Ներսես Աթաբեկյան | Անհրաժեշտ հուշում

Ներսես Աթաբեկյան

ՎԵՐՋՆԱԽԱՂ

Անցորդի նման ոչմիտեղից
ոչմիտեղ է գնում անցորդը,
ու ոտքերին էլի մաշիկներ են դեղին,
ճամփան անձրևներ է կթում հորդ,
ճամփան կայծակներ է գծում օդում,
ճամփան հեղեղում է իր տխրության լեղին`
թե առաքյալներն ուրացան Որդուն
և առաքյալներն ուրացան իրենց,
որ բազմատիրաժ գրքույկներ գրեն
առ այն մասին, թե ինչքան փիս բան է
ուրացման քամին, և առաքինի
արցունքներն իրենց ոնց էին քամում
ինքնասփոփման թաշկինակներով…

Փակի՛ր աչքերդ:
Ոչինչ, որ արդեն ոչինչ չմնաց
քամուց, անձրևից, կայծակից բացի,
փակիր ու անցիր դեղին հետքերով՝
ուր լուսաբացի մեղրը վայել է իրիկնահացին,
և ափերիդ մեջ
ճրագալույսը իմաստուն պիտի նորից թրթռա,
ու ճամփամոտիկ անշուք խրճիթի դուռ կբացի
քեզ երկու հազար տարի կարոտած
Աստըծո տղան…

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏ

Սիրամարտերում սպանված սրտիս
հիշատակը վա՛ռ:
Հոտնկա՛յս խմենք:
Ու բժշկական սպիրտը անխառն
թող լրիվ լուծվի կարոտների մեջ…

Օ՜ Դուլսինեա,
օ՜ ախմախություն անկրկընելի,
գանձագողերը քո մատույցներում
քարտեզը տարան քո մատույցների,
և արմատական ոչ մի բառարան
տկլորությունդ չի մտաբերում…

Պարտված են բոլոր դրոշներն արդեն
և ամրոցները խոնարհ են ու բաց…
օ՜ Դուլսինեա,
օ՜ ախմախություն աննրբազգաց,
երբ կատվախոտի բարդույթով հարբած`
չեն տարբերակվում գիշեր ու ցերեկ,
դեռ կա՞ վերադարձ…

Կներեք, տիկի՛ն,
տիկին, կներե՞ք,
մենք չե՞նք հանդիպել պատռված էջում,
երբ տկլորության անունը սեր էր,
բայց այլ ստվեր էր շուրջը անրջում,
որ մայմունության ամենավերջում
հրաժեշտի ցուրտ ծաղիկ նվիրեր…

Օ՜ Դուլսինեա,
անխառն սպիրտին՝ մի քիչ կենաց ջո՞ւր…

 

 

ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ
Մի հեռավոր ժամանակ եմ հիշում աղոտ…
Բ. Պ.

Ես մի հեռավոր ամառ եմ հիշում,
վարագույրների սենյակը կարմիր,
ու հայելու մեջ,- փշուր-փշուր,-
պարանոց, ուսեր… Մի խոսքով,
մարմին կամ էլ անմարմին
սիրո առաջին բեմելը… Անշուշտ,
ոչ մի խելքին մոտ բան չպատահեց,-
անծանոթ տեղանք, անտեղյակ մատներ,-
միայն սահեցին աչքերս անհետք,
ու հայելու մեջ աշխարհը մթնեց:

 

***
Ես մի հեռավոր ամառ եմ հիշում –
իմ տասնութ տարին ու տասնութը քո
մոլորվել էին կարմիր մշուշում՝
ու հույսի ոչ մի նշան… Մի խոսքով,
այստեղ հուշվում է հանգը «անշշուկ»,
բայց վերլիբրը ճռճռան թախտի
խախտում էր կարգը տաղաչափության:-
Նախախնձորի անհամություն էր
փչում դրախտից,
ու շրթունքներիդ նախաժպիտն էր
նախաչարության:

 

***
Ես մի հեռավոր ամառ եմ հիշում,
քեզ՝ ամեն տարվա երկրորդ եղանակ,-
դեռ չգիտեի, որ միշտ աշուն է
լինելու երբ սերն ինձնից նեղանա,
ու չգիտեի, որ հուշը շուն է –
արձակես՝ կգա, կապես՝ կկտրի.-
մեզնից մնում են միայն փշուրներ,
երբ սկսվում է նոր սիրատարին:

***
Ես մի հեռավոր ամառ եմ հիշում:
Շունչը պահել էր քաղաքը: Անծերպ
վարագույրների կարմիր թավիշո՞վ,
թե՞ լռությամբ էր հանկարծ գուշակել,
որ հմայախոս նախասպասման
լրումն այսքանն էր – ճնճղապաշար:-
Հայելին պարզվեց ու մեզ չտեսավ.
ժամերն արագ են, ժամանակն՝ անշարժ:

 

***
Ես մի հեռավոր ամառ եմ հիշում,
որ իմ ծննդյան օրը սկսվեց,
ու նայում էին իրերն անշարժում
հեռացող գարնան հետքերին, ու մեզ
թվում էր՝ կյանքը նորից է վարժվում
իր հանկարծակի տարակուսանքին,
ու նորից ինքնին իրեր են շարժվում
տարակուսանքով չսկսված կյանքի:

 

***
Ես մի հեռավոր ամառ եմ հիշում,
թե՞ ամառն է մեզ հիշում իր հեռվից,
ու նորից անտես մշուշ է շուրջը,
ու նորից ան-ես մշուշ է շուրջը,
ու նորից ան-քեզ մշուշ է շուրջը,
մշուշ է ու – միշտ…

 

ՍԵՐԵՆԱԴ

Աչքերս չեն տեսնում – քեզ,
վաղուց է այսպես – կույր,
գիշերը ո՜նց սիրեց մեզ,
առաջին ու վերջին քույր:

Գիշերը ո՜նց սիրեց,- տե՛ս,-
եկել է-չի գնում – ո՞ւր.
աստղե՞րն են գողացել, թե՝ քեզ,
առաջին ու վերջին քույր:

 

ՌԵՔՎԻԵՄ՝ ՀԵՌՎԻՑ

Անունս փոխեմ,
փոխեմ՝ ինչ եղել է՝
մարդիկ, տեղերը, թաքունը, ասելին,
չքանամ –
իմ կյանքի բոլոր մասերից,
չքանան՝
ձմեռվա հալ ընկած բեղերը,
ցմփորիկ գարունը՝ միայնակ մայր,
ամառվա տաղտկալի դեղնախտահեղեղը
ու մեռնող պոետները աշնան –

ի՛մ մասով.
դուք էլի մի բարձի ծերացեք,
միացե՛ք, հիացե՛ք, լիացե՛ք,-
ես գնամ,-
ապակու,
ապակու պես մաքուր,
անհնար թափանցիկ –

իմ միջով երբ անցնեք
ու թվաք ձեզուձեզ կատարյալ,
չքության իմ հեռվում
կհոսի կամացուկ
անհնար թափանցիկ
արցունքը ձեզ համար …

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՒՇՈՒՄ

Ես սա քեզ համար եմ պատմում,
մյուսները գիտեն քիչ թե շատ –
աշունը մի անհեր մանկատուն է,
պտտվում է երկինքը անշարժ,

անուղիղ քամու տակ, նկատո՞ւմ ես,
ծառերը ինչպես են կրճատվում,
աշունը մի անմեր մանկատուն է,
անանիվ սլացող կառաշար,

դեպի ո՞ւր. գծերին վանկատվում է
մի կյանք էլ՝ չուզված երեխա,
մեկ չի՞՝ քեզ սիրում թե ատում են
օտարի օրերը բարեխառն:

Ավարտե՛նք… Չասես՝ հավատում ես,
թե բախտը որբին էլ կսիրի,
աշունը անվերջ մանկատուն է՝
անկապույտ երկինքը ուսերին:

 

ԱՆՀԱՍՑԵ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Սա այն տունն է, որ շինել է վարպետ Օհանը,
բայց դու չես ապրում այս տանը,
որ շինել է վարպետ Օհանը,
ու չես ապրում այնտեղ,
ուր ծփում է Սևանը,
ու չես ապրում այնտեղ,
ուր հայի-թուրքի սահմանը
գծել ու պահում է վարպետ Իվանը,
նույնիսկ այնտեղ,
ուր ծաղկում է յասամանը
ու իր հոտից էլ շուտ անհետանում,
ոչ էլ Էրեբունի դարձող Երևանում
կամ էլ Հոգևոր Հայաստանում,
ինչպես խոստացավ Տերյանը,-

դու չես ապրում այնտեղ,
որովհետև չես ապրում ընդհանրապես,
քեզ հորինել է մի առավոտ պատահական քամին,
մի պատահական ծիտ կտցել է զգույշ,
մի պատահական զատիկ
պատմել է՝ ինչպես է պատահում հարությունը,
ու միանգամից եղել է՝ ինչ պիտի լիներ,
ու չլինելին էլ եղել է միանգամից,-
անսկզբնական ու անվերջավոր,
չալֆա ու չօմեգա,
անաշակերտ ու անառաջնորդ,
ներսաբառից փքված շրթունքներով,
լեզվին առաջին կաթի ու վերջին նշխարի
չվիճակված համը,-

բայց մեկ-մեկ ո՜նց է ուզվում ապրել այն տանը,
որ շինել է վարպետ Օհանը…

 

ՀԱՆԴԻՊԱՎԱՅՐ

Աշնան անունը Վահան Տերյան էր,
պատահաբար այգում հանդիպեցինք,
հայացքը խռպոտ ու թաց էր ձայնը,
ու հալածվածի շնչարգելությամբ
շուրջը պտույտ էր տերևաթափի,
մի կաթիլ անձրև ընկավ բաց ափին
ու տարածվելով՝ ջրհեղեղ դարձավ,
ըստ մի վարկածի՝
իրար այդպես էլ ոչինչ չասացինք
անձրևից բացի,
մյուս վարկածով՝
արդեն որերորդ իր եղանակն է
պտտում կյանքը՝
ես այնտեղ եմ դեռ,-
վերադարձիր, օ՜, վերադարձիր…

 

ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Ու երբ հայելին նայի հայելուն,
կույրը կերգի թռչունի ձայնով,
կծղրտա նախ,
հետո գտնելով երանգն անծանոթ
կբարձրանա կամ կիջնի (կարևոր
չէ տվյալ դեպքում ուղղությունը),
նվագակցում են.
1-ին ջութակ (ինքն էլ՝ վերջինը)
2-րդ արալեզ՝
քիմքին արնահամն Արևարքայի,
և այս երկուսի ոսկե միջինը՝
մի շնաջութակ կամ ջութակաշուն,
որ չափ է տալիս պոչիկով նախշուն,
մինչև հայտնվի գլխավոր ջինը,
ու շուրջն ամեն ինչ
դառնա հայելի
կամ էլ չլսված երգեցողություն…

Ըստ ասացության՝
ինչը վերևում, նույնն էլ ցածում է,
բայց աստվածները իզուր են կարծում,
թե արարչությամբ գործն ավարտեցին.
տե՛ս, ոնց էլ հաշվես՝ երրորդություն է,
ու հայելին է նայում Աստըծուն…

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ: Անձրև: Անչորություն:
Տապանի կառուցում:
Պարտադիր ցուցակներ էգ ու որձի:
Ու բիբլիական անզորություն,
երբ գիտափորձի անողոքությամբ
ընկերությունը տրոհվում է
քվանտային հոսքի,
խոսքի՝ երբ Մին էինք քանց Աստված,
ու ոսկին հակացուցված էր,
նույնպիսի հոսքից դառանք
նմանություն ու կերպ,
հիմա ճոճանակը գալիս է հետ,
որ համոզվի՝
ամեն ինչ ավարտված է,-
միայն ապրիլ, անձրև, անչորություն,
ճշմարտության դառը անշորություն,
պարտադիր ցուցակներ՝
էգ ու որձի միակ հայտանիշով,
ու մեկ էլ՝
մեզ այնտեղ չգտած մատի
հիասթափված շողքը,
որ բարձրանում է վեր՝
մի քանի անուն էլ թողած
Մնացողաց հուշապատին:

 

ԼՈՒՍԱՆՑՔՆԵՐՈՒՄ

Ձեռքը ցավում էր,
մյուսով բռնեց ծխախոտը,
գրիչին ձեռք չմնաց,-
ուրեմն մինչև լուսաբաց՝
պարզապես ասացող
ու բանավոր վարք,-

բազմավանկ
մուտքաբառի
վտարված կուռքը
աչքի պես սահում էր լուսանցքով՝
ճերմակ ճանապարհի նմանակ,
ու ոչ մի սայթաքում,
մանավանդ՝
ճանապարհի ծայրին,
ուր պիտի սպասեր
մի ամբողջական նկանակ,
մի կթղա ջուր
ու հայտնություն,-

հարթ էր՝
գլոբալացված ուղեղի նման,
գերազանցիկի անշեղ ընթացքի պես,
ինչպես մարդահամար՝
ցեղասպանված երկրում,
ու նույնիսկ մեկումեջ հանդիպող դեպքերը մանր
հետին թվով ուրիշ կերպար էին ընտրում
մնջախաղի համար,
որ գրչագիր մասով թվացել էր անմահ
ու ճերմակ էր հիմա,-

անցյալն անցել էր,
հետոն անցյալից վաղ էր անցել,
միայն լուսաբացն էր իրական ու ահարկու,
որ աննկատ մոտեցել
ու ճերմակ լուսանցքից
ինչ-որ մեկի իզուր կյանքն էր նմանակում…

 

ՏԱՊԱՆԻ ՄԵՆԱԿԸ

Եվ ընտրված էր արդարակյացը,
նշանակված էր ժամը ելքի,
համարակալված խցիկներում
սրվակների մեջ համարակիր
գենի նմուշները էգ ու արու
սպասում էին իրենց երթին,
որ նշանակված հեռավայրում,
փորձարաններում Տիրոջ լեռան
հերթով հագնվեն միս ու արյուն
ու հոտոտելով հուշը մեղքի՝
ի շրջանս նախկին վերադառնան:

Իսկ նավակողից մի քիչ ներքև,
որտեղ ջուրը արդեն բարձրանում էր,
աղաղակող մարդկանց օրորում էր թեթև
նախավերջի պղտոր տամկությունը,
վերը Նոյն էր՝ աղքով իր սակավիկ,
վարը՝ ջրահեղձներն իր ապառնի,
ու ոչ մեկին պիտի իր հետ առնի,
նույնիսկ ծղրտացող երեխային
(ինչպես տեսավ-պատմեց
Խաչիկ Մանուկյանը),
ու բոլորիս հիվանդ թոքերի մեջ,
ու բոլորիս հիվանդ ականջներում
խեղդվող երեխայի վերջին ձայնն է…

Եվ տապանն անշարժում ջրերին
Առաջին խոսքի պես օրորվեց
կամ Վերջին խոսքի պես օրորվեց
ափերում վերևից Նայողի,
որ գիտեր Նոյից առաջ էլ
և Նոյի հետոն էլ ու գինը –
ջուրը ջնջելու է Տիրոջ
գործերը 1-ից մինչև 6,
բայց պատճենն առաջնեկ է դառնում,
երբ մայր է մտնում բնագիրը,
գիտեր ու դանդաղ ջրերին,
մարմինը խաչակերպ օրորեց,
որ տեսնեն նոր երկինք ու երկիր,
ու տեսնեն՝ չմնաց անտապան
ոչ մեկի աղերսանքը ափին,-
մահ չկա, և ինքն է ճանապարհը…

Աստծո երեխան էր՝ Մենակների Հայրը:

 

ԵՐԿՐԱՊՏՈՒՅՏ

Ես չգիտեմ, դու էլ հաստատ՝
ամպը ոնց է դառնում անձրև
իրականում,
պինդը՝ հեղուկ,
հեղուկը՝ հոտ,
հոտը ոնց է վերադառնում
ամպամածի նախատեսքով
ու՝ նորից ցած,
և իր անցած ճանապարհին
մենք ինչպես ենք
իր նմանին
կերպափոխվում՝
դառնալով ծառ,
հետո՝ ավիշ,
հետո օղակ-օղակ-օղակ
հիշողություն հատած ծառի,
որի մարմինն
անձրևներն են նախ լվանում
հետո զգույշ պատանում է
քույրիկ քամին,
ու բոլորով ո՞ւր են տանում,
ես չգիտեմ, դու էլ հաստատ՝
ո՞ւր են տանում
իրականում…

 

ՉՎԵՐԱԴԱՐՁ  ԾՆՆԴԱՎԱՅՐ

Տոմս առ
(ավտոբուսի, օդանավի, աստղաթիռի…)
արթնացիր լուսաստղից առաջ,
կոկիկ հավաքիր ճամպրուկդ
ու բոլորից վաղ հասիր կայան
(ավտոբուսի, օդանավի, աստղաթիռի…),
մեկ է, չես գնա ոչ մի տեղ,
կտեսնես ընդամենը զառամյալ
(արդեն ո՛չ տղամարդ ու կին)
մարդիկ, որ հավաքվել են քեզնից էլ վաղ
ու չեն հիշում, թե ուր պիտի գնան,
կոկիկ հագած-կապած,
ձեռներին կենսաչափական անձնագրեր՝
ու չեն հիշում, թե ուր պիտի գնան,
ում պիտի սիրեն,
ում՝ ոչ այնքան,
ինչ անուն գրեն առաջին ձյուներին
և ինչ ասեն ջրին մի գարուն անց,
որ անունն անվթար հասնի նրան…
ո՞ւմ հասնի… չեն հիշում արդեն,
միայն՝ որ պիտի գնային
ու չեն գնում հանկարծ,
միայն՝ չկորցնեն տոմսը, փողը,
ոչ մի կայծ՝ կոշիկների փայլից,
ու կյանքը՝ մոդայիկ սննդակարգ,
ու քանի մակաղած հոտոտում են իրար
ու չեն գտնում իրենց,
անողոք ճշտությամբ
(ավտոբուս, աստղաթիռ, օդանավ…)
մեկնում են դափ-դատարկ,
պատուհաններին՝ երեխաների լուսանկարներ՝
մակաղածների հեռավոր նմանությամբ,
պատուհաններին՝ պատկերներ ջրաներկ,
պատուհաններին՝ կերպարը քո մակաղած՝
անիմաստ բարձրացող լուսաբացով մեկ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *