Հարցազրույց Դիանա Համբարձումյանի հետ

Դիանա Համբարձումյան

«Ես մանկությունից գիտեի, որ ուզում եմ գրել իմ վեպը»

Գրող Դիանա Համբարձումյանն ինչպե°ս կներկայանար իր ընթերցողին: Հավանաբար, դուք նրան ասելիք ունեք, նախքան նա կսկսի կարդալ Ձեր գիրքը:

 – Աշխարհում այսօր անթիվ-անհամար գրողներ կան, որոնք գրել ու գրում են անթիվ-անհամար գրքեր, դե, խե~ղճ ընթերցող, եկ ու մի մոլորվիր ու մի մտմտա` ո՞ր գրողին կարդաս, ո՞ր գիրքը կարդաս, ինչո՞ւ կարդաս: Իմ գրած գրքերը միլիոնավոր ընթերցողներ չունեն, նախ այն պարզ պատճառով, որ դրանք միլիոնավոր տպաքանակ չունեն, ու նաև այն հասկանալի պատճառով, որ գրված են հայերեն, լեզու, որով այսօր խոսում են մի քանի միլիոն հայեր միայն, որոնցից հավանական ընթերցողներ են, հավանաբար, յուրաքանչյուր միլիոնից հարյուր հազարը, և հետո, գրողին ու նրա գիրքը տեսցնելու, գնահատելու, ճանաչելի ու դրվատելի դարձնելու երկու լավագույն ուղիները` գրականագիտություն-գրաքննադատությունը և հեռահաղորդակցման միջոցներով գրողի ու գրքի գովազդը մեզանում, եթե կա էլ, ապա ինձ առանձնապես երես չեն տվել: Այնպես որ, ես հիմա կօգտվեմ առիթից ու կզբաղվեմ ինքնագովազդով. «Կարդացեք Դիանա Համբարձումյանի գրքերը. դրանք գրված են հենց ձեզ համար, և նա ձեզանից մեկն է, ձերոնցից է: Երբ հուսահատ եք և հույս եք որոնում կամ հուսառատ ու խաղաղ եք և արկածներ, տագնապներ ու խենթություններ եք որոնում, երբ ձեր միտքը ձանձրանում է անգործությունից կամ փախչում է ձեր հանճարեղությունից, երբ ձեր սիրտը դառնացած է կորուստներից կամ հրճվում է սիրուց ու վայելքներից, երբ գիտեք բոլոր հարցերի պատասխանը և անպատասխան հարցեր եք որոնում, կարդացեք Դիանա Համբարձումյանի պատմվածքները, վիպակներն ու վեպերը»: Եթե ոչ ամեն ինչ, ապա կարծես թե շատ բան ասացի իմ մասին: Մեծ մասն ասացի:

 Հայտնի է, որ «խոսքի վերածված միտքը», երբ տպագրվում է, դադարում է պատկանել հեղինակին և դառնում է այն ընթերցողի սեփականությունը, որը կարդում է գիրը: Ո՞վ է Ձեր ընթերցողը. գրելիս մտածո՞ւմ եք նրա մասին:

 Այո, համաձայն եմ, որ միտքը հնչելով կամ գրվելով, ավելին, գիրք դառնալով` այլևս դադարում է հեղինակին պատկանել, որքան էլ ժամանակակից աշխարհը համառորեն հետամուտ լինի հեղինակային իրավունքի պաշտպանությանը: Առավել ևս համաձայն եմ Բարտի` «հեղինակի մահվան» տեսությանը, ըստ որի` ցանկացած գիր, օտարվելով հեղինակից, զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս, ամենատարբեր ընթերցումներ ու տարընթերցումներ է ունենում, այլ խոսքով` հեղինակողի մահը ծնում է ընթերցող-հեղինակների, որոնք նորովի են «գրում» գրվածը, երբ ընթերցում են այնպես, ինչպես իրենք կգրեին, որ միևնույնն է թե, ինչպես իրենք կմտածեին:

Ինչ վերաբերում է իմ ընթերցողին, ես և’մտածում և’չեմ մտածում նրա մասին, երբ գրում եմ: Մտածում եմ այնքան, որքան յուրաքանչյուր գրող իր խոսքը հղում ու պատմում է որոշակի ունկնդիրների կամ, գոնե, մի ունկնդրի, եթե նույնիսկ, այդ ունկնդիրն ինքն է: Չեմ մտածում իմ ընթերցողի մասին, քանի որ համոզված եմ` ընթերցող-ունկնդրին հաշվի առնելիս խոսքն ու լեզուն, պատմելաոճը, էլ չեմ խոսում բուն ասելիքի մասին, կարող են արհեստական, շինծու դառնալ` ելնելով ընթերցողին գոհացնելու, սիրաշահելու, երբեմն, նույնիսկ, ցնցող տպավորություն թողնելու, մի կողմից` նրա մտավոր ունակությունները թերագնահատելով, գիրը պարզունակացնելու, մյուս կողմից` դրանք գերագնահատելով` խոսքը խճողելու, հանճարեղանալու նպատակից: Բայց և այնպես, երբ գրքերս լույս աշխարհ են գալիս, տպարանից հասնում են գրախանութներ ու գրադարաններ, երբ հանդիպում եմ իրական ընթերցողներիս, մեծ մասամբ, համոզվում եմ, որ նրանք, այսպես կոչված  «ինտելեկտուալ» ընթերցողներ են` գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ, թեպետ, երբեմն, հանդիպում են նաև «ոչ ինտելեկտուալներ», որոնց ընկալման ու մեկնաբանման կերպը կարող է և’զավեշտալի թվալ, և’հուսահատեցնող, և’անակնկալ հիացմունք առաջացնող: Ինչպես ասում են` կյանքը հարուստ է, գրի կյանքը` նույնպես, ամեն բան կարող է պատահել: Եվ պատահում է:

 Ո՞վ կամ ի՞նչը Ձեզ մղեց գրելու:

 Հիմա, երբ արդեն իմ անուն-ազգանունն իրենց վրա կրող տասնհինգ գիրք են ծնվել, ինձ թվում է, որ դրանք նույնքան բնական ու առեղծվածային ծնունդներ են եղել, որքան` իմ ծնունդը:

Ես շատ բան գիտեմ իմ ծննդի մասին, գրեթե բոլոր մանրամասները, գիտեմ, թե ինչ է եղել իմ սաղմնավորումից առաջ, սաղմնավորման ընթացքի ու դրանից հետո եղածի մասին նույնպես շատ բան գիտեմ, նախ, քանի որ բոլոր մարդիկ նույն կերպ են սաղմնավորվում ու ծնվում, և հետո, ծնողներս, ազգականներս ու ականատեսներն առանց հոգնելու, վկայի պես պատմել ու հաստատել են իմ ծննդի հետ կապված բոլոր սովորական ու արտառոց պատմությունները: Այսքանով հանդերձ, իմ ծնունդը մինչ այսօր այն ամենամեծ թնջուկն է, որ երբևէ հանդիպել է ինձ իմ կյանքի կեսդարյա պատմության մեջ:

Այսպես էլ գրելու և «գրականություն անելու» իմ սկիզբը եղավ նույնքան բնական, որքան կյանքով հղին է ծնում, և նույնքան առեղծվածային, որքան ծնունդն ինքն է, ու որքան գրի ծնունդն է մոգական: Ես անձամբ տեսնելու և լսելու չափ կենդանի եմ հիշում մի պատմություն, որ հայրս էր պատմում իր աղքատ մանկության տարիների մասին, որոնք հարուստ էին գրքերով ու ընթերցանությամբ. «Երբ հինգ քույրերս ու եղբայրներս ու մայրս քնի մեջ մշմշում էին, ես բարձի տակից հանում էի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» կամ «Սամվելը», ծալապատիկ նստում խսիրե հատակին, անաղմուկ բացում վառարանի փոքր դռնակը, կրակխառնիչով շրջում մարմրող փայտը, որ կրակը բորբոքվի, ու կարմիր լույսի տակ կարդում էի մինչև լուսաբաց»: Ամեն անգամ, երբ հայրս պատմում էր այս պատմությունը, ես ավելի ու ավելի էի ուզում գրել ի’մ «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» կամ «Սամվելը», որպեսզի ընթերցողս, բոլոր անկարելիությունները հաղթահարելով, ձեռքն առներ դրանք ու ինքնամոռաց կարդար մինչև լուսաբաց: Հորս պես: Ու մի օր գրեցի: Հիմա չգիտեմ, թե ինչ դժվարություններ հաղթահարելով է կարդում ընթերցողն իմ գրածները, բայց մի բան հաստատ գիտեմ, որ հորս օրինակով ես էլ նրա չափ մոլի ընթերցող դարձա:

 Իսկ ինչպե՞ս եք հաջողում գրել և’հայերեն, և’անգլերեն: Ավելին, Դուք հաճախ Ձեր հայերեն տեքստերը թարգմանում եք անգլերեն: Արդյո՞ք չեք գայթակղվում և թարգմանելու փոխարեն նույն թեմայով նոր տարբերակ չեք ստեղծում: Ինչպե՞ս եք ապրում երկու լեզուների մոտ ներկայությամբ:

 Այնպես, ինչպես հայերեն եմ գրում, ոչ մի այլ լեզվով չեմ կարող գրել: Ոչ միայն այն պատճառով, որ հայերենն իմ մայրենի լեզուն է, ուստի և ծննդյանս հետ ինձ տրված մեծագույն պարգևը, այլև այն անբացատրելի մոգական էներգիայի շնորհիվ, որով օժտված է հայոց լեզուն: Թե’ամենօրյա գործածության միջոցին, թե’գրելիս ու թարգմանելիս ավելի ու ավելի եմ համոզվում լորդ Բայրոնի խորիմաստ գյուտի մեջ.  «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»: Ընթերցողներիս հետ առնչվելու ոչ միակ, բայց նախընտրելի լեզուն հայերենն է: Անգլերենն ինձ համար երկրորդ տան, երկրորդ հայրենիքի պես մի բան է, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ սրբությունները կարող են նաև եզակի չլինել: Ավելի քան չորս տասնամյակ է, ինչ ես գրում, կարդում և խոսում եմ անգլերեն, և քառորդ դարից ավելի է, ինչ գրական թագմանություններ եմ անում անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն: Երկար տարիներ չեմ համարձակվել գեղարվեստական գործ գրել անգլերեն, թեպետ առանց վարանելու գրել եմ մի շարք գիտական հոդվածներ ու ակնարկներ: Ավելին ասեմ. մինչև վերջերս ես իմ գրական գործերը նույնպես չեմ համարձակվել թարգմանել անգլերեն, թեպետ, առանց կեղծ համեստության նշեմ, որ համարձակվել եմ թարգմանել Հրանտ Մաթևոսյանի, Լևոն Խեչոյանի, Վահագն Գրիգորյանի, Ռուբեն Հովսեփյանի պատմվածքները: Մի օր, երբ հավելյալ տեղեկություն էի որոնում իռլանդացի գրող Սամյուել Բեքեթի մասին, ինձ բռնեցրի, որ մի քանի անգամ ու անհանգիստ հուզումով եմ կարդում Նոբելյան մրցանակակրի կենսագրության այն փաստը, որ ստեղծագործել է երկու լեզվով` անգլերենով ու ֆրանսերենով, ավելին, ինքն իր անգլերեն երկերը թարգմանել է ֆրանսերեն և ֆրանսերեն երկերը` անգլերեն: Հիմա կարող եմ խոստովանել, որ Բեքեթի փորձն ինձ համար խթան հանդիսացավ, որպեսզի ես էլ փորձեմ գրել անգլերեն, ու գրեցի, ես էլ փորձեմ իմ գրածը թարգմանել անգլերեն, ու թարգմանեցի: Անշուշտ, գրածդ թարգմանելիս միշտ էլ կա վերստին գրելու գայթակղությունը, բայց ես դեռ չեմ տրվում դրան, իսկ եթե գա մի պահ, որ գայթակղվեմ, չեմ կարծում, թե դա ողբերգություն կլինի, գուցե և նորարարության ու փորձարարության մի խառնուրդ ստացվի, որը, եթե հաջողի, լավ, եթե չհաջողի, նույնպես լավ, քանի որ ոչ մի փորձ էլ փորձանք չէ, եթե արվում է առաջընթացի նպատակով:

 Այս տարի Ռուսաստանում լույս տեսավ Ձեր պատմվածքների` «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուն: Սպասվում է ևս մեկ գիրք` ռուսերեն թարգմանությամբ: Պատմեք այդ մասին:

 Այո, ես անասելի ուրախ եմ, որ այս տարվա փետրվարին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի «Վորոնեժ» հրատարակչությունը լույս ընծայեց իմ տասներկու պատմվածքների` ռուսերեն թարգմանված ժողովածուն, որը կրում է պատմվածքներիցս մեկի վերնագիրը` «Հեռագիր Ֆաթիմային»: Եթե մինչ այս իմ ամենատարբեր պատմվածքները թարգմանվել են տասից ավելի լեզվով և հրատարակվել տարբեր երկրների գրական ամսագրերում ու անթոլոգիաներում, ապա այս գիրքը, որպես օտար հրատարակչի հրատարակած ժողովածու, որի սպառողն օտար ընթերցողն է լինելու, իմ գրական կենսագրության մեջ յուրատեսակ և առաջին ձեռքբերում է: Հուսով եմ, որ ընթերցողների, ներառյալ գրական շրջանակի արձագանքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, որն էլ կապահովի հաջորդ գրքիս` հայերեն դեռ անտիպ «Դուռը թակում են» վեպի թարգմանությունը, որի շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:

 Շուտով մեկնելու եք Քվեբեկ, Կանադա` որոշ ժամանակով ապրելու և ստեղծագործելու Վալ-Դավիդի հանրահայտ ստեղծագործական տանը: Ի՞նչ ծրագիր եք իրականացնելու այնտեղ:

 Հիմա, երբ հետահայաց նայում եմ իմ գրական կենսագրության մի քանի փաստերին, ապա ինձ բախտավոր եմ զգում, հատկապես, «գրական ճամփորդություններիս» համար, որոնք ներառում են միջազգային գրական փառատոներ, գրական ու մշակութային հանդիպումներ և համաժողովներ, բայց ամենից ավելի ուրախ եմ աշխարհում մեծ համարում ունեցող «Գրող-բնակիչ» ծրագրի մասնակիցը լինելու համար, որը կայացավ Վիեննայում 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հենց այս այցելությանս եմ պարտական նոր` «Դուռը թակում են» վեպիս գոյությունը: Գրողի աշխարհայեցումը, կենսափիլիսոփայությունն ու գրողական փորձառությունը միայն շահում են նմանատիպ այցելություններից: Ասեմ, որ համաշխարհային գրականության մեջ ունեցած իմ  «գրական թուլություններից» մեկի` Ուիլյամ Ֆոլքների կենսագրությունը հարուստ է «Գրող-բնակիչ» ծրագրի մասնակցության փաստով. 1957-1958 թվականներին, երբ Ֆոլքները ութ-ինը տարի արդեն Նոբելյան մրցանակակիր էր, երկու անգամ անընդմեջ մասնակցել է Վիրջինիայի համալսարանում գործող նմանատիպ ծրագրին:

Այս տարվա մայիսին մեկ ամսով հրավիրված եմ Կանադա` մասնակցելու Քվեբեկի Վալ-Դավիդ հանրահայտ բնակատեղի «Գրող-բնակիչ» ծրագրին: Այդ ընթացքում նաև մասնակցելու եմ միջազգային գրական փառատոնի, ինչն ինձ հնարավորություն կտա հանդես գալու հայ ժամանակակից գրականության և թարգմանական խնդիրների շուրջ զեկուցումով: Սա կարող է լավ առիթ լինել ինձ ու իմ գրչընկերների համար` ծանոթանալու նոր թարգմանիչների ու հրատարակիչների հետ և հայ ժամանակակից գրականությունը ներկայացնելու օտար ընթերցողին: Այս ծրագրի ավարտին կազմակերպիչները հրատարակելու են մի ժողովածու, որտեղ ընդգրկվելու են ծրագրի մասնակիցների ստեղծագործությունները:

 Հասցնո՞ւմ եք ընթերցել և ի՞նչ եք ընթերցում հիմա:

 Արդեն գիտեք, որ ընթերցելն իմ ամենասիրելի զբաղմունքն է, բայց այնքան, որքան ես կուզեի ընթերցել, հիմա այլևս չի հաջողվում: Մինչև քսանհինգ տարեկան այնքան գրքեր եմ կարդացել, որքան կարելի էր գտնել հորս անձնական գրադարանում, Քաջարան քաղաքի դպրոցական ու քաղաքային գրադարաններում, ընկերներիս ու բարեկամներիս տներում: Կարդում էի անխտիր ամեն բան, ինչ կար-չկար, պետք էր-պետք չէր, շատ բան թաքուն էի կարդում, քանի որ ծնողներս մի օր սկսեցին արգելել ինձ գիշերն ի լույս կարդալ` տեսողությանս վատթարացման պատճառով, բայց ես համառորեն կարդում էի, մի գիշերում, երբեմն, երկու վեպ էի ավարտում: Հիմա էլ եմ կարդում. դրանք ավելի շատ ժամանակակից արտասահմանյան գրողների գործեր են, որոնք գտնում եմ համացանցում անգլերեն թարգմանությամբ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են գրում աշխարհի տարբեր կողմերում ապրող գրողները, ինչ նորարարություններ ու ձեռքբերումներ կան: Ահա այս պահերին է, որ ինքնագոհ մտածում եմ` ի~նչ լավ է, որ ես անգլերեն եմ կարդում: Հիմա սեղանիս է Լևոն Խեչոյանի վերջին վեպը` «Մհերի դռան գիրքը»: Արդեն զգում եմ, որ գրելու եմ այս վեպի մասին:

Զրուցեցին Նաիրա Խաչատրյանն ու Ռուբեն Իշխանյանը

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *