Պոլ Էլյուար | Լռության ուղին

***
Լույսը բացվում է
Ես սիրում եմ քեզ իմ երակներում
դեռ գիշեր է
Ես ողջ գիշեր քեզ էի նայում
Ինձ դեռ այնքան է սպասվում իմանալ
Ես մթնշաղի փրկարարությանն եմ հավատում
Այն իշխանություն է ինձ շնորհում
Քեզ սիրով պարուրել
Հրայրք բորբոքել քո ներսում
Ապրել խորքերում իմ անշարժության
Քո էությունը բացահայտել
Փրկություն քեզ բերել և քեզ կորցնել

Ցերեկը աներևալի է հուրը

Դու կհեռանաս և կբացվեն դռները առ արշալույս
Դու կհեռանաս և կբացվեն դռները առ ինձ։
***

Նա կանգնել է իմ թարթիչներին
հյուսերը միախառնելով իմ մազերին
իմ ձեռքերի ձևը ստացել
իմ աչքերի գույնը կլանել
և հալվում է իմ ստվերում
ինչպես մի քար երկինք նետված

Նրա աչքերը միշտ արթուն են
երբեք չեն թողնում ինձ քնել
նա օրը ցերեկով անրջում է
գոլորշիացնելով արևներ
ստիպելով ինձ ծիծաղել և տխրել
խոսել թեև չկան բառեր:

 

***
Դեմքս հպած ապակուն որպես թախծի գիշերապահ
Իսկ ինձնից ցած երկինքն է գիշերային
Իսկ իմ ափին հարթավայրեր են փռվել
Անշարժությունում երկակի հորիզոնի

Դեմքս հպած ապակուն որպես թախծի գիշերապահ
Փնտրում եմ քեզ սպասման եզրագծից այն կողմ
Ինքս իմ սահմանից անդին

Ես այնպես եմ քեզ սիրում
Որ այլևս չգիտեմ թե ով է մեզնից բացակայում։

 

***

Լռության ուղին
Իմ ձեռնափերից դեպի քո աչքերը

Եվ դեպի քո մազերը
Ուր ուռենի-աղջնակները
Հպվում են արևին
Եվ շշնջում անձայն
Եվ թերթիկները սարսռացող ստվերի
Անտես մոտենում են նրանց մարմրած սրտերին։

 

***
Ծովափի ձեռքը հողդողդ
Նետեց ոտքերիդ տակ
Սանդուղքը մառախուղների
Եվ դու պատկերացար մերկ
Նման թրթռուն մարմարի

Գանձ պահպանելով
Ուղեկցում էին քեզ ամեհի գազաններ
Որոնց թևերի հովանու ներքո
Թաքնվել էր արևը քո

Իսկ մեր գիշերների պատվարից
Համբույրների հորիզոնից անդին
Բորենիների քրքիջը վարակիչ

Ծվատում էր ոսկորները տանջահար
Նրա ով ապրում էր
Ինքն իր համար

Իսկ մեզ ի ուրախություն էր արևը ծովը անձրևը
Երկուսս էլ ունեինք մեկ արև և ծով
Մերը։

 

***
Աշխարհում չկան անհույս գիշերներ
Գիտեմ եթե ասում եմ
Եթե պնդում եմ
Որ մինչև իսկ վշտում խավարամած
Կա լայնաբաց մի պատուհան
Լույսով ողողված
Աշխարհում կա երազ արթմնի
Տենչանք որ ուզում է իրականանալ
Քաղց որ ուզում է հագենալ
Աշխարհում կա սիրտ մեծահոգի
Ջերմություն հուսալի ձեռքի
Հոգատար աչքեր
Եվ մի կյանք
Միմյանց հետ կիսելու համար։

Թարգմանությունը ռուսերենից` Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *