Ուրսուլա Ուիլս-Ջոնս | Ժամանակի սպասավորները

Ուրսուլա Ուիլս-ՋոնսՀավանաբար դուք ծանոթ չեք ժամանակի սպասավորներին։ Նրանք հայտնվում են մեր կողքին, երբ կյանքի ինչ-որ պահի մոլորվում ենք և չգիտակցելով կամ երբեմն նույնիսկ գիտակցելով՝ կորցնում մեզ ի վերուստ տրված ժամանակը: Սովորական աչքի համար նրանք տեսանել չեն, չնայած, եթե պատահի, որ երկաթուղային կայարանում նստած լինեք ու մշուշոտ մի տեսողությամբ նկատեք ինչ-որ մեկին, հնարավոր է, որ հենց նա է ու հենց այդ պահին հսկում է ձեր շուջը: Եթե կարողանաք տեսնել նրան, ապա պիտի տեսնեիք փոքրիկ, կապտավուն մի անձի՝ դեմքի սևեռուն արտահայտությամբ, մաքրության պարագաները ձեռքին: Տղամարդիկ միշտ տարբերվող արտահագուստով են, իսկ կանայք՝ հնաոճ զգեստներով, գլխներին՝ շալ:

Ժամանակի սպասավորներ կոչվող այս առաքյալները շրջում են գրեթե ամենուր ու ներկա են այնտեղ, ուր ժամանակի արժեքավոր գոյությանը սպառնում է կորստյան վտանգը: Գնացքի կայարաններում նրանք միշտ մի քանիսն են, իսկ ամեն բժշկի վիրահատարանում հերթապահում է առնվազն մեկը։
Հավանաբար ամենուր իրեն հետևող ժամանակի իր սպասավորն ունի սիրած կնոջն ամուսնության առաջարկ անելու համար պատեհ պահ փնտրող տղամարդը, ով իր անվճռականությամբ ստիպել է սպասել շա˜տ երկար: Այնքա˜ն երկար, որ կնոջ մազերը սպասումից ճերմակել են:
Կինը, ով երեսունհինգ երկար ու ձիգ տարիներ աշխատել է անշարժ գույքի գործակալությունում ու անվերջ երազել սեփական բիզնեսը սկսելու մասին, անվերադարձ կորցրել է իր տարիները ու այժմ ստիպում է իր շուրջը հսկող սպասավորին խոր հոգոց հանել և պատրաստվել կուտակելու իզուր վատնված ժամանակի ավելի մեծ քանակություն:
Պետք չէ խղճալ ժամանակի սպասավորներին: Թեև թվում է, թե ստվերում մնալով ու մեր շրջակայքը կարգի բերելու իրենց գործառույթով մաքրություն անողի դեր են կատարում, չպետք է կարծել, թե նրանց աշխատանքն անպատվաբեր է, ու գոյատևման ճիշտ ճանապարհ չեն ընտրել կամ լավ աշխատանքային պայմաններ չունեն: Անվելին՝ նրանք երբեք կարիքի մեջ չեն և ունեն սահմանված արձակուդները վայելելու բոլոր իրավունքները, չնայած որ ոչ ոք չգիտի թե ինչպես են տնօրինում իրենց ժամանցը: Նրանք չեն աշխատում տոներին: Ահա թե ինչու այս օրերին ժամանակն ավելի երկար է թվում քան սովորաբար։ Սուրբ Ծնունդին և Ամանորին էլ ունեն մեկշաբաթյա արձակուրդ և երբ հունվարին վերադառնում են աշխատանքի, բախվում են ժամանակի հսկայական մի քանակության, որը կորցվել է, վատնվել և դեն նետվել տոների ընթացքում։ Երեք շաբաթ է պահանջվում կյանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար, և գուցե հենց սա է պատճառը, որ հունվարն ավելի երկար է թվում, քան մյուս ամիսները։
Մարդկային գոյության բոլոր ժամանակներում էլ նրանք ուղեկցել են մեզ, հսկել մեր շուրջը, թեև ժամանակակից կյանքն այնքան մեծ քանակությամբ վատնված ժամանակ է կուտակել, որ որոշ տեղերում նրանք ստիպված են եղել դիմել տեխնիկական միջոցների՝ գնելով մի շարք հատուկ նշանակության բեռնատարներ, ճիշտ նրանցից, որ օգտագործում են սովորական աղբահավաքները: Այս տեխնիկական միջոցների օգնությամբ նրանք աշխատում են բանտերում, առևտրի կենտրոններում, հանդիսասրահներում, որտեղ վատնված ժամանակի ալիքը սպառնում է հեղեղել անգամ ամենանվիրված աշխատողներին։
2
Եթե պատահեր, որ հարցեր տայիք ժամանակի սպասավորներին, նրանք ձեզ կհաղորդեին մի զարմանալի բան. «վայելած ժամանակը երբեք ու երբեք կորցրած ժամանակը չէ»:
Ամեն օր, մաքրելով ապշեցուցիչ տաղտկությամբ լի հսկայական մի գրասենյակ, ժամանակի սպասավորն անցնում է առաջին սեղանի կողքով, որի տակ աշխատակցուհին կարդում է արձակուրդային մի ամսագիր՝ ակնապիշ նայելով արևադարձային ծովափերի նկարները։ Այնուհետև անցնում է հաջորդ սեղանին, որի առջև նստած տղան հաճույքով փորձում է գուշակել, թե ինչ տեսք ունի իր խորթ մայրը, երբ մերկ է և կանգնում սեղանի մոտ այն երիտասարդի, ով աշխատանքի անցանկալի րոպեներն ու ժամերն է հաշվում։
Հնարավոր է ձեզ նաև հետաքրքրի, թե հավաքվելուց հետո ինչպես է տնօրինվում վատնված ժամանակի այդ հսկայական պաշարը: Հոգ մի՛ տարեք: Նրանք՝ ժամանակի սպասավորները, շատ բարեխիղճ վերամշակողներ են ու լավ գիտեն իրենց գործը: Նրանց ջանքերի արդյունքում հավաքված ժամանակը խնամքով փաթեթավորվում և մեծ բեռնարկղերով փոխադրվում է Լիվերպուլի նավահանգիստ, որտեղից էլ, նավերին բեռնվելով, տարվում է Հնդկաստան և Բոմբեյին մերձակա փոշոտ արդյունաբերական արտադրամասերից մեկում մշակվում, տեսակավորվում և գնահատվում:
Ամենավտանգավոր և թունավոր ժամանակային կուտակումները նստվածքներն են չկայացած խաղաղ բանակցությունների, անիրավ ազատազրկման և իսկապես թունավոր ու անսեր ամուսնությունների և թաղված են մի մոռացված բանկային բազայում՝ տանկի տակ, որտեղ կմնան երկու կամ երեք դար, ուժը կկորցնեն և կրկին կդառնան անվնաս:
Կուտակված ժամանակի մյուս մասն էլ խմորված է ձանձրալի հանդիպումներից, բաց թողնված հնարավորություններից, հետաձգված ուղևորություններից և թատրոնում անցկացրած տաղտկալի գիշերներից: Այն փաթեթավորվում ու նավով տեղափոխվում է Գուանչժոու արդյունաբերական մշակման արտահանման գոտի, որտեղ էլ մշակվում է և պահեստավորվում: Երբ գալիս է վերաբաշխման ժամանակը, շուրջ քսան տոկոսն ուղարկվում է աշխարհի ամենաբարձր արտադրողական վարկանիշն ունեցող արտահանման գոտի: Մեկ քառորդ մասը գնում է Չինաստանի կառավարությանը: Հիմնական կազմի տասը տոկոսը վաճառվում է Կալիֆորնիայի կրեոգենիկ լաբորատորիային: Մնացած քսան տոկոսը խոհեմաբար վաճառվում է մի շարք հարուստ հաճախորդների՝ հիմնականում ծեր, հարուստ մարդկանց, ովքեր ամուսնացած են երիտասարդ կանանց հետ:
Մի բան հստակ է՝ ժամանակի սպասավորներն այս ամենի մեջ հսկայական շահույթ չունեն: Այս գործարքներից ստացված գումարները վճարվում են նրանց աշխատանքի համար՝ ներառյալ փոշեհավաքները, աղբի պայուսակները, արտահագուստները և առաքումը: Մնացածը ծառայում է բարեգործական նպատակի:
Ժամանակի հավելյալ պաշար ստացողներից և ոչ ոք պարտավոր չէ որևէ հայտ լրացնել կամ դրամաշնորհի համար դիմել: Նրանք բոլորն էլ կատարելապես անտեղյակ են, որ տրամադրված ժամանակի համար տրված անդորրագիրը ստորրագրված է որպես օգնություն: Նրանցից յուրաքանչյուրն ունի որևէ առաքելություն: Այս շահառուներից մեկը Նովոսիբիրսկից դուրս գտնվող կիսաքանդ մի լաբորատորիայում աշխատող բազմաչարչար գիտնական է, ով հնարավոր է՝ վերջապես գտնի մալարիայի դեմ պատվաստանյութը: Մեկ ուրիշը մարմնավաճառ է Նարուբիի խորշերում, ով խնամել է տասնյոթ երեխաների և ով, չնայած քսան տարի նմանատիպ կյանք վարելուն, երբեք չի հիվանդանում: Երրորդը Տորոնտոյի խղճուկ մի սենյակում ապրող հնդկացի տաքսու վարորդ է, ով հիվանդ կնոջը և երեխաներին փող ուղարկելուց զատ նաև ստեղծագործում է, ու նրա գործը հնարավոր է մի օր ճանաչվի դարի լավագույն նովելը:
3
Ժամանակի սպասավորներ կոչվող այս առաքյալների առատաձեռնության ոչ բոլոր հասցեատերերն են մարդիկ։ Տիմբուկտուից դուրս՝ մոտ քառասուն մղոն հեռավորության վրա գտնվող մի վայրում, ավազի մեջ թաղված միջնադարյան մի մզկիթ գրեթե ամեն դարը մեկ ստանում է իր մասնաբաժինը։ Ինչ-որ տեղ՝ Էգեան ծովի հատակին, ընձեռնված ժամանակի շնորհիվ ցեխի մեջ հրաշքով պահպանվում է Տրոյան նավը։ Մի քիչ ավելի շատ պաշար է տրվում Մեքսիկայի մի տաճարի, և մութ դարերի ավարն էլ պահվում է Գալվեյ ճահճում:
Ժամանակի այս բարեգործական պաշարի որոշակի քանակությունն էլ պահվում է արտակարգ իրավիճակների համար: Այն կրճատում է հուսահատության ժամերը, հեշտացնում խաղաղության գործարքները, կասեցնում մարտահրավերները և հնարավորություն տալիս բազմաթիվ հայրերի՝ ներկա լինել երեխայի ծննդյան պահին։
Ժամանակի սպասավորներն իրենց բնույթով ազնվամիտ են ու բարեպաշտ: Նրանց երազանքն է, որ մարդկությունը սկսի ավելի շատ մտածել ժամանակի այս արժեքավոր գոյությունից զրկվելու վտանգի մասին, բայց նաև խոհեմաբար չեն ակնկալում, որ այն կիրականանա մոտ ժամանակներում՝ որևէ պահի:
Այս պատմվածքը բարոյախրատ տալու միտում չունի: Միայն ուզում է զգուշացնել՝ եթե դուք հրաժարվում եք ի վերուստ տրված ձեր իսկ ժամանակից`գիտակցաբար, թե անգիտակցաբար, հիշե՛ք՝ աշխարհի ինչ-որ անկյունում այն կշնորհվի ինչ-որ մեկին:

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Խլոպուզյանի

Share Button

1 Կարծիք

  • Արմեն Սարգսյան says:

    Հրաշալի պատմվածք՝ հրաշալի թարգմանությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *