Առաջին անգամ հրատարակվելով 1960 թվականին՝ Հարփըր Լիի (ծն. 1926) «Ծաղրասարյակ սպանելը…» վեպն արդեն 55 տարի շարունակում է մնալ ամերիկյան գրականության ամենանշանակալի, սիրված ու ընթերցվող գրքերի շարքում: Անցնող տարիներին գիրքը վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակով, թարգմանվել շուրջ չորս տասնյակ լեզուներով: Հեղինակն արժանացել է Պուլիցերյան գրական մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը՝ Գրեգորի Փեքի գլխավոր դերակատությամբ ստացել է երեք Օսկար:
Ներկայացվող հատվածը «Ծաղրասարյակ սպանելը…» վեպի հայերեն նոր՝ բնագրից կատարված թարգմանությունից է: Վեպի թարգմանիչը Արամ Արսենյանն է, գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը:
«Ծաղրասարյակ սպանելը…» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ ժամը 19.00-ին, «LOFT» կենտրոնում:
— Ինձ տուն կտանե՞ս:
Գրեթե շշնջաց, մթությունից վախեցող երեխայի ձայնով:
Ոտքս ամենավերևի աստիճանին դրեցի և կանգ առա: Մեր տանը կուղեկցեի, բայց մինչև իրենց տուն՝ երբե՛ք:
— Պարո՛ն Արթուր, հապա մի ծալեք Ձեր թևը, ա՛յ այսպես: Լավ է, պարո՛ն:
Թևանցուկ արեցի նրան:
Նա ստիպված էր մի քիչ կռանալ, որպեսզի ինձ հարմարվեր, բայց եթե օրիորդ Ստեֆընի Քրոֆըրդը նայելիս լիներ վերևի պատուհանից, կտեսներ, որ Արթուր Ռադլին ուղեկցում է ինձ փողոցում, ինչպես վայել է ջենթլմենին:
Հասանք անկյունի փողոցային լապտերին, և մտածեցի, թե քանի՜ անգամ է Դիլն այդտեղ կանգնել լապտերասյունը գրկած, հսկել, սպասել և հուսացել: Եվ հիշեցի, թե քանի՜ անգամ ենք Ջիմն ու ես անցել այս ճանապարհով, բայց կյանքումս երկրորդ անգամ եմ Ռադլիների դարպասից ներս մտնում: Բոբոն ու ես աստիճաններով դեպի պատշգամբը բարձրացանք: Նա մատներով շոշափեց ու գտավ դռան բռնակը: Ապա զգուշորեն բաց թողեց ձեռքս, դուռը բացեց, ներս մտավ և իր հետևից փակեց: Այլևս երբեք նրան չտեսա:
Երբ տանը մարդ է մահանում, հարևաններն ուտելիք են բերում, հիվանդության դեպքում՝ ծաղիկներ, երբեմն էլ հենց այնպես փոքր բաներ են նվիրում: Բոբոն մեր հարևանն էր: Նա օճառից երկու տիկնիկ, փչացած ժամացույց ու շղթա, երջանկություն բերող երկու մեկպեննիանոց և մեր կյանքն էր նվիրել մեզ: Սակայն հարևանները նաև վարձահատույց են լինում: Իսկ մենք երբեք ծառի փչակի մեջ ոչինչ չենք դրել, միայն վերցրել ենք, մենք նրան ոչնչով չենք փոխհատուցել, և դա ինձ ցավ էր պատճառում:
Շրջվեցի, որ տուն վերադառնամ: Փողոցի լապտերներն անվերջանալիորեն ձգվում ու առկայծում էին մինչև քաղաք: Այդ կողմից մեր թաղամասին դեռևս երբեք չէի նայել: Սա օրիորդ Մաուդիի տունն է, սա՝ օրիորդ Ստեֆընիի, ահա և մեր տունը, նույնիսկ պատշգամբի ճոճանակն էի տեսնում, օրիորդ Ռեյչըլի տունը մերի հետևում էր և պարզորոշ երևում էր: Նույնիսկ տիկին Դյուբոզի տունն էի տեսնում:
Հետ նայեցի: Շագանակագույն դռնից դեպի ձախ բարձր ու մեծ, փակոցափեղկերը վրա բերած պատուհանն էր: Մոտեցա, կանգնեցի դրա դիմաց և շրջվեցի: Մտածեցի, որ ցերեկն այդտեղից երևում է փոստատան անկյունը:
Ցերեկ է… մտովի գիշերն ավարտվել է: Լուսացել է, և հարևաններն արդեն իրենց գործին են: Օրիորդ Ստեֆընի Քրոֆըրդը հատում է փողոցը, որպեսզի վերջին նորությունը հայտնի օրիորդ Ռեյչըլին: Օրիորդ Մաուդին կռացել է լեռնավարդերի վրա: Ամառ է, և երկու երեխա ցատկոտելով վազում են դեպի հեռվից մոտեցող տղամարդը: Նա ձեռքով է անում, և երեխաներն իրարից առաջ ընկնելով նրա մոտ են շտապում:
Տակավին ամառ է, և երեխաներն ավելի են մոտենում: Տղան հոգնած իջնում է մայթով՝ իր հետևից քարշ տալով ձկնորսական կարթը: Տղամարդը կանգնել և ձեռքերը կանթած սպասում է: Ամառ է, և նրա զավակներն իրենց ընկերների հետ խաղում են տան դիմացի բակում. իրենց հորինած փոքրիկ, տարօրինակ դրաման են բեմադրում:
Աշուն է, զավակները կռվում են մայթի վրա՝ տիկին Դյուբոզի տան դիմաց: Հետո տղան օգնում է քրոջը ոտքի կանգնելու, և միասին տուն են գնում: Աշուն է, զավակները ետ ու առաջ են անում փողոցի անկյունում՝ օրվա ցավն ու ցնծությունը դեմքերին: Նրանք կանգ են առնում կաղնու մոտ հիացած, շփոթված ու երկչոտ:
Ձմեռ է, զավակները դողում են մուտքի դարպասի մոտ, ինչպես ստվերներ՝ բոցափայլ տան դիմաց: Ձմեռ է, տղամարդը դուրս է գալիս փողոց, մի կողմ է նետում ակնոցը և կրակում է շան վրա:
Ամառ է, նա տեսնում է, որ զավակների սիրտը կտոր–կտոր է լինում: Կրկին աշուն է, և Բոբոյի զավակները նրա կարիքն ունեն:
Աթիքըսն իրավացի էր: Մի անգամ ասաց՝ երբեք չես կարող մարդուն իսկապես ճանաչել, քանի դեռ նրա կաշվի մեջ չես մտել և որոշ ժամանակ այդպես չես ապրել: Հենց միայն Ռադլիների պատշգամբում կանգնելը բավական էր:
Փողոցային լապտերների լույսն աղոտանում է անձրևից, որ մաղում է անդադար: Տուն եմ գնում և զգում եմ, որ շատ եմ ծեր, բայց երբ քթիս ծայրին նայեցի, մանր, հրաշալի, մշուշոտ ուլունքահատիկներ տեսա, սակայն աչքերս շլացրել էի, և գլուխս պտտվեց, դադարեցի քթիս ծայրին նայել: Տուն եմ գնում և մտածում եմ, թե վաղը ինչե՜ր եմ պատմելու Ջիմին: Կգժվի, որ այդ ամենը ձեռքից բաց է թողել, և օրերով հետս չի խոսի: Տուն եմ գնում և մտածում եմ, որ Ջիմն ու ես էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել, թերևս միայն հանրահաշիվ: