ՊԱՏՌՎԱԾ ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀԵՔԻԱԹ
Ճիշտն ասած, այս հեքիաթը շատ երկար է:Բայց ես ձեզ կպատմեմ նրա մի մասը միայն: Իսկ ավելի ճիշտ, ես ձեզ կպատմեմ այն, ինչ կարդացել եմ հեքիաթների մի պատառոտված գրքից մնացած թերթի վրա: Ես ձեզ համար նույնիսկ կնկարեմ այդ էջը: Ահա այն: (Հեքիաթի վերնագիրն էլ էր պատռված: Եթե ուզում եք՝ ինքներդ վերնագրեք):
Ու հաստատ այդպես էլ եղել է
Թրթուրը նախապես գիտեր այդ
Բայց նրանց մեջ ամեն ինչ այնքան
ու այնքան փոխադարձ էր: Դե, ուրեմն, իմացիր
Քնելուց առաջ մեծ ճագարները փոքր ճագարներին պատմում էին թրթուրների մասին, թե ինչպես են քնքուշ թրթուրիկներն ընկնում ճագարների գլխին ու երջանկացնում նրանց:
Գլխին թրթուր ընկած ճագարներին մյուս ճագարները մի տեսակ բարի նախանձով էին նայում ու հոգոց հանում. «Տեսնես ես կգտնե՞մ իմ թրթուրիկին»:
Այսպես, ճագարներն ամեն գիշեր լսում էին թրթուրի մասին հեքիաթն ու քնում:
Մի սպիտակ ճագար կար: Նա քնել չէր սիրում, որովհետև ափսոսում էր փակել իր սիրուն, մոխրագույն աչքերը: Բայց նա ամեն օր ճիշտ ժամանակին պառկում էր, որ լսի թրթուրի մասին հեքիաթը: Լսում էր հեքիաթը, ամուր գրկում տատիկի կարած շորե թրթուրիկն ու հավատում, որ մի օր անպայման իր գլխին էլ թրթուր կընկնի:
Ցերեկները, ինչքան էլ ցուրտ լիներ, ճագարը գլխարկ չէր դնում: Վախենում էր, որ թրթուրիկը կընկնի իր գլխին ու ինքը չի զգա: Այսպես, մի օր ճագարի գլուխը սառեց ու հիվանդացավ խեղճը:
«Մուրաբայով թեյ կխմե՞ս»,- հարցրին նրան: «Հյութ կխմե՞ս»,- հարցրին քիչ հետո: Բայց ճագարը խմել չէր ուզում: Ուտել էլ չէր ուզում: Ուզում էր լսել թրթուրի մասին հեքիաթը՝ իրար հետևից, նորից ու նորից: Հեքիաթը դեռ հինգ անգամ էին պատմել, երբ ճագարի գլխին մի բան ընկավ: Նա թաթիկները տարավ դեպի գլուխը: Ճագարի մոխրագույն աչքերն ուրախությունից փայլեցին: Տաքությունից վառվող նրա թաթիկներում ինքնամոռացության մեջ ընկած մի թրթուրիկ էր:
«Ի՜նչ լավ է, որ եկար: Դու գտար ինձ, իսկ ես գլխին թրթուր ընկած ճագար դարձա»:
Այս խոսքերը ճագարն ասաց համարյա մտքում, բայց թրթուրիկը լսեց նրան:
Ճագարն իր տաք թաթիկներով մաքրեց թրթուրիկի վրա-գլուխը: Հետո նրան զվարճացնելու համար ցույց տվեց իր ունեցած ամենալավ բանը. տատիկի կարած շորե թրթուրիկը: Թրթուրիկն էլ փոխադարձաբար զվարճացրեց նրան՝ պատմելով այն մասին, թե ինչպես ինքը, դեռ շատ փոքր հասակից, առանց նկարչական դպրոց հաճախելու նկարել է իմացել, ու որ բոլորը հիացել են իր նկարներով: Նաև այն մասին ասաց, որ ինքը բոլոր գույներից ամենաշատը սպիտակն է սիրում: Ճագարն ամոթխած նայեց իր վրայի սպիտակ գույնին:
Ասում են՝ այս դեպքից հետո ճագարի տաքությունն իջավ: Թրթուրիկն էլ ինքնամոռացության մեջ չէր ընկնում: Իսկ թե ընկնում էր, ճագարի կողքին լինելու ուրախությունից միայն: Ճագարն էլ ցուրտ օրերին արդեն գլխարկ էր դնում: Բայց որ ճիշտն ասենք, սիրունության համար էր դնում, որովհետև ինչքան էլ ցուրտ լիներ, չէր հիվանդանա: Հաստատ գիտեր, որ չի հիվանդանա:
Ճագարիկն ու թրթուրիկը միշտ միասին էին: Միայն երբեմն բաժանվում էին, որ կարոտեն իրար: Երեկոները գնում էին խաղահրապարակ, պպզում ու ասֆալտի վրա գունավոր կավիճներով իրար էին նկարում: Նկարներում երկուսն էլ թևեր ունեին:
Ու անձրևը չէր մաքրում այդ նկարները:
ՍԱՐՆ Ու ԱՄՊԸ
Ամպի ստվերն ընկել էր մեծ սարի վրա:
– Գագաթիցդ քիչ ներքև՝ աջ կողմիդ վրա, մի կտոր գիշեր կա, սա՛ր,- ասաց ամպը:
– Դա գիշեր չէ,- պատասխանեց սարը:- Ուշադիր նայիր: Պետք է որ ճանաչես նրան:
– Ես շատ եմ ճամփորդել ու շատ բան գիտեմ: Երբեմն, իսկապես, ծանոթ է թվում նա, ում առաջին անգամ ես տեսնում: Բայց ես գիշերը լավ եմ ճանաչում, ու այն, ինչ տեսնում եմ հիմա….,- ուզում էր շարունակել ամպը, բայց սարը նրա խոսքը կտրեց.
– Եթե դու լավ ես ճանաչում գիշերը, ասա՝ նա որտե՞ղ է պահում ստվերները:
– Ինչո՞ւ ես հարցնում,- սրտնեղեց ամպը:
– Ուզում եմ, որ դու իսկապես ճանաչես գիշերը:
– Ինչի՞դ է պետք: Կարող ես չմտահոգվել:
– Չեմ կարող: Քո ստվերն ընկել է ինձ վրա, ու իմ սիրտը հիմա թրթռում է քեզ համար:
– Ի՞նչ ստվեր:
– Ուշադիր նայիր. գագաթիցս քիչ ներքև՝ աջ կողմիս վրա:
– Ուզում ես ասել….
– Որ դա քո ստվերն է:
– Այսինքն ես ինքս ի՞նձ եմ նայում: Ուրեմն, ես ինձ մի կտոր գիշե՞ր եմ կարծել:
– Որովհետև չես ճանաչում գիշերը:
– Ես չեմ ճանաչում ինքս ինձ:
– Ճանաչի՛ր: Հիմա դու քեզ տեսնում ես ինձ վրա:
Ամպը երկար նայեց սարին:
– Դու էլ քո ստվերը գցիր ինձ վրա, սա՛ր: Իմ սիրտը կթրթռա քեզ համար, ու դու էլ քե՛զ կճանաչես քո ստվերով:
Սարը քիչ մթնեց:
– Դու շատ ես ճամփորդել, իսկ ես շատ եմ ապրել: Ու մի բան հաստատ գիտեմ. ես չեմ կարող իմ ստվերը գցել քեզ վրա:
– Դու շատ ես ապրել, բայց ես մի բան հաստատ գիտեմ. առանց այդ էլ իմ սիրտը կթրթռա քեզ համար,- դողացող ձայնով ասաց ամպն ու սարը փշաքաղվեց:
– Ասա՜ ինձ, ամպ, ես ի՞նչ տեսք ունեմ:
– Դու փառահեղ ես: Քեզ վրա խոտ ու քարեր կան: Ես ճանապարհին սարեր շատ եմ տեսել, բայց ոչ մեկն այսպիսի խոտ ու այսպիսի քարեր չուներ: Ես հիանում եմ քեզնով:
– Ինձ վրա երբեք ծաղիկներ չեն աճել,- շշնջաց սարը:
Ամպը չլսելու տվեց ու շարունակեց.
– …Իսկ ես, որ մինչև քեզ հանդիպելը չգիտեի էլ, թե ինչպիսին եմ, քիչ հետո չեմ լինի: Հազարավոր ամպեր կանցնեն քո վրայով ու քեզ կտան իրենց ստվերը, ու ես…: Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս:
– Ես միայն մի բան եմ ուզում. որ ինձ չմոռանաս,- կրկնեց սարը:
Հանկարծ քամի բարձրացավ ու ամպի ձայնը դողաց.
– Ես կարծես շարժվում եմ:
– Մի՛ գնա,- հևաց սարը-: Խոսիր ինձ հետ: Ասա՝ ի՞նչ ես տեսել այստեղ գալիս:
– Ես շատ եմ ճամփորդել, բայց միակ բանը, որ տեսել եմ, այն ճանապարհն էր, որն ինձ քեզ մոտ բերեց:
– Դու ճիշտ ես. հազարավոր ամպեր են անցնում իմ վրայով: Բայց միայն դու ես, որ ….
– Քամին ինձ տանում է: Բռնի՛ր ինձ, սա՛ր: Ստվերի՛ցս բռնիր:
Հսկա սարն անզոր հառաչեց ու ամպը խոսեց հանդարտորեն.
– Դու չասացիր. գիշերը որտե՞ղ է պահում ստվերները:
Ու սարը պատասխանեց.
– Իր սրտի մեջ: Երանի՜ ես մի կտոր գիշեր լինեի:
– Մի՛ տխրիր, սա՛ր, ես գիտեմ սրտում պահվելու գաղտնիքը:
Այսպես ասաց ամպը, հետո մթնեց ու սկսեց արտասվել:
Ամպի արցունքները թափվեցին սարի վրա: Մի խորը հոգոց լսվեց: Ոչ ոք չիմացավ, թե ով էր այդ: Քիչ հետո գիշերը ծածկեց գույները ու իր սրտի մեջ առավ բոլոր ստվերները:
Իսկ առավոտյան անձրևի թափված տեղում սարի վրա ծաղիկներ աճեցին. գույնզգույն, վառման ծաղիկներ: Նրանց բույրն անամպ երկնքին հասավ ու սարը օրհնեց այդ առավոտը:
ՇԵԿՈՆ
Գիտե՞ք, թե ինչու են այն մարդիկ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով գնում: Որովհետև չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը:
Ասենք, դուք այդ պատմության սկիզբն էլ չգիտեք: Դե, ուրեմն լսեք: Ես Շեկոյի պատմությունը կպատմեմ սկզբից մինչև վերջ:
Կար-չկար, աշխարհում Շեկո անունով մի շուն կար: Չէ՛: Շեկոյի պատմությունն այդպես չեն պատմում: Շեկոն հո հեքիաթի շուն չէ՞: Շեկոն մեր բակում էր ապրում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:
Կարծեցիք՝ վախկո՞տ եմ: Իսկ Շեկոյից ո՞վ չէր վախենում: Շեկոյի ահից թե՛ մարդ, թե՛ կենդանի՝ կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում: Մի բան էլ որ ասեմ, ավելի կզարմանաք: Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից: Շղթայով կապած շնի՞ց էլ կվախենան: Իհարկե, կվախենան, եթե դա մեր բակի Շեկոն է:
Շեկոյին դեռ փոքրուց էին շղթայով կապել: Մեծանում էր Շեկոն ու ամեն տարի նրա վզի շղթային մի օղակ էին ավելացնում: Ի՜նչ շուն էր, ի՜նչ շուն: Նրա շղթայի զնգզնգոցից անգամ բոլորը սարսափած փախչում էին:
– Մի՛ վախեցեք, կապած է,- ասում էր Շեկոյի տերը:
Հետո՞ ինչ, որ կապած էր: Շեկոն այնպես էր հարձակվում, որ թվում էր, թե գետինն էլ շղթայի հետ կպոկի ու վրա կտա: Բայց նրա ցատկը միշտ օդում էր մնում: Ու պիտի տեսնեիք, թե շունն ի՜նչ չարությամբ էր նայում իր շղթային, ի՜նչ կատաղությամբ: Նույն չարությամբ ու կատաղությամբ Շեկոն նայում էր նրանց, ովքեր վախեցած փախչում էին իրենից:
Շեկոյի աչք ու ականջից հեռու նրա մասին խոսելը մեր բակի տղաների սիրած գործն էր: Բա շղթա՜ն….: Մի առանձին զրույցի թեմա էր Շեկոյի շղթան: Տեսնես ինչի՞ց էր սարքած: Ո՞նց էր դիմանում: Ո՞նց էր, որ չէր պոկվում:
«Շղթան որ չլինի, է՜….», «Շղթան որ չլինի, է՜….»: Այսպես իրենց խոսքը սկսում ու իրար հերթ չտալով՝ մեր բակի տղաները պատմում էին իրենց երևակայությունների մասին: Եվ ում երևակայության մեջ Շեկոն ավելի ուժեղ շուն էր, նա հաղթում էր մյուսներին: Անշղթա Շեկոյի անելիքը կարծես իրենց էին վերագրում մեր բակի տղաները:
Իսկ հաջորդ օրը, հաղթող թե պարտված՝ բոլորը կարճ ճանապարհը թողած՝ երկար ճանապարհով էին գնում:
Ու մի օր էլ մեկը մյուսին «կապած շնից վախեցող» ասելով՝ մեր բակի տղաները հավաքվեցին ու գնացին կարճ ճանապարհով անցնելու:
Հեռվից միայն բույնն էր երևում: Շեկոն ու շղթան բնում էին: Տղաները սիրտ արեցին ու շղթայի երկարությունը հիշելով՝ քիչ-քիչ մոտացան:
Իսկ Շեկո՞ն….: Շեկոն մի մեծ ոսկոր կրծել ու կեսօրի շոգից նեղված՝ իր բույնն էր մտել: Բայց այդ ո՞վ էր սիրտ արել՝ իր բնի մոտով անցնելու: Ովքե՞ր են սրանք: Ու Շեկոն չհամբերեց, որ բնից դուրս գա ու հենց բնի միջից իր ողջ չարությամբ ու կատաղությամբ դուրս նետվեց: Նետվեց ու….: Ու Շեկոյի շղթան կտրվեց….
Շեկոյի շղթան կտրվեց:
Շեկոն ցատկեց ու չորս ոտքը դրեց այն տեղին, որտեղ ոտք չէր դրել երբեք: Շրջվեց ու նայեց շղթային: Ինչքա՜ն էր երազել պոկված տեսնել այդ շղթան: Ինչքա՜ն էր կատաղեցրել իրեն այդ զնգզնգանը, որ հիմա սատկած օձի պես ընկած էր իր առաջ: Իր հարձակումը միշտ կիսատ էր մնացել դրա պատճառով: Եվ ահա… շղթան կտրված է: Ժամանակն է, որ Շեկոն ցույց տա կարճ ճանապարհով անցնողներին: Ահա նրանք. քարացած, լեղիները ջուր կտրած՝ կանգնած են իր առաջ: Դե՛:
Շեկոն մի քայլ առաջ գնաց: Շրջվեց ու նայեց շղթային: Մի քայլ էլ արեց: Նորից շրջվեց ու նայեց շղթային: Տղաներից մեկն ակամա մի շարժում արեց: Շեկոն ցնցվեց, առջևի ոտքերը ձգեց ու սկսեց դողալ: Տղաները սիրտ արեցին ու մի քայլ առաջ եկան: Շեկոն նայեց տղաներին, նայեց իր պոկված շղթային ու հետ-հետ գնաց: Տղաներն էլի առաջ եկան: Շեկոն շրջվեց ու գնաց դեպի իր բույնը:
Ու բոլորը տեսան ոտքերի արանքը մտած նրա պոչը:
Ամեն ինչ վերջացած էր: Շեկոյի գաղտնիքը բացված էր: Ու բացված էր նախ ի՛ր համար: Վե՛րջ: Երկաթե զնգզնգանը կտրվել էր ու նեղ պահին դավաճանել իրեն:
Այս ամենը կատարվեց շոգ կեսօրին:
Երեկոյան մեր բակի տղաները Շեկոյի հետ մոտիկից էին ծանոթանում: Շեկոյի բույնը կանգնած էր իր տեղում, բայց ոնց որ առաջվանը չլիներ: Դա երևի նրանից էր, որ տղաները պոկել, դեն էին գցել Շեկոյի շղթան: Ո՛չ շունը, ո՛չ տղաները դրա զնգզնգոցը լսել չէին ուզում:
Դուք ամեն ինչ իմացաք: Բայց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը, դեռ կարճ ճանապարհը թողած՝ երկարով են գնում:
Ես չէի ուզում բացել Շեկոյի գաղտնիքը, բայց չդիմացա ու պատմեցի ամբողջ պատմությունը: Սկզբից մինչև վերջ:
Բայց երկնքից երեք խնձոր չի ընկնի: Որովհետև սա հեքիաթ չէ, և Շեկոն էլ հեքիաթի շուն չէ: Շեկոն իսկական շուն է: Նա ապրում էր մեր բակում: Ես իմ աչքով տեսել եմ նրան: Իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից:
Քանի դեռ Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից:
ԵՐԿՆՔԻ ՀԵՏ ԽԱՂԱՑՈՂ ՉԱԼԻԿԸ
Սա մի հրաշալի հեքիաթ է մի սովորական շնիկի մասին: Ավելի ճիշտ՝ սա մի սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին:
Նրա անունը Չալիկ էր:
Չալիկը ծնվել էր իր քույրերի ու եղբայրների հետ: Քույրերն ու եղբայրներն ամբողջովին սև էին: Չալիկն էլ էր սև, բայց ճակատն ու պոչը սպիտակ-սպիտակ էին:
Երբ շնիկները ծնվեցին, մայրիկը հրճվանքով նայեց իր սև ձագուկներին, հետո նայեց Չալիկին ու ասաց. «Այս մեկը ուրիշ է»:
Շուտով Չալիկը մեծացավ, մեծ տղա դարձավ: Նա ամբողջ օրը վազվզում ու խաղում էր ճիշտ ու ճիշտ մյուս շնիկների պես:
Բայց մի օր հանկարծ տխրեց Չալիկը: Քիթը գետնին քսելով քայլում էր ու մտածում. «Մայրիկը կարծում է, թե ես ուրիշ եմ: Ինչքա՜ն կտխրի, երբ իմանա, որ ես սովորական շնիկ եմ»:
Իսկ Չալիկը այնպե՜ս չէր ուզում տխրեցնել մորը:
Խեղճ շնիկի քունը չէր տանում: Գիշերները պառկում էր, գլուխը դնում թաթին, նայում էր երկնքին ու հոգոց հանում: Ինչ սիրո՜ւն էր գիշերվա երկինքը: Եթե կարողանար բարձրանալ այնտե՜ղ, հասնել աստղերին ու լուսնի՜ն:
Ու Չալիկը հասկացավ: Ինքը պիտի տիեզերագնաց դառնա: Պիտի բարձրանա երկինք: Մթնով ճանապարհ գնալը դժվար է, բայց ի՞նչ արած, աստղերն ու լուսինը գիշերն են դուրս գալիս: Այո՛: Չալիկը պիտի գիշերային տիեզերագնաց դառնա: Ահա՜ թե ինչ գիտեր մայրիկը իր մասին:
Ու Չալիկը վեր կացավ գետնից, թափ տվեց իրեն, ցցեց սպիտակ պոչը: Պետք էր շտապ ճանապարհ ընկնել: Իսկ ինչպե՞ս հասնել աստղերին ու լուսնին: Շնիկը գիտեր դրա պատասխանը: Երկինք հասնելու համար նախ պետք է գնալ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ:
Ու քայլեց Չալիկը երկինք տանող ճանապարհով: Մայրիկից հեռացավ, բայց ոչինչ: Ինքը հո վախկոտ շուն չէ՞: Գնաց ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Մեկ էլ… Ա՜յ քեզ զարմանք: Հասավ մի մեծ, սև ու փայլուն բանի: Այդ մեծ, սև ու փայլուն բանի մեջ լուսինն էր ու աստղերը: «Ահա և երկինքը: Ես տեղ հասա»,- մտածեց շնիկը:
– Բարև՛ ձեզ, աստղեր ու լուսին: Այդ ես էի, որ…: Մի խոսքով, ես Չալիկն եմ:
Ու շնիկը մեկնեց թաթը՝ լուսնի ու աստղերի հետ ծանոթանալու համար: Երկինքը շարժվեց: Նրա վրա ուրախ օղակներ հայտնվեցին:
«Երկինքը ծիծաղում է,- մտածեց Չալիկը:- Աստղերը պարում են»:
Հետո երկինքն անշարժացավ: Չալիկը նորից թաթը մոտեցրեց լուսնին ու երկինքը նորից ծիծաղեց: Աստղերն ու լուսինը նորից պարեցին: Չալիկն էլ ծիծաղեց ու պարեց նրանց հետ: Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում են զգում:
– Մենք լավ խաղացինք,- ասաց շնիկը,- բայց ես պիտի Երկիր վերադառնամ: Իմ տունն այնտեղ է: Դե՛, բարի գիշեր:
Ասաց ու երկնքից ուրախ-ուրախ տուն վերադարձավ:
Գիշերային տիեզերագնաց Չալիկը մրսել էր: Տեղավորվեց մայրիկի տաք գրկում ու քնեց:
Հաջորդ օրը շնիկն առաջվա պես խաղում ու վազվզում էր: Չէ՞ որ արդեն գիտեր, թե մայրիկն այն ժամանակ ինչու ասաց. «Այս մեկը ուրիշ է»: Դա իրենց գաղտնիքն էր, որ պահել էր պետք:
Այսպես, Չալիկը ցերեկն անցկացնում էր մյուս շնիկների պես, իսկ գիշերը նույն ճանապարհով բարձրանում էր երկինք, պարում, ծիծաղում էր աստղերի ու լուսնի հետ ու տուն վերադառնում:
Օրերը գնալով ցրտում էին: Դա լավ չէր, բայց ոչի՜նչ: Երկինք գնալ-գալը Չալիկի համար խաղուպար էր դարձել:
Մի օր էլ Չալիկը սովորականի պես սպասեց, որ մթնի, և երբ բոլորը քնեցին, քայլեց ծանոթ ճանապարհով: Տեղ հասավ, իսկ երկինքը չկար: Չալիկն անհանգիստ վազվզեց, կլանչեց: Ախր ինքը ճիշտ էր եկել՝ ուղիղ, հետո՝ ձախ, հետո՝ աջ: Ո՞ւր կորավ երկինքը: Էլ ի՞նչ տիեզերագնաց՝ առանց երկնքի: Չալիկը սպասեց, սպասեց, հետո ցրտից դողալով տուն գնաց, մայրիկին գրկեց ու լաց եղավ:
– Ի՞նչ է եղել, Չալիկս,- հարցրեց մայրիկը:
Չալիկն այնպե՜ս չէր ուզում, որ մայրիկն իր պատճառով տխրի, բայց քիթը քաշելով պատմեց, թե ինչպես է ինքը տիեզերագնաց դարձել ու թե ինչպես է հանկարծ կորցրել երկինքը:
– Քնի՛ր, տղա՛ս, առավոտյան կգտնենք:
Լույսը չբացված՝ Չալիկն ու մայրիկը ճանապարհ ընկան: Չալիկը գնում էր առջևից: Չէ՞ որ երկնքի ճանապարհը ինքը լավ գիտեր:
– Աստղերն ու լուսինը ցերեկով չեն երևա, մա՛:
– Ոչի՛նչ, երկինքը հո տեղում կլինի:
Երբ ուղիղ գնալուց հետո թեքվեցին ձախ, հետո՝ աջ, Չալիկը կանգ առավ:
– Հասանք,- արցունքը կուլ տվեց շնիկը:- Այ, այստեղ էր: Ես ամեն օր խաղում էի երկնքի հետ:
Մայրիկը նայեց ու ամեն ինչ հասկացավ:
– Սա լիճ է, Չալի՛կս: Ջուրը սառել է ցրտից: Երբ գարունը գա, սառույցը կհալվի, լճի մեջ նորից կերևա երկինքը ու դու նորից գիշերային տիեզերագնաց կդառնաս:
– Բայց դա կարող են անել բոլոր շնիկները: Էլ ինչո՞վ եմ ես ուրիշ: Ես սովորական շնիկ եմ: Սպիտակ ճակատով, սպիտակ պոչով սև շնիկ:
– Որը երկրի վրա երկինք է գտել:
– Ախր սա լի՜ճ է, սովորական լի՜ճ:
Մայրիկը լպստեց Չալիկի սև դունչը:
– Բոլոր լճերն էլ սովորական են, քանի դեռ շնիկները նրանց մեջ չեն գտել երկինքը:
Կարդացի առաջին երեքը:Հարգելի Երազիկ, շատ էի լսել Ձեր մասին, Ձեր գրած հեքիաթների մասի, բայց չէի կարդացել: Շատ պարզ ու մատչելի լեզվով բոլորիս տանում եք բարության, ազնվության աշխարհը:Հիացած եմ, ուրախ, որ Ձեր հեքիաթներում ոչ ոք իրար չի հոշոտում, ու բացակայում են կախարդները…Մեր երեխաներին այսպիսի պարզ պատմություններ են պետք:
Կարդացի 4 տարեկան եղբորս համար, չհավանեց: Մի տեսակ հնաբույր է: Ճիշտ է, փոքրիկների համար է ոճով 2-6 տարեկան, բայց ձանձրացավ: