Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հովանավորությամբ լույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» ժողովածուն: Կազմել եւ խմբագրել են Լիլիթ Գալստյանը եւ Արքեմնիկ Նիկողոսյանը: Անթոլոգիան ներկայացնում է 13 գրողների (Հրաչյա Սարիբեկյան, Մհեր Բեյլերյան, Համբարձում Համբարձումյան, Սեւադա Գրիգորյան, Հարութ Կբեյան, Արտավազդ Եղիազարյան, Արամ Պաչյան, Սարգիս Հովսեփյան, Նառա Վարդանյան, Աննա Դավթյան, Արեգ Ազատյան, Լիլիթ Կարապետյան, Մարիամ Ասրիյան) 35 ստեղծագործություն՝ ընդհանուր գծերով ներկայացված երիտասարդ գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանի «Վաղվա գրականությունը կազմավորման ջանքի մեջ» առաջաբանում:Հետիննսունականների ճգնաժամային համարվող գրական ընթացքի նոր որոնումները նա գնահատում է յուրովի՝ նաեւ կրած ազդեցություններով եւ ներկայացնում ժողովածուում ընդգրկված հեղինակների ստեղծագործական առանձնահատկությունները: «18-33 խորագիրը չի նշանակում թե ընդգրկված են այդ տարիքի բոլոր արձակագիրները: Ընտրվել են մեր կարծիքով՝ վաղվա գրականության դիմագիծը պայմանավորող կամ դրան հավակնող հեղինակները»: Անթոլոգիան բացվում է Լիլիթ Գալստյանի «Առաջաբանի փոխարեն» ստեղծագործական բնույթի գրությամբ, որտեղ իրապես ներկա է գրողական թաքնված որակ. «Ես գրող չեմ դառնա, փոխարենը անվերապահ հարգում եմ նրանց, ովքեր գիտեն բառի գինը, ապրում են գտած նախադասության հաճույքով ու պատրաստ են այն կիսել ընթերցողի հետ»: Բառի արվեստը այն զգացողի հետ կիսելու համար, սակայն, պետք է այդ իրավունքը ձեռք բերել. «Ժամանակն ու ընթերցողը կհաստատեն կյանքի ընկալման նրանց բանաձեւը, գրականության մեջ նրանց հետագիծը, բայց նախ՝ նրանց գրականությունը ապրելու իրավունք պիտի ունենա», գրում է նա: Շնորհանդեսին գիրքը ներկայացրեց Լիլիթ Գալստյանը: Արքեմնիկ Նիկողոսյանը նկատեց, որ անթոլոգիան ոչ միայն ներկայացնում է գրական արձակի այսօրը, նաեւ կանխորոշում հայ գրականության ապագա դիմագիծը՝ ի չիք դարձնելով հոռետեսական կանխատեսումները: Ըստ Լեւոն Անանյանի, անթոլոգիայի գոյությունը վկայում է գրական արժանի հերթափոխի մասին, որը նաեւ ՀԳՄ-ի աշխատանքի արդյունքն է (միության երիտասարդական թեւի ակտիվություն, «Գրեթերթ», «Սերունդ» պարբերականների գոյություն): Հովհաննես Գրիգորյանը, որ տարիներ շարունակ հայրական հոգածությամբ է վերաբերվել երիտասարդ գորղներին, գրքի տպագրումից զատ, կարեւոր համարեց այն ընթերցողին հասցնելը: Ավիկ Իսահակյանը եւս գնահատեց երիտասարդ արձակագիրների հանդեպ Համազգայինի ուշադրությունը, քանի որ գրողը չտպագրվելու պարագայում ինքնաներկայացման այլընտրանք չունի, ի տարբերություն, ասենք՝ նկարչի կամ երաժշտի: Նա նկատեց նաեւ, որ ստեղծագործական անհրաժեշտությունն է նրանց բերել գրականություն, որոնք ժամանակի մթնոլորտն են ներկայացնում, «զերծ գաղափարական կաղապարներից»: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած Գրականության ինստիտուտը լույս է ընծայել Լեւոն Շանթի 3-րդ, 4-րդ հատորների ակադեմիական հրատարակությունները, հրատարակության է պատրաստվում Նիկոլ Աղբալյանի երկերը: Կանադահայ գրող Մարգար Շարաբխանյանը հիշեցրեց Շավարշ Նարդունու «Հայրենիքը երիտասարդությունն է» խոսքերը՝ երիտասարդներին հորդորելով իրենց ստեղծագործությամբ մոտենալ կյանքին՝ ժողովրդի հոգսի, մտածումների, մտահոգությունների արձագանքողը դառնալ: Ռուբեն Հովսեփյանը նրանց համարեց բախտավոր սերունդ, որովհետեւ ինքնաբավ կարող են ապրել. «Ձեր կողքին, ձեզ հետ գրականագետներ են մեծանում, ապավինեք ավելի նրանց, քան ավագներին, որոնք իրենց նախասիրություններով կարող են ձեզ շեղել»: Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Էդուարդ Մսրլյանը հաստատեց մշակույթի ձեռնարկներ խրախուսողի իր հեղինակությունը. «Դուք պահանջեք, մենք տեղի կուտանք»: Տեղեկացվեց, որ կտպագրվի նաեւ հայ արդի պոեզիայի անթոլոգիա: