Ծխելն այստեղ խստորեն արգելված էր, և նա ստիպված եղավ դուրս գալ սպասասրահից: Երկնքում լիքը աստղեր կային, ինչպես սովորաբար լինում է օգոստոսին, իսկ կեսգիշերային զովը սիրտ էր թեթևացնում՝ ցերեկվա անզուսպ տապից հետո: Նա խորը շունչ քաշեց, գրպաններում փնտրեց հրահանը, գտավ ու որոշեց տեղ գրավել դռներից մի երկու քայլ ձախ, որ չփակի ելումուտի ճամփան:
Մայթի երկարությամբ ձգվել էր ավտոմեքենաների շարքը: Բարձրախոսը, փոքր-ինչ անբնական շեշտադրությամբ, հաղորդում էր Սիմֆերոպոլից ժամանած ինքնաթիռի մասին: Իր համեստ, բայց հենց այսօր լվացված «Զապորոժեցը» հեռվում էր, հակառակ կողմում, և նա մտածեց, որ քիչ անց, ճամպրուկները քարշ տալով, հարկ կլինի կտրել ամբողջ հրապարակը:
– Ավտո պետք չի՞,- արագաքայլ մոտենալով՝ հարցրեց չսափրված մի տղամարդ:
– Չէ,-կիսաձայն պատասխանեց նա, և տղամարդը նույն արագությամբ հեռացավ:
Առնվազն մի քառասուն րոպե ուներ: Իհարկե, կարելի էր այսքան շուտ չգալ: Ինքնաթիռը կիջնի, քույրն ու նորաթուխ փեսան հոգնած-երջանիկ ոտք կդնեն հայրենի հողին, հետո ջղեր մաշելու աստիճան կսպասեն, թե երբ են վերջապես ստանալու բեռները: Այստեղ միշտ են երկար սպասում, ամառ լինի թե ձմեռ, արձակուրդների եռուն շրջան թե խուլ- մեռյալ սեզոն, այնպես որ՝ կարող են ուզածի չափ պատմել հարսանեկան ճամփորդության անմոռանալի տպավորությունների մասին: Ի վերջո սա Երևանն է: Ժամանակն այստեղ չափում են դարերով:
Ինքնաշարժ դռներն անաղմուկ բացվեցին, ծիծաղելով դուրս պրծան մի խումբ ջահելներ: Անշուշտ, դիմավորողներից էին, որովհետև ոչ մեկը նույնիսկ պայուսակ չուներ: Նրանցից երկրորդը, որպես թե կատակելով, ոտք գցեց դիմացինին, բայց սա ճարպկորեն կարողացավ պահպանել հավասարակշռությունը, և մարող ծիծաղը բռնկվեց նոր ուժով: Դռները փորձեցին հետ գալ, բայց անմիջապես ընկրկեցին, և այս անգամ հայտնվեց տարիքն առած մի կին՝ նիհարիկ աղջնակի ձեռքը բռնած:
– Ախր ինչքա՞ն կարելի է նայել,- հարցրեց նա,-վիզդ չհոգնե՞ց:
– Ես գրավոր աշխատանքի ժամանակ եմ հոգնում,- ամենայն լրջությամբ պատասխանեց աղջնակը,-ուրիշ ժամանակ՝ չէ՛:
Կինն ինքնաբերաբար ժպտաց ու մեղավոր հայացքով շուրջը նայեց: Ջահելների խմբից դարձյալ ծիծաղ պոռթկաց, բայց նրանք իրենցով էին զբաղված, իսկ աղջնակը բաց թողեց կնոջ ձեռքն ու աչքերը հառեց երկնքին:
Ես էլ էի այդպես անում, ժպտաց մտքում նա, ով ծխում էր՝ դռներից ձախ կանգնած: Բայց ես պառկած էի, որովհետև ամռան թեժ միջոցին, պատահում էր, անկողինները հանում էինք բակ: Հիմա լսեն՝ կզարմանան, բայց բոլորովին էլ ոչ շատ վաղուց դա սովորական բան էր այս քաղաքում: Ծալովի մահճակալները դնում էինք պատուհանների տակ, իսկ հողաթափերը շարում լուսամուտագոգին, որովհետև եթե սխալվեինք ու գետնին թողնեինք, Ժոլի շունն անպայման կփախցներ: Այդպիսի հետաքրքիր բնավորություն ուներ, հողաթափերի հետ խաղալու գիժ էր: Տանում, թաքցնում էր բնի մեջ, իսկ առավոտյան, կարճլիկ պոչը թափահարելով, կատարյալ անմեղությամբ նայում կողոպտված տերերին:
-Քիչ մնաց,-ասաց աղջնակը:-Էլի հինգ րոպե որ սպասենք, գոնե մի հատ կընկնի:
-Որտեղի՞ց գիտես,-հարցրեց կինն ու թեթևակի հորանջեց՝ ափը բերանին դնելով:
-Չգիտեմ, բայց ուզում եմ,-առանց գլուխը թեքելու՝ բացատրեց աղջիկը:
-Որ տեսար, մտքումդ ի՞նչ ես պահելու:
-Չե՛մ ասի:
-Այ քեզ բան,-կինը, իբրև թե, նեղացավ:- Ինձանից գաղտնի՞ք ունես:
-Չունեմ,-դարձյալ լրջորեն պատասխանեց երեխան,-բայց որ ասում ես՝ չի կատարվում:
Իհարկե, օգոստոսն ասուպների ամիս է, ասաց մտքում նա, ով ակամայից ականջ էր դնում ուրիշների խոսակցությանը: «Երկիր մոլորակն այդ ամսին անցնում է տիեզերական տարածության համապատասխան հատվածով…»: Բայց սա հետո ես սովորում: Այդ մասին պատմում է աշխարհագրության ուսուցիչ Մարտիրոսյանը, ում ցուցափայտից վախենում էին նույնիսկ թոկից փախած երկտարեցիները: Բայց ավելի վաղ, երբ ո՛չ Մարտիրոսյան էիր ճանաչում, ո՛չ էլ աշխարհագրության դաս, տաք ու խաղաղ գիշերով, մեջքիդ վրա պառկած, տեսնում էիր թավշագորգի նման սև անսահմանություն: Բակի տարբեր անկյուններից ոգևորված երգում էին ծղրիդները, ու պետք էր ամեն գնով դիմադրել քնելու ցանկությանը, որովհետև աստղերը՝ երկնքից պոկվելուց առաջ, չափից ավելի երկար էին մտածում, իսկ Համազասպն ամռանը չէր բղավում, չէր վախեցնում դրացիներին և քուն չէր փախցնում: Նրա հոդացավը բորբոքվում էր խոնավ եղանակներին, հոկտեմբերի վերջերից սկսած, ու մինչև սառնամանիքների գալը հարևան բակից լսվում էին ծորուն, սրտամաշ աղաղակներ…
Բայց այդ հիշողությունը աստղերի հետ կապ չուներ: Օգոստոսի բացօթյա գիշերներին անդամալույծ Համազասպի մասին հաջողվում էր մոռանալ: Կարևորը հնարավորին չափ ուշ քնելն էր, որովհետև այդ դեպքում գուցե բախտդ բերեր ու վերջապես կարողանայիր նկատել, թե ինչպես կյանքից ձանձրացած մի ասուպ հենց Երևանի ժամանակով 00.44-ին որոշում է գլխապատառ նետվել ցած ու մի քանի ակնթարթում մոխրանում: Չգիտես ինչու, նրան հիմա թվում էր, թե այդ պահին ծղրիդները սսկվում էին:
– Հիմա գիտնականներն էլ են աստղերին նայում,- ինքն իր հետ խոսելու պես ասաց աղջնակը, և տպավորությունն այնպիսին էր, թե նա գոհ է, որ միացել է նրանց:
– Երևի,-չառարկեց կինը: – Մեծ հեռադիտակներով, Բյուրականի սարից:
– Վիկտոր Համբարձումյա՞նն է նայում:
– Նա էլ:
– Բա ե՞րբ է քնում:
– Քնում է,- ժպտաց կինը:- Մի գիշեր նայում է, մի գիշեր քնում:
Բարձրախոսը դարձյալ ծլնգաց` ամենքի ուշադրությունը հրավիրելու համար, հետո երկու անգամ ազդարարեց, որ այսինչ հարկաբաժնում սկսվում է այսինչ ուղերթի տոմսերի հաշվառումը և բեռների ձևակերպումը: Դռները կրկին անշշուկ բացվեցին, ու պայուսակ-ճամպրուկներով ծանրաբեռ մարդիկ սկսեցին խումբ-խումբ ցրվել զանազան ավտոմեքենաների ուղղությամբ: Նորից, կարծես գետնի տակից, ծլեց չսափրված տղամարդը, որ ծառայություններ առաջարկի նորեկներին:
– Մամային ինչքա՞ն մնաց,-հարցրեց աղջնակը:
– Շատ-շատ` կես ժամ,- ասաց կինը, և ուշադիր հայացքը կնկատեր, որ նա աչքերը փախցրեց: -Ամենալավ բժիշկները նրան բուժել են, վատ բաները կտրել- հանել:
– Ասե՞մ, թե ինչ եմ պահել մտքում:
– Մի՜ ասա,- վախեցավ կինը:- Որ ասում են` չի կատարվում:
Աղջնակը բարալիկ ոտքեր ուներ, զույգ ցողունների նման: Կինն իր ձեռքը դրեց նրա ուսին: Նա, ով դռան մոտ էր, ևս մի սիգարեթ վառեց, թեև առավոտվանից վճռել էր, որ այսուհետև ծխելու է միայն երկու ժամը մեկ: Հետաքրքիրն այն է, որ դա վերջապես հաջողվել էր, և օրվա ընթացքում նա արդեն մի քանի անգամ հպարտացել էր իր հաստատակամությամբ: Է՞լ ինչեր ունենք հպարտանալու, հարցրեց նա մտքում, բայց ավելորդ համարեց հաշվել: Հաշվելը հետաքրքիր էր, երբ ասուպներ էին ընկնում: Մի անգամ կարողացավ նույնիսկ երեք հատ բռնեցնել: Բայց մտքում ցանկություն չէր պահում: Դեռ չգիտեր, որ այդպիսի հավատալիք կա:
Գցեց կիսատ սիգարեթը: Վերադարձավ սպասասրահ: Այստեղ սովորական ժխոր էր: Լուսատախտակի վրա գրված էր, որ Մոսկվայի ինքնաթիռը վայրէջք կկատարի 00.35-ին: դեռևս քառորդ ժամ կար: Նա մոտեցավ բուֆետ-կրպակին ու հանքային ջուր խնդրեց:
-Սառեցրածներից չի մնացել,- զգուշացրեց զարդերի մեջ կորած վաճառողուհին,-եղած-չեղածը խմեցին: Թե դեմ չեք՝ գոլը տամ:
-Տվեք,- համաձայնեց նա:
Ջուրը շատ էլ գոլ չէր, գազը՝ առատ ու ծխացող: Մուտքի կողմը նայեց, ստուգելու համար է ցողունակերպ աղջնակը գա՞լիս է, թե՞ ոչ: Աղջնակը չէր գալիս: Ուրեմն դեռ հրաշքի է սպասում, մտածեց նա: Հրաշքներ լինում են, քանի դեռ երեխա ես: Երբ մեծանում ես՝ արժանի չես դառնում: Մեզնից ո՞ր մեկն է կանգ առնում փողոցում և հայացքով սուզվում երկնքի մեջ: Մենք քայլում ենք գլուխկախ, ավելի շատ՝ մեր կոշիկները տեսնելով, իսկ երկինքը երեխաների տարածությունն է: Որովհետև մաքուր հոգինե՞ր է սիրում:
Լավ, ժպտաց նա իր համար, հաշտվենք: Մոռանանք , որ մեր գլխավերևում…պատրանք է: Որ մեզ աչքով անող լուսամուտներից հարյուրավորները իրականում չկան: Մարել են՝ ո՞վ գիտե քանի դար առաջ կամ գուցե ընդամենը երեկ: Պարզապես նրանց լույսը դեռ ճանապարհ է գալիս ու մեր թոռներին էլ կբավականացնի: Զանց առնենք, որ մեր մանկության օրոք բռնկված աստղերը ՝ հասակակիցները փաստորեն, թեկուզև արեգակից հազար անգամ մեծ, դեռ մի կես հավերժության չափ կմնան անճանաչելի ու աներևույթ, որովհետև նրանց հեռարձակած լույսն առայժմ չի գտել մեր տեղը: Հետո՞ ինչ: Շարունակենք մեր կոշիկների՞ն նայել: Որպես թե արդեն հասուն մարդիկ ենք ու այլևս պատրանքների չե՞նք հավատում: Անպատրանք իրականությունը մահացու է:
Բոլորովին այլ մի ձայն, նախորդից ավելի մտերմիկ, տարածվեց առաստաղի տակ, անհամբեր սպասողներին տեղեկացնելով, որ հենց նոր իջավ 905-ը՝ մոսկովյանը: Ինչ-որ տեղից հավանության բացականչություններ ու բուռն ծափահարություններ հնչեցին: Նա շրջվեց ու տեսավ ծանոթ ջահելներին, որոնց ոչ մի վայրկյան չէր լքում զվարթ տրամադրությունը: Շշի մեջ դեռ մի բաժակի չափ կար, բայց նա այլևս չէր ցանկանում խմել: Ցողունակերպխ աղջնակն ու տարեց կինը ոչ մի տեղ չէին նշմարվում:
– Ավտո պետք չի՞,- կարծես իմիջայլոց հարցրեց մեկ ուրիշ չսափրված տղամարդ:
– Պետք է,-ասաց նա:-Որ նվիրես՝ սրտանց շնորհակալ կլինեմ:
– Ձե՞ռ ես առնում,-միանգամից մռայլվեց չսափրվածը:
Պատասխանելն իմաստ չուներ, և նա գնաց դեպի շարժասանդուղք, որը, շատ չանցած, հանդիսավորությամբ բերելու էր աստղալից երկնակամարով սավառնողներին: Բայց սա , իհարկե, համարյա թե գեղարվեստական չափազանցություն է, եթե ընդունենք, որ արտասանվում է առանց հեգնանքի, մտածեց նա: Սավառնելու մասին ես ի´մ հիշողությունն ունեմ: Հին բակում, մեջքի վրա պառկած, վրա էր հասնում մի անբացատրելի պահ, երբ հանկարծ սկսում էր թվալ, թե ինքդ էլ արդեն վերևում ես, կամ էլ ինչ-որ անտեսանելի ջրերի վրա պառկած, լողորդի նման անկշիռ: Դա տևում էր շատ կարճ, հազիվ մի քանի վայրկյան, և այդ զգացողությունը նույնքան իրական էր, որքան մարմինդ ծածկող վերմակը, կողքի մահճակալին մորդ հետ քնած քույրդ, որը դեռ փոքր էր այնքան, որ հիմա հազիվ թե կարողանա ինչ-որ բան հիշել: Իհարկե ավելի ուշ նրան հազար անգամ պատմել ես Զորավոր եկեղեցու մոտակայքում կուչ եկած, բայց վաղուց արդեն գոյություն չունեցող բակի, հողաթափեր գողացող Ժոլի շան ու մի քանի տարի անկողնում գամված Համազասպի մասին, որին ընդամենը մեկ անգամ տեսար՝ դագաղի մեջ պառկած: Եվ դա առաջին թաղումն էր, որը գորշ սպիտակ լուսանկարի նման տպվել-մնացել է քո ուղեղում, ու հետն էլ՝ մրսուկի պես մի բան, որովհետև ձյունախառն անձրև էր թափվում, գլխաշոր կապած պառավները քայլում էին՝ իրար քսվելով, ճերմակ մեխակների խրձեր էին ու տռուզ թշերով դուդուկահարներ: Բայց ո´չ, մրսուկն անձևից չէ´ր : Թե ինչ է նշանակում մեռնել՝ հասկացար հենց այդ օրն ու միանգամից: Համազասպն այլևս չէր աղաղակելու:
Իսկ շարժասանդուղքի մոտ մի ամբողջ բազմություն էր կուտակվել: Աղջնակը նույնպես այստեղ էր՝ նրանից միշտ անբաժան կնոջ ու չգիտես որտեղից հայտնված պնդակազմ մի ծերուկի հետ:
– Բան չի երևում,- նեղսրտած բողոքում էր նա,- թող պապիկն ինձ գրկի:
Պնդակազմ ծերուկը թեթևորեն վեր հանեց նրան, նստեցրեց իր ուսերին:
Շարժասանդուղքը ցնցվեց, կենդանություն առավ, աստիճանները դանդաղ մղվեցին ցած: Նա փորձեց գուշակել, թե ցողունակերպ աղջնակն արդյոք տեսե՞լ է իր ուզածը: Արդյոք գտնվե՞լ է մի ասուպ, որը հենց նրա երազանքների համար որոշել է ցած նետվել Երևանի ժամանակով 00:15-ի կամ գոնե 00:30-ի սահմաններում: Փորձեց, բայց չկարողացավ, որովհետև աղջնակի դեմքը չէր երևում, ու հնարավոր չէր որևէ բան հասկանալ:
-Կարո՜,-լսեց նա քրոջ ձայնը:
Վեր նայեց: Քույրն ու նորաթուխ փեսան ժպտադեմ ընդառաջ էին սահում շարժասանդուղքով, իսկ նրանց հետևից՝ արդեն ուրիշ, անծանոթ ուղևորներ:
«Գնացքներ և կայարաններ» գրքից (2001)