոհ, շնչառություն ու նյարդ կա, սրտացավություն երկրի քաղաքացու և նրա ապագայի համար: Վեպը հոսում է աղբյուրի նման: Մնում է հետևել նրա հևքին` կարդալով այն: Գրողը հստակ զգում է մի բան, որ Լինելու է, գրեթե Լինում է, իսկ ընթերցողը հետևելու է, ստեղծելու է, ականատեսն է լինելու նոր իրականության: Գյուտառատ մտքերով այս վեպը չի հոգնեցնում, որովհետև գրողի արձակի պոետիկայի փորձառությունը գեղագիտական հսկա տարածքներ որոնելն ու գտնելն է: Տեսողական-զգայականից անդին իմաստային հենքն է, նաև մարդու միայնությունն ու երազանքը հասկանալը: Գրողն իր հայացքով փորձում է անցնել երկրագնդի ամբողջ հարթակի վրայով, պեղել ու հասնել անհասանելիին, բայց և համոզվում է, որ երևակայական ազատ ճախրանքում անգամ կյանքն ունի իր սանձահարող օրենքները: Վեպի ընթերցումից հետո զգացածը` լուռ ցնծությունն ու տխրությունը, վկայում են, որ այն ապրված ու կայացած է:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *