Սարգիս Հովսեփյան | Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր…

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

-Սարի գլխին մի բան կա, չեմ ասի` ինչ կա… Սարի գլխին մի բան կա, չեմ ասի` ինչ կա…
Ձեռքս տանում եմ գլխիս, թափ եմ տալիս մազերս. ոչինչ չկա: Նա շարունակում է ծիծաղել: Մանկական ձայնը զրնգում է ձորակում:
-Բան չկա… Խաբում ես…
-Կա… Չեմ խաբում…
-Դե ասա` ի՞նչ կա…
-Չեմ ասի… Ինքդ գուշակիր… Սարի գլխին մի բան կա…
Անսպասելի նետվում ու բռնում եմ նրան, ամուր գրկում եմ, ու թավալվում ենք խոտերի մեջ: Սուր ծղրտում է, ու նրա ձայնը խլացնում է ձախ ականջս…
-Չեմ ասի… Չեմ ասի…
-Կասես…
-Չեմ ասի…
-Կասես…
-Չեմ ասի…
Հոգնում ենք թավալվելուց, ապա շնչակտուր նստում ենք իրար դիմաց և ծիծաղկոտ նայում միմյանց աչքերի մեջ: Լուռ, երջանիկ: Բիբին ելնում է տեղից ու իր փոքրիկ թաթիկները մազերիս մեջ խրելով, իբր բան է փնտրում, երկար-բարակ գզգզում է մազերս. նրա նրբիկ, բայց դեռևս անվստահ հպումներից, նրա տարօրինակ թարմությունից սիրտս լցվում է, ու ես հուզմունքից խելքս կորցրած` կրկին գրկում եմ աղջկաս, ու մենք թավալվում ենք խոտերի մեջ` մեզ վրա հավաքելով շուրջը սփռված չոր տերևները:
-Այ Բզեզ, հերի՞ք չի դու ինձ խաբես ու մազերս խառնես… Հը՞, փոքրիկ խաբեբա…
Իսկ Բիբին ծիծաղում է… Թվում է` նրա ծիծաղը երբեք չի ավարտվելու… Ինչպես ներքևում հոսող առուն, որ արդեն քանի հազար տարի է փորում է այս ձորակը…
Ոտքի եմ կանգնում, հագուստիս վրայից արագ թափ եմ տալիս չոր տերևներն, ապա ջրամանը լցնում եմ աղբյուրի սառը ջրով ու ընթացքից վերցնելով ուսապարկս, շտապում եմ` հասնելու արդեն դեպի արահետը վազող աղջկաս հետևից:
Արահետն անցնում է ձորակի միջով: Համարյա մինչև գյուղ այն ձգվում է առվակի կողքով և ընդամենը երկու անգամ է հեռանում ջրից. մեկ` շրջանցելով մի հսկայական ժայռաբեկոր, իսկ մյուս անգամ` շատ խիտ աճած մի մեծ մոշուտ… Ես գիտեմ` ինչու է շտապում Բիբին… Նրան մոշուտն է հետաքրքրում: Երբ բարձրանալիս հանդիպեցինք, ու նա կյանքում առաջին անգամ տեսավ այդքան շատ մոշ իսկական թփի վրա, այդքան խոշոր ու հարևանությամբ հոսող ջրից այդքան հյութեղ, նրա աչքերը զարմանքից կլորացան, դարձան մի-մի խոշոր մոշ: Նա քարացավ տեղում` չկարողանալով նույնիսկ բառ արտասանել, մինչև որ ես մի քանի հատ չպոկեցի ու նրա ձեռքի մեջ չդրեցի: Նա չէր կարողանում հավատալ, որ շուկայում գրամներով վաճառվող մանր, արևից, փոշուց ջրաքամ մոշը կարող էր այդքան շատ լինել… Ուշքի գալուց ու ձեռքի հատիկներն ուտելուց հետո անմիջապես նետվեց դեպի թուփը, և լավ էր, որ հասցրեցի բռնել… Նա նույնիսկ մեծ-մեծ փշերը չէր նկատել… Հետո մենք զգուշորեն սկսեցինք պոկել հատիկները, բայց քանի որ դեռ պիտի բարձրանայինք անտառի մեջ գտնվող աղբյուրի մոտ, և ժամանակն էլ քիչ էր, որոշեցի դատարկել ջրամանն ու նրա մեջ մոշ լցնել, որպեսզի Բիբին ճանապարհին ուտի… Մի կերպ նրան պոկեցի թփից, որի հասանելի հատվածները նա արդեն սրբել էր, ու դժգոհ, մոշից վարդագույն քիթ-մռութը ծամածռելով, նայում էր ինձ… Խոստացա, որ վերադարձին էլի կուտենք, ու մինչ շարունակում էինք ճանապարհը, ես նրան պատմում էի, թե ինչպես էինք երեխա ժամանակ շշի մեջ շաքարավազ ու մոշ լցնում, այնուհետև ծառից բարակ ճյուղ կտրելով, մաքրում կեղևն ու շշի մեջ մտցնելով` մոշն ու շաքարավազն հարում այնքան, մինչև դառնար համասեռ զանգված, և ամբողջ օրը թափառում էինք մոտակա ձորերում ու անտառներում` ժամանակ առ ժամանակ լպստելով մոշից վարդագույն դարձած փայտիկը…
-Սպասիր… Մի վազիր…
Նույնիսկ ուշադրություն չի դարձրնում… Ստիպված վազում եմ հետևից, ընթացքից գրկում եմ ու մի քանի քայլ էլ իներցիայի ուժով անելով` կանգ եմ առնում: Իջեցնում եմ գետնին, ծնկի եմ գալիս ու դեմքս նրա դեմքին կիպ մոտեցնելով, որ զգա հայացքիս ուժը, փորձում եմ նախատել, բայց Բիբին չարաճճի ժպտում է, ու մինչ ես կհասցնեմ բառ ասել, նայում է ուղիղ աչքերիս մեջ ու ասում.
-Սարի գլխին մի բան կա, չեմ ասի` ինչ կա…
Լրջությունս հօդս է ցնդում, ու միասին սկսում ենք ավելի ուժգին ծիծաղել:
-Ատամներս հաշվե՞լ ես, Բզեզ…
-Չեմ հաշվել. քեզ հարցրել եմ, դու ասել ես…
-Ի՞նչ եմ ասել…
-Ասել ես, որ քսանչորս ատամ ունես, բայց նորմալ մարդիկ երեսուներկուսն ունեն…
-Ուզում ես ասել, որ քո պապան աննորմա՞լ ա…
-Դու ես ասել… Ես բան չեմ ասել…
Ոտքի եմ կանգնում և նրա ձեռքից բռնած իջնում ենք արահետով: Հասնում ենք ճանապարհի այն հատվածին, որտեղ սարի տակից ցանցառ ջուր է բխում և ցեխի հաստ շերտը ոչխարների կճղակների տակ հունցվելով, արահետը մի քանի մետր երկարությամբ դարձրել է անանցանելի: Նախորդ անգամվա նման գրկում եմ նրան ու մտնում ցեխի մեջ: Եվ ինձ թվում է` ցեխն ավելի կպչուն է դարձել, քանի որ այնպես կրքոտ է համբուրում տակացուներս, որ քիչ է մնում կոշիկներս հագիցս հանի: Երկու-երեք մետր անցնելով` նրան իջեցնում եմ, ու մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Լուռ, երջանիկ:
-Իսկ դու ամաչու՞մ ես, որ քո պապան աննորմալ ա…
-Կյանքը ցույց կտա…
Ցնցված նայում եմ նրան, իսկ նա հանգիստ, մի տեսակ արհեստական ժպիտը դեմքին, ոտքերի տակ նայելով, քայլում է կողքիցս: Այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես նա վաղուց էր մտածել այդ հարցի շուրջ:
-Այսի՞նքն… Հնարավոր է գա մի օր, որ ամաչե՞ս պապայիդ համար… Ո՞վ ա քեզ սովորացրել էդ… Էդ պատասխանը… Կյանքը ցույց կտա…
-Դու…
-Ե՞ս…
-Հա… Որ ապագայի համար բան եմ հարցնում, ասում ես` կյանքը ցույց կտա…
-Բայց բաներ կան, որոնց հանդեպ ես միշտ նույն վերաբերմունքը կունենամ… Ինչ էլ պատահի… Օրինակ, ես քեզ համար երբեք չեմ ամաչի, համովս…
Նա չի պատասխանում, բայց ինձ թվում է` ոչ այն պատճառով, որ իր տարքից ելնելով չգիտի ինչ պատասխանել, այլ չի ուզում մեկ անգամ էլ կրկնել` կյանքը ցույց կտա… Քայլում ենք լուռ, նա` առջևից, ես` հետևից: Ես նրա հագուստի վրայից հատ-հատ պոկում եմ վայրի հոնի կպչուն տերևներն ու ձեռքիս մեջ ճմռելով, մեխանիկորեն դնում գրպանս: Ճանապարհի մեծ մասն անցել ենք: Մի քանի րոպե էլ, ու կհասնենք մոշուտին: Իմ հաշվարկով կես ժամի չափ էլ մոշ կուտենք ու կես ժամից էլ կհասնենք գյուղ: Սակայն կյանքը ցույց կտա… Քմծիծաղի պես մի բան հայտնվում է դեմքիս… Կյանքը ցույց կտա… Ի՞նչ ցույց կտա… Որ ես իրավունքը չունեի՞… Որ գուցե ես իմ ուժերից վեր բեռ եմ վերցրել ինձ վրա… Պատասխանատվություն մի այնպիսի բաժին, որի տակից դժվա՞ր թե դուրս գամ… Եվ իսկապես, ինչպե՞ս եմ համարձակվել… Երբ գիտեմ, որ ամեն ինչ ի սկզբանե դատապարտված է մի պարզ տրամաբանությամբ, որ ոչինչ հավերժ չէ… Եվ ընդամենը ժամանակի հարց է… Երբ ամեն պահի կարող է տիեզերքի խորքերից մի հսկայական երկնաքար գրկախառնվել մեր այս խախուտ մոլորակին ու վայրկյանների ընթացքում ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը, եթե միայն մինչ այդ մարդիկ իրենք իրենց գլուխը կերած չլինեն… Ինչպե՞ս եմ համարձակվել ծառ տնկել, երբ վստահ չեմ, որ նրան կարող եմ զերծ պահել մի պատահական անցորդի անփույթ ոտնձգությունից կամ իր գործն իբր լավ իմացող փայտահատի կացնից… Իրականում, նույնիսկ առանց սպասելու էլ ամեն ինչ պարզ է… Կյանքը ոչ մի լավ բան չի կարող ցույց տալ, և ամեն անգամ այդ արտահայտությունն անելով` ուղղակի փորձում եմ հեռացնել պատասխան տալու ժամը… Ինքնախաբեության նման մի բան… Հույս եմ փայփայում, որ գուցե բախտի բերմամբ ամեն ինչ լավ դասվորվի աղջկաս կյանքում, և ես ստիպված չլինեմ պատասխան տալու իմ արկածախնդիր ու թեթևամիտ որոշման համար… Հակառակ դեպքում…
-Զգույշ, Բիբի… Քեզ կվնասես, համով բալա… Թող ես հավաքեմ, տամ քեզ…
-Չէ, ես եմ ուզում հավաքել… Որ ես եմ հավաքում, համով ա…
-Լավ, սպասիր` գոնե մի փոքր մաքրեմ, որ հեշտ մոտենաս քո ուզած ճյուղին… Դու մի պահ հեռու կանգնիր…
Բիբիի անհամբեր հայացքի ներքո սկսում եմ ճմռել ու տրորել մոշի թփերը, որպեսզի հնարավոր լինի մոտենալ խորքում գտնվող հատապտուղներին: Հանկարծ նկատում եմ արահետի եզրին ընկած մի հաստ ու չոր ճյուղ: Ձեռքս եմ վերցնում փայտը, աջ ու ձախ հարվածելով, պառկեցնում եմ ճյուղերը: Կոտրելով հաստ, փշոտ ցողունները, ճանապարհ եմ բացում աղջկաս համար: Հետո սկսում ենք ուտել փքուն մոշերը, կարմիր այնքան, որ արդեն սևին տվող, քաղցր, բայց միևնույն ժամանակ խորքում հաճելիորեն թթվաշ… Ես աչքի պոչով անընդհատ հետևում եմ, որ հանկարծ չսայթաքի, հանկարծ փուշը չծակի, հանկարծ օձ, կարիճ կամ մի ուրիշ վտանգավոր կենդանի չվնասի աղջկաս: Նրա փոքրիկ մատներն ու գեղեցիկ մռութը հիմա արդեն վարդագույն չեն, այլ կարմիր… Նա այնքան տարված է մոշ հավաքելով, որ նույնիսկ չի նկատում ինձ, ու այնպիսի վստահ տեսք ունի, կարծես բնության բարիքներից օգտվելու համար իմ օգնության կարիքը չունի… Կարծես մենակ էլ գլուխ կհանի… Նա իր փոքրիկ ոտնաթաթերի վրա ձգվում է անհավանականորեն հեռու և մի առատ ճյուղ մատիկներով զգուշորեն բռնելով, քաշում է դեպի իրեն, անշտապ վայելում վայրի աճած այս հրաշքն ու նույնիսկ չի էլ կասկածում իր հնարավորություններին… Եվ ես հանկարծ հավատում եմ նրա ուժերին… Որ նա գլուխ կհանի… Ու անմիջապես էլ փոշմանում եմ մոշուտը բարբարոսաբար տրորելու, ճմռելու համար… Ինձ զգում եմ մեկի պես, ով անտեղի ավերածություն է արել շուրջը… Պատկերացնում եմ իմ հեռանալուց հետո վայրի մենակության մեջ այս խաթարված գեղեցկությունն ու անսահման ափսոսանք եմ զգում…
Ականջս ծակում է նրա անսպասելի ճիչը: Բիբին թափահարում է ձեռքն ու մեղավոր ժպտում` նայելով ուղիղ աչքերիս մեջ: Ես շփոթահար նետվում եմ դեպի նա, արագորեն զննում եմ ձեռքի մատներն ու դժվարությամբ նկատում եմ փոքրիկ արյան կաթիլը` գնդված մատի ծայրին, շատ ավելի կարմիր, քան մոշի կարմիրն է: Նայում եմ նրան, ապա չիմանալով ինչ անել, նրա բարակ մատիկը դնում եմ բերանիս մեջ ու զգում եմ արյանս համը, որ իսկույն մոռացնել է տալիս մինչ այդ համային զգայարաններս հագեցրած մոշի տտիպ համը: Բիբին ծիծաղում է, ես նույնպես ժպտում եմ` նրա մատիկը դեռ բերանիս մեջ պահելով:
-Փուշը ծակեց… Բայց էլ չի ցավում… Անցավ…
-Հոգնեցի՞ր…
-Հա… Շուտ գնանք…
-Դու վազիր, Բիբի… Ինձ մի սպասիր…
Բիբին առաջ է ընկնում, ես հետևում եմ նրան: Գյուղն արդեն հեռու չէ: Այնտեղ մեզ սպաում են մորս մայրը, մայրս ու նրա մայրը… Պատկերացնում եմ նրանց անհանգիստ դեմքերը, ժամանակ առ ժամանակ ճանապարհին նայող նրանց նյարդային ու թերահավատ հայացքները` իբր մի մատ երեխուն վերցրեց, տարավ անտառ… Հայրերին չեն վստահում… Գուցե իրավացիորեն… Արահետը, դուրս գալով ձորակից, միախառնվում է մեքենայի ճանապարհին, որի երկու կողմերում` մինչև գյուղ միմյանց հաջորդում են այգիները: Հսկայական ընկուզենիների արանքներից երևացող մերկ լոբաճեխերի շարքերն ասես հետևում են ինձ: Հասնում եմ տատիս այգուն, գրպանիցս հանում եմ դանակս ու մոտենում ցանկապատին: Նռան մի մեծ ծառ` շրջապատված իր շուրջն աճած մի քանի մանր շիվերով, ասես հսկում է այգու մուտքը: Շիվերից մեկը, որ աճել է ցանկապատի դրսի կողմից, ինձ հարմար է թվում, ու ես սկսում եմ փորել նրա շուրջը, որպեսզի հենց արմատներով հանեմ հողից: Ուզում եմ Երևանում նռան ծառ ունենալ: Գործս ավարտելով` շարունակում եմ ճանապարհս: Գյուղում հանդիպող հատուկենտ մարդիկ բարևելու հետ միաժամանակ ուշադիր նայում են ձեռքիս ճյուղին և իրենց սովորության համաձայն հավանաբար մտածում` էլի մի խելառ քաղաքացի… Դրանց նանը… Հազիվ տուն մտած` երեք մայրերը վրա են տալիս: Տատս ժպտում է ու ասում` նուռը քաղաքում չի աճի, մայրս ասում է` դրսում տնկես` երեխաները կփչացնեն, կինս ասում է` նուռը սենյակային բույս չէ, որ բնակարանում պահես: Ես նրանց պատմում եմ արաբ իմաստունի մասին, ով պատրաստ էր ծառ տնկել, եթե նույնիսկ հաստատ իմանար, որ վաղն աշխարհի վերջն է: Մայրս ծպացնում է, կինս ձայն չի հանում, իսկ տատս ծիծաղելով անիծում է` հողը դրա գլխին… Կինս ապահովության համար երկու ձեռքով պինդ գրկում է իր կլոր փորն ու ծիծաղում տատիս անհեթեթ անեծքի վրա… Ես նռան շիվի արմատները փաթաթում եմ խոնավ կտորի մեջ… Տատս մտածկոտ նայում է կնոջս փորին, ապա ինձ…
-Ի՞նչ ես դնելու անունը…
-Բիբի… Բեատրիս…
-Սարսաղ….
06-07 2011թ

Share Button

2 Կարծիք

  • Երազիկ Գրիգորյան says:

    Շատ զգայուն պատմվածք է: Շատ սիրեցի: 1.մոռացնել է տալիս, 2. մոռանալ է տալիս, 3. մոռացնում է: Շատ լավն է: Կեցցե Բիբիի հայրիկը:

  • Musho says:

    Ujex u xory txa es du , harganqnery poxocain 3 masic )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *