– Քած շուն ունես՝ դռանդ պահի՛ր: Էս ի՞նչ անկատար ա,- անվրդով, ինքիրեն, հարևան Մարիանին չլսելու նետեց Թամար տատը, մեղսավոր նստեց թոնրի դռան ահարկու որձաքարին: Ահա` կրակը կգա, ծխատուր բահը կքաշի՝ կարմրաշեկ պողը կույտի տա- խմորը եկել է: Խմորը եկել՝ պրպուր է դառել, հանկարծ ետուհաս չլինի՝ թթուն ընկնի մեջը:
-Թաղվա՛ծ, խուլիգան պա՛պն ա, էլի՛: Ավազա՛կ, աչքից դաղա՛ծ, շան ծիծ կերա՛ծ: Չասե՞մ,- իրենց բակը ցախավել քսեց, կարծես թե Թամարի խոսքերը լսեց, փոշու միջից ակնդետ հերսոտեց մորքույր Մարիանը,- մեծ կնիկ ես, փոխարեն աչքը հանես, կռանտակը կծիկ ես դնում: Ամո՞թ չի: Իմ աղջիկ երեխան, վայ թե մտքներովդ անցել ա, անտե՞ր ա: Աղջկան մի մեր ունի՝ նրանից են չորսբոլոր կնկություն սովորում: Մա՜րդ եք գտել՝ տնազատեղ պիտի սարքե՜ք: Վաա՜յ, վա՛յ…
-Մարիա՜՞ն, համբերի, քե մատաղ, ջահել ես: Ախր ինչ ա, եղել, տունդ շինվի՛: Էս ա, հերը կգա, կասենք՝ հուռը կոտրի, – բորբոքեց տատը, շրջվեց, ինքն իր համար արդարացավ, – մի ասա՛, քո աղջիկ-երեխան՝ մեր գյուլլան տարածը զոռո՞վ ա քաշել-ձորը տարել: Հըը՞, ամո՞թ չի, հարևանափայ չկա՞: Նամուսը տվեցին գելին՝ չկերավ…
Անեծքի հասաս, չարլեզու, միամիտ, բարեսիրտ դիվանագետի մեկն է Թամար տատը: Տասնհինգ տարեկան խելառ թոռան, սատանի տված մեղանչելը չլիներ, հարևան Մարիանի պորտն ուրիշ կերպ տեղը կդներ: Հետո, Արմենը՝ վախվոր, լոբու փարթամ, թանձր մարգերից ծածուկ, ականջ էր դնում, քիչ-միչ սիրտը տեղն էր գալիս:
– Սու՜ս, սուս, ամոթ ա: Հացփոխ, նեղ օրվա հարևան ենք: Ախչի՛, Աշխենի ականջը չգցես, վաղը շենը, վու՜յ, վու՜յ, վու՜յ, կդրնգա, աբուռ ունեցի՛ր: Էն երեկվա դեղից մեկն էլ տու՛ր՝ կուլ տամ, հենց աստված ողորմի քո հոր Սուրենին, – լուրջ, թե շինծու դիմելով Մարիանին՝ թեման, ձայնը փոխեց նա: – Ձեռդ էլ թեթև ա, կուլ տալը՝ մռմռոցը կտրվելը՝ մե՛կ ա լինում: Տերը մեռած ճնշումը սպանեց ինձ, տերը ծվեն եղած գլխացավը հոգիս բերել ա բուկս…
Աննան՝ Մարիանի դուստրը, Արմենից մի դասարան ցածր, անժամանակ հասուն աղջիկ, պատշգամբի իրենց մասից ահա՛ կերևա: Կեսօրվա դեմ զարթնել է: Կիսավարագույրից մատով, դրսի համար աննկատ, մի ծակ է անելու, տնտղարկի ամենուր, ապա ծուլոտ փեղկատի լուսամուտը, իբր իսկի ոչ-ոքի էլ չի նկատել:
Հոգսառատ օրաբացը փարատեց: Հին «ժիգուլու» կորբյուրատորի գլուխկոտրուկից առավոտն իսկ արդեն հոգնած, աղջկա վաղուց սպասված զարթնելը՝ հայրը տեսավ, սովորականից ավելի ուժգին դնդնոցը գլուխը գցեց:: Ծխախոտը բերանին՝ անբռնուկ, ինքնիրեն քուլա-քուլա ծուխ է տալիս: Կարոն՝ սիգարեթը վառելուց է միայն ձեռ տալիս: Շուրթերից ծխուկը կախում է՝ մոտովորապես Բելմոնդոյի պես: Այդպես, ծխան ոլոր շիթից աչքի մեկը կիսահուպ, քթի խոռոչում անկապ մզմզալով, մեկումեջ հարևանի պատշգամբից ահարկու ձայնով սփռվող ֆրանսիական շանսոնին ունկնդիր, զվարթ կամ ուշունցով՝ պտուտակում է մատակարար վառելախուցը:
-Արա, ասա՛, ում ես քո պատիփոնով զարմացնում, էէ՜,-անորոշ հարցրեց քեռի Կարոն, կեղծ նեղսրտուքը պատրաստ՝ դարձավ աղջկան.
– Աննա, տունդ շինվի՛, աղջիկն էլ էդքան քնի՜. տան ես ուզում մնա՞ս: Մի կտոր զահրումար դիր սեղանին, ի՛նձ էլ ա մեր բերել…
Սակավ տարիներին, նա թութունը, մեկ-երկու հաշվարկով, թերթի մատնաչափ կտորին շուռ էր տալիս, իր բակի մատղաշ թթենու հովի ետկեսօրին նստում: Բավական է՝ ցանկապատի իրենց կողմից Արմենն ասի.
– Կարո դայի , գնացիր Մարտակերտ, Կիչանի դիքը, մինչև Չլդրան, մեքենան հաջող անցա՞վ:
– Արմեն, գազան ա, ի՞՜նչ ես ասու՛մ: Իզու՞ր եմ մատս քամակում պահում,- ինքնաբավ, ծանր, ձևեր թափելով՝ հաճոյացավ նա,- մխոցները իմ ձեռքով կարգավորե՛լ, շարժչի թոկը փոխե՛լ, մոմերը՝ նոփ-նոր ծաղի՛կ. ասա՝ կարու՜մ ես ոտդ գազին դնես. զիլան, որոտը մեջը՝ գազան:
-Որ Էլչի ճամփով, մինչև Խաչենի կամուրջ, մրցելու դուրս գաք, ո՞վ կկտրի առաջը, դու՞, թե եռակցող Շուրիկի «412»-ը, -խոսքին , պատմելուն տրամադիր՝ կանխավ սադրեց Արմենը:
-Ամո՞թ չի քեզ, Արմենչիկ, մոծակ հալովդ տնազում ես ինձ: Դու նստա՞ծ չես կողքս: Շուրիկն ո՞վ ա, արա՛, էրկուհարյուր մետրից՝ չաստերը ետևից չի՛ կարա հավաքի,- անխռով, թե լուրջ վիրավորվեց քեռի Կարոն, – ոտդ չտեսնե՛մ իմ մաշինի մեջ:
– Դե հարցրեցի, էլի՛: Հերս ասում ա՝ «մասկվիչը» «ժիգուլուց» ձիաուժով հզոր ա:
– Հերդ թո՛ղ իր ճյուլը կախ «գազիկը» խռիկ տա՛, ամիսն էլ մի նոր տուփ թող խարջ անի՝ փոխի: Ինքը՝ ու՜ր, պուճուր մաշինը՝ ու՞ր, – ծուխը ռունգերից ինքնաբուխ դուրս արեց Կարոն՝ դուրեկան, բախտավոր, գոռոզ աչք ածեց՝ կնիկ- երեխա-ընկերոջից ավելի քան թանկ իր քառանիվ սիրուհուն:
Հավերժ լավատես, գյուղի ինքնաոճ սնապարծին, մի ժամանակ, երեխաները դեռ փոքր, ծանոթ մի թուրք, խելքին փչել՝ տարել է Օրենբուրգի կողմերը խոպան: Ինչ որ գյուղում, իսկույն կապվել է շիկահեր, կարմրաթուշ, լիքը կուրծք-հետույք, ռուս մի նախշուն կնոջ հետ: Ոսկեմարմին կատվաչյա սլավոնուհին՝ խոհարար էր հասարակական ճաշարանում: Լավ էր կպել: Կարոն քիչ-միչ աշխատեց. թուրք բրիգադավար համերկրացու կանաչ լույսը , կոկիկ, խշխշան ռոճիկը՝ կար, առավոտյա տկլոր գոտկատեղը սառ-վճիտ ջրով շփելը՝ հաստատ, ուտել-խմելը, սիլի-բիլին, սիրելն ուներ: Ուրիշ ի՜նչ էր պետք: Խուվա՜՜….
Մեջքը, խոպան, չէր քրտնել: Հետո, կինոն դա չի. տուն դառնալուց, որդու սանձարձակ արարքները մերկացնելու, ծնողական սովորույթի խրատը նետելու պահին, միշտ, երբ ծմակի տանձից քաշած երկու բաժակ օղին նրան սարքում էր անհաղորդ, ալարկոտ մի տնատեր՝ բնազդորեն նյարդ էր շոշափում, պիրկ քամահրանքով նետում.
-Աննամուս լակո՜տ, մեջքս խոպաններում կոտրել, կռներս ջարդել, թեյի չորուկ ծխել, սոված, լույսը դեռ չպատռած, հինգ մեշոկ ցեմենտի ցեխ արել՝ կոպեկ աշխատել, քար-փայտանք կրել, տան պատ եմ դրել՝ քո նմանի համա՜՞ր: Հաա՜յ, հա՛յ: Ա՜խ, Սուրեն տղա….
– Մերդ ի՞նչ ա ձենը գցել Ճոթերը, բա՞ն ա պատահել, վայ թե, – ճաշի նստելով, հովանի փափախը՝ ցից, ձեռնլվա, արմունկներին՝ շապիկը ծալքածալ , հայրական վայելուչ մրմնչյունով հարցրեց նա աղջկան:
– Չգիտե՛մ, լոբու առուն Թամար տատն էլի՛ խլել ա ուզում երևի,- չիմացող դառավ , շիկնեց Աննան:
-Էդ դու սկսել ես ինձ խաբել, ամոթդ ու՞ր ա բա: Ուզու՞մ ես՝ վաղը դպրոցում արծարծման թեմա դառնաս: Առաջաձոր կասեն, իմացի՛ր, արդեն մեծ ես: Աղջկան՝ անուն փոքրուց ա հարկավոր: Լավ, մոտ արի՛, քթիկդ դեմ արա, – Կարոն՝ մեղմիկ, օղու բաժակը թեթև կենաց արեց կրտսեր դուստր-պարմանուհու ճակատը…
Տան հանդիպաց ձորը երկու անուն ունի. մեկ՝ Գզիրի ձոր են ասում, մեկ՝ Քյարթի: Ահա, Ղարմուխ Գըրիշը. ուզում է ցույց տա՝ երեկվա նախիրից մեկ-երկու գլուխ, աչքից պատսպար, մնացել է խորքի քոլոտ: Հերթապահ թաղեցուն, ձորի իրենց կողմից, փորապատառ հարայ է տալիս.
– Գուրգեե՜՜ն, տավարը մտել ա Գզիրի ձոր, բոխ ա անում. առավոտները մի քիչ ոտ կախ գցե՜մ, իր հորիշով քշեմ Խաչենագետ, ոնց կլինիի՜՞…է հեե՜՜յ….
Ծանրած, խրտնիկ, կատաղի մերունն ընկնել է ջղանու շամբի կածանը, չափարը քանդել, այգու դուռը ևս արել, ճռմփոցով մխրճվել հուռթի, ծաղիկ տված լոբամարգեր: Սիրանն, իրենց պատշգամբից, իսկը պատահմամբ, ափը ճակատին հովանի՝ նկատել է, սրտի դողով, դիվահար, ծկլթացել դեպի հարևանի հեռուն.
-Ախճի՜, ախճի՛, ախճի, վա՜յ, վա՜յ, վայ՛, տես, է՜: Սուրեե՜՜՞ն… Ռուզվելտի տերը մեռածը՝ Քյարթի ձորից մտել ա մեր բոստան, տեսաա՜ր: Սուրեե՜՜ն, թվանքը հանի՛ր, հերիք ա, երկրորդ տարին ա՝ վաստակս գետն ա թափվում: Ե՛ս դրա տիրոջ կնկա մարդը թաղեե՜մ… տեսաա՜՜ր…
Գզիր-Քյարթի ձորի պտղամիս հոնենին՝ գետնից բուսած չէ: Արմատները՝ հավետ, ճղճիմ պատկերք արած, խրվել է՝ կեսը կավե, կեսը՝ սևահող, դարավոր սնուցքի մեջ, թառել շերտավոր հեղեղատին: Մի ձոր է՝ մի ծամքած հոնենի: Ձորի գզիրը՝ հավերժ կանգուն բրատու ծառն է: Ամեն քամու բերած շունչ, տարերքի բույր, շենի ծիծաղ, կացնի շրխկոց, մանկան խաղք, հարբածի ճիճանք, զառամյալի հառաչանք, գալու՜, շուռ է գալու ձորի հովքին:
Արտավազդի երինջը ծնի հուսահատ՝ սրտակեղեք բառաչ է տալիս: Գիժ Մարգարիտի թոռ, խառատ Մայիսը, քաղաքից, արձակուրդ հաշվին իրար արել, եկել է շեն, թաքուն կարմզուկի շրջանի սկիզբը դրել: Թիֆլիս պսակված աղջկա դժբախտ ճակատագրին՝ եղերերգի չոր արցունքով , Սիրանը, փետրվարի կեսերին, կարտոֆիլը ծիր է անում: Պահեստապետ Նուշիկի բանջար հացի բուրմունքը ալիք է տվել դեպի Սեռուտ թաղի բակերը: Հոնենին դեղին հագել, ցաքուքոլքը սպասել է ծնեբեկի պայթելուն: Օրավուր ծերացող, հեզամիտ, պարկեշտ բարքի շինական, ֆիզիկայի ուսուցիչ Շեկյան Արամի՝ ձմռան թմբիրից արթուն, ալարկոտ մեղուն՝ շփեփած թռիչք է տվել դեպի բարեհով Խաչենի տաքուկները:
Ութերորդցի Աննան, վարսերը պարանոցին, նեղ շորը զգեցած, քամհար զեփյուռին խտուտ, ծաղկուն պաչ շոյելու համար՝ մուշտակից ազատել է դեռատի մարմինը….
– Դե իջի՛ր, Աննա, իջիր մոտս: Չասացի՞ր՝ մերդ դուրս ա գալու լվացք փռի: Նայիր՝ կերևա քո մոտից,- ամոթխեց, վախի սրտահաս զգացումը սեղմեց Արմենը: Կրծքի մեջ ճիգ արեց, շնչանքը կարկամեց: Տաքուկ մի թովչանք, քնար պարուրեց, մեղմեց նրա սրտի մեջ մարմրող սարսափը:
-Արի՛, կնստենք մենակ: Ուզու՞մ ես՝ հեռու կկենամ,- համոզեց նա:
– Դու ինձ ձեռ չես տալու, իմացա՞ր: Խոսք տու՛ր…
– Հա: Աննա, իջի՛ր հոնենու տակ. ամոթ ա: Մերդ տեսավ, դե շուտ արա՛…
– Էս ծառը հերու Քնարիկը քաղեց, հիշու՞մ ես, ծտպաշար գաճաճն էլ՝ մերս: Լավ մուրաբա դառավ,-վարդոտ, սնգույր այտերը՝ ցանկասեր մոլորություն բուրացին:
– Ձեռքից բռնելն էլ ա արգելվա՞ծ: Մենակ կբռնեմ,- անխոս, երազկոտ մտմտաց Արմենը,- կբռնեմ ու՝ վերջ….
– Քառորդս երկու չորսով եմ փակելու, – չլսելու տվեց Աննան: Արմենի մատները խուլ ու սրտոտ շոշափեցին նրա տամուկ ափը,- էն էլ ասեմ՝ չորսի մեկը հորքուրինդ է:
– Բուռդ տաք ա,- քնարեց, կարծես թե դուրս թռավ տղայի ձայնը,- շա՜տ…
– Դու «Դիսկո պարողը» քանի անգամ ես նայել. ես՝ չորս….
– Ինձ «Բոբբին» ա դուր գալիս…
-……………………………………………
-Չէ, չի կարելի՛, վերև ոտնաձեն կա՛……
Հոնենու ծաղկունքը, գարունքի խոժոռ հմայքն ու խախուտ անդորրը՝ Քյարթի ձորի նվագին համբույր կորով նվիրեցին: Ծիլը՝ քնատ, ընդոստնեց երկրի ներսում, կենարար հովը՝ նվաղկոտ թմբիրից սուրաց դեպի կայտառ, կանաչ զարթոնքը….
-Աննա՜- վերևի շամբուտը սրատեց Մարիան մոր հերսոտ ձայնը,- Աննա՛-, շրջապատի անդորրը լցվեց մոլեգին երկյուղով,- ձեն հանի՛ր, կապկտուր անառակ, օր-ցերեկ նամուսդ գետնով ես տալիս: Բա՞ հե՛րդ, ախպե՛րքդ. փողոցով հազարաթ ա անցնում, եթիմ երեսդ աստված կտրի՛: Տնա՜զ- տնա՜զ,- շշնջաց, կեղծ լացակումեց մայրը:
– Քեզ ասա՛,- հոնենու տակ մենակ մնալու խուճապից՝ իրասածի, պատասխանեց ձորի մշուշում չերևացող Աննան:
– Շուտ արա, արի՛ տուն, խայտառակ անունդ վերանա՛…..
Մետաքսե հոգու պարզամիտ, չարաճճի, անզուսպ տենչանքն իր մի փշրանքը՝ տվեց ժամանակին՝ տանելու դեպի կանաչ ապագան: Բկից ճղնատ, մատղաշ թթենին, տարի չանցած, փարթամ ընձյուղ է տվել, ուր որէ հովիտը՝ բոլորաշունչ, անտերև ծաղկունք է բռնելու, աշնան խուժուր հերկից սիզավետ, գաղջ շոգի թռցնի աշխարհին…
Տասնավարտ Աննան ընդունելության քննության է պատրաստվում, ամեն անգամ ուղղելով գրականության տոմս սերտող, գյուղատնտեսականի դիմորդ Նարինե դասընկերուհուն.
-Անձրևացի չի՛, այ ախճի՛, էնքան ասացինք, Անձևացի ա…
– Կարու՛մ եմ, գիտես: Գալիս հասնում եմ էստեղ՝ «Անձրևացի» ա դուրս թռնում,- քրքջաց հաշվապահ Քուվեյթ Վալոդի դուստրը:
– Քո դուրս թռցնելով՝ իմ թելն էլ կտրում ես: Էրկու շաբաթ բան ա մնացել, որ չընդունվեցի՝ կրա՛կ ա:
– Կրակը հենց քո սրտովն ա: Պսակվելու համար ոտերդ յուղա՜ծ չես կարծես,- ծիծաղեց Նարինեն:
– Ախճի, դիդի՞լ ես, մերոնց մոտ էլ անուն անես՝ կրակ-կրակ դա կլինի,- զայրացավ Աննան:
– Կրակը դա չի՛: Կրակը քո խելառի բանակ գնալն ա, – խառնվածքին հարիր՝ խնդաց ամենօրյա երդվյալ ընկերուհին,- լավ-լա՜վ, բանակում հո՛ չի կորչելու, մի օր տուն ա գալու, էլի՛…
– Պա՜հ, տեսա՛՞ր, սիրտս պողերին ընկա՜վ, – անհաջող փորձեց է խռովքը ծածկել Աննան:
Թամար տատը, մերթ ընդ մերթ, բուրդ-իլիկից բեզար, գիրք է ձեռքն առնում: Կեսօրվա կողմեր, բոլորովին անհայտ միտմամբ, ինչ-որ բնազդական սովորույթով, աչքից ծածուկ, բազմոցին՝ որպես թե հանգիստ առնելու համար, դարակից ընտրում է հատկապես «Պարոնայք Գոլովլյովները»: Ակնոցները դնելը, երկրորդ թերթը շրջելու հետ, թեթև խռմփոցով ննջելը՝ մեկ են լինում: Հետո, կատվի հանկարծաբեր, ձախորդ շրխկոցից, աչքերն առանց թարթել՝ զարթնում, խզխզան ձայնով, ամենևին նույն հարցերն է տալիս. «…Արմեն, հռչակավորը՝ հռչակավոր ա, բա նշանավորը ո՞րն ա, դրանց միջի տարբերությունը ո՞րն ա, բալաս», կամ, իսպառ անկապ՝ «…Չիլիի էն բեղավորի անունը ո՞նց էր, քե մատաղ: Քարավանի նման մի կերպ էր, է, ոնց որ…»….
– Տատի, քարավանը ո՞րն ա: Լուիս Կարվալան: Հռչակավոր-նշանավորի միջի տարբերությունը՝ չեմ կարա ասեմ, Բրեժնևի ստացած մեդալի անունն էլ՝ չգիտեմ,- Արմենը՝ հայելու դեմ սանրվածքը սղալեց, իր մեջ իբր պատասխանեց, գարնան անձրևաբույր մի իրիկուն, գյուղական ակումբ՝ նարդի խաղալու դուրս եկավ:
– Բա էն Կարոյի աղջկանը մի երկու խոսք չե՞ս ասելու, էսօր-վաղը ճամփա ես գնում,- ընկերավարի, ցածրաձայն հարցրեց տատը:
– Կարվալանից էլ հարցեր չկա՞ն, տատի…
– Ամեն ինչ ծախսի՛ր սիրտդ ուզածի պես, թե խնայելու ես՝ ժամանակը խնայի՛ր, տատին մատաղ,- ուրիշ թեմա շուռ տվեց, սովորականից լուրջ խրատեց տատը,- էսօր-էգուց՝ չկամ, մեկ էլ հարսանիքդ տեսնեմ՝ էլ աստծուց ուզելիք չունեմ: Ամեն գարուն սիրտս նեղվում ա, ամեն անգամ՝ ավելի թունդ: Ամեն անգամ ձյունը: որ վեր ա կենում՝ գնում եմ Թումբը, մերոնց տեսակցության, սրբում քարերը: Նստում եմ իրենց մոտ, էլ, իսկի ասա՛՝ տուն ես ուզում գաս: Հոգնել եմ, էս ձորում հոնը ամեն տարի քաղում չէի, է՜, պոկում էի: Ամեն ծաղկունքով սիրտս թփրտում ա: Հոգնել եմ…
– Է է՜… տատի՛, էլի սկսեցի՞ր. ամեն ճամփա գնալուց՝ դու պիտի լացե՛ս: Կարվալանդ դա՞ էր…
– Տատին քեզ մատա՛ղ, օրս, տունս, տեղս, ապրուստս դու ես, քեզանով եմ կենդան,- սրտի լարերից խոսեց, ի վերջո ժպտաց Թամար տատը:
Մայիսի պաղ արևի մի առավոտ, նոր ցայտամրակների, կարմիր-կլոր անդրադարձիչների՝ քեռի Կարոյի՝ աշխարհի «ամենահզոր» «ժիգուլին», լանջիվեր կանգնեց Գզիրի ձորի դարպասին հարող ճամփայի վրա: Նա՝ լուռ, մեկնելուց՝ խոժոռ, ծխուկը շուրթերին, թաց փալաս քսեց դեմի պղտոր հայելուն, մինչև քնատ, զսպալաց զինակոչիկը, սրտոտ, քաղցրիկ կգրկախառնվի տնեցիների հետ: Տատին՝ խեղդոցը սրտին, ջրամանը պատրաստ, հասցնելու է վերստին կրկնել՝ «..հանկարծ չմրսե՛ս, սոված չմնա՛ս, կարևորը դա ա, ջանիդ մատաղ»: Արմենի ուղեկից հայրը, ծածուկ հույզով, բացեց մեքենայի դուռը.
-Լա՛վ, հերիք ա: Մենք ճամփա ընկանք, ուշ ա:
Ցեխձորի անտառամեջ վերջին ոլորանը, երկար ժամանակ, Արմենի համար փակեց դեպետ ձգվող՝ տատի, Աննայի, շենի կանուխ, արևածագ, բոսոր համայնապատկերը: Հայրն ու Կարոն, առջևին, սովոր շեշտով, դեսից-դենից էին խոսում: Հեռու, լեռներից այն կողմ, օտար, մոխրագույն հորիզոններն, արթուն ու շվար, փնտրում էին իրենց մշտահաս օրերի մեղեդին…
ք. Դոնի Ռոստով, 22.12. 2009թ.