Սուրեն Սարումյան | Մեռյալը

Սուրեն Սարումյան

Լուսանկարը՝ Արինե Սուքիասյանի

Ծեսը

Մարդը նստել էր դագաղի մեջ՝ տխուր, բայց համակերպված: Նրա կյանքում տխրությունն ու համակերպվածությունը գրեթե միշտ քայլել էին ձեռք ձեռքի: Դեռ փոքրիկ տղա էր, երբ համակերպվածությունը տխրության ձեռքից բռնած նրան տանում էր ատամնաբույժի մոտ: Մայրը՝ սարսափի այդ ճերմակ թագավորությունում միակ լուսավոր դեմքը, սպասում էր դրսում, իսկ ճակատին հսկայական ապակե աչք կպցրած հավատաքննիչն իր բզզացող գործիքներով փորփրում էր տղայի բերանը:
-Թքի՛ր, – հրամայում էր, երբ լայն բացած բերանում արյան հետ խառնված թուքը սկսում էր ցած ծորալ շուրթերի անկյունից:
Հետո, երբ դպրոցական էր՝ դասարանի ոչ ամենից լավ, սակայն նաև ոչ ամենից անհույս աշակերտը, տխրության կավճափոշով քողարկված համակերպվածությունը ստիպում էր գլուխը քաշ գցել գրատախտակի մոտ զայրույթի լիցքեր արձակող ուսուցչուհու առջև: Աչքը գրեթե կատարելապես կլոր ծնկների մոտակայքում դիպչում էր նրա սև զուգագուլպաներին, ասես սև սառույցի վրա՝ սահում ներքև, ընկնում կարմիր կոշիկների մեջ ու մնում գերված ուսուցչուհու ոտքերի նուրբ մատների արանքում:
Մյուս փուլում համակերպվածությունը զինվորական համազգեստի քողարկիչ գունավորումն ուներ, իսկ անբաժան տխրությունը փարվել էր համազգեստի կրծքին արյան խումբն ու անուն ազգանունն ազդարարող տարբերանշանների տեսքով: Ամաչում էր. կարծում էր, թե արյան խումբն աշխարհին ազդարարելը հրապարակում վարտիքով քայլելու պես մի բան է, հետո մտածում էր, որ դա իրականում երկու տարով պետության հետ իր պայմանագրի ստորագրությունն է, չէ որ հոգու առուծախի պայմանագիր կնքելիս սատանան ևս վավերական էր համարում միայն արյան ստորագրությունը: Պետությունը մի քայլ առաջ էր անցել հավիտենական մոլորեցնողից: Սատանան հավակնում էր միայն հոգուն, այն էլ՝ մահվանից հետո, իսկ մարմինը մնում էր դժոխային գործարքի մյուս մասնակցի լիակատար տնօրինության տակ: Պետությունն իր շահույթը պահանջում էր այտեղ ու հիմա: Ամբողջ ծավալով: Եվ հոգին և մարմինը: Ծառայության տարիներին հոգին ու մարմինն ազատորեն տնօրինելու կարճատև պահերը երբեմն թվում էին հոծ ապարների մեջ բացված թունել: Սակայն թունելի վերջում երևացող լույսը հաճախ խաբուսիկ էր, որովհետև ազատության շլացուցիչ ճաճանչների մեջ կարող էր թաքնված լինել հայրենիքի դավաճանությունը: Ավելի անվտանգ էր պահակության երկար գիշերներին համրել երկնքի կապտավուն թավիշին դուրս տված արծաթե ցանի պես սփռված աստղերը: Համակերպվել և տխրել մինչ լուսաբաց:
Հիմա տխրությանը թևանցուկ համակերպվածությունը մարդուն օգնել էր նստել դագաղի մեջ: Դագաղը տանող ամրակազմ տղաները քթի տակ անընդհատ հայհոյում էին մարդուն: Մարդու ծանրության ամեն գրամը քրտինքի կաթիլ դարձած դուրս էր գալիս նրանց մաշկի ամենամոտ ծակոտեից, իննսուն հազար կաթիլ քրտինքի համար, անկասկած, արժեր հայհոյել, բայց ցածրաձայն: Ծանր աշխատանքի տնքոցների արանքում հնչող հայհոյանքները որոշ չափով խնայում էին մարդու ինքնասիրությունը:
Նրա հանցանքի փաստն անհերքելի էր: Իհարկե, որևէ մեկը չէր կարող հստակ պատասխանել, թե ինչի համար է մարդը դատապարտվել ամենասոսկալի մահապատժին, սակայն բոլորն էլ համոզված էին, որ հենց այնպես չեն դատում: Ակնհայտ էր, որ մարդու գաղտնի մեղքը նրան անվերադարձ վտարել է համայնքից: Եթե մեղքն ավելի թեթև լիներ՝ երեխայի սպանությամբ ավարտված բռնաբարություն կամ թաղամասը սնող արտեզյան ջրհորի մեջ առնետների քայքայված դիակներ նետելը, հիմա քրտինքի իննսուն հազար կաթիլի քաշ ունեցող մարմինը կճոճվեր վերամբարձ կռունկի նետից կախված սապոնած պարանի վրա: Սակայն հանցանքն ավելի զարհուրելի էր, ու մարդը պիտի մահանար՝ կենդանի մնալով:
Հոգեհացի սեղանը գցելու համար վաճառել էին տան կահույքը: Խաշած միս, սոխ, կարտոֆիլ և օղի, աղ ու հաց: Գրեթե մերկ սեղան: Բայց մի քանի հարյուր քաղցած մարդու համար: Համարյա թե մի այդպիսի սեղանի արժեք էր ունեցել նաև տեր հոր ծանրակշիռ ներկայությունը: Տնքտնքացող տղամարդիկ դագաղը մի կերպ ներս էին մտցրել նեղ դռնից: Մարդը շրջանակին էր խփել ու ցավացրել գլուխը: Նրա հառաչանքը չլսելուն էին տվել. դիակը ցավ զգալ չէր կարող:
Լուռ կերել ու խմել էին: Մի քանի բաժակ օղուց հետո դահլիճը լցվել էր աղմուկով: Խոսել էին մարդու մասին, հիշել միայն լավը, հանգուցյալների հետևից վատը խոսել չէր կարելի: Դագաղին էին մոտեցել հարազատները, հեկեկալով համբուրել մարդու ճակատը: Երբ դագաղում նստած տխուր մարդը ցանկացել էր գրկել իր արտասվող աղջկան, ամրակազմ տղամարդկանցից մեկը մուրճով խփել էր մատերին: Կոճերի ջարդվելուն հետևել էր ճիչը, աչքերը կլորացել էին, այտերը փոս ընկել, դեմքը ծամածռվել էր աղաղակի կենդանական ուժից, սակայն դահլիճի մարդիկ չէին լսել ոչ մի ձայն: Դիակը գոռալ չէր կարող: Տեր հայրը հարզատներին հորդորել էր մի կողմ քաշվել, ու դագաղը, հայհոյող ու տնքտնքացող տղամարդկանց ուսերի վրա ցնցվող դագաղը տարել էին քաղաքային գերեզմանատուն:

Լուսանկարը՝ Յուջին Սմիթի

Լուսանկարը՝ Յուջին Սմիթի

Փոսը խորն էր՝ ասես բարձրահարկ շենքի հիմք: Հանած հողը տանելու համար բեռնատար էր պետք եղել: Փոսի մոտ թողել էին մի փոքրիկ հողաթումբ, որի վրա լայնությամբ դրել էին դագաղը: Իր մեջ նստած մարդու ամեն շարժմանը դագաղն արձագանքել էր ճոճանակի պատրաստակամությամբ: Ամեն անգամ ամրակազմ տղամարդիկ քրթմնջալով ու հայհոյելով դագաղն ուղղել էին: Պարանները անհուսության չափ երկար էին թվացել, դագաղի վայրէջքը դեպի փոսի՝ մթությանը ձուլվող հատակը՝ անվերջանալի: Հետո մարդիկ մոտեցել էին փոսի սև երախին ու բռերով ներքև նետել հողը: Երկնքի կապույտ կարկատանով փակված անհատակ պարկի մեջ նետված հողը ներքև էր թափվել մոխիրի նման՝ նստելով դեպի վերև նայող մարդու գլխին ու ուսերին, լցվելով աչքերի մեջ: Երբ հողը վերջացել էր, մարդիկ գնացել էին, ու երկնքի կապույտ կարկատանը թվացել էր անչափ հեռու: Մագլցել էր վերև, դեպի լույսը: Փոսի պինդ պատերը քերելով՝ ջարդոտել էր եղունգները: Մի քանի անգամ ներքև էր սահել, շնչահեղձ եղել հողից դուրս եկող խոնավ ալիքների մեջ, զգացել հազարամյակները կլանած հողի զարհուրելի ծանրությունը: Հետո նորից շարունակել էր վերելքը՝ հաղթահարած ամեն մետրի դիմաց վճարելով եղունգների տակից ցայտող արյան կաթիլներով: Գրեթե ուժասպառ՝ հասել էր ուղղանկյուն զնդանի եզրագծին: Մի կերպ դուրս էր քաշել մարմինը, կարծել էր, թե փոսի հատակին ապրող հազարամյա մթությունը անթիվ ձեռքերով բռնել է իրեն՝ չցանկանալով բաց թողնել հերթական զոհին:
Ընկել էր փոսի եզրին զգուշորեն կանգնած սիզամարգի վրա: Երկար շնչել խոտի բույրը: Զգացել կարճ կտրած շյուղերի ծակոցը կզակի տակ: Երբ ի վիճակի էր եղել քայլել, բարձրացել ու գնացել էր դեպի տուն:
Կեղտոտ շորերով, ճանկռոտած դեմքով ու արյունլվիկ ձեռքերով մարդու վրա Քաղաքում ոչ մեկը ուշադրություն չէր դարձրել: Որոշ անցորդներ անգամ բախվել էին նրան, մյուսները զարմանքով նայել էին դատարկությանը բախվողներին, հետո խստորեն շշպռել, որովհետև դիակը չէր կարող քայլել Քաղաքի փողոցներով, ուրեմն՝ մեղավոր էին բախվողները՝ ցրված, անշրջահայաց, խելահեղ մարդիկ: Խոսել էր անցորդների հետ, հասկացել, որ ոչ թե իրեն չնկատելուն են տալիս, այլ իրականում չեն տեսնում, ցանկացել էր բողոքել փողոցի անկյունում կանգնած ոստիկանին: Կարծել էր, թե բրոնզաձույլ արձանի հետ է փորձում խոսել: Քաշել էր նրա բեխիի ծայրից, անհամարձակ, հետո ավելի ու ավելի ուժեղ: Ոստիկանի դիմագծերն աղավաղվել էին ցավից, բրոնզաձույլ շուրթերի արանքից խուլ հառաչանք էր դուրս եկել: Սակայն ձայնն իր հետ կապ չէր ունեցել, ոստիկանը հառաչել էր ասես եգիպտական անապատի կենտրոնում վեր խոյացած սֆինքս, նրա բրոնզե շուրթերով հառաչել էր ինքը՝ անապատը, Քաղաքը, բետոնե երկնաքեր արկղերում ու ստորգետնյա անցումներում բանտարկված ամայությունը: Ավելի կտրուկ միջոցներ էր ձեռնարկել: Համատարած մերժումը փորձել էր ժխտել համակեցության նորմերը կոպտորեն խախտելով, աղբանոցից վերցրած երկաթյա ձողով ջարդուխուրդ էր արել պատահած մեքենաների հողմապակիները: Փողոցը լցվել էր հարվածներից կենդանացած ազդանշանային համակարգերի տագնապահար ոռնոցով ու այդ ձայների վրա վազած մեքենաներիի տերերի զարացած ձայներով: Վնասված մեքենաների դժբախտ տերերի զարմանքը խոր ու անկեղծ էր եղել, կարծել էին, թե իրենց մեքենաները հայտնվել են մի փողոցի եզրաքարերի տարածքում սահմանափակվող կարկուտի կամ մանրադիտակային չափերի երկնաքարերի անձրևի տակ: Դիակը չէր կարող հողմապակի ջարդել: Դիակը չէր կարող քայլել Քաղաքի փողոցներով: Փողոցում հանդիպած առաջին իսկ քայլող դիակը ժխտելու էր հիմնարար ճշմարտություններ, ազդարարելու էր Տիեզերքի ու Քաղաքի կործանման սկիզբը: Ուրեմն՝ Քաղաքի փողոցներով քայլող և իր վրա ուշադրություն դարձնել պահանջող դիակի գոյության հնարավորությունը մերժում էր ընդունել մարդկային բնությունն ինքը:
Նստել էր մայթի եզրաքարին ու անձայն արտասվել: Արցունքի ամեն կաթիլի հետ կորցրել էր իր մի մասը: Ցած հոսող արցունքի պատճառով այտերը տաքացել էին, հոգին՝ սառել: Հետո զգացել էր բետոնե երկնաքեր արկղերում ու ստորգետնյա անցումներում բանտարկված ամայությունը: Քամին սկսել էր խաղալ փողոցում ընկած թղթի կտորի հետ, կատաղորեն քշել էր թուղթը լապտերների լուսաբծերի ու խտացած ստվերների միջով: Հողոտ թևքով սրբել էր թաց աչքերն ու քայլել դեպի տուն:

Հարևանի այցը

Բազմաթիվ, ամենօրյա այցելությունների ժամանակ սովորել էր, որ բանալին երեկոները իր սովորական տեղում պիտի լինի՝ շեմին գցված մշտապես թաց լաթակտորի տակ:
-Շան որդին էլի տանը չէ,- մտածեց վրդովված,- քածերի խելքին է ընկել՝ մորն ու քրոջ մենակ թողած:
Ինչ ինքը չկար, որդին անկառավարելի էր դարձել: Նրա սանձարձակության մեջ հոր կարոտն էր զգացել, քածերի տաք գրկում՝ վիշտը խեղդելու անզուսպ ցանկությունը, ինքնաքայքայիչ կայֆերի մեջ՝ վրիժառությունը բոլորին հավասարաչափ անտարբերությամբ սպանող տիեզերքից: Որդու լպիրշ աչքերում հուսահատություն կար, նրա աղմկոտ խրախճանքներում՝ մահապարտի տխուր ցնծություն:
Բանալին պտտվեց անաղմուկ, սակայն վաղուց չյուղած ծխնիների ճռռոցը մատնեց դռան բացվելը:
-Դուռը չես փակել,- խոհանոցից լսվեց կնոջ ձայնը:
-Երևի թե չէ, հիմա նայեմ,- դահլիճից արձագանքեց աղջիկը:
Դռան մեջ երևաց աղջկա սպիտակ մարմինը, գոտկատեղից վեր մերկ էր: Միջանցքում քսվեց պատին մեջքը հենած մարդուն: Մարդը ընկրկեց, աղջկա մերկության հետ իր թեկուզ ակամա շփումն անթույլատրելի էր:
-Քամին է բացել, հիմա կփակեմ,- խոհանոցում չերևացող մորը խոստացավ աղջիկը:
– Ինչ փոքրիկ կրծքեր ունի, – մտածեց ակամա, երբ հետ գնացող աղջիկը նորից քսվեց իրեն: Անկեղծորեն զարմացել էր. տասներկու տարեկանից ի վեր աղջկա մերկությունը չէր տեսել, իսկ հագուստը, պարզվում է, մշտապես անխղճորեն ստել էր նրա իրական չափերի մասին:
Սովածացել էր: Քաղաքում թափառելը հեշտ գործ չէր: Ստորգետնյա անցումները փոքրիկ ձորակներ էին, մետրոպոլիտենը՝ գլխապտույտ խորխորատ: Դեպի լույսով ու լռությամբ ողողված կտուրներ տանող աստիճանները՝ զառիվայր, սայթաքուն արահետներ, փողոցում սուրացող մեքենաները՝ հեղեղի բերանն ընկած հսկայական գլաքարեր, անցումների մոտ խմբված ջահելները՝ վտանգավոր, անողորմ ոհմակ: Ու դղրդյուն: Ծուխ: Փոշի: Մազութի գրեթե աննշմար համ քիմքին:
Խոհանոց գնալիս մտավ դահլիճ: Աղջիկը կիսամթի մեջ հեռուստասերիալ էր նայում: Մուգ ջինսը ձուլվել էր բազմոցի մահուդին, հեռուստացույցի աղոտ լույսի տակ մերկ իրանը ոտքերից անջատված թվաց, մարդը քնքշանքի տանջող ալիք զգաց, սկսեց աղջկա գլուխը շոյելու շարժումներ կատարել, ափի տակ օդը թանձրացավ, զգաց անուշաբույր, հարազատ վարսերը, կռացավ ու համբուրեց թանձրացած օդը:
-Ինչու ես տկլոր նստել,- քամու գրեթե աննկատելի սոսափյուն հիշեցնող շշուկով աղջկան նախատեց դահլիճ եկած կինը,-շատ էլ որ եղբայրդ այսօր տուն չի գալու: Շատ էլ որ հայրդ ….
Չկարողացավ շարունակել: Փուլ եկավ բազմոցի մոտ: Կնոջ ցնցվող ուսերը վշտի ինքնամոռաց պարն էին, կիատված, այրիացած, միայնակ կնոջ բողոքը: Տան կտուրի փլվելու նշանը: Ձեղնահարկում մոլեգնող քամու ոռնոցը: Փլատակներից բարձրացող մուգ ծուխը:
Աղջիկը գրկեց մոր ուսերը՝ ամուր-ամուր:
Մարդը վշտին նայում էր դահլիճի մթության մեջ ցոլացող աչքերով: Թեթևակի շարժվող վարագույրները թագավորական կառափնարանի մոտ փողփողացող սև կերպաս կարծեց, հիմա պիտի լսվեր դահիճի ծանր ոտնաձայնը ու աստիճաններով դեպի իր վերջին պատվանդանը պիտի բարձրանար մի գունատ, բայց հպարտ արքա, կամ տխուր, պարանոցը կացնի փայլփլուն անկեղծության առջև մերկացրած թագուհի: Դռան բախոցը չարագուշակ էր, մտածեց, որ արքունի դահիճն է կնգուղի նեղ ճեղքերից երևացող անտարբեր աչքերով զննում իր տան դուռը: Երկաթյա ձեռնոցով ձեռքը նորից խփեց դռանը՝ պահանջկոտ, խիստ:
-Տեսնես ո՞վ է,- անհանգստացավ մայրը, իսկ աղջիկը վազեց ննջարան՝ մերկությունը քողարկելու:
Հարևանն էր, մի փոքր գինովցած, անկեղծացած, սիրտը բարակած հարևանը: Իր մեջ խլրտացող ցանկությունները ծածկել էր վշտակից լինելու պատրաստակամությամբ:
Անցավ դահլիճ՝ չնկատելով իր առջև պատնեշի պես բարձրացած կանացի տարակուսանքը: Նստեց բազմոցին: Զգաց մահուդի վրա աղջկա մարմնի թողած հաճելի տաքությունն ու փակեց կոպերը՝ սուզվելով ջերմության հրապուրիչ ալիքների մեջ: Հետո դահլճում լռած մթությունը ճեղքեց աչքերի շողոմ փայլով:
-Ինչպես եք,- հարցրեց մի կերպ արտաբերելով ենթարկվել չցանկացող բառը, որովհետև գինու ու կրքերի ուժից շնչահեղձ էր լինում: Չթողեց, որ դռան շրջանակում կանգնած մայրը խոսի: Գիտեր, որ նրա բառերն անհյուրընկալ, փշոտ էին լինելու, ու ինքը ստիպված գնալու էր:
Որոշեց միանգամից սեղանին նետել միակ, բայց զորեղ հաղթաթուղթը:
-Աղջկա համար մի լավ գործ եմ գտել: Արածը մի բան չի լինելու, բայց շռայլորեն վարձատրվելու է:
Մարդը կուզեր վրա հասնել հարևանին, ջղուտ ձեռքերով բռնել բարակ պարանոցը, դանդաղ սեղմել ու տեսնել, թե ինչպես է ջղաձգվում նրա մեջ բանտարկված թթվածինը, պատեպատ խփում իրեն ու հետո, թույն դառնալով, սպանում անպատկառին: Մարդը գիտեր, որ հարևանը եկել է իր աղջկան գնելու, որ հիմա իր տան դահլիճը՝ ժամանակին աշխարհի ամենից անվտանգ վայրը, ստրկավաճառական շուկա է, իր կինը՝ ամոթալի գործարքի մասնակիցը:
Հարևանի հայացքն ագահաբար շոյեց մոր մոտ կանգնած աղջկա մարմինը, ընկղմվեց շապիկի բացվածքի մեջ՝ զգալով բարակ կտորի տակ գրեթե մերկ կրծքերի բույրն ու անամոթաբար տնտղեց փափուկ ծնկները:
-Մի լուրջ գրասենյակում գործավար կլինի, վաղն ինքս կարող եմ տանել հարցազրույցի, տնօրենը մտերիմ ընկերս է:
Մոր հայացքում մերկացրած դաշույնի շեղբի պես առկայծող սառնությունն աստիճանաբար անհետացավ: Ծածանը կերել էր խայծը: Հարևանը հիմա մի ճարպիկ շարժումով պղտոր ջրից ծովահարս էր հանելու: Որոշ ժամանակ անց ծովահարսը ձեռնասուն էր դառնալու: Մշտապես ժպտերես ու պատրաստակամ: Կարճ փեշի ու բարձր կրունկների գերուհին: Սրճեփի ու հանգստյան սենյակում դավադրաբար ճռռացող բազմոցի տիրուհին: Ստանալու էր թանկարժեք նվերներ ու ծրարում դրված գաղտնի աշխատավարձ, իսկ երբ երիտասարդությունը՝ վաճառքի հանված այդ արագամաշ ապրանքն արժեզրկվեր, հոգատար տերն աղջկան ամուսնացնելու էր մի համեստ վարորդի կամ հաշվապահի հետ: Մեղքի և ադրենալինի հազար ու մեկ գիշերն ավարտվելու էր հաշվապահի խոհանոցում. բորշչի ու սխտորի հոտերի մեջ:
Սենյակը լցվեց մարդու անլսելի ոռնոցով: Ոռնում էր ասես իր էգին ու ճտերին տանուլ տված գայլ: Տարածքն անտեր էր: Տարածքը հրապուրում էր բետոնյա երկնաքեր արկղերում ու ստորգետնյա անցումներում բանտարկված ամայությունը չափչփող արուներին:
Ձյան վրա թափված արյան թեթև հոտը զգաց սենյակում: Պարտության ու կարճատև հոգեվարքի հոտը: Լուսինը, ինչպես թուրքական դրոշի վրա, արտացոլվում էր հարևանի կարմրած աչքերում: Կինն ու աղջիկը լուռ էին: Մտածեց, որ նախկին տիրոջ անարգանքը լիակատար կդառանա, եթե հարևանը հիմա քնի իր տարածքում՝ անպաշտպան ու վստահ, որովհետև ի ցույց դրված անպաշտպանությունը ուժի, տիրոջ ուժի առաջին նշանն էր:
Սխալվեց:
-Դեհ, վաղը կհանդիպենք,- ասաց հարևանն ու պղտոր ջրից ծովահարս հանած մարդու անհոգ տեսքով հեռացավ: Իսկ կինն ու աղջիկը նայում էին նրա հետևից:

Որդու պարտքերը

«Ֆլամինգո» խաղատան բրգաձև շենքը ողողված էր առկայծող, պտտվող, իրար խաչվող ու նորից բաժանվող կարմիր լույսերով: Խաղատան տերը՝ նախկին ավտոփականագործն ու թաղային հեղինակությունը, ով արյամբ, մեկ-երկու սպանության կազմակերպիչը լինելու մասին պտտվող շշուկներով և ավտոմատային կրակահերթերի խելահեղ ճարճատյունով լի երիտասարդությունից հաջողակ գործարարի կյանք էր բերել նպատակին հասնելու անողորմ վճռականությունն ու դիմացինին աչքերը կախել ստիպող կոշտ հայացքը, հավանաբար չգիտեր, որ որոշ երկրներում կարմիր լույսերով քողարկում են շահութաբեր անառակությունը: Եթե իմանար, քանի որ մի օր հարբած էր լինելու, անպայման կրակելու էր լույսերի վրա՝ վախեցնելով պարեկապահակային ծառայության երիտասարդ ոստիկաններին ու մոտակա պարապուտում թափառող անտեր շներին: Հաստատության հեղինակությունն իր պատվի հարցն էր: Նրա երիտասարդության բառապաշարում «հեղինակություն» բառը զուգորդվում էր «մաքրություն» բառի հետ: Մաքրության ոխերիմն այն աղարտող բիծն էր: Կասկածը բիծ էր, արվամոլին ձեռքով բարևելը բիծ էր, բիծ էր կարմիրը, եթե այն անառակության գույնն էր: Սակայն խաղատան տերը չգիտեր, որ իր հաստատությունն ամեն երեկո ողողվում է ոչ թե գեղեցիկ լույսերով, այլ հերթական հաճախորդից մի տհաճ մաշկային հիվանդություն ճանկած փորձառու պոռնիկի պես պատվում է կարմիր բծերով ու պուտերով: Տերն այդ մասին չգիտեր, ու խաղատունն, ասես գունագեղ տերևների տակ թաքցված մահացու թակարդ, ամեն երեկո բացում էր իր դռները միամիտ զոհերի առջև: Զոհերը միամիտ էին, զոհերն անմեղ էին: Մեղավոր լինելու նախապայմանը իմացությունն էր: Անգամ եբրայացիների անողորմ աստված Յահվեն Ադամին ու Եվային իր դրախտից վտարել էր իմացության արգելված պտուղը ճաշակելու պատճառով: Մեղավոր լինելու համար զոհերը պիտի խաղատան կառուցվածքին տիրոջ չափ ծանոթ լինեին: Զոհերի միամտությունը խաղատան կամարների տակ թևածող լռությունն էր, «Միձեռանի ավազակների» էլեկտրամեխանիկական փորոտիքի ու զառերի, կանաչ մահուդին սահող խաղաթղթերի ու խաղանիշերի ձայնը հաշիվ չէր, դա խաղատան կյանքի ձայնն էր՝ ջրվեժի շառաչ, գլորվող գլաքարերի դղրդյուն, տերևների մեղմ սոսափյուն: Բնական ձայներ, որոնք խախտել կարելի էր միայն խոշոր շահումի բերած ուրախությամբ: Խաղերի տեսությունը հուշում էր, որ այդ ուրախությունը խաղատուն կարող էր այցելել անչափ հազվադեպ, գործնականորեն՝ երբեք: Այդ դեպքում արտասովոր հաջողակին շրջապատած աշխատակիցների ժպիտները փափուկ բարձեր էին դառնալու, որոնց վրա պիտի իջներ մինչ կամարակապ առաստաղը ցատկած ուրախությունը: Իսկ հիմա փափուկ բարձ էր դարձել տղային սպասողական նայող երկարոտն, շիկահեր խաղավարի սիրալիր անտարբերությունը: Թավշյա փոքրիկ բարձիկ, որի վրա հուղարկավորության ժամանակ փակցնում են իր մահանալով մի քանիսին վշտացնելու ու շատերին անհանգստացնելու աննրբանկատություն ցուցաբերած հանգուցյալի շքանշանները: Խաղավարը գիտեր, որ յուրաքանչյուր դրույքը բարձիկին ամրացված նոր շքանշանն է: Գիտեր, որ երբ բարձիկների վրա այլևս ազատ տեղ չմնար, տղան կհանդիպեր անխուսափելիությանը:
Զոհին կարելի էր խղճալ, եթե խաղավարն այդքան փորձառու չլիներ: Զոհին կարելի էր խղճալ, որովհետև նրա պարտությունը կանխորոշված էր, իսկ ինքը՝ միամիտ: Զոհն ապրում էր, փայփայում հույսեր ու տխրում, երբ դրանք կործանվում էին, աչքը սեղանին շրշալով սահող խաղաքարտերի հարափոփոխ համադրությանը՝ դրանցից մեկի մեջ փորձում էր որսալ մի հրաշալի, հոգսերից ու տխրությունից զերծ ապագա: Ինչպես աստղերի դասավորության մեջ ապագայի անհայտությունը ժխտող քուրմ, ինչպես նոր մորթված կենդանու դեռ տաք, արյունոտ աղիքներում ապագայի գալարները տեսնող քուրմ: Փորձը շարունակվում էր անվերջ, փորձը ինքը կյանքն էր, հետո աստղերով լի տիեզերքը քայլում էր մարդու վրա ու իր անպատկերացնելի ծանրությամբ տրորում նրան, հետո ապագայի գալարներից մեկը, պարան դարձած, փաթաթվում էր մարդու պարանոցին ու սպանում նրան:
Փորձն ավարտվում էր, խաղատունը՝ հաղթում: Մարդը համակերպված ու տխուր նստում էր դագաղի մեջ, ու ամրակազմ տղամարդիկ, տնքալով ու հայհոյելով, նրան տանում էին թաղելու:
Տղան մեղավոր էր, որովհետև մեղավոր էր եղել նրա հայրն ու մեղավոր էր եղել նրա հոր հայրը: Հանցանքը հայտնի էր միայն խաղատան տիրոջը, որովհետև նա տեր էր ու նրա որդին տիրոջ որդի էր լինելու: Հանցանքը մոռանալու, պատիժը մեղմելու հույսով՝ տղան պիտի խաղար: Պիտի խաղար ինքնամոռաց, կասեին՝ գեղեցիկ է, եթե խաղը, պարտության դատապարտված խաղը, լի լիներ կրքով: Խաղի ընթացքում մի քանի անգամ լինելու էր երջանիկ, բազմաթիվ պահեր՝ դժբախտ: Հույսին փոխարինելու էր ամենից մութ հուսահատությունը, ծիծաղին՝ ամենից այրող մորմոքը: Վերջին խաղի ժամանակ միայնակ էր լինելու: Խաղատան մի հսկայական դահլիճում, որի պատերը հորիզոնի կողմերն էին, իսկ առաստաղը՝ երկինքը, կանաչ մահուդով պատած սեղանին էր դնելու կյանքն ու տանուլ էր տալու այն:
«Ֆլամինգո» խաղատան կարմիր լույսերի՝ գետնին նկարած շերտերի մեջ կանգնած մարդուն համառորեն չէին նկատում: Նա դիակ էր, իսկ դիակը առաջնակարգ կամ անգամ ամենից ցածրակարգ խաղատան առջև կանգնել չէր կարող: Մարդն ակնդետ նայում էր խաղատան լուսավոր դռներով մտնող զոհերին: Գիտեր, որ իր տղան, կյանքի չափ ծանր պարտքեր կուտակած տղան, մահվան մուրհակի տակ ստորագրած տղան անճանաչելիորեն փոխվել է: Իր ամենօրյա այցերի ժամանակ, եթե տղան տանն էր լինում, ճանաչում էր նրան՝ իր սիրելի, միամիտ ու մաքուր որդուն: Փողոցում՝ երբեք:
«Ֆլամինգո» խաղատան առջև կանգնած մարդը տխուր էր ու համակերպված, լայնաբաց դռներով ներս մտնող յուրաքանչյուր զոհը կարող էր լինել իր որդին, ուրեմն՝ այս գիշեր տղան անհամար անգամներ տանուլ էր տալու իր կյանքը: Ուրեմն այս գիշեր պարապուտում ոռնացող շների ողբագին ձայնին խառնվելու էր նաև իր որդու կործանումը տեսնող հոր թախիծը: Գիշերվա պես մութ ու լուսնի պես վհատ թախիծը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *