Արամ Ալավերդյան | Տասի ջոկատը

10-jokatՉեմ հավատում այն մարդկանց, խոսքս մեծամասամբ վերաբերում է հայտնիներին, որոնք փառունակ ինտերվյուների ժամանակ, լրագրողի հարցին՝ կեղծ, ինքնաբավ ասում են՝ եթե կյանքս նորից սկսեի՝ ոչինչ չէի փոխի: Չեմ հավատում, ինչքան էլ Շառլ Ազնավուր լինեն, Բոբ Դիլան, կամ՝ սքանչելի Ռաքել Վելչ: Սա եթե մեծախոսություն է՝ ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ մնալ իմ զգացմանը:

Ցավերի միջով բոլորն են անցնում, ինձանից հարցնեք, մարդկանց մի մասը բախտավոր է, մյուսը՝ դժբախտ, չարքաշ, բայց բոլորին ճակատագիրը մի հունով է տանում: Այսօր դու աջի մեջ ես, գործերդ հալած յուղ են, վայելում ես օրերդ՝ այդ պահին մի տեղ քո համար մութ երանգ է հյուսվում, վայելքին անպայման գալիս են հաջորդելու, եթե անցողիկ անգամ, ապա՝ հոռի ժամանակներ: Հավատացնում եմ, այս պահին տխուր, վշտալի օրերի մարդիկ թող համոզված լինեն՝ մթանն անպայման նախախնամությունը լույս է ընծայում: Ուրիշ կերպ չկա, կյանքն է այդպիսին: Մարդու հատկություն է՝ ամեն ինչի միջով անցնել, ընձեռած օրերի հետ ապրել հաշտ ու խաղաղ:
Ագոն՝ Արկադի Կարապետյանը, զիլ, թուխ, կոկիկ բեխերով, երեսունին մոտ երիտասարդ էր: Սև գույնի, տուտուշ պոչիկով, բերետը գլխին, ձայնը՝ ցածրոտ, ձիգ հասակով՝ նա ակադեմիական մտավորականի տեսք ուներ: Սպասում էինք, որ Կալաշնիկով է բերելու մեր շեն, նոփ-նոր, խորհրդային կոշտ ու դեղին թղթի մեջ փաթաթ, կանաչ արկղների մեջ՝ յուղոտ, շողշողուն ինքնաձիգներ: Իրականում, ընդամենը տասը հոգի են ստանում այդօրը, շուտ-շուտ թուղթ ստորագրում, Կիչանի վիճակն անտանելի էր, դեպի Մարտակերտ Չլդրանի կողմի ջղանոտ ճանապարհը Սրխավենդի թուրքերի կրակի բերանին էր, պիտի բոլոր ինքնաձիգավորները մեկնեին Ղուշի թումբ, Գերեզմանի կողմերը դիրքավորվելու:
Կրակը սովորականից հախուռն էր դառել: Մեր ջոկատի տասը հոգուց մեկը հայրս էր՝ հրամանատարը, եղբայրս Աշոտը, մերոնցից, վայ հոգի, չսխալվեմ, քեռիս՝ Գուրգենը, մորս քեռու տղան՝ Համլետը:
Համլետին հիշելով, հոգիս միշտ տակնուվրա է լինում: Կասեմ՝ ինչու: Տասի մեջ էին Հակոբջանյան Վալերիկը, ներքին թաղից՝ կարմիր թշերով, ծիծաղկոտ, սիմպո տղա: Սարգսյան Աբելը՝ եղբորս՝ Աշոտի դասարանցի, Թելյան Արտուրը՝ ջոկատի առաջնեկներից, Համլետի դասարանցի, մի հոգի՝ Հայաստանի Մարտունուց, տատիս հարևանուհի՝ Լուսարար Փառանձեմի Արմեն թոռը, համեստ, վախն անտես, քսան-քսանհինգ տարեկանին մոտ մի տղա: Եղավ, կարծեմ, ութ: Իններորդ ինքնաձիգը բաժին է հասել իմ դասարանցի Բեկնազարյան Վարուժանին, տասերորդը, վայ թե սխալվեմ, Շահումյանից նոր եկած, Ավանեսյան Մերուժին:
Հայրս՝ ինձ, հասկանալի պատճառով, ցուցակից հանել էր՝ ուսանող ես, սպասի՜ր, բան կմտածենք և այլն: Դե իսկի կողքից էլ տարօրինակ կերևար, իսկական կռիվը՝ սահմանում, հազար-հազարից ավել բնակչի գյուղի տաս հոգանոց առաջին ինքնաձիգավորից երեք հոգին մեր տանից լինեին, քրոջս, մորս թողնեինք անտեր՝ երեքով գնայինք Կիչան: Թեպետ ես՝ երկու-երեք շաբաթ առաջ էի «Նիկոլ Աղբալյան» ուսանողականի հետ եկել Բերդաձորից: Այնտեղից, թուրքերի գլխավերևով, Հայաստանը հեռվում երևում էր, Խնձորեսկի լույսերը հեռվում ծիկրակում, սիրտդ կրծքիդ մեջ տաքտաք տապտապում էր: Այնտեղ, գիշերը հերթափոխի՝ Հայկի համաստեղությունը բաց երկնքի մթան մեջ սիրուն տեսք ուներ: Հեռու՜, դեպի մեր Խաչենի կողմը, Քառսունկույսի լեռան փեշերին, իշայծամ է ապրում: Իշայծամը վաղուց մարդուն լքել, փախել է անհաս գագաթներ:
Տաս հոգին ո՞ւր էին, որ ես, Բերդաձոր, արդեն իսկական Կալաշնիկով էի տեսել, նռնակ, Հաճընի՝ անփույթ, արատով, պահունակը միշտ ընկնող, ինքնաշեն կարաբին: Ուզում եմ ասել՝ միամիտ վարժապետացու չէի: Ծիծաղս գալիս է:
Առանց ինձ էլ, Տասի ջոկատի կեսը մերոնք էին, կռիվն առջևում: Իհարկե, սա սոսկ փաստագրություն է: Կրծքիս տակ, ճիշտ է, ցավը միշտ ինձ ուղեկցում է, հետագա դեպքերը, անհույս ժամանակները, մեզանից բաժանեցին տարեկից, անվեհեր տղաների, բայց իմ այս գրառումը զուտ մի հիշատակության վավերագիր տուրք է: Տասի ջոկատի խիզախ պատմությունը մանրամասն չեմ գրելու: Կարիք չկա: Ուզում եմ շուտ շարել ամենասրտոտ տեղերը: Առհասարակ, սա՝ ինչ որ գրում եմ, դժվար է կրկին միջովդ անցկացնել, բայց սկզբի մտքիս հարիր, ուզում եմ մի բան ասել. ոչ մի մարդ իր կյանքը չի ուզի նորից վերապրի, անգամ եթե այն թանկ է ու հարազատ: Չեմ հավատում գլամուռից մեջբերած սուտ սենտենցիաներին: Բոլորովին տպավորություն չստեղծվի, թե վերապրելն այս դեպքում, կապ կարող է ունենա երկրի համար մանրտնչելուց՝ մի օր հանկարծակի փոշմանելու հետ: Ամենևին ոչ:
Երեք դրվագ է հիմա մտքիս գալիս, որ շարեմ: Մեկը մեր Համլետի՝ մորս քեռորդու, շենի առաջին զոհված զինվորի ու Տասի փոխհրամանատարի, մյուսը, հակիրճ, հետագայում ջոկատին միացած, վարորդ Գոճի Հրանտի ավագ որդու՝ Սամվելիկի մասին: Ու՝ էլի զրույցներ:
Սամվելիկը տասնյոթ տարեկան է սկսել ամեն ինչ, ամբողջ կռիվն անցել, քաջ մարտիկի մահով, Մղոզի կողմերում, հոգին տվել աստծուն: Նա քարե բազուկների ու սլավոնական տեսքի պատանի էր: Ուզում եմ հավատալ, որ նրա հոգին հիմա սավառնում է Հայկի համաստեղությունում: Իր մասին գրելով, նախևառաջ, կռիվ տարիների ծիծաղին, սրսուռ մասխարային ու միամիտ զինվորի կորովին կա միայն շունչ տալու ցանկություն:
Հայրս երիտասարդ չէր, հիսունին մոտ, լռակյաց, հնարամիտ մարդ էր, հետագայում նրա ռազմական ունակությունները գնահատել են շատ-շատերը: Սամվել Բաբայանը, վերջերս լույս տեսած իր գրքում: Այդ գիրքը իմ ձեռքն այդպես էլ չի ընկել: Ֆելիքս Գզողլյան առասպելական գեներալ կա՝ նա: Մեզ հետ, մինչև Չլդրան վիրավորվելը խրամատում էր շատ օպերացիաների ժամանակ, Սեյրան Օհանյանը: Եռագույն կրծքանշանը դոշին, խուճուճ մազերով, քսանհինգ-երեսուն տարեկան երիտասարդ, նա էլ գիտի հորս: Հաճոյանալու խնդիր չկա, հայրս կռվի վաստակաշատ մարդկանցից է, բայց իր մասին չի՝ որ ուզում եմ խոսել: Նա, հույս ուներ,Կիչանը ուր որէ կմաքրվի, հրամանատարությունը կհանձնի Համլետին, կողք կկանգնի, միգուցե կմնար միայն խորհրդատու, բայց չհասցրեց:
Համլետը աժդահա կազմվածքով, քսաներկու տարեկան, Ղափանի շինարարականը նորավարտ երիտասարդ էր: Հանկարծ, եթե տողերս Ղափանի շինարարականի մարդկանցից որևէ մեկի աչքովն ընկնի, ուզում եմ իմանան, որ խոսքը հանրակացարանի ղարաաբաղցի Համոյի մասին է, որին բոլորը հարգում էին, հաշվի նստում հետը, շատերին նա օգնել դիպլոմային աշխատանք է գրել: Համլետը, տարիքին համեմատ, հմուտ, խորհրդային բանակի տանկայինը անցած, համեստ, արկից, ականից, նռնականետից, ինքնաձիգից գլուխ հանող, ծանր խոսքով, արտառոց ֆիզիկական ուժի հաղթանդամ տղա էր: Հեղինակությունն անվիճելի էր, քանի որ ջոկատի նաև հետագա երեսուն-քառասուն զինվորի ֆիզիկապես ամենաձիգն էր: Մեկը փորձեր իր խաղը խաղար, հրամաններին մատերի արանքով նայեր, Համլետը, ինչքան էլ բարի, հանգիստ մարդ, կարող էր մի երկու անգամ մեղսավորին բռնցքահարել: Առանց ուշունց, հերսոտություն, իսկույն մարդն ուշքի կգար, կզգար գործի լրջությունը: Ազնվական գերդաստանի, հարյուր տարիների փայտագործ արհեստավորի ջիղի տղա էր, ազգանունը Կարապետյան: Ցարի ժամանակներում, մեծ պապ Սարգսի քյոխվա տարիներին, Դերբենտից հյուր եկած, ընկեր դարձած, հողային ինժեներ, ոմն Զիկով ռուսի ազգանունից՝ գյուղացիք իսկույն փոթ անուն են դրել: Զիկով: Առայսօր նրանք Զիկով են: Զիկով ռուսից, հետագայում, Սարգիս պապի ձեռքով, մեր կողմերում դեռևս անհայտ լոլիկի, լոբու սերմացու է գյուղական մշակին բերվել Հյուսիսային Կովկասից:
Տասի ջոկատը Կիչանի ձորում մի քանի սխրագործություն է կատարել, մթան միջով, օրինակ, սողոսկել ազերիների թիկունքը, ծուղակներ սարքել: Բոլոր քաջագործ, հմուտ օպերացիաների ռեժիսորը՝ Համլետն էր: Գործի մեջ տիրապետում էր բառացիորեն բոլոր ձեռքի տակ եղած զենքերին, ամենակարևորը՝ իմացածը, խրամատում, կամ հանգստի ժամանակ, Խաչմերուկի տնակում՝ ձեռաց մատուցում էր զինվոր ընկերներին: Տարիքով փոքրերին մեծ, ծանր գնդացիրն էր բացատրում, խոսածին հապաղ լինելողին՝ ընկերաբար մուշտի տալիս: Մի օր դիրքում, մեկի մոտ կրակելու պահին, ինքնաձիգի փակաղակը լռվում է, ինքիրեն կծում, բոլորն իրար են նայում, չգիտեն ինչ անեն ու՝ Համլետի հոխորտալուն են սպասում: Նա, ինքնաձիգը վերցնի, կոթը դնի գետնին, փողը՝ զգույշ լինելու համար, թեք պահի, բացատրի, որ մարտի պահին այսպիսի դեպքերում, պետք է ահա այսպես դնել ու՝ ոտքի կրունկով կտրուկ քացով տալ փակաղակի բռնակին, թե չէ կմնաս մահակի հույսի, անզեն:
Բանիմաց, խաղաղ, ծանրումեծ լինելու հետ, նա՝ հատ-հատ խոսեր, իրեն թիթիզ, քառականջ պահողին տեղը դներ: Խաչմերուկի զորանոցից ներքև՝ գետափն է, ուր աղբրաջուր է հորդում: Խոհանոցի, ամեն պետքի համար, միշտ մի հոգի, քառասուն լիտրանոց բիտոնը առնում, հերթով, տրանսֆորմատորի յուղ վառող բեռնատարով, գնում էր ջուր բերելու: Մեքենան մի օր խափանվում է, զորանոցը մնում է տոչոր: Համլետը բիտոնը վերցնի, հիսուն մետր խիստ ուղղաբերձ զառիվերով իջնի ջուրը, մինչև պռունկը լցնի, դնի ուսատեղին, անթարթ բարձրացնի Խաչմերուկի տնակ: Քսաներկու տարեկան երեխա, քառասուն լիտրանոց բեռ, համարյա տաս-քսան աստիճան թեքություն, ինքներդ պատկերացրեք:
Կիչանի հարակից կրակակետերը փետրվատ-մարտին ճնշել էին մերոնք արդեն: Խաչենի ձորակի ջոկատների համազորը, հակառակորդին քշել էր դեպի Ալիաղալվի գետահովտի դիրքերը: Խնդիր է առաջացել տանկի, բեռնատարի, բանուկ ճանապարհները ականապատել: Խաչենագետի առաջնագծի ճամփան, վտանգը որտեղից սպասվում էր, Համլետը առաջադրանք էր ստացել ուշի-ուշով ականապատել: Հիսուն մետրի չափ, երեք, թե չորս հոգի հետը, նա ի կատար է ածել այդ գործը: Հիմա իրենք դիրքում են, ապահով, քանի որ առաջները թակարդ է լարված, ծիտ էլ չի կարա թռչի, մնում է կարգին հերթափոխ կազմակերպել, որ իրենց կողմով սահմանը ամուր, ապահով լինի:
Կռվի գնացած տղաները՝ գրքում, կինոյում էին պատերազմ տեսել: Կռիվը սկսվել էր, իրենք արդեն զենք ունեին, գտնվում էին դիրքերում ու ամեն մեկին իր սեփական միտքն ուներ՝ մեռնելու, կռվելու, հաղթելու մասին: Իհարկե, երևի ամեն մեկը ինչ որ աստծո ուժի հավատում էր, որ հենց իրեն գնդակ չի առնելու, մեռնելն իր համար չի, բայց դա ընդամենը անպաճույճ, միամիտ հավատ էր, ամեն ինչ ճակատագրի ու աստծո ձեռքին է: Մեռնելու մասին գաղափար չունեին, որովհետև փառք աստծո, առաջին ամսում դեռ ոչ մեկը, ձորակից լիներ, թե ուրիշ տեղից կամավոր միացած, չէր զոհվել, կամ վիրվորվել: Թեև թուրքերի կողմից, կիչանցի հայր ու որդի Ահարոնի ու Ջիվանի եղկելի սպանությունն արդեն հետևում էր, ընդհանրապես այդ դեպքն էլ առիթ է դառել, որպեսզի իսկական կռիվ սկսվի այս կողմում: Մինչև Կիչան-Մարտակերտ ճանապարհը փակվելը, հայրուորդի, առավոտ կանուխ, իրենց դռանը մեքենան նստել, պիտի գնային Մարտակերտ: Մի երկու հարյուր մետր դեպի Չլդրան խորացած, թուրքերը ջղանենու ծմակում հանկարծակի շրջապատում, մեքենան փլավքամ են սարքում:
Դիրքերում դեռ մեռնելու դեպք չէր եղել, ամեն մեկն իր դարդին, կատակ, խայթոց, գիշերվա մասխարա զրույցներ, տրասսեր փամփուշտից հակառակորդին պատասխանել, Լամբադա ազդանշանի ապարդյուն, կրակ-գժություններ. այսպես էին անցնում օրերը: Պետք է ասել, որ քաջսիրտ տղաներից, որոնք կամավոր զենք էին վերցրել, թուղթ-երդում ստորագրել, հետագայում կառուցվել է հենց հայկական անպարտելի բանակը:
Համլետը գետափի դիրքում էր գտնվում, այնտեղ ուր հավանական հարձակումների ժամանակ, հակառակորդի տանկերի ճեղքում պիտի լիներ: Մի բան կա՝ կռվի ժամանակ կրկնապատիկ ահագնացող: Հրամանատարը, եթե արդար է, խիզախ, ինքն է առաջինը խրամատից վեր կենում, առաջ գնում, ծանրակշիռ է, խոսքի տեր, ապա նրան բոլորը սիրում են, բամբասկոտները, թիկունքի խոսողներն ու անգամ հավերժ դժգոհ կախմռութները: Քսաներկու տարեկան Համլետը՝ իսկական ռազմական գործիչ դառնալու տաղանդ ուներ: Բոլորը սարսափում էին նրանից, բայց որ դիրքում, հանգստի ժամանակ, գլխավերևի սույլի տակ՝ աչք պիտի փակեին, սրտներումը բավականության զգացում կար, որ Համլետն իրենց ավագն է, ապավենը, ի՜նչ լավ է:
Ոչ մեկը չգիտեր մահն ինչ է:
Առավոտ գյուղամեջ, եղերգի ձայնից քիչ հետո, սահմռկոտ, դիվային զգացում տարածվեց շրջապատում: Գիշերը բոլորը ծանր էին անցկացրել, շուռումուռ, քնել չէր լինում: Պատուհանի դիմաց, ճանապարհին, տատս էր լացելով իջնում դեպի գյուղամեջ:
-Համլետը սպանվել է, եղբորս ազիզ երեխան ձեռքից գնաց: Թուրքի բալան մեռնի,- աչքերը արցունքից կարմրոտ, դիրքերից եկած շառ լուրին՝ դեռ անհավատ, լացում, դեպի վարչության շենքն էր գնում տատս:
Կիչանից դեռ լուր չկար: Գյուղամեջ ասացին՝ Համլետին արդեն դիրքից բերել են Խաչմերուկի զորանոց: Տղաներից Մատոն, Առուշանյան Մարտիկը, գիշերը, լակոտ հալով, տեղն է դրել Համլետի գլխի ոսկորները, վիրակապել: Սպասում էին դագաղին, որ մեքենան գյուղից գիշերը պիտի տաներ, հասցներ:
Տասի ջոկատի տղաների սրտով անգույն արյուն էր հոսում, շատերը Համլետի անշունչ մարմնի մոտ կանգնած, երեխայի նման, լուռ լացում էին, անխոս արցունք թափում: Մի որոշները դեռ չգիտեին ինչ է կատարվում, ապշահար, սփրթնած այսուայնկողմ էին գնում, սիգարեթից սիգարեթ վառում: Ուր որէ տղաների ծառայողական, քաղաքից ստացած մասնավոր Մազը, յոթ-ութ կիլոմետր, Համլետին դագաղի մեջ պիտի տաներ շեն, հայրական տուն, որտեղից կորոշեին՝ երբ ու որտեղ էին թաղում անելու:
Հայրս փորձում էր տղաներին սիրտ տալ, սաստում էր՝ սովորեն, հաշտվեն մտքի հետ, որ իրենք իսկական կռվի մեջ են, խաղուպար չէ: Դա ճիգ էր, արտաքուստ պինդ թվալու ցուցադրություն, հրամանատար է, վերջապես: Նրա հոգսը, դարդը՝ Համլետի ծնողների երեսը դուրս գալն էր: Մտահոգ ծխում էր, դաշտայինով ժամանակ առ ժամանակ խոսում դիրքերը, բայց ուշքումիտքը իր ջոկատի առաջին զոհի հարազատներին սփոփանքի խոսքեր գտնելն էր:
Մազը Համլետին, որ բերեց իրենց՝ Զիկովենց բակը, անհամար մարդ էր հավաքվել, բոլորը լացում էին, կին-տղամարդ, ոմանք իրար սիրտ էին տալիս, հորդորում՝ քաջին դիմավորել որպես հերոսի: Իսկական պատերազմն արդեն սկսվել է: Համլետի ցավը բոլորին փոխեց: Ապրիլի չորսն էր, երբ նրան տարան Լուսե թաղամասի գերեզմանոց: Փոսն արդեն փորված էր, եղանակը անտանելի թաց, մառախլապատ: Հարազատները երկու օրվա մեջ լացուվշտից հյուծվել, լուռ կանգնել էին: Ոչ մի գրական հնարանք չէ, որ ասեմ, Համլետին դրեցին հողում, դեռ վրան հող լցնելու՝ ձյունը փաթիլ-փաթիլ արեց հանկարծ, սա՝ միշտ նրան սիրողների սրտում ու հիշողության մեջ մնացած իրողություն է: Մարդիկ, երբ բուռ էին արել հող լցնելու Համլետի վրա, ապրիլի այդ կեսօրին, տաշեղ-տաշեղ ձյուն տեղաց: Ի՞նչ էր, աստծո սառնասիրտ արցո՞ւնք, ով գիտեր…
Համլետի մոր, Ժենյայի խոսքը ավելի հուզեց մարդկանց: Սիսիանի իր բարբառով, սառած արցունքների միջից, նա՝ Տասի ջոկատի տղաներին ասաց՝ Համլետը գործը կիսատ թողեց, գնաց աստծո մոտ, նրա պատվը պիտի բարձր պահեք ու պաշպանեք մեր երկրի սահմաները: Հեռվում՝ մեղսավոր, կարկամ, կանգնեցած էին հարևան Ռոման ու նրա կին Ժասմենը: Մի քանի ամիս առաջ իրենց տուն, դուստր Գոհարին՝ Համլետի համար խնամխոս գնացած Ժենյային չէ էին ասել: Ճակատագիր է՝ դասավորվել է: Տարի-տարուկես անց, ճակատում զոհվում է նաև Գոհարի մինուճար եղբայր Ռազմիկը, մեր դասարանի Ապին: Հայրենիքի համար անձնազոհ մարդկանց անզարդ պատմությունն անսպառ է:
Հունիս ամսին, երբ թուրքերը, տասնյակ միավոր տեխնիկայով, կրկին խոշոր հարձակում էին նախաձեռնել, եղբայրս՝ Աշոտը երկու հոգու հետ, Խաչենագետի աջափնյա Քարագլխի ծմակի երեսով հետախուզման էր գնացել: Նրանք սկսեցին կռիվը տեսնել հեռվի թիկունքից, թե ինչպես են հակառակորդի ուժերը շարժվում դեպի մեր դիրքեր, բայց կապի բացակայությունից ոչինչ անել չեն կարողացան: Այն է՝ խփում, դուրս են գալիս դեպի Սարդարաշեն, այնտեղից Խաչեն գյուղ, որտեղից էլ գալիս միանում արդեն խորությամբ հետ քաշված ինքնապաշտպանական ուժերին: Երկու օրից հետո տեղի ունեցած Սրխավենդի ճակատամարտում՝ թուրքական զորամիավորումները իսպառ ջախջախվում են, դիմում փախուստի: Նրանց ծուղակի մեջ առած Տասի տղաները իսկական քաջարի դաս են կազմակերպում: Թուրքի ետ քաշվող հուսահատ տեխնիկան՝ գալիս խրվում է մի քանի ամիս առաջ Համլետի կողմից ականապատված դարանակալ ճանապարհահատվածի մեջ: Երկու-երեք միավոր ականի վրա է փչանում, մի այդքան էլ կամրջի տակ թաքնված մեր տանկն էր մարտունու արծիվ տղաների կողմից թիրախավորել: Մարտից հետո, երբ թուքական ուժերը գրեթե գլխովին ոչնչացել էին, Տասի ջոկատի տղաների ոգևորությունը ընդամենը լացի էր փոխվել: Համլետի լիցք տված ականների վրա այդօրը ջարդվել էր հակառակորդի սանձարձակ տեխնիկայի մի քանի հատը:
Համլետի ձայնը դեռ ոչ ոք չի մոռացել, նրա պատկերը դեռ տղաների սրտի մեջ է: Այո, մեզանից հեռացած տղաների ձայնը հիշելու ենք մինչև վերջ: Ահա այսպես:
Կռվի ամենաթեժ աշնանը, երբ արդեն ետևում էին մնացել նահանջի օրերը, թուրքը խորացել էր Թարթառի աջափնյակ, Վաղուհասից մինչև Ղազանչի ձգվող անտառը սարքել ճակատ՝ պաշտպանությունը ամրացնելու խիստ կարիք զգացվեց: Հակառակորդի հետևակը դեմ առավ Գանձասարի, Առաջաձորի, Կիչանի հարակից անտառներին, վտանգվեց նաև երկինքը: Ամեն րոպե մարդիկ սպասում էին՝ ուր որէ հյուսիսի, կամ Առանի դաշտավայրի կողմերից, վարձկան ռմբակոծիչները կորոտան, ֆորսաժ կմիացնեն, կսուրան հերթական գյուղի վրա՝ հրթիռ ու ռումբ կդատարկեն : Այդ տարում տղաների զենքերը հակաօդայինով համալրվեցին: Իգլա տիպի, ուսից կրակելու միանվագ հրթիռը ոգևորեց բոլորին, բայց դեռ օգտագործելու առիթ չէր բացվել: Հակառակորդի Սու-երը անարգել, լկտի մխրճում էին երկինք, անսպասելի հարվածում շեներին, սովորական, խաղաղ մարդկանց անդառնաի կորուստներ տալիս:
Քանի որ Տասի ջոկատն արդեն վաշտի ծավալ ուներ, համալրվել էր, քաղաքից տեղացիներ էին եկել՝ երկու-երեք եղբորից մեկն ինքնաձիգ ձեռքին մեկնում խրամատ, դիրք պահելու: Մյուս եղբայրը, հրամանատարի որոշմամբ, ետ էր քաշվում, թիկունքում առժամանակ պահեստազոր մնում, կամ՝ Վարար աղբյուրի հրետանու վրա էր ամրացված: Փոխհրամանատար Անդոն՝ Համլետից հետո էր նշանակվել, զբաղված էր զինամթերքի հարցով, հաճախ էր լինում դիրքերում: Նրա եղբոր Վլադիկին հրամանատարը դրել էր Իգլայի վրա: Զորանոցի մոտակայքում բարձունք կար, ցերեկը, Վլադիկը Իգլան շալակը, ուշի-ուշով հետևում էր երկնքին, թե ո՜ր կողմից է մահաբեր գերձայնայինը հանկարծ դուրս գալու՝ հրթիռ-ռումբ խփի:
Կիչան-Չլդրան հատվածում փոխհրաձգուն կար, թուրքին՝ ռմբակոծիչները երկնքից սատարում էին, որ, ինչքան հնարավոր է, հետևակը առաջ գա, նոր դիրքեր գրավի: Հուլիսի վերջին, մի պարզկա օր, արծաթագույն գիշատիչը ճակատից սուրաց դեպի զորանոցի գլխավերև՝ պտույտ գալու, որ հետո ֆորսաժ անի՝ ծլկի: Այդ պահին, տղերքը չորս կողմից, որը՛ դիրքից, որը՛ ճանապարհին ընթացող բեռնատարի թափքից, որը՛ հետխույզի իր բարձունքից՝ սկսում են կրակել ինքնաթիռի վրա: Վերջապես, պահը որսում է նաև Վլադիկը. Իգլան հապշտապ լարում է, նշանառու սարքը ետծալ անում ու՝ շնիկը հուպ տալիս: Հանդիպակաց չորս կողմի կրակից, հանկարծ սպանդ փռող ռմբակոծիչը սև ծուխ է արձակում, մի պահ մեռյալ կետ որսում, սկսում շեշտակի գահավիժել դեպի գետին: Ի՜նչ ուրախալի օր էր, ի՜նչ ցնծություն-հաթաաթա սկվեց մարդկանց մոտ: Թուրքի մահաբեր, լկտի գազանը ոռնաց ու հուսահատ թավալվեց Սրխավենդի ձորում:
Այն ժամանակն էր, երբ արդեն ինքնապաշտպանության բանակի հրամանատարությունը, հակառակորդի տանկ, ՀՄՄ, ինքնաթիռ խոցելու համար՝ պարգևավճար էր նշանակել: Արի՛ որոշիր, թե հուլիսի 22-ին, չորս կողմի ծուղակի մեջ հերն անիծած ռմբակոծիչն՝ ով է խփել: Կեսօրին, ճաշասենյակում, Վլադիկը այլալվել, քթի միջի իր հատուկ առոգանությամբ, հերսոտ գանգատվում էր տղերքին, թե.
-Էս ա, էլի՛, արդարություն կա՞: Ես ռակետ խփեմ՝ թուրքի սամալյոտը տափը տամ՝ պրեմիան տան ուրիշի: Քաղաքի ձեռքին ա լրիվ, շենացու մարդու նրանք փող կտա՞ն, – գդալը ձեռքին, եռոտ մսով ապուրին փչում էր, հերսոտ գանգատվում: Թեպետ նա փողի համար չէր ձայնը գլուխը գցել: Տղերքը ընկերաբար սիրտ էին տալիս, թե կռիվը չպրծավ, հո՜, էլի են գալու: Ճաշի մտերմիկ ժխորի պահին, հանկարծ եղկելի որոտը պատեց շրջապատը, զորանոցում իրարանցում սկսվեց: Վլադիկը գդալը ձեռքից գցեց սեղանին, ծիլ եկավ տեղից, մեկնվեց դեպի սենյակում թեք դրած իր Իգլան ու սրընթաց վազեց դեպի իր բարձունքը:
Տղաները ետևից դուրս եկան: Մատոն իրեն չկորցրեց, ետևից կանչեց ու՝ տագնապի տակ բոլորը հրհռացին.
-Վլադի՜կ, ախպեր դե գոնե սպասի էն խփածի փողը տան հետո, էլի՛: Նայի տես, է՜, մեկի փողը դեռ տալու՝ մի հատ էլ ա խփելու….
Սրխավենդի կռիվը հաջող էր ավարտվել: Ֆելիքս Գզօղլյանը ջղային մարդ էր, արդար, պահանջկոտ: Երեկոյան ուազը քստմնելի ձայնով արգելակեց Խաչմերուկի զորանոցի առաջ: Կռնատակերը՝ գռեհիկ բացվածքով, նավաստու շերտավոր շապիկը՝ վրան պիրկ, սիգարեթը՝ գողական ատամների արանքում վարորդը դուրս ցատկեց խցիկից, հետևի դուռը բացեց, քուղերով խնամքով կապած, երկար մի բան հանեց շորի մեջ փաթաթած: Տղաները դիմավորեցին: Գզողլյանի կողմից, վարորդը, Տասի ջոկատի հրամանատարին անվանական Կալաշնիկով գնդացիր էր բերել: Զենքը փայլում էր, երևում էր, որ դեռևս փողից փորձնական լինի միայն կրակած, յուղը վրան, ինչպես ասում են: Հրամանատարը՝ ամփոփ, կռվից, Համլետի մահից ի վեր, առաջին անգամ էր ուրախանում: Տղաները չտեսի նման սկսեցին տնտղել 5.45 տրամաչափի նվերը:
Կապի խնդիրը բարդ էր: Երևանից բերված տաքսու ռացիաներն էին, մի հատը՝ զորանոցի մեջտեղում, անախորժ, անդուր խշշոցը միշտ գլխիդ մեջ նստած, երկրորդը՝ գետափի դիրքում, գրեթե չորս-հինգ կիլոմետրի վրա՝ տղերքի մոտ: Խշշան այդ ռացիաները մի քանի ամիս գրեթե հարկավոր եկան, հարմար սարք չէր, մոտը միշտ մի հոգի նստած էր, պատասխանատու: Ալիքներն այնպես էին խառնված, որ թուրքերը հեշտ մեջը չաչանակի նման նստած էին: Մերոնք էլ չէին պակաս: Տղաներից ոմանք թուրքերեն խոսում են, շատերը՝ հասկանում, ուշունցներն ու կծու խոսքերը դե բոլորին էին հայտնի: Ամեն կռվի ժամանակ երևի սովորույթ է՝ կասկածի մթնոլորտ լինի, ասեն՝ էս ինչը ծախված է, ինչ լինում է՝ իսկույն հայտնում է: Եթե ասում են կռիվ, ուրեմն կարող է լինել նաև դավաճան, ընկրկող, հասկանալի բաներ են: Վարորդ Հրանտի հետ գյուղում իր անունով խոսող չկա՝ Գոճի, Գոճի: Չգիտես, որտեղից ու ով է նրան տվել այդ փոթը, բայց՝ նեղանալ չկա: «Գոճի գնալո՞ւ ես Ստեփանակերտ, Գոճի մի դույլ բենզին տուր, թե բաքումդ կա», մարդն արդեն սովոր է: Մեկ-մեկ, որ Հրանտ են ասում, ուրեմն սպառընկերության նախագահն է, կամ իր զառամյալ ուսուցչուհի Միրումյան Սեդան, կամ էլ մի շրջկենտրոնից եկած ինչ որ տեսուչ: Մնացածը՝ Գոճի:
Տասի ջոկատի տարիքով ամենափոքր՝ Գոճի Հրանտի Սամվելիկ որդու դասարացիներից մի քանի հոգի կային՝ ինքը, Գագիկը, առաջին ինքնաձիգավոր Սարգսյան Աբելն ու եղբայրս Աշոտը: Մի օր, զորանոցի ներսի ու ռացիայի հերթապահը Սամվելիկն էր: Հրամանատար, ավագ, որ ցերեկը գործով տեղ էին գնում, ջահելությունը, հերթափոխից ազատ զբաղված էր գժությամբ, անեկդոտ պատմելով, քարտ խաղալով: Իսկ գայթակղիչ գործը՝ ռացիայի կողքին նստել, ալիքի մեջ մտած թուրքի հետ լեզվակռիվ տալն էր: Ուշունցի փոխհրաձգություն: Սամվելիկը նոր էր ելել ջոկատ, թեթև գործ էին տվել՝ ռացիայի մոտ նստի, դիրքի հետ կապ պահի: Հերթափոխի մի խումբը ճաշի էր նստած, հինգ-վեց հոգի: Թուրքը հոգնեցրել էր արդեն դատարկ կանչերով.
-Վազգեն, Վազգե՛ն, ուր ես Վազգեն, քո մերը…,- փորապառ ձանձրացնում է երևի Աղդամի կողմերից ոմն մի պարապ ասկյար:
-Մո՛լլա, մոլլա, շունշան որդի, ի՞նչ ա եղել, էլի եկա՞ր,- ուրախ, զվարթ, լուրջ պատասխանում է Սամվելիկը:
-Քույրիկդ կտա՞ս ինձ, Վազգեն, արմյանկա լյուբլյու օչեեն,-լկտիանում է թուրքը:
-Տվայու՛ մած,- ընկալուչի կոճակը սեղմում, ռուսերենի անցնում, տակ չի մնում Սամվելիկը,- ինձ քույր չունեմ, մի ախպեր ա, այ ոչխար:
– Վազգե՛ն, Վազգեն, ստի մերը՞…
-Սուտը չգիտեմ, այ ախմա՛խ, անառակի որդի…
-Վազգեն, ա՛յ հայվան, դուք հայվանի՞ց եք ծնվել:
-Մոլլա, քեզ բռնելու ենք կրտենք, դեռ որտե՞ղ ես, առանց էդ էլ ձերի կեսը կտրած ա: Խոսք եմ տալիս,-աքլորանում, ծիծաղում է Սամվելիկը: Բոլորը զորանոց քրքջում են: Անկապ այսպես, ուշունց առօրյա: Մեկ-մեկ դիրքից, որ հարկի խոսում են, ալեխառ ճահիճի մեջ ջոկելն էլ դժվար է:
-Դոնգուզ օղլու (խոզի տղա՝ Ա.Ա.), դոնգուզ: Դու դոնգուզ օղլու ես: Էսա՝ կտեսնենք, ով ում կկրտի,- ջղայնությունը մատնում է թուրքը:
Սամվելիկը՝ երեխա, նյարդերը ուռի, թուրքի խոսքերը լուրջ ընդունի: Ի՜նչ ծիծաղ օր էր: Ընկալուչը չրխկոցով դրեց տեղը, ճաշող ընկերներին նետեց.
-Որ ասում են մեր մեջ ծախող կա՝ դեռ չեք հավատում: Շան տղա թուրքը շա՞տ գիտեր, թե Սամվելիկն եմ, Գոճի Հրանտի տղան: Դոնգուզ օղլը: Քո դավաճանի տիրումերը, բա չիմանա՞ս ով ա ….
Մարդիկ կան՝ հիշում ես միշտ ծիծաղկոտ երեսով, թվում է՝ նրանք երբեք չեն հոխորտաել, երբեք չեն տխրել: Կա՛ն, կան մարդիկ, որոնց երեսին միշտ խինդ է փայլել: Սամվելը երևի ծիծաղը երեսին է հոգի տվել աստծուն: Սամվելի հետ այդ օրը ութ հոգի զոհվեցին Տասի ջոկատից: Կռվի վերջին տարում, երբ Մղոզի մոտերքը մարտերը հակառակորդի հետ փոփոխական հաջողություն ունեին, տղաները մի անգամ հանդիպակաց դուրս են եկել թուրքի տանկերի դեմ: Վաշտի սև օրն է ընդմիշտ: Մերոնք ետ քաշվելուց, հայադեցի Հարոնը զոհվում է: Նահանջի ժամանակ, Հարոնի եղբայր Սուրիկը՝ Պուշկինը, տեսնում է, որ կրակահերթ բռնեց եղբորը, իսկ տանկերը մոտենում են: Պուշկինը կանգում է, սիրտը՝ կտոր-կտոր, արհամարհում թուրք զանգվածի գրոհը, արցունքների միջից, խելապատառ գոռալով, Հարո՜ն, Հարո՜ն, ետ դառնա, գնա՝ եղբորը որ հանի: Հասնի խրամատին, խելագար, անզգա, շալակի եղբոր արնաքամ մարմինը, որ նահանջին իր հետ հանի, մոտակա տեղից հակառակորդի գնդակի տարափն նրան էլ բռնի:
Ստացվել է այնպես, որ կես տարի երկու եղբոր դիակները, իրար գրկի մեջ մնացել է մարտի այդ բարձունքում, հետո միայն Տասի խիզախ տղաները հանել են նրանց, գյուղական հուշարձանի քով դրել հողի մեջ:
Գումարտակ լինելուն պես, Տասի ջոկատը սփռվել է ուր ասես: Հիմնական տղերքը պահպանվել են մի վաշտում, բայց տարբեր դիրքերում հազար կողմից եկած կամավորներ կային: Արդեն իրավիճակը ստիպում էր անցնել կամավորից պարտադիրին, օրհասական էր ամեն ինչ, մանավանդ Խաչենի ուղղությամբ: Ինձ զորակոչել են հատուկ զորամաս, սկզբում Տասի վաշտը թողնել, գոնե իմ լավտղայական պատվի համար՝ անընդունելի էր, բայց որ ծանուցման թուղթը բերեցին շտաբ, ամրացված մի կադրային մարդ կար՝ կանչեց, առանց ինձ նայելու, թե երկու օր ժամանակ, որպեսզի լինես տեղում: Շատ շուտ սպայի կոչում ստացա, բայց իմ մասին ոչինչ չեմ պատմելու:
Պարտադիր զինվորական ծառայությունը փոխեց ամեն ինչ: Շատ ճարպիկներ դիմեցին գլուխ պահելու, ազնվորեն ասացին, որ իրենք կռվել չգիտեն, ճակատում իրենց օրերն ու ժամերը հաշված են լինելու, իսկույն գնդակի բաժին են դառնալու: Տեղավորվեցին, մեծամասամբ, թիկունքի պաշտոններում: Պիտանի տղամարդկանց մի մասը, իհարկե, ուզում եմ հավատացած լինել, որ քչերը, անցան ընդհատակ, տառացիորեն թաքնվեցին, որը՛ իրենց ներքնահարկում, որը՛ պետական հիմնարկում, մի ուրիշները չգիտեմ որտեղ: Իմ մարտկոցը մի խոհարարուհի ուներ Հասմիկ անունով, ես էի հրավիրել աշխատանքի, որ նեղ օրերին գոնե իր տան հոգսը անի: Փող էինք տալիս, մթերք: Նա պատմել է, որ ամուսինը տանը թաքնված է, երկու տղա երեխա ունեն: Հիմա եմ պատմում այսքանը, այն ժամանակ ձև եմ արել, որ չեմ լսել Հասմիկին, իր թաքնված ամուսնու մասին չգիտեմ: Իմ արարքը, համոզված եմ, քրեորեն եթե հետապնդելի էլ էր, բայց առնվազը համաներման բերան կընկնեի: Ի վերջո, ամեն մարդ ինքն է որոշում կանգնի իր երկրի պաշպանության գործին, թե՝ չէ: Բայց կա նաև մի պահ, մարդկային կողմ, որ ինձ՝ հայկական բանակի քսանամյա սպայիս ստիպել է, բացի զինվորական պարտականությունից, չտեսնելու տալ շուրջը կատարվող ամեն մի էական չթվացող երևույթ:
Դիրքից եկել էի քաղաք, դեռևս ուսանող ժամանակից հանրակացարանում սենյակ ունեի պահված: Հանրակացարանում մեկ-մեկ դիրքերից երևացող ուսանողներից բացի, արդեն որերորդ տարին ապրում էին նաև Բաքվի-Սումգայիթի փախստականների ընտանիքներ: Անունով ոչ մեկին չէի ճանաչում, բայց դեմքով գրեթե բոլորին գիտեի: Կան, էլի, չէ՞, մարդիկ, որոնք կարծես ծնվել են պորտաբույծ, ալարկոտ, անբան լինելու համար միայն: Կան մի տեսակի անձեր, որոնք հակված են չաշխատել, միշտ աչքը պահել մոր, կամ քրոջ դրամանապանակին՝ թե սիգարեթի փող տալու են այդ օրը թե չէ, կան այսպիսի դեգրեդանտ բնածիններ: Միթե՞ այսպիսինները կարող են մեկնել ճակատ, ինքնաձիգ բռնել, արհամարհել վախը, իր ու հարազատների բաժին երկրի սահմանների անվտանգությանը մասնակից լինել: Իհարկե, ո՛չ:
Հանրակացարանի 332 իմ համարում էի մնացել գիշերելու, երեք օրվա արձակուրդի թուղթ ունեի: Առավոտ ինձ շորշոփ զարկող մի աղմուկ արթնացրեց: Դուրս եկա իմ հարկի նեղ պատշգամբը, գլխավոր մուտքի աստիճաններին, թուխ գույնի զինհագուստով պարետային գումարտակի տղաները ստուգայցի էին դուրս եկել: Երեք հոգու թաքնվածներից հանել էին, որոնց քանի օր է զինապարտության ծանուցում էին ուղարկել: Մեջները մի Վիտալիկ կար, դեմքով գիտեի, երկրորդ հարկի 117 համարի սենյակում, սումգայիթցի, կլիներ 24-25 տարեկան: Ինչպե՜ս էր նա բարձրաձայն աղաչում պարետայիններին.
– Մի տարեք ի՛նձ, խնդրու՜մ եմ, աղաչում եմ, ես կռվել չգիտեմ, վախում եմ կռվից, գնդակից: Խնդրում եմ, մի՛ տարեք ինձ, ես շատ վախում եմ:
Պարետայինի տղերքը լուռ ուղեկցեցին, մյուս երկուսին կամովին, մտցրեցին երկար իրենց ուազ մեքենան ու՝ տարան:
Հաջորդ օրը, երեկոյան, իրարանցում, լացի ձայն տարածվեց հանրակացարանի երկրորդ հարկում: Վիտալիկին տարել էին Ասկերանի դիրքեր, նույն օրը նա վզին մահացու գնդակ էր ստացել, կյանքը փրկել չի հաջողվել: Պատերազմը դաժան է, չգիտեմ, ու՜մ մեղադրես:
Կային մարդիկ, բոլորս գիտենք, որ երկրի պաշտպանության համար պատերազմի առաջին օրերին, ամիսներին, գլուխ են վերցրել, մեղմ ասեմ, լքել երկիրը: Ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում դատափետելու նրանց: Պատերազմի իրականություն է, կան հերոսներ, կան գլուխպահողներ, պատեհապաշտներ: Ամեն պատերազմ ունի իր դասալիքները, ամեն հաղթկան պատերազմից հետո՝ դասալիքները ստանում են համաներում: Պատերազմի դաշտը լքած, կամ առհասարակ ինքնաձիգ չտեսած, մի օր անգամ սահման չտեսած մարդկանց դատը թողնում եմ աստծուն ու իրենց խղճին: Ավելին, կուզեի նրանց ասել, պատերազմից անխոս Եվրոպաներ, Ռուսաստաններ, Ամերիկաներ հայտնված հարգելի եղբայրնե՛ր, գիտեմ՝ ինչպիսի զրկանքների, նեղ օրերի միջով եք անցել օտար երկներում, գիտե՛մ, որ ձեզանից շատ-շատերին ճակատագիրը հաջողակ մարդ է դարձրել: Թո՛ղ ձեր հոգին միշտ խաղաղ ու երջանիկ լինի:
Հանուն արդարության, մեր կռվի իսկությունը մինչև վերջ հակիրճ պատկերելու իմ փորձը կատարյալ դարձնելու համար՝ ուզում եմ մի դեպք էլ շարել:
93 թվականի աշնան մարտերի ժամանակն էր: Խիզախ հրամանատարների, անվախ տղաների ու աղջիկների ավյունով՝ երկիրը մարտնչում էր իր անկախության, սահմանների անխախտության համար: Օր չկար գրեթե, որ զոհ չլիներ: Կռիվն անողորմ գույն ունի, գորշ առավոտներ, արնագույն սարսափներ, կորստի ցավի հետ դժվար հաշտության զգացում , շատերին է ծանոթ: Կա նաև մահն արհամարհելու հատկություն, որ ամենևին գրքային չէ, իսկական ճշարտություն է: Շատ տղաներ գիտեմ, որոնք համակերպվել էին մահվան արհամարանքին, իրեն իսկ մահվանը, եթե կուզեք, ընկերոջ իսկ կորստի ցավին: Պատերազմը շրջում է մարդու, հանրության ինքնությունը, այն ուժեղների իրական ասք է, կյանքի, սիրո, մութ կրքերի, ստոր բնազդների, այո՛, իրական ճակատամարտեր..
Կռվի երկրորդ տարվա աշնանը թուրքերը խարխլվել էին Խաչենի անտառներում: Մեր մի զոհին իրենք եռապատիկ էին տալիս, հայտնի է, բայց զոհը թվաքանակ չունի, մարդկային կյանքը կռվի դաշտում մեծ ողբերգություն է, անդառնալի, ցավոտ հրաժեշտ:
Տասի ջոկատի խելառներից մեկը՝ եղբայրս Աշոտն էր, նա նաև թիրախ էր, կենդանի փաստարկ: Հայրս, հրամանատարի իր խոհեմությունը տղաներին հասցնելու համար, յուրաքանչյուր կռվից առաջ, նախ, Աշոտին էր գրում ցուցակի վերևում, պարզ հասկանալի է ինչու և ինչի համար:
Առհասարակ, հայրս կամավորական կռվի շիտակ մարդկանցից մեկն է, այդ աշնանը տարիքի բերումով կողք է կանգնել, անցել հանգստի: Աշոտը կռվի առաջին էր, ծանր օրերի վկան ու խիզախ երևելիներից մեկը: Արդեն զոհվել էին Համլետը՝ քեռուս տղան, հորաքրոջս որդիներց մեկը: Ծանր վիրավորվել, արդեն մեկ տարի շարունակ Երևանում ապաքինվում էր քեռիս: Աբովյանցի Մխիթարը՝ մյուս հորաքրոջս որդին, կռվի հերոսներից մեկը, որ Մարտական Խաչի ասպետ էր, պիտի սպանվեր զինադադարից մի ամիս առաջ:
Մի օր առաջադրանքից եկա մարտկոցի փոքրիկ զորանոց, տղաներից մեկը շեմքում ինձ ժպտաց, թե բարի լուր կա, եղբայրդ է ընկերոջ հետ եկել ճակատից քեզ տեսակցելու: Ճաշի նստեցինք, Աղդամի օրերից ավար մնացած կոնյակի սպիրտ բացեցինք, ոչխարի պահածո համեղ ապուխտ բացեցինք, կրակի վրա հաց տաքացրինք, սեղան նստեցինք Աշոտի, ընկերոջ ու իմ հերթափոխից ազատ տղաների հետ: Ուրախությունս կարճ տևեց: Աշոտի երեսին հոգի չկար, լուռ էր, վշտոտ, դժգույն: Չէի ճանաչում նրան, խոսքի մեջ հոլովույթ չկար: Ընկերը՝ Վալերիկը ևս լուռ էր: ինձ թվաց, սպասում են որպեսզի ես զրույց բացեմ, հարցուփորձ անեմ, բայց արդեն զգացել էի՝ սա սովորական գալ չէ, մի բան այն չի: Մտահոգվեցի այդ վիճակից, կես տարի եղբորս համարյա չտեսնելու փաստն անգամ ինձ չէր ցրում: Վալերիկի եղբայրն էր զոհվել, փոքրը, նաև հորեղբոր տղան, իրենից շատ ավագը՝ Մհերիկը: Զոհվել էր նաև նրա անբաժան, ամենամտերիմ ընկերը, Մատոն, ի ծնե դերասան, քաջասիրտ Առուշանյան Մարտիկը: Որ Իգլայի Վլադիկին ասել է՝ «նայի, տես, է՜, դեռ մեկի փողը տալու մի հատ սամալյոտ էլ ա խփելու..», այդ կատակի Մարտիկը:
Երկուսն էլ աչքառ, անհանգիստ, դեմքի արտահայտություն ունեին, բայց չէին խոսում: Իմ մարտկոցն էին նայում, մեր զենքերին, կապի միջոցներին:
Այն օրերն էին, կրկնում եմ, երբ ճակատի երկայքով բարկ բախումներ էին տեղի ունենում, մահտարաժամ: Տոկալու իսկական, անհույս, երկարուձիգ, անավարտ թվացող ժամանակ էր:
– Չեմ կարող ձեզ ինձ մոտ պահեմ,- առանց բառ ծամծմելու ասացի ես: – Ամեն օր մտահոգ եմ, որ ինչպես կբացվի օրս էստեղ, դուք ճակատում եք, գնդակի երախին, բայց այստեղ ձեզ պահել չեմ կարող: Իմ ձեռքին է, բայց չեմ կարող:
Ճիլոտի մոտ մի անբացատրելի ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Քաշաթուխպ օրը, մեր տղաների երկու տարբեր ջոկատներ, չեն ճանաչում, իրար թուրքի տեղ են ընդունում, մերձահար մարտի բռնվում ու՝ սխալմամբ, չտեսնված, արյունալի դեպք է տեղի ունենում: Տղաներն իրար կոտորում են, տասի հասնող զոհ:
Տասի ջոկատի տղաները գտնվում էին Ճիլոտի մյուս երեսին: Այս դեպքը նրանց սրտին ցավալի նստվածք է տվել: Վախն, ընդհանրապես, մարդկային բնույթի նվաստություն չի, վախը՝ նաև զգուշավորության ակամա, ոչ բնազդային դրսևորում է:
Քանի որ սա խոստովանության ինքնանկարի մի փորձ է, ուզում եմ պարզապես գրել, թե ինչ տեղի ունեցավ հետո:
Աշոտին ու Վալերիկին, ուշքի գալու պատրվակով, ուղարկեցի Երևան, փոքր ինչ հանգստանան, թեև դժվարին հարց էր, ամենուր պարտադիր ծառայության գնալու անհրաժեշտ մթնոլորտ էր: Ամեն քայլի պատկան ծառայություններ հիրավի կարող էին ստուգել ինքնությունդ, համապատասխան միջոցներ ձեռնարկել, բայց սա արդեն երևույթի կարևոր կողմը չի:
Փաստն այն է, որ նրանք առժամանակ լքելու անվան տակ գնացին կռվից, երկրից, հայրենի սահմաներից:
Ամսից քիչ ավել ընդամենը նրանք թափառեցին ուրիշ տեղ: Աշոտն անգամ հասավ Ռուսաստան, հորեղբորս մոտ, ստացավ նրա կշտամբանքը: Ավագ հորեղբայրս վաղուց էր ապրում Տոլյատիում: Կռվի տարիներին մի քանի անգամ այցելել է գյուղ, թեժ օրերին, բեռնատար վարձել, ապահով տեղ դուրս բերել գյուղացի տասնյակ երեխաների: Հորեղբայրս բացճակատ իրավունք ուներ մոլորյալ ազգականի երեսին խրատ կարդալ ու ետճանապարհի ինքնաթիռի տոմս առնել:
Վերադառնալուց հետո, Աշոտը գալիս է Տասի ջոկատ, անցնում դիրքապահի ու գնդացրորդի իր վաղեմի գործին: Կույրաղիքի ցավ ուներ, այդ օրերին նրան հոսպիտալ օպերացիայի են տանում: Շաբաթ էր անցել, վիրակարերը քանդել էին արդեն, բայց բժիշկները խորհուրդ էին տվել դեռ էլի մնալ հոսպիտալում, մինչև վարժ քայլելը իրեն չխանգարի:
Խաչենագետի ներքին, մեծ կամրջի վրա մեծ օպերացիա էր սպասվում, Աշոտը տեղյակ էր, բայց նրան թվում էր՝ կհասցնի իսպառ ապաքինվել, որ ինքն էլ կարողանա մասնակցել: Կույրաղիքի բուժվելուն մինչև վերջ չէր սպասելու: Իմացավ, որ երկու օրից մարտի օրն է: Եկավ Տասի զորանոց, անձնական զենքը ստացավ, երեկոյան ինչպես հարկն է՝ մանրամասն քանդեց, ընկերներից մեքենայի հատուկ յուղից վերցրեց, մաքրեց, որ շուտ քնի, վաղվա կարևոր օրվա համար: Առավոտ շուտ, հրետանու աշխատանքից հետո, մարտի պիտի մտնեին:
Զինադադարի վերջին աիսներն էին, կարծեմ, էլի ապրիլ: Աշոտը ծանր վիրավորվեց, ականի պայթյունից ցրիվ եկավ նրա աչքը: Նա մեծ կռվի վերջին վիրավորներից էր…
Երբեք ինձ, կեսբառ անգամ չի ակնարկել, չի հիշեցրել կռվի այն տարվա աշնան մարտկոցի իմ զրույցի մասին, սակայն միևնույն է, անանձնական, անբացատրելի մի իսկական մրմուռ սրտիս՝ ես ինձ հետ պիտի տանեմ մինչև վերջ:
-Եկե՛ք, խմենք երեխաների կենացը,- կռվի ժամանակ, ուրախ օրերին, երբ ճաշին մեկ-մեկ որտեղից-չգիտենք ի հայտ եկած շիշ էինք բացում, ասում էր իմ տարեց զինակից ընկեր Բենիկը,-Ա՛յ, մարդ, թուրքի երեխայի կենացն էլ, երեխան մնում ա երեխա,- լուրջ-լուրջ շարունակում էր նա: Հետո, սեղանի իր մասը՝ ափսե, բաժակից ազատում, դհոլ սարքում, որ դմդմփցնի երգի հետ, ու իր սիրելի կռվի տարիների երկտող մյուզիքլը սկսում.
Ծառի կանաչ տերևը՜, տերևը,
Կանա՛չ ծառի տերևը, տերևը,
Ծա՛ռի կանաչ տերևը, տերևը,
Կանա՜չ ծառի տերը, տերևը…

Երկիրն այժմ Տասի ջոկատի տղաների զավակներինն է: Նրանք իրենց կռվի տեսակն ունեն այսօր, իրենց պատերազմի տեսակն ուրիշ է ու անցյալ օրերի խոր բաների մասին ծնողների պատմածից են իմանում:
Համալսարան են սովորում, սիրած աղջիկ-տղա ունեն, անկաշկանդ են ապրում, հայրերից ավելի ազատ ու համառ են, իրենց երկրի ապագային ավելի լավատես են: Հետո, Ֆեյսբուքում էջ ունեն, Ուեյնհաուս են լսում, Ժենյա Լյուբիչ, Հախվերդյան, յութուբից հղում արածԱդելի քլիփի տակ երեքական մուգ, շուրթ-պաչ սմայլիկ քոմենթ են թողնում իրար ու՝ շոյվում…
Ու աշունները գալի՜ս, գնում են…

30.09.2016

Share Button

1 Կարծիք

  • Սիրանույշ says:

    Ինչերի միջով է անցել մեր ազգը։Խելագսրվել կարելի է…
    Սիրտս ցավաց Համլետի, Սամվելիկի և մյուս մեր հերոսների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *