2014 թ. ապրիլի 4-ին, երեկոյան ժամը 18:30-ին «Գարեջրի ակադեմիայում» (ք. Երևան, Մոսկովյան 8), տեղի կունենա Արտակ Հարությունյանի «Մեր միջի գազանը. Բանակային օրագիր» գրքի շնորհանդեսը:
Մարդկանց վստահելը, սիրելը, մտերմանալը, հարգելը, նվիրվելը շատ հեշտ է: Բայց այդ ամենը հեշտ է մարդու սովորական առօրյայում, այլ ոչ թե բանակային ծառայության ընթացքում: Յուրաքանչյուրի կողմից որոշակի զգուշավորությունը դիմացինին արգելում է իրեն ամբողջովին ճանաչել, կամ էլ ստիպում է սխալ կարծիք կազմել:
Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բանակում չես գտնում մարդկանց, ում վստահում ես (ոչ մեկին խորհուրդ չէի տա բանակում ինչ-որ մեկին լիովին վստահել), սիրում ես, մտերմանում ես, հարգում, նվիրվում և այլն: Առանց մտերմության, առանց ոմանց նկատմամբ ջերմ զգացմունքներ ունենալու, առանց հարգելու ու հարգվելու, առանց ինչ-որ չափով վստահելու՝ կարելի է պարզապես խելագարվել: Իհարկե, չի բացառվում, որ այդպես ավելի լավ կլինի: Ի՞նչ է եղել որ: Կխելագարվես, խելառ-խելառ քեզ համար տրտինգ կտաս ու չես զգա, թե ծառայությունդ ինչպես անցավ:
Բայց այդպե՞ս է որ: Ինչու՞ պետք է խելագարի համար ծառայությունն աննկատ անցնի: Դժվար, հա, դու էլ… Ա՛յ ավագ Հարությունյան, մեկ-մեկ այնպիսի ախմախ մտքեր ես ասում, որ անկախ ինձնից մտածում եմ, թե արդեն խելառել ես: Դե որ խելառ ես,ասա տեսնեմ, ծառայությունդ աննկա՞տ է անցնում: Իհարկե, կարող ես ինձ հակաճառել ու հակադարձել, թե իբր «խելառը դու ես», բայց մի մոռացիր, որ ես դու եմ…
Չէ, աչքիս իսկականից խելագարվել եմ, կամ էլ գուցե տաքություն ունեմ: Բայց ամենից հավանականն այն է, որ արդեն ավանդական դարձած եղանակով իմ բուն պատմությունից շեղվում եմ ու ընկնում կեղծ փիլիսոփայական մտորումների գիրկը: Այնպես որ նորից վերադառնանք մեր բուն պատմությանը, կամ ավելի ճիշտ, այդ պատմության համար անհրաժեշտ որոշ իրադարձություններին:
Սաքոն յուրօրինակ մարդ էր: Առաջինը Փանոսն էր, երկրորդը`Սաքոն: Չէ, Սաքոն ձախորդ չէր: Ինքը ուղղակի սիրված էր, ճիշտ այնպես, ինչպես Փանոսը:
Հետաքրքիր մարդ էր Սաքոն: Վստահում էր բոլորին, սիրում էր բոլորին, մտերմանում էր ամենքի հետ, հարգում էր բոլորին ու նվիրվում բոլորին: Ու այդ ամենն անում էր այնպիսի պարզ, մանկական անմիջականությամբ, որ դիմացինին՝ այսինքն բոլոր մյուս զինծառայողներին, ստիպում էր վստահել, սիրել ու հարգել իրեն, մտերմանալ ու նվիրվել:
Սաքոն սովորել էր իրենց գյուղի տասնամյա դպրոցում: Հաճախել տասն երկար ու ձիգ տարիներ, ապա, ավարտելով ութնամյակը, դուրս եկել դպրոցից: Սաքոն երկու անգամ նույն դասարանում էր մնացել, ու սրա մեղավորը ոչ թե իր ունակություններն էին, այլ երկրի ու մասնավորապես գյուղի ու մասնավորապես իր ընտանիքի սոցիալական վիճակը: Ընտանիքի հոգսը հիվանդ հայրը մենակ չէր կարող քաշել, մայրը հազիվ հասցնում էր փոքր քույր-եղբայրներին պահել, տատ, պապ չուներ: Գյուղում չունեին ուրիշ հարազատներ, ու թեև հարևանները բարի մարդիկ էին, կարողացածին պես հասնում էին Սաքոյի ընտանիքին, բայց դե նրանք էլ էին խեղճ ապրում:
Երբ Սաքոն դարձավ տասնութ տարեկան, նրան չթողեցին նորից կանգնի հոր մեջքին, ու տասնութամյա պատանին անցավ պարտադիր զինվորական ծառայության՝ տան ողջ հոգսը թողնելով հոր ու փոքր եղբոր վրա, ու մեկ էլ այն հույսին, որ մեծ հորեղբայրը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից փող կուղարկի:
* * *
Սաքոյի ծառայությունը լավ էր անցնում: Հոգսը իր հեռվում մնացած ընտանիքն էր, որի կողքին չէր, մեջքին չէր կարող կանգնել:
— Ասում եք՝ հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողեք ընտանիքս պաշտպանեմ, — ասում էր դառնացած Սաքոն՝ ատելությամբ հայացք նետելով սենյակի տձև պատերին: — Չեմ սիրում էս պատերը, քլունգ լիներ, ջարդեի, փշրեի: Էս ասֆալտից տհաճ հոտ ա գալիս, քանդեի, խոտ ցանեի, — հավելում էր թախիծով:
Նրա գործը զորամասի մուտքին հետևելն էր: Հավերժ պահակ էր Սաքոն: Իր փոքրիկ սենյակ-տնակն էր ու դարպասները, որոնց հետևում էր աչալուրջ:
— Տո ո՞ւր ա, ավտո գա, դարպասները բացեմ. հա՛մ ավտոն ներս գա, հա՛մ էլ դրսի օդը, — ասում էր սպասումով ու ավտոմեքենայի թույլ ձայն լսելով՝ վազում էր դարպասները բացելու:
Այսպես անցնում էր Սաքոյի սպասումով լի ծառայությունը:
Բայց չէ, այդպես չէր անցնում: Չնայած որ չէր սիրում բանակ կառույցը, չէր սիրում զորամասի պատերն ու պարիսպները, չնայած խորշում էր զինվոր-սպա, զինվոր-զինվոր արմատավորված փոխհարաբերություններից, բայց նա, այնուամենայնիվ, օրինակելի զինվոր էր, իր պարտականությունները կատարում էր անթերի, անտրտունջ, առանց առարկելու:
Գուցե պատճառն այն էր, որ հասկացել էր, թե գործ անելիս ժամանակն ավելի արագ էր անցնում, գուցե պատճառը իր խառնվածքն էր, բայց նրա կեցվածքն այդպիսին էր: Երբ զորամասում սկսվեցին որոշակի հատվածի վերանորոգման աշխատանքներ, Սաքոն ինքնակամ գնաց ու միացավ բանվորներին: Հետո արդեն բոլորն ասում էին «Սաքոյի վերանորոգումը», որովհետև ամենից լավ հասկացողն ինքն էր, ամենալավ գործ անողն ինքն էր, ամենանվիրված գործ անողն ինքն էր, ամենաՍաքոն ինքն էր: Իր անմիջական զինվորական պարտականությունները՝ կապված պահակակետի հետ, չէր մոռացել:
Տարօրինակ վարպետությամբ համատեղում էր, տարօրինակ ձևով օր ու գիշեր ծառայում` առանց հոգնելու, տարօրինակ կերպով այդ ողջ ընթացքում չէր մոռանում հաշվել ամիսները, շաբաթներն, օրերն ու ժամերը, երբ պետք է դուրս գար զորամասի պատերից, հաներ զինվորական համազգեստը, հագներ իր սիրելի՝ գյուղի աշխատանքից մաշված, բայց խիստ հարմար շորերն ու գնար դաշտում գործ անելու:
Այս օրինակելի ծառայությունը չվրիպեց հրամանատարության աչքից: Շուտով շարքային Սաքոյին պարգևատրեցին դիպլոմով, տվեցին սերժանտի կոչում: Զարմացած էր իր հաջողությամբ, փոքր-ինչ շփոթված, գուցե փոքր-ինչ ուրախացած, բայց իրականում անտարբեր էր, շարունակում էր հաշվել իր ծառայության ժամերը՝ սպասելով երանելի ժամին, երբ պետք է տուն հասնի, գրկի ու համբուրի արդեն ծերացած մորը…
Ի՞նչ իմանար խեղճ Սաքոն, որ իր օրինակելի ծառայությունն իր գլխին փորձանք է դառնալու…
* * *
Հարևան զորամասում զինծառայողի պակաս կար: Ներքին հրամանով այնտեղ պետք է տեղափոխվեր Սաքոյենց զորամասի զինվորներից մեկը: Այդ ժամանակ Սաքոն, օրերը հաշվելով, հասել էր երկու ամսին ու ուրախ-զվարթ բոլորին ասում էր.
— Մեկ զույգ ամիս մնաց ու կգնամ տուն… Էս պատերն էլ ինձ համար չեն լինի:
— Այս պատերն արդեն քո համար չեն: Քո համար արդեն հարևան զորամասի պատերն են, — պատասխանեցին նրան:
Սաքոն սփրթնեց:
— Ինչու՞ ես:
— Որովհետև այնտեղ սերժանտ է պետք:
— Ես սերժանտ չեմ, շարքային եմ:
— Օրինակելի ծառայության համար քեզ սերժանտի կոչում է շնորհվել:
— Ախպեր, չեմ ուզում էդ սերժանտի կոչումը, առեք ձեզ, — ասաց՝ ձեռքն ուսադիրին գցելով:
— ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍԵՐժԱՆՏ ԵՍ: ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ:
— Էլ օրինակելի չեմ ծառայի, մի՛ տարեք ինձ, — խնդրեց Սաքոն:
— Կծառայես, դա քո բնավորությունն է:
— Չեմ ուզում: Ինչու՞ հենց ես: Զույգ ամիս է մնացել, թողեք հանգիստ ծառայեմ, տուն գնամ:
— Այնտեղ էլ հանգիստ կծառայես:
— Այնտեղ հանգիստ չի լինի, ոչ մեկին չեմ ճանաչում: Ամեն մեկն ուզելու է իրենն ասի: Մեկի հետ վեճ, մեկի հետ կռիվ, մեկի հետ իրար չհասկանալ, մեկին ճնշել, մեկից ճնշվել, չեմ ուզում ձեր այդ զորամասը: Թողեք` հանգիստ ծառայեմ: Այնտեղի սպաներին չեմ ճանաչում: Բոլորն ինձ թշնամանքով են նայելու: ԹՈՂԵՔ` հանգիստ ծառայեմ, զույգ ամիս է մնացել…
— Երկու ժամից ճամփա ենք ընկնում: Իրերդ հավաքիր, ընկեր-ներիդ հրաժեշտտուր:
— Թողեք` հանգիստ ծառայեմ…
— Շտապի՛ր:
— Թողեք` հանգիստ ծառայեմ…
* * *
Սաքոյի աչքերում թախիծ ու սարսափ էր: Շփոթված ման էր գալիս զորամասում, որ ում տեսնի, հրաժեշտ տա: Բայց հենց որ մեկին տեսնում էր, մոտենում, բռնում էր ձեռքն ու ասում.
— Լավ էլի, խնդրում եմ, թողեք` հանգիստ ծառայեմ: Ինչու՞ հենց ես:
Նրան պատասխանելու բան չունեին ո՛չ զինվորները, ո՛չ սպաները: Խեղճ տղային ինչ ասեին մարդիկ, ովքեր զինծառայող են ու պարտավոր են, երդում են տվել անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
Չգիտեի, որ Սաքոյին տանում են: Տեսա` շփոթված մոտենում է:
Նրան տեսնելով՝ ուրախացա.
— Ո՞նց ես, Սաք ջան:
— Թող` հանգիստ ծառայեմ:
— Ի՞նչ:
— Լավ էլի, խնդրում եմ, ինչու՞ հենց ես:
— Սա՞ք, ի՞նչ է եղել:
— Գնում եմ: Էլ ինձ չես սովորեցնի: Էլ մարդ չեմ դառնա: Գնում եմ… չեմ գնում, տանում են…
— Ու՞ր Սաքո:
— Էն զորամասը: Էլ մարդ չեմ դառնա: Խոստումդ մոռացե՞լ ես: Չե՞ս սովորեցնելու: Ինչու՞ հենց ես: Դու էլ խաբեցիր: Էլ մարդ չեմ դառնա, տանում են… թողնեիր` հանգիստ ծառայեի…
Ասաց ու գնաց առաջ՝ թողնելով ինձ շփոթված, տարակուսած, տրտում, գցելով հիշողությունների գիրկը:
* * *
Սաքոյին արդեն հասցրել էի ճանաչել ու հարգել, բայց մտերմանալու ժամանակ ու առիթ դեռ չէր եղել: Նոր տարվա օրերն էին: Առաջին անգամ պետք է լինեի ՀԱԿ-ի (Հսկիչ անցագրային կետ) հերթապահ: Սովորաբար երեք հոգով են կանգնում հերթապահության, մենք՝ երկուսով էինք: Քսանչորս ժամ, այսինքն աշխատանքը պետք է այնպես բաժանեինք, որ գիշերը մեկս քներ, մյուսս արթուն մնար, առավոտյան նոր գնար հանգստանալու՝ հերթափոխը հանձնելով մյուսին: Ընտրեցի գիշերն արթուն մնալու տարբերակն ու արթուն նստած էի: Սաքոն իմացավ: Նրա պահակակետը մերինից բավական հեռու էր: Փակեց ու եկավ մոտս:
— Սաք, այստեղ ի՞նչ ես անում, — հարցրի զարմացած, — բա պահակակետդ:
— Եկել եմ կողքդ նստելու, — պատասխանեց հանգիստ, — դարպասները փակել եմ:
— Կխոսեն վրադ, չի՛ կարելի, — անհանգստացա ես:
— Ոչինչ, թող խոսեն: Առաջին անգամ ես կանգնում, հո մենակ չե՞ս կանգնելու:
— Այ մարդ, մի անհանգստացիր, գնա քո ծառայությանը, իմ մասին մի մտածիր:
— Չէ ու չէ, կողքդ նստելու եմ, էլ բան չասես:
Ասաց ու նստեց: Առաջս խաչբառ էր դրած, հայացքը միանգամից դրան գցեց:
— Խաչբառ հազար տարի է՝ չեմ լրացրել, — հայացքում խանդավառություն կար, — փող չէի ունենում, թերթ առնեի:
— Վերցրու, լրացրու, — նրա կողմը հրեցի հայկական հիմար սկանվորդը:
— Հա՞ որ:
— Հա:
— Բա որ տառերը չհիշե՞մ:
— Կհիշեցնեմ, — ժպտացի:
— Դե սկսեմ, — ասաց ու կարդաց առաջին հարցը, — հա-վա-քա-րա-րի գո-գո գոր-ծիք, — կարդաց կմկմալով, հետո մի հատ էլ ամբողջական կարդաց, — հավաքարարի գործիք: Էդ ո՞րն ա:
— Հավաքարարն ինչո՞վ է մաքրում ասենք սենյակները:
— Ավելով:
— Դե գրի, — հրահանգեցի՝ առանց խաչբառին նայելու:
Գրեց, պրծավ, դարձավ ինձ:
— Չստացվեց:
— Ինչու՞:
— Տառերն ավելի շատ են:
Նայեցի, իրոք, որոնվող բառի տառերն ավելի շատ էին՝ յոթը:
— Դե մտածի՝ ինչ «գործիքի» մասին է խոսքը, որ յոթ տառանի լինի:
— Գտա, — ուրախացավ:
— Դե՛, գրիր:
Գրեց: Գրեց մեծատառ տպատառերով, իսկ ես կարդացի «ՊՈԼԻՓԵԴ»: Ակամա փռթկացի:
— Ինչու՞ ես ծիծաղում, — հարցրեց շփոթված:
— Դե, որովհետև «պոլի փեդը» նախ մի բառ չի, երկու բառ է, հետո մի բառը ռուսերեն է… մի խոսքով չէ, դա չի: Երևի «ցախավել» բառն են նկատի ունեցել…
— Ի՞նչ անեմ: Անգրագետ եմ, — ձայնում ու հայացքում թախիծ կար:
Սկսեցինք խոսել: Պատմեց կյանքի պատմությունը, պատմեց, որ ժամանակ չի ունեցել դպրոցում սովորելու, բայց ինքը գիրը շատ էր սիրում, ուզում էր սովորել…
Հետո հանկարծ պայծառացավ.
— Դու գիտնական մարդ ես երևում, գրական խոսում ես, ամեն ինչի մասին գիտես, բանակը պրծնեմ, ինձ պրոֆեսոր դարձրու էլի:
— Էդ ո՞նց, — հարցրի ծիծաղելով:
— Դե բանակը պրծնենք, էս պատերից դուրս գանք, ու դու ինձ գիրը սովորեցրու: Թվերն էլ, ֆիզիկան էլ: Համ էլ պատմություն, կանե՞ս:
— Սաք, ես դասատու չեմ, ո՞նց սովորեցնեմ: Ես քեզ կարող եմ օգնել, ինչքան որ գիտեմ, որովհետև իմ իմացածն էլ քիչ է, բայց սովորեցնել չեմ կարող:
— Կարող ես, դու գիտնական ես: Խոսք տուր, որ կսովորեցնես:
— Սաք, ախր…
— Արտակ, խոսք տուր:
Խոստումս կորզեց: Թեև ես իրականում միայն խոսք տվեցի ուժերիս սահմանում օգնել, բայց խոսքս կորզեց:
Հետո ամեն հերթապահության ժամանակ կողքիս կանգնում էր հավատարիմ ընկերը՝ անտեսելով իր պահակակետը թողնելու համար պատժվելու հնարավորությունը: Այդպիսին էր իմ ընկեր Սաքոն:
* * *
Սաքոյին տարան հարևան զորամաս, ու երկար ժամանակ լուր չունեինք: Եղած լուրն այն էր, որ ընկճված է, ու էլի ժամերն է հաշվում: Այդպես անցավ երկու ամիս, ու հասավ Սաքոյի զորացրվելու ժամանակը: Ու հենց այդ օրը լուր եկավ, որ Սաքոյին նորից բերել են: «Երևի բերել են, որ փաստաթղթերը ձևակերպեն ու տուն ուղարկեն, — մտածեցի ուրախ, — վերջապես դուրս կգա այս պատերից»:
Գնացի նրան տեսնելու:
Սենյակում բացի Սաքոյից չորս-հինգ հոգի էլ կային, բոլորը լուռ ու շփոթված էին: Սաքոն նստել էր սենյակի անկյունում` լուռ, հայացքն առաստաղին: Ինչ-որ խելագար կայծ կար աչքերում:
— Ողջու՛յն, Սաք, — ձայնեցի ուրախ:
Չպատասխանեց, վրաս չնայեց: Տղերքը նշաններով հասկացրին, որ սուս մնամ: Շփոթված լռեցի, ու էդ լռությունը խախտեց Սաքոն: Տեղից վեր թռավ ու գոռաց.
— Թողե՛ք, տուն գնամ, ես ձեր մայրիկը. — ու նորից նստեց, նորից նույն դիրքով, նույն հայացքով:
Մեկ րոպե չանցած՝ նորից թռավ տեղից.
— Ծառայելուց պիտի վատ ծառայես, — գոռաց ու նստեց:
Հետո էլի թռավ.
— Ես էս երկրի սենցն ու նենցը, էլ ստեղ չեմ ապրելու, Ռուսաստան եմ գնալու:
— Թողեիք, տուն գնայի, ես ձեր մայրիկը:
— Սրանք մարդ չեն:
— Սա երկիր չէ:
Սաքոն գժվել էր… Ինչպե՞ս չգժվեր օրերը հաշվող տղան, ում ծառայությունը երկարացրել էին 20 օրով՝ իր օրինակելի ծառայության համար: Ձևակերպվել էր, որ բանակին այդ երիտասարդը պետք է, ու կանոնադրության կամ եսիմ ինչի եսիմ ինչ կետի վրա հիմնվելով՝ նրա ծառայությունը երկարացրել էին: Ու Սաքոն գժվել էր:
20 օր տեղից չշարժվեց: Միայն զուգարան էր գնում: Հաց բերում էին, զոռով մի կտոր ուտում էր: Չէր սափրվում, պարտականությունների մասին չէր մտածում: Նույնիսկ սպաները չէին փորձում խոսել վրան՝ երևի մտնելով նրա դրության մեջ, հասկանալով, որ խոսելն անիմաստ է: 20 օր տառապեց, ոչ մեկիս հետ չխոսեց, 20-րդ օրը գնաց ու էն գնալն է, որ գնաց: Լսել եմ, որ հիմա Ռուսաստանում է, հորեղբոր մոտ, ու Հայաստան գալ էլ չի ուզում:
Ականջիս են նրա վերջին խոսքերը.
— Ասում եք՝ հայրենի՞քն եմ պաշտպանում, տո՛, թողնեիք, պաշտպանեի: Չունե՛մ հայրենիք…