ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ | Հերվան ձյունի փնտրտուք

Աշոտ Հովսեփյան

Մթի-խավարի ու ցրտի տարի էր: Մարդը մտավ անկողին, բայց քնել չկարողացավ: Ճի˜շտ և ճի´շտ նախորդ օրերի պես: Վերջին ժամանակների ամեն օրվա պես: Շուռումուռ եկավ այսուայն կողմ, մի կես ժամ պտույտ պտույտի տալով` թավալվեց անկողնում, գլուխը բարձին խփեց, բարձը` գլխին: Անօգուտ: Նստեց մահճակալի եզրին:
– Ի՞նչ պատահեց, ա´յ մարդ, դե քնիր, էլի˜,– փնթփնթաց կինը կիսարթուն:
– Ոչի´նչ… Դու քնի˜ր,– մեղմիվ շշնջաց ամուսինը:
Հետո կամացուկ վեր կացավ տեղից ու սկսեց քայլել բնակարանում, անցավ մյուս սենյակներով: Շրջելով բնակարանով մեկ` մի քանի պտույտ գործեց, է´լ ետ ննջարան եկավ ու է´լ ետ անկողին մտավ: Փորձեց հանդարտվել ու քնել: Բայց էլի բան դուրս չեկավ: Էլի շուռումուռ եկավ այսուայն կողմ, մի կարճ միջոցի չափ էլի պտույտներ գործեց տեղում, մի քիչ թավալ տվեց անկողնում… ու մեկեն վեր ցատկելով` էլի նստեց մահճակալի եզրին:
– Ի՞նչ եղավ, ա´յ մարդ,– նորեն փնթփնթաց արդեն արթնացած կինը:
– Սը˜ս, քնի˜ր, դու քնի˜ր,– նորեն մեղմիվ շշնջաց մարդը:
– Արդեն ժամը վեցն է՞,– հորանջելով հարցրեց քնատ կինը, երևի թե նկատի ունենալով ամուսնու աշխատանքի գնալու ժամը:
– Ըհը,– խուլ արձագանքեց մարդը, թեև ամենևին էլ ժամը վեցը չէր:
Փաստորեն խաբեց կողակցին, ապա նորեն վեր կենալով` մեկ էլ շրջեց բնակարանում, պտույտներ գործեց և կանգ առավ պատշգամբում: Ու կանգնած տեղում մեխվեց մի պահ: «Ահա˜, ահա թե ինչո´ւ…»,– կարծես թե գտավ իր անքնության պատճառը:
Հաջորդ ակնթարթին արագ վերադարձավ ննջարան ու շտապ հագնվեց: Քրքրեց գզրոցը և ինչ-որ բան գտնելով` խոթեց գրպանը: Միջանցքում ուսերին առնելով հնամաշ վերարկուն` փաթաթվեց մեջն ու փութկոտ դուրս թռավ տնից: Փորձեց կոշկաթփթփոցային հնարավորինս մեղմաձայն դոփյուններով հաղթահարել վար տանող աստիճանները:
Երբ դուրս եկավ շքամուտքից, շառաչուն ապտակի նման դեմքին զարնվեց հունվարյան գիշերվա սառնամանիքի պաղ շունչը: Կեսգիշերից քիչ էր անցել. կլիներ ժամը երկուսը: Ու չնայած կտրատող ցրտին, որ անգութ սողոսկելով վերարկուի տակ, ծակծկում-փշաքաղում էր մարմինը, չնայած որ խավարչտին մթության մեջ արագ քայլելիս մերթ ընդ մերթ գայթում էր ձյունուսառույցի վրա, սայթաքում, ընկնում ու վեր կենում, այդուհանդերձ անվարան ընթանում էր դեպի նպատակակետը: Երբ թեքվեց-անցավ շենքի անկյունը, շուրջը մեկեն լուսավորվեց… շնորհիվ այն պայծառ լուսամփոփի, դեպի ուր միտում էր:
”Ահա այն լուսամփոփը, որ ամբողջ գիշեր անտեղի վառվում է: Ափսո˜ս…”,– ցասկոտ մտածեց մարդը:
Ափսոսում էր, որ ազնիվ մարդիկ ապրում են խավարի մեջ, իսկ էս կարգի զոռբաները, իրենց նմանների լռելյայն թողտվությամբ, ավելին` էդ «լուսատուների» շահագրգիռ խրախուսմամբ, լող են տալիս խուրձ-խուրձ շողշողուն լույսերի ծովի մեջ: Երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի պատուհաններից ամեն գիշեր ինչպիսի˜ մեծ ցավով էր դիտում այս ճնշող տեսարանը. պայծառ լուսամփոփ, որ ողջ գիշեր վառվում էր դիմացի առանձնատան ճակատին` իբր թե լուսավորելով բակը…
«Ի˜նչ կա որ: Մի՞թե վատ է, որ բակը լուսավոր է… Դե իհարկե` վատ չէ: Բնա˜վ: Բայց ահա, որ այդ լուսավորությունը բոլորին չի բավականացնում` դա լա՞վ է: Ո՞ւմ է պետք լուսավոր բակը, երբ շատ շատերն իրենց տների ներսում իսկ օրական մեկ-երկու ժամի չափ անգամ լույսի երես չեն տեսնում»,– մտածեց մարդը` խոր ափսոսանք ապրելով:
Եվ այդպես, շրջապատի համատարած խավարի մեջ ամեն գիշեր ականատես լինելով հարևան բակի լուսավոր կղզյակի առկայության ճնշող տեսարանին` կորցրել էր քունը: Ու ինքն իր հետ վիճում էր շարունակ, մինչև որ քիչ առաջ ահա, երբ հերթական անգամ խաթարվել էր քունը, հանկարծ գլխի ընկավ, թե ինչու է խաթարվել: «Ահա թե ինչու…»: Ու ըստ այդմ որոշեց անելիքը: Հենց այդ պահին որոշեց: Անելիք, որի գործադրմանը նպաստեց որդին: Անուղղակիորեն: Ակամա: Ինքն էլ չիմանալով, բոլորովին անտեղյակ, թե հորն ուր կհասցնի իր` թող որ մանկական, բայց ո´չ այնքան անմեղ չարաճճիությունը:
…Ուրեմն այդ օրը, երբ մարդն իր տաղտկալի աշխատանքից հոգնած-բեզարած, այլև ներկայիս իմաստազուրկ և անհեռանկար կյանքից հիասթափված, ընկճված` առանց այն էլ չնչին աշխատավարձի վճարումների պարբերական ու տևական ուշացումների պատճառով, ոտքերը մի կերպ քարշ տալով` տուն էր վերադառնում, շքամուտք մտնելուց առաջ նկատեց, որ իր որդին հացի փշրանքներ է շաղ տալիս իրենց բակի դեռևս կանգուն մնացած միակ ծառի տակ: Բակի մյուս ծառերը վաղուց արդեն զոհ էին գնացել էներգետիկ ճգնաժամին: Եվ, թերևս, սրա հերթն էլ կգար շուտով: Իսկ մարդը գովեց որդուն. «Կեցցե´ս, տղա´ս, մեր թևավոր բարեկամներին կարեկցելը և էս դաժան ձմռան խստաշունչ ցրտի պայմաններում նրանց մասին հոգ տանելը բարի գործ է, թեև մենք ինքներս նեղ դրության մեջ ենք և ուտելու բան առանձնապես չունենք էլ»: Հետո շոյեց տղայի գլուխը և ուղղվեց դեպի շքամուտք: Բայց դեռ չէր հասցրել ներս մտնել, երբ տղան ծոցից դուրս քաշեց իր «ֆիռմեննի ատրճանակը»: (Ատրճանա˜կ, ատրճանա´կ, ընդամենը պարսատիկ էր:) Ապա գրպանից հանեց նախապես հավաքած մի բուռ քարերը, դրանցից մեկն ընտրեց ու… իր «ատրճանակը» լիցքավորելով, նշան բռնեց բակում դեռևս կանգուն մնացած միակ ծառի տակ արդեն հավաքված ճնճղուկների երամի ուղղությամբ: Խե˜ղճ ծիտիկնե´ր. փշրանքների համար թռչել եկել, սակայն իրենց վախճանն էին գտնելու, անշուշտ:
– Շրը´խկ,– քարը դիպավ ծառաբնին:
Ձայնի վրա ինքը շրջվեց: Վիճակն օրհասական էր: Թեև ծտերը թռել էին, բայց տղան, պարսատիկը նորեն լիցքավորելով, գայթելով ու ընկնել-ելնելով, վազում էր թռչունների հետևից: Ինքն էլ գնաց որդու հետևից` մոռանալով հոգնածությունը: Եվ հասնելով նրան` իսկույն բռնեց ձեռքն ու կանխեց վերահաս աղետը: Հետո որդուն քարշ տվեց տուն` թևքից բռնած: Որդին հնազանդ հետևեց հորը: Արդեն տնային պայմաններում ձեռնարկեց որդուն պատժելու գործընթաց. սկզբում քոթակեց մի թեթև, ապա մի փոքր ձգեց ականջները` այդ ամենը համեմելով դաստիարակչական քարոզով: Իսկ վերջում էլ բռնագրավեց նրա մահաբեր զենքն ու նետեց գզրոցը: Այն ժամանակ մտքով չանցավ դույզն-ինչ, որ մթության քողի տակ կարելի է պատժել նաև խղճից իսպառ զուրկ զոռբա հարևանին…
Սթափվեց մտքերից: Կտրատող ցուրտը դեռ սողոսկում էր վերարկուի տակ ու մարմինը ծակծկում-փշաքաղում, իսկ մարդը` մտորումների խուրջինը շալակն առած, սառնամանիքի պաղ շունչը հաղթահարելով` անվարան ընթանում էր դեպի նպատակակետը:
Ձյունուսառույցի վրա ինքն էլ, ճիշտ որդու հանգույն` մերթ ընդ մերթ գայթելով ու սայթաքելով և ընկնելով ու վեր կենալով, շուտով տեղ հասավ:
Մի քսան քայլի հեռավորությամբ մոտեցավ այդ լուսավորված առանձնատան պարիսպներին, ապա դրանց կողքով քայլելով` հասավ նախշազարդ վանդակաճաղերով դրունքներին: Այնտեղ ընտրեց ու գտավ մի ստվերոտ անկյուն: Այդ թաքստոցում փոքր-ինչ շունչը տեղը բերելուց հետո գրպանից հանեց… այն պարսատիկը, որն այդ օրն էր բռնագրավել որդուց: Քիչ անց, երբ ուզում էր լիցքավորել «զենքը», գլխի ընկավ, որ ինքը «փամփուշտ» չունի:
– Թյո˜ւ, չար սատանա,– ինքն իր վրա հերսոտեց ու խուլ փնթփնթաց:
Հարկադրված եղավ լքել իր հարմարավետ դիտակետ-կրակակետը` փորձելով քար հայթայթել:
– Թյո˜ւ, դե հիմա ե´կ ու էս ձյուների մեջ քար գտիր,– շարունակելով ինքն իր վրա հերսոտել` մտածեց ու նորեն փնթփնթաց,– ժամանակին էր պետք որոշել էս բանն անել, ժամանակին էլ` քարեր հավաքել… Հը˜մ, քարեր հավաքելու ժամանակն է, հա՞…
Փնթփնթալով էլ փնտրեց ու ձյուների տակից մի քանի քար պեղեց-հանեց: Է´լ ետ դարձավ իր ստվերոտ դիտակետ-կրակակետը, որտեղ հարմար դիրք գրավելով` լիցքավորեց իր պարսատիկը: Դրունքների նախշազարդ վանդակաճաղերի արանքից նշան բռնեց ու քարն արձակեց: Քարը լուսամփոփին չդիպավ, այլ հարվածեց պատին, խուլ դրմփոցի ձայն հանեց ու չլմփոցով ընկավ ձյուների մեջ: Մինչ նորեն լիցքավորում էր պարսատիկն ու խորհում, թե հաջորդ կրակոցից առաջ մի լավ նշան բռնի, շան հաչոց լսվեց, հետո էլ` մեկ ուրիշը: Նոր միայն հիշեց հանկարծ, որ էդ զոռբա հարևանի առանձնատան բակում պահապան շներ կան: Շնե՞ր: Ի˜նչ շներ: Գամփռներ էին: Մի պահ խուճապի մատնվեց. մոռացել է՞ր, ի˜նչ է… սակայն անսպասելիորեն մի քանի ծույլ հաչոցներից հետո դրանք վերածվեցին թույլ կլանչոցների և մարեցին ցրտաշունչ գիշերվա գրկում: Ցրտի՞ց էր, թե` ինչ, թվաց` շներն ալարեցին: Այդժամ իրեն վերագտնելով ու դեպքերի համանման ընթացքից հուսավառվելով` գոտեպնդվեց: Այս անգամ հանգամանալից նշանառեց: Սա վերջին հնարավորությունն էր թերևս: Նմանօրինակ երկրորդ վրիպումն արդեն շատ թանկ կնստեր նրա վրա. էլի շների հաչոց, հավանաբար, այս անգամ` ավելի կատաղի, հետո էլ` աղմուկ-աղաղակ, ու դուրս կթափվեին տնատերերը… Բայց իրեն հավաքեց ու… ա´ռռը, հա˜:
– Կեցցե˜ս,– ինքն իրեն գովեստի արժանացրեց:
Որովհետև երկրորդ «կրակոցն» անվրեպ էր: Ու թույլ ճտտոցով լուսամփոփը փշրվեց: Ճտտոց, որ գիշերային լռության մեջ զարմանալիորեն թույլ հնչեց: Թե՞ իրեն թվաց: Ա˜խր, պիտի որ սովորականից նույնիսկ ուժգին հնչեր: Գուցե պատճառն այն էր, որ գործն արդա՞ր էր: Ինչևէ, այսպես թե այնպես, գործն այդ… արված էր արդեն: Եվ իջավ խավար: Ու մարդը գլխի ընկավ` արդեն փախչելու ժամանակն է: Անհապաղ: Ու փախավ: Զոռ տալով ոտքերին` վազեց. նորեն գայթելով ու սայթաքելով, ընկնելով ու վեր կենալով, հանց մի ճապուկ երեխա: Մի շնչում հասավ իրենց շենքի մատույցները, թեքվեց-անցավ շենքի անկյունն ու հևասպառ ներս ընկավ իրենց շքամուտք: Նույն հևոցով մուտք գործեց իր բնակարան և իրեն իսկույն գցեց պատշգամբ: Մոտեցավ պատուհանին ու զգուշորեն մի փոքր դենը տարավ վարագույրի մի ծայրը միայն: Ոչինչ չէր նշմարվում: Խավարի մեջ ինչ-որ ձայներ էին լսվում լոկ: Շնահաչի ու մարդահունչ ձայներ: Հավանաբար տնատերերն էին ու նրանց գամփռները. դուրս էին թափվել տնից, հայհոյում էին ու հաչում…
Այդժամ միայն հանդարտվեց… Եվ այդժամ միայն` պայծառ լուսատու այն լուսամփոփը կոտրել-փշրելուց, ըստ այդմ` շուրջբոլորը համատարած ու հավասարատարած մութուխավարի գիրկն ընկղմելուց, տնատերերին իրենց գամփռների հետ կատաղեցնելուց հետո փորձեց իրեն մտովի հուսադրել. «Ես հո խավարասե՞ր չեմ: Չէ˜: Բնա˜վ: Պարզապես պի´տ հավասարություն լինի»: Այս միամիտ հույսով էլ իսկույն անկողին մտավ ու մեկեն քնեց: Քնեց մուշ-մուշ: Մինչև լուսաբաց:
Հաջորդ գիշեր, սակայն, երբ պատրաստվում էր անկողին մտնել, ոտքերն իր կամքից անկախ մարդուն քարշ տվեցին պատշգամբ: Զգուշորեն մոտեցավ պատուհանին ու վարագույրի մի ծայրը մի փոքր դենը տարավ… Ու շանթահարվեց: Ասես պարսատիկից արձակված մի քար դիպավ ճակատին: Գիշերն արձակած իր քարերի հանգույն: Հանց` դրանց անդրադարձում:
– Թյո˜ւ, ձեր…,– խուլ արտաբերեց լոկ այսքանը և լռեց:
Դիմացի առանձնատան ճակատին վառվում էր մի նոր լուսամփոփ: Իր նախորդի նման, գուցե թե` ավելի հպարտորեն, վառվում-կայծկլտում էր լուսամփոփը: Նույն հպարտությամբ էլ շուրջբոլորն իր պայծառ լույսն էր սփռում… լուսավորելով ոչ միայն բակը:
Եվ այս լույսը կարծես առաջվանից ավելի պայծառ էր ճառագում…

հերվան ձյունի փնտրտուք

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *