Երևակայել անգամ չէի կարող, որ Սարյանների տանը հաճախ այցելելու իրավունք և պատեհություն պիտի ունենամ։ Սակայն երբ պատրաստվում էի ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին, իմ ավագ ընկերներից մեկը, որը բավական տեղյակ էր երաժշտական կյանքի անցուդարձին, այդ թվում նաև երաժշտական մանկավարժությանը,այսպիսի խորհուրդ տվեց ինձ. «Պիտի ընտրես կամ Էդվարդ Միրզոյանին, կամ Ղազարոս Սարյանին»։ Եվ ներկայացրեց իր ընկալմամբ յուրաքանչյուրի մանկավարժական և մարդկային առանձնահատկությունները։ Ես ընտրեցի Ղազարոս Սարյանին։
… Ղազարոս Սարյանը Կոնսերվատորիայի ռեկտոր դարձավ 1960 թվականին։ Ռեկտոր լինելուց բացի, նաև վարում էր կոմպոզիցիայի դասարանը։ Նույն 1960 թվականին ես ընդունվեցի Կոնսերվատորիա և դիմում գրեցի առ այն, որ ուզում եմ սովորել իր դասարանում։ Արդեն հինգ տարի անց, երբ ավարտեցի Կոնսերվատորիան և պատրաստվում էի ասպիրանտուրա ընդունվել, իմ Սարյանը խորհուրդ տվեց ինձ, որ ասպիրանտական կուրսը սովորեմ Միրզոյանի դասարանում։ 1960 թվականի իմ որոշմանը հավատարիմ՝ ես լսեցի իմ նրա խորհուրդն ու հայտնեցի, որ ցանկությունս է իր մոտ շարունակել ուսումս։
Ուսումնառության հենց առաջին շրջանից եղավ այնպես, որ իմ Ղազարոս Սարյանը մի օր ինձ առաջարկեց, որ այդ օրն ինձ հետ տանը պարապի։ Գնացի Սարյանների տուն։ Հայտնվեցի Մարտիրոս Սարյանի առաջ։ Բացատրեցի, թե ո՞վ եմ, ինչո՞ւ եմ եկել։ Ասացի՝ ես Լազար Մարտիրոսովիչի ուսանողն եմ։ Վարպետը շատ զարմացավ, որ իր որդին՝ կոմպոզիտոր Սարյանը, արդեն ուսանող ունի… Քիչ հետո մոտեցավ ուսուցիչս, և մենք բարձրացանք երկրորդ հարկի իր աշխատասենյակը։ Առաջարկեց նստել մի փառավոր ռոյալի առջև ու ասաց՝ հիմա կգամ ու գնաց։
Նստել եմ դաշնամուրի առջև, մեկ էլ տեսնեմ ոտքերիս մոտ, ռոյալի տակ պառկած է հսկա մի շուն ու մերթ ընթ մերթ ծանր շնչում է։ Սսկվել էի։ Սպասում էի, թե ինչով է ավարտվելու այս հսկա կենդանու հետ իմ հանդիպումը։ Քիչ հետո, շան հանդեպ իմ վախը տեսնելով, ասաց՝ մի վախեցիր, Բեմբին շատ մարդկանցից շատ ավելի բարի է։
Այս եղավ իմ մուտքը Սարյանների տուն։
Այն տարիներին այդ տունը լեցո՛ւն, լեցուն էր։ Ահա տիկին Լուսիկը՝ Ղազարոս Աղայանի դուստրը, Մարտիրոս Սարյանի կինը, որ մի օր ասել էր. «Մարտիրոսը շատ քչախոս է։ Երիտասարդ ժամանակ առհասարակ չէր խոսում»։ Դիմացինը, առիթից օգտվելով, հարցրել էր. «Հապա Ձեզ ինչպե՞ս է սեր խոստովանել»։ Տիկին Լուսիկը ասել էր. «Նա ինձ ասաց՝ Լուսիկ, ես վաղուց եմ նկարում Ձեր աչքերը»:
Տան սյուներից էր նաև Վարպետի քույրը՝ տիկին Կատարինեն։ Ինչքան տիկին Լուսիկը բարձրաձայն, առողջ ձայն ու ծիծաղով տունը լցնող մեկն էր, նույնքան Վարպետի նման փոքրահասակ իր քույրը իր լռության մեջ ապրողն էր, խոսելիս էլ՝ ցածրաձայն…
Ի՜նչ երանելի ժամանակներ էին… ի՜նչ սիրելի դեմքեր։
Ղազարոս Սարյանը, անշուշտ, ինձ հետ պարապում էր Կոնսերվատորիայի մեր դասարանում, բայց ռեկտորի իր հոգսերը երբեմն ստիպում էին նրան ինձ տուն կանչել պարապելու։
Տարիներ տևող մեր շփումների ընթացքում ես ավելի ու ավելի խորը ճանաչեցի իմ ուսուցչին։ Ոչ միայն պաշտոնի բերումով ռեկտոր էր, այլև Կոնսերվատորիայի առանցքն էր նա ծառայողական կազմի, դասախոսների և ուսանողների համար։ Մեծ հեղինակություն էր բացարձապես բոլորի համար։ Վերին աստիճանի կազմակերպված, պարտաճանաչ, ամբողջ էությամբ Կոնսերվատորիային նվիրված էր ապրում։ Ոչ հաստ թղթապանակ-պայուսակը ձեռքին՝ ամեն առավոտ գալիս էր Կոնսերվատորիա։ Մեր դասերը լինում էին օրվա երկրորդ կեսին, հինգից հետո։ Մշտապես սթափ և օրվա ծրագիրը հստակ ձևակերպած ռեկտոր էր ամեն պահի և բոլորի համար։ Կոնսերվատորիայի բոլոր ուսանողներին մեկ առ մեկ գիտեր։ Հստակորեն տեղյակ էր նրանցից յուրաքանչյուրի հասունությանն ու ստեղծագործական աճին, գիտեր ումից ինչ ապագա պետք է սպասել։ Խոսելիս ամեն բառի արժեքը գիտեր, ասելիքը կշռադատված էր, զուսպ և ուղիղ։
Առիթ եմ ունեցել համոզվելու, որ առանձնահատուկ վերաբերմունք ուներ Ռոմանոս Մելիքյանի անվան և հիշատակի նկատմամբ։ Կարծես իր համար յուրօրինակ ուղենիշ էր Կոնսերվատորիան հիմնադրած Ռոմանոս Մելիքյանն իր աշխատանքային փորձով, այս հաստատության կայացմանը բերած իր հսկայական ներդրումով, մանկավարժական սկզբունքներով, նվիրումով։ Անշուշտ, Ղազարոս Սարյանը պատանեկության տարիներին առիթ էր ունեցել շփվելու Ռոմանոս Մելիքյանի հետ. տեսեք, ի՛նչ գեղեցիկ պատմություն է մնացել հեռավոր այդ օրերից, Ռոմանոս Մելիքյան-Սարյան տան հարաբերություններից։
Օրեցօր ոտքի է կանգնում Կոնսերվատորիան, դասարանները համալրվում են աթոռ-սեղաններով, այստեղից-այնտեղից երաժշտական գործիքներ են հավաքվում, և ահա անհրաժեշտ է նոտային հնգագիծ ունեցող գրատախտակ բերել դասարան։ Ինչպե՞ս անել։ Ռոմանոս Մելիքյանը ապագա Կոնսերվատորիայի գրատախտակը բերում է Վարպետի տուն։ Գրատախտակի մի կողմում սպիտակ կավիճով պատված թելը ձեռքին կանգնում է Լուսիկ Սարյանը, մյուս կողմում՝ Ռոմանոս Մելիքյանը, և կավճի թողած հորիզոնական հետագծի վրայով գրատախտակի վրա երաժշտական հնգագիծն է գծում Վարպետը։ Ի՛նչ գեղեցիկ հուշ է… Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա, և առաջին գրատախտակի նոտային հնգագծի «հեղինակը» Մարտիրոս Սարյանն է։ Ուրեմն, Ղազարոս Սարյանը, այսքան մոտիկից գիտեր Ռոմանոս Մելիքյանին։
Քանիցս տեսել եմ նրան՝ Ռոմանոս Մելիքյանի այրուն Կոնսերվատորիայի իր աշխատասենյակում ընդունելիս։ Չգիտեմ տիկինը ինչո՞ւ էր այցելում Ղազարոս Սարյանին, և ի՞նչ հարցեր էին քննարկում, բայց հստակ գիտեմ, որ այդ այցելություններն Սարյանին առավելաբար դառնություն էին պատճառում։
Կոնսերվատորիայում տիրող ուսումնական, ստեղծագործական աշխույժ մթնոլորտին զուգահեռ՝ այդ տարիներին անպակաս էր նաև ուսանողության շփումը արվեստի մեծ գործիչների, նշանավոր երաժիշտների հետ։ Այն տարիներին, հիշում եմ, ուսանողության հետ հանդիպման եկած աշխարհահռչակ Լուսին Ամարային, Լիլի Չուգասզյանին, Նատալյա Գուտմանին, Սերգեյ Փարաջանովին… Հայաստանում արդիական երաժշտության զարգացման միտումներին մեծապես նպաստեց ուսանողությանը կարդացած՝ Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր երաժշտագետ Միխայիլ Սիմյոնովիչ Դրուսկինը իր դասախոսությունների շարքով։ Այդ տարիներին Կոնսերվատորիայի հրավերով նաև Երևան եկավ Նոր վիեննական դպրոցի մեծ գիտակ, ավանգարդ երաժշտությանը հարող խորհրդային երիտասարդ կոմպոզիտորների շրջանում մեծ հեղինակություն վայելող Ֆիլիպ Մոիսեյևիչ Գերշկովիչը։ Խոստովանեմ, որ այս երկու մեծանուն երաժիշտներին Երևան հրավիրելու ուսանողներիս մեծ պահանջը ես ներկայացրի մեր ռեկտորին… Ինչպիսի պատրաստակամությամբ էր Սարյանն արձագանքում մեր այս տեսակի խնդրանքներին։ Այս անունները վաթսունականների խորհրդային երաժշտագիտության մեջ հանդուրժելի, բայց բոլորովին էլ ոչ խրախուսվող անուններից էին… Այս մարդկանց Երևան հրավիրելով` նա անշուշտ լուրջ ռիսկի էր դիմում։ Իհարկե, նա լավ գիտեր խորհրդային գաղափարախոսության, գեղագիտության բոլոր պահանջները, մանավանդ և դրանց շուրջ գոյացած մարդկային հարաբերությունները։ Չէ՞ որ սարյանական տան միջով են անցել դրանց բերած «բարիքները»։ Չէ՞ որ մինչև հիմա կա Վարպետի այն կտավը, որ Մարտիրոս Սարյանը, հուզմունքի և ծայրահեղ նյարդային վիճակների օրերին մի օր կտրատել էր իր «Եգիպտական դիմակներ» մեծադիր նատյուրմորտը… և հետո, այդ կտավի մասերը նորից փակցվել էին իրար: Մինչև վերջերս այդ հրաշալի ստեղծագործությունը կրում էր իր վրա ճակատագրի խորը սպիերը` այդ օրերի կենդանի վկայությունները: Հիմա կտավը վերականգնված է:
Իմ ուսուցչի՝ ուսանողության շրջանում նորը քաջալերելու մղումը, անշուշտ, գալիս էր իր տնից։ Միայն թե այս կարգի ծրագրեր իրականացնելիս նա չափազանց զուսպ էր և աշխատում էր, որ դրանք առանց ավելորդ աղմուկի ծառայեն իրենց բուն նպատակին՝ օգտակար լինեն ուսանողությանը, նաև դասախոսական կազմին։ Հայտնի է, որ իր սերնդակից կոմպոզիտորներից միակն էր, որ երկրորդ համաշխարհայինի բոլոր տարիներին եղել էր խորհրդային բանակի ռազմաճակատում ծառայող զինվոր։ Ուրեմն, իր վարքագծի մեջ ռեկտորության տարիներին ընդգծվում էին ոչ միայն սարյանական տան բարձր հղկվածության շունչն ու ոգին, այլ նաև զինվորի բարձր կարգապահությունը, իր գործին անմնացորդ նվիրվելը։ Պատահել է, որ դեմ դիմաց նստել ենք որևէ հարց քննարկելու, այդ պահին ձեռքիս մեջ տարերայնորեն մատիտն եմ պտտացրել, կամ թղթին որևէ նպատակի չծառայող գծեր եմ խզբզել։ Առանց զրույցն ընդհատելու, աննկատ շարժումով Սարյանը մատիտը ձեռքիցս վերցրել ու դրել է մի կողմ։ Այդ «դասը» ես, անշուշտ, յուրացրել եմ… ավելորդ շարժումների, տարերայնորեն ծախսվելու նկատմամբ աշխատում եմ ուշադիր լինել։
Երբեմն հպարտության զգացում եմ ապրում, երբ անդրադառնում եմ, որ իբրև ուսանող Շոստակովիչի «թոռն» եմ։ Քանի որ ես Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարանի առաջին սանն եմ, ուրեմն Շոստակովիչի անդրանիկ «թոռն» եմ։ Չէ՞ որ Ղազարոս Սարյանը հենց Շոստակովիչի մոտ է սովորել պատերազմից հետո։ Այդ տարիներից երկու դրվագ միայն պիտի հիշեմ։ Մեկն այն է, որ մի օր իմ ուսուցչի նոտաների գրադարակում տեսա Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» բալետից դաշնամուրային փոխադրության նոտային մի օրինակը, որ անցել էր մոսկովյան բուկինիստական խանութի միջով։ Նոտաների անվանաթերթին Շոստակովիչի մակագրությունը կար, գրել էր. «Д. Шостакович»։ Ուրեմն, Շոստակովիչը դեռ այն տարիներին է ուշադիր եղել Ստրավինսկու նկատմամբ։ Այդ նոտաները խնդրեցի։ Սիրով ինձ տրամադրեց։ Շատ եմ ցավում, որ դրանք հիմա իմ տանը չեն։ Տվել եմ ինչ-որ մեկին, ու ետ չեն եկել… Միայն հույս ունեմ, որ այդ նոտաները այսօր էլ Երևանում են։ Երկրորդ պատմությունը հետևյալն է։ Լազար Մարտիրոսովիչը Շոստակովիչի մոտ սովորել է այն տարիներին, երբ մեծանուն կոմպոզիտորն իր Ջութակի առաջին կոնցերտն էր գրում։ Տարբեր տարիների, երբ խոսք էր բացվում այդ կոնցերտի մասին, Սարյանը հիշում էր իր անհամաձայնությունը Պասակալիայի գործիքավորման թանձրության հետ. այս մասի սկիզբն ազդարարող չորս վալտորնաների մենանվագը համարում էր անհարկի բարձրագոչ ու ծանր՝ սրան շրջապատող նվագախմբային մյուս գործիքների հարաբերությամբ։ Եվ նվագախմբային հնչողության բոլոր հարթություններին ու նրբերանգներին քաջապես տիրապետող իմ ուսուցիչը իր այս անհամաձայնությունը հայտնել էր Շոստակովիչին։ Հիշում էր այս դրվագն ու պատմում։
Իրեն տարեկից գործընկերների շրջանում ընդունված հեղինակություն էր ոչ միայն արվեստի, այլ նաև մտքի բնագավառի տարբեր տիրույթների հետ կապված։ Չեմ հիշում, որ գեղանկարչության վերաբերյալ իր հետ հատուկ զրույցներ ունեցած լինեմ, բայց անառարկելիորեն գիտեի, որ նկարչությունը գիտի ամբողջ խորքով։ Մարտիրոս Սարյանի մոսկովյան ցուցահանդեսի այցելուների մի քանի գրառումներ էր հիշում։ Հիացած էր երկու այցելուների՝ մատյանում կատարած արձանագրություններով։ Նրանցից մեկը այսպիսի գրառում էր արել. «Իմ երեխան էլ կարող է այդպես նկարել»։ Մյուսը սրա տակ գրել էր. «Ուրեմն, Ձեր երեխան հանճար է»։ Այս պատմությունն Սարյանը պատմում էր հումորի երանգով ու իր հանճարեղ հոր զավակը լինելու զուսպ ու արժանապատիվ հպարտությամբ։ Գիտեր Վարպետի յուրաքանչյուր վրձնահարվածի տարողությունն ու ուժը, ինքնակա արժեքը, ճշգրտությունը, վրձնահարվածից մինչև ընդհանուր կոմպոզիցիան, բոլոր շերտերով գիտեր գնահատել, արժեվորել։ Համաշխարհային գեղանկարչական արվեստը հրաշալի գիտեր։ Նրա երաժշտության մեջ պատկերը և պատկերավորությունը ներկա են եղել միշտ։ Իր պարտիտուրների մեջ հնչող թանձրաբույլ հնչողությունների շեշտադրությունները Վարպետի՝ վերևից ներքև կտավին իջնող վրձնահարվածների հատու ու հանկարծահաս նկարագիրն ունեն կարծես։ Նկարչության հետ ունեցած իր կապը նկատելի է արդեն իր գործերի խորագրերից՝ «Սիմֆոնիկ պատկերներ», «Հայաստան» սիմֆոնիկ պաննո…
«Հնչյուններով նկարելու» դասական արվեստը զարգացման երկար ճանապարհ է անցել։ Քրիստոնեական սյուժեների հետ կապված ի՜նչ փառավոր երաժշտական «կտավներ» է թողել Բախը… Հապա ֆրանսիացիների ստեղծած ժանրային երաժշտական պատկերները… Հայաստանը ներկայացնող բնություն թե աշխատանքային տեսարաններ, մարդային հոգեբանություն պատկերող ինչպիսի՜ շքեղ հնչյունային բնապատկերներ է ներկայացրել Կոմիտասը իր խմբերգերում… Ղազարոս Սարյանի երաժշտության մեջ հնչյունային գունամտածողությունը և պատկերավորությունն իր հիմքում ունի ոչ միայն սարյանական տան խորհուրդը, այլև դասական երաժշտության այս սկզբունքների վրա գոյացած ավանդույթները։
Հաճախ զարմանում էի, որ իր հսկայական հոգսերով ապրելուց բացի` Ղազարոս Սարյանը ընթերցելու ժամանակ էր գտնում։ Լավ գիտեր համաշխարհային դասական գրականությունը, հաճախ էր խոսում Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հանդեպ իր ունեցած հիացմունքի մասին։ Արդիական գրականության հեղինակների մեջ առանձնացնում էր Դյուրենմաթին։ Հարկ է նկատի ունենալ, որ սարյանական տանը գրականությունը նույնպես հիմնավոր տեղ էր զբաղեցնում։ Չէ՞ որ Ղազարոս Սարյանի մեծ եղբայրը՝ Սարգիս Սարյանը, հմուտ գրականագետ էր։ Իմ ուսուցիչն իր ընկերների միջավայրում հեղինակություն էր վայելում իբրև առավել գիտակ և ինտելեկտուալ հարցերին տեղյակ անձնավորություն։ Հիշում եմ՝ Լեհաստանում էինք։ Հայ կոմպոզիտորների մի մեծ խմբով։ Երեկոյան հյուրանոցի սրահում հավաքվել էին մերոնք, և ահա Առնո Բաբաջանյանն ասում է. «Այսօր մի երիտասարդ լեհուհու հետ եմ ծանոթացել, որն ասում էր՝ ես էկզիստենցիալիստ եմ։ Զարի՛կ (այդպես էին Ղազարոս Սարյանին անվանում մտերիմները), վաղը հետը հանդիպելու եմ, ինձ բացատրիր՝ ի՞նչ է էկզիստենցիալիզմը»։ Սարյանն ասաց. «Դա երկու բառով բացատրելու բան չի»։ Իսկ Բաբաջանյանը նորից է խնդրում. «Բացատրի՛ր, հասկանամ»։ Սարյանը դարձյալ հրաժարվում է։ Բաբաջանյանը համբերությունը հատած բացականչեց. «Բոլոր էդ տեսակի բաները ես լավ գիտեմ, միայն ինձ ասա էկզիստենցիալիզմը դրանցից որ մեկն է»։
Քանի որ ճամփորդություններից խոսեցինք, ասեմ նաև, որ մի անգամ կոմպոզիտորների մեծ խմբով մեկնեցինք Մոսկվա՝ համագումարի մասնակցելու։ Համերգներից մեկի ընդմիջման պահին ճեմասրահում Սարյանը մոտեցավ ինձ ու ասաց. «Գնանք, քեզ Արամ Խաչատրյանին ներկայացնեմ»։ Մոտեցանք քիչ հեռու միայնակ կանգնած Արամ Խաչատրյանին։ «Ուզում եմ քեզ ներկայացնել իմ ուսանողին»,- Խաչատրյանին դիմելով՝ ասաց Ղազարոս Սարյանը։ Արամ Խաչատրյանը հարցրեց. «Ի՞նչ է Ձեր անուն-ազգանունը»։ Ասացի՝ Տիգրան Մանսուրյան։ Արամ Խաչատրյանը երկու թևերը բացեց ու հիացմունքով ասաց. «Ինչպիսի գեղեցիկ հայտագիր կլինի այս անուն-ազգանունով»։ Ես զարմացած էի՝ առանց իմ զարմանքը ցույց տալու։ Սա եղավ Արամ Խաչատրյանի հետ իմ առաջին շփումը։
1961 թվականին մահացավ հայրս։ Մեր տան առաջին կորուստն էր դա, և ես շատ ծանր ապրեցի։ Իմ ուսուցիչն այդ ծանր օրը մեր տուն եկավ իր ընկերոջ՝ Էդվարդ Միրզոյանի հետ։ Միրզոյանի այդ օրվա խոսքը մինչև այսօր ականջիս մեջ է՝ «Այս եղելությանը փիլիսոփայորեն պետք է մոտենալ»։ Մինչև այսօր էլ չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփայորեն մոտենալ… բայց բառերն, իրոք, ազդեցիկ էին։ Վեհություն ներշնչող մի ուժ էին կարծես իրենց մեջ պարունակում։ Այդ խոսքերն ինձ վրա խոր տպավորություն գործեցին։ Հիշում եմ այն օրը, երբ ծանր սգո միջից դուրս գալով՝ մի օր հայտնվեցի Կոնսերվատորիայում. առավոտ էր, և միջանցքում հանդիպեցի նրան, որ նոր էր աշխատանքի գալիս։ Կանգնեցինք ու քիչ զրուցեցինք։ Այդ պահին հստակորեն ու շատ կենդանի զգացի, որ հակառակ տարիքային իր առավելությանը, իմ կենսափորձով ես ավելին եմ, քանի որ իր հայրը կար, և ինքը իր հոր կողքին էր։ Այս զգացողությունը, ըստ երևույթին, խորապես եմ ապրել, քանի որ մինչև այսօր էլ երբեմն-երբեմն այն վերհիշում եմ։
Շատ չանցած Սարյանների տանը մեծ կորուստ եղավ։ Ամառային այն կիրակի առավոտը կրտսեր Սարյանն իր մեծ եղբորը՝ Սարգիս Սարյանին ասել էր. «Գնանք Սեւան, քիչ կհովանանք ու հետ կգանք»։ Իրենց հետ ձմերուկ էին տարել։ Օրվա երկրորդ կեսին բոթը հասավ քաղաք. Ղազարոս Սարյանի մեքենան վթարի է ենթարկվել, Սարգիս Սարյանը մահացել է։ Վթարի մասին երբ հայտնել էին Վարպետին, և երբ նա իմացել էր, որ Ղազարոսին լուրջ բան չէր պատահել, փառք էր տվել Աստծուն, որ գոնե որդիներից մեկը ողջ էր մնացել։ Ավելի վեհ ու հանդիսավոր թաղում չեմ տեսել։ Գերեզմանատանը հսկայական բազմություն կար։ Հողաթմբին դրված էր աճյունը։ Ալեհեր Վարպետն ու իր նույնքան ալեհեր տիկինը քիչ հեռու երկու աթոռակի վրա նստած էին իրար կողք։ Իրենց առջև բաց միջանցք էր դեպի գերեզմանը։ Լուռ ու անշարժ նստած էին Վարպետն ու տիկինը։ Միայն աչքերով հետևում էին թաղման արարողությանը և ընթացքին։ Չեղավ որևէ բարձրագոչ ձայն, որևէ անզուսպ պոռթկում… Առ այսօր աչքիս առաջ է այդ պատկերը՝ շիրմաթմբի շուրջ հավաքված հսկայական բազմություն, քիչ հեռու նստած երկու ալեհեր սգավորներ՝ լուռ ու մունջ։ Այդ օրը թաղումից հետո Սարյանների տան ամենամտերիմների շարքում մասնակից եղա սգո սեղանի արարողությանը։
Տարիների հետ Սարյանների տանը էլի կորուստներ եղան։ Սակայն Լազար Մարտիրոսովիչի համար թերևս ամենածանրը իր դստեր անժամանակ մահն էր։ Երբ իրեն մոտեցա, գլուխը բարձրացրեց, այլայլված դեմքով, լացակումած ասաց. «Անտանելի է, Տիգրան… չեմ կարողանում…»։ Իմ ուսուցչին այդպես փլված երբեք չէի տեսել…
Հազվադեպ է եղել, որ նրան դիմեմ անձնական խնդրանքով։ Նախ՝ ինքն այնքան ուշադիր ու հասնող էր, որ առանց ասելու էլ իմ հոգսերին տեղյակ էր։ Ու եղել է նաև, որ ինձ և իմ ընտանիքին մեծապես օգնել է։ Եղբայրս՝ Մհերը, վերադարձավ խորհրդային բանակից։ Ռուսաստանի հյուսիսներում, Լենա գետի ափին էր եղել իրենց զորամասը։ Բանակում ծառայելու ժամանակ հայտնաբերել էր իր մեջ նկարելու մոլուցք։ Բանակից եկավ ու ինձ հարցրեց. «Մեր տան մեծերի մեջ գեղանկարչությանը տրված մեկը եղե՞լ է»։ Հասկացա, որ սովորելու ցանկությունը մեծ է։ Դիմեցի Սարյանին խնդրանքով, որ հնարավոր միջոցներով օգնի եղբորս ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Եղբայրս ընդունվեց սովորելու այդ բուհը՝ չունենալով անհրաժեշտ սիստեմատիկ կրթությունը։ Եղբորս յուրաքանչյուր ցուցահանդեսի բացմանը մտքումս շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցչին։
… Կինոռեժիսոր Արման Մանարյանը որոշել էր նկարահանել Չուխաջյանի «Կարինե» օպերան։ Իր ցանկությունն էր, որ Չուխաջյանի պարտիտուրը վերագործիքավորվի, և քանի որ կինոռեժիսորություն սովորելուց բացի նաև Կոնսերվատորիայում էր կրթություն ստացել, գիտեր, որ մեզանում այդ աշխատանքը լավագույնս կարող է իրականացնել Ղազարոս Սարյանը։ Վերջինս էլ մտածել է, որ այս աշխատանքն իրականացնելը բոլոր դեպքերում օգտակար է՝ անկախ նրանից, որ դա միայն ֆիլմի ստեղծմանը պիտի ծառայի։ Իր ցանկությունն էր առհասարակ այդ ստեղծագործությունը վերագործիքավորել՝ ի նվեր ոչ միայն Չուխաջյանին, այլև հայ օպերային արվեստին առհասարակ։ Մանարյանի խնդրանքին արդեն ընդառաջել էր, և այդ օրն ինձ ասաց. «Ուսումնառությանդ հինգ տարիներին մենք միայն կոմպոզիցիայով զբաղվեցինք (իրոք որ այդ դասերին ես ներկայացնելու մշտական նյութ ունեի)։ Մենք այդպես էլ «Գործիքավորում» առարկան չանցանք քեզ հետ։ Հիմա բաց թողածը լրացնելու հրաշալի հնարավորություն ունենք։ Մենք երկուսով կգործիքավորենք Չուխաջյանի «Կարինեն», դու կստանաս իմ հանձնարարությունները, իմ ուղղորդումները։ Կարճ ասած՝ գործիքավորման բաց թողած դասերը կլրացնենք այս ձևով»։ Ես սիրով համաձայնեցի։ Բացատրեց գործիքավորման սկզբունքները, ու ես հատված առ հատված իմ բաժին մասերը գործիքավորում-ներկայացնում էի իրեն։ Ինքն անում էր պահանջված ուղղումները, հետն էլ բացատրում, թե ինչո՞ւ է այս կամ այն ուղղումն անհրաժեշտ կամ գերադասելի։ Մի խոսքով՝ գործիքավորման հրաշալի մի դասընթաց յուրացրի իր ղեկավարությամբ։ Անչափ գոհ էի ուսումնառության իմ բաց թողածը լրացնելու առթիվ, նաև այսպիսի մի կարևոր գործի իրականացմանը իմ ուսուցչի կողքին, նրա «աշակերտը» լինելու։ Գործն ավարտվեց, ֆիլմը նկարահանվեց, և, ահա մի օր, ես Սարյանների տանն եմ, և ով զարմանք, իմ ուսուցիչն ինձ է մեկնում մի մեծ գումար՝ բացատրելով, որ սա ֆիլմի համար մեր կատարած աշխատանքի հոնորարն է, ավելի ճիշտ՝ դրա ուղիղ կեսը, որ ինձ է պատկանում։ Ապշած էի։ Ոչ մի կերպ չկարողացա հրաժարվել առաջարկված գումարից։ Պարզվեց, երբ աշխատանքի մեջ էինք, ինքը վարպետն էր, և ես՝ աշակերտը, իսկ վարձատրվելիս մենք հավասար ենք… Այսպիսին էր նա։
Դեռ ուսանող՝ իմ դասարանական աշխատանքներից մի քանիսը տպագրվեցին։ Առաջին կուրսում գրել էի Սկերցո ջութակի և դաշնամուրի համար։ Այն տարիներին Երևանի ռադիոյով հայ կոմպոզիտորների հատկապես ջութակի և դաշնամուրի համար գրված սկերցոների մի շարան էր հնչում։ Կոնսերվատորիայի պրոֆեսորներից մեկի կազմած ժողովածուում այն տեղ գտավ ու տպագրվեց։ Երրորդ կուրսի ուսանող էի, մի Սոնատին էի գրել դաշնամուրի համար։ Սա էլ հրատարակվեց՝ առանձին։ Կապույտ կազմով բարալիկ այդ գործը առաջին անգամ հրատարակված երիտասարդ հեղինակի իմ մեծագույն ուրախությունն էր։ Սոնատինը մեր երաժշտական դպրոցների գրադարաններ ու ուսումնական ծրագիր մտավ ու մեծ տարածում գտավ երաժշտական դպրոցական շրջանակներում։ Այդ տարիներին գրած իմ գործերից էլի մի քանիսը տպագրվեցին։ Եվ այս բոլոր հրատարակություններն, անշուշտ, իրականացվում էին իմ ուսուցչի լուռ ու աննկատ նախաձեռնությամբ և առաջարկով։ Անհնար է առանց հուզումի հիշել հեռավոր անցյալի այս նվերները, որ ստացել եմ շնորհիվ Ղազարոս Սարյանի։
Մանկավարժ էր էությամբ։ Երբ իր համար նվագում էի դասին ներկայացվող իմ գործը, լսում էր մեծ ուշադրությամբ։ Երբեմն խնդրում էր, որ նորից նվագեմ։ Գործի հետ կապված քննարկումը լինում էր կարճ, գործնական։ Պատահել է, որ դժգոհել եմ իմ գործից, դրա բերած դժվարություններից։ «Տե՛ս,- ասում էր,- նախորդ գործը դու ես գրել, ուրեմն սա՛ էլ կարող ես գրել»։ Իր այս նկատառումը այնքան օգնող դեր էր ունենում։ Հիմա էլ՝ տասնամյակներ անց, երբ այսօրվա գործիս մեջ եմ դժվարությունների հանդիպում, հիշում եմ իր այս արտահայտությունը։ Հազվադեպ է պատահել, որ նոր գրվող գործի տեքստը փոփոխելու որևէ առաջարկություն անի։ Անշուշտ, սիրով ընդունել եմ իր առաջարկությունները։ Այդ գործերից մի քանիսը առ այսօր էլ կատարվում են։ Ու ես հիմա էլ գիտեմ տվյալ գործի մեջ եղած այն փոքրիկ խմբագրումները, որոնք իր առաջարկով եմ արել։ Սակայն առանձին դեպքերին ծառայեցնելուց բացի, աշխատել եմ հարկ եղած դեպքում իր առաջարկածը կիրառել այլևս իբրև իմ յուրացրածը, իմ փորձը։ Մեծ մասամբ այդ փոքրիկ խմբագրումները ծառայել են նոտային տեքստի այդ հատվածին առավել կիրթ ձևակերպում հաղորդելուն։ Հիմա լավ գիտեմ, որ այդ ձևակերպումների կիրթ բնույթի շնորհիվ է երբեմն երաժշտությունը ոչ միայն առավել բնական արտահայտություն ստանում, այլ նաև դրանցով հարստանում։
Այնպիսի կենտրոնացումով և ուշադրությամբ էր լսում գործը, կարծես ամբողջովին մտնում էր այդ երաժշտության խորքերը, յուրովի մասնակից դառնում ստեղծագործական աշխատանքի իմ հոգսերին։ Այդ պահերին մենք այնքա՜ն գեղեցիկ եռյակ էինք,մեր մեջտեղում նոր ծնվող իմ գործն էր, կողքերին՝ հարցականներով ու ստեղծագործական մտքի պրպտումներով լեցուն մենք երկուսս, մեկը՝ ուսուցչի դերում, մյուսը՝ աշակերտի։
Աստվա՛ծ իմ, ի՜նչ հոգածությամբ ու լրջությամբ էր հետևում յուրաքանչյուր նոր գրվող իմ գործին… Երբեմն, մի քանի անգամ իմ գործը նվագելուցս հետո խնդրում էր, որ լռեմ ու չնվագեմ, իսկ ինքը հանգիստ վերցնում էր նոտաները, աչքերով հետևում երաժշտության շարժումի ընթացքին, այս անգամ՝ իր ներքին լսողությամբ։ Այսօր էլ, երբ աշխատանքի ընթացքում երաժշտության շարժումը ստուգելու համար նոտաները վերցնում եմ ձեռքս և լռության մեջ ներքին լսողությամբ եմ ստուգում գրածս, հիշում եմ նրան։
Իր դասարանն ավարտելուց տարիներ հետո պատահել է, որ այցելեմ իրեն՝ կոմպոզիցիայի դասի ժամին։ Նկատում էի, որ իր դասարանում սովորող ուսանողների թիվը անհամեմատ ավելի մեծ է, քան այն տարիներին, երբ ես էի իր մոտ սովորում։ Նկատում էի նաև ստեղծագործական խանդավառության այն նույն մթնոլորտը, որ գոյություն ուներ իմ ուսանելու տարիներին։ Հիմա էլ Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարանն ավարտած իմ երիտասարդ գործընկերների նկատմամբ հատուկ՝ հարազատի զգացում ունեմ։
Մեծ էր Ղազարոս Սարյանի դերը ոչ միայն իբրև կոմպոզիցիայի ուսուցչի։ Բավական է ներկա լինես ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որպեսզի վստահորեն ասես՝ նվագախմբի երաժիշտներից յուրաքանչյուրի կենսագրության մեջ և պրոֆեսիոնալ երաժշտի կայացման ճանապարհին Ղազարոս Սարյանը այս կամ այն չափով իր նշանակալի դերն է ունեցել։
Ղազարոս Սարյանն, իրոք, մեր երաժշտական կյանքում անգնահատելի և մեծ ավանդ է ներդրել։
Հիմա երբ մտովի վերադառնում եմ Ղազարոս Սարյանին ուսանելու իմ տարիներին,Վարպետի՝ Մարտիրոս Սարյանի մեծ ընտանիքի առանձնահատուկ ոգեղենությամբ շնչող հարուստ տունը այցելելու իմ տարիներին, առավել հստակ ու ավելի խորքով եմ հայտնաբերում այն հարստությունը, որի հետ ապրեցի տարիներով և որի միջով անցա։