«Հողը, ահա թե ես ինչ կասեմ, հողն է կարևոր, ով ապրում է իր հողում, նա է տվյալ ազգության բուն ներկայացուցիչը: Որքան էլ օտար քամիներ փչեն, բան դուրս չի գա, հողը կպահի, հողը ուժեղ է…»
1. 2007 թվին հիմնադրել ու խմբագրում եք Գրական Կամուրջ կայքը, հիմնական նպատակը կարծես գրական կամուրջ ստեղծե՞լն է Հայաստանի և Սփյուռքի հեղինակների միջև:
Գրական կամուրջը հիմնադրել ենք իրանահայ բանաստեղծ Վահե Արմենի ու գրականագետ Դվին Գալստյանի հետ միասին՝ իմ նախաձեռնությամբ: Դա սկզբում միտված էր հայ և պարսիկ ժամանակակից հեղինակների մերձեցմանը, բայց երկու տարի անց, պարսկերեն բաժնի դադարեցումից հետո մնացի մենակ ու կայքը ինքնաբերաբար կամուրջ դարձավ հայրենիքի ու Սփյուռքի հեղինակների միջև: Ներկայիս, ինձ հետ համագործակցում են արձակագիր Սիրանույշ Օհանյանը Հայաստանից, հալեպահայ բանաստեղծ ու գրականագետ Մարուշ Երամյանը Սիրիայից ու գրականագետ Գիսանե Հովսեփյանը Վրաստանից:
2. Իրանահայ նոր գրականության մասին ի՞ նչ կասեք:
Վերջին տարիներին շատ եմ բացակայել Իրանից ու մասամբ անհաղորդակից եմ իրանահայ նոր գրականության կյանքին: Այնուամենայնիվ, հանդգնում եմ նշել, որ իրանահայ համայնքի փոքրացման արդյունքում բնականաբար տուժել է նաև գրականությունը, չկա նախկին աշխուժությունը: Ըստ-իս, ավելի ակտիվ է մամուլը: Ընդհանուր առմամբ թույլ է հայերենի իմացությունը, ակնհայտ է պարսկերենի ու պարսիկ հարուստ գրականության ազդեցությունը, որն ի դեպ յուրահատուկ երանգ է պարգևում իրանահայ գրականությանը: Հուսադրիչ երևույթ կարելի է համարել մի շարք երիտասարդ գրողների հայտնությունը, սակայն չի նկատվում գրական որևէ նոր տեղաշարժ: Ցավոք սրտի իրանահայ գրական շրջանակներում առկա է հայկական բոլոր համայնքներին բնորոշ անմիաբանության ոգին, որն անհերքելիորեն եղել ու մնում է խանգարիչ գործոն: Ինչևէ, արժանին պիտի հատուցել բոլոր նրանց, լինեն գրողներ, մամուլի մարդիկ և հրատարակչություններ, ովքեր, այսօր, դժվարին պայմաններում պայքարում են հայ գիր ու գրականության պահպանման ու գոյատևման համար:
3. Սփյուռքահայի կյանքը իր բոլոր դրսևորումներով. հիմնական ձեր ստեղծագործություններում առկա թեման:
Ժամանակակից սփյուռքահայ մարդու կերպարն այսօր ինչպիսի՞ն է:
Ես Սփյուռքը բաժանում եմ երկու մասի՝ հին և նոր: Հինը խոր արմատներ ունի, նորը կազմավորման փուլում է: Հին սփյուռքահայ մարդու կերպարը անմիջականորեն կապվում է իր ապրած երկրի մշակութային, հասարակական ու կլիմայական տվյալներին, ա հոդակապով այլասերված հայ է, ինչքան էլ պահած լինի հայի ոգին, այլասերված է նույնիսկ ֆիզիոլոգիական առումով: Այս թեմայով մի հոդված ունեմ «Հայի տեսակները» խորագրով: Չեմ կարծում, թե շատ է փոխվել հին սփյուռքահայի ազգային նկարագիրը, ինչը չի կարելի ասել նոր սերնդի դեպքում: Հին Սփյուռքի նոր սերունդը, ցավոք, ավելի արագ է հեռանում իր արմատներից ու վերցնում տվյալ երկրի հատկանիշները. դա կարելի է բացատրել նաև հաղորդակցական արդի տեխնոլոգիաների ազդեցությամբ և այն փաստով, որ ներկա մեկ տարին հավասար է անցնող դարի տաս տարվա հետ: Այլ խոսքով՝ արագացել է ձուլման տեմբը: Իսկ Սփյուռքի ամենամեծ թշնամին ժամանակն է…
Գալով նոր սփյուռքահայի կերպարին, դժվարանում եմ կարծիք հայտնել: Ես ուղղակի խղճում եմ Հայաստանից արտագաղթող հայերի զավակներին, որ մի օր կլինեն ինձ նման սփյուռքահայ, փոքրամասնություն. չգիտես, թե ում «մեղքով» ես աչք բացել օտար հողում: Եվ այսպես, գիտակցական տարիքին հասնելուն պես նրանք կանդրադառնան, որ չեն ապրում իրենց մռութին ու էությանը համապատասխանող մի երկրում, որ ոչ այս են, ոչ այն, և դա մինչև կյանքի վերջը, թեկուզ գնան այն երկիրը որտեղից եկել են, մեկ է նրանց չի լքելու «երկկենցաղության», խտրականության, խորթության մղձավանջը, որը միշտ նրանց հետ է: Ճեղքվածք է առաջանում անհատի ոչ միայն ազգային գիտակցության, այլև հոգեկան աշխարհում: Նրանց ասելու են «Դու հայ ես», բայց հայկական կամ հայերեն շատ քիչ բան են տեսնելու իրենց շրջապատող աշխարհում՝ կանգնելով հոգեկան կեղեքիչ պարադոքսի առջև:
4. Վերջերս , առաջիկայում կայանալիք Հայաստան-Սփյուռք վեհաժողովի հետ կապված դուք առաջարկ եք ներկայացրել. Առաջարկել եք, որ Սփյուռքի կողմը արծարծի՝ հայկական հեռուստատեսություններից ռուսերեն հաղորդումները և ֆիլմերը վերացնելու հարցը: «Նախ, որ սփյուռքահայերից շատերը ոչինչ չեն հասկանում: Երկրորդ դա պատիվ չի բերում «հայկական» հորջորջվող հեռուստաընկերություններին իրենց հաղորդումների պատկառելի մասը հատկացնել օտարալեզու հաղորդումներին: Երրորդ, և որ կարևորն է, նման հաղորդումները ջլատում են նոր սերնդի սերը հանդեպ մայրենի լեզուն, որի արդյունքում տուժում է նաև ազգայինը»: Արձագանքներն ինչպիսի՞ն էին:
«Ձայն բարբառոյ յանապատի»… բացարձակապես ոչ մի արձագանք: Եթե շատ խոսես, կասեն վերցրու «պույլտը», փոխիր ալիքը: Բայց ախր բոլոր ալիքներն էլ ռուսերեն են, էլի Հ1-ում գերակշռողը հայերենն է:
Դրանից ավելի, ես սրտնեղվում եմ ռուսերենի «հաստատակամ» ներկայությունից՝ որպես միջնորդ լեզու հայերենի մեջ: ՀՀ-ի հավաքականի պաշտպան Հայրապետյանը գրվում է Այրապետյան, ինչ է ռուսները չունեն Հ տառը: Մեջքին գրված էր Ayrapetyan: Երբ տեսա, ինձ վատ զգացի: Միթե դժվար է գրել Hayrapetiayan: Իսկ անգլերեն բառերի արտասանությունը կրում է զավեշտական բնույթ, Քեչափը (ketchup) գրվում և արտասանվում է «Կետչուպ»: Եթե հավակնում ենք, որ հասել ենք անկախության, ապա առաջին հերթին պիտի լեզուն դարձնենք անկախ և դա հնարավոր է մեր հիանալի Այբուբենի օգնությամբ: Դրա դրոշակակիրը պիտի լինեն հեռուստաընկերությունները, որոնք անում են ճիշտ հակառակը:
Երբեմն մոռանում ես, որ գտնվում ես Հայաստանումմ կամ նայում ես հայկական հեռուստաալիք:
5. Կա կարծիք, որ այսօրվա Սփյուռքում ստեղծվող հայերեն գրականությունն կորցնում է իր իմաստն ու կարևորությունը հայաստանաբնակ գրողի կամ ընթերցողի համար, որովհետև մամուլը համապատասխան ձևով չի անդրադառնում սփյուռքին :Ի՞նչ կասեք այս մասին:
Չգիտեմ որքանով է առարկայական Ձեր նշած երևույթը: Գուցե ծիծաղելի հնչի, եթե ասեմ, որ դա թե զգացել և թե չեմ զգացել սեփական կաշվիս վրա: Իմ ուրախությանը չափ չկար, երբ իմ ծանոթ բարեկամուհիներից մեկը մի օր ինձ ասաց, որ «Ինեսսան» կարդալուց հետո տվել է ընկերուհուն, նա էլ իր ընկերուհուն և այսպես շարունակ. և մեկ ամիս հետո գիրքը վերադարձվել է քրքրված վիճակում… Ուրեմն ինձ կարդում են Հայաստանում. գիտե՞ք, սա ինչ երջանկություն է ուզած սփյուռքահայ գրողի համար: Իսկ հիասթափությանս ու տխրությանս չափ չկար, երբ մի օր բախտ ունեցա հանդիպել Գրական Թերթի խմբագրին, և երբ մեծ հույսերով գրքերս նվիրեցի իրեն, նա ասաց, որ չի կարդա, որովհետև ժամանակ չունի: Գոնե մարդը անկեղծ եղավ ինձ հետ: Եղել են ոմանք, որ խոստացել են կարդալ, բայց համոզված եմ, որ դրել են մի կողմ: Եղել է նաև, որ անտեղյակ ես եղել գրքիդ ճակատագրի մասին. Ես մամուլին չեմ մեղադրում: Մամուլն իր ծավալային սահմանափակումներն ու տեղական խնդիրներն ունի: Կա նաև որակի հարցը. իմ որոշ պատմվածքները լույս են տեսել հայաստանյան մամուլում: Այնուամենայնիվ, ոչ միայն սփյուռքահայ գրողների, այլև ըստ ամենայնի սփյուռքահայի հանդեպ առկա է ինչ-որ վանողական վերաբերմունք հայաստանաբնակների (ես կնախընտրեի հայաստանցիներ բառը, բայց գիտեմ, որ դա չի սիրվում) կողմից և սա չի առնչվում միայն ներկային:
6. 2008 թ.-ին Երևանում հրատարակված ձեր «Ինեսսա» վիպակի գրության շարժառիթի մասին խոսելիս դուք նշում եք. «Ինեսսայի եւ Ժորայի, նաև մյուս կերպարների կյանքի պատմությունը կաղապար է՝ ասելու իմ խոսքը սփյուռքահայության մասին, ուծացման վտանգի, ազգային դոգմաների խորտակման մասին: Ինեսսան «իսկական» հայուհի է, սակայն ավելի «հեշտությամբ» է կապվում օտարազգի երիտասարդի հետ: Այս խնդիրը շատ է զբաղեցնում մեր միտքը…»: Այսօր, առհասարակ, ի՞նչ մտահոգություններ կան ձեր գրականության մեջ:
Թերևս նույնը. վերջերս, ավելի շատ արտագաղթն ու նոր Սփյուռքի ձևավորվումը, որի մասին նշեցի վերը: Ուղղակի սոսկալի է: «Ինեսսայի» մեջ Ժորան մի տեղ ասում է. «Հողը, ահա թե ես ինչ կասեմ, հողն է կարևոր, ով ապրում է իր հողում, նա է տվյալ ազգության բուն ներկայացուցիչը: Որքան էլ օտար քամիներ փչեն, բան դուրս չի գա, հողը կպահի, հողը ուժեղ է…»:
Ես գրում եմ հողը լքողների մասին ահագնացող մտահոգությամբ:
Հարցազրույցը վարեց` Սիրանուշ Նազլուխանյանը