ԼԵՌ ԿԱՄՍԱՐ | Հայաստան ու դաշնակիցները

Լեռ Կամսար

Երբ առաջին համաշխարհային պատերազմը վերջացավ ու հաղթեցին մեծ դաշնակիցները‚առտուն կանուխ‚ «պզտիկ դաշնակից»՝ Հայաստանն ելավ անկողնեն‚ հագվեցավ‚ կապեց զենքերն ու կնկան և հարսին ձեռքը բռնած՝ ճամփա ընկավ դեպի Փարիզ։ Երբ Թիֆլիսին կմոտենային‚ Հայաստանը դարձավ կնկան․ -Լսե կնիկ‚ հա՛րս դուն ալ․ եթե բան է‚ Թիֆլիսի մեջ Վրաստանը հարցնե, թե ու՞ր կերթաք‚ չըսեք կերթանք անկախություն ուզելու‚ ըսեք կերթանք Փարիզ՝ գործ ունինք. կամ դուն, – դառնալով կնկան, – ըսե, թե հարսս կտանեմ բժշկի։ Եթե իմանա անկախության համար կերթանք՝ ինքն ալ աներեսաբար ետևնիս պիտի իյնա գա։ Ես կպատռիմ անկե‚ երեսը չեմ ուզեր տեսնել։ Իժի՛ ծնունդ, կեցիր անգամ մը հասնինք Փարի՞զ․․․ Մեկ-մեկ պիտի պատմեմ դաշնակիցներուն‚ թե ինչպես Վրաստանը թյուրքին հետ մտերմացավ․ ինչպես ետքեն գերմանացոց փարեցավ։ Պարզապես պիտի ըսեմ՝ դաշնակիցնե՛ր‚ Վրաստանը ձեզ չի սիրեր‚ անիկա անձնասեր մարդ մըն է և միշտ իր սեփական շահերուն ետևեն ինկած‚ ով իրեն աղեկություն մը ընե՝‚ զայն կսիրե. երբեք, չի մտածեր, թե ասիկա գերմանացի է‚ թյուրք է կամ դաշնակից է։ Քալե՛, կնիկ‚ – ըսավ Հայաստանն ու Թիֆլիս մտնելով‚ առանց այս կամ այն կողմը նայելու՝ պատառ մը հաց առավ ու Բաթում հասավ։ Երբ նավը նստան՝ Հայաստանը գդակը ծռեց‚ ու սկսավ երգել «Երբ ալեկոծ ծովին վրա» երգը‚ ապա վերջացնելով, զարկավ կնկա ծունկերուն՝ -Գիտե՞ս, կնի՛կ‚ աս ծովն ալ մեզի կուտան։ -Փո՛ւ‚ սա կեղտոտ ծո՞վը․․․ աղի‚ անպիտան ջո՞ւրը․․․ քա մա՛րդ‚ մի առներ‚ ըսե տվեք ուրիշի‚ ես շնորհակալ եմ։ -Վա՜յ ավանակ‚ վա՜յ։ Ծո տխմա՛ր‚ առանց ջուրի անկախություն կըլլա՞։ Ռուսաստանը տարիներով «ա՜խ» ըրավ ափ մը ջուրի համար, մեզի ջուր կուտան‚ մենք ելլենք մերժե՞նք։ Դե․․․ դե երկար․․․ -Աղե՛կ, մարդ‚ իշտե բան մըն էր ըսի‚ ինչո՞ւ կբարկանաս։ Ես չէի գիտեր առանց ջուրի անկախություն չէր ըլլար։ -Չըլլա՜ր‚ չըլլա՜ր‚ մեկ մըն ալ ատանկ խենթ-խենթ չխոսիս և բան է, եթե դաշնակիցներու կնիկներուն հետ խոսք ըլլա այդ մասին‚ չըլլա ըսեք չենք ուզեր։ Հայաստանը գտակը մյուս կողմին վրա ծռեց ու այլ երգ մը սկսավ։ Վերջացնելով երգը՝ զարկավ կնկան ծունկերուն. -Ծո‚ կնի՛կ‚ ես կմտածեմ՝ թե Փարիզ հասնելուս ի՜նչ փառքով պիտի ընդունեն մեզի։ Անշուշտ հիմի դաշնակիցները գործերնին թողած՝ ծովի ափը մեզի կսպասեն։ Բնական է‚ ինչ ըսել է‚ պզտիկ դաշնակիցը միշտ քաղցր կըլլա։ Կհիշե՞ս, Հակոբն իր 12 որդիներեն ամենեն շատ Հովսեփը կսիրեր‚ ետքը Բենյամինը‚ ինչու որ անոնք պզտիկ էին։ Հայաստանը պահ մը լռեց՝ ապա շարունակեց․ -Ա՜խ, Աստված‚ ի՜նչ սրտազեղ տեսարան։ Ան պիտի ըսե մեր տունը երթանք‚ աս՝ պիտի ըսե մերը երթանք. մյուսը պիտի վիրավորվի‚ երրորդին մոտ իջնես՝ չորրորդը պիտի սրդողի, անանկ որ չես գիտեր ինչ ընես։ Բոլորն ալ հարազատ դաշնակիցներդ են‚ բոլորն ալ հավասար չափով տառապեր են մեր ցավով‚ անթիվ անհամար զոհեր են տված մեզի համար։ Մեկ օրինակ‚ սա համաշխարհային պատերազմը․ ինչու՞ զենք քաշեցին անոնք․ պարզ է որ անոնք կռվեցան‚ որպեսզի մեզի նման մանր դաշնակիցներ ոտքի ելլեն․ ազատվեն․․․ Ա՜ա՜խ, դաշնակիցներ‚ ես ձեր հոգուն մեռնիմ․․․ Կնիկ‚ ես, արդեն ծնածս օրեն միշտ աչքս դարձուցի դեպի Անգլիա ու Ֆրանսիա ու հավատա՛‚ եթե Գերմանիա նույնիսկ թագավորություն տար ինձի‚ ես դարձյալ զայն չէի սիրեր։ Գերմանիան չի սիրվիր‚ չէ՛, կնիկ‚ չի սիրվիր։ Երբ նավը Ֆրանսիո նավահանգիստն հասավ ու խարիսխը ձգեց‚ Հայաստանը դարձավ կնկան․ -Ինձի նայե կնի՛կ‚ եթե‚ բան է‚ վերադարձին տիկին դաշնակիցները ուզենան քեզի քանի մը ամսով հյուր պահել՝ չմնաս։ Միասին եկեր ենք‚ միասին կերթանք։ Հետո‚ քիչ մը ձեր շարժմանց մեջ ազատ եղեք․ ամաչկոտությունը մեկդի թողեք. հացի սեղան պատրաստելուն պես նստեք վրան‚ հոս հրավիրելու սովորություն չկա․ հացեն վերջը բերաննիդ փեշով չսրբեք․․․ Փողոցին մեջ միշտ թևս մտած քալեք։ Այս պատվերներն մարդն այնքան հապճեպ կուտար‚ որ կարծես հալածական մըն էր ու զինքը բռնելու կուգային։ Սակայն‚ պատվերեն վերջ՝ սպասեց ժամ մը‚ երկու‚ նորեն կրկնեց ըսածները‚ ընդարձակեց իր մտքերը‚ քանի մը հավելումներ ըրավ՝ ոչ ոք երևաց ծովեզերքը։ Այդ գիշեր նավուն մեջ քնացան անոնք։ Հաջորդ առտուն զարթնելով՝ ըսավ Հայաստան․ -Չեն գիտեր‚ չեն գիտեր‚ գալս, կնի՛կ‚ եկեք հանկարծակիի բերենք զիրենք‚ թող ուրախանան‚ – ըսավ Հայաստանն ու Փարիզ մտավ։ Հարցուց Վերսալին տեղը‚ ուր պիտի կայանար վեհաժողովը ու առաջ անցավ (հարկավ մեկու մը չըսելով‚ որ ինքը պզտիկ դաշնակիցն է)։ Վերսալը հասնելով տեսավ դռան վրա կեցած է հաղթանդամ բարապան մը՝ սուրը ձեռքին ու ոչ ոքի չի թողուր ներս մտնել։ Պալատին չորս դին‚ պատերուն տակ ճանճերու պես լեցված կբզզային աշխարհիս չորս կողմեն եկած «մանր ազգեր»)՝ Սերպիա‚ Բուլկարիա‚ Գարատաղ‚ Լեհաստան‚ Սյուրիա‚ Արաբիա‚ Պելճիք‚ Ֆինլանդիա‚ Ադրբեջան‚ Վրաստան‚ Արաքսի հանրապետություն‚ Դաղիստան‚ Թյուրքեստան‚ Լազիստան‚ Աջարիստան ու այսպես անվերջ։ Ասոնցմե զատ կային այնպիսի մանր ազգեր ալ‚ որոնց վարտիքին կոճակները եթե չարձակես՝ անկարելի է‚ որ արտաքնոց
կարողանան երթալ։ Այս մանր ազգերուն ի տես օտարական մը պիտի կարծեր, թե մանկապարտեզ մըն է այս շենքը, ուր պզտիկները ելել են դասամիջոց․․․ Բայց Հայաստանը տեսնելուն պես հասկացավ‚ որ ասոնք բոլորն ալ անկախություն ստանալու համար են ժողովեր. միայն քիչ մը զարմացավ այն պատճառով‚ որ փոխանակ իրար ետև հերթ պահելու‚ անկարգ խռնում մըն էր առաջացուցեր։ Հայաստանը չուզենալով խառնվել անոնց հետ (վասզի ինքը մեծ զոհեր էր տվեր) և ուշադրություն անգամ չդարձնելով անոնց‚ ինքզինքը շտկեց‚ տրեխին թելերը կապեց (որը փրթեր էր) շեշտակի դեպի դուռը դիմեց ներս մտնելու համար։ -Ս ՜ս ս‚ մուտքը կողմնակի մարդկանց արգելված է‚- ըսավ բարապանը ու սուրը վար բերավ։ -Ես կողմնակի մարդ չեմ, բարեկամս‚ դուն չես ճանչնար զիս‚ բայց ներսը կճանչնան։ Ապա ինքզինքն ուղղելով՝ վեհորեն ավելցուց խրոխտ։ -Իմաց տուր վերը, խնդրեմ‚ որ ձեր պզտիկ դաշնակիցն է եկեր․․․ -Ատանկ հրաման մը չէ տրված ինձի։ -Ջանըմ‚ մեկ մը ըսե՝ դարձիր։ Պզտիկ դաշնակից ըսես‚ ալ կբավե։ -Արտոնված չեմ։ -Ան ատեն դաշնակիցներեն մեկը կանչե դուրսը խոսիմ։ -Չեմ կրնար։ -Կամ երկտող մը տամ՝ Անգլիային տուր։ Վիլսոնը հո՞ս է։ -Հոս է։ -Կանչե դուրս անգամ մը․ ըսե Թյուրքիո լուծին տակ դարերով տառապող Հայը քեզի կուզե դռան վրա‚ այն՝ որ ավելի իրավունք ունի իբրև ազգ ապրիլ‚ քան բարբարոս Թյուրքիան։ -Ոչ մեկը կանչելու իրավունք չունիմ‚ կհասկանա՞ս։ -Տե՜ր աստված․ հապա ինձի կվայելե՞ այսպես դռան վրա կենալ։ -Ի՞նչ կա որ‚ դուն այս բոլոր ազգերեն ավելի՞ ես․․․ Դուն ալ գնա անոնց հետ խաղա, մինչև որ կարդան, թե որուդ անկախություն կուտան‚ որուդ՝ ոչ։ -Ջանըմ‚ ախր ես մենակ անկախության համար չեմ եկեր‚ մեզի հաց պետք է շուտափույթ‚ սով է մեր երկիրը․․․ Կամ վերջապես, ես անոնց ընկե՞րն եմ‚ ո՞րը անոնցմե ինձի չափ զոհ է տվեր․․․ Չըլլա՞ թե անոնք ալ միտք ունին իմ ոտներովս քալել։ Գնա՛‚ գնա ըսե, որ պզտիկ դաշնակիցն եկեր է‚ շատ մի խոսիր‚ չենե քեզ պատժել կուտամ։ Բարապանը անանկ մը հրեց Հայաստանին‚ որ եթե Ադրբեջանը չըլլար՝ ուղիղ Վրաստանին գլխուն պիտի իյնար։ Հայաստանը նայեցավ կնկան‚ ամչցավ ու ըսավ․ -Գիտես‚ ասիկա ծառա է‚ բանեն խաբար չէ։ Այդ միջոցին Քլեմանսոն դուրս եկավ պալատեն՝ ջուր թափելու կերթար։ -Ներեցեք պ․ Քլեմանսո‚ սա ծառան չի թողուր, որ ներս մտնեմ‚- ըսավ ժպտերես Հայաստանը ետևեն հասնելով։ Քլեմանսո Հայաստանի երեսը նայեցավ‚ ապա իր մտքերուն մեջ ընկղմած՝ յուրովի բան մը շշնջաց ու անցավ։ «Երևի շտապ կարիք ունի․ կեցիր գա՝ նորեն ըսեմ». – մտածեց Հայաստանն ու կեցավ ճամփուն մեջտեղը մինչև Քլեմանսոյին վերադարձը․ -Ներեցեք պ․ Քլեմանսո‚ երևի չճանչցաք զիս․ մեր Պողոս-Նուբար փաշան ձեզի չէ՞ խոսեր իմ մասին․ ես Հայաստանն եմ‚ ձեր պզտիկ դաշնակիցը, – ըսավ ան ինքնաբերաբար իր դատարկ փամփուշտակալը ցուցնելով (բոլոր փամփուշտները բարիկենդանին վառեր էր)‚ – դուք մեզի հաց պիտի հասցնեիք‚ ո՞ւր մնաց։ Ի՞նչ կա, ի՞նչ չկա այս տեղերը‚ ի՞նչպես եք։ Ընտանիքս ալ հետս է, հիմա չեմ գիտեր․․․ ձեր տիկինը տո՞ւնն է․․․ Այսպես խոսելով պալատի դռանն էին հասեր ու Հայաստանն ալ կուզեր ներս մտնել՝ բարապանը Քլեմանսոն թողուց՝ Հայաստանը պահեց։ -Պ. Քլեմանսո՛‚ ասիկա չի թողուր ներս մտնեմ․․․ – պոռաց Հայաստանը։ -Ներս ի՞նչ կա։ Գնա, այն մյուս մանր ազգերու հետ խաղա բակը‚ մինչև ձեզ կհայտնենք։ Հայաստանին վրա պաղ ջուր լեցվեցավ։ «Հե՜յ‚ – մտածեց անիկա գլուխը տարուբերելով‚ – ես ելլեմ չորս տարի կռվեմ‚ անդին ութ հարյուր հազար զոհ տամ‚ դաշնակիցներն այդքան սիրեմ ու հիմա ալ ելլեմ Վրաստանին ու Ադրբեջանին կողքի՞ն կայնեմ․․․ Հե՛յ, աշխարհ»։ Բայց այնուամենայնիվ վճռեց Վրաստանի կողքը չկայնել‚ գնաց Արաբիո քովը կայնեցավ իր կնոջ ու հարսին հետ‚ պալատին պատուհանին տակ։ -Մա՛րդ‚ անոթի ենք‚ – ըսավ կինը։ -Անոթի ես ի՞նչ ընեմ. վա՛‚ զարմանալի կին ես‚ – պոռաց մարդը։ -Քեզի ո՞վ ըսավ ելիր ետևես եկուր‚ ի՞նչ է‚ հարսնիքի՞ կուգայի‚ սա քաղաքական գործ է‚ ուրիշ բանի չի նմանիր։ -Աղեկ‚ մեզի տար դաշնակցի մը հետ ծանոթացուր‚ դուն ինչ կընես՝ ըրե։ -Է՛հ‚ լռե կնի՛կ, դուն ալ‚ – կտրեց անոր խոսքը մարդն ու կնայեր, թե ինչպես իր քովի Արաբիան պարկեն արմավ հանելով կուտեր։ Այդ միջոցին ձեռք մը պատուհանեն գավաթը ողողեց, ողողուցքը թափեց ուղիղ Հայաստանի գլխուն։ -Վա՜յ խայտառակություն‚ – մրմնջաց Հայաստանն ու անդին փախավ։ -Գերմանիան ալ ասանկ բան չէր ըներ։ -Ելե՛ք‚ կնիկ‚ հա՛րս‚ ելեք երթանք մեր Պողոս-Նուբարին տունը‚ նայինք ինչ պիտի ընենք։ Տունն ալ հիմա անհամբեր լուրի կսպասեն‚ պետք է հեռագիր մը զարնել։ Ու Հայաստանը հեռագրատուն մտավ և ասանկ հեռագիր մը զարկավ․ «Ամսույս 18-ին հասանք Փարիզ․ երկու անգամ տեսակցություն ունեցա Քլեմանսոյին հետ․ Միացյալ և անկախ Հայաստանի հարցը վճռված է դրական իմաստով։ Կերթամ մեր Պողոսին տունը․․․»։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *