Գևորգ Սահակյան | Աշխարհի ամենավատ ազգը․․․

Աշխարհի ամենավատ ազգը․․․ բարուց ու չարից, մեզ հետ կամ մեր դեմ նարատիվից անդին

«Դժոխքի ամենախավար/ամենաթեժ վայրերը նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»։ Շատերն ասում են, թե այսպես է մեզ հետ խոսել Դանթեն, հավանաբար իր Աստվածային կատակերգության «Դժոխք» մասում։ Այս արտահայտությունը հիշատակվում է, երբ, օրինակ, խոսակցից այս կամ այն մարդու վերաբերյալ ուզում են իմանալ՝ դժո՞խքն է նրա տեղը, թե՞ դրախտը, դավաճա՞ն է, թե՞ հերոս, սրիկա՞ է, թե՞ աշխարհի առաքինին, իսկ ցանկացած այլ պատասխան կդիտարկվի որպես չեզոքության դրսևորում, իսկ չեզոքներին ամենաթեժ վայրերն են սպասվում գեհենի, մանավանդ այս բարոյական ճգնաժամին։ Դանթեն է ասել․․․ ասում են։

Դանթեն ասել է․․․ «այո՛, գիտեմ» կամ գլխի շարժում է հաջորդում խոսակցի կողմից, որը  դժոխքում չի ուզում հայտնվել մի կողմից, իսկ հաջորդ հարցը պատրաստողը դժոխքի ուղեգիրն է ձևակերպում մյուս կողմից․․․ «ամենաթեժ վայրերը նրանց համար են, ովքեր․․․» հնչում է, հնչում է ամեն կողմից։

Բայց մի րոպե․․․ Դանթեական դժոխքի իններորդ պարունակը չէ՞ր ամենահոռի տեղը, որտեղ Հուդան էր, Բրուտոսն ու Կասիուսը, որոնք, եթե մի փոքր չեզոք լինեին, ապա այդտեղ չէին հայտնվի․ երեքն էլ շատ ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց գործում՝ մատնում, դանակահարություն, դավաճանություն։ Տեղանքն էլ ոչ թե ամենաթեժ հատվածն էր, այլ ամենացուրտ։ Այստեղ մի բան այն չէ։ Չեզոքների՝ թեժ հատվածներում հայտնվելու արտահայտությունը, առավել ևս այդ ձևակերպմամբ, մի տեսակ չի համապատասխանում 13-14-րդ դարերի Իտալիային։ Միտքն, ասես, 21-րդ դարի ծնունդ լինի կամ գոնե 20-րդ դարի երկրորդ կեսի, երբ, օրինակ՝ Արևմուտքում մարդիկ բավարար ազատություն ունեին ճգնաժամերին չեզոք լինելու համար, իսկ Դանթեի Ֆլորենցիայում կամ Իտալիայում եկեղեցին ու տեղի իշխանները իրենց օրենքներն ու ապրելաձևն էին պարտադրում, որի պատճառով մարդկանց շոշափելի ազատություններ տրված չէին, որպեսզի իրենց չեզոքությամբ գրավեին Դանթեի ուշադրությունը։ Ստրուկներ էլ կային այդ ժամանակ, որոնք, դժբախտաբար, լավ չէին գիտակցի իրենց կյանքում բավարար դերակատարում ունենալու հնարավորությունը, ինչը չեզոք լինելու նախապայմաններից է։ Ինչ ուզում եք ասեք՝ ուղեղս չի մտնում, որ այս խոսքը հնչեցվել է մի քանի հարյուր տարի առաջ։ Ուսումնասիրել է պետք:

Ինչպես Ավգուստինոս Երանելին էր ասում՝ եթե չես հիշում մեջբերումը Մարկոսինն է, թե Մատթեոսինը, ապա փնտրի՛ր համացանցում։ Այդպես էլ գիտեի։ Պարզվում է՝ Դանթեն նման բան չի ասել. «Դժոխք» մասի երգ երրորդի 34-42-րդ տողերում, մարդկանց (մարդ՝ հոգի) նկատի չունենալով, սա է ասվում՝

 

«Այս վիճակը առանձին,

Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,

Որոնք անգով և անպարսավ ապրեցին:

 

Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,

Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,

Այս պայքարում մնաց չեզոք ու անջատ

Երկինքն ի բաց վանեց նրան, իբրև բիծ.

Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,

Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»: (թարգմանությունը՝ Արբուն Տայանի)

Չհիշատակված խոսքը մե՛կ Մարթին Լյութեր Քինգի գոհարներին է վերագրվոմ, մեկ Ջոն Քենեդու, մե՛կ Դանթեի Դժոխքին է պատկանում, մեկ Դեն Բրաունի։ Մի խոսքով՝ Դանթեն նման բան չի ասել. վերագրվող խոսքը անստույգ մեկնաբանություն է… փրկություն։ Ութամյա Բեատրիչեին սիրահարված Դանթեն, որն այսօրվա քրիստոնյայի կյանքում մեծ հեղինակություն ունի, փաստորեն այդքան էլ դեմ չէր, որ…։ Լավ պրծանք, թե չէ Դանթեի ասածը օրենք է: Չէ՞ որ նա գրել է բոլոր ժամանակների լավագույն պոեմներից մեկը, ուրեմն կյանքի բոլոր բնագավառներում և բոլոր ժամանակներում նրա ասածը հիմք է, ասել է թե՝ պոլիմորֆ ըփինիըն լիդըր։

Լա՛վ, բա աշխարհի ամենավատ ազգն այս ամենի հետ ի՞նչ կապ ունի։ Ուղի՛ղ։ Ստացվում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք այդ պնդումն են արել, հարցադրում անողի առաջ գլուխ են տարուբերել ու վախեցել են չեզոք լինելուց, ենթագիտակցորեն կամ էլ լավ հասկանալով, աշխարհի ամենավատ ազգ են համարել շվեյցարացիներին, որոնց ազգային ինքնագիտակցության մեջ զգալի տեղ ունի նեյտրալիտետը (Դանթեին վերագրվող միտքը «չեզոքություն» ասվածը չի պարզաբանում` ներանձնային, ներքաղաքական, արտաքին քաղաքական)։ Մի հրաշալի ազգ:

Ամենազավեշտալին, թերևս, այն էր, որ մեծ լսարան ունեցող հեռուստաալիքներից մեկի հաղորդման ընթացքում լրագրողը մեկ անգամ ևս այս պնդումը չարչրկելուց որոշ ժամանակ անց, երբ արդեն հասցրել էր մեղադրել չեզոքություն պահպանողներին, դիթիրամբներ հնչեցրեց ուղղված շվեյցարացիներին, որոնք ի տարբերություն եվրոպաների կեսի, չհանձնվեցին ֆաշիստներին՝ պատրաստ լինելով կռիվ տալ․․․ կռիվ տալ հանուն չեզոքության․․․ ասում եմ, չէ՞, մի հրաշալի և օրինակելի ազգ։

Հ․Գ․ Սա չեմ գրել, որ ծակոտկեն հովանուս տակ առնեմ այն մարդկանց, որոնք ամեն առիթով խուսափում են կարծիք հայտնելուց, այլ նրա համար, որ եթե դժոխքում վառվելուց լինենք, չմտածենք, թե ամենի պատճառը միայն չեզոք լինելն էր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *