Թոնդրակ | Արարման ութերորդ եղանակը

Սմբատ Հովհաննիսյան

Արարման ութերորդ օրը

Լույս է տեսել Թոնդրակի «Արարման ութերորդ եղանակը» բանաստեղծությունների նոր ժողովածուն («Անտարես», 2014թ.):

Ժողովածուն հոգու պատմություն է՝ շարականային կշռույթով: Պոետական պատկերները ստեղծվում են ոչ թե իրադարձություններով ու իրավիճակներով, այլ դրանց մասին մտածելու բառերով ու իմաստներով: Արդյունքում՝ պոեզիա, որ չի արձանագրում սոսկ, այլ մասնակցումի և ստեղծագործության ծիրում ներայնացնում է ապրումը: Պոեզիա, որտեղ գերակշռող են խոհականությունն ու
բանականությունը՝ լծորդված պատկերին, պատկերավորման խորհրդանշականությանն ու այլաբանությանը: Կիզակետ, որտեղ հատվում են Բացակայության ուղղահայացն ու Լռության հորիզոնականը:

 

Սեպտեմբեր

Հասունացած
ժամանակն է շողում
կեղևին
դեղձի

խաղաղ
համբերությամբ
շոշափում է քամին
արտացոլանքը

թող
բողբոջի անունը քո
որ հեռանում է

 

*
թարթիչներդ
հորիզոնն են թերթում…

երկինքը բռնկվել է աչքերիդ մեջ,
հանց հրեշտակի թևից պոկված մի թախիծ…

սրտիդ մեջ շրջված լաբիրինթոսը
քեզ դիմադրող մի ապրում է սոսկ…

 

*
քո բոլոր քայլերի մեջ
աշնան վերջին օրն էր
ինքն իրեն փնտրում,
այնինչ դեկտեմբերն էր
ամոթխած շրջվել.
ժամացույցներից արդեն
կարելի է ընդամենը ջուր խմել…

 

*
քեզ արդեն գրքեր կնվիրեն
առանց գրառումների,
քանի որ ճանապարհին
բոլոր բառերը դարձան թռչուններ
և չվեցին կարոտներիդ միջով,
իսկ այն բառերը, որ դեռ մնում են,
ընդամենը խճաքարեր են,
որ լցրել է ինչ-որ մեկն իր գրպանները
ու մեկ-մեկ նետում է առուն
քո տան դիմացի…

 

*
Ծանր է փոշին
անճակատագիր ուղիների…

լռում են շուրթերը համբույրը ոսկի,
երբ անկարող են Գեղեցիկը կրել միայնակ,
զի Մահվանը մերձ
թափառումների մեջ է ամենայն գտանում…

հիրավի մարդ մեռնում է այնժամ,
երբ մենության մեջ ճամփեքը
և ճամփեքի մեջ մենությունն է մեռնում…

 

*
Սիրտը
տարածություն չունի
սահմանի համար ոչ մի տեղ…

պոեզիան է
գրված սրտի ընթացքին հակառակ,
բառերի մամուռի վրա…

 

*
Ու կրկին
սրտիդ վրա ծանրացած
հուշն ինքն իր մեջ խորասույզ
աչքերիդ միջով կանցնի
ու կրկին
սպասումը
կկրծի փականքները
ինքնամփոփ ու անզուսպ հորիզոնի…

բանալու զրնգոցից
կարթնանա փողոցը,
քաղաքը՝ անվերջ բարձրացող,
ժամանակի շյուղը կտուցից առկախ
կփռվի քո մթնշաղը…

ու էլ չեն տարբերվի միմյանցից
բանալու զրնգոցն ու ոտնաձայները քո.
երկու դեպքում էլ մեծ է անորոշությունը,
քանի որ չգիտես, թե ինչ անուն է քեզ կանչելու…

 

*
Նեոնային լույսերի ներքո
կգունաթափվի երեկոն մի օր,
ու կհապաղի սրտիդ միջից երևացող ժամանակը,
քանի որ մի քանի փողոցը բավական չի լինի
միասին քայլել սովորելու համար…

ստիպված կլինես բաց թողնել ստվերդ՝
զբոսանքի դուրս գալու համար,
ու կհասկանաս, որ լռությունը
արդեն անցել է տարիքի հակառակ կողմը…

և արթնանալով քո մեջ կգտնես
փակագծերից թափվող մի անցյալ,
իսկ հիշողության վրա կանգ առած մի ապրում
կշարունակի փնտրել Երազը,
որի միջով ոչ մի գույն դեռ չի անցել…

ապրումներ կան, որ գույն չունեն,
քանի որ լռության մեջ չեն մակարդվում…

 

*
Քո անվան մեջ թխված
հացի բույր ունեն բառերը,
հանց ծաղիկները, որ իրենց մեջ
լուսաբացի ստվերն են վառում…

քո սրտի և իմ շնչառության միջև
ամոթխած դեմքը երկնքի
իջնող օրհնությամբ ծիրանածաղկի…

մոմի լույսերի միջից նայիր ինձ…

 

*

        Խոնարհը տեսավ աղոթքի աստղը…
       Սուրբ Եվագր(իոս) Պոնտացի

 

Դժվար չէ, սակայն, հրաժարումը
հանուն բխումի մաքրության…

և անհնար է ամփոփել ապրումները
համատեղ մի բուռ հուշի մեջ
կամ օրորոցի….

և մոմի լույսի մեջ կսպառվի
հեռացած ժամանակը,
երբ կրկին կբարձրանա աստղը Աղոթքի…

երազի մեջ կբարուրես այլացումը երկնքի,
և լռության վանկատումից շուռ կգա
ճակատագրի առատության թասը,
որպեսզի հորինի քեզ,
և ծնվի Պոեզիան…

 

*
Բառը՝ նետված քար
երազանքի պատուհանին…

Պոետը նա է,
ում երազանքը սիրտն է,
և որը ապակուց չէ…

 

*

Տիեզերքը թթխմորն է
անհանգրվան մի տապանի,
որ նստել է կյանքի խութերին…

և սրտի օձն է արթնանում
վերջին օրերի պես,
թեպետ սա բաբելոնյան գերությունը չէ,
ոչ էլ երկինքն է մեր աչքերի…

և Աստված հանգստանում է դեռ,
ասես բաղաձայների բարձին
արարման յոթերորդ եղանակի…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *