Մարիամ Կարապետյան | Պոեզիայի գալու ժամը

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Մոմավառություն

Մենք ենք՝

այսպես փոխված առանց պատուհասների,
տների հետ համընկած կյանքերս,

և մեր պարտքերը՝ քամիների բոլոր կողմերում
առանց պատմությունների հանգչող,

անհուսալի հեռու ո՞ր վայրերից…

 

***
Մենք իրար մասին գիտենք
այս բառերը դյուրաբեկ,
մեր այցն առավոտվա մեջ
նույն բառերի շուրջ է
պտտվում:
Պատմություններ ենք հավաքում
մեր աչքերի համար,
նրանք, որ երկար են մնում
աչքերի մեջ:
Մենք այնքան քիչ գիտենք,
միայն արվեստական,

և մեր օրերը ճաշակով հատվում են…

 

***
Ամեն գիշեր դարակս
քանդում էի
ու հասնում էի վարդին
չորացած:

Ես, իմ լավագույն
համբերությունը,

այս ընտանիքները`
աղոթելու համար,

և ճաշակով իրերը
ամբողջական…

 

***
Այնտեղ` ջաղացի յոթ քարի տակ,
երբ հյուրերն արդեն Աստծունը չեն,
անձրևի ժամերին
չկարողացա տոնել առավոտդ
և երեկոդ տոնեցի:

Այս ջրերն արդեն խամրում էին…

 

***
Եղածը` գեղեցիկ բլուրներով,
որ հոգում հաճելի բան էր թողնում-
պատում
և բոլոր հիշվող բաներով
հիացնում էր-
փուխր փոշիների երիզներ.

Ի՜նչ լավ մթնոլորտներ էին:
Հերթով ավելանում էին
օրերի անունները
և մարող տատանումներն օրերի`
հարթմնի,
փակ աչքով տեսած արագիլ:

Օրերին արարներ հակվեցին…

 

Կողմնակին

Բառերն աչքերի կողքով անցան
հեշտ
վրիպող
առանց պատահող էջերի:
Օրեր, որ դեռ չեն լրվել,
միջոցներ…
Գիշերների՞ հետաձգեցինք
մեր քայլելը,
թե՞ ամպոտ առավոտների,
և ո՞ւմ ձեռագրերին նմանվեցինք:
Ավարտնե՞ր ի չիք դարձան,
ձայնե՞ր շատացան,
ավելի լավ ժամանակների՞
մնացին մտքերը:
Ո՞ր դիրքերից վրա հասավ
մութը,
անպատրաստության ի՞նչ պահերի,
և ո՞ր ընթացքները
պահին սևեռվեցին՝
լռելու: Ճանապարհ անցնելու մտքեր:
Եվ ի՞նչ սովորական չէր դարձել,
էլ ի՞նչ անհետացման ձևեր:
Ճամփին մնացածի հետքերով՝
օրեր, որ մենակ էին և գեղեցիկ:
Այդ հետքե՞ր են մնում շնչելուց,
ամբողջ լինելու խոնջություն:
Ինչպե՞ս կապվեցին իրար
երկարած ժամերը-
հանդիպածների հանդարտ
գոհություն…


Պոեզիայի գալու ժամը

Պատմություն.
թե կարող ես՝
օտարների և բնիկների համար:
Հասած ցորենի նախշ՝

ամբողջ, օտար և լի:

Իրար կպչում են այս հմայքները.
դիմահայաց կողմեր՝
թավշե արևներով:

Ահա զսպված մտքեր,
օտարների խոսքեր,

ահա մոլորություն:

Հանդիպում են իրար
այս օտարները

պատմություններում…

Share Button

1 Կարծիք

  • Մարիամ Կարապետյան says:

    Հետաքրքիր է ճշգրտությունը պոեզիայի մեջ՝ որպես ոճի ճշգրտություն և իմաստային միավորների ճշգրտություն:
    Մ. Բլանշոն ուշադրություն է հրավիրում սյուրռեալիստների մատնանշած ավտոմատիզմի վրա՝ վերամեկնաբանելով դա որպես այն պահը, երբ գրականությունն ինքն է գրվում՝ կարծես առանց գրողի միջամտության: Այս ինքնակա գրականությունը, թերևս, հակասություններ ունի Հ. Արենդտի՝ գրականության մեջ ՛՛մակերեսների միասնականություն՛՛ տեսնելու ակնկալիքի հետ: Այս մտքերը թողնելով օրերից մի օր ստեղծվելիք իմ հոդվածին՝ այժմ միայն պոեզիա, որ ինձ այս բաները մտածելու առիթ է տալիս: Եվ մի մեջբերում Ա. Ռոբ-Գրիյեից, որ նաև իմ միտքն է. ”Պոեզիայում ինձ համար շատ հուզիչ է ծայր աստիճան կոնկրետ ու հստակ բաների միախառնումը անորոշ, կարելի է նույնիսկ ասել խորհրդավոր ու փակ մտահայեցողությունների հետ՛՛:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *