Հատվածներ
Ամեն մանուշակի մեջ կա մի անհայտ մանուշակ, որին ոչ մեկի ձեռքը չի հասնում.
խորհում էր զինվորը դադարի պահին եւ հիշում իրենց գյուղի մեկը-մեկից սիրուն աղջիկներին։ Ժայռածերպով պիտի դիրք հասներ։ Սակայն նկատեց, որ միանգամից իրեն են նայում գետահովտի հարյուր-հազարավոր մանուշակները ու, չգիտես ինչու, կարմրեց՝ մտածելով, որ ինքը պիտի հասնի իր Երանիկի մեջ ապրող ամենաանհայտին ու ամենաանհասանելիին։ Իսկ դրան հասնելու միայն մի ուղի կա՝ սիրել խորը։ Ավելի խորը։ Ավելի ավելի խորը։ Սիրել։ Էդ ուղին խոսքով չի ասվում եւ չգնացողը չի տեսնի, գնացողն է տեսնում։ Բարձրացավ ժայռը եւ, որերորդ անգամ նկատեց, թե որքան գեղեցիկ է Արցախը. վերեւում կռունկների երկինքն է, ներքեւում հովիտը՝ մանուշակե հույժ համբուրելի աչքեր, որոնց վրա ջրի ցալքուններ է ցանում մանկության գետակը։
Արեւի իրիկնացոլք շողերի մեջ կամաց-կամաց թոշնում էր թախիծը եւ ստվերների հետզհետե թանձրացող խավարում շրշյունների տերեւները դառնում էին անտեսանելի, իրենց հարյուր տարվա եւ դարվա խորհուրդների մեջ՝ հասկանալի։
***
Էս կռիվը մեր կռիվն է, հեռու երկրներում չէ, օտար աշխարհներում չէ, մեր հանդում է, մեր տանն է. եռանկյուն, կնքված չեն գալիս նամակները, մի կտոր թղթի վրա հասնում են, երբեմն՝ ժամանակին, զինվորն է բերում, հետն էլ «ոնց եք, ոնց չեք»-ը լրացուցիչ գուրգուրանքներով, գյուղի մարդկանց հին ու նոր հուշապատումներով։ Շատ հաճախ նամակի կարիք էլ չի լինում։ Դիրքերը հեռու չեն։ Գյուղացիք հերթով հաց են տանում։ Հասմիկ հարսը մի օր էլ զինվորական զգեստներ հագավ, թե՝ էս անգամ տղերանց համար ես հաց կտանեմ։ Ոչ ոք չառարկեց։ Հակոբը զարմանքից ու ուրախությունից չգիտեր, ինչ ասեր։ Դիրքի տղերքը հասկացան՝ յոթ ամսվա պսակվածներ են, ասին՝ Հակոբ, ոչինչ, մի քիչ զրուցեք։ Հակոբը տեսավ, որ Հասմիկը կարմրեց։ Չկարողացավ հրաժարվել։ Սարի վրա վանք կա, մի քանի մոմ վառեցին, համբուրեցին պատերը, հետո կտուց կտցի մեծ կաղնու տակ զրուցեցին։ Նրանց համբուրվելը, իրարից կարոտ առնելն Աստծո սրտովն էլ էր։ Վանքի խաչի ստվերը ձգվել, ընկել էր նրանց վրա, դրա համար էլ, երբ ծնվեց առաջնեկ տղան, անունը դրին Խաչիկ։ Կռիվները շարունակվում են։
Խաչիկը հիմա, արդեն ինը տարեկան քաջորդի է։ «Տղաս զինվոր է ծնվել, թող զինվոր էլ մեծանա, հետո, որ խաղաղություն լինի, հետո, հեշտ է այն ժամանակ»։ Հայի «հետոն» տեսնես ե՞րբ կգա։
Ալավերդունց Օսեփը հեռու էր եւ՛ «հակա», եւ՛ հակա «հակա» լինելուց, բայց ոնց իրեն ձեռ էր տալիս, այնպես շրջում-բերում, նրան էլ էին այս կամ այն ափում հայտնաբերում։ Շրջկենտրոնից վերադառնալիս, ասացին՝ Ստալինի կիսանդրին տար գյուղի գրադարանին հանձնիր։ Մարդ էր, վերցրեց ու բերեց։ Բայց էշի բեռը ծանր էր, ճամփին ծռվեց, մարդը չուզեց քար դնել՝ ավելո՜րդ ծանրություն ստեղծել։ Օսեփը բեռը ուղղելու համար, թեթեւ հակից կախեց արձանիկը՝ պարանը օղեփոկ արեց, նեղ մասը վիզն էր, հագցրեց ու եկավ, մտավ գյուղ՝ առանց որեւէ հետին մտքի ու «հակա»-ի։ Բայց արձանիկին սրտատրոփ սպասող Նուրվարդը, որ տեսավ Ստալինի այդ վիճակը, ուշքից գնաց։ Հետո նրան ուշագնացության համար շրջանային հիվանդանոցում գովասանագիր տվին, իսկ ուշագնացության պատճառի համար Օսեփին բանտ նստեցրին։ Վերջինս ինչքան փորձում էր Զառունց գժերի հետ ազգակցական կապ գտնել՝ ազատվելու համար, չկարողացավ։ Իր խաչը տարավ մինչեւ վերջ։ Ծանր էր։
***
Եկել են ժողովի. բոլորը ներկա են ու ներկա չեն։ Ներկա են ցուցակով։ Բայց իրականում ամենքին փոխարինում է Գալուստը. նախագահ՝ ես, հաշվապահ՝ ե՛ս, բրիգադիր՝ ե՛ս, Սարգիս՝ ե՛ս, Ջհան՝ ե՛ս, Ծատուր՝ ե՛ս, Անդրանիկ՝ ե՛ս, Վալոդ՝ ե՛ս, Թեւան՝ ե՛ս, Ուսուբ՝ ե՛ս, Դարչին՝ ե՛ս, Վարդի՝ ե՛ս, Թիվի՝ ե՛ս, Հաբի՝ ե՛ս, Զինի՝ ե՛ս, Սոնա՝ ե՛ս, Բենիկ՝ ե՛ս, Օսեփ՝ ե՛ս… Ավետիս, Շահեն, Սլավիկ, Գիրի, Կարո, Միշա, Նորիկ, Նինա, Էմմա, Մալխաս, Հայո, Հրո, Մակիչ, Արտեմ, Սամվել, Գուրգեն, Խաչի, Բենիկ, Մոսի, Նեսո, Եղիշ, Աշի, Սուրեն՝ ես, ես… դեհ Գալուստն էլ ե՛ս եմ ու ե՛ս եմ։ Իմանալով, որ շենը դատարկված է՝ Գալուստը էլի դուրս էր եկել պահեստի կտուրն ու կոկորդով մեկ կանչել՝ ա ժողովուրդ, քըղաքան մարդա յեկալ, լոխ եկեք, ժողովը սկսվում ա։ Ասել է ու ինքը բոլորի տեղակ՝ եկել։ Կարող եք ձեր ժողովը սկսել, բացակա մարդ չկա։
Սա իմ գյուղն է։ Մեծ քարից ներքեւ։ Արփագետուկը՝ մի պճեղ եւ անչափ մեծ, ամենամեծն աշխարհում։ Պատերազմ չէ՝ պատերազմ է։
Թաղում։ Թաքուն։ Անլաց։ Անծպտուն։ Անթափոր։
***
Սրտոտ տղա էր Մհերը։ Ուժեղ էր ու պինդ։ Ոչնչից չէր երկնչում։ Տանկը խփվել էր, որ հասանք՝ ամեն ինչ վառվել էր ու մենակ սիրտն էր երեւում։ Ոչ մեկից բան չէր մնացել, կարմիր սիրտն էր ծխում ու ալավ տալիս, նույնիսկ մի պահ կարծեցինք, թե դեռ բաբախում է…
Շապիկս հանեցի, սիրտը խնամքով փաթաթեցինք ու վերցրինք, որ որպես մասունք տանենք ծնողներին։ Դրինք բարձր մի քարի, որ կռվի դադարին տեղ հասցնենք… Մեկ էլ տեսանք՝ էդ քարից կրակ բարձրացավ, գնաց ու թեւերը բացեց։
Որ պատմում ենք՝ ոչ ոք չի հավատում, բայց աչքովս տեսել եմ։ Վազեցինք քարի մոտ, մենակ կրակի հետքն էր մնացել։ Սիրտը թռել էր։
***
Նայում է աստղին, չի նայում՝ աչքերը տալիս է աստղին, որի տակ ծնվել է մի անհասկանալի օր, տեսնում է, թե ինչպես ոսկեհեր ու նշի պես խոշորևխոշոր, կապույտ չես ասի, աչքերով մի աղջիկ թեւավոր ձիու վրա թռչում. տեսնենք՝ ուր է գնում։
Ահա կանգ է առնում ուղիղ իր աստղի առաջ, հետո աստղի ոսկեդուռը բացվում է, աղջիկը ներս է մտնում, շրըխկ, դուռը հետեւից փակվում է, իսկ ձին հալվելով երկնքում, իջնում, իջնում է այնքան, մինչեւ որ մեկ քայլի վրա, մի կետ դարձած, անհետանում է։ «Խաղաղություն ինի աշխարհում, տեր Աստված»։
***
Ձեռքն ակամայից գնաց դեպի թիկունքը, ճիշտ այնտեղ, ուր Անդրանիկի զինվոր իր Խաչի պապը հայի ու թուրքի կռվում վերք էր ստացել, աջ թիակի տակից։ Նրանց բնույթն է էդպես, դեմից չեն գալիս, միշտ թիկունքից են կրակում։ Ուրեմն, իր թիկունքի վրա մռմռացողը պապի վերքն է՝ ինքն իր հետ մտածումների մեջ համաձայնեց Առանը (մեր գյուղում Առանդիկ են ասում)։ Այդպես է՝ վրեժի հետ ցավն էլ է փոխանցվում սերնդեսերունդ. արյունը ջրով չես մաքրի, արյունը արյունով է լվացվում։ Ապա չհնձված ու կոխկրտված արտի անհասկ ծղոտները տեսնելով, Առանդիկը մտաբերեց (սպասումը խաղաղ օրերի հուշեր էր բերում) պապի պայուսակը՝ մատնաքաշի պես փափուկ ու նեղ-երկարավուն, որի մեջ միշտ հանդից եկած մի ցորենի հատիկ կամ մի քիստ էր լինում, եւ որը Անդրանիկից հիշատակ էր մնացել, եւ պապը նրա մեջ էր, վարի կամ հնձի գնալիս, վերցնում հանդի հաց՝ Սաթենիկ տատի ձեռքով պողերին տաքացված ու Սաղուն տափի աղբյուրի ջրով ցողված։ Պայուսակը պապի մի մասնիկն էր դարձել, դա նրա նշանն էր, որով ինքը ինքն է՝ երկար ու դժվարին ճամփաներ անցած, այլ ոչ ուրիշը։ Քաջ կռվող էր պապը, բայց նաեւ անկրկնելի հողվոր էր։
Ուրիշի պատառին ձեռք չէր մեկնի՝ թե սովից էլ մեռներ։ Ինքն իր քրտինքի հարգը իմացող մարդ էր։ Սիրում էր երգի պես միշտ կրկնել. «Հողը պիտի ես ցելեմ, իմ ցելածը պիտի ես ցանեմ, իմ ցանածը պիտի ես պահեմ – ջրեմ, իմ պահած-ջրածը ես պիտի հնձեմ, իմ հնձածը ես պիտի կալսեմ, իմ կալսածը ես պիտի էրնեմ, իմ էրնածը ես պիտի ճեղաց (ջրաղաց) տանեմ, իմ աղածը ես պիտի թխեմ, իմ թխածը ես պիտի դնեմ սեղանին, բոլորը ուտեն, իմ բաժինն էլ նոր միայն բերանս տանեմ։ Հողից մինչեւ բերանս, տես, տես, է՜, ոնց է ձգվում ճանապարհը։ Էդ ճանապարհի պես երկար է ձեռքս։ Թեպետ ոտքով եմ քայլում, բայց ձեռքերս են ինձ տեղ հասցնում»։
Առանդիկի լեզուն ծարավից, կարոտից ու ցավից չորացել էր։ Իսկ մանկության մասրենու թուփն ուղիղ շուրթերի կողքին էր վեր ձգվում, ատամներով կրծեց մասրենու զոխը, ցողունի կեղեւը բացեց ու կաթ-կաթ ծորացող ավիշով թացացրեց շուրթերը։ Դառնանուշ էր այն օրվա պես, երբ դեռ ինքը մի մատ երեխա, մասրենու վրա բույն դրած հավքի ձագը ձեռքին տուն գնաց ուրախացած ու միանգամից վրան պայթեցին հոր ապտակն ու զայրույթը.«Դեհ, հիմա ոնց բերել ես, էնպես էլ տար, դիր տեղն ու արի»։ Մերը փորձեց մեջ մտնել. «Էս անձրեւին, էս կարկուտին»։ Հետո ուզում էր հոր ապտակը մեղմացնել. «Մատաղ ինիմ քեզ, բա հավքը որ գա, տեսնի իր ձագը բնում չէ,գիտե՞ս, որ լաց է լինելու։ Բա էդպես կանե՞ն»։ Հայրը անդրդվելի էր՝ չէ որ, չէ. «Թող տանի, դնի տեղը, գա։ Հենց հիմա»։ Ինքն ու մայրը տարան, ճանապարհին ետ նայեցին, տեսան հերն էլ գալիս է իրենց ետեւից։ Գեղացիք նայում, խնդմնդում էին՝ ճիշտ որ խենթեր, էս անձրեւի տակով իծաշարուկ դարձած էս ուր են գնում տնով-տեղով։
Մանկությունը աչքում արցունքվեց։ Բայց ինքն իրեն թույլ չտվեց, որ իր արցունքը տեսնի։ Զգաստացավ։ Ասում էր՝ պապ, պատմիր Անդրանիկի կռվից։ Պապը չէր պատմում, վերհուշի մեջ նորից կռվում էր ու ինքը ունկնդրում – տեսնում էր, սակայն միայն հիմա է հասկանում պապին, երբ կրկնվում է պատմությունը։ «Ոտքդ պիտի քո հողի վրա լինի, որ կրակելիս ձեռքդ չդողա, անվրեպ լինի արձակած գնդակդ»։ Առանդիկը փորձեց մասրավիշի մի կաթիլ էլ որսալ լեզվի ծայրով, չստացվեց, փուշը լեզվի վրա արյան մի գիծ էր դրել, ինչպես հուշը՝ սրտի մեջ…
Մասրենու գլխավերեւում մի բոռ էր պտտվում, որի բզզոցի մեջ Առանդիկի ունկը հեռանալով մեկ կորչում, անհետանում էր, մեկ կիպ մոտենում էր։ Գիտե, որ թուրքը օրը ցերեկով չի հեռանա, ուստի մնում է սպասել թաքստոցում, որ գերի չընկնի։ Պատսպարանը հին ժամանակներից մնացած ու թարս՝ բերանը դեպի ներքեւ, ընկած սարկոֆագ է մեծ, Մասրուտի թումբը հերկելիս են հողում հայտնաբերել, միշտ ասել են՝ էսօր-էգուց շրջկենտրոնի թանգարանից կգան-կտանեն, բայց ոչ մի օր էլ չեն եկել։ Ասում են՝ սուրբ քար է, նրանում հայոց հին թագավորներից մեկին են ամփոփել ժամանակին։ Դրա համար էլ գեղացիք Սուրբ քար են կոչել։
Առանդիկի մանկության խաղատնակն էր դարձել այդ քարը։ Քարի թեք իջնող երեսից ցած, ջրփախի կողմի վրա, մասրենու խիտ թփեր են, որ ծաղկում են՝ Մասրուտի թումբը բուրաստան է դառնում։ Ընկերները գալիս էին ու խաղում մինչեւ ուշ երեկո, իսկ երբ տեսնում էին, որ Սուրբ քարի մոտ կանգնած թփի բնատեր հավքը մոտենում է՝ հեռանում էին, որ նա անարգել իր բույնը մտնի։ Աշխարհագրության ուսուցիչը, որին աշակերտության մեջ ոչ թե ընկեր Սաքո կրճատ անունով էին հիշում՝ հասակի կարճ լինելու համար, այլ անվանում էին ՑԸ, որովհետեւ խոսքի մեջ անընդհատ «Ց» տառն էր օգտագործում՝ ցը… ապրես, ցը… հիմար, ցը… եւ այլն, ասում էր՝ ցը… դրանով դուք ձեր մարդասիրությունն եք ցը… դրսեւորում։ Քարը լավ է պահպանվել։ Ամեն գյուղ մտնող այդ քարին նստում, շունչ էր առնում, նոր գալիս։ Շենի ձեները այդտեղից լավ լսվում են։ Սոնա հորքուրը այդ քարին, էն անցած խաղաղ օրերից մի օր, նստել, հանգստանում էր, հանկարծ սկսեց բարձրաձայն ուշունցներ տալ։ Սոնա հորքուր, էդ ում ես ասում՝ հարցրել էր քարի տակ թաքնված Առանդիկը, որ դեռ մի մատ երեխա էր։ Վախից վեր էր թռչել Սոնա հորքուրը՝ արա, էդ մեր Վարսուն տղա… Առանդիկն ե՞ս, էդտեղ ինչ ես անում… Հետո շարունակել է՝ բա չե՞ս լսում, գյուղում իրար ուտում են, հայհոյում են, ասում եմ՝ գուցե մեր Զառունց ազգուտակից մեկին են ուշունց տալիս, ես էլ իրենց պատասխանն եմ ուղարկում։ Իր օխտը պորտի համար էլ Սոնա հորքուրը շատ էր սրտըհեռեչ (իր բառն է)։ Առանդիկը Երեւանում ուսանելու տարիներին էլ էր էս պատմությունը հիշում ու ծիծաղում էր ինքն իրեն՝ մանավանդ գիտական կոմունիզմի դասերին, երբ միտքը պարապ էր մնում։
Հիմա էլի քարի տակ է Առանդիկը, բայց քարի վրա Սոնա հորքուր չկա։ Փոխարենը թուրքերեն բառեր են հասնում իրեն։ Երկու ժամ էլ անցնի, մութը կընկնի։ Մեծ քարի ստվերի ծայրն արդեն հասնում է իրեն, ուրեմն ժմաժանք է սկսվում։ Տղաները՝ յոթ հոգի, բոլորն էլ թաքնվել են իրենց մանկության ծակուծուկերում, ոնց տարիներ առաջ՝ պահմտոցի խաղալու ժամանակ, բայց զենքերը հիմա իսկական են եւ թշնամին էլ իսկական է։ Մութն ընկնելուն պես կելնեն ու իրենց գյուղի վրա պահակող թուրքերին կսովորեցնեն, թե «գդե ռակի զիմույուտ», ոնց Բաքվից մազապուրծ եկած Հմայակն է ասում։ Հանկարծ հայերեն բառեր լսեց Առանդիկը։ Խաբկա՞նք է, թե…Առանդիկ…, Առանդիկ… Առանդիկ բառի մեջ՝ ռումբի պայթյուն, շատ մոտիկ։ Ապա՝ գնդացիրների անշտապ ճրթճրթոց, ոնց որ ծմակի կերած-խմած աժդահա արջը ծանրումեծ քայլերով չոր ցախի վրայով անցնելիս լինի։ Դեհ, թուրքի համար ավերելը կոչում է՝ առջեւում թեկուզ լինի Պրոպիլեյներ երկթեւանի… Թշնամին ուզում է համոզել այդ տարածքում ինքն իր «թռուցիկ» հաղթանակի մեջ, ինքն իրեն ստուգում է։ Նորից՝ լռություն։Առանդիկը փորձեց նեղ անցքով նայել Ապրեսի քարի կողմերը… Քթի տակ մրջնաբույն է, չի սիրում ձեռք տալ՝ մանկությունից ի վեր իր սովորույթն է։ Բայց թույլ տվեց, որ մրջյուններից մեկը, երեւի մրջնատան ամենափոքրը, մոտենա մասրենու բաց կեղեւին ու ծարավը կոտրի։ Շոգ է, զովի գալուն էլ դեռ ժամանակ կա…
Առանդիկ, Առանդիկ… Էլի իր անունն է։ Պատանեկության երազը այցելեց՝ բաց ու անքուն աչքերին, սպիտակաշոր աղջկա թեւը բռնած։
Թեպետ լույսը ներս չէր թափանցում համարյա, բայց Մասրուտի թումբի ամբողջ անուշահոտությունը զգում էր Առանդիկը։ Կծուխուրե երկինքը շրջակա բլուրների վրա փռել է մանկության քողերը՝ Լվացքատեղի ոսկե գետից հանված։ Եվ այդ ամենը՝ մի անցք- պատուհանից։ Եվ թե պատուհանից այն կողմ չլինեին լեռները, այդ պատուհանը չէր կայանա՝ որպես իրենը։ Հոլանի թեւերը թափահարելով մի կույս իջնում է Ապրեսի քարից դեպի ձախ, սարի ամենաբարձր լանջին, ջրի մոտ… Հանկարծ Առանդիկը տեսնում է, որ ինքն էլ թեւեր ունի, բացում է թեւերը եւ՝ թըռռ… Ինքն էլ չի հավատում դրան։ Հասնում է աղջկա մոտ։ Կույսը փարվելով նրան, ասում է. «Ես հենց այն աղջիկն եմ, որին դու երազել ես խենթ ու կրքոտ պատանեկության օրերին»։ «Անունդ ի՞նչ է»։ «Չգիտեմ, ինչ անվանես»։ «Սաթենի՜կ…»։ «Այո, ես Սաթենիկ եմ»։ «Իսկ ես՝ Առան…»։ Անվան մեջ նորից պայթյուններ են լսվում։ Սաթենիկը թեւի գունաճերմակ փետուրներից մեկը տալիս է Առանդիկին՝ դրանով բուժիր վերքդ, կանցնի։ Առանդիկը այդպես էլ անում է եւ ոտքի պատռվածքը լրիվ սպիանում է։ Ես կգամ գիշերահավասարին՝ ասում է Սաթենիկն ու բացելով թեւերը, անհետանում լեռնաուրցի բույրերով բռնկված երկնքի կապույտներում։
Աստծո ամեն օր՝ արեւածագին ու մայրամուտին, երբ մի մարդաբոյի չափ մուգ կանաչի մեջ ջրի ցողերը սկսում են շողշողալ, կույսն երեւում է։ Մանկությունից Առանդիկի աչքադրած աղջիկն է։ Կռիվը վերջանա, էլ բաց չեմ թողնի, կամուսնանանք՝ անցավ Առանդիկի մտքով։ Եվ կամուսնանա, խոսքը տափ տվողներից չէ։ Զառունց ամենաթանձր տեղից է, չէ՞։Զառունց մեղքը իսկ ո՞րն է (նրանք «իսկ»-ի իսկական տեղը խոսքում այնպես են շիլ գցում, որ մնում ես շշմած)։
Առանդիկը ֆիզկուլտհամալսարան էր ընդունվել, գնացել քաղաք։ Նամակում շան ու ձիու մասին ավելի շատ էր հարցնում, քան՝ տնեցիների, քուր-եղբոր, ընկերների, բարեկամների։ Բայց կոլխոզի կովերի ֆերման կորուստներ շատ էր կրում, մի գել սովորել, գալիս, կովեր էր ցրիվ տալիս, Եթիմանց Սուրենը եկավ, թե՝ Սարգիս, Առանդիկի Ալաթ շունը գելերին կհաղթի, տուր, մի շաբաթով տանեմ, էլի կբերեմ։ Բայց տարավ՝ էլ չբերեց։ Առանդիկը քաղաքից ամռան արձակուրդ եկավ ու հենց որ տեսավ շունը բակում չէ, իրեն դիմավորողների մեջ չէ, շրջվեց դեմքով ու հո չէր լացում, որ լացում էր… «Ինչի՞ եք տվել…»։ Ախր, պատը՝ պատին, հացփոխի ու փոխանթեղի հարեւան ենք, որդիս, Սուրենի խոսքը ոնց կոտրենք. թախանձում էր մայրը։ Հաջորդ օրը Առանդիկը ձիով դեպի ֆերմայի մոտերքը փայտի գնաց։ Կատաղած շները, որ մոտիկ ձորում գելի թողած լեշերի մեջ էին խոթել դունչները, վրա են գալիս։ Առանդիկը բարձրանում է Ցից քարը։ Այդտեղից նորից է կամաց կանչում՝ Ալա՜թ… Բոլորի վերջում գալիս է Ալաթը, բայց արդեն կաղ ոտքով, գելակռվի մեջ ստացած բազում սպիներով… Ճանաչում են իրար։ Ալաթը, ոնց որ մարդ, դունչը ուղղում է մեկ այս, մեկ այն, մեկ մյուս շներին, որոնք պպզած կենտահաչ էին տալիս՝ զարմացած հին ընկերների հանդիպումից, սաստում է իրենց հասկանալի ինչ որ բառերով, դրանց հաչոց ասել չի կարելի։ Բոլորը հեռանում են, մնում են Ալաթն ու Առանդիկը։ Առանդիկը, քարն ի վար սահելով, իջնում է, գրկում շանը ու ոնց են գգվում իրար։ Տնական ամենալավ ուտելեղենով էր Առանդիկը մեծացրել իր մանկության այդ անկրկնելի ընկերոջը։ Առանդիկն իր մոր պատրաստած հանդի հացն ամբողջովին բացեց շան հետ՝ թողնելով, որ նա ավելի շատ օգտվի «սեղանից»։ Իսկ վերջում ինչքան փորձեց շանը գյուղ բերել, Ալաթը չհամաձայնեց։ Տեսնելով Առանդիկի խնդրանքն ու թախանձանքը, շունը եկավ ընդամենը մինչեւ Մասրուտի թումբը։ Իսկ երբ փայտով բարձած ձիու հետ Առանդիկը Ղաշխա խութը դուրս եկավ՝ գյուղի դիմաց, Ալաթը ետեւի ոտքերի վրա նստել էր Մասրուտի թմբի նույն քարի վրա ու հայացքով հրաժեշտ էր տալիս։ Առանդիկի հիշողության մեջ այսօր էլ մնում է մի պատկեր՝ տխուր, շատ տխուր մայրամուտ, մայր մտնող արեւի շողերի մեջ Ալաթի մոխրագույն ուրվաքանդակը եւ լուռ, անհունորեն լուռ Սուրբ քարը, այն քարը, որի տակ այս ամենն այժմ վերապրում է Առանդիկը… Հարեւան թուրքերը քանի անգամ էին եկել՝ յոթ փութ յուղ ու բրնձով, որ շունը իրենց տան, Առանդիկը չի համաձայնել,ասել է՝ ոսկի էլ բերեք, չեմ տա, ընկերն ընկերոջը չի ծախի…
Իսկ առանց Սուրբ քարի, շենը շեն չէ։ Սիպ-սպիտակ է քարը եւ գիշերները լույս է տալիս։ Նույնիսկ Փոլադանց Խանումը՝ ժողովրդական բժշկության գիտկան, ասում է՝ այդ քարը բուժիչ հատկություններ էլ ունի, եթե հիվանդը նստի քարի վրա, կլավանա։ Սուրբ քար… Կաքավն այդ քարին է իր կաքավուհուն սիրտ բացում՝ շաղ-կղա,հանդից եկող ցուլն այդ քարին է կողը քսում-քորում, Նատուց Վարիշկան մի սարի չափ ցախ շալակած այդտեղ է նստում, հովիվ Արտեմը այդ քարի վրա է հանդի «սուփրան» բացում, հետո վայրի հավքերի բաժինը թողած՝ հեռանում։ Ականջը դրած հողին՝ Առանդիկը փորձում է Թռչկանի (դա իր ձիու անունն է) վազքից հասկանալ, թե որտեղ է նա։ Ահա՝ մերկ, զսպանակված պարանոցով ու քամուն տված բաշով, վարգում է Դերին աղբյուրի ճանապարհով, Աստված իմ, հանկարծ ականի վրայով չանցնի, հասավ, վրնջաց աղիողորմ, ապա, ջուր չխմած՝ թեքվեց դեպի Ապրեսին քարը, դիք, անանցանելի կածաններով։ Մեկ-մեկ էլ , իր՝ Առանդիկի շնչի վրա գալիս, կանգնում է Սուրբ քարի մոտ, մասրենուց մեկ- երկու տերեւ պոկում, չլսելով թաքստոց մտած տիրոջ ձայնը, ոտքով խփում քարին (լավ է թշնամիք դրան ուշք չեն դարձնում), ճերմակ, խալխալոտ որձաքարից ձին իր ոտքատակի նալերով (որից ամեն տան դարպասի կա՝ որպես աչքահուլունք) կայծերի խուրձեր է հանում, դառնում ու ամենաարագ վազքով մտնում է շենամեջ՝ տնտղում զոհված տղաների դիակները, նրանց անդալար պահվածքներից հիասթափված՝ ցատկոտում դես ու դեն՝ ասես հրեշտակ լինի ողբավարս։ Առանդիկի ձին է,անսովոր մեծ, մարզական խաղերում նրա հետ էր Առանդիկը թռչում արգելաձողերի վրայով։ Ու քանի ոսկե մեդալներ է բերել Թռչկանն իր տիրոջը։ Բայց քաղաքն Առանդիկի համար այդպես էլ մնաց խլափակ դուռ։ Գյուղ եկավ, ձին էլ՝ հետը։ Ասկյարները մի ստվար խմբով՝ ձեռք-ձեռքի տված, շրջափակել են Թռչկանին, կալմեջ արել, բայց էլի բանի չեն հասել, ձին առանց դժվարության, ասկյարների գլխավերեւով, երկու մետր բարձր լատանների վրայով ցատկել է ու, ահա մի ամբողջ օր է, բռնել չի տալիս։ Միայն թե՝ թռիչքի պահին ձիու փորկապից կախված տապճակն է ընկել ազերիների գլխին՝ նրանց մի պահ դարձնելով նամազի պահին երկինք նայող ճերմակ չալմավորների։
Ձիու վրնջոցը կտոր-կտոր է անում թաքստոցում պահ մտած զինվորներին։ Տղաները գիտեն, որ տարածքը գրավված է ազերիների կողմից, մի շենի ազատագրումով ոչինչ չեն անի այժմ, ուղղակի մնացել են զոհված ընկերների՝ Արտաշի, Սասունի, Սերգեյի դիակները հողին հանձնելու համար։ Գիշերը կամփոփեն նրանց հողում ու շրջափակումից դուրս կգան։ Շենի ամեն կածան, ամեն պուճախ ու ծալք նրանց համար բաց գիրք է՝ անգիր արված մանկության։ Առանդիկը սթափվեց մտքերից։ Ժամանակ էր անցել։ Ստվերներն արդեն թանձրացել էին, մութը վրա էր հասնում ուշացածի աճապարանքով։ Գյուղի վրա պահակող ազերիներից մի քանիսը ժամաժանքի քաղցր մրափի մեջ էին։ Սպասել էլի՞, թե… Բայց, չէ՛, մտածեց, մի քիչ էլ համբերել, նոր միայն գիշերահավքի իր կանչով ազդանշան տալ։ Ստվերները մգել էին սեւ մելանի պես, փաթաթվել արեւից շիկացած Մասրաթմբի քարերին, ու դրանից թշշում էին օդն ու Պատառի ձորից վեր բարձրացող պաղ հովը… Այդ պահին էլ Սաթենիկ հրեշտակի ձենը համբուրեց Առանդիկի լսողությունը…
Մեծ քարի վրա անակնկալ հայտնված մի քնքշաճերմակ ամպ միանգամից արձակեց կայծակե գոտին ու փուլ եկավ սարի կրծքին։ Եվ այդքանը՝ մի աչքաճպի մեջ։ Մեր գյուղի երկինքն այդպես է, մեկ էլ տեսար՝ արեւ-արվանա օրվա մեջ, թխպում, տրաքում-տրըքտրըքոտում է,լվակարկուտ անում ու այնպես արագ էլ պարզվում, ծիր-ծիրանի դառնում, որ ասում ես՝ էս էն ա՞…Եվ օրը, որ մթնած էր համարվում, հանկարծ փոխվեց։ Տեփուրի վրա դրված՝ երեւաց արեւն՝ անտառների գլխավերեւում։ Թեպետ մեկ է շենացու համար՝ մութով էլ լույս է, ոտքով էլ է տեսնում ճամփաների խարն ու խութը։ Առանդիկի ձեռքն ակամայից գնաց դեպի իր թիկունքը։ Նրա մեջ խոսում էր վրիժակը, ազդանշան տվեց, եւ տղաները անհայտությունից մեկեն ծիլ տվին՝ ամեն մեկն իր դիրքում։
***
Անդրի քեռու աչքերն արդեն չէին տեսնում եւ լսողությունն էլ ծանր էր։ Մենք էլ՝ չարաճճի ու չրթի-փըրթի երեխաներ, ուզում էինք կողքով աննկատ անցնել, որ նրա հերթական հանձնարարություններից փրկվենք… Բայց նկատում էր մեզ անպայման.
-Էդ հուվը՞ս…
Ուրիշի անուն էի տալիս՝ Ակուդադունց Գիրին եմ։
Դիտողություն էր անում.
– Մի՛ խաբիր, գիտեմ, որ Զառունց Հաբու թոռն ես, բայց դու էն ասա՝ Սարգիսի տղան ես, թե՞ Եղիշի…
Ինձ, տեղում բռնված-մեխվածի պես, մնում էր խոստովանել.
– Սարգիսի…
– Հա, ախր ասում եմ, որ… Ղորմի Հաբուն…Թեւանի բանակում միասին ենք կռվել…
– Բա ասում ես՝ չեմ տեսնո՞ւմ, Անդրի քեռի,- «գրոհս» շարունակում եմ երեխավարի։
– Անդրի քեռին քե մատաղ,- ասում է,- ես հո մենակ աչքե՞րով չեմ տեսնում, լռությամբ էլ եմ տեսնում, ձենով էլ։ Բա՞… Խումհարագոմերի խնձորենու վրա բույն դրած չարդի կանչից էլ հասկանում եմ, թե տակին քանի ձու կա…
Ինձանից է սկսվում այս քարը. իսկ այս ծաղի՞կը, այս փուշը, այս երկինքը, այս օձը, այս… Իսկ ե՞ս ինչից եմ սկսվում։
Մուհամեդը եկավ՝ բարեւ Սուրեն։ Սուրենը էլի Սուրենն էր։ Մուհամեդն ասաց՝ լավ ցուլեր ունես, մեկը կտա՞ս, տանեմ՝ մորթեմ։ Սուրենը նայեց առանց կասկածի՝ քեզ փեշքեշ, որն ուզում ես։ Մուհամեդը մտավ գոմ, բոլորն ուզեց, առաջն արավ, որ տանի։ Սուրենը ուշքի եկավ, կանգնեց Մուհամեդի առաջ, որ նա տեսնի Սուրենին, հասկանա, որ Սուրենն է էլի, ինքն էլ՝ Մուհամեդը լինի։ Մհամեդը գնդակն արձակեց, որովհետեւ Մուհամեդն էր։
Եվ արեւի շողերը թպրտացին արյան մեջ, մճճվեցին։ Մալխասանց Սուրենը, ասում են, մինչեւ հիմա էլ նման է ճյուղը կորցրած հավքի, որ չգիտե՝ ուր իջնի, թեւին է տալիս անընդհատ, աչքերում՝ արյան մեջ թպրտացող Հայկանուշի, Հայասերի, Սուրենի, Էմմայի պատկերները։ Էդ գիշեր Ղաշխա խութի հանգստարանից մեռելները մեկ-մեկ վեր կացան քնից՝ ծեր թե ջահել, գյուղում ուրիշ ոչ մեկը չկար, զենք առան։
Տեսնես ինչ մտքով է ամեն օր Մեծ քարի վրա իջնում երկինքներ կտրած-եկած հսկա աստղը։ Ո՞վ կասի։ Գուցե այն տղանե՞րը, որ գիշերը աստղերի թեւով թռչում են։ Մեծ քարը երբեք չի փոխվում՝ երբ էլ նայես՝ ինքը Մեծ քարն է։
***
Ճանապարհը հուշարար է։ Ճանապարհը ասում է՝ դուք չեք գնում, երբ հեռանում եք։ Ինչպես կարող եք ձեր սիրտը դեն նետել, մի կողմ թողնել ապրած օրերի հուշը, ծննդավայրի առաջին սիրո ճամփան, ձեր հարազատների շիրիմների վրա վեր ու վար ճախրող հրեշտակներին ու հեռանալ, սփյուռվել։ Դուք պարզապես մասնատում եք ձեզ, բաժան-բաժան եք անում, քաղցրությամբ դյութող թույնի թմբիրներով տրվում եք թվացյալ «դրախտին» ու անարթնանալի, անարթնանալի մշուշով խորը քնում եք։ Դուք չեք գնում, երբ որ գնում եք։
***
Ակուփը քառասունհինգին հաղթած եկավ, ձեռ ու ոտքը տեղը, գլխից մազ չպակասած։ Ամուսնացավ, յոթ որդի ունեցավ, յոթն էլ՝ զինվորացու։ Բայց որ Արցախի կռիվն ընկավ, տղաների հետ ինքն էլ ճակատ մեկնեց։ Տղաներն ասին՝ ա հեր, ամոթ է, մեծ մարդ ես, մենք գնում ենք, կկռվենք… Ասաց՝ ամոթը էստեղ նստելն է, ձեզ մոտ չլինելն է, ես փորձ ունեմ։ Պատահեց այնպես, որ կռվում ոտքը կորցրեց։ Շատ տանջվեց, չարչարվեց։ Վատն այն է, որ էլ կռիվ չէր կարող գնալ։ Ամենավատը՝ կանանց ու էրեխեքի հետ էվակուացվեց Երեւան, այնտեղից էլ՝ Ռուսաստան… Այնտեղ հեռավոր ազգակից ուներ։ Հարսներն էլ, փառք Աստծո, սիրալիր էին։ Բայց մեկ է, չդիմացավ հեռուներում, ասաց՝ ոնց կլինի, տղաներս այնտեղ, ես այստեղ, մանավանդ՝ տնիցևտեղից կտրված։ Բա որ ուրիշի ձեռքի նայել կարենայինք, էլ էս կռիվը ո՞ւմ էր պետք։ Վեր կացավ, եկավ Ստեփանակերտ։ Դեռ Մազի կամրջին չհասած, գրադը սկսեց խփել Աղդամի վրա, Ակուփը աչքերը բացեց մեքենայի մեջ ու թե.
-Ջա՜ն, ձենիդ մատա՜ղ…
Ընկերները զարմացած նայեցին Ակուփի աչքերին. մարդը կարոտել էր Ստեփանակերտին, որդիներին, իր տղերանց արդար կռվին… Ճանապարհներին շատ էր քարշ եկել։ «Մի երկու խոսք ասեմ, հա՛, չասեք, թե Ակուփը խելքը կորցրել է։ Երկու-երեք ամսում հազար տեղ եմ գնացել, հազար քաղաք ու գյուղ հասել, բայց ոչ մի տեղ չի թվացել, թե հասել եմ։ Ինչքան լավ էին ընդունում, էնքան ես իմ մեղքն էի գալիս, քիչ էր մնում լաց լինեի երեխայի նման։ Ուրիշ քաղաքներում ինձ թվում էր, թե ես ես չեմ, շոշափում էի ոտուձեռս, ինքս ինձ հարցնում՝ իսկապես էս ես ե՞մ։ Բա որ ես եմ ՝ մեր դիմացի Բովուրխան սա՞րն ուր է… Շուշի՞ն ինչու չի երեւում։ Հիմա, հասել եմ, տղերք։ Հասել եմ։ Սուտ չեն ասել, որ Արցախը աշխարհի ամենատաք կետն է։ Էդ մեր տաքն է, մեր սառը աղբյուրի տաքը, մեր հողի ու մեր արդար կռվի տաքն է, ուրիշ տեղ չեմ կարող ապրել, ուրիշ տեղ մրսում եմ»։
Ամեն մի պահ հազար ու մի դուռ ունի դեպի ելքը, մի դուռը (առաջինը), որ բացում ես, մնացածներն ինքնըստինքյան բացվում են քո առաջ եւ, մեկ էլ տեսնում ես, քո առաջ պսպղում է լուսե այն գագաթը, որտեղ «օրը ուշ է մթնում»։ Քիրսի փեշերին կռիվներ գնացին կատաղի։ Մեր տղաները գերազանցեցին իրենք իրենց։ Դժվարը դա էր։ Դրանից հետո թուրքին հաղթելը պահի խնդիր էր։ Արամոն, ինքն էլ չիմացավ՝ ինչո՞ւ (այսինքն՝ իմացավ, կողքին ռուսաստանյան իր մեծ հայրենակցի ազգակիցն էր) հիշեց ղարաբաղցի մեծն գեներալ Մադաթովի հետ կապված մի պատմություն։ Ուրեմն, բանն այսպես էր։ Արցախը պաշարված էր թշնամիների կողմից եւ հերոսաբար մարտնչում էր։ Էս «հերոսաբար» բառը որ ասում եմ՝ մեզ է վերաբերում, մունք ընք։ Աբաս Միրզայի զորքերը հանգիստ չէին տալիս՝ ճակատամարտը՝ ճակատամարտի ետեւից։ Եվ ահա կռվի ելքը կտրուկ փոխվում է, Շամխորի եւ Ելիզավետապոլի կռիվներում Մադաթովի բանակը մեծ հաղթանակներ է ապահովում։ Ասեմ նաեւ, որ Մադաթովը հայտնի դեմք էր դարձել դեռեւս ռուսևթուրքական պատերազմում (1806-1812), կռիվների մեջ աճել է արցախցու ոգին, աննկուն է մնացել եւ ռուսևպարսկական պատերազմում։ Իսկ ահա Մադաթովի սրտի մուրազը կատարվեց, նա նշանակվեց Ղարաբաղի զորքերի հրամանատար։ Տեսնելով նրա մեջ ամփոփված անհաղթելի ու հզոր ոգին, Մադաթովին նոր պաշտոնի են առաջ քաշում՝ Ղարաբաղի, Շաքիի եւ Շիրվանի ռազմական օկրուգի պետ։ Բա՜…
Թուրքը որ պատմություն ունենար՝ հիշողություն էլ կունենար, որ հիշողություն ունենար՝ չէր էլ մոռանա Մադաթովին ու իր հրացանի փողը չէր ուղղի նրա սարերին, իմանալով, որ գնդակը ետ պիտի գա ու կպնի իր սրտին՝ եթե, իհարկե, սիրտ ունի։ Էդքանը հասկանալ է հարկավոր։ Աբաս Միրզան հո պատահակա՞ն մարդ չէր կռվում, բայց նրա տասներկու հազարանոց բանակը Մադաթովը ջարդուփշուր արեց մի շատ փոքրաթիվ խմբով։ Սա հենց էնպես եղա՞վ… Հա՛, խոսքս շարունակեմ։ Ուրեմն, Մադաթովը Բալկանյան կռիվներում հաղթանակ էր տանում։ Թշնամին արդեն անձատուր էր եղել։ Հանկարծ իրեն վատ զգաց զորավարը՝ հին ու չսպիացած վերքերը սկսեցին մրմռալ։ Օգնականները մոտ վազեցին, բայց զորավարն ասաց՝ դուք ձեր գործին կացեք, բան չկա… Ասաց ու իր շինելը փռեց մի ժայռաբեկորի վրա, պառկեց, որ հանգստանա…Սակայն ընկերները, տեսնելով, որ դեմքը սփրթնած է հրամանատարի, չհեռացան… Վրա էր հասնում մահը, վայրկյաններ անգամ չէր տալիս, որ իր ձեռք բերած այդ վերջին հաղթանակի ծնծղաները գոնե լսի լեռների անվեհեր արծիվը, որի բաց թեւերի տակ այդ պահին արթնացել էր քարքարոտ ու լեռնոտ մի աշխարհ… Սրտի մարող զարկերն են խփում։ Եվ ինչպես լինում է, սովորաբար, մահամերձն սկսեց իր վերջին բառերը մրմնջալ մայրենի լեզվով՝ հայերենով, այն էլ ամենատկռկալած բարբառով Ղարաբաղի… Ի՞նչ է ասում, ինչ է ասում՝ իրար հարցնում էին զինվորները։ Չգիտեին՝ ինչ անել… Իսկ զորավարի շուրթերը, հազիվ լսելի, մրմնջում էին՝ տղերք, պենդ կացե՛ք, տղերք, ծեզ տեսնամ, էսաևէսա հըսնըմընք Ղարաբաղ… Արցո՜… Քեզ տեսնամ։
Կարծես ձիու վրա էր, թռչում էր ասես։ Արցոն (Արցախ անվան արմատից) նրա ղարաբաղյան անզուգական նժույգի անունն է… Այդ ձայնի վրա հանկարծ վեր է թռչում նժույգը, վազում տիրոջ մոտ, դունչը դնում զորավարի դեմքին՝ ասես ստուգելու շնչառությունը, հաճելիորեն շնչով տաքացնում տիրոջ դեմքը մի պահ, ապա սկսում տեղում աջուձախ վազելն ու խրխնջալը, գետինը դոփելը… Ասես խնդրում էր զինվորներին, որ իր հեծյալին նստեցնեն թամբին ու նրան վայրկյանում թռցնի ու հասցնի Ղարաբաղ, որ հայրենի օդով ու Կթնամար աղբյուրի սառը ջրով կազդուրվի, ոտքի ելնի իսկույն տերը, բայց… Ոչ ոք չիմացավ, թե ինչ է ասում ձին… Ետեւի ոտքերին կանգնած նժույգի դեմ ծառացել էին Արցախի լեռները, եւ նա վրնջում էր անզուսպ, աղիողորմ… Շրջապատում մենակ նա էր, որ հասկացել էր «չընըղչեցի Գրիգորի տղա Ռոստոմի» վերջին բառերը… Արցախյան բարբառը՝ այնքան կոշտ, այնքան քաղցր ու նվիրական, անկրկնելի…
-Լավ,-իր տխուր պատումին վերջ տվեց Արամոն,- վեր կենանք, Մադաթ, մեր դիրքը փոխենք։ Ու կարծես ի լրումն հուշերի, Չանաղչու կողմերից լսվում է ձիու արծաթե մի խրխինջ, ով գիտե՝ գուցե եւ մեծ զորավարի Արցո նժույգի հեռավոր տոհմակիցներից մեկի կանչը…
Մեր տղաները գերությունից ազատված լեռան թամբին էին։
***
Հարաբերական խաղաղություն։
Հարաբերական երկինք։
Հարաբերական պատերազմ։
Հարաբերական արեւ։
Հարաբերական սեր։
Հարաբերական թշնամի։
Հարաբերական թուրք։ Հարաբերական կյանք։
Հարաբերական հարաբերություն։
Հարաբերական բարեկամներ։
Աշխարհևհարաբերական եւ ոչ հարաբերական։
ԿԱՊԱՐԵ ԴԱՐ
Ժամանակը
հիմա ուրիշ անուն ունի՝ սպասում.
վայրկյանները հիմա
կապարե դարեր են, հոսում են
ու չեն հոսում, հաճախ լեզու ունեն, հաճախ՝ համր են,
վայրկյանները
խոսում են
ու չեն խոսում։ Սակայն մեկ է՝
մեծ աշխարհի
խուլ, անթափանց աղմուկի մեջ քո ձայնը միշտ
գալիս է ու փաթաթվում ինձ։
Աշխարհում
շատ ճամփաներ կան՝ մեկըևմեկից ջինջ ու սիրուն,
բայց ամենից գեղեցիկը
այն ճամփան է, որով պիտի իմ որդին գա։
ևՎերադարձիր, տղա՛ս։
Ամեն վայրկյան,
ընթացքի մե՜ջ, իմ աչքերի խորքն է նայում ու
մեղավորևմեղավոր
հեռանում, անցորդ բոլոր ժամերի մեջ ես փնտրում եմ
քո վայրկյանը,
ուր
դու փոքրիկ տղեկ ես դեռ ու
վազում ես մանկապարտեզ,
շուրջդ փղեր, վագրեր,
արջերևխաղալիքներ հազար տեսակ,
ուր
դու արդեն պատանյակ ես եւ մեկևմեկ էլ
ինձ կանչում են քո
դպրոցից՝
խենթություններիդ համար
եւ նրա համար, որ դասամիջոցներին
տուն էիր վազում, կարոտից,
ուր
դու թեպետ նշանված ես արդեն, բայց երբ
մեկևմեկ խոսք եմ գցում
սիրածիդ մասին (դու սկսել էիր ուշ-ուշ
երեկոնները տուն գալ),
կարմրում էիր.
ևՄա՜մ…
Ուր
դու նստել սիրածիդ հետ մեր այգու մեծ ծառի
տակ ու սպասում
ես,
որ հարսնություն անեմ հարսիս։
ևՎերադարձիր, տղաս։
Չեմ հավատում
այն վայրկյանին, որ սողեսող տունս
մտավ, թե… կորած է
զավակը քո,
թե անհայտ է.
այդ ո՞նց, ինչպե՞ս, երբ
այնհայտը այսքան հայտնի դեռ չի եղել.
այդ ո՞նց, ինչպե՞ս, ե՞րբ
մոր սիրտը ցավի անսուտ ուղեցույց է՝ առաջնորդեք
իր որդու մոտ,
այդ ո՞նց, ինչպե՞ս… եւ
հավքերը մի պահի մեջ իրենց ձայնը կորցրեցին, չերգեցին,
նրանց թեւերի տակ երկնքի կապույտը
ցամաքեց, թալկացավ,
սերմը հրի ճարակ դարձավ՝ քանի հողին
դեռ չէր հասել։
Վերադարձիր, տղաս։
Ես յոթ սարի
ետեւում էլ լսում եմ քո ձայնը քաղցրիկև
քեզ առնում եմ իմ գրկի մեջ,
կուշտ համբուրում, շոյում եմ քո
վերքը ցավոտ,
նստեցնում սեղանի մոտ,
ապա քեզ հետ փողոց եմ ելնում՝ աննման է Արցախը
մեր, անզուգական,
ապա քեզ հետ զրուցում եմ, հաղթանակի քո նվիրած պսակի մեջ,
լույսերի մեջ քո առաքած,
շատ եմ ուզում, որ հարսանքիդ մասին խոսես ու տուն բերես
այն աղջկան,
որ ցավիս մեջ գալիս, գիտե՞ս, ինձ «մայրիկ» է
կանչում այնպես.
ևՎերադարձի՜ր…
Կաս թե չկաս՝
գիտեմ՝ որ կաս։ Ու պիտի գաս։
Քո աստղը երկնքի մեջ վառ եմ պահում՝
դու պիտի գաս,
իմ խոսքը դեռ շուրթիս չառած, դու լսում ես
ու պիտի գաս,
դեռ շողն իրեն չհասած՝ ծաղիկը խտուտ է
գալիս իմ մեջ՝
դու պիտի գաս,
վարդի կոկոնը չբացված՝ բուրմունքը
աշխարհ է բռնում՝
դու պիտի գաս,
վանքում վառած մոմս հաջորդ առավոտյան դեռ վառ է լինում՝
դու պիտի գաս,
իմ վայրկյանը, ակնթարթը՝
աստվածատուր, քեզ հետ
կգա, միայն քեզ հետ.
եւ առավել հայտնի, որդիս, քան անհայտն է քո,
աշխարհում չկա,
դու պիտի գաս, դու պիտի գաս։
Ժամացույցի՝
սրից էլ սուր սայրի վրա սլաքների՝ հոսող ամեն մի
ակնթարթ սրտիս զարկն է,
ժամանակը՝ վայրկյան, րոպե, ժամ, օր, տարի, դար ու դարեր…
Աստված, մայրեր, աշխարհ, դուք ինձ
տվեք այդ ամենից գեթ մի հատիկ,
մի ակնթարթ,
վերադարձի վայրկյանը սուրբ իմ զավակի…
Աշխարհում
շատ ճամփաներ կան՝ մեկը մեկից ջինջ ու շիտակ,
բայց ամենից գեղեցիկը
այն
ճամփան է,
որով պիտի գա իմ որդին։
Ես խոսում եմ՝ վերադարձիր, ես լռում եմ՝
վերադարձիր,
տառապում եմ՝ վերադարձիր,
խելագարվում եմ՝ վերադարձիր,
աչքս՝ ճամփիդ, սիրտս՝ ճամփիդ, ունկս՝ ձայնիդ,
գիշերևցերեկ ես չեմ փակում դուռը
մեր տան՝ վերադարձիր,
վերադարձիր, վերադարձիր, վերադարձիր, տղա՜ս։
Վերադարձի՜ր։
ՔՐԻՍՏՈՍԻ
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Աչքերս ինձ առաջնորդում են դեպի
ծաղիկները,
իրենք տարրալուծվում են ծաղիկների մեջ, եւ
ծաղիկներն են մնում՝ որպես իմ աչքեր,
տեսնում եմ
ծաղիկներով։ Ինչո՞ւ չէ, նաեւ քարերով, ծառերով։
Ծառը, ասում են, կոտրվելուց հետո է
դառնում անկոտրելի։
Ծառն ինքն իրեն լավ հասկանալու
համար
գալիս, կանգնում է ինձ մոտ, մորս օրհնանքն եմ դնում
պատվաստին՝ իսկույն բռնում է ,
ծառը գնում է հետքերով իմ չթողած
եւ կանգ չի առնում
ոչ մի ժամանակ, քանզի, աղբյուրի վարգից գիտեմ՝
անկանգունակ է ջուրը, որ արդեն բխել է։
Ծառը նման է այն ծառին, որ իրեն նման չէ։
Եվ ուրիշ խորհուրդներ ունեն լեռները,
որոնց գագաթները արեւի ու աստղերի
թռիչքադաշտն են՝
ուղիղ երկնքի շեմին։
Եվ ամպերն անգամ չեն խանգարում հրեշտակների չվերթներին։
Ծովերում գետերը կարոտում են
գետ լինելուն։
Գագաթը
ուր կանգնած եմ՝ Քրիստոսի ծննդից էլ շատ առաջ,
ամեն ակնթարթ մոտենում է այն կետին,
որից որ հեռանում է ամեն ակնթարթ։
Եւ որքան էլ հեռագնա լինեն հորիզոնները,
կապույտ նկարելու համար ես չեմ ընտրում
գույնը կապույտ,
«սիրում եմ» ասելու համար
չեմ ասում՝ սիրում եմ։
Երկրագունդը գլորում է ինքն իրեն
ճանապարհով սիրո,
չիմանալով սակայն, որ հակառակ
ուղղությամբ է գնում,
երկրագունդը,
որ ամենեւին էլ կլոր չէ, ինչպես Կոպեռնիկոսն է մեզ
խաբել, այլեւ բազմանկյունի է։
(Ա՜խ Կոպեռնիկ, Կոպեռնիկ,ճամփից շեղված,
դժվար երեխա)։
Աստծո ապսպարանքը, որ բերել եմ
քանի դեռ չեմ ասել՝ խոտին, ձեզ, քարին,
այրում է շուրթերս։ Եւ ես
ծաղիկներ եմ դնում
նահատակի շիրիմին – դա իմ երկխոսությունն է նրա
հետ, խաչքարի վրա մոմեր եմ վառում,
դա իմ հաղորդությունն է։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Բոլոր մարգարեները սուտ են, բացի զինվորից։
Եւ հայրենիքի սահմաններն անխախտելի են
այնտեղ, ասում են,
ուր գիծը քաշված է արյունով. ահա գույն,
որի բարձրությանը չի հասնի պարիսպը չինական։
Իսկ բանաստեղծը
մենակ է բանաստեղծ։
Քո չարած քայլերն իմ չգրված երգերն են հիշեցնում։
Հիշեցնում են պարպումը նշանամետ պահունակի։
Քանի դեռ ես չեմ սկսում գրել՝ գրում եմ անդադար,
հենց սկսում եմ գրել՝
արդեն չեմ գրում։
Ասում եմ՝ կյանքն անտանելի է։ Ասում եմ
ու… տանելի է
դառնում այն։ Բայց երբ չեմ ասում, թե
անտանելի է, կեղծում եմ
իմ արյունը, եւ կյանքը, իսկապես, դառնում է
անսահման անտանելի՝
որպես ցլամարտում թափված արյուն գեղեցիկ։
Քայլերիս արձագանքները արագացնում են ընթացքը
գետերի,
որոնք հոսում են ծաղիկների ափերով։
Արահետը, որով ընթանում եմ հիմա,
չկա։
Ես ու դու քայլում ենք կողք – կողքի,
երբ դու նայում ես՝ ես քո կողքին եմ,
երբ ես եմ նայում՝ դու իմ կողքին չես։
Ես ու դու քայլում ենք կողք – կողքի։
Ինձ հետ չէ անգամ իմ ճանապարհը,
որով քայլելիս
հաճախ ես նմանվում եմ լքված մատուռի,
որի կողին վառվող մոմ է բեմադրում
երկնային լույսի մի անուշ շողիկ։
Եվ անուշ է այն, ինչ դառն է,
Բայց ինչ դառն է, միշտ չէ, որ անուշ է։
Նեղանձուկ, ապականացու, նանիր պահերից դուրս է
ճողոպրում
դաշտը, եւ
բարձրերի վճռական կապույտը խտուտ է
տալիս ծառերի կատարները,
տերեւաթափ եղած, սեպռիկ ճյուղերը ծիծաղում են
վայրկյանի եւ իրենք իրենց վրա։ Մի քիչ էլ,
ինչ խոսք, ինձ վրա։
Հնարավոր չէ տարհամոզել քամուն,
բայց չէ՞ որ ամառը դեռ չի գնացել։
Ավելին՝ մի ետընթաց քայլ եւ…
մանկությունը գտնված
կդառնա, եզակի հնարավորություն՝
սխալներն ուղղելու։
Թեպետ՝ սխալը ո՞րն է։-
Ճանապարհը՝ անճանապարհությունն է՝
ծանր,
որի վրայով թռչում է ալիքը,
անճանապարհությունը ճանապարհն է՝
փխրուն,
որին գուրգուրում է առավոտը 21-րդ դարի։
Եվ չնայած ես միշտ էլ մենության եմ ձգտում ,
սարսափում եմ սակայն ինքս ինձ հետ մնալուց,
գերադասելի է հազար անգամ
երրորդի ներկայությունը,
թեկուզ այդ երրորդը դարձյալ լինեմ ես։
Ուզում եմ քեզ հիշել եւ փակված աչքերիս մեջ
միանգամից ծաղկում են մեղքեր բյուրավոր։
Արեւը գուրգուրում է, եւ ծաղիկը չի կշտանում
արեւից ու չգիտեմ՝ էլ ինչից։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Եվ սուտ են բոլոր մարգարեները, բացի զինվորից։
Ինչ անենք, թե հրամանատար է Ավոն,
բայց չէ որ նա ինքն էլ իր զինվորն է
եւ ինքն իրեն հանդիպելիս պատիվ է տալիս,
եւ թող Աստված փրկի բոլորին
նրա՝ ինքն իր համար պահած… մենախցից,
թե հանկարծ զանցառություն է եղել մի հեղ։
Ծլունակ, ծաղկունակ քարեր-երազների պահունակ։
Վիշտը հալվեց, բոցն էլ հետը մարեց, կորավ, քանզի
հաճախ վիշտն է, թերեւս, սիրտ աշխատեցնում,
քանզի
թե որ սեր է լինում մեջդ,
ոտքիդ տակ քարերն էլ
փխրուն են դառնում,
դառնում են հայացքով քեզ ուտող աչքեր։
Եվ
այլընտրանք չկա ՝
բազում են հավքերը, երկինքը մեկն է, բայց
քանի որ ամեն թռչուն ունենում է իր երկինքը,
երկինքները շատանում են, անհունանում երազները։
Թե ամեն մարդ մի մոմ վառեր՝ աշխարհում
խավար չէր մնա։
Երկինքը՝ տկլոր ու պորտաբաց,
մի ոտքի վրա կանգնել է
Մեծ քարին ու պարում է ափաշքարա, թզենու
տերեւը տարել է քամին,
Հարյուրամյա Գալուստ քեռին դեմքը շրջում է՝
մեղա քեզ, Աստված։
Դեմքը շրջում է եւ շտկում շալվարի բարձրացած առաջնամասը՝
քանի տեսնող չի եղել։
Անմարդաբնակ մարդիկ։ Ո՞վ է՝
փչում է,
որ հանգցնի մոմերս վառած,
ահա ինչու տունն իմ՝ Արցախը, իր մի աչքով
արեւին ու աշխարհին,
մյուս աչքով հավերժական տագնապի կողմն է նայում։
Իսկ այբուբենն ապրելու սկսվում է «Զ»-ից՝
զոհվել բառի Տառն առաջին
(որքան դաժան ես, կյանք),
եթե պատրաստ չես դրան,
կորած ես երկրովի։
«Ժողովուրդ,էս աշխահը ձեռքից գնում է,
եկեք մի բան անենք». Քեռի Գալուստ։
Շուշան սարեր, մանուշակ քարեր –
Ղարաբաղ։
Ձին տնկել է դունչը երկնքի մեջ
եւ անզուսպ կապույտը խրխնջում է
ալիք – ալիք, մոլեգնական մի քնքշությամբ։
Ամեն անգամ երբ անցնում եմ ճանապարհով,
ամեն անգամ նույն ճանապարհը նոր է,
եւ ամեն անգամ հասնում եմ ուրիշ մի վայր,
թողած ունելիները,
ամեն անգամ մատներիս ծայրերով եմ բռնում պողերը։
Անցած ճանապարհը ետ չի վերցվում,
ետ չի վերցվում տրված ժպիտը,
արձակած գնդակը ետ չի վերցվում,
չեմ կարող ետ վերցնել աչքերս քո աչքերից,
որովհետեւ եթե դու լուսեղեն ու երկարուկ թեւերով,
պարզության աղբյուրներո՜վ
կանաչության դաշտերո՜վ,
հիշատակների առուներո՜վ
գրկում ես ինձ,
ոսկորներիս մեջ շատանում են
հրեշտակավառ ծաղիկները,
որոնց մեջ արեգակները հաստատ կրկնում են իրենց՝
վերադարձնելով ինձ չգիտեմ, թե ուր,
իսկ երբ ես եմ գրկում մարմինդ եղեգնաշրշյուն,
նոր միայն հասկանում եմ , թե ինչու բոլոր
սրինգները
միայն եղեգներից էր պատրաստում
Միսաք Մեծարենցը։
Քո մի ժպիտով եղեգնուտներից թռած հավքերը
արեւին շուրջառած,
վերադարձնում են կրկին եղեգնուտներին՝
անբացատրելի սվսվոցներով թեւերի,
անբացատրելի կափկափյուններով
եղեգների։
Սուտ են բոլոր մարգարեները, զինվորից բացի։
Ոտքերս տվել եմ ճանապարհին,
եւ ինչ չեմ տվել ճանապարհին,
մինչեւ որ նա իմ ճանապարհը կդառնար։
Չէ՞ որ ոտքի տակից փախչում է հողն Արցախա,
թե վազքի մեջ
քայլդ հանկարծ… ճիշտ չի դրվում՝ որպես կնիք,
որպես դրոշմ, ժպիտ բեղմնավոր, որդիական երդում։
Քո աչքերն են ինձ կապույտների արքա կարգել։
Քո չտված ծաղիկները ծաղիկներ են ավելի,
քան ծաղիկները այն, որ տվել ես, եւ
դա սպասումը դարձնում է երկունք ծննդյան։
Իմը լիներ այն վայրկյանը
որով ես միշտ… ուշանում եմ։
Ժամանակի միավորը ամենամեծ։
Քեզ հետ, ներիր, որքան էլ վաղ հանդիպման
վայր գամ՝
Ժամադրված ժամանակից կես ժամ, մի ժամ,
մի դար առաջ,
միեւնույն է՝ ուշանում եմ, պարտքի տակն եմ ժամանակի։
Ու որքան ես պարտքդ մարեմ՝
Պարտքս այնքան մեծանում է,
որովհետեւ ես մանուշակի շարժումն եմ
քարի մեջ-քո քարի,
որովհետեւ ես իմ ձեռքերն եմ՝
քո ուսերից կախված,
որովհետեւ ես քո թռիչքն եմ՝ իմ թեւերի մեջ։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Մի մարդ գավաթը խփում է քարին եւ ասում մի կենաց,
եւ ասում է զարմանալի ձորեր, աստղեր,
եւ ասում է զարմանալի ճանապարհներ,
երկնքով հոսող գետեր,
չընկնելու համար ձեռքը գցում է Քիրսի վզով,
գլխին քաշում գինին կարմիր ու մոլեգին,
շուրթերի վրա
թեւքով սրբելով բեղերն առնվազն Արգիշտի Արքայի։
Խնձորախոտը զբաղեցրել է արահետը
իր ծաղիկներով՝
Ճապկանքների մեջ կանաչ ծավալումների,
ուր լույսը քչփորում է պատմությունը Սիրո։
Մեղքի վրա բարձրանում է մի ծիլ։ Անմեղություն մեղքի։
Ծառերից, խոտից, հողից բարձրացող երաժշտությունը
իր ռիթմերով փոխում է ուղղությունը մտքի,
գետ ու առվի
եւ
կապույտները թեւերում ծրարած հավքերը,
տեղ են հասնում…
Ժամանակը հատիկ-հատիկ սերմանում եմ իմ հերկերում
եւ սերմնացու հատիկների մեջ եմ մտնում՝
առանց կեղեւը պատռելու։
Անրջախոս տարածություն,
վերադարձ հեռացնոր,
եւ
արմատների երկինք հավքառատ։
(Հուշը վաղվա սերմն է երանիկ, եւ ես
ինձանից դուրս
ավելի շատ կամ, քան իմ ներսում։ Բայց իմ ներսից եմ
գրում միմիայն իմ դրսի մասին, քանզի
բառը
չմիջնորդավորված, դա իմ հանդիպումն է Հիսուսի հետ)։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Եկեղեցու կողմից եկած շուքամեծ մի ղողանջ
պատգամում է
թռիչքների գույն, ծաղիկներ՝
որ դեռ չեն բացվել։
Անցագիրս, դա երազն է, ծաղիկ,
Անցագիրս, դա ծաղիկն է, երազ։
Տղաք, դուք եղած հացը կերեք, ես չեղածից կուտեմ,
Ես իմ կրծքին կառնեմ եղած գնդակները նեռի,
դուք չեղած գնդակները ձեր կրծքին առեք,
եղած փամփուշտներով դուք կրակեցեք,
տղաք,
ես ինձանից գնդակներ կձուլեմ,
դուք եղած մոմերը վառեցեք, ես չեղածը կվառեմ,
դուք եղած աղբյուրից ջուր խմեք, ես կխմեմ չեղածից.
«Մենք պիտի այնքան ուժեղ ըլլանք, տղաք,
որ ոսոխները կարենան տեսնել իրենց թուլությունը։
Եվ տեսեք՝ հաղթանակից հանկարծ չկորչի
պրկումը ձեր երակների»։
Իմ աչքերը սերվել են իմ տառապանքի գիշերներից։
Դեմս դաշտն է՝
ծաղկի խաչելության։ Եվ դժվարը տարած
հաղթանակը տանելն է։
Ուրիշին՝ իրավունք չունեմ,
բայց բիթլիսցի Սարոյան Վիլյամին՝ Կալիֆոռնիայում
աճեցված տիպիկ արցախյան բեղերով,
թույլ եմ տալիս
ձեռքն առնել իմ ինքնաձիգը՝.«ԱԿՍ».
-Ես կսիրեմ մեր պատերազմներ…
Ես կսիրեմ Բիթլիս…
Զինվորը զինվոր էր սովորական, Շուշին
առավ իր ափի մեջ,
պահեց բարձր
եւ ասավ՝ թըռ՜ռ,
եւ հավքը հասավ իր երամին։ Չթագադրված
լեռան առասպելներ։
Թռիչքը հավաստումն է իմ հավարժական
ներկայության։
Լույսը, որ երիզում է քայլերս,
գիշերում է ինձ մոտ, միշտ ոտուծոց ենք պառկում, եւ
առավոտը միշտ ճանապարհ է ընկնում ծաղկի միջից։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
Ես գիտեի՝ աշխարհ գալուց դեռ շատ առաջ,
որ կբախվեմ մի օր քարե խավարի հետ,
եւ, ինձ ծնելիս,
մայրս մի պտղունց լույս դրեց ինձ հետ՝ որպես
ճանապարհի հաց,
մերս «առյուծ կանչեց ու ինձ ծնեց էսպես»…
Հիշողությունը -ահա աչքը մեր,
որով տեսնում ենք անխաբ ապագան։
Շուրջս կենու ծմակ է։ Մայրս տարիներ առաջ
մի կտոր կենափայտ էր կապել
դաստակիս,
ծառ սրբենի,
որ ինձ աչքով չտան, աչքահուլունք էր պարզապես,
բայց ի՞նչ տեսա մի օր՝
կենին արմատներ ձգել երակներիս մեջ,
ձեռքիս վրա, ծաղկում է…
Կանգնած եմ Քիրսին, բաց երկնքի տակ, կենուտում,
իրար բերած ափերիս մեջ՝
մի ծով ջուր… Երկնքի հավքը, լեռը,
ռմբարկու նավերը,
բոլորը անցնում են ափիս ծովով։ Ես
լեռներիս, երաշտ հանդերիս
ծովակալն եմ։
Աստված իմ, Աստված իմ, ինչու ինձ լքեցիր-Քրիստոսի վերջին խոսքը։
կրկնում է Քրիստափոր Իվանյանը,
Աստված իմ, Աստված իմ, ինչու ինձ լքեցիր-
կրկնում է Ավոն
Աստված իմ, Աստված իմ… Արձագանքում են
Ասկոլկան, Պետոն,
Շահմուրադյան Սամվելը եւ մյուսները
եւ
հուշում են, որ Արարատի բարձրությունը
պետք է չափել Աբովյանի քայլերով միայն։
Արցախը
ծաղկագիր նամակ է լեռների վրա՝ պարզված
հավերժին, եւ բարեւառություն է լուսածեգի,
գրերի արմատարան, վանքադարան,
Եւ փույթ չէ, թե կռվի պահին կույս
աղջիկներն Արցախի,
Մարիամները սուրբ,
հաճախ գիշերում են գոմերում խարխլված։ Բայց
չէ որ նրանք մեզ համար ծնում են Հիսուսներ։
Շուշան սարեր, մանուշակ քարեր – Ղարաբաղ։
(Տուր ինձ, Աստված, մեղա, մեղա,
արարչության տիեզերական ռոմանտիկան
եւ
ես աշխարհը կվերաստեղծեմ
ոչ թե յոթ օրում,
այլեւ գուցե յոթ վայրկյանում,
միայն թե՝ առանց նեռի)։
Թեպետ գիտեմ՝ չի կարող չհաղթել լավն աշխարհում,
երբ այնքան շատ է վատն ու անսահման։
Սխալվել է, անշուշտ, Գյոթեն Վոլֆգանգ,
երբ կանգնեցրեց վայրկյանը, որ անչափ գեղեցիկ էր,
եւ կանգնելով՝
վայրկյանը կորցրեց իր ամբողջ գեղեցկությունը։
Իսկ ցողունը ծաղկի կոտրվելուց հետո է
դառնում անկոտրելի։
Ողբերգական է պահը։ Աչքս գնաց, կորավ մեր
Մինասի չնկարած մի կտավում։
Եվ այնտեղ, ուր փորձեցի դուրս գալ ցավից,
միանգամից ես հայտնվեցի
փողոցի մեջ՝ դրսում, անտուն-անտեղ, անօթեւան։
Եվ հիմա լավ եմ, ինչ խոսք, հասկանում
տխուր մարդկանց,
ուրախ մարդկանց է, որ չեմ հասկանում։
Որքան շատ եմ ես ձեզ մերձենում,
նույնքան
ինքս ինձ օտարանում եմ,
օտարականի մեջ օտարականը ճամփա է
ելնում՝ ես եմ։
Ասես մի անգամ՝ շատ դարեր առաջ,
սխալ ապրել եմ կյանքս,
գնացել
եւ այսօր մի տաղտկալի կրկնությունն են
քայլերս արվածի,
թեպետ, երդվում եմ,
արեւն ամեն օր առաջին անգամ եմ տեսնում։
Հաճախ ինքս ինձ հայտնաբերում եմ
երկրագնդից դուրս, եւ
որքան էլ որ ջանքեր եմ թափում,
ես ելք չեմ գտնում ներս գալու համար.
Հիասթափության պահերս աճող սնկեր են։
Չսիրելու համար մարդուն պիտի քշել ուղիղ
ուղղիչ տուն,
թեկուզ նրան այլեւս ոչինչ չի ուղղելու
եւ անընդհատ պատերազմներ են
սպառնալու մոլորակին։
Մոլորակ, թող տափակ չթվա, որ մեր
ընդհանուր հայրենիքն է,
ոչ թե այլմոլորակայինների.
սա հաստատապես գիտեմ արդեն, պիտի այն
բնակեցնել… սիրով։
Երբ նայում եմ ես քո ծաղկին՝
իմ տեսած ծաղիկը ոչ ոք չի տեսնում։ Աղբյուրը
երգվում է քարերի
շուրթին, եւ աստղում է կապույտը։ Եվ շողը որձկում է։
Մենակ եմ։ Ես այնքան եմ մենակ, որ ոչ մի
բառով չի ասվի,
իսկ թե փորձեմ ասել,
ավելի կխորանա իմ մենությունը։
Ամեն ինչի մասին պատրաստ եմ ամեն ինչ ասել,
միայն թե՝ ի սեր Աստծո,
թույլ տուր քո մասին միմիայն… լռել,
ինչպես ասում են։ Եվ
ճամփան մի փակեք, թողեք մանկությանս
ձին մոտենա ինձ։
Հասանելին
անհասանելին է։ Դու երբ կանգնում ես
Պիկասոյի նկարների մոտ
(Պիկասոն, հավատացած եմ, նկարելիս դա երբեք
նկատի չէր առել),
դրանք բազմապատիկ հանճարեղանում են
եւ նոր միայն Պիկասոն հասնում է
Պիկասոյին։ Իսկ քեզ
իմ հասնելը ծնվելս է.
ես քայլում եմ միշտ, որ ճանապարհը չմնա ճանապարհին։
Եվ չեմ թողնում երբեք, որ փախուստի դիմեն վայրկյանները։
Աղբյուրը գնում է այնտեղով, որտեղով երբեք չի գնում,
որովհետեւ
ես կրում եմ իմ մեջ աստղի լույսը հեռավոր,
եւ տեսնում եմ ավելի հեռուն, քան կարող է երեւալ։
Նախշուն երկիր, նախշուն մարդիկ- Ղարաբաղ։
Եվ սուտ չէ ոչ մի մարգարե,
թե մարգարեն զինվոր է։
Ժամանակը հատիկ-հատիկ սերմանում եմ
ես հերկերում
եւ սերմացու հատիկների մեջ եմ մտնում՝
առանց կեղեւը պատռելու։