«Անտարես» հրատարակչությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» գրքի շնորհանդեսին: Փաբային միջավայր, գիրք և գարեջուր:
Շնորհանդեսը տեղի կունենա Դեկտեմբրեի 24-ին, ժամը 17.00-ին Up Town փաբում, Երևան, Կորյունի 19 ա, հասցեում:
Լուսինը դեռ չէր երևում` ցերեկ էր: Բայց արդեն մեկ շաբաթ առաջ բոլորը գիտեին, որ այդ օրը լուսինը լինելու է աննախադեպ մոտիկ: Շատ, շատ մոտիկ: Ու մարդիկ այնքան էին կենտրոնացել դրա վրա, որ եթե այդ օրն ընդդիմությունը հասներ իր մուրազին, ապա տապալված նախկին կառավարությունը կասեր, որ հեղափոխության պատճառներից մեկը լուսնի աննախադեպ մոտիկությունն էր մեր գրողի տարած մոլորակին (իր հերթին, եթե հեղափոխությունը տապալվեր, ընդդիմությունը նույնպես կհիշեր լուսինը, բայց չէր մոռանա նշել, որ այն մոտեցվել էր Երկրին հանցավոր վարչակազմի արյունոտ ձեռքերով):
***
Մարտինը կանգ առավ նորակառույց բիզնես-կենտրոնի մուտքի մոտ, նայեց սյունին փակցրած հայտարարությանը («Հայեր, ԱՄԵՆԱՀԱՅ կազմակերպության հետ միասին դուրս եկեք փողոց մեր ԱԶԳԻ արժեքների համար իրական պայքար սկսելու, վերջ դնենք ՀԱՅԱԿՈՐԾԱՆ վիժվածքների առաջխաղացմանը»), նայեց ժամացույցին, գրպանից հանեց բջջայինը և զանգեց.
– Դա:
– Պարոն Հակոբյան, բարև ձեզ, Մարտինն ա, պայմանավորվել էինք:
– Հա՞:
– Հա, ես արդեն շենքի մոտ եմ, բարձրանա՞մ:
– Հըմմ… Վա՜յ, Մարտին ջան, դու ե՞ս:
– Հա…
– Ճիշտ ա, պիտի հանդիպեինք… Ո՜ւֆֆ… Ընգեր, հիմա ահավոր լուրջ պրոբլեմ ունեմ, չեմ կարա հիմա թողնեմ, պիտի մի բան անեմ: Արի մի ժամից զանգի տեսնենք` ինչ ենք անում:
– Լավ, լավ, ես էս կողմերը կլինեմ, հետո որ հարմար լինի` կբարձրանամ:
– Հա, ցավդ տանեմ, ապրես, Մարտին ջան:
Իրավիճակը Մարտինին վշտացրեց, քանի որ սրա պատճառով օրվա հետագա ողջ ընթացքը խառնվեց իրար: Բացի այդ, նա բնավ հավես չուներ անորոշ ժամանակ անցկացնել ինչոր կիսագլամուր սրճարանում: Բայց ձեռքում բռնած ամսագրի երկու օրինակներն իրենց հերթին արդեն այնքան էին ազդում նյարդային համակարգի վրա, որ ավելի լավ էր գոնե նստել սեղանի մոտ և ազատել ձեռքերն այդ բեռից:
Երբ Մարտինը վերջապես կամային որոշում կայացրեց ժամանակի դաժան սպանությունն իրագործել սրճարանում, զանգեց հեռախոսը:
– Լսում եմ:
– Ապեր, պակետը մոտս ա, ուղիղ հինգ անց կես էղի մանկական երկաթուղու մոտ՝ էն որ պոյեզները մթամ ըտեղից են շարժվում` ըտե :
– Ի՞նչ:
– Ասում եմ` հինգ անց կես կըլնես մանկական երկաթուղում: Էն որ կայարան ա սարքած երեխեքի համար` պակետը տամ:
– Ներողություն, իսկ ով ա՞:
– Ո՞նց` ով ա: Լյուդվիգը: Հոսոն չի ասե՞լ:
– Ի՞նչ Հոսո:
– Ապե, Մարտինը դու ե՞ս:
– Հա:
– Դե Հոսոն տվել ա քո համարը, որ զանգեմ` ռաստվենք, որ պակետը տամ քեզ: Րոպեներս պրծնում ա, նենց որ վսյո` հինգ անց կես:
Լյուդվիգն անջատեց հեռախոսը, իսկ Մարտինը ենթադրեց, որ այս զանգն իրեն սխալմամբ էր եկել: Բայց հետհեռաձայնելու հավես չկար` թող իրենց պակետի հարցերը լուծեն:
***
Մտնելով սրճարան` Մարտինը շտապ մոտեցավ առաջին պատահած ազատ սեղանին, որպեսզի վերջապես ազատի ձեռքերն ամսագրերից: Բայց մի քանի սեղան այն կողմից լսեց ինչոր մեկի ուրախ բացականչությունը.
– Հե՜յ, Մարտի՜ն:
Բացականչողը նստած էր սրահի անկյունում ինչոր աղջկա հետ: Մինչ նա ձեռքով իր կողմ էր հրավիրում Մարտինին, աղջիկը բոլորովին այլ կողմ էր նայում, կարծես նրան չէր հետաքրքրում իր ուղեկցորդի կյանքի ընթացքը: Մարտինը վերցրեց ամսագրերը և դանդաղ քայլերով մոտեցավ կանչողին: Տղայի դեմքը ծանոթ էր, բայց թե որտեղից` դժվար էր ասել:
– Մարտին ջան, ո՞նց ես,– ձեռքը պարզելով՝ հարցրեց ինչ-որ մեկը:
– Ոչինչ էլի, սովորական…
– Հարուր տարի չէինք տեսել, նստի մի հատ կոֆե խմենք:
Մարտինը նստեց՝ փորձելով հնարավորինս արագ իրականացնել ուրախ երիտասարդի դեմքի ճանաչումը: Սակայն իր ուղեղի բաժիններից մեկում տեղակայված «Ծանոթների դեմքեր» տվյալների հենքն արգելակումներով էր աշխատում:
– Ի՞նչ կխմես, բռատ,– նույն ուրախությամբ հարցրեց անծանոթը:
– Սուրճ, դառը:
– Մեզ մի հատ էլ սուրճ կբերե՞ք, դառը,– սրահի մյուս ծայրում գտնվող մատուցողին հորդորեց նա,– Մարտին ջան, ծանոթացեք` Արփենն ա, էս էլ մեր լավ ախպերն ա, Սաքոյի ընկերներից ա: Անցյալ տարի Սաքոյի ծնունդին կաաարգին լակել էինք, չէ՞:
Վերջապես. Գարիկի հետ Մարտինն իսկապես մի անգամ հավեսով խմել էր իրենց ընդհանուր ծանոթի տանը, ինչից հետո բարեհաջող մոռացել նրան: Սակայն այս լուրը ոչ մի կերպ չազդեց Արփենի վրա, որը միայն կարճ ու մի տեսակ չդզող հայացք նետեց Մարտինի ուղղությամբ, ապա փոքր պայուսակից հանեց արծաթյա պորտսիգարը, բացեց, վերցրեց բարակ ծխախոտն ու ծխեց` շարունակելով նայել ինչ-որ ուրիշ տեղ: Մարտինը, ընդհակառակը, չկարողացավ արագ վերադասավորել գլուխը, ու մինչ Գարիկն ինչ-որ ինտիմ մանրամասներ էր հիշում Սաքոյի ծնունդից («Բա հիշում ե՞ս, որ Կարենչիկն ու Տաթոն փագվել էին Սաքոյի հոր սպալնում, հահաաա՜»), նա ուշադիր հետևում էր Արփենի դեմքի` ծխելու համար պատասխանատու մկանների գործողություններին: Բարեբախտաբար, սուրճը շուտ բերեցին, և նա ուշքի եկավ:
– Ապեր, բա ի՞նչ գործի վրա ես,– հարցրեց Գարիկը:
– Դե տենց, բանկում եմ մի հատ…
– Բա էս ի՞նչ ժուռնալներ ա,– Գարիկը սեղանից վերցրեց Մարտինի բերած ամսագրերը,– յա, էս դու «Ունիվերմագի» ֆանատ ե՞ս, որ ամեն համարից երկու հատ ես վերցնում:
– Չէ, ուղղակի մեջը մի հատ իմ…
– Մեկ էլ տենց էլ չհասկացա` ինչի՞ ա անունը «Ունիվերմագ»,– թերթելով հանդեսը՝ խոստովանեց Գարիկը,– մնում էր դնեին «Կամիսյոնկա» կամ «Ֆրուկտի-օվըշի»:
Երբ Գարիկը դադարեց ծիծաղել սեփական կատակի վրա, Մարտինը որոշեց բացահայտել վերնագրի գաղտնիքը:
– Ինչքան գիտեմ, մի ախպար ա մեջը լիքը փող դրել, որ աշխարհի բոլոր հայերի համար ընդհանուր ամսագիր լինի, Universal Magazine…
– Յա, ախպա՞ր: Բա ո՞նց ա ձեռից հլը չեն վերցրել: Երևի շատ փող չի բերում:
– Չէ, ոնց որ գործերը լավ են…
– Վա՞յ քու արա, հլը ստեղ. «Էմոներ. ովքե՞ր են նրանք»,– դժգոհությամբ արձանագրեց Գարիկը,– էս խփոներին ուղղակի պետք ա փակել գժանոցում ու վերջ:
– Էմոների՞ն,– որոշեց ճշտել Մարտինը:
– Հա բա էլ ու՞մ: Ուռած-մուռած են միշտ, էքստըզի են կուլ տալի, եսիմինչ ապուշ երաժշտություն են լսում` երևի-ջազ ա, ինչ ա…
– Ինձ մի բաժակ չոր կարմիր գինի կբերե՞ք,– հանկարծ խոսեց Արփենը՝ դիմելով սեղանի մոտով անցնող մատուցողին և այդպիսով փակելով դեռ նորմալ չբացված էմոյական թեման:
– Վայ, է՞ս ինչ ա: Արփիկ, հլը էստեղ նայի` Տիգրան Մեծը ֆուտբոլ ա խաղում,– Արփենն այդպես էլ չնայեց ամսագրի բացած էջերին,– խոխմայ ա:
– Այ էդ ես եմ արել,– բացատրեց Մարտինը,– դրա համար երկու հատ են տվել…
– Ապրես, ապրես, որ մեր պատմությանն ես անդրադառնում:
Արփենի և Գարիկի միջև հայտնվեց մատուցողի ձեռքը, որը սեղանին իջեցրեց մի գավաթ… Սպիտակ գինիով:
– Կներեք, մի պահ կվերադառնա՞ք,– հեռացող մատուցողին կանչեց Արփենը,– կասե՞ք` ձեր բերած բաժակի մեջ ի՞նչ ա լցրած:
– Գինի,– զարմացած պատասխանեց մատուցողը:
– Իսկ ի՞նչ գույնի:
Մատուցողը մի վայրկյան հապաղեց, հետո փաստեց.
– Թափանցիկ… Էհ` սպիտակ…
– Իսկ հիմա, ուշադրություն, էսօրվա ամենաճակատագրական հարցը. ես ի՞նչ գույնի գինի էի պատվիրել,– Արփենի հայացքից երիտասարդ մատուցողի գլխին մի քանի մազ սպիտակեց, քոքից չորացավ ու ընկավ:
– Սը… սպիտա՞կ,– կասկածելով ենթադրեց նա:
– Բնավ, իմ պատանի բարեկամ, բնավ ոչ սպիտակ:
Մատուցողը մնաց քարացած Արփենի հայացքի տակ ու երևի ճաք տար ու քանդվեր, եթե չխառնվեր Գարիկը:
– Բռատ, ուղղակի գնա կարմիր գինի բեր, չոր, քաղցր չբերես: Էս էլ տար,– ասաց նա, ապա դիմեց Արփենին,– հա լավ, ի՞նչ ես էսօր սաղին նեղում:
Արփենը չպատասխանեց, իսկ Գարիկը կրկին դիմեց Մարտինին` հերթական անգամ կտրուկ փոխելով զրույցի թեման:
– Ապեր, բա քո գլուխը էսօր չի ցավու՞մ:
– Չէ, ինչի՞:
– Դե էս քանի օրը լուսինը ահավոր մոտիկ ա, ազդում ա առողջության վրա,– բացատրեց Գարիկը,– ես երեկ սաղ օրը կոմպի դեմն էի, բայց չկարողացա էդպես էլ նորմալ գործ անել: Ճնշումս էր, ինչն էր` լուսնից էր սրվել…
– Չեմ նկատել,– անկեղծ ասաց Մարտինը:
– Դե, զգուշ կլինես,– հոգատար խորհուրդ տվեց Գարիկը:
– Զգույշ, այսինքն` լուսնից թաքնվի՞,– հարցրեց Արփենը:
Մատուցողը բերեց կարմիր գինին և արագ չքացավ: Մարտինի հայացքը կանգ առավ բաժակի վրա: Ճակատագրական իրադարձությունը տեղի ունեցով հաշված միլիվայրկյանների ընթացքում: Ամեն ինչ մի տեսակ փոխվեց այն պահին, երբ Արփենը կարմիր գինով լցված թափանցիկ ապակյա գավաթը մոտեցրեց շուրթերին ու մի կում արեց: Անհասկանալի պատճառներով Մարտինը բացառիկ, աննկարագրելի, ինչու՞ չէ` անախադեպ ցանկություն զգաց:
Գարիկը շարունակեց զննել «Ունիվերմագի» բովանդակությունը: Մի քանի թերթից հետո նրա պրպտուն հայացքը կանգ առավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին նվիրված հոդվածի վրա.
– «Կրքեր ամառայինի շուրջ»,– կարդաց վերնագիրը,– ի՞նչ կրքեր, ի՞նչ կայծեր: Էս ի՞նչ մի պատմություն շինին էս երկաթ-բետոնից` չհասկացա: Էս մեր հայ ազգը գիտե՞ս ինչի ա սենց ոռի վիճակում, գիտե՞ս: Որովհետև բոլշևիկները դրին Պետրոս-Պողոսը քանդեցին, տեղը ինչ-որ կինո բացեցին:
– Եկեղեցին կոչվում էր Պողոս-Պետրոս,– նկատեց Մարտինը:
– Էդ հեչ, էդ մանրուք ա: Կարևորն էն ա, որ Աստված մեզ անիծել ա էդ քանդած եկեղեցու համար,– պարզաբանեց Գարիկը,– արա, այ ախպեր, էս դարում ի՞նչ կինո, ի՞նչ բան: Էդ ամառայինը սկի Սովետի թվերին ոչ մեկին պետք չի եղել: Հոպարս միշտ պատմում ա, որ իրա ջահելության ժամանակ երեքռուբլիանոց պուտանկեքի հետ գնում էր ընդեղ ու տենց… շինարարական գործունեություն էր ծավալում:
Գարիկին կրկին անգամ խիստ դուր եկավ սեփական հումորը և նա հավեսով ծիծաղեց: Լսվեց Ալեխանդրոյին կանչող Լեդի Գագայի կրքոտ ձայնը:
– Հըմ, «Կոկո-Ջամբոն» արդեն փոխել ես,– նկատեց Արփենը:
Գարիկն ուշադրություն չդարձրեց, քանի որ լարվեց` տեսնելով զանգողի անունը: Ամեն ինչ այնքան լուրջ էր, որ նա ձեռախոսով վազեց դուրս` հանգիստ խոսելու: Մարտինն ու Արփենը մնացին երկուսով: Վերջինս գինու ըմպումը զուգակցում էր վերոհիշյալ բարակ սիգարետների ոչնչացմամբ` ծուխը դուրս փչելով սովորականից գեղեցիկ: «Նա ունի շուրթեր և գիտի ինչպես դրանք օգտագործել»,– մտովի փաստեց Մարտինը և փորձեց սթափվել:
– Իսկ ինչի՞ եք էդքան լարված,– հարցրեց Արփենը անհարմար լռությունն ինչ-որ կերպ վերացնելու համար, բայց Մարտինը մի տեսակ ավելի անհարմար զգաց այդ հարցից:
– Կյանքիցս մի տեսակ գլոբալ դժգոհ եմ,– իր համար էլ անսպասելիորեն անկեղծացավ Մարտինը:
– Ինչի՞,– ոչ թե հետաքրքրությունից, այլ ավելի շուտ զրույցի ընթացքը պահելու համար հարցրեց աղջիկը:
– Հըմ… Այ` չգիտեմ: Ու դրանից ավելի եմ անհանգստանում:
Ինչ-որ կողմնակի զբաղմունք ունենալու համար Մարտինը տուփից հանեց սիգարետը, բայց հրահանը չգտավ: Փոխարենը քթի առաջ մի վայրկյան հետո հայտնվեց Արփենի բարակ մատներում բռնած հրածայր լուցկին: Շփոթված Մարտինը ժպտալով «կպավ»:
– Մերսի,– մուխ հանելով ասաց նա,– իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում:
– Ոչ մի հետաքրքիր բանով:
Արփենի պատասխանը կտրուկ էր, բայց մի պահ Մարտինին թվաց, որ նա ինչ-որ շատ կարճատև, բայց շատ թույն, անկրկնելի ժպիտ տեսավ նրա դեմքին: Գարիկն իրար խառնված վերադարձավ:
– Մարտին ջան, ներող կըլնես, մենք պիտի թռնենք,– ասաց նա,– կյանքս, թռանք:
Արփենը հանգցրեց սիգարետն ու վեր կացավ: Գարիկը երկու հազար դրամ դրեց սեղանին՝ չնայած Մարտինի հանդիմանելուն («Ապե, չէ, հորս արև` կնեղանամ, ես եմ քեզ մեր սեղանի մոտ հրավիրել»):
***
Մարտինը մնաց մենակ: Նայեց ժամացույցին` պարոն Հակոբյանի խոստացած մեկ ժամը դեռ չէր անցել. մի քսան րոպե էլ կար: Այդ իսկ պատճառով ևս մեկ բաժակ սուրճ խնդրեց: Մինչ մատուցողը կկատարեր պատվերը, սրճարան մտան երկու պատանիներ` երկուսն էլ երկար սև մազերով, վարդագույն-մանուշակագույն-սև շորերով և տխուր աչքերով զուգված: Հաշվի առնելով, որ նրանք իրար ձեռք էին բռնած, կարելի էր ենթադրել, որ սիրահարված զույգ են: Բայց Մարտինն այդպես էլ չկարողացավ տարբերել, թե ո՞ր մեկն է աղջիկը, որը` տղան:
Սուրճի երկրորդ բաժակը վայրէջք կատարեց սեղանին: Մոտավորապես երրորդ ֆրթոցը կատարելու պահին Մարտինը նկատեց սրճարանի կողքով քայլող իր ընկերոջը: Դուրս չվազելու համար զանգեց:
– Հե՜յ, երկար, պինդ ու հաստ օբյեկտիվների սիրահար` մտի սուրճարան,– ձեռախոսով հրավիրեց Մարտինը:
Լուսանկարիչ Վարդանը կանգնեց տեղում, շրջվեց դեպի սրճարանը, տեսավ Մարտինին ու ներս մտավ: Շուտով նրա «երկար, պինդ ու հաստ» օբյեկտիվով օժտված ֆոտոխցիկն արդեն Մարտինի երկու ամսագրերի կողքին էր:
– Ինչ կա՞, ինչ չկա՞,– ընկերոջ ձեռքը սեղմելով` հարցրեց Մարտինը:
– Հեչ, ստեղընդեղ նկարում եմ,– Վարդանը նկատեց «Ունիվերմագի» երկու օրինակները,– էս ժլոբերի ժուռնա՞լը ինչի ես առնում:
– Չեմ առնում, մեջը իմ ծաղրանկարներն են տպել,– արդարացավ Մարտինը:
– Հա, խոխման ա, տեսել եմ Ֆեյսբուքում: Ամենաթույնը էն որ Մաշտոցը տրանսլիտով էսեմես ա գրում, բոցել ես: Մենակ պատրաստ եղի, որ ազգայնականները քեզ լիքը հարցեր կունենան, հեհե… Բայց հաստատ փողդ չեն տվել, չէ՞:
– Նացիոնալիստները՞:
– Արա չէ, «Ունիվերմագները»:
– Հա՜, չէ, ասեցին, որ մի շաբաթվա մեջ կտան:
– Հա, ինձ էլ էին տենց ասում, հետո երկու ամիս տարանբերին` խոստացածից երկու անգամ քիչ տվեցին:
– Դե լավ հա, իմ համար շատ կարևոր չի, սրանով չեմ փողս աշխատում,– ասաց Մարտինը,– բա ի՞նչ կար, ի՞նչ էիր էսօր անմահացնում:
– Օ՜, էսօր լարված օր ա,– Վարդանը ոգևորվեց,– ցույցից եմ գալիս: Հայաստանում ինչքան անգործ մասսա կա` հելել էր փողոց, ինչ-որ էշ լոզունգներ էր գոռգռում: Նենց տպավորություն էր, ոնց որ Աֆղանստանում լինեի, Թալիբանի ամենամյա հավաքին:
– Շատ է՞ին:
– Չէի ասի, մի երկու հարյուր հոգի երևի: Չնայած մեջները նորմալ տեսքով դեմքեր էլ կային, բայց հիմնական մաս-սան՝ սարսափելի էր: Տենց գոռացին, բանման, հետո մի մասը ցրվեց, մյուս մասը պլակատները բռնած գնաց նախագահից համապատասխան որոշումներ պահանջելու: Կուրսի չէին, որ նախագահը հիմա Մոնղոլիայում ա… Հա, բայց էս հլը վերջը չի,– Վարդանը նայեց ձեռքի ժամացույցին,– մի ժամից պիտի լինեմ Էրեբունի-պլազայում մի հատ ցբխիչ պրեսկոնֆերանսի:
– Էլի ինչ-որ դեմքություն ա եկել, ես բաց ե՞մ թողել:
– Չէ, Մարտ: Գիլանը, Այոմին, Սթինգն ու Կլեպտոնը միասին սրա հետ համեմատած` պարապ վախտվա խաղալիք են: Ուրեմն, ինչ-որ ջահել ա, մի քսանհինգ տարեկան, Մարտունիի կողմերն ա ծնվել, հետո ընտանիքով խոպանի են գնացել Բառնաուլ: Հիմա էս հրաշքը իրանց սիբիրներից եկել ա, ու աջ ու ձախ ինտերվյու ա տալիս գիտե՞ս ինչի մասին: Մի քանի թեզ ասեմ` դու պատկերացրու: Ասում ա` «Դարվինը սխալ էր ու դինոզավրերը ոչ թե 60 միլիոն տարի առաջ են մահացել, այլ երկու հարյուր»:
– Երկու հարյուր միլիո՞ն:
– Չէ, երկու հարյուր տարի: Ես քեզ ավելին ասեմ` պարզվում ա, որ վերջին դինոզավրերն ապրել են Հայաստանի տարածքում:
– Հըմ… իսկ Դարվինը դինոզավրերի հետ ինչ-որ կապ ունե՞ր…
– Էնքան կապ ուներ, ինչքան ես` Սիերա-Լեոնեի ռազմական կոնֆլիկտի հետ, բայց դե էդ հեչ: Ասում ա, որ իր հայրենի գյուղի գերեզմանների տակերը պիտի լիքը կմախքներ լինեն: Վրոձի ինչ-որ նորագույն սպուտնիկով սկան են արել ու գտել են: Ու ոնց որ թե արդեն փողմող են տալիս, որ դնեն էդ գերեզմանները քանդեն, պեղումներ անեն:
– Բոց ա,– ծիծաղելով գնահատեց Մարտինը,– հաստատ լուսինն ա տվել գլխներին:
– Լավ հիշեցրիր` գիշերն էլ պիտի գնամ լուսինը նկարեմ: Մի խոսքով, էսօր խառը օր ա… Վայ, էս ի՞նչ թույն էմոներ են: Պետք ա չխկալ:
Վարդանն աննկատ ֆոտոխցիկի օբյեկտիվը ուղղեց դեպի հարևան սեղանը և սկսեց «չխկալ»:
Իսկ Մարտինը չդիմացավ ու որոշեց կրկին զանգահարել պարոն Հակոբյանին: Սակայն բաժանորդը գտնվում էր ռադիոծածկույթից դուրս, իսկ գրասենյակային համարը չէր պատասխանում: Անբավարարված արտաշնչելուց հետո Մարտինի հայացքը կանգնեց այն աթոռին, որին քիչ առաջ նստած էր Արփենը: Սա ֆետիշ չէր` պարզապես նա նկատեց Գարիկին ուղեկցող աղջկա անտեր մնացած ձեռախոսը: Մարտինը ձեռքը գցեց ագրեգատին, մի պահ մտածեց` ինչ կարելի է անել: Հանգեց նրան, որ Արփենը ուշ թե շուտ կնկատի հեռախոսի բացակայությունը և, ըստ երևույթին, կվերադառնա սրճարան: Ամեն դեպքում, թող վստահելի ձեռքերում մնա. ձեռախոսը հանգրվանեց Մարտինի գրպանում:
– Երևի ես էլ մի հատ սրճեմ, հետո գնամ բառնաուլցի հրաշքին չխկալու,– որոշեց Վարդանը և կողքով անցնող մատուցողին սկսեց մանրամասն նկարագրել ճիշտ սուրճի համար անհրաժեշտ պարամետրերը, ապա շրջվեց դեպի ընկերը,– լսի, կակ ռազ էսօր ուզում էի քեզ զանգեի մի հատ խնդալու բան հարցնեի:
– Ուրեմն դու ունես աննախադեպ հնարավորություն խնայելու րոպեներդ ու հարցնել հարցնելիքդ առերես,– ուրախացրեց Մարտինը:
– Դու գառմոշկա նվագում էիր ժամանակին, չէ՞:
Մարտինն իսկապես խնդաց:
– Էս իիինչ հին բան հիշեցիր,– խոր ջահելությունը մտաբերելով` ասաց Մարտինը,– հա, կային տենց ժամանակներ:
– Դե լավ, էլ մի տենց նոստալժիի գիրկը ընգի, թե չէ հեսա կլացեմ: Ասածս ինչ ա` մի երկու տարի առաջ Վերնիսաժում մի հատ ինչ-որ փախած գառմոշկա էի տեսել` չնայած չեմ նվագում, ասեցի` առնեմ: Երեկ էլ սենյակս էի մաքրում, ինչքան զիբիլ կար, թափում էի: Ու տենց աչքովս ընկավ, մտածեցի` պահելը անիմաստ ա, բայց թափելն էլ չի դզում: Ասեմ ավելին` հիմա մոտս ա:
– Պահո՜, բա տուր նայեմ:
Վարդանը ֆոտոխցիկի ուսապարկից հանեց քրքրված ռետրո պատյանը և հանձնեց ընկերոջը: Վերջինս հետաքրքրությամբ բացեց այն, միջից հանեց գործիքը, շուռումուռ տվեց և ասաց.
– Թերևս զգացված եմ: Մի օր ահավոր դիլխոր լինեմ` կտժցնեմ, կարող ա մի բան ստացվի:
– Ուրախութունով:
Քիչ անց շրթհարմոնը հայտնվեց Մարտինի ծոցագրպանում, իսկ Վարդանի պատվիրած լուծվող «յակոբսը»` դառը ու փրփուրով` պատվիրատուի դիմաց:
***
Փողոցում լսվեցին մեքենաների ազդանշաններով զուգորդվող ինչ-որ գոռոցներ: Սրճարանի հաճախորդները լարվեցին և փորձեցին հասկանալ` ինչ է կատարվում: Մի քանիսը նույնիսկ մոտեցան դռներին, սեփական աչքերով տեսնելու աղմուկի աղբյուրը: Զանգեց Վարդանի բջջայինը: Հեռաձայնողն այնքան շփոթված ու բարձր էր խոսում, որ Մարտինը լսեց ողջ զրույցը.
– Վարդ, ու՞ր ես:
– Հեչ, Թումանյանի վրա: Կոֆե եմ խմում` գնամ բառնաուլցուն նկարեմ:
– Ուրեմն մոռանում ես էդ դաունին, վերցնում ես ապարատդ ու դուրս ես գալիս փողոց, շուտ:
– Հանգիստ ասա` ի՞նչ կա:
– Էս ազգայնականները գնացել են նախագահի նստավայրի մոտ գոռացել են, հետո իմացել են, որ ստեղ չի` ցրվել են, բայց մի հիսուն հոգի խելռած գնացել ա սեփական ուժերով մաքրելու Երևանի փողոցները ազգի թշնամիներից: Ջոգի՞ր` ինչ կադրեր են սպասվում…
Վարդանն անջատեց ձեռախոսը, քանի որ ոչ միայն «ջոգեց», այլև համարյա տեսավ: Սրճարանի դիմաց քայլում էին առավել ակտիվ ազգասերները` տրանսպարանտներից և հպարտ ծածանվող եռագույներից մնացած ձողերով, հայրենասեր սրտերով և հաստ ձայներով զինված սևազգեստ երիտասարդներ: Նրանք բռունցքները վեր պարզած կոչ էին անում «սեփական ուժերով զտել հայի արյունը և թույլ չտալ, որպեսզի Հայկի զավակների շնչած օդը պղտորեն հայակործան տարրերը»: Երթի մասնակիցներից ոմանց թվում էր, որ նրանց վրա բավարար ուշադրություն չեն դարձնում և ժամանակ առ ժամանակ ձողերով հարվածում էին սյուներին կամ մեքենաներին:
Երկու վայրկյան անց Վարդանն արդեն ոտքի էր` ամեն ինչի պատրաստ ֆոտոխցիկով: Նրա աչքի առաջ դրված էին իր այսօրվա սկանդալային կադրերով զարդարված Time-ի ու Newsweek-ի շապիկները և, ինչու չէ` World Press Photo-ի գլխավոր մրցանակը: Բայց իրադարձությունները մի փոքր այլ ընթացք ստացան, երբ ազգի սանիտարներից մեկը սրճարանի բաց դռան մոտով անցնելիս հանկարծ կտրուկ դադարեց լոզունգներ բացականչել, նայեց սրճարանի խորքում նստած էմոներին, ապա նոր եռանդով ոռնաց.
– Էմոնե՜ր, ազգի տականքնե՜ր, հայի թշնամինե՜ր:
Այս գովազդն արժանացավ պատշաճ ուշադրության, և նրանք խմբով մտան սրճարան` չմոռանալով կոտրել դռան ապակին: Հաճախորդների մի մասը դուրս վազեց, մյուսները խելոքխելոք կանգնեցին պատի տակ: Մատուցողները սողոսկեցին խոհանոց, Վարդանը, մտքում պահելով Time-ի շապիկը, դիրքավորվեց սյուներից մեկի ետևում` պատրաստ անմահացնելու ամեն ինչ: Էմոները չհասցրեցին որևէ բան ձեռնարկել (չնայած` ի՞նչ պիտի ձեռնարկեին): Ամենաակտիվ հայրենասերը «հայրենապիղծնե՜ր» գոչյունով բռնեց նրանցից մեկի (կարծես թե` աղջկա) մազերից և հեշտությամբ տապալեց գետնին: Երկրորդը (փաստորեն` տղան) վեր թռավ տեղից և նույն պահին կողքից հրվեց մեկ այլ հայրենասերի կողմից, կորցրեց հավասարակշռությունը և ընկավ ընկերուհու կողքին: Ոչ հայեցի ենթամշակույթի ներկայացուցիչները մի քանի հարված արդեն ստացել էին, երբ Մարտինը որոշեց խառնվել: Նա կանգնեց ծեծողների և ծեծվողների միջև ու դիմեց առաջիններին.
– Տղեք, պետք չի, երեխեք են, կմեծանան` կանցնի,– այդ պահին ուրիշ ոչ մի լավ բան հորինել նա չկարողացավ:
Ազգայնականները զարմացած նայեցին խաղաղարարին, հետո նրանցից մեկը խոսեց.
– Դու Մարտինն ե՞ս, Մարտին Մարդիկյա՞ն:
– Հա,– զարմացավ Մարտինը:
– Էն ծաղրանկարները մեր մեծերի վրով դու ե՞ս ֆեյսբուքում գցում:
– Հըմ… Հա, ինչի՞:
– Ո՞նց ինչի,– զայրացավ Մարտինին իդենտիֆիկացնողի ընկերը,– հլը մի հատ էլ հարցնում ես ինչի՞: Որովհետև էդ քո նկարիկները սրբապղծություն ա, իմացա՞ր,– պարզաբանեց մյուսը,– թե՞ քո ջոգելով կարելի ա մեր հայ մեծերին, մեր սրբություններին ծաղրել ու մնալ անպատիժ:
Մարտինը չէր սպասում, որ իր հումորային նախագիծն այդքան իրարանցում կառաջացնի հայրենասերների շրջանում: Չէր սպասում նաև այն հարվածին, որ ստացավ ձողավորներից մեկից` դարերի խորքից ուղիղ իր սրբապիղծ ուսին: Հավասարակշռությունը պահել դժվարությամբ ստացվեց: Բայց այդ սխալն ուղղվեց` առաջին հարվածողի գաղափարակիցն իր ողջ հայրենասեր ուժը հավաքեց ու կենտրոնացրեց աջ ոտքի մեջ, ապա այդ նույն ոտքի ծիծակի կոշկատակի զարդանախշերը դաջեց Մարտինի փորին: Վերջինս մի քանի քայլ ետ գնաց, բախվեց սեղաններից մեկին ու տապալվեց մեջքի վրա: Այդ դիրքում նա զգաց մարմնի վրա ևս մի քանի հարված, ապա լսեց փողոցից եկող ոստիկանական ազդանշանները: Դրանք սթափեցրին ցուցարարներին, որոնք շպրտեցին ձողերն ու դուրս վազեցին: Ոստիկանների հետ շփվելու հավես չունեին նաև զոհերն ու վկաները, դրա համար բոլորը սկսեցին մանրից ցվրվել, այդ թվում՝ շոկի մեջ գտնվող էմոները (որոնք վաղն արդեն լաաաավ կմտածեն հագուստի գունապնակի և դեմքի արտահայտության ընտրության շուրջ):
Վարդանը մոտեցավ ուշքի եկող ընկերոջը:
– Արա, հո դու խելա՞ռ չես,– օգնելուն զուգահեռ ասաց նա,– իբր ինչո՞վ պիտի օգնեիր:
– Ըֆֆ… Եսիմ… Վախ ձեռս…
– Հերիք կինոմինո նայես:
Վարդանն օգնեց Մարտինին ոտքի կանգնել, վախեցած մատուցողներից մեկն էլ մի բաժակ սառը ջուր փոխանցեց տուժածին:
– Սաղ հեչ, գիտե՞ս ինչ թույն կադրեր եմ բռնցրել,– ասաց լուսանկարիչը,– գըմփցրած ա ուղղակի:
– Կներես, մի տեսակ չստացվեց հետևել` ինչ ես անում:
– Չէ, լավ ա, բռատ, կակռազ դու էլ մեջը կաս… Մեկ էլ արի թռնենք ստեղից` դու հաստատ հավես չունես երկու ժամ ցուցմունք տալու, ես էլ պիտի շուտ հասնեմ ինտերնետով կոմպի:
Մի քանի րոպե անց Վարդանն ու Մարտինը մոտակայքում գտնվող բակերից մեկում էին: Մարտինը մոտեցավ պուլպուլակին, թեթևակի լվաց դողացող ձեռքերը, թափ տվեց փոշոտված ջինսը:
– Սառոչկետ ճղվել ա,– նկատեց Վարդանը:
Մարտինը չպատասխանեց: Արտաշնչելուց հետո սիգարետ դրեց բերանը, երրորդ փորձից կպցրեց, ապա հանեց ձեռախոսը: Մտածեց, որ արժե տեղեկացնել պոտենցիալ գործատուին, որ այսօր ինքը որևէ գործնական հանդիպման հնարավորություն ֆիզիկապես չունի: Պոտենցիալ գործատուն կրկին անհասանելի էր:
– Արա էս ինչ անասուն օր ա,– արտաբերեց Մարտինը:
– Հել գնա տուն,– խորհուրդ տվեց Վարդանը,– կամ դաժե` հիվանդանոց: Մարդ ես…
Մարտինը ջինսի գրպանում վիբրացիա զգաց: Ընդ որում՝ բջջայինն իր ձեռքում էր: Մի քանի վայրկյան անց միայն հիշեց, որ սրճարանից վերցրել է նաև Արփենի հեռախոսը: Դիսփլեյին ոչ ոքի անունը չգրվեց, միայն համարը:
– Դա՞,– անվստահ պատասխանեց Մարտինը,– լսում եմ:
– Դու Մարտինն ես,– կագեբեի պետի վստահությամբ հայտարարեց Արփենը:
– Կա տենց բան:
– Ու մենք մի քիչ առաջ նույն սեղանի մոտ նստած լսում էինք Գարիկի էշությունները:
– Դե… հա:
– Իսկ որտե՞ղ հանդիպենք, որ հեռախոսս վերցնեմ:
– Չգիտեմ, քեզ որտե՞ղ ա հարմար, ասա` գամ:
– Ես մի ժամից կլինեմ Մաշտոցի այգում, էն Մանկական երկաթուղու թունելի մոտ: Կամ էլ, չէ, Երկաթուղում կլինեմ, հենց թունելից դուրս գաս` էնտեղ:
– Լավ…
– Մերսի:
Ու զրույցն ավարտվեց:
– Էս նոր ձև ա՞ աղջիկ կապելու,– հարցրեց Վարդանը,– հեռախոսը ձեռից վերցնում ես, հետո սպասում ես, որ զանգի խնդրի` հետ տաս:
– Ապ, մի խոսքով դու էլ մի լռվի, գնա սենսացիոն ֆոտոներդ ափլոդ արա, ես իմ խոդով կգնամ:
***
Վերջին հինգ րոպեն Մարտինը մենակ էր: Փորձում էր ոտքով հասնել նշանակված վայր, բայց երկու խաչմերուկ հետո ալարեց ու մոտեցավ մոտակա տաքսիին:
Մի խաչմերուկ չանցած, մինչ այդ ոչ հավակնոտ երաժշտություն հեռարձակով ռադիոկայանով սկսվեց լուրերի թողարկումը:
«Այս ժամի ամենաթեժ լուրերը,– սկսեց հաղորդավարը,– քիչ առաջ Երևանում ազգայնականների խաղաղ ցույցը վերաճեց անկարգությունների: Ինչպես նշում են ցույցի կազմակերպիչները, տեղեկություններն այն մասին, թե ազգայնականները սեփական ձեռքերով որոշել են հաշվեհարդար լինել մայրաքաղաքի մի շարք ենթամշակույթների և աղանդների ներկայացուցիչներ հետո` չափազանցված են: Ոստիկանությունից հայտնում են, որ գրանցվել են ծեծկռտուքներ, կան մի քանի տուժածներ, սակայն այս պահին արդեն ամեն ինչ կարգին է և անհանգստանալու կարիք չկա…»:
– Էս ո՞նց ա ես սենց բան չեմ իմացել,– ապուշ կտրեց վարորդը:
«Մոտ քսան րոպե առաջ իր գրասենյակում ինքնասպան է եղել ITMyT ընկերության տնօրեն, գործարար Ավետիս Հակոբյանը: Հակոբյանի կախված դիակն իր աշխատասենյակում հայտնաբերել է նրա քարտուղարուհին: Հայտնի է, որ ընկերությունը վերջերս լուրջ խնդիրներ ուներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում…»:
– Չի լինի մի լավ բան ասեն,– ասաց տաքսիստն ու անջատեց ռադիոն:
Եվ այդ պահին միայն Մարտինը հասկացավ, որ խոսքն իր պոտենցիալ գործատու պարոն Հակոբյանի մասին էր: «Չկպավ փրոջեքթմենեջմենթի գործը», մտածեց նա, ապա մի ակնթարթ մտքի երրորդ-չորրորդ շերտում արձանագրեց, որ այս լուրից ափսոսանք է զգում միայն չկայացած աշխատատեղի համար: Եվս մի ակնթարթ մտահոգվեց սեփական մարդկայնության բացակայությունից, բայց հետո անցավ պրակտիկ մտքերի, նկատելով, որ իր բազմաթիվ զանգերի անպատասխան լինելն ուներ առավել քան հիմնավորված պատճառ` մարդը սեփական անձը ոչնչացնելու որոշում էր կայացնում, ամեն Մարտին-Շմուրտինի զանգին չէր պատասխանելու:
Մեքենան տեղ հասավ: Մարտինը մի քիչ էլ քայլեց և հասավ Մանկական երկաթուղի տանող թունելին:
***
Նա քայլում էր կիսամութ թունելի պատերին անմահացած բազմաթիվ ու բազմաժանր հաղորդագրությունների միջով, երբ ջինսի գրպանում կրկին վիբրացիա զգաց: Այս անգամ սեփական ձեռախոսն էր:
– Լսում եմ…
– Ապե Լյուդվիգն ա, մի հատ հետ զանգի,– ու դրեց:
Բայց այդ պահին տեսադաշտում` թունելի մուտքից ոչ հեռու հարթակին երևաց Արփենը, և Մարտինը մոռացավ հետ զանգել Հոսոյի ծանոթ Լյուդվիգին, որն ինչ-որ պակետ էր ցանկանում փոխանցել իրեն:
– Ծեծված տեսք ունես,– արձանագրեց Արփենը,– մենք որ դուրս էինք գալիս` լավ էիր:
– Երբեք չես իմանա` ինչի համար քեզ կարող են տշմշել անծանոթ մարդիկ:
– Դե լավ, չեմ հարցնում:
Մարտինը հանեց գրպանից Արփենի հեռախոսը և պարզեց տիրոջը: Վերջինս նոր էր ընդունել ձեռախոսը, երբ այն սկսեց վիբրահարվել: Արփենը նայեց դիսփլեյին, բայց այդպես էլ չպատասխանեց, թողնելով, որպեսզի հայոց ռոք-բեմի սոխակ Գոռ Սուջյանը հանգիստ երգի իր «Կուլամը»: Բայց երգն ընդհատվեց. զանգողը չէր պատրաստվում պատվերով ռադիոյի դեր կատարել:
– Կասեմ, որ կորցրել էի հեռախոսս,– ի պատասխան Մարտինի զարմացած հայացքի՝ ասաց Արփենը:
– Գործի՞ց,– ենթադրեց Մարտինը:
– Չէ, իմ մշտական նախկին ընկերն ա,– ասաց աղջիկը,– ժամանակ առ ժամանակ միանում ենք, բայց երբեք ոչ մի լուրջ բանի չենք հասնում:
– Պարզ ա:
Մարտինն արդեն պատրաստվում էր ինչ-որ եզրափակիչ խոսք ասել, երբ Արփենը լրիվ անսպասելիորեն շարունակեց մշտական նախկինի թեման:
– Ութերորդ դասարանում դասից փախնում էի, գնում իրանց տուն` ինքը սովորաբար առավոտը ալարում էր գալ դասի, իսկ իրանց տանը մարդ չկար: Հանվում էի, պառկում էինք մահճակալին:
Մարտինը կուլ տվեց բկին կանգնած զարմանքը` չմոռանալով հնարավորինս լայն բացել աչքերը:
– Բայց վերջին պահին ասում էի` ես պատրաստ չեմ, հագնվում էի ու գնում,– եզրափակեց Արփենը:– Իսկ դու՞ ինչ էշություն ես արել:
– Ե՞ս… – զրույցի ինտիմ ընթացքը շփոթեցրեց Մարտինն,– ցավոք, իմ դասընկերուհիներից ոչ մեկն ութերորդ դասարանում իմ ներկայությամբ չի հանվել:
Արփենը ծիծաղեց:
– Լավ, տեսնում ես` կարիք ունեմ իմանալու, որ էս աշխարհի միակ դեբիլը չեմ, մի բան հիշի:
– Հմմ… Ոնց որ հիշելու բան էլ չունեմ, կյանքս հնարավոր ամենալոքշ ձևով ա գնացել… Չգիտեմ, նախկին ընկերուհուս հետ նստում էինք իրանց առանձնատան կտուրին ու էշ-էշ լուսնին էինք նայում, իսկ առավոտը իրանց թաղի քյարթերը մեր վրա ղժում էին:
– Չէ, չանցավ,– ասաց Արփենը,– էդ իմ ուզած դեբիլություններից չի, մանկապատանեկան կույր ռոմանտիզմ ա` աստղեր-շմաստղեր:
– Լավ, մի հատ բզիկ ունեի երկար ժամանակ,– հիշեց Մարտինը,– երբ որ ինչ-որ աղջկա հետ ուզում էի տուսվել, առաջին ժամադրությանը տանում էի երկրաբանական թանգարան` հայկական մամոնտին նայելու:
– Ի՞նչ հայկական մամոնտ:
– Մի հատ մամոնտի տեսակ կա, կոչվում ա mammuthus armenica, ես էլ հպարտանում էի: Բայց աղջիկների մոտ դրանից հիմնականում ինչ-որ տարօրինակ տպավորություն էր ստեղծվում իմ մասին:
– Լավ, մի կերպ մխիթարեցիր,– ծիծաղելով համաձայնվեց Արփենը:
– Իսկ հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք,– հարցրեց Մարտինը:
– Խորը ընկերական: Բոլոր ընդհանուր ծանոթները խաղադրույքներ են անում` երբ ենք նորից միանալու:
– Ու ե՞րբ:
– Չգիտեմ: Ինքը հիմա ռոք-աստղ ա, իսկ ես Սինտիայի կարգավիճակի հավեսը չունեմ: Ավելի լավ ա հետո դառնալ Յոկոն:
– Իսկ Գարիկը՞: Թե՞ արդեն շատ եմ հարցեր տալիս…
– Չէ, դեռ համը չես հանում,– հանգստացրեց Արփենը,– Գարիկը վատ տղա չի, մի չորսը տարի կլինի ինձ ակտիվ սիրահետում ա, էսօր համաձայնվեցի հետը դուրս գալ, որ հասկանա, որ մեր միջև լավագույն դեպքում Գրանդ Կանյոնը կարող ա լինել: Ոնց որ թե հասկացրի:
Երկուսով նայեցին լուսնին, որը, չնայած ցերեկային վառ լույսին, արդեն աչքով էր տալիս:
– Երևի եթե էդ գիշերներից մեկին էսքան մոտիկ լիներ` չբաժանվեինք,– չգիտես ինչու բարձրաձայն մտածեց Մարտինը:
– Եթե էսքան մոտիկ լիներ` գլուխներդ կցավային:
Մարտինը դեռ փորձում էր լուսնի վրա ինչ-որ մեկին գտնել, երբ զգաց Արփենի ձեռքն այտին, հետո տեսավ նրա աչքերը համբույրի հեռավորության վրա: Իսկ հետո Արփենը նրան համբուրեց այնպես, կարծես այդ համբույրի կրքոտությունից կախված էր մարդկության ապագան: Բայց երբ Մարտինը վերջապես հասկացավ` ինչ է կատարվում, ընդունեց մարտահրավերը և փորձեց ամուր գրկել եսիմորտեղից իրեն հանդիպած տարօրինակ այս էակին, վերջինս նույնքան անսպասելի պոկ եկավ նրանից և կանգնեց «բարև, ո՞նց ես» անվտանգ հեռավորության վրա:
– Էլի ինչ-որ էշություն արեցի,– ժպտալով փաստեց Արփենը:
– Շատ ինքնաքննադատ մի եղիր,– ասաց Մարտինը:
Արփենը ափը դրեց Մարտինի այտին.
– Ես գնացի, մերսի հեռախոսի համար: Եթե մի օր հանկարծ հանդիպենք` միասին խնդալու թեմա կլինի:
Արփենը հեռացավ (նրա քայլվածքը նման էր լուսնի պարի), Մարտինը նստեց մոտակայքում տեղակայված նստարանին: Հիշեց ճղված վերնաշապիկի մասին, նյարդայնացավ, հետո հանեց տուփի մեջ մնացած վերջին սիգարետը, կպցրեց ու սկսեց չմտածել: Չմտածեց-չմտածեց ու աչքերը կպան: Արթնացավ ձեռախոսի զանգից: Արդեն մութ էր: Չուզելով հանեց գրպանից, նայեց ժամացույցին, հասկացավ, որ համարյա երկու ժամ անտուն թափառականի պես քնել է հասարակական վայրում, չճանաչեց համարը, բայց որոշեց պատասխանել:
– Լսում եմ:
Պատասխան չլսվեց, փոխարենը մոտակա փողոցային լապտերի տակ երևաց ինչ-որ կերպար` ձեռախոսն ականջին դրած: Կերպարը հեռացրեց ձեռախոսն ականջից ու ասաց.
– Ապեր, Մարտինը դու ե՞ս:
– Հա,– զարմացած պատասխանեց Մարտինը, մտքում նշելով, որ մեկ օրվա համար իրեն ճանաչող անծանոթ մարդկանց թիվը չափից դուրս մեծ է:
– Ես էսօր քո հետ ե՞մ խոսացել,– անծանոթն ուշադիր զննելով Մարտինին դանդաղ մոտենում էր առաջ:
– Ը… եսի՞մ… ե՞րբ:
– Տասերկուսի կողմերն էր, էն որ ասեցի` պակետի մասին,– անծանոթի ետևից հայտնվեցին ևս երկու կասկածելի պասաժիրներ,– Լյուդվիգն ա, չես հիշո՞ւմ:
Մարտինը, վատ բան կանխազգալով, նայեց Լյուդվիգին ու իր գործընկերներին:
– Հա, էն որ սխալվել էիք…
– Չէ, էն որ դու սաղ խառնիր իրար, նենց արիր, որ ես Հոսոյին պադվադիտ անեմ,– Լյուդվիգի ձայնի մեջ հստակ զգացվեց թյուրիմացությունը թշնամու արյունով մաքրելու անհագ ցանկություն:
Մարտինը ոտքի կանգնեց, բայց մինչ նա պաշտպանողական դիրք կընդուներ կամ պարզապես կփախչեր, Լյուդվիգի հետ եկած երկու գագո սապիենսներից մեկն ինչ-որ տախտակով անսպասելիորեն ստուգեց նրա մեջքի ամրությունը: Մարտինը կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ փորի վրա ուղիղ Լյուդվիգի ոտքերի մոտ: Վերջինս պահը չկորցրեց և «այ ոչխար, խի՞ չասիր, որ դու սխալ Մարտինն ես» բառերով սկսեց հարվածել Մարտինի փորին: Վերջինս ընդհանուր առմամբ յոթից-ինը հարված ստացավ մարմնի տարբեր մասերին, ինչից հետո Լյուդվիգն ու իր թզբեխակիցները շտապ հեռացան դեպքի վայրից: Մարտինի ուղեղը մի օրգանի ցավից կտրուկ անցնում էր մյուսին, բայց մի քանի րոպե անց ցավը պադոշացավ: Մարտինը շրջվեց մեջքի վրա՝ ձեռքերը սփռելով աջ ու ձախ:
Մի քանի րոպե պառկած էր անշարժ, աչքերի առաջ ինչ-որ տեսարաններ էին գնում-գալիս` նախկին ընկերուհու հետ կտուրին, Մարտունու գերեզմանոցի հողից դուրս եկող մռնչացող տիրանոզավր, հևիջազի տակ ինքնասպան լինող տխուր էմոներ, հայապահպան գործունեությամբ զբաղվող և տարբեր կրքոտ լոզունգներ ճվացող ազգայնականներ, մերկ Արփենը ռոք-աստղի դիմացը կանգնած, Գարիկի` ամառայինում երեքռուբլանոց պոռնիկ շինող հոպարը, խարակիրի անող Մայր Հայրենիքի արձանը, «Ունիվերմագի» այրվող խմբագրությունը, լուսանկարիչ Վարդանը, գինի խմող Արփենը… Շարքը կանգնեց այն պահին, երբ Մարտինն իր վերևում տեսավ Արփենի դեմքը: «Նա ունի շուրթեր և գիտի ինչպես դրանք օգտագործել», ուրախությամբ մտածեց Մարտինը, բայց ժպտալ չհասցրեց, քանի որ զգաց դեմքի վրա դույլից լցվող սառը ջրի զանգված: Երբ թափ տվեց գլուխն ու թքեց բերանը լցված ջուրը, հայտնաբերեց, որ իր վերևում տեսել էր ոչ թե Արփենին, այլ տղի պահակ պապիկին:
– Բալա ջան, ո՞նց ես,– անհանգիստ հարցրեց ուստան,– սկոռի պետք ա՞:
– Չէ, չէ, պապի ջան, հեսա ոտի կկանգնեմ,– հավաստիացրեց Մարտինը և ամբողջ մարմնով ճռռալով նախ նստեց, ապա պապիկի օգնությամբ կանգնեց:
– Տեսա, որ այլանդակները հինգ հոգով հասան վրեդ, էն էլ մինչև եկա` արդեն ստեղ ընգած էիր, ասի` մի հատ ջուր բերեմ, շփեմ դեմքիդ:
– Մերսի, մերսի, ճիշտ ժամանակին հասար,– մեջքը բռնելով և զգուշորեն քայլ անելով՝ ասաց Մարտինը:
– Հըմի կարա՞ս գնաս տուն,– շարունակեց պապին:
– Հա, վերջ, անցավ, բան չկա… Գնացի…
Մարտինը դանդաղ քայլերով շարժվեց դեպի թունելը:
***
Դուրս եկավ թունելից և նորից հայտնվեց այգում: Զարմանքով հայտնաբերեց, որ չնայած ուշ ժամին՝ ահագին մարդ է հավաքվել: Օրվա դառը փորձից ելնելով` մի փոքր զննեց` ովքեր են: Ոնց որ թե նորմալ ջագիներ էին: Հետո հասկացավ, որ մարդիկ հենց այնպես չեն հավաքվել` երաժշտություն են լսում: Զգուշությամբ, որպեսզի մարմնի ծեծված մասերը նորից չգրգռվեն, անցավ մարդկանց միջով ու կանգնեց կեսգիշերային երաժիշտների առաջ: Երեք հոգի էին` կիթառահարը, տամ-տամի վրա թրխկացնող թմբկահարը և փողահարը: Մարտինը ձեռքը տարավ գրպանը և հիշեց ցերեկը Վարդանի նվիրած շրթհարմոնի մասին: Եվ անչափ ուզեց այս խելագար օրը վերջապես անել մի բան, որն իր սրտով կլինի: Հանեց շրթհարմոնը, սպասեց ստեղծագործության ավարտին, և պահ ընտրեց, որ ընդմիջման ժամանակ մոտենա երաժիշտներին և խնդրի մի քանի րոպե նվագակցել նրանց: Եվ բարի երաժիշտները միայն ուրախ եղան ավելի սերտ կապ հաստատել իրենց ունկնդիրների հետ և հաճույքով ջեմսեշնի համաձայնություն տվեցին:
Մարտինը կանգնեց ջագի մելոմանների առջև, նայեց ուրախ երաժիշտներին, մտքում մի քանի անգամ միջնամատ ցույց տվեց անցած օրվա բոլոր իրադարձություններին (դե լավ, բացառությամբ Արփենի համբույրի), մոտեցրեց շրթհարմոնը բերանին, փակեց աչքերն ու փչեց:
Սկզբում լավ չէր ստացվում` վաղուց չէր նվագել, մատներն էլ ցավում էին: Բայց չհանձնվեց, շարունակեց: Վերջապես ինչ-որ մեղեդի ստացվեց: Տղաներն իրենց գործիքներով սկսեցին նվագակցել: Քիչ հետո երաժիշտներին ծափերով ու «այո՜»-ներով սկսեցին աջակցել ունկնդիրներն, ու Մարտինը իրեն զգաց ազատված և մաքուր:
Նույնիսկ աչքերը բացեց:
Լուսինն էր քաղաքի վրա:
«Վրեն»,– մտածեց Մարտինը: