-Ազիզամ, «ռուփուշ» [1] ունե՞ս, թե տանք. Գիտես չէ՞, որ պիտի կարգին ծածկված լինես:
-Գիտեմ, Անուշ ջան…ծածկող շորեր ունեմ, բայց երևի ձեր «ռուփուշը» տեսնեմ՝ ինչ տեսք ունի…
«Ռուփուշը» մոխրագույն էր՝ իմ վրա մեծ, իմ վրա լայն. Չէր ծածկում է, անհետացնում էր ինձ՝ դարձնում անտեսանելի, մկան պես թաքուն ու ծածուկ…Սիրտս պայթեց, որ պատկերացրի ինձ սրանով փողոցում քայլելիս, անմիջապես հանեցի հագիցս, բայց Անուշը հորդորեց անպայման վերցնել հետս. Եթե Թեհրանում համարեին, որ իմ շորերը «հարամ» են, ստիպված պիտի դրանք հագնեի…
Երկու օր անց մոխրագույն «ռուփուշը» կարմիր ճամպրուկիս մեջ նստած էի Երևան-Թեհրան ավտաբուսում. Ճամպրուկիս գույնը կարծես պիտի ասեր՝ չհամարձակվեք ինձ չնկատել: Անուշը հրաշալի ճանապարհի ընկեր էր՝ հոգատար, բարի ու հրաշալի զրուցակից…Քսան ժամ ճանապարհ էինք գնալու միասին՝ երկար ու ձիգ այդ ժամերը, սակայն, պիտի աննկատ անցնեին, որովհետև Անուշի պատմած պարսկահայկական պատմությունները կլանել էին ուշադրությունս ու ժամանակը ի զորու չէր ինձ ձանձրացնել…
-Իմանու՞մ ես, մենք Պարսկաստանում շատ տարբեր հայկական անուններ ենք դնում մեր զավակներին ու որ գալիս ենք Երևան, ապշում ենք՝ ասես բոլորին նույն մարդը անուն տված լինի: Մի օր մի պարսկահայ ասում է՝ գիտե՞ս հայաստանցի նոր ընկեր ունեմ, ասում եմ՝ անունը Արմե՞ն է, ասում է. «Չէ, ճիշտ հակառակը՝ Գագո»:
Անուշն ասում է ՝ լավ եմ ծիծաղում ու էլի է պատմում:
-Ծանոթներիցս մեկը Երևանում ավտոբուս է նստում, տեղ հասնելիս վարորդին ասում է. «Վարպետ ջան, հոգնած չըլնեք, եթե նեղուչյուն չի ձեզի համար, մեկ հատ կանգ առեք, ես վար իջնեմ»: Վարորդի փրփրած պատասխանը չի ուշանում. «Կարո՞ղ ա գիտես՝ ես քո զահլեն ունեմ, իջնում ես, ասա՝ պահի, իջնեմ»: Հետո էդ ծանոթիս երևանցի մի տիկին խորհուրդ էր տվել. «Դու մի՛ խնդրի, դու պահանջի՛, որ հետդ հարգալից լինեն»:
Ավտոբուսի մեծ մասը իրանցիներ էին՝ մուսուլմաններ ՝ «հալալ սնվող» մուսուլմաններ, որ մինչև Իրանի սահման հասնելը բոլոր կանգառներում խորոված էին պատվիրում ու կարմիր-կարմիր գինի: Մտածեցի՝ հալալի մասին պատկերացումներս խեղաթյուրված են, երևի: Իսկ ես ու Անուշը մեզ մուսուլմանից ավելի մուսուլման էինք պահում՝ ողջ ճանապարհին «նան օ փանիր» [2] կերանք ու ամեն անգամ Անուշն ասեց՝ կպա՜վ: Ու ամեն անգամ ես փորձեցի հասկանալ՝ ի՞նչն ու ու՞ր կպավ, բայց՝ ապարդյուն: Հետո խիզախություն հավաքեցի ու պարզեցի, որ պարսկահայը զգում է այն, ինչ զգալու դեպքում հայաստանցին ասում է՝ «դզեց», ինքն ասում է ՝ կպա՜վ:
Էսպես, ես ու Անուշը մուսուլմանական ասկետությամբ, իսկ իրանցիները՝ հեթանոսական շվայտությամբ, հասանք Ագարակ՝ Հայաստան-Իրան սահմանին:
Արաքսի ափին էինք ու մեզ մեր ռազմավարական գործընկերներ հյուսիսային եղբայրները պիտի ստուգեին ու թույլ տային անցնել սահմանը: Մոտեցանք անցակետին. Ապակուց այնկողմ բարետես, շիկահեր մի տիկին էր. Ճիշտ նրանցից, որ հայ տղամարդկանց մեծ մասի համար գեղեցկության իդեալական կերպար են համարվում: Նա ստուգեց Անուշի անձնագիրն ու «բարի ճանապարհ» մաղթեց ռուսերենով, ես էլ թարգմանեցի ու Անուշը մի քայլ հեռացավ մեր հայրենիքի սահմանից: Հերթն իմ անձնագրինն էր. Մինչ տիկինը զննում էր իմ անձը հաստատող այդ թղթի կտորը, ես էլ իրեն էի զննում ու մտածում՝ դե հա, սիրուն ա էլի: Տիկինը հանկարծ հեգնական ժպտաց ու կանչեց.
-Андрей, настал твой час:
Ինձ թվաց՝ ինչ-որ բան ճիշտ չլսեցի: Բայց ահա՝ երիտասարդ մի սպա է մոտենում՝ ենթադրաբար Անդրեյը, բայց ո՞րն էր նրա «չասը»:
-Смотри сюда,-Ու նայում են անձնագրիս, հետո ինձ, հետո իրար ու ժպտում են՝ հեգնական ժպտում: Էս արդեն չեղավ․ էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ են խոսում հայացքներով ռազմավարական գործընկերներս:
Անդրեյը զբաղեցրեց շիկահեր գեղեցկուհու տեղը, անձնագիրս վերցրեց ձեռքը, շեշտակի նայեց ինձ ու.
-Гражданочка, Вы не имеете право покидать страну.
-Извините?
-У вас нет выездной визы.
-Как это-нет, вот виза,- ցույց տվեցի անձնագրիս մեջ խփած իրանական վիզան, բայց խոսքն, իհարկե, դրա մասին չէր․ ես եկել հասել էի Ագարակ՝ առանց ելքի վիզա ունենալու: Անփություն էի արել, մի արարք, որի մասին բարեկամներիցս մեկը, որ լսեր, կասեր՝ դասական կին ես, ֆեմինիստ ընկերներս էլ կասեին, որ նա սեքսիստ է բայց դե դա կարևոր չի: Կարևորն էն է, որ իմ անձնագրում մի կնիք պիտի լիներ ու էդ կնիքը չկար, ու դրա պատճառով Անդրյեյի «ժամն» եկել էր, այսինքն իմ՝ հանցագործության փորձ կատարելու վերաբերյալ զեկուցագիր գրելու ժամն եկել էր: Անդրեյը գրում էր, իսկ ե՞ս․ Աչքերիս դիմաց սևացել էին, չէի հասկանում՝ ինչ կատարվեց ու դեռ ինչ պիտի կատարվի, բայց լացս գալիս էր ահավոր…Հա, բարեկամս, էն, որ մյուսների կարծիքով սեքսիստ է, կարող է էլի ասեր՝ կին ես, դասական կին։ Չգիտեմ, գիտեմ միայն, որ հոնգուր-հոնգուր լացում էի…
-Успакойтесь, гражданочка, ничего страшного, не надо плакать. Вы сейчас должны поехать в милицейское отделение.
Էս լսելուն պես նստեցի, գլուխս առա ափերիս մեջ ու արցունքներիս ավելի լայնարձակ ազատություն տվեցի…
-Ազիզամ, ավտոբուսը շարժվում ա, ես պիտի գնամ…կներես, կգրես, տեսնեմ՝ ինչ արեցիր…
Ոժ չունեցա գլուխս բարձրացնեմ, ձեռքով հաջող արեցի Անուշին: Լացում էի ու մտածում՝ հիմա ես ինչ եմ անելու, ետ պիտի գնա՞մ, բա գրքերի փառատոնը, բա Թեհրանը, բա հեռվից ինձ կանչող Արևելքի գանձերը: Ու աչքիս առաջ նա էր, որ ասում էր. «Ախր կինը մենակ էդքան ճանապարհ կկտրի՞»: Ու աչքիս ես էի, որ ասում էի. «Բայց ես հասուն մարդ եմ, ի՞նչ կա որ, ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի»: Ու էլի նա էր՝ «Մի՛ գնա»: Ու ես՝ «Չեմ կարող էս հնարավորությունը բաց թողնել»: Ու աչքիս արցունքներ էին, անզորության արցունքներ, հասուն ու կազմակերպված չլինելու մասին շեշտակի ճշմարտության հարվածը դեմքիս զգալու արցունքներ….
-Քույրիկ ջան, կուզե՞ք՝ թեյ բերեմ Ձեզ համար, – մաքսատան աշխատողն էր. Երևի մտածել էր՝ պիտի որ սաստիկ ցուրտ լինի իմ նման «լացկանի» համար:
-Աղջիկ ջան, մի՛ խառնվի իրար, հանգիստ նստի՛, հետ գնա Երևան, «պեչատը» կխփեն, հետ կգաս -ոստիկանն էր․չէր հասկանում, որ հասուն չլինելու մասին պարտությունը դժվար էր ընդունել:
-Իսկ էստեղ չի՞ լինի դա կազմակերպել, – քիչ էր մնում անգամ կաշառքի մասին ակնարկ անեի, թե արեցի էլ՝ մեղա՜, մեղա՜…
-Աղջիկ ջան, մեր ձեռը բան չկա, էս ռուսներն են ստե որոշողը, իրանք էլ ոչ մի ձև չեն թողի հաստատ։
Լավ, տարբերակ չկա: Պետք է դիմել օգնության: Զանգում եմ՝ առաջինը նրան, որ խնդրում էր՝ մի գնա։ Փորձում եմ հնարավորինս զուսպ ու հավաք պահել ինձ՝ ի՞նչ կա որ՝ հասուն մարդկանց հետ էլ է պատահում, և հետո՝ ես բոլորովին խուճապի չեմ մատնվել, պարզապես պետք է հասկանալ՝ ի՞նչ կարող ենք անել:
-Սպասի՛, -ասում է,-գալիս եմ:
-Ա՜խր, վեց ժամից շուտ գալ չի ստացվի, և հետո՝ ի՞նչ կփոխվի քո գալով:
-Կփոխվի էն, որ դու մենակ չես լինի, կգամ ու կվերադառնանք Երևան:
-Բայց մի րոպե, միգուցե՞մի բան մտածենք ու ես, այնուամենայնիվ, շարունակե՞մ ճանապարհս:
-Ա՜խր, ինչի՞ ես ինձ տանջում. Չե՞ս հասկանում, որ անհանգիստ եմ:
-Դու մի՛անհանգստացի՝ ամեն ինչ կարգին ա, ես էլ՝ հասուն մարդ եմ, -գրողը տանի, հուսով եմ՝ արցունքներս տեսնողները «սուտ» վկայություններ չեն տա:
Խոսեցինք ևս մի քսան րոպե․ հեռախոսս մի անգամ էլ լսեց, թե ինչքան կարևոր են ինձ համար գրքերի փառատոնը, Թեհրանը, Իրանը…իմ գնալը, վերջապես, տանից դուրս գալն ու ճանապարհի կեսին չմնալը…Կեցցե՛ կանացի դիվանագիտությունը: Վճռվեց՝ ծանոթ ենք գտնում գիշերելու համար ու մի մեքենա, որ անձնագիրս հասցնի Երևան:
Ծանոթ գտնելը «մի բուռ» հողում դժվար գործերից չի…Ու նա գտնվեց ՝ եղբորս ընկերոջ մորաքրոջ ամուսնու հորաքրոջ տղայի աներձագի եղբայրը. «Հարազատ հոգի» մի մարդ… Ո՞նց մինչև հիմա չենք հասցրել ծանոթանալ…Տալիս են ծանոթիս համարը, զանգում եմ….
-Քիրա ջան, քյամ իմ, մտածես վէչ։
Ծանոթի անունը Մաթոս էր՝ բարձրահասակ, թիկնեղ մի մեղրեցի, որ մեղրածոր խոսքերով ինձ փորձեց մխիթարել ու հավաստիացնել, որ ամեն ինչ լավ է լինելու….
– Յեշի հինչ ինք անում, ես խոսացալ իմ միլիցիքերի հեդ, ասել են, քինաս բաժին, դիմում գրես… Դու իրունց հետ հանգիստ քյինա, խնդիր կա վէչ, բոլոռն էլ ախպեռ տղէք էն, ռուսնին իլ նորմալնի աֆիցեռնի ին…Մտածես վէչ, ուղղակի էտ դիմումը պառտադիռա…Էտ ընոացքումը ես մաշինա քթնեմ Երևան քյինացող ու պասպռտդ ուղարկեմ …Քեզ ետ կըպիրեն տամոժնի, ստեղաց իլ քեզ կտանեմ մեռ տունը…Ես էլ դե գյուդում իս՝ ամուսնած իմ, խոխեք օնիմ… Կնիկս էլ քեզ կդիմավոռի, կհացավոռի, վաղն էլ հենա ճանապարհդ կքինաս… Պյմանավորվեցի՞նք։
-Լավ….
-Բայց մի հատ էլ կասես՝ էս խի՞ ես պարսիկների երգիր քինում:
-Դե ո՞նց ասեմ․ իրանագետ եմ, հրավիրված եմ գրքի փառատոնի:
-Վա՜յ, քու հավեսին…խի Րևան գիրք չկա՞, որ հասնում իս չոլերը…
-Ախր, ինչի՞ ա չոլ….խոշոր քաղաքա , մայրաքաղաք…
-Լավ, լավ, ժամանակ չկա հիմա, պիտի ոստիկանություն քինաս….
Ոստիկանություն բառը, որ արտասանում էին, ինձ թվում էր երազի մեջ եմ…Բայց որ ռուսական «վիլիսը» կանգնեց, երազը դարձավ շոշափելի ու պակաս զարհուրելի…Ուղեկցող սպան բարեկիրթ մի երիտասարդ էր՝ ժպտադեմ ու սիրալիր։
-Востоковеду в Питер надо ехать, а не в Тегеран…И почему Вы одна, гражданочка?
Ո՞նց բացատրեմ, որ մենակ չեմ, ախր…երազներս հետս են, վախերս ու վախերը հաղթահարելու անհագ ցանկությունը հետս է, համարձակ լինելու արցունքախառը պոռթկումը հետս է, Արևելքի մասին պատկերացումները հետս են…անօգուտ է. Անձնագիրս ամեն ինչ բացատրում է իմ փոխարեն՝ մենակ եմ ու մի քիչ անօգնական, թեև արդեն համեմամատաբար հանգիստ. չէ՞ որ գտնվել է հարազատներիցս մեկը, որ դու մի ասի հենց այստեղից է. Ինչպիսի՜ բարեբախտություն….
Ոստիկանությունում սիրալիր ոստիկան էր, արցունքների տեղը զբաղեցրած անբացատրելի դող էր ու իրավիճակն ընկալելու համառ անկարողություն….
-Քույրիկ ջան, հիմա պիտի դիմում գրեք, որ Դուք Երկիրը ապօրինությամբ լքելու դիտավորություն չեք ունեցել. Ընդամենը սա, հուզվելու առիթ բացարձակ չկա:
-Ես չեմ հուզվում, այսինքն հուզվում եմ, մի քիչ անսովոր ա ուղղակի….
-Ահա, այստեղ ստորագրեք ու կարող եք գնալ….
-Արդե՞ն:
-Իհարկե, մնացածը ինքս կգրեմ, չեմ ուզում այդքան անհանգստանաք…Որտե՞ղ է Ձեր ճամպրուկը, տվեք դնեմ մեքենայի մեջ…Դուք էլ հանգիստ նստեք, հիմա կշարժվենք…
Մաթոսն ասել էր՝ կարող է հարցաքննեն, չմտածես, ես կխոսեմ հետները, ասել էր՝ կարող է փող ուզեն, թե ունես՝ տուր, թե չէ՝ ես կտամ իրենց, ասել էր՝ կարող է մի կես ժամ տևի դիմում գրելու գործընթացը, չմտածես՝ շուտ կանցնի…
-Շնորհակալ եմ, Դուք իմ հանդիպած ամենաբարի ոստիկանն եք, -ժպտաց…նա իմ հանդիպած առաջին ոստիկանն էր…ու բարի էր ու փող չէր ուզում…Մաթո՞ս…դու ինձ ի՞նչ բարեկամ է՞իր…մի հատ էլ ճշտենք, էլի…Չէ, լավ, կարգին էլ մոտ հարազատներ ենք, պարզապես մեր երկրի ոստիկաններին լավ չես ճանաչում…
Նստեցինք նույն «վիլիսը», վերադարձանք մաքսակետ:
Մաթոսը դեմքի գոհ արտահայտությամբ դիմավորեց մեզ ու, ճամպրուկս վերցնելով, տեղավորեց իր կարմիր «Ջորիի» մեջ:
-Բա իմացար վէչ, պասպըռտըդ մի կամազով արդեն հրէ քյինում ա Էրևան։
-Իսկապե՞ս, շնորհակալ եմ:
-Մնըմ ա սա ժամանակին տեղ հասնի, ընդեղ ժամանակին պեչատը խփեն, վաղը հետ ղրգեն, վաղվա ավտոբուսին կգնաս…
-Տա Աստված, հասցնեն:
-Դե եթե չհասցնեն, էն մյուս օրը կգնաս:
-Ախր, տենց չի լինի, մինչև գնամ՝ փառատոնը կավարտվի:
-Ա, ինչ փառատոն, է՜, ստե փառատոն կա վէ՞չ, ես ուղղակի զրմանըմ իմ …
-Դե, ինձ համար կարևոր ա գոնե վաղը հասնել Թեհրան:
-Կհասնես, կհասնես…մի մտածի:
-Հիմի նստի, գնում ենք տուն:
Ճանապարհին զրուցում ենք մեր ընդհանուր ծանոթներից…
-Բա դու Արտուշին որտեղի՞ց ես ճանաչում:
-Արտուշի՞ն։ Ես Արտուշ չեմ ճանաչում…հա, Արտուշը, եղբորս ընկեր Արտաշի մորաքրոջ ամուսին Գարուշի փոքր աներձագ Տիկուշի…ի՞նչն էր…
-Բա տենց ասա… ինչ զուգադիպություն ա, բայց…հենց պտի գայիր ու Մեղրի մնայիր…
-Դե Իրան մենակ սենց ա հնարավոր գնալ, չէ՞:
– Դե հա, բան չասի, բայց դե լավ զուգադիպություն ա, իրոք…Արտուշին հազար տարի ա չէի տեսել, էսօր որ չզանգեց, ասավ՝ «ախպերս, մեր քուրը հմի ձեր յանն ա, մի հատ տես ինչով կարաս օգնես», ոնց որ սենց ուրախությունից յոթերորդ երկինք թռա…
Հայելու մեջ տեսավ զարմացած հայացքով դեմքս.
-Դե չէ, սխալ չհասկանաս, ես, իհարկե, ուրախ չեմ, որ սենց բան ա եղել, բայց դե ախպորս հմար մի լավություն անելը մի աշխարհ ա իմ համար…
Թե ասա՝ «բախտ եմ ասել, է՜» քեզ սահմանի վրա պահում են, որ իրար գրեթե մոռացած ախպերներ Մաթոսն ու Արտուշը մի «հրաշալի զուգադիպությամբ» իրարից բան խնդրելու առիթ ու իրար օգնելու բարեբախտություն ունենան…
Գնում ենք, հասնում իրենց շենք, ճամպրուկս վերցնում է, բարձրանում ենք երրորդ հարկ, դուռը թակում է, բացում է Մաթոսի կինը…Երեկոյան տասնմեկն է, շեմքին իր ամուսինը, կողքին անծանոթ՝ ես, իր ամուսնու ձեռքին էդ անծանոթ ես-ի ճամպրուկը…
-Նինա ջան, ծանոթացի՝ սա…ես հիմա կբացատրեմ, թե ով ա…
Նինան այլայլված կանգնել ա շեմքում.
-Համեցե՛ք,- բայց հայացքով հազար հարց ա տալիս ու ո՞վ գիտի, թե իսկի մի պատասխան ստանո՞ւմ ա, թե չէ:
-Նինա՛, դու Արտուշին հիշում ե՞ս, չէ՞, բա նրա փեսա Գարուշին, չէ՞…Դե կարճ ասած՝ էս աղջիկը Թեհրան պտի ըլներ հմի…
Զարմացած հայացք:
-Ես իրանագետ եմ, Թեհրան եմ գնում, որ գրքի փառատոնին մասնակցեմ:
-Արտուշի՞ հետ:
-Արտուշն ո՞վ ա:
-Նոր Մաթոսն ասում էր՝ Արտուշ:
-Հա, Արտուշը…չէ, ես մենակ եմ գնում Թեհրան, դե , ուզում էի գնալ, չստացվեց…
-Էլ չե՞ք գնալու:
-Կգնամ, երևի, եթե անձնագիրս էսօր ժամանակին հասնի Երևան, վաղը ժամանակին վերադառնա Մեղրի, ավտոբուսն էլ ժամանակին հասնի Ագարակ:
-Իսկ եթե չէ՞:
-Նինա ջան, Դուք մի անհանգստացեք, ես Ձեզ նեղություն չեմ տա, եթե վաղը չստացվի գործերս, ես ետ կգնամ Երևան:
-Չէ, մեզ համար նեղություն չի, ուղղակի…
Մաթոսն ու՞ր ա, է՜…ախր ինքը լավ գիտեր, թե մենք ինչ բարեկամ ենք, մի կարգին բացատրեր, էս աղջկա սիրտը տեղն ընկներ…լվացվեց, եկավ…
-Ուրեմն, էս մեր քույրիկը, խելքին փչել ա, թե ինքը իրավագետ ա…
-Իրանագետ:
-Վերջը: Մի գրքի փառատոնի համար տուն ու տեղը թողել, քինըմ ա Պարսկաստան:
-Հինգ օրով եմ գնում ընդամենը:
-Հլա կաց, հասի, հետո օրերը կհաշվես: Էկել հասել ա սահմանին՝ առանց պեչատի….լա դու պատկերացրու՝ կնգա խելք՝ անպեչատ փառատոնի ա գնըմ…
Գրողը տանի, էլի ողջ «գեղեցիկ սեռի» պատիվը գցեցի, թե ասա՝ մի պեչատն ինչն էր, որ չէիր խփել, հիմի գլուխդ բարձր կքայլեիր, գլուխդ ծածկած կքայլեիր ու կպատմեիր, որ քո սեռը, որ քո սերունդը էնպիսի մի մակարդակի է հասել, որ մենակ ճամփորդում է, որ մենակ փառատոնի է մասնակցում, որ մենակ համոզում է հայր, մայր, եղբայր, ամուսին ու որդի, որ աշխարհը փոխվել է, որ էդ աշխարհում ինքը քաղաքացի է ու փառատոնին հրավիրված քաղաքացի…
-Արտուշը զանգեց, գնացի մաքսակետ, տենամ՝ նստած լացում ա…
Լացու՞մ էի բայց, թե «սուտ վկայություն» են տվել…
-Ասեցի՝ չմտածես, հեսա տանեմ մեր տուն, Նինան մի տաք թեյ կսարքի, մի լավ հաց կտա, հետո կքնես, առավոտը ճամփեդ կշարունակես…
Նինան զննող հայացքով նայում ա դեմքիս…
-Թեյ սարքե՞մ…
-Չէ, շնորհակալ եմ…
-Ա, ի՞նչը չէ, վեց ժամա սառած նստած ա ընդեղ, հետո ոստիկանությունում…
Նինան մի հատ էլ նայեց վրաս…
Հակառակի պես ուժերս սպառվել են, թե մի կարգին բացատրեմ՝ ինչ ա պատահել…
-Կարող եմ քնե՞լ արդեն, թեյը վաղը կխմեմ: Պարզապես, սարսափելի հոգնած եմ:
-Լավ:
Նինան զարմացած էր, հայացքում հարցեր կային, բայց շատ սիրալիր էր․ ինձ առանձին սենյակ տրամադրեց՝ հարմարավետ մահճակալով ու խնդրեց, որ զգամ ինձ այնպես, ինչպես մեր տանը։ Քնեցի այնքան արագ ու այնպես խորը, որ անգամ երազ չտեսա, ինչը շատ հազվադեպ է պատահում ինձ հետ։ Առավոտյան արթնացա երեխաների ձայներից․ երկու դպրոցահասակ երեխաները կանգնել էին սենյակիս (էս երբ հասցրի սենյակն իմը դարձնեմ) դռան մոտ ու հարցնում էին՝ բա ե՞րբ ա զարթնելու, բա ե՞րբ ենք տեսնելու։
Արագ հագնվեցի ու դուրս եկա հյուրասենյակ․ Նինան նախաճաշի սեղան էր գցել․․․կոկիկ, սպիտակ սփռոցի վրա շարել էր հազար ու մի օգտակար ու համեղ ուտելիքներ, թեյ․․․
-Ախր էսքանն ինչի՞ եք դրել, Նինա ջան․․․․կարիք չկա․․․
-Վա՜յ, դու ամեն օր մեր տանը չես լինելու․․․հեսա Մաթոսն էլ խաշլամա ա սարքում՝ թթվով․․․․
-Ախր, տեղից էլ անհարմար եմ զգում, ինչե՞ր եք անում․․․
Մեկ էլ սենյակ մտավ յոթանասունն անց, բարի-բարի դեմքի արտահայտությամբ, «քունը կորցրած» այն պապիկի նման մի պապիկ․․․ու․․
-Բարլուս․․․ասըմ են Պարսկաստան ես քինըմ, հա՞՞՞
-Բարև Ձեզ, հա, գնում էի, հուսով եմ՝ դեռ կհասցնեմ գնալ․․․
-Առուտուր ես անու՞մ․․․
-Չէ,․․․
-Այ պապ, չասեցի՞ գրքի փառատոնի ա գնում․․․, -Նինան էր։
-Լա, համբերի, Նինա ջան․․․քու ասելն ուրիշ ա, իմ հարցնելն էլ՝ ուրիշ․․․
-Չէ, պապի, գրքի փառատոնի եմ գնում․․․ես իրանագետ եմ․․․
-Ի՞նչ ես։
-Իրանագետ, իրանց երկիրը, լեզուն, պատմությունը, մշակույթն եմ ուսումնասիրում․․․
-Շպիո՞ն ես։
-Պապի ջան, կատա՞կ ես անում․․․
-Չէ, հարց եմ տալիս․․․Խու ես քու հարիֆը չեմ, հեքիաթներ ես պատմում․․․ամուսնացած կնիկը մարդ-էրեխա կթողի, թե քինըմ ա Պարսկաստան գրքի փառատոնի՞․․․
-Դե, տենց ա, ի՞նչ ասեմ․․․
-Ասիլ մի, էնա ես տենում եմ․․․
-Պապի, բայց նենց լավ եք խոսում, կլինի՞ մի քիչ Ձեր քաղաքից պատմեք, ես նկարեմ․․․
-Ըհը, հետո էլ ասըմ ա շպիոն չի․․․․
Մինչ ես մի իսկական «շպիոնի» նման ուսումնասիրում էի Ագարակի ամեն մի անկյունն ու նկարվում խրոխտ լեռների ֆոնին, իմ անձնագիրը հասցրեց հասնել Երևան, «կնքվել» ու ետ վերադառնալ․․․․Ու երեկոյան ես արդեն Երևան-Թեհրան ավտոբուսում էի՝ Ագարակում թողած արդեն հարազատ դարձած մի ընտանիք, որ ճանապարհելիս ասեց․
-Կկարոտենք, ետ գալիս անպայման արի, որ պատմես, թե ի՞նչ էր ՝ էդ փառատոնը․․․․
[1]Վերնազգեստ
[2]Հաց ու պանիր
Մաս 2
Անձնագիրս, որ արդեն կնքված էր ու օրինական, պինդ բռնել էի ձեռքիս մեջ, գլխաշորն արդեն գլխիս էր, «ռուփուշը»՝ հագիս, կողքիս աթոռը՝ դատարկ: Դե ես քաջ աղջիկ եմ, բայց ավտոբուսի ուղևորներից շատերը թուրքերեն էին խոսում ու ես մի քիչ, ընդամենը մի փոքր անհանգիստ էի. սպասում էի կողքի աթոռի տիրոջը: Մութ էր արդեն ու անհանգստությունս խտացել, մութ ամպ էր դարձել, կախվել գլխիս ու սպառնում էր պայթել. թե ասա՝ նստեիր քո համար քո տանը, էլի՜:
Ավտոբուսի երաժշտությունը անհանգստությունս մեղմում էր՝ մեր Արամն էր երգում՝ Ասատրյանը, ճիշտ է թուրքերեն էր երգում, բայց մեղեդին հո ծանոթ էր. Թե՞ ինքը չէր, բայց «սև-սև աչերը» էլ ո՞վ պիտի երգեր… Բայց, չէ, Արամը դժվար թուրքերեն երգեր….Մի տե՛ս, է՜, «մեր» երգը իրենցով են արել: Չվերկենա՞մ, ասեմ՝ սա մեր մշակութային ժառանգությունն ա, էս ի՞նչ եք անում: Չէ՜, լավ…թող վայելեն իրենք էլ: Եվ հետո, «սև-սև աչեր» լսող մարդիկ չեն կարող վտանգավոր լինել՝ ինչ ազգի էլ լինեն, էնպես որ սա իմ օգտին ա… Նստել եմ՝ իբր խաղաղ, իբր հանգիստ… Սիրտս քառատրոփ վազում ա, բայց հայացքս խոնարհ ու խաղաղ նստել եմ: Ինձ ու ինձ խոսում ու ինձ ու ինձ կռիվ եմ տալիս, ինձ ու ինձ երևակայում հազար ու մի պատահար: Որդուս կարոտը խեղդում է ու ինձ սարսափելի մեղավոր եմ զգում. Ախր ես ինձ չէ, որ փառատոնի եմ տանում, որդուս մորն եմ փորձության ենթարկում, ունե՞մ արդյոք դրա իրավունքը: Բայց ներքին ձայնս երկատվել էր ու իր մի հատվածով տաքացած պաշտպանում էր իմ որոշումը: «Որդուդ բանիմաց ու կայացած մայր է պետք, դու որդուդ համար է, որ կտրելու ես էսքան ճանապարհը ու գնաս մասնակցելու էդ փառատոնին»: Ներքին ձայնիս մյուս հատվածը կարծես դեռ էլի հարցեր ուներ, բայց ավտոբուսն արդեն գրեթե լցվեց, վարորդը, որ ոչ միայն թուրքերեն երգեր էր լսում, այլև թուրքերեն էր խոսում, նստեց ղեկի մոտ ու մենք շարժվեցինք: Իմ կողքի աթոռը դատարկ էլ մնաց՝ միառժամանակ: Ու ես մնացի իմ ներքին ձայնի, չէ՝ ձայների ու պատուհանից դուրս երևացող, թե՞ իմ երևակայության շնորհիվ պատուհանից դուրս պատկերվող ժայռերի հետ: Մինչև սահմանն անցնելը ժայռեր էին ու լեռներ, լեռներ էին ու ժայռեր ու հիմա, թեև գրեթե ոչինչ չէր երևում պատուհանից, բայց ես հայացքով նկարում էի նույն ժայռերից ու լեռներից, նկարում էի ու հետևում պատկերներին: Այդպես, իբր խաղաղ, իբր հանդարտ, իբր ժայռերին էի նայում, երբ , մի կին մոտեցավ ինձ ու.
-Ներեցեք, կարելի՞ է:
-Իհարկե, համեցե՛ք,- ես գիտեի, որ մենակ չեմ մնա:
-Մտածեցի՝ ավելի ապահով կլինի, եթե Ձեզ նման երիտասարդ աղջիկը մենակ չլինի նստած:
-Շնորհակալ եմ շատ, թեև չեմ վախենում, բայց Ձեզ հետ, իհարկե, ավելի հետաքրքիր կլինի,- չէի վախենում, իհարկե, չէի վախենում…քառատրոփ էն «նժույգը» իմ սիրտը չէր, իբր:
Պարսկահայ, արդեն Երևանում հաստատված բարեհամբույր ու սիրալիր մի կին էր՝ տիկին Վերգինեն, որի հետ, իսկապես, շատ հետաքրքիր պիտի անցներ ճամփան: Ես, վերջապես, հաջողացրի լռեցնել ներսումս կռիվ տվող «ներքին» կոչվող ձայներին ու դարձա զրուցակից, ուղեկից, ընկեր:
Անմիջական ու անկեղծ զրույցը երկար սպասել չտվեց:
– Ազիզամ, կարոտով եկել ենք մեր Հայրենիքը, բայց գիտե՞ս՝ ի՜նչ նեղուչյուններ ենք քաշում: Չորս հարյուր տարի Պարշկաշտան ապրեցինք, ամենը մեզի հայ գիդեն, հիմա եկել ենք Հայաշտան, մեզի ասում են՝ պարսիկ: Իմանու՞մ ես: Էտենց մարդու թևաթափ են անում որ: Հետո խոսում ինք հետները, ասում ին «վոբշըմ, սկիդկեք չկան», ասում ինք՝ «չի՞չի՞», ասում ին՝ հայերեն ո՛չ հասկանում եք, ո՛չ խոսում: Է՜, բաբամ, ձեր խոսացածը հայերե՞ն է: Չորս հարյուր տարի մենք Պարշկաշտան հայերեն խոսեցինք, հիմա եկել ենք Հայրենիք ռուսերենի դասեր ենք առնում, որ Հայրենիքին հասկանանք: Բարեկամս տուն ա կառուցում Երևանում, ամեն շաբաթ մե հայրենակից գալիս փաստաթուղթ ա պահանջում…Է՜, բաբամ, քանի ասենք՝ ամեն բան օրենքով է, ամեն բան պետուչյան հետ խոսվել է…
Ցավալի էր լսել էս պատմությունները, բայց տիկին Վերգինեի պատմելու ձևն ու ոճը այնքան գրավիչ էին, որ ես իսպառ մոռացել էի անհանգստություններիս, վախերիս մասին: Բայց «հանգիստ» լինելը մեծ ճոխություն էր:
-Իմացա՞ր, չէ՞, ի՜նչ դժվարուչյամբ ենք եկել. օթոբուսը սարքին չի, մեկ էլ տեսնում ես՝ առաջ չի գնում. չգիտեմ՝ հե՞ր պիտի մեզ Թեհրան հասցնի:
Միայն սա էր ինձ պակաս, մնում էր հիմա էլ՝ ավտոբուսը փչանա: Անհանգիստ հայացքս որսալով՝ զրուցակիցս փորձեց հանգստացնել.
-Բայց դու մի մտածի, շուտով Թավրիզ ենք հասնում, եթե օթոբուսը չսարքեն, կմնանք Թավրիզ, հետո կերթանք…
Օ՜, ո՛չ…մնում ա՝ հիմա էլ զանգեմ Երևան, ասեմ՝ էսօր էլ Թավրիզում եմ մնալու:
-Վա՜յ, տիկին Վերգինե, Աստված չանի, տեղից էլ ուշացել եմ գրքի փառատոնից, երեկ դեռ պիտի Թեհրանում լինեի, այսօր էլ պիտի Ղոմ գնայինք:
-Ղոմ էրթու՞մ ես՝ ի՞նչ անես: Մոլլաների գլուխն ե՞ս կարոտել: Բաբամ, արի էրթանք Թեհրան, մեր տուն կտանեմ քեզի, հայերի հետ կծանոթացնեմ, «Արարատ» միուչյուն կերթանք:
-Շնորհակալ եմ շատ, բայց ախր հրավիրված եմ էդ փառատոնին մասնակցելու համար:
-Բաբամ, ես էդ փառատոնները գիդեմ. իրանչ մոլլաների գրածները տպում ին, սիրուն ծաղիկներով նախշազարդում, ասում՝ գիրք ենք տպել: Է, դու գո՞րծ ունես իրանց Մուհամեդի ու իրանց Ալիի հետ: Ինձի լսե՝ դրանք ուրիշ բանի մասին գիրք չեն տպում:
-Ինձ ամեն ինչն էլ հետքրքիր է՝ որպես հետազոտող շատ կարևոր է նաև տեսնել, թե իսկապես, ինչ են տպագրում, վաճառում:
-Բաբամ, հիմա դու պետք ա իրա՞նց հետազոտես: Գործ չունես, սրանք վտանգավոր են, չեն իմանա՝ ինչն ես հետազոտում, կասեն՝ «ջասուս»[1] ես: Բա, հե՞ր ես մենակ գնում հետազոտելու:
-Մենակ չէի, էդպես ստացվեց, որ հիմա խմբի մյուս անդամներն արդեն Թեհրանում են…
-Է՜, բաբամ, զգույշ էղի…էսի քո համար Հայաստան չի, իսլամների մեջ աղջիկ էղնելը վտանգավոր ա:
Մենք դեռ առաջիկա վտանգներից էինք խոսում, երբ վտանգը՝ ինքը, մեր դիմացն եկավ. ավտոբուսը մի զայրացած ձայն հանեց ու կանգ առավ, էդ կանգնելն էր. էլ տեղից չշարժվեց:
-Չի՞ քոնիմ, չի՞ նաքոնիմ[2]….
Իջանք ավտոբուսից բոլորս. ես փորձում էի կռահել՝ տեսնես Արտուշը Թավրիզում բարեկամ չի՞ ունենա: Տիկին Վերգինեն ինձ ծանոթացրեց իր բարեկամի հետ, որին «լքել» էր, որ ինձ մենակ չթողնի.
-Աղջիկը իրանագետ ա, Ալիին, Մուհամեդին, ֆլանին ու ֆստանին էլ գի՛դի…ծանոթացել ա սեփական կամքով, իմանու՞մ ես:
-Է՜, բաբամ, ուրիշ զբաղմունք չկա՞ր:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անենք հիմա առանց ավտոբուսի, -թեման շեղեցի, և հետո, իսկապես հետաքրքիր էր:
-Մե բան կմտածեն, նոր օթոբուս կգա, երևի:
Տիկին Վերգինեի բարեկամը ճիշտ էր կռահել. Մեզ խնդրեցին չանհանգստանալ, մտնել մոտակա «չայխանան», մի քիչ հանգստանալ, մինչև նոր ավտոբուս կգա մեր ետևից:
«Չայխանայում» չայ կար, «չելո քյաբաբ» կար ու «դուղ» կար, բայց նայեցինք շուրջներս, կասկածեցինք ու ամեն մեկս մեր ունեցած ուտելիքը հանեցինք, որ ուտենք: Անցել էր հազիվ քսան րոպե, նոր ավտոբուսը ժամանեց չայխանայի մոտ ու մեզ ներս հրավիրեց: Երբ չայխանան արդեն դատարկվել էր, իսկ ավտոբուսը՝ լեփ-լեցուն պատրաստվում էր տեղից շարժվել, ես նայում էի ավտոբուսի պատուհանից ու մտածում՝ կարո՞ղ է իզուր կասկածեցինք ու չայ չխմեցինք: Ես դեռ նայում ու կասկածում էի, երբ տեսա, թե ինչպես չայխանայի պատանի աշխատողը, մենակ մնալով, մեծ «գռաֆինկաների» վրայից «դուղ» է խմում: Կասկածելը լավ բան է:
Շարժվեցինք առաջ ու արդեն լուսացող օրվա հորիզոնում ուրվագծվեցին իրանական անծայրածիր դաշտերը: Ճանապարհի տեսարանները միապաղաղ ու միագույն էին ու անծայր, անվերջ: Զգացողություն ունեի, որ շարժվում, բայց առաջ չենք գնում: Հակառակ պատուհանից այն կողմ քարացած պատկերների, ապակուց այս կողմ գունագեղ ու բազմաժանր զրույցներ էին ու ամեն նոր «օսթան»[3] մտնելիս նոր չայխանաներ: Թեյ ու էլի թեյ ու նորից թեյ խմելուց հետո, մի տեղ էլ որոշեցինք պաղպաղակ ուտել՝ սովորական չէ, ազգային պաղպաղակ, որ «սոխակ ու վարդ» էր կոչվում: Մինչ երկու հսկայական «վաֆլիների» մեջ դրված զաֆրանով պաղպաղակի մեծ չափաբաժնի մեջ փորձում էի վարդ կամ սոխակ գտնել, նկատեցի, որ դրախտային այդ քաղցրավենիքից միայն ես ու տիկին Վերգինեն ենք օգտվում, իսկ նրա բարեկամը չի գնել ո՛չ «վարդ», ո՛չ էլ «սոխակ»:
-Իսկ Դուք չե՞ք ուտում, կարծես համով է:
-Է՜, բաբամ, ես նո՞ր գիտեմ, որ համով է…բայց ատամներս գորճողուչուն եմ արել, չեմ կարա ուտեմ հիմա:
-Ա, հիմա հասկացա, -արտահայտեցի հայացքով, բայց, իրականում, այդ պահից սկսած փորձում էի կռահել, թե էդ ինչ գործողության արդյունքում է պարոնը ստիպված հրաժարվում պաղպաղակից: Խնդիրն, իհարկե, առանց հարց ու փորձի գլուխ չեկավ ու տիկին Վերգինեն բացատրեց.
-Մենք վիրահատությանը գործողություն ենք ասում ու գիտե՞ս՝ ինչ պատմություններ են եղել էս գործողության պատճառով: Մե անգամ մե հայաստանցի զանգում ա իրա կնոջ ատամնաբույժին, ասում ՝ հեռախոսը մի հատ կտաս կնոջս, բան պիտի ասեմ, սա էլ, թե «հոգնած չըլնես չանդ դաղիղիե հետո զանգ խփի[4], հիմա գորճողություն ենք անում»: Իմանու՞մ ես հետո ինչ պիտի էղներ էդ մարդու հետ:
Էսպես պատմություններ լսելով, չայ խմելով ու պաղպաղակ ուտելով էլ հարյուրավոր կիլոմետրեր կտրեցինք երրորդ ավտոբուսով, որ պիտի փորձեր ինձ Թեհրան հասցնել: Ու էս անգամ ստացվեց: Անծայրածիր դաշտերի միջով ու անվերջ թվացող ճանապարհով տաս ժամ անցնելուց հետո, երբ առջևում երկինքը «ռուփուշիս» գույնին էր դառնում, իսկ ճանապարհի երկայնքով մեկ հսկա գործարաններ էին ուրվագծվում, զգացի, իմացա, որ Թեհրան ենք հասնում:
[1] Լրտես
[2] Ի՞նչ անենք, ի՞նչ չանենք
[3] Մարզ
[4] Մի քանի րոպե հետո զանգի
Շարունակելի…
Լավն էր․․․Պատմելու ոճը շա՜տ գրավիչ էր։ Իրանահայ տատիկիս կարոտն առա․․․․
Ամեն ինչ շատ լավ է, բայց….- Այ այս հատվածը հաստատ մեղրեցու խոսակցականին չի պատկանում: Եթե խոսողը իրականում մեղրեցի է, և ոչ թե ասենք Մեղրիում ապրող այլ շրջանից եկած մեկը, ապա հաստատ սուտ է…Հիշեք, Հայաստանում ամենամաքուր /հասկացվող, գրական/ խոսակացկանաը դա Մեղրիի բարբառն է, չնայած դա բարբառ անվանելն էլ ճիշտ չէ…
Շնորհակալ եմ շատ կարծիքների համար․․․Վարդան ջան, շատ ուրախ կլինեմ, եթե գրեք՝ որ հատվածի մասին է խոսքը ու փրձեմ շտկել “կեղծիքը”․․․
Աննա ջան, շնորհակալություն՝ մեկ շնչով կարդացի, մե՜ծ բավականություն ստացա․․․