Տիգրան Պասկեւիչյան | Պատմության հետ ճամփա մի՛ գնա կամ որոշ չափորոշիչներ

Լուսանկարը՝ Դիրկ Սկիբայի

Պատմության դասն ամենավերջին է։

Պատմությունը դիակապտություն է՝ առանց օգտակար գտածոների։

Մկները պատմություն չունեն, չհաշված՝ «Մկների ժողովը»։

Պատմությունը հոսանքին հակառակ ընթացքի շրջաբերումն է։

Պատմությունը հանգուցյալի հապճեպ կենսագրությունն է։

Պատմությունը ոչինչ տեղը չի դնում. դա թյուրըմբռնումների լեգիտիմացիան է։

Պատմությունից դուրս ամենայն ինչ արվեստ է։

Ով պատմություն չգիտի, անհաղորդ է պատմական հիմարությանը։

Պատմության ավիշը տաղտուկն է. ուրախ պատմություն չի լինում։

Աստված ամեն ինչ արարեց, բացի պատմությունից։

Պատմությունը պատ է, պատյան, պատրվակ, պատանք, պատրանք, պատառ, պատահար, պատատուկ…, բայց ոչ պատասխան։

Պատմության հերոսները դուբլյորներ են, երբեմն նաեւ՝ կասկադյորներ։

Պատմահայր դառնալու համար պարտադիր չէ ամուսնանալ պատմամոր հետ։

Պատմությունն անապատի գովազդն է։

Պատմության մեջ հետք թողնելու համար պետք էր ապրել Ռուսաստանում։

Պատմությունը հայրենասեր է, բառի բուն իմաստով՝ պատրիոտ։

Ձկների պատմությունը ջուրն է, ոչ լռությունը։

Պատմությունը թաքստոց համարողները երկու ոտքով են թակարդն ընկնում։

Որքան հզոր է մշակույթը, նույնքան աննշմար է պատմությունը։

Սարդոստայն. ինչ պակաս պատմություն է ո՜ր։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *