Հրաչ Բեգլարյան | Ֆրոյդը կամ Կորյունի սև հորթը

Հրաչ Բեգլարյան

-Հերն անիծվի Ֆրոյդի, ինչ հիմարություն ասես, որ չկա գլխիս մեջ. փսիխոանալիզ, մոտիվացիա, փսիխոմատիկ… Ասա ինչի՞ս էր պետք էդքան գիրք կարդալը,- տնքաց Գարիկն ու աշխատեց հարմարեցնել դիրքը:
Ոչ մի կերպ չէր հարմարվում: Ոտքերն սկզբում ցավում էին անտանելի, իսկ հիմա ցավը բթացել էր, ասես փափուկ բամբակով էին սեղմում դրանք և անշարժ, կոճղի նման անտարբեր կային իրենց համար, կային իրենից անկախ: Իրեն միացած, իր մարմնին կպած էին, բայց իրենը չէին ասես:
-Քո Գյուրջրևի տիրու մերը…,- մրթմրթաց էլի,- ինչ ասես հորինել է ու ես դրանցով լցրել եմ իմ հիմար գլուխը: Ասում է` եթե ցանկանաս, կամքի ուժով կարող ես սարեր շուռ տալ: Ասում է` մարդը մահ չունի: Բա սա ի՞նչ է, որ մահ չէ: Ես` երեսունչորս տարեկան, մահը` բկիս չոքած, սրտիս մեջ հազար չիրականացած երազանք: Ո՞ւմ էր պետք:
Չգիտեր զառանցանք է, թե իրականություն: Գիտեր, որ աշխատանքի էր գնացել, սենյակից ելավ, մտավ զուգարան ու աշխարհը միանգամից մթնեց: Չհասկացավ` ինչ պատահեց ու ինքը հայտնվեց մթի, փոշու, անորորշության մեջ:
-Քո Լենինի մոր մեռելը…,- իր մտավորական, փողկապավոր գոյությունը մոռացած, նորից հայհոյանքի թելը թելեց: Ասում էր` բարեկամություն, ասում էր` ժողովուրդների եղբայրություն: Ո՞վ գիտե, եղբայրական Ադրբեջանն ի՞նչ զենք բանեցրեց, ո՞վ գիտե, կրակեցի՞ն, թե՞ պայթեցրեցին…
Սկզբում ուշագնաց էր եղել, հետո ուշքի էր եկել, փորձել էր շարժվել, չէր հաջողվել ու ոտքերի ցավը կյանքում չտեսնված մրմուռ` տվել էր սրտին: Փորձել էր շարժվել ու չէր հաջողվել: Ավելի ուշ հասկացել էր, որ հայտնվել է ծածկասալերի տակ: Ձենը գլուխը գցած գոռացել, օգնություն էր կանչել, բայց երբ հասկացել էր, որ իրեն լսող չկա և ձայնը խզվում է գոռալուց, սսկվել-մնացել էր:
Որոշ ժամանակ կորցրել էր ժամանակի զգացողությունը, հետո երբ ուշքի էր եկել, սկսել էր հոգեբանի իր գիտելիքներն օգտագործել իրեն ուժ տալու, մխիթարելու, հանգստացնելու համար և երբ չէր հաջողել, սկսել էր մեկ առ մեկ հիշել մինչ այդ իր պաշտած, իր համար ուսուցիչ համարած հոգեբան-կուռքերին և նախշել նրանց յոթը պորտը:
-Քո Յունգի…
Յո՞ւնգ էր, թե՞ Յանգ, հիմա չի կարողանում հիշել: Գիտի, որ Ֆրոյդի աշակերտն էր: Ինքնատիրապետում, ինքնաներշնչում, ինքնազահրումար…
-Արա, ասա մեկդ օգնեք,- նորից ինքն իր, թե՞ իր երազանքների դեմ կռվեց նա,- ախր մեռնել-մեռնելու վրա հաշիվ կա: Ախր էս զուգարանում, ամոթույքս բաց ո՞նց մեռնեմ:
Ծիծաղը գալիս էր: Հազիվ էր շալվարն արձակել, ծածուկ մարմինը դուրս հանել ու… ՙՏեսնես միզեցի՞՚,- մտածեց տխուր:
Կարծես թե միզել էր: Հիմա միզելը չէր գալիս: Ուրեմն ուշագնաց եղած ժամանակ կամ դրանից հետո միզել էր: Լավ, բա մնացա՞ծը: Ամոթ չէ՞, որ իրեն գտնեն, բաց ու անպարկեշտ… Ամոթ է ախր: Ձեռքով ածմծեց, կարծես թե տաբատը կոճկած է, ամեն ինչ` տեղը տեղին: Ուրեմն կամ չի միզել, կամ միզել պրծել է ու հիմա զառանցանքի մեջ է: Նորից փորձեց վեր կենալ-նստել: Հաջողվեց: Ծածկասալը մի ծայրով մնում էր պատին հենված, մյուս ծայրը ընկել էր ոտքերին` ծնկներից ներքև ու խորշի նման մի բան էր առաջացել: Չգիտեր, ճզմվե՞լ են ոտքերը, թե՞ միայն բռնվել են քարերի մեջ: Փորձեց մթի մեջ շոշափել, գտնել վերջույթները բանտող քարերն ու դրանք մի քիչ թուլացնելով թեթևացնել ոտքերի վրա ընկած ճնշումը: Ձգվեց նստած տեղում, բայց ձեռքերը չէին հասնում ոտքերը ճնշող քարերին:
-Բա ասում ես անկարելի բան չկա՞,- չգիտես ում հետ կռվեց քրթմնջալով,- դե որ անկարելի բան չկա, թող կամքիս ուժով այնպես անեմ, որ ձեռքերս մի քիչ երկարեն, թող այնպես ուժեղանամ, որ կարողանամ ոտքերս քարերի տակից հանել:
Ասաց, լարվեց, հավաքեց բոլոր ուժերը, բայց ապարդյուն: Ձեռք բերածն այն էր միայն, որ նորից անտանելի ցավեցին ոտքերը: Մրմուռը այս անգամ խփեց գլխին և նորից ուշաթափվեց:
ՙԼավ է, որ ցավ եմ զգում,- ուշաթափվելուց առաջ հասցրեց ուրախանալ մտքում,- եթե ցավ եմ զգում, նշանակում է ոտքերս գործում են, ուրեմն ողնաշարս չի կոտրվել, նշանակում է ներվերս…՚:
Նորից ուշքի եկավ: Չգիտեր վերջին ուշաթափությունից որքան ժամանակ էր անցել: Բացեց աչքերը, ձեռքերը բարձրացրեց ու շոշափեց ծածկասալի ողորկ մակերեսը: Եթե պայթյուն է եղել, եթե ավերածություն է եղել, եթե ողջ Հայաստանը կամ աշխարհը չի կործանվել, ուրեմն փրկարարներ պիտի գան, նշանակում է պիտի փորձեն… Գոնե դիակները պիտի հանեն: Ուրեմն լավ կլինի, եթե իմաց տա, որ ինքը ողջ է:
-Էհե¯յ, ո՞վ կա վերևում,- նորից ուժերը հավաքելով սկսեց ձայն տալ:
Կանչեց ու սպասեց: Պատասխան չկար: Կողքից քարի, թե՞ բետոնի կտոր գտավ ու սկսեց հարվածել ծածկասալին:
-Կը´տ, կը´տ, կը´տ…
Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար լսեցին:
Սկզբում թվաց, թե գրգռված երևակայության արդյունքն է: Հառաչանք էր, մարդու հառաչանք, տղամարդու թույլ, հուսահատ հառաչանք:
-Ա¯խ…
-Հը՞,- լարվեց,- լսեցի՞ն: Հե¯յ, մարդ եք, ախր մարդ-արարածին օգնելը ոչ միայն մարդասիրություն է, այլև պարտականություն, հաճույք է վերջապես: Օգնողը միշտ իրեն ավելի ուժեղ ու առավել պաշտպանված է զգում:
-Փիլիսոփա՞ ես:
Նույն ձայնն էր և հառաչանքը վերածվել էր հոդաբաշխ խոսքի:
-Ի՞նչ փիլիսոփա, հոգեբան եմ,- հակադարձեց,- ի՞նչ ես հարցաքննում: Փլվածքի տակ եմ մնացել, ոտքերս երևի ծածկասալի տակ են: Շարժել չեմ կարողանում: Օգնիր… Էս անտերը հեռացրու, ասա թող ամբարձիչ բերեն:
-Բախտավոր իմ գլխին, որ էդ բոլորն անել կարողանամ,- ծիծաղե՞ց, թե՞ խռխռաց ձայնը,- ես էլ եմ քո օրին:
-Հա՞:
-Չգիտե՞ս ինչ է եղել:
-Եսի՞մ: Երևի պայթյուն կամ երկրաշարժ:
-Բան տեսնու՞մ ես:
-Չէ, զուգարանի ջուրն է հոսում տակս և ցավն էն է, որ բժիշկ Գուլոյանի էդքան տանջանքը ջուրն ընկավ:
-Հո չե՞ս զառանցում: Ի՞նչ Գուլոյան, ի՞նչ աշխատանք:
-Չէ, չեմ զառանցում: Երկկողմանի ճողվածք ունեի, բժիշկ Գուլոյանը մի տասնհինգ օր առաջ կարեց: Հիվանդանոցից նոր էի դուրս գրվել: Հիմա մինչև պորտս քար ու ավազի մեջ եմ:
-Հա՞, ես էլ ճողվածք ունեմ, իմն էլ է երկկողմանի,- անտարբեր ասաց ու նորից սկսեց հարվածել ծածկասալին:
Հարվածեց մի անգամ, երկու, երեք… տասը: Հետո թևերը հոգնեցին: Քարն զգուշորեն իջեցրեց ու դրեց կողքին` ձեռքի տակ: Կհանգստանա, նորից կհարվածի:
-Բա ասում ես` կարող ես լեռանն ասել` ծովն ընկիր ու կընկնի՞,- սկսեց Քրիստոսի հետ կռվել,- բա ինչու՞ չեմ կարողանում ոտքերիս մատները շարժել:
-Ասում է` եթե հավատ ունենաս,- կողքից ճշտեց ձայնը:
-Ես մինչև էս պահը հավատ չեմ ունեցել: Դու ունե՞ս:
-Մինչև էս փորձանքը կարծում էի, թե ունեմ, բայց հիմա համոզվեցի, որ չէ:
-Ինչի՞:
-Ինչի՞: Որ ունենայի, Աստված կպաշտպաներ կամ քարը ոչ թե ողնաշարս կկոտրեր, այլ գլուխս և հոգիս կազատվեր:
-Կազատվե՞ր որ…
-Չգիտեմ, բայց հիմա հավատս սկսում է երերալ:
-Իզուր,- հոգոց հանեց Գարիկը,- գոնե մեռնելիս կօգներ:
-Չէ¯, էս փլվածքի տակ ընկնելուց հետո համոզվեցի, որ Աստված մարդուն չի օգնում, կամ գրեթե չի օգնում:
-Հա՞,- նորից հարցրեց ու ձեռքն առավ քարը:
Հարվածեց մինև ուժասպառ լինելը, հետո մթի մեջ դիմեց կողքինին:
-Անունդ ի՞նչ է:
-……………………….
-Անուն չունե՞ս, այ ախպեր,- կատակեց, ինչպես երեխայի հետ կկատակեն,- խոսիր, հոգիդ սիրեմ, խոսի¯ր:
-………………
-Կարո՞ղ է մեռել ես: Գոնե անունդ ասեիր` հետո:
-Չէ, չեմ մեռել,- խռխռաց տղամարդը,- Կորյուն է անունս: Կորյուն: Չեմ մեռել: Ասում եմ` քիչ խոսեմ, ուժերս խնայեմ, կարող է մի քիչ էլ ապրեմ:
-Դու սա ապրե՞լ ես համարում,- ծիծաղեց հուսահատ:
-Այ մարդ, իմ ցավն ու հուսահատությունը քիչ են, դու էլ…,- նեղացավ Կորյունը:
-Արի իրար հետ ձայն տանք:
-Չէ¯,- ծոր տվեց տրտում,- լսող չի լինի: Եթե երկրաշարժ եղած լինի, փրկարարներ եկած լինեն, առաջ էն լավ-լավ առանձնասենյակների կողմը կգնան: Ո՞վ է զուգարանի կողմը եկողը:
-Էդ էլ է ճիշտ,- տնքաց Գարիկն ու լռեց:
…Մտքի մեջ Հրազդան գնալու էն օրն էր: Էն սովորական, հասարակ, պարզ ու պարզունակ օրը, որ հիմա զրնգում էր սրբած թրի նման: Ինչ էր եղածը: Ընկերոջ §02¦-ով գնացել էին Հրազդան: Տուն պիտի սարքեր ընկերը: Շինարարության համար գործիքներ էին պետք: Չգիտես ինչու որոշել էր, որ դրանք Հրազդանում ավելի էժան ու որակյալ կարող են լինել ու գնացել էին: Գնացել էին դաշտամիջյան ճանապարհով, քանի որ երկուսի մոտ էլ վարորդական իրավունք չկար: Հետո Հրազդանից երշիկ ու հաց էին առել, երկու գարեջուր, ետ գալու ճանապարհին նստել էին դաշտի կանաչ խոտերի մեջ, գետակի ափին: Եղածն ի՞նչ էր` սովորական բան: Իսկ հիմա իր կյանքից միայն դա է հիշում:
-Դու իսկի Հրազդան գնացե՞լ ես,- հարցրեց մի բան ասելու, ավելի շատ հիշողության աչքը գոցելու համար:
-Ի՞նչ Հրազդան,- տնքաց Կորյունն ու մտածեց, թե կողքի տղամարդը զառանցում է: Հետո մի բան ասելու համար հարց տվեց.
-Բա քո անունն ի՞նչ է:
-Գարիկ: Ասում ես` Հրազդան չե՞ս գնացել:
-Օ¯ֆ, այ ախպեր, ի՞նչ Հրազդան,- տնքաց սրտնեղած,- առավոտ շուտ գործով էկա էս անտեր քաղաքը, հետո զուգարան ուզեցի, մտա էստեղ ու ահա, տեսնում ես: Իմ վերջն էլ էստեղ էկավ: Մարդու ձայնի մեջ հուսահատ-լալկանություն զգացվեց:
Գարիկը բանի տեղ չդրեց նրա լացն ու սկսեց բարձրաձայն մտածել.
-Տեսնես ինչո՞ւ հենց Հրազդան գնալու էդ օրն եմ հիշում: Ոչ մի զարմանալի, ոչ մի արտառոց, ոչ մի չտեսնված բան չկար էդ օրվա մեջ, բայց հիմա մնացած ողջ կյանքս մի կողմ թողած հենց էդ օրվան եմ կպել ու ինձ թվում է իմ կյանքում կերած ամենահամով երշիկն ու հացը, էդ օրվանն են եղել, իմ խմած ամենադառը, երակները հանգստացնող գարեջուրն հենց էդ օրվանն են եղել: Տեսնես ինչու՞:
-Օրը մրջյուն կամ սարդ չէ,- հառաչեց հարևանը,- որ թափ տաս վրայիցդ ու քայլես առաջ: Օրը բացվում է ու չգիտես գլխիդ ինչ է գալու: Իսկ Հրազդան գնալու էդ օրը երևի քո կյանքի ամենալավ օրն է եղել: Հոգիդ մաքուր ու անցավ է եղել ձմռան պարզկա գիշերվա երկնքի պես: Հա´, քո ապրած բոլոր օրերից ամենալավն էդ մեկն է եղել ու դու չես իմացել կամ գլխի չես ընկել: Դրա համար էլ հիմա կյանքիցդ առանձնացել ու փաթաթվել է աչքերիդ:
-Չէ, հա¯,- թերահավատորեն ձիգ տվեց Գարիկն ու էլի ցանկացավ լսել կողքին պառկած մարդու խռխռան, ցավից կուչուձիգ եկող ձայնը:
-Հա´,- համոզելու պես ասաց Կորյունը,- եթե մարդն իմանա, որ իր ապրած էսօրվա օրն ամենալավն է լինելու, գուցե թե կարգին չգնահատի կամ շատ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տա դրան ու փչացնի: Բա՞: Դու չես իմացել, իսկ հիմա հանկարծ հիշել ես ու…
Լռելը դժվար էր: Թվում էր, թե լռության հետ մահը մոտենում է կամաց ու գողեգող, դրա համար էլ պահանջելու պես խնդրեց.
-Խոսիր, մի լռիր:
-Առավոտ շուտ գործով էկա էս անտեր քաղաքը, հետո զուգարան ուզեցի,- մի քիչ առաջվանը կրկնեց,- մտա քաղաքապետարանի շենք ու տե´ս, թե գլխիս ինչ փորձանք էկավ,- Կորյունի ձայնի մեջ հուսահատությանը խառնված ծիծաղ զգացվեց:
-Հույսդ կտրե՞լ ես,- ավելի շատ իրեն, քան տղամարդուն հարցրեց:
Չստացվեց: Մխիթարելու փոխարեն ավելի տխրեցրեց նրան: Կորյունը չպատասխանեց; Մթության մեջ քիթը ֆսֆսացրեց: Հետո լռություն իջավ կապարի պես: Սսկվեցին ու ականջները ձայնի` սպասեցին էլի: Կամ լսողությունն էր լարել չափից ավելի, կամ երևակայությունն էր բորբոքված, մի տեսակ ճթճթոց էր լսում: Ականջների մե՞ջ, թե՞ չորսբոլորն ամեն ինչ ճթճթում էր: §Չլինի՞, թե ոսկորներս են¦,- մտածեց ձեռի հետ, ինչպես իրենից դուրս եղող անծանոթ ու անհաղորդ բանի մասին կմտածեն: Լսեց էլի…Ճթճթոցի ձայնը չէր դադարում: §Կարո՞ղ է փլված քարերն են շարժվում¦,- այս անգամ տագնապեց: Եթե քարերը շարժվեն, իր վրա են լցվելու: Որքան էլ ծանր վիճակում էր, ինչքան էլ անցավ ու խաղաղ մահ էր երազում, բայց իրական մահն այնուամենայնիվ վախենալու էր: Ի՞նչ կար մահից անդին` չգիտեր:
Հոգեբանական գրականությունն ինչ ասես, որ չէր ասում այդ մասին, բայց մինչև չտեսնես, չես հասկանա: Իսկ անորոշությունը վախեցնում էր:
-Լսու՞մ ես,- դեմքը դեպի Կորյունը շրջելով հարցրեց:
-Ի՞նչը,- թառանչեց Կորյունը:
-Ճթճթոց չե՞ս լսում:
-Հը՞,- նորից հարցրեց, լռեց, սպասեց մի քիչ ու տնքաց,- չէ´, ես բան չեմ լսում: Կամ ես եմ խլացել, կամ քո ականջներն են ձայն տալիս:
Չգիտեին որքան ժամանակ է, որ մթի մեջ են, չգիտեին գիշեր է, թե ցերեկ, չգիտեին սպասե՞ն, թե՞ հուսահատվեն, չգիտեին հետո ի՞նչ է լինելու:
-Քո Ֆրոյդի…,- էլի տնքաց ու հառաչանքը կուլ տվեց:
-Էդ ու՞մ հետ ես կռվում էդպես համաշա:
-Վերջին բառը խրվեց Գարիկի գիտակցության մեջ ու արգելակի պես չէր թողնում, որ պատասխանի: Եթե մի այլ իրավիճակում լինեին, գուցե թե այդ բառը նրան ծիծաղ կամ զարմանք պատճառեր, բայց հիմա մտել էր գիտակցության մեջ ու չէր թողնում առաջ շարժվել:
-Հը՞,- անհամբերություն զգացվեց Կորյունի ձայնի մեջ:
-Ո՞ւմ հետ,- վերջապես մտքերը հավաքեց,- դու հաստատ չես ճանաչի դրանց:
-Ինչի՞ց իմացար,- մի քիչ նեղացավ:
-Քո ձայնից,- ասաց ու լռեց մի քիչ, հետո շարունակեց,- դրանք գիտնական, հոգեբան մարդիկ են, անուններն ու համբավները զրնգում են աշխարհով մեկ: Հազար անգամ ինձ համոզել են, թե մարդու համար մահ չկա, թե մարդը, եթե կամքը լարի, ամեն ինչ կարող է անել, թե… Ու հիմա տեսնում եմ, որ նրանց ասածները սուտ են:
-Գուցե մի բան կա, որ իրենք իմացել են ու դու չէ՞,- հարցը տարօրինակ էր ու զարմանալի: Աներկրային մի երանգ կար դրա մեջ, որ Գարիկը զգում ու չէր զգում կարծես:
-Հը՞,- տնքաց ոչ այն է մարմնի ցավից, ոչ այն է հուսահատությունից,- ո¯վ գիտե:
Պառկեցին էլի մի քիչ: Զգում էր, թե ուժերն ինչպես են ժամ առ ժամ պակասում: Հիմա միայն Կորյունի խռռոցն էր լսվում: Չգիտեր քնե՞լ է, թե՞ մահվան տուրուտափի մեջ է: Չէր ուզում ձայն տալ, չէր ցանկանում խանգարել, մանավանդ, որ հիմա հարազատություն էր զգում նրա նկատմամբ: Իր ու նրա կյանքի մնացած մասն արդեն կարևոր չէր, ամեն ինչ եկել, խտացել էր ժամանակի հենց ա´յս հատվածի մեջ, ա´յս փլվածքի տակ: ՙՏեսնես ապրելու ընկերո՞ջն են ավելի շատ սիրում, թե՞ մեռնելու՚ ,- մտածեց ակամա:
-Այ շան տղա, ասա ինձ մի´ տես էլի, մի´ տես,- Կորյունի ձայնն էր: Կռվում էր ինչ-որ մեկի հետ: Չէր հասկանում՝ զառանցու՞մ է, թե՞…
-Ո՞վ,- մրթմրթաց մի բան ասելու համար:
-Ո՞վ,- փնչացչեց,- Վալտերը… Իմ հարևանն է: Շուն շանորդին կանաչ ծառին նայի` կչորանա տեղում, ածան հավին նայի` հավը կամ ձուն թախտիկ կածի, կամ կստակի տեղում: Առավոտյան ելա,- տնքաց ցավոտ,- մեր կնկան ասեցի.ՙՄի բաժակ սուրճ տուր՚: Սուրճը սրճամանից թռավ: Ասաց. ՙԱյ մարդ, լավ նշան չէ, տեղ մի գնա՚: Ձեռ առա: Ես էդ տեսակ բաների չեմ հավատում ախր: Հետո տանից դուրս եկա ու Վալտերին տեսա: ՙԲարի լույս՚,- ասաց: ՙՏո առավոտ շուտ քեզ տեսնելու մեջ ի՞նչ բարի բան կարող է լինել՚,- ասեցի մտքումս, ծածուկ մարմինս կճմտեցի, մտքիս մեջ թքեցի, բայց Վալտերի աչքից պրծում չկա, Գառնիկ ջան:
-Գարիկ,- նեղացավ:
-Թող Գարիկ լինի,- եթե Գարիկ ես, ուրեմն ջահել պիտի լինես, Գարիկը ջահելի անուն է:
-Երեսունչորս տարեկան եմ:
-Վա¯յ, տղա ջան,- ափսոսանք խառնվեց: -Վա¯յ տղա ջան, իմ տղայից փոքր ես… Էս անտեր ջուրը չլիներ, էսքան չէի տանջվի: Ցավ չեմ զգում: Մինչև գոտկատեղս խճի ու ավազի մեջ եմ, բայց ցավ չեմ զգում:
ՙԵրևի ողնաշարն է կոտրվել՚,- մտածեց, բայց չուզեցավ հուսահատեցնել նրան ու ձայնին ուրախություն խառնելով ասաց.
-Էդ հո լա՞վ է:
-Լա՞վ է որ…,- կասկածեց,- վայթե էլ դուրս չգամ էստեղից,- հառաչեց,- այ մարդ, հիսունութ տարի ապրել եմ մի աչք ճպելու պես: Ինչքան ասես ցավ եմ տեսել, նեղություն, բայց որ վերջն էս էր լինելու, չգիտեի:
-Ի՞նչ վերջ,- նրա հուսահատության եռքի վրա ջուր լցրեց Գարիկը,- ի՞նչ վերջ: Մենք դուրս ենք գալու: Խոստացիր, Կորյուն հոպար, որ իմ տանը մի լավ քեֆ ենք անելու:
-Կորյուն,- շշնջաց,- Կորյուն ասա: Տարիքն էստեղ կարևոր չէ: Ընկեր ենք, ուրեմն հավասար ենք: Կորյուն ասա:
-Կորյուն կասեմ, դու խոստացիր:
-Որ դուրս գանք, քո տնից հետո իմ տանը կհավաքվենք ու ես էն սև հորթը կմորթեմ, բայց վախենամ` հորթն ուրիշ նպատակի համար մորթվի:
-Էլի սկսե¯ց,- դժգոհելով պառկած տեղից կիսանստեց ու ցավից շամփրված ուշագնաց եղավ Գարիկը:
-Գարիկ,- տագնապեց,- Գարի¯կ, էս տղեն ախր մեղք է: Այ Աստված, երեսունչորս տարեկան տղան մի էրկու էդքան էլ մուրազ ու չկատարված երազանք կունենա: Ինձ տանես, կհասկանամ: Երեխաներին մեծացրել եմ, թոռ տեսել եմ, կյանքի վարդը քաղել, փշին եմ հասել… Այ Աստված, արի էս տղին փրկիր, ինձ տար:
Խոսում էր տնավարի, խոսում էր համոզելու նման: Այնպես, ինչպես ընկերոջը, բարեկամին, հարևանին կհամոզեն: Խոսում էր ինքն իրեն, ժամանակ առ ժամանակ ձայն էր տալիս Գարիկին, բայց նրա պատասխանը չլսելով ավելի էր անհանգստանում:
-Այ Աստված, ախր հիմիկվա երեսունչորս տարեկանն ի՞նչ է: Ես ոտքերս չեմ զգում, ուրեմն ողնաշարս ջարդված է, չէ՞: Էդ տղան ուրախացավ, ուզեց հույս տալ ինձ, բայց չհասկացավ… Ես էս փլվածքի տակից ելնեմ, կյանքի փլվածքի տա՞կ մտնեմ: Եթե ամեն ինչ լավ լինի, փայտով պիտի ման գամ, իսկ ես էդպես ապրելու հաճույքը չեմ հասկանում: Չնայած, եթե երեսպաշտություն չանեմ, կյանքը իր բոլոր ձևերի մեջ լավ է: Հա, ավելի լավ է ողջ լինես ու փլատակների տակ, քան մեռած: Բայց եթե մեկը պիտի մեռնի, էդ մեկը թող ես լինեմ, ոչ թե էս տղան:
-Ա¯խ,- նորից ուշքի եկավ Գարիկը:
-Լա՞վ ես,- տագնապեց,- լա՞վ ես:
-Չէ, հա, զահրումար եմ, թե լավ եմ:
-Համբերիր, ամեն ինչ լավ կլինի: Տանն ո՞վ ունես…Կին, երեխաներ, ծնողներ:
-Հա´:
-Բա՞, տեսա՞ր: Նրանք քեզ են սպասում: Նրանք քո կարիքն ունեն:
Լռեց մի քիչ հետո ուժերը հավաքելով ասաց.
-Մի՜ չարացիր,- զգաց, որ Կորյունը ժպտում է:
– Չչարանամ` ի՞նչ անեմ,- բարձրացրեց ձայնը,- բա սա վիճա՞կ է: Փլվածքի տակ, զուգարանի մեջ: Սրա մեջ ի՞նչ բարի բան կա:
-Ո՞վ գիտե,- նորից ժպտաց,- եթե լավ նայես, գուցե թե էս օրվա էս պահի մեջ էլ մի բարի բան գտնես:
-Պա´հ:
-Կանցնեն տարիներ,- ասես Գարիկին չէր լսել` շարունակեց նա,- հուշի մեջ էս օրվա փուշը ծաղիկ կթվա:
-Փուշը` ծաղի՞կ:
-Եթե ծաղիկ չդառնա էլ, այդպիսին կթվա ու դա քեզ համար հաճելի կլինի:
ՙԻնձ է փիլիսոփա ասում՚,- մտածեց տխուր ու նորից սկսեց հայհոյել.
-Քո Ֆրոյդի մերը,- էս գյուղացի, աշխատավոր մարդը հոգեբանության պրոֆեսոր է եղել, իսկ ես Ֆրոյդ հա Ֆրոյդ…
-Ուժ ունե՞ս,- նորից խռխռաց Կորյունը,- իմ շունչը կտրվում է: Երևի ավազը սեղմել է երիկամներիս ու շունչս կտրվում է:
-Ինչի՞ ես հարցնում:
-Ասում եմ` գոռաս, ես էլ կօգնեմ, բայց շունչս դուրս չի գալիս, ես մտքիս մեջ կգոռամ: Համոզված եմ` կօգնի: Դու գոռա, ո՞վ գիտե, եթե Աստված երես դարձրած չլինի, գուցե թե լսող լինի:
-Հեե՛յ,- թոքերի ողջ զորությամբ ձայնեց Գարիկը,- հեե՛յ, ո՞վ կա: Ծածկասալերի տակ ենք, օգնեցե՛ք…
Այդպես սրտակտուր գոռացել էր մեկ էլ տասնմեկ տարեկանում, երբ հարևանի քած շունը հետևից մոտեցել ու կծել էր փափուկ տեղը:
-Օգնեցե՛ք,- կանչում էր հաստատ համոզված լինելով, որ դրանից հետո այլևս օգնություն կանչելու ուժ չի ունենալու: Բոլոր ուժերն այդ աղաղակի հետ դուրս էին գալիս և վստահ էր, որ եթե լսող չլինի, իր մոտ հոգեվարք է սկսվելու:
-Օգնեցե՛ք…
-Սո´ւս,- խռխռաց Կորյունը,- սու´ս, լսի´ր:
Թվա՞ց, թե իսկապես մարդկային քայլեր էին.
-Թը´փ-թըփ, թը՜փ-թը՜փ-թը՜փ…
Գուցե սի՞րտն թպրտում:
Բայց չէ, քայլեր էին իսկապես` հուսահատ, հոգնած, մոլորված… Եկան, կանգնեցին իրենց վերևում` ծածկասալի վրա:
Գարիկը ձեռքը գցեց իր քարին ու սկսեց հարվածել սալին: Պատասխան թխկթխկոց լսվեց: Թվա՞ց, թե՞ իսկականից պատասխանեցին:
-Հը՞,- տնքաց Կորյունին դիմելով:
Ուշադրություն չդարձրեց` Կորյունը պատասխանե՞ց, թե չէ: Նորից թակեց ծածկասալը, նորից պատասխան ստացավ: Հետո լսեց, թե ինչպես են ձեռքով ետ տալիս հողն ու ավազը: Ավազը թափվում էր դեմքին ու ինքը չէր կարողանում գլուխը հեռու տանել, բայց սպասում էր:
-Լսու՞մ ես, Կորյուն: Սև հորթը պատրաստիր,- դիմեց Կորյունին, բայց էլի պատասխան չստացավ:
Վերևում քանդում էին ու խոսում:
-Ո՞նց ես,- հարցրեց օղուց, ծխախոտից ու անքնությունից խզված մի ձայն:
-Հիմա լավ եմ, ի՞նչ է պատահել:
-Երկրաշարժ,- անտարբեր նետեց մի ուրիշ ձայն: Չասաց, որ քաղաքն ավերվել է, չասաց, որ ինքը ծածկասալերի տակ ողջ մնացած երջանիկներից մեկն է: Չասաց, որ երկրաշարժից երեք օր է անցել և ամայացած քաղաքը հիմա լիքն է զոհվածների ուրվականներով, որոնք թափառում են ավերակների վրա, ողջ մնացածների ձայնով ձայնում ու կանչում են մեռածներին, այսինքն` իրենք իրենց: Չասացին, որ մահվան համատարած խրախճանքը սովորական է դարձել բոլորի համար: Գործնական հարցեր էին տալիս, կենտրոնացած ու լուրջ հեռացնում էին ծածկասալ, քար ու ավազ:
-Ո՞նց ես,- հինգ րոպեն մեկ հարցնում էին նրան: Հարցնում էին այնպես, ասես թանկագին գանձ էին գտել: Երկրաշարժից առաջ լիներ կամ մի այլ տեղ` իր վրա հաստատ ուշադրություն չէին դարձնի: Մեռած լիներ` ոչինչ, հիմա գտել էին ողջ ու չէին ցանկանում նրան զիջել մահին,- ո՞նց ես:
-Ոտքերս քարերի տակ են ու ցավում են անտանելի: Մի քիչ այն կողմ Կորյունն է, մինչև գոտկատեղը քարերի տակ: Զգույշ եղեք, երևի ողնաշարը ջարդված է,- ասաց ու կծեց լեզուն: Իմանա` կհիասթափվի, կհուսահատվի: Հետո զարմացավ: Ի՛նչ հետաքրքիր է մարդ-արարածը: Ընդամենը նրա հետ պառկած է եղել նույն ծածկասալի տակ ճմլված ու հիմա իրեն թվում է` նրանից ավելի հարազատ մարդ չկա աշխարհում: Նույնիսկ դեմքը չի տեսել ու եթե հանկարծ մի տեղ տեսնի, չի ճանաչի:
Չգիտես ինչու վստահ էր, որ իր տունը դիմացել է երկրաշարժին, որ իր հարազաներից և ոչ մեկի քթից մի կաթիլ արյուն չի եկել… ու ավելի շատ Կորյունի մասին էր մտածում, քան իր:
-Կորյու՞ն,- հարցրեց ձայնին արհեստական զվարթություն տալով,- ո՞նց ես:
Պատասխան չլսեց, բայց մտքով չանցավ, որ Կորյունը չկա: Խնդրել է Աստծուն, Աստված լսել է ու Գարիկի փոխարեն իրեն է տարել: Աստված ականջխլության է տվել, չի լսել Գարիկի հայհոյանքը, շան տեղ չի դրել նրա դժգոհությունը, տրտունջը, կույր է ձևացել` չի տեսել նրա թերահավատությունը, չնկատելու է տվել հուսահատությունը, իսկ Կորյունի տնավարի, մտերմիկ խոսքը լսել ու նրա հոգին բաժանել է մարմնից: Կորյունն ուզեցել է, որ իր մահն այս տղայի ներկայությամբ լինի ու Աստված ականջ է դրել նրա ցանկությանը:
… Դեկտեմբերյան մառախլապատ, ամպամած օրվա լույսն անգամ կուրացնող ու անտանելի էր խավարին ընտելացած աչքերի համար: Նրան հանեցին զգուշությամբ, բժիշկներն առան հոգատար ձեռքերի մեջ ու տարան:
-Կորյունն ու՞ր է,- վիրահատությունից հետո աչքերը բացելով հարցրեց Գարիկը:
-Կորյունն ո՞վ է,- վերմակն ուղղելով հարցրեց կինը:
-Ո՞վ է…,- լռեց երկար,- մարդ է: Իրար հետ կողք-կողքի պառկած էինք նույն ծածկասալի տակ:
-Հետո՞,- կնոջ ձայնը շլմորած էր, բայց հանդուրժող, նաև` համակերպված: Այնքան բան էր տեսել այս մի քանի օրվա ընթացքում, որ հիմա զարմանալու ուժ չուներ:
-Օ՛Ֆ,- տնքաց կնոջ անհասկացողությունից հուսահատ,- չեմ զառանցում: Անծանոթ մարդ էր, ինքը չլիներ` ես չէի ապրի:
-Ի՞նչ արեց,- նույն անտարբեր ձայնով հարցրեց կինը:
-Քո խելքով` ոչինչ, բայց խոսեց հետս, հույս տվեց ու ես ապրեցի: Ինքն ու՞ր է:
-Ծածկասալերի տակ միայն դու ես եղել:
-Բա Կորյու՞նը:
-Քեզնից բացի ո՜չ ողջ մարդ է եղել քո տեղում, ո՜չ մահացած:
-Յա՞,- զարմացավ:
-Հա, ես քեզ հանելու ժամանակ փոսի կողքին եմ եղել:
-Բա Կորյու՞նը,- տնքաց սրտնեղած,- գոնե դիակը գտնված լիներ,- հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կգնայի գերեզմանին:
Կինը լռեց: Ի՞նչ ասեր: Ո՞վ գիտե զառանցում է, ո՞վ գիտե փլատակների տակ մնացած ժամանակ տեսիլք կամ դրա նման մի բան է տեսել:
Իսկ Գարիկը չէր հավատում, թե Կորյունը չի եղել: Համոզված էր, որ օգնություն կանչելու ժամանակ Կորյունը մտովի իր ողջ ուժերը տվել է իրեն, սատարել է ամբողջ ուժով և հանգել է առանց նվնվալու:
-Բա սև հո՞րթը,- ձեռքը գիպսի մեջ դրած ոտքերին հարվածելով հառաչեց կիսաձայն:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *