Եվգենի Զամյատին | Հեղեղ

1.
Վասիլևյան կղզու շուրջբոլորը ծովածավալ տարածվող աշխարհն էր. այնտեղ պատերազմ էր եղել, հետո՝ հեղափոխություն: Իսկ Տրոֆիմ Իվանիչի կաթսայատանը շոգեկաթսան գվվում էր առաջվա պես, և, ինչպես առաջ, մթնոլորտային ճնշաչափը ցուցում էր դարձյալ ինը: Միայն ածուխն առաջվանը չէր. առաջ Քարդիֆի էր, այժմ՝ Դոնեցկի: Սա փշրվում էր, սև փոշին թափանցում էր ամենուրեք և ոչ մի բանով մաքրել չէր լինում: Հենց այդ սև փոշով էլ աննշմար պարուրված լինեին ասես տներն ու ամեն բան: Արտաքուստ առանձնապես բան չէր փոխվել: Առաջվա պես ապրում էին երկուսով, անժառանգ: Սոֆյան, թեպետ արդեն քառասունին մոտ, դեռ նույն թեթևոտն էր, մարմինը՝ թռչնավարի կոկ. գիշերը առաջվա պես նրա կարծես ամենքի համար ընդմիշտ խուփ շուրթերը բացվում էին Տրոֆիմ Իվանիչի համար: Այդուհանդերձ, ինչ-որ բան այն չէր: Թե ինչն «այն չէր», դեռ պարզ չէր, դեռ բառերով չէր վճռվել: Բառերով դրսևորվեց ավելի ուշ՝ աշնանը, և Սոֆյան դա մտապահեց. շաբաթ գիշերն էր, քամի էր փչում, Նևայի ջրերը բարձրանում էին:
Ցերեկը Տրոֆիմ Իվանիչի շոգեկաթսայի ջրաչափ փողակը պայթեց. պետք էր գնալ և մեխանիկականի պահեստից նորը վերցնել: Նա արհեստանոցում վաղուց չէր եղել: Երբ ներս մտավ, թվաց, թե սխալ տեղ է ընկել: Առաջ այստեղ ամեն բան շարժվում էր, զնգզնգում-ղռղռում էր ու երգում, կարծես պողպատե անտառում քամին պողպատե տերևների հետ խաղալիս լիներ: Այժմ այդ անտառում աշուն էր. փոխհաղորդակների փոկերը պարապ թափահարվում էին, ծուլորեն պտտվում էր սոսկ երեք-չորս հաստոց, ինչ-որ տափօղակ միալար ծղրտում էր: Տրոֆիմ Իվանիչը վատ զգաց, ինչպես եթե կանգնած լիներ դատարկ, անհայտ նպատակով փորված փոսի պռնկին: Նա արագ հեռացավ կաթսայատուն:
Իրիկնամուտին վերադարձավ տուն. դեռ վատ էր զգում: Ճաշելուց հետո պառկեց հանգստանալու: Երբ վեր կացավ, ամեն բան անցել էր, մոռացվել և միայն ոնց որ երազ տեսնելիս լիներ կամ իբրեւ թե բանալի էր կորցրել, իսկ թե ինչ երազ, ինչի բանալին, ոչ մի կերպ չէր մտաբերում: Հիշեց գիշերվա կեսին:
Ամբողջ գիշերը առափնյակից քամին խփում էր ուղիղ պատուհաններին, ապակիները զրնգում էին, Նևայի ջրերը՝ բարձրանում: Եվ Նևայի հետ ասես ստորգետնյա երակներով կապված՝ արյունն էլ էր վարարում: Սոֆյան քնած չէր: Տրոֆիմ Իվանիչը մթան մեջ ձեռքով գտավ նրա ծնկները, հետը սեր արեց երկար: Ու դարձյալ այն չէր. փոս էր ինչ-որ:
Նա պառկել էր, ապակին քամուց միալար զրնգում էր: Հանկարծ միտքը եկավ տափօղակը, արհեստանոցը, պարապ թափահարվող փոկը…
– Հենց դա է, որ կա, – լսելի ասաց Տրոֆիմ Իվանիչը:
– Ի՞նչը,- հարցրեց Սոֆյան:
– Երեխա չես ծնում, այ թե ինչը:
Եվ Սոֆյան էլ հասկացավ. այո, հենց դա է, որ կա: Եվ հասկացավ՝ եթե երեխա չունենան, Տրոֆիմ Իվանիչը կքաշվի իր մեջից ամբողջովին, կաթիլ առ կաթիլ, աննկատ դուրս կծորա, ինչպես ջուրը՝ չորությունից ճաքճքած տակառից: Տակառն այդ շեմքի ծածկի տակ էր՝ դռան հետևը: Տրոֆիմ Իվանիչը վաղուց էր պատրաստվում դրա վրա օղակապեր խփել, բայց ժամանակ չէր գտնում:
Գիշերը` վայ թե արդեն լուսադեմին, դուռը բացվեց, թափով դրխկաց տակառին, և Սոֆյան դուրս վազեց: Նա գիտեր, որ վերջն է, որ հետդարձի հնար չկա այլևս: Բարձր հեծկլտալով՝ վազեց դեպի Սմոլենսկյան դաշտ, որտեղ մթան մեջ մեկը լուցկի էր վառում: Սոֆյան գայթեց, ընկավ ձեռքերով ուղիղ ինչ-որ թաց բանի մեջ: Լույս եղավ. տեսավ՝ ձեռքերն արյունոտ են:
-Էդ ինչո՞ւ ես ճչում, – հարցրեց Տրոֆիմ Իվանիչը:
Սոֆյան արթնացավ: Իրոք արյունոտվել էր, բայց դա իր սովորական ամսականի արյունն էր:
Առաջ այդ օրերին պարզապես քայլելը հարմար չէր. ոտքերը մրսում էին, տհաճ էր: Այժմ կարծես ամեն ամիս դատելիս լինեին, և նա սպասում էր դատավճռին: Երբ ժամկետը մոտենում էր, քունը փախչում էր, վախենում էր, ուզում էր շուտ լինի. մեկ էլ տեսար այս անգամ արյուն չեկավ, հանկարծ ու պարզվի, որ ինքը… Բայց չէ. ներսը փոս էր, փուչ: Մի քանի անգամ նկատել էր, որ երբ գիշերը ամաչելով շշնջացել էր Տրոֆիմ Իվանիչին, որ շրջվի իր կողմը, նա քնած էր ձևացել: Եվ երբ նորից երազում տեսել էր, որ միայնակ մթան մեջ վազում է դեպի Սմոլենսկյան դաշտը, բարձր ճչացել էր, իսկ առավոտյան շուրթերն ավելի էին պրկված:
Ցերեկն արևը անդադար թռչնապար ճախրում էր երկրի վրա: Երկիրը մերկ մեկնվել էր: Աղջամուղջի մեջ Սմոլենսկյան դաշտից, ինչպես վազքից քրտնամած ձիուց, քուլա-քուլա գոլորշի էր բարձրանում: Ապրիլյան մի օր պատերը բարակեցին այնքան, որ բակից հստակ լսվում էր երեխաների գոչյունը՝ բռնի՛ր դրան, բռնի՛ր: Սոֆյան գիտեր, որ «դրան»-ը հյուսնի աղջնակն է՝ Գանկան. հյուսնը ապրում էր իրենց վերևի հարկում. նա հիվանդ (հավանաբար տիֆով) պառկած էր:
Սոֆյան իջավ ցած՝ բակը: Գանկան, գլուխը ետ գցած, ուղիղ սլանում էր իր վրա, հետևից՝ բակի չորս տղեկներ: Սոֆյային տեսնելով՝ նա հընթացս տղաներին ինչ-որ բան ասաց և մենակ, լրջմիտ մոտեցավ: Աղջնակը շառագունել էր, շնչում էր ստեպ-ստեպ, վերևի փոքրիկ սև խալով շրթունքը նկատելիորեն թրթռում էր: «Քանի՞ տարեկան է, տասներկո՞ւ, տասներե՞ք», – մտածեց Սոֆյան: Ճիշտ այդ տարիքում ինքն ամուսնացած էր. Գանկան կարող էր իր դուստրը լինել: Բայց նա օտար էր. նրան գողացել էին իրենից՝ Սոֆյայից…
Փորի մեջ հանկարծ մի բան կծիկ տվեց, բարձրացավ վեր՝ դեպի սիրտը: Գանկայից տարածվող հոտն ու նրա այդ թեթևակի թրթռացող սև խալով շրթունքը Սոֆյայի մեջ հակակրանք հարուցեցին:
– Հայրիկը ուշաթափվել է, նրա մոտ բժշկուհի է եկել, – ասաց Գանկան:
Աղջկա շրթունքները դողացին, նա գլուխը կախ գցեց. հավանաբար արցունքներն էր կուլ տալիս: Սոֆյան դա տեսավ և իսկույն էլ ամոթից ու խղճահարությունից ցավ զգաց: Նա Գանկայի գլուխն առավ ափերի մեջ ու սեղմեց իրեն: Գանկան հեծկլտաց, դուրս պրծավ ու վազեց բակի մութ անկյունը, նրա ետևից տղաներն էլ կորան խավարում:

Սոֆյան բութ ցավի զգացումով, ինչպես եթե ասեղի կոտրած ծայրը տեղ արած լիներ մաշկի տակ, մտավ հյուսնի բնակարանը: Դռնից աջ՝ լվացարանում, բժշկուհին ձեռքերն էր լվանում: Նա փարթամ կրծքեր ուներ, կճատ քիթ, քթին՝ ակնոց:
– Հը, ո՞նց է նա, – հարցրեց Սոֆյան:
– Մինչև էգուց կձգի, – զվարթ ասաց բժշկուհին: – Իսկ դրանից հետո իմ ու քո գործն է շատանալու:
– Գո՞րծ… ի՞նչ գործ:
– Ինչ գո՞րծ, մի մարդ կպակասի, իսկ պակասը մենք ենք լրացնելու: Քանի՞ երեխա ունեք:
Բժշկուհու լանջին կոճակն արձակվել էր, նա փորձեց կոճկել, բայց շորը վրա չէր գալիս. նա ծիծաղեց:
– Ես… չունեմ, – մի քիչ ուշացումով ասաց Սոֆյան. պրկված շրթունքները հազիվ թուլացան:
Հաջորդ օրը հյուսնը մեռավ: Նա այրի էր և ոչ ոք չուներ: Հարևան կանանցից ոմանք եկել, կանգնել էին դռան մոտ ու փսփսում էին, հետո մեկը՝ տաք գլխաշորով փաթաթված, ասաց.
– Հը, ի՞նչ անենք, սիրելինե՛րս, էսպես կանգնած էլ մնա՞նք, – և սկսեց հանել գլխաշորը՝ գնդասեղը ատամներով պահած:
Գանկան լուռ նստած էր իր մահճակալին՝ կռացած, ոտքերը բարակ, խղճալի, բոբիկ, ծնկներին սև հացի կտոր, որը դեռ բերանն էլ չէր տարել:
Սոֆյան իջավ իր բնակարանը. պետք էր ճաշի համար մի բան պատրաստել. Տրոֆիմ Իվանիչը շուտով կվերադառնար: Երբ ամեն բան պատրաստել և սկսել էր սեղան գցել, մի մենավոր, տրտմալի աստղ արդեն թափանցել էր իրիկվան տարտամ երկինքը: Վերևում դուռը բացում-փակում էին. հավանաբար հարևանուհիներն արդեն իրենց անելիքն ավարտել ու տուն էին գնում, իսկ Գանկան դեռ նստած էր մահճակալին՝ մի կտոր հացը ծնկներին դրած:
Եկավ Տրոֆիմ Իվանիչը: Նա կանգնել էր սեղանի կողքին՝ թիկնեղ, կարճոտն, ասես ոտքերը մինչև կոճերը հողում արմատակալած:
– Բա իմացա՞ր, հյուսնը մեռավ, – ասաց Սոֆյան:
– Աաա, մեռա՞վ, – ցրված, անտարբեր հարցրեց Տրոֆիմ Իվանիչը. նա պարկից հացն էր հանում. հացը մահից ավելի բացառիկ էր ու հազվագյուտ: Կռանալով նա սկսեց խնամքով բլիթներ կտրել, և այդտեղ Սոֆյան կարծես տարիների ընթացքում առաջին անգամ տեսավ նրա արևախանձ, ավեր դեմքը, նրա թավ, շաղ տված աղի պես ճերմակներով գնչուական գլուխը: «Չէ՛, չի լինի, երեխա չի լինի», – հընթացս հուսահատ աղաղակեց Սոֆյայի սիրտը: Իսկ երբ Տրոֆիմ Իվանիչը ձեռքն առավ հացի կտորը, Սոֆյան ակնթարթորեն հայտնվեց վերևում. Գանկան միայնակ նստած էր մահճակալին՝ հացը ծնկներին. լուսամուտից ծիկրակում էր ասեղի ծայրի պես սուր գարնանային աստղը: Եվ ալեհեր գլուխը, Գանկան, հացը, դատարկ երկնքում մենավոր աստղը, ամենը, իրար հետ անըմբռնելի կապված, միաձուլվելով ամբողջացան, և իր համար էլ անսպասելիորեն Սոֆյան ասաց.
– Տրոֆի՛մ Իվանիչ, հյուսնի Գանկային առնենք մեզ մոտ, թող փոխարինի մեր… Շարունակել չկարողացավ:
Տրոֆիմ Իվանիչը զարմացած նայեց նրան, հետո բառերն ածխափոշու միջով թափանցեցին նրա մեջ՝ ներսը. նա սկսեց ժպտալ դինջ, այնպես դինջ, ինչպես որ հացի պարկի բերանն էր արձակում: Երբ ժպիտին մինչև վերջ ազատություն տվեց, ատամները փայլեցին, դեմքը նորացավ, ասաց.
-Ապրես, Սո՛ֆյա: Բե՛ր նրան այստեղ. հացը երեքիս էլ կհերիքի:
Հենց այդ գիշեր Գանկան քնեց նրանց խոհանոցում: Սոֆյան պառկած լսում էր, թե ինչպես է նա թախտին անհանգիստ շուռ ու մուռ գալիս, թե ինչպես հետո շնչառությունը հանդարտվեց: Մտածեց. «Հիմա ամեն բան լավ կլինի»: Եվ քնեց:

2
Բակի երեխաներն արդեն բոլորովին նոր խաղ էին խաղում` «կոլչակ»: Մեկը՝ «կոլչակը», թաքնվում էր, մյուսները նրան փնտրում-գտնում էին, հետո թմբուկ զարկելով ու երգեցողությամբ փայտե ձողերից գնդակահարում: Իրական Կոլչակն էլ էր գնդակահարվել. արդեն ոչ ոք ձիու միս չէր ուտում, կրպակներում վաճառում էին շաքար, կալոշ, ալյուր: Գործարանում կաթսան վառում էին դեռ նույն՝ Դոնեցկի ածուխով, բայց Տրոֆիմ Իվանիչն այժմ մորուքը սափրում էր, և ածխափոշին հեշտ էր լվացվում: Տարիներ առաջ, երբ դեռ ամուրի էր, մորուք չէր պահում. այժմ կարծես այդ տարիները հետ եկած լինեին, երբեմն նույնիսկ ծիծաղն էր առաջվանը, և ատամները հարմոնի ստեղների հանգույն սպիտակին էին տալիս:
Այդպես էր կիրակի օրերին, երբ նա մնում էր տանը,և Գանկան էլ տանն էր լինում. նա այժմ դպրոցն ավարտում էր: Տրոֆիմ Իվանիչը նրան ստիպում էր բարձրաձայն թերթ կարդալ: Գանկան կարդում էր արագ ու վարժ, բայց բոլոր նոր բառերը յուրովի աղավաղելով՝ «մոլբիզացիա», «լուժկոմ»:
-Ի՞նչ, ի՞նչ, – հարցնում էր Տրոֆիմ Իվանիչը՝ ծիծաղից փլվելով:
-Լուժկոմ, – հանգիստ կրկնում էր Գանկան:
Հետո պատմում էր, որ երեկ իրենց դպրոց եկած մի ոմն բացատրել է, որ այ ինչպես երկրի վրա կան մարմիններ, նմանապես էլ՝ երկնքում:
-Ինչպիսի՞ մարմիններ, – արդեն մի կերպ իրեն զսպելով՝ ասում էր Տրոֆիմ Իվանիչը:
-Դե, էլ ինչպիսի՞, հրես, այսպիսի, – Գանկան մատով թխկացնում էր իր՝ շորի տակ ցցուն կրծքին:
Տրոֆիմ Իվանիչն այլևս չէր կարողանում զսպել. ծիծաղը, ինչպես կաթսայի ապահովիչ կափույրներից ճնշումով դուրս մղվող գոլորշին, դուրս էր պրծնում նրա քիթ ու բերանից:
Սոֆյան նստում էր մենակ, մի կողմ քաշված. Լուսժողկոմը, երկնային մարմինները, Գանկան ու թերթը, ամենը նրան հավասարապես անհասկանալի էին ու խորթ: Գանկան խոսում, ծիծաղում էր միայն Տրոֆիմ Իվանիչի հետ, իսկ Սոֆյայի հետ մենակ մնալիս լռում էր. վառարանն էր վառում, ամանները լվանում, խոսում էր կատվի հետ: Միայն երբեմն կանաչ աչքերը դանդաղ, սևեռուն պահում էր Սոֆյայի վրա՝ երևի նրա մասին ինչ-որ բան մտածելով, բայց ի՞նչ: Այդպես սևեռուն նայում է կատուն, երբ մի բան է մտմտում, եւ այդ կանաչ աչքերից, այդ անըմբռնելի, օտարոտի, կատվային մտորումից մարդ սահմռկում է հանկարծ: Սոֆյան կարճաթև բաճկոնակն ու հաստ գլխաշորը գցում էր վրան ու գնում մի որևէ տեղ՝ կրպակ, եկեղեցի, կամ պարզապես ընկղմվում էր Փոքր պողոտայի մթության մեջ, միայն թե Գանկայի հետ մենակ չմնար: Մրսածի, լքվածի զգացողությամբ քայլում էր դեռ չսառցակալած սև առուների, վերնածածկի երկաթից շինված ցանկապատի կողքով: Փոքր պողոտայում՝ եկեղեցու դիմաց, իր պես լքված, փտած փեղկերով մի տուն կար: Սոֆյան գիտեր՝ այդ տանն այլևս չեն ապրելու, երբեք երեխաների զվարթ ձայներ չեն լսվելու:
Դեկտեմբերյան մի օր մոտենալով այդ տանը՝ նա, ինչպես միշտ, շտապում էր անցնել արագ, առանց նայելու: Հնթացս նա թռչնի հանգույն՝ մի աչքի պոչով, դատարկ պատուհանում լույս տեսավ: Կանգ առավ. չի կարող պատահել: Հետ եկավ, նայեց պատուհանի անցքից: Ներսում աղյուսի բեկորների մեջ խարույկ էր վառվում, խարույկի շուրջը՝ չորս քրջոտ տղեկներ նստած: Իսկ սևաչքերով մեկը՝ հավանաբար գնչուի ճուտ, պար էր գալիս՝ դեմքով դեպի Սոֆյան. մերկ կրծքին արծաթե փոքր խաչ էր թռչկոտում, ատամները փայլում էին:
Դատարկ տունը կենդանացել էր: Գնչու տղան ինչ-որ բանով նման էր Տրոֆիմ Իվանիչին: Սոֆյան հանկարծ զգաց, որ ինքն էլ դեռ ողջ է, և ամեն բան դեռ կարող է փոխվել:
Հուզված, մտավ դիմացի եկեղեցին: Նա այդտեղ չէր եղել ինը հարյուր տասնութ թվից, երբ Տրոֆիմ Իվանիչը գործարանից այլոց հետ գնաց ռազմաճակատ: Ժամերգուն դեռ նույն փոքրամարմին, մամռակալած, ալեհեր քահանան էր: Երգեցողությունից օդը ջերմանում էր, սառույցը՝ հալչում, ասես ձմեռը նահանջելիս լիներ, առջևում՝ մթան մեջ, վառվող մոմեր կային:
Երբ վերադարձավ տուն, ուզում էր ամենը պատմել Տրոֆիմ Իվանիչին, բայց այդ ամենի ինչ լինելը այժմ արդեն ինքն էլ չգիտեր և միայն ասաց, որ գնացել էր եկեղեցի: Տրոֆիմ Իվանիչը սկսեց ծիծաղել.
-Հին եկեղեցի ես գնում: Գոնե Կենդանի եկեղեցու տերտերի մոտ գնայիր, դրանց Աստվածը գոնե վայ թե կուսակցական տոմսով է:
Նա Գանկային աչքով արեց: Աչքը կկոցած, առանց մորուքի նրա դեմքը նման էր այն գնչու տղեկի դեմքին՝ չարաճճի, բազմատամ, ուրախ, ագահ: Գանկան նստած էր, դեմքը՝ շառագունած. հայացքը թաքցնում էր և սոսկ կանաչին տվող աչքի տակով թեթևակի խեթում էր Սոֆյային:
Այդ օրվանից Սոֆյան հաճախ էր լինում եկեղեցում, մինչև որ մի օր՝ պատարագին, իր մարդկանցով հայտնվեց Կենդանի եկեղեցու քահանան: Նա շեկ լողլողի մեկն էր` պոչատ փարաջայով. ասես ծպտյալ զինվոր լիներ: Ծեր, ալեհեր տերտերը սկսեց ճչալ՝ չե՛մ տա, չե՛մ տա,և կառչեց նրանից, երկուսով թավալգլոր հասան գավիթ, բազմության գլխավերևում իբրև դրոշներ՝ թափահարվող բռունցքներ նշմարվեցին: Սոֆյան հեռացավ ու այլևս չվերադարձավ այդտեղ: Նա սկսեց մեկնել Օխտա, որտեղ դեղնաճակատ կոշկակար Ֆյոդորը «երրորդ կտակարանն» էր քարոզում:
Այդ տարվա գարունն ուշացավ. Հոգեգալստյան օրը ծառերը դեռ նոր էին սկսել տերևակալել, բողբոջները աչքի համար աննկատ թրթռում էին ու պայթում: Երեկոն դյուրաբեկ էր, լուսավոր, ծիծեռները նետվում էին դես ու դեն: Կոշկակար Ֆյոդորը մոտալուտ Ահեղ դատաստանի քարոզն էր անում: Դեղին ճաղատն ի վար քրտինքի խոշոր կաթիլներ էին գլորվում, կապույտ խելահեղ աչքերը պսպղում էին այնպես, որ դրանցից հնարավոր չէր կտրվել:
-Ո՛չ, ամենևին էլ ո՛չ երկնքից, այլ այստեղի՛ց, ա՛յ այստեղից, ա՛յ այստեղից, – դողով բռնված՝ կոշկակարը հարվածեց իր կրծքին, հափռելով վրայից պոկեց սպիտակ շապիկը՝ մերկացնելով ճմռթված մարմինը:
Նա ճանկեց կուծքը՝ պատառ-պատառ անելու, ինչպես շապիկը. շնչահեղձ լինելով վերջին ձայնով մոլեգին չճաց ու ընկնավորի պես թրմփաց հատակին: Նրա կողքին երկու կին մնաց. բոլորը արագ ցրվեցին՝ ժողովը չավարտված:
Կոշկակարի խելահեղ աչքերից հույժ լարված, ինչպես բողբոջները՝ ծառերին, Սոֆյան վերադարձավ տուն: Դրսի դուռը կողպած էր, բանալին չկար: Սոֆյան նեղսրտեց. Տրոֆիմ Իվանիչն ու Գանկան գնացել էին ինչ-որ տեղ զբոսնելու և հավանաբար տուն կգան միայն տասնմեկի կողմերը (ինքն էր նրանց ասել, որ մինչև տասնմեկն իրեն չսպասեն): Չգնա՞ վերև ու մի քիչ նստի այնտեղ, մինչև վերադառնան:
Այժմ վերևի հարկում իր կառապան ամուսնու հետ ապրում էր Պելագեյան: Բաց լուսամուտից լսվում էր նրա ձայնը, որ երեխային ասում էր. «Աղո՜ւ-աղո՜ւ-աղունա՜կս: Այ այսպե՜ս, այ այսպե՜ս»: Չէ, հիմա այնտեղ գնալու և նրան ու երեխային տեսնելու սիրտ չուներ: Սոֆյան նստեց փայտե աստիճաններին: Արևը դեռ բարձր էր, երկինքը պսպղում էր կոշկակարի աչքերի պես: Ինչ-որ տեղից տաք սև հացի հոտ եկավ: Սոֆյան հիշեց՝ խոհանոցի լուսամուտի մղլակը ջարդված է, և Գանկան հավանաբար մոռացել է կապել փեղկերը. միշտ մոռանում էր: Ուրեմն կարելի է բացել ու մագլցել ներս:
Սոֆյան մի պտույտ տվեց: Ճիշտ որ, պատուհանի փեղկերը կապված չէին, Սոֆյան հեշտորեն բացեց ու սողոսկեց խոհանոց: Նա մտածեց՝ ով ասես կարող է ներս մտնել, իսկ գուցե և մտե՞լ է: Թվաց՝ հարևան սենյակում ինչ-որ շրշյուն եղավ: Սոֆյան կանգ առավ: Լուռ էր, միայն ժամացույցն էր տկտկում պատին, իր ներսում, ամենուր: Ինքն էլ չիմանալով՝ ինչու, ոտքերի թաթերի վրա ներս մտավ: Շորը փաթ ընկավ դռանը դեմ արած արդուկի տախտակին, տախտակը դղրդոցով ընկավ հատակին: Իսկույն էլ սենյակից բոբիկ ոտքերի թփթփոց լսվեց: Սոֆյան կամաց ախ քաշեց, հետ գնաց դեպի լուսամուտը, ուզեց դուրս ցատկել, օգնություն կանչել…
Բայց չհասցրեց ոչ մի բան անել. դռների մեջ երևաց Գանկան բոբիկ, մեն մի ճմռթված վարդագույն վերնաշապիկով: Սոֆյային տեսնելով՝ քարացավ, բերանն ու աչքերը կլորացրեց: Հետո ահաբեկված կատվի պես կծկվեց, ճչաց՝ Տրոֆի՛մ Իվանիչ, և նետվեց հետ՝ սենյակ:
Սոֆյան բարձրացրեց արդուկի տախտակը, հենեց տեղը և նստեց: Ձեռք ու ոտքը չէր զգում, միմիայն սիրտը, որ թռչնի նման թալկտում էր, թալկտում, թալկտում:
Հետո իսկույն ևեթ մտավ Տրոֆիմ Իվանիչը: Նա հագնված էր. Ըստ երևույթին չէր հանվել: Մինչև ծնկները ասես հողում թաղված, կարճոտն, մեծագլուխ, թիկնեղ կանգնեց խոհանոցի մեջտեղում:
-Այդ ինչպե՞ս… ո՞նց եղավ, որ էսօր շուտ վերադարձար, – ասաց Տրոֆիմ Իվանիչը, և ինքն էլ զարմացավ՝ ինչու ասաց, ինչպես լեզուն պտտվեց դա ասել:
Սոֆյան չէր լսում: Նրա շրթունքները ցնցվում էին, այդպես կաթի փրփուրն է սառչելիս թրթռում: «Աչքս քոռանար՝ չտեսնեի, Տե՛ր իմ, էս ի՞նչ էր», – առանց Տրոֆիմ Իվանիչին նայելու՝ դժվարությամբ արտասանում էր Սոֆյան: Տրոֆիմ Իվանիչը ամբողջովին խորշոմեց, իր ներսում՝ մի անկյունում, կուչ եկավ, մի րոպե այդպես մնաց կանգնած: Հետո հողից ոտքերն արմատով գջլեց ու գնաց սենյակ. Գանկան արդեն հագնվել ու կարճաճիտք կոշիկներով հատակն էր դոփում:
Աշխարհում ամեն բան գնում էր առաջվա պես, և պետք էր ապրել: Սոֆյան ընթրիքի պատրաստություն տեսավ: Ափսեները, ինչպես միշտ, մատուցում էր Գանկան: Երբ նա հացը բերեց, Տրոֆիմ Իվանիչը շուռ եկավ, գլխով դիպավ, հացն ընկավ ծնկներին: Գանկան քրքջաց: Սոֆյան նայեց նրան, երկուսի հայացքները բախվեցին իրար, և մի ակնթարթ զննեցին մեկմեկու բոլորովին նորովի: Սոֆյան զգում էր. իր ներսում՝ փորատակից, բոլորաձև, դանդաղ մի բան էր հորձանք տալիս, գնալով՝ ավելի տաք, ավելի արագ, վեր. նա սկսեց հեթեթալ: Այլևս Գանկայի դեղձան խոպոպին, շրթունքի սև խալին նայելու ուժ չուներ. պետք էր անհապաղ կոշկակար Ֆյոդորի պես ճչալ կամ մի բան անել: Սոֆյան հայացքն իջեցրեց: Գանկան քմծիծաղ տվեց: Ընթրիքից հետո Սոֆյան լվանում էր ափսեները, Գանկան կանգնել էր՝ սրբիչը ձեռքին, ու չորացնում էր: Դա վերջ չուներ և գուցե ամենադժվար բանն էր ողջ երեկոյի ընթացքում: Հետո Գանկան գնաց խոհանոց՝ քնելու: Սոֆյան սկսեց անկողինը բացել. ներսը ամեն բան վառվում էր, նա սրթսրթացնում էր: Տրոֆիմ Իվանիչը, երեսը շուռ տալով, նրան ասաց.
-Անկողինս գցի՛ր լուսամուտի մոտ՝ նստարանին:
Սոֆյան անկողինը բացեց: Գիշերը, երբ նա դադարեց շուռումուռ գալ, լսեց, թե ինչպես Տրոֆիմ Իվանիչը վեր կացավ ու գնաց խոհանոց՝ Գանկայի մոտ:

3
Լուսամուտի գոգին շուռ տված ապակե անոթ կար, որի մեջ, հայտնի չէ, թե ոնց, ճանճ էր ընկել: Ճանճն անոթը լքելու հնար չուներ, բայց, այդուհանդերձ, ամբողջ օրը սողում էր: Արևից անոթի մեջ ծույլ, մարմանդ, մեռյալ տոթ էր, և նույնպիսի տոթ էլ կախված էր ամբողջ Վասիլևյան կղզու վրա: Այնուամենայնիվ, Սոֆյան ողջ օրը ոտքի վրա ինչ-որ բան էր անում: Ցերեկը հաճախ սև ամպեր էին կուտակվում, ծանրանում, և ուր որ է գլխավերևում կանաչ ապակին պիտի ճայթեր, ու ճեղքերից վերջապես տեղատարափ անձրև շրմփար: Բայց ամպերը, անձայն սողալով, ճապաղվում էին, երեկոյան կողմ ապակին ավելի էր հաստանում, օդը դառնում էր էլ հեղձուկ ու խուլ: Ոչ ոք լուր չուներ, թե գիշերվա մեջ երեքը որքան տարբեր էին շնչում. մեկը՝ գլուխը բարձի մեջ թաղած, որպեսզի ոչ մի բան չլսի, երկուսը՝ սեղմած ատամների արանքից, տենչալի, տաք, ինչպես կաթսայի բոցամուղը:
Առավոտյան Տրոֆիմ Իվանիչը գնում էր գործարան: Գանկան արդեն ուսումն ավարտել էր, մնում էր տանը Սոֆյայի հետ, բայց Սոֆյայից շատ հեռու. թե՛ Գանկային, թե՛ Տրոֆիմ Իվանիչին, թե՛ շուրջը եղած ամեն բան Սոֆյան այժմ տեսնում ու լսում էր հեռավոր մի տեղից: Այնտեղից, շրթունքները պրկած, Գանկային ասում էր՝ խոհանոցն ավլի, կորեկաձավարը լվա, տաշեղ ճղոտիր: Գանկան ավլում էր, լվանում, ճղոտում: Սոֆյան լսում էր կացնի հարվածները, գիտեր, որ նա է՝ Գանկան, բայց դա նրա աչքից հեռու մի տեղում էր:
Գանկան միշտ տաշեղ էր ճղոտում՝ պպզած, կլոր ծնկները չռած: Մի անգամ, անիմանալիորեն, պատահեց, որ Սոֆյան տեսավ. տեսավ այդ ծնկներն ու ճակատին թեթևակի թեքված դեղձան խոպոպը: Նրա քունքերը տրոփեցին, երեսը հապճեպ շուռ տվեց ու առանց նայելու Գանկային ասաց.
-Ինքս կանեմ… դո՛ւրս եկ փողոց:
Գանկան, խոպոպը թափ տալով, ուրախ վազեց դուրս և տուն եկավ միայն կեսօրին մոտ՝ Տրոֆիմ Իվանիչի վերադարձից քիչ առաջ:
Նա սկսեց ամեն օր առավոտից տնից գնալ: Պելագեյան՝ վերևինը, մի օր Սոֆյային ասաց.
-Իսկ ձեր Գանկան տղաների հետ լքված տուն է վազ տալիս: Լավ կանեք՝ աչքներդ վրան պահեք, թե չէ չարաճճին գլխին մի օյին կբերի:
Սոֆյան մտածեց. «Պետք է Տրոֆիմ Իվանիչին այդ մասին…»: Բայց երբ Տրոֆիմ Իվանիչը եկավ, զգաց, որ Գանկա անունը բարձրաձայնել չի կարող: Նա Տրոֆիմ Իվանիչին ոչինչ էլ չասաց:
Ողջ ամառն անցավ այսպես՝ անկյանք, սմքած, հեղձուցիչ ցամաք ամպերով կիտված, և աշնան օրերն էլ նույնքան չորային էին: Մի կապույտ ու աշնանը ոչ հարիր տաք օր՝ առավոտյան, ծովից սկսեց քամի փչել: Փակ լուսամուտի հետևից Սոֆյան փափուկ, խուլ կրակոց լսեց, շուտով հետևեց մյուսը և երրորդը. հավանաբար Նևայի ջրերն էին բարձրանում: Սոֆյան մենակ էր. ո՛չ Գանկան կար, ո՛չ Տրոֆիմ Իվանիչը: Թնդանոթի թրխկոցը նորից փափուկ արձագանքեց լուսամուտի մեջ. ապակիները քամուց զրնգում էին: Վերևից աճապարանքով եկավ Պելագեյան, հևալով գոչեց.
– Սո՛ֆյա, դու ի՞նչ է, խելքդ թռցրե՞լ ես, նստել մնացել ես էստեղ. Նևան հունից դուրս եկավ, հիմա ամեն բան կխորտակի:
Սոֆյան նրա ետևից դուրս վազեց բակ: Սուլող քամին իսկույն կիպ պատատեց նրան: Նա ինչ-որ տեղ բացվող-փակվող դռների ձայն էր լսում, իսկ մի կնիկ գոչում էր. «Ճտերին, ճտերին հավաքի՛ր շուտ»: Գլխավերևում մի մեծ թռչուն, թևերը լայն բացած, արագ, քամու բերանն ընկած, շեղակի ինչ-որ տեղ թռավ: Սոֆյան հանկարծ թեթևություն զգաց, կարծես իր ուզածն էլ հենց դա էր, ահա այդպիսի՝ ամեն բան խորտակող, ավլող, ողողող քամի: Նա շրջվեց քամուն դիմահար, շրթունքները բացվեցին, քամին ներխուժեց ու երգեց բերանում, ատամները հաճելիորեն սրթսրթացին:
Պելագեյայի հետ Սոֆյան արագ վերև տարավ անկողինները, հագուստը, ուտելիքը, աթոռները: Խոհանոցն արդեն դատարկ էր, անկյունում լոկ զարդանկար ծաղիկներով սնդուկն էր մնացել:
-Իսկ սա՞, – հարցրեց Պելագեյան:
-Դա… նրանն է, – պատասխանեց Սոֆյան:
-Ո՞ւմը՝ նրանը: Գանկայի՞նը, հա՞: Բա էլ ինչո՞ւ ես թողնում, – Պելագեյան բարձրացրեց սնդուկը և ցցուն փորը թեթևակի տակը տալով՝ քարշ տվեց վերև:
Ժամը երկուսին մոտ քամին կոտրեց լուսամուտի ապակին: Պելագեյան վազեց բարձով փակելու, հանկարծ բարձրաձայն ոռնաց.
-Կորած ենք… տե՛ր Աստված, կորած ենք, – և հափշտակեց երեխայի ձեռքը:
Սոֆյան նայեց լուսամուտից դուրս և տեսավ. այնտեղ, ուր փողոցն էր, այժմ արագ հոսում էր կանաչ, քամուց վետվետող ջուրը. դանդաղ շուռումուռ գալով՝ լողում էր ինչ-որ մեկի սեղանը՝ վրան շեկ պուտերով սպիտակ կատու նստած: Կատվի բերանը բաց էր. հավանաբար մլավում էր: Առանց Գանկայի անունը տալու՝ Սոֆյան մտածեց նրա մասին. սիրտը ճմլվեց:
Պելագեյան վառարանն էր վառում: Նա նետվում էր վառարանից երեխայի մոտ, հետո՝ դեպի լուսամուտը, որտեղ կանգնած էր Սոֆյան: Դիմացի շենքում՝ առաջին հարկում, բաց օդանցք կար. երևում էր, թե ջուրն ինչպես է տարուբերում դրա բաց դռնակը: Ջուրն անընդհատ բարձրանում էր, հոսանքը տանում էր գերաններ, տախտակներ, խոտ, հետո մի կլոր բան արագ անցավ, թվաց՝ գլուխ է:
-Գուցե արդեն իմ Անդրեյն ու քո Տրոֆիմը…
Պելագեյան խոսքը չավարտեց, արցունքները գլորվեցին հորդ, անկաշկանդ, պարզ: Սոֆյան ինքն իր վրա զարմացավ. լինելո՞ւ բան է, որ կարծես նույնիսկ Տրոֆիմ Իվանիչին է մտահան արել և անընդհատ մտածում է միայն մեկի՝ նրա՝ Գանկայի մասին:
Միանգամից երկուսն էլ՝ և՛ Պելագեյան, և՛ Սոֆյան, բակից ձայներ լսեցին: Վազելով հասան խոհանոց՝ դեպի լուսամուտները: Ջրաբեր փայտերը բոթբոթելով՝ բակով նավակ էր լողում՝ մեջը կանգնած երկու հոգի և Տրոֆիմ Իվանիչը առանց գլխարկի: Հագին բամբակե անթևոցի վրայից կապույտ բլուզ կար, որը քամուց մի կողմից կիպ կպել, իսկ մյուս կողմից փքվել էր, և թվում էր, թե նրա մարմինը կեսից կոտրվել է: Այն երկուսը նրան ինչ-որ բան հարցրին, նավակը տան անկյունից թեքվեց, նավի հետևից, իրար բախվելով, լող տվին փայտերը:
Մինչև գոտկատեղը թաց՝ Տրոֆիմ Իվանիչը ներս վազեց խոհանոց. ջուրը վրայից հոսում էր, իսկ նա կարծես չէր էլ նկատում:
-Ո՞ւր է… ո՞ւր է նա, – հարցրեց Սոֆյային:
-Առավոտից գնացել է, – ասաց Սոֆյան:
Պելագեյան նունպես հասկացավ, թե խոսքն ում մասին է:
-Ախր ես Սոֆյային վաղուց եմ ասել… հրես, ուզածին հասավ, վայ թե լողում է հիմա՝ հոսանքի բերանն ընկած:
Տրոֆիմ Իվանիչը շրջվեց դեպի պատը և սկսեց մատը պատի վրայով տանել-բերել: Երկար կանգնեց այդպես. ջուրը վրայից հոսում էր, իսկ նա չէր էլ զգում:
Երեկոյան կողմ, երբ ջուրն արդեն հետ էր քաշվել, եկավ Պելագեյայի ամուսինը: Կախովի լամպի տակ նրա պինդ, հասուն ճաղատը փայլում էր. պատմում էր պորտֆելավոր մի պարոնի մասին, որը թևին տալով լողացել էր տան շքամուտք, և թե ինչպես էին օրիորդները վազում՝ փեշերն ավելի ու ավելի վեր քշտելով:
-Իսկ ջուրը շա՞տ մարդու քշեց, – հարցրեց Սոֆյան առանց նայելու:
-Ահավոր շատ, հազարներով, – աչքերը կկոցեց կառապանը:
Տրոֆիմ Իվանիչը ոտքի ելավ:
-Ես գնամ, – ասաց նա:
Բայց ոչ մի տեղ էլ չգնաց. դուռը բացվեց, շեմին կանգնել էր Գանկան: Թաց զգեստը կիպ գրկել էր նրա կուրծքը, ծնկները. ամբողջովին ճմռթված տեսք ուներ, բայց աչքերը փայլում էին: Տրոֆիմ Իվանիչը ժպտաց դժկամ, դանդաղ, սոսկ ատամներով: Նա մոտեցավ Գանկային, հափռեց ձեռքն ու տարավ խոհանոց՝ հետևից դուռը պինդ փակելով: Լսելի էր, թե նա ինչպես ատամների արանքից Գանկային ինչ-որ բան ասաց և սկսեց ծեծել նրան: Գանկան հեկեկում էր: Հետո դեմքը ջրով երկար ցայեցև սենյակ մտավ նորից զվարթ՝ խոպոպը ճակատին թափահարելով:
Պելագեյան նրան քնելու պառկեցրեց միջնորմի հետևի խորդանոցում, իսկ Տրոֆիմ Իվանիչի և Սոֆյայի համար անկողին բացեց խոհանոցում՝ նստարանին: Նրանք մնացին երկուսով: Տրոֆիմ Իվանիչը հանգցրեց լամպը: Լուսամուտը խամրեց, ամպե մետակ շապիկով լուսնյակը դողում էր: Սոֆյան ճերմակին տալով հանվեց, հետո՝ Տրոֆիմ Իվանիչը:
Սոֆյան պառկած մտածում էր լոկ մի բանի մասին. նա չնկատի իր դողը: Սոֆյան պառկած էր, բոյով մեկ ձգված՝ կարծես սառցե բարալիկ կճեպով պատված. նման դյուրաբեկ սառցե շապիկի մեջ լինում են ծառերի ճյուղերը աշնանը, առավոտ վաղ, և ճյուղերի առաջին իսկ շարժումից պատիճն այդ փշրվում է:
Տրոֆիմ Իվանիչը չէր շարժվում, ձայնը դուրս չէր գալիս: Բայց Սոֆյան գիտեր, որ նա քնած չէ. քնի մեջ նա ծծկեր երեխու պես միշտ չպպացնում էր: Եվ գիտեր, թե ինչու չի քնում. այստեղ կարելի չէր գնալ Գանկայի մոտ: Սոֆյան փակեց աչքերը, սեղմեց շրթունքները, իրեն՝ համակ, որպեսզի ոչ մի բանի մասին չմտածի:
Հանկարծ Տրոֆիմ Իվանիչը, կարծես մի բան որոշած, արագ շրջվեց դեպի Սոֆյան: Սոֆյայի երակներում արյունը մեկեն կանգ առավ, ոտքերը սառեցին. սպասում էր: Լուսամուտից անդին լուսինը, ծածկոցի մեջ փաթաթված, դողում էր մի րոպե, երկու: Տրոֆիմ Իվանիչը գլուխը թեթևակի բարձրացրեց, նայեց լուսամուտից, հետո զգուշորեն, որպեսզի Սոֆյային չդիպչի, նորից նրան թիկունք արեց:
Երբ նա վերջապես սկսեց համաչափ շնչել և քնի մեջ մանկան պես չպպացնել, Սոֆյան աչքերը բաց արեց: Հուշիկ խոնարհվեց Տրոֆիմ Իվանիչի վրա, բոլորովին մոտիկ, այնքան, որ տեսավ մի երկար սև մազ, որ հոնքերից իջնում էր ուղիղ աչքի մեջ: Տրոֆիմ Իվանիչը շրթունքները շարժեց: Սոֆյան նայում էր. նա արդեն խորթ էր, սոսկ խղճմտանք էր հարուցում: Սոֆյան ձեռքը մեկնեց և իսկույն էլ հետ քաշեց. ուզում էր նրան շոյել, ինչպես երեխայի, բայց չկարողացավ. չհամարձակվեց…
Այդպես էր ամեն գիշեր, երեք շաբաթ, քանի դեռ ներքևի բնակարանը չորանում էր: Ամեն առավոտ՝ գործարան գնալուց առաջ, Տրոֆիմ Իվանիչը կես ժամով իջնում էր այնտեղ, ինչ-որ բան էր կարգավորում: Մի օր այնտեղից վերադարձավ ուրախ, կատակեց Պելագեյայի հետ, բայց Սոֆյան տեսավ, թե նրա աչքերն ինչպես էին հետևում Գանկային. Գանկան կռացած ավլում էր սենյակը: Գնալիս Տրոֆիմ Իվանիչը Սոֆյային ասաց.
-Դե, ժամանակն է, տեղափոխվի՛ր ներքև. ամեն բան պատրաստ է:
Եվ հետո՝ Գանկային.
-Վառարանները լա՛վ վառիր, փայտ չխնայես, որ երեկոյան արդեն տաք լինի:
Սոֆյան հասկացավ՝ ոչ թե երեկոյան, այլ գիշերը: Նա ոչինչ չասաց, աչքերը չբարձրացրեց, միայն շրթունքներն էին թեթևակի ցնցվում, ինչպես կաթի երեսին արդեն սառած փրփուրը:

4.
Կառապանը՝ Պելագեյայի ամուսինը, այժմ արդեն մեկնում էր կեսօրից հետո. մինչև գնալը նա Սոֆյայի և Գանկայի հետ արագ ամեն ինչ կրեց ներքև:
-Հիմա ի՞նչ, քեզ հնամուտի՞ առթիվ շնորհավորենք, – ասաց նա Սոֆյային:
Արագ, մի քանի թափահարումով, ինչպես մեծ թռչուն, Սոֆյայի հայացքը թևածեց սենյակում: Ամեն բան իր նախկին տեղում էր՝ աթոռները, փայլատ հայելին, պատի ժամացույցը, մահճակալը, որտեղ Սոֆյան գիշերները դարձյալ լինելու է մենակ: Վերևում եղածը նրան երանություն թվաց. այնտեղ ինքը գիշերները լսում էր նրա շնչառությունը, նա նրա՝ այն մյուսի հետ չէր, նա ոչ մեկինն էր, իսկ այժմ՝ այ այսօր, այսօր ևեթ…
Գանկան չկար. գնացել էր փայտ բերելու: Սոֆյան կանգնել էր՝ ճակատը լուսամուտին հենած: Ապակին զրնգում էր, քամին՝ ոռնում, գորշ, քաղաքային, ցածր քարե ամպեր էին սլանում. կարծես նույն հեղձուցիչ, ամբողջ ամռան ընթացքում գոնե մի անգամ չանձրևած սև ամպերը նորից վերադարձած լինեին: Սոֆյան զգաց. այդ սև թուխպը քարե ծանրությամբ արդեն մի ամիս հենց իր ներսում է կուտակվում,և չխեղդվելու համար պետք էր մի բան ջարդուփշուր անել կամ փախչել կամ գոռալ այնպես, ինչպես այն ժամանակ կոշկակարը՝ Ահեղ Դատաստանի մասին:
Սոֆյան լսեց. ներս մտավ Գանկան, փայտը պարկից թափեց հատակին, հետո սկսեց տեղավորել վառարանի մեջ: Լուսամուտը ցնցվեց. կարծես սրտի զարկ լիներ: Թնդանոթն էր, քամին նորից քշում էր ջուրը, ջուրը պրկում էր Նևայի կապույտ երակները: Սոֆյան կանգնած էր նույն դիրքով՝ սիրտ չանելով նայել շուրջը, որպեսզի Գանկան աչքովը չընկնի:
Հանկարծ Գանկան ցածրաձայն, քթի մեջ սկսեց երգել. առաջ նման բան երբեք չէր եղել: Սոֆյան ետ նայեց: Տեսավ՝ կացինը մի կողմ թողած՝ Գանկան պպզել էր և դանակով փայտն էր ծղանում. կլորիկ, չռած ծնկները շորի տակ ցնցվում էին, իսկ ճակատին՝ խոպոպը: Սոֆյան ուզում էր հայացքը կտրել, բայց չէր կարողանում: Դանդաղ, դժվար, ինչպես ափից ճոպանով հոսանքին հակառակ քաշվող բեռնանավ (ցնցվող ճոպանը ուր որ է կկտրվի), Սոֆյան մոտեցավ Գանկային: Աշխատելուց Գանկան լրիվ շառագունել էր. Սոֆյային պարուրեց նրա քրտինքի տաք, քաղցրալիր հոտը. հավանաբար գիշերը նրանից հենց այդպիսի հոտ էր գալիս:
Եվ հենց այդ հոտը ներս առավ, ներքևից՝ փորատակից, մի բան հորձանք տվեց, սրտի միջով անզուսպ ծփանքով թափվեց, ողողեց ամենը: Նա ուզում էր ինչ-որ բանից կառչել, բայց քշվում էր, ինչպես այն ժամանակ փողոցով՝ փայտերը և կատուն՝ սեղանի վրա: Առանց մտածելու, ալիքով քշված, նա, ինքն էլ չիմանալով՝ ինչու, հատակից վերցրեց կացինը: Թնդանոթի հսկայական սիրտը մի անգամ էլ զարկեց լուսամուտին. Սոֆյայի աչքերը տեսան ձեռքում բռնած կացինը: «Տե՛ր, տե՛ր Աստված, էս ի՞նչ եմ անում», – հուսակտուր ճչած ներսում մի Սոֆյան, իսկ մյուսը նույն վայրկյանին կացնի գլխով հարվածեց Գանկայի քունքին՝ խոպոպին:
Գանկան նույնիսկ չճչաց. միայն գլուխն ընկավ ծնկների արանքը, այնուհետև պպզած վիճակից փափուկ ընկավ կողքի վրա: Սոֆյան ագահաբար, արագ մի քանի անգամ էլ կացնի բերանով հարվածեց գլխին, արյունը հորդեց վառարանի առջևի թիթեղի վրա: Եվ այդ արյունը կարծես իր՝ Սոֆյայի ներսից հորդելիս լիներ. մեջը վերջապես ինչ-որ թարախապալար էր պայթել, այնտեղից ծորում, կաթկթում էր, ևամեն կաթիլի հետ իրեն ավելի թեթև էր զգում: Նա դեն նետեց կացինը, խորը, ազատ շունչ քաշեց, ասես երբեք այդպես ազատ չէր շնչել և հենց նոր առաջին անգամ օդ շնչեց: Ո՛չ վախ, ո՛չ ամոթ, միայն, ինչպես տևական տենդից հետո, մարմնով մեկ ինչ-որ թարմություն, թեթևություն զգաց:
Հետո այսպես եղավ. Սոֆյայի ձեռքերը, կարծես իրենից բոլորովին անկախ, մտածում ու անում էին պետք եղածը, իսկ ինքը, մի կողմ քաշված, երանավետ հանգստանում էր, և սոսկ երբեմնակի նրա աչքերը բացվում էին, նա սկսում էր տեսնել. ամեն ինչին նայում էր զարմացած:
Գանկայի՝ կերոսինով թրջված կոշիկները, դարչնագույն զգեստը, վերնաշապիկը արդեն վառվում էին վառարանում, իսկ ինքը, բոլորովին մերկ, վարդագույն, գաղջ, երեսնիվայր պառկած էր հատակին, և նրա վրայով անշտապ, վստահորեն ճանճ էր սողում: Սոֆյան տեսավ ճանճին, քշեց: Սոֆյայի իրեն օտար ձեռքերը մարմինը կացնով կիսեցին թեթև, հանգիստ, այլապես չէր կարողանա տանել: Այդ ընթացքում Սոֆյան մտածում էր, որ խոհանոցի նստարանին դրած կարտոֆիլը, որը Գանկան չէր հասցրել կլպել-վերջացնել, հարկավոր է ճաշի համար խաշել: Նա գնաց խոհանոց, կեռիկով դուռը փակեց, վառեց այնտեղի վառարանը:
Երբ վերադարձավ սենյակ, տեսավ, որ նոր, մարմարանման մոխրագույն մոմլաթը կոմոդից հանվել, երկու կես է արվել ու փռվել է հատակին: Սոֆյան զարմացավ. այդ ո՞վ է ճղել: Ինչո՞ւ: Բայց նույն պահին էլ հիշեց, մոմլաթը ներսից փռեց պարկի տակ, վրան դրեց վարդագույն մարմնի կեսը: Ճանճը դարձյալ նստում, կպչում էր նրա ձեռքերին, Սոֆյան քշում էր, ճանճը նորից էր նստում: Սոֆյան մի անգամ ճանճին տեսավ բոլորովին մոտիկից. ոտքերը սև կոճի թելի պես բարալիկ էին: Հետո ե՛ւ ճանճը, ե՛ւ մնացած ամեն բան չքացան. խոհանոցի դուռն էին ծեծում:
Սոֆյան ոտքերի թաթերի վրա մոտեցավ դռանը ու լռեց: Նորից էին թակում, գնալով ավելի ուժեղ: Սոֆյան նայում էր՝ ինչպես է հարվածից ցնցվում կեռիկը, նույնիսկ չէր նայում, այլ զգում էր. այժմ կեռը նրա մի մասնիկն էր, ինչպես աչքերը, սիրտը, նրա ակնթարթորեն սառած ոտքերը: Թվաց՝ դռան հետևից մի ծանոթ ձայն կանչեց՝ Սո՛ֆյա, նա լռում էր. ինչ-որ մեկի քայլերը իջնելով թփթփացրին աստիճանները: Սոֆյան շունչ քաշեց, նայեց լուսամուտից դուրս. Պելագեյան էր. քամին հետևից կիպ գրկել էր նրա զգեստը, և թվում էր՝ նա գնում է՝ ծնկները ծալած:
Նորից երկար ժամանակ միայն Սոֆյայի ձեռքերն էին, իսկ ինքը չկար: Հանկարծ տեսավ, որ կանգնած է առվի պռնկին, ջուրը մայրամուտի ցոլքից մանուշակագույնի բաց երանգ էր ստացել, և այնտեղ՝ առվի ապակե ջրի մեջ, ամբողջ աշխարհն էր՝ երկինքը, խելահեղ, արագասահ բաց մանուշակագույն ամպերը, իսկ իր թիկունքին՝ ծանր պարկ, և վերարկուի տակ՝ ձեռքին պահած մի բան. Սոֆյան չէր կարողանում հասկանալ, թե ինչ: Բայց ձեռքը հիշեց, որ դա բահ է, նորից ամեն բան դարձավ հեշտ ու հասարակ: Նա անցավ առուն, իրենից առանձնացած աչքերով նայեց շուրջը. մարդ-մուրդ չկար, Սմոլենսկյան դաշտում ինքը մենակ էր, արագորեն մթնում էր: Նա փոս փորեց և պարկում եղածը շուռ տվեց փոսի մեջ:
Երբ արդեն լրիվ մթնել էր, նա մի լիքը պարկ էլ բերեց, թաղեց և գնաց տուն: Ոտքի տակ հողը սև էր, խորդուբորդ, ուռուցիկ, քամին սառը, պիրկ սրբիչներով դաղում էր ոտքերը: Սոֆյան գայթում էր: Վար ընկավ, ձեռքն ընկավ ինչ-որ խոնավ բանի մեջ,և հետո գնաց այդպես՝ ձեռքը թաց՝ սիրտ չանելով սրբել: Հեռվում՝ հավանաբար առափին, իսկ գուցե բոլորովին մոտ, կրակ էր վառվում ու հանգչում. ինչ-որ մեկը քամու տակ ծխախոտ էր քաշում:
Տանը Սոֆյան արագ լվաց հատակը, ինքն էլ խոհանոցի գուշի մեջ լողացավ և, ինչպես Զատկին ընդառաջ խոստովանությունից հետո, թարմ շորեր հագավ: Փայտը, որ Գանկան նետել էր վառարանը, վաղուց վառվել էր, բայց վերջին կապույտ բոցերը դեռ վազվզում էին անկյուններով: Պարկը, մոմլաթը, մնացած ամբողջ աղբը Սոֆյան նետեց վառարանի մեջ: Կրակը բռնկվեց, ամենը վառվեց. այժմ սենյակում բոլորովին մաքուր էր: Վառվեց նաև Սոֆյայի ներսի ամբողջ աղբը. նրա ներսն էլ մաքրվեց ու խաղաղվեց:
Նստեց նստարանին: Ներսում բոլոր քարկապերը մեկեն թուլացան, քանդվեցին. նա հանկարծ զգաց, որ կյանքում դեռ այդքան հոգնած չկար: Գլուխը դրեց ձեռքերին, սեղանին և նույն վայրկյանին էլ քնեց լիարժեք, երջանիկ, համակ:

5.
Պատի ժամացույցի ճոճանակը տարուբերվում էր, ինչպես կատվի սևեռուն հայացքն իր վրա զգացած վանդակի թռչուն: Սոֆյան քնել էր: Քունը տևեց գուցե մի ժամ, գուցե սոսկ ճոճանակի մի ճոճքից մյուսը: Երբ գլուխը բարձրացրեց, նրա առջև կանգնել էր Տրոֆիմ Իվանիչը՝ոտքերը հողից աճած:
Նա նեղվում էր. շապիկի օձիքն արձակեց:
-Ո՞ւր է, – ասաց՝ կռանալով Սոֆյայի վրա:
Վրայից գինու հոտ էր գալիս, մարմնից գոլ, ծանր տոթ էր փչում:
-Ո՞ւր է Գանկան, – կրկին հարցրեց նա:
«Ո՞վ գիտի, թե հիմա որտեղ է նա», – մտածեց Սոֆյան և լսելի ասաց՝ չգիտեմ:
-Հա՜… չգիտե՜ս, – հեգնելով, դանդաղ ասաց Տրոֆիմ Իվանիչը. Սոֆյան բոլորովին մոտիկից տեսավ նրա աչքերը. կոպերը քշտված էին, ինչպես շրթունքները՝ ատամները ցուցանելիս:
Նա երբեք իրեն չէր ծեծել, իսկ այժմ թվաց՝ այ հիմա կխփի: Բայց նա միայն նայեց Սոֆյային և շրջվեց. եթե խփեր, գուցե թեթևանար:
Նստեցին ճաշելու: Սոֆյան մենակ էր. զգում էր, որ նա իրեն չի տեսնում, տեսնում է ոչ իրեն: Տրոֆիմ Իվանիչը ֆռթացրեց քրչիկն ու հապաղեց՝ գդալը բռունցքի մեջ պինդ սեղմած: Հանկարծ սկսեց հեթեթալ և բռունցքով թրխկացրեց սեղանին. կաղամբը գդալից թռավ ծնկներին: Նա վերցրեց կաղամբն ու չգիտեր ուր դնել. սփռոցը մաքուր էր, նա՝ ծիծաղելի, շփոթված:Կաղամբը ձեռքին պահած՝ նման էր երեխու, այն գնչու տղային, որին Սոֆյան տեսել էր լքված տանը: Խղճահարությունից Սոֆյան փափկեց, իր ափսեն դրեց Տրոֆիմ Իվանիչի առջև: Նա, առանց նայելու, կաղամբը նետեց ափսեի մեջ ու ոտքի ելավ:
Երբ վերադարձավ, ձեռքին մի շիշ մադերա կար: Սոֆյան հասկացավ, որ նա գինին գնել էր Գանկայի համար, և սիրտն իսկույն ևեթ սրթսրթաց. նորից նստել էր մենակ: Տրոֆիմ Իվանիչը լցնում էր ու խմում:
Ճաշելուց հետո նա լոււռ մոտ քաշեց լամպը և թերթն առավ ձեռքը, բայց Սոֆյան տեսավ, որ նա կարդում է միևնույն տողը: Տեսավ, թե թերթն ինչպես ցնցվեց, երբ նախամուտքում հատակի տախտակները ճռճռացին… Չէ, ներս եկող չեղավ, քայլերը բարձրացան վերևի հարկ: Նորից լռություն տիրեց, միայն պատի ժամացույցի ճոճանակն էր վանդակի թռչնի նման տարուբերվում: Լսվում էր, թե ինչպես են վերևում ինչ-որ ծանր բան տեղաշարժում. այնտեղ հավանաբար արդեն պառկում էին քնելու:
Գանկան չկար ու չկար: Տրոֆիմ Իվանիչը Սոֆյայի կողքով գնաց հանդերձարան, գտավ գլխարկը, հապաղեց, հետո գլխարկը գլխից այնպես խլեց, կարծես ուզում էր գլխարկի հետ նաև գլուխը պոկել, որպեսզի այլևս չմտածի, և պառկեց նստարանին՝ դեմքը պատին արած:
-Կա՛ց, թող անկողինդ գցեմ, – ասաց Սոֆյան:
Նա ոտքի ելավ, նայեց. հայացքը՝ որպես միջանցիկ քամի, անցավ Սոֆյայի միջով:
Սոֆյան անկողինը բացեց, մոտեցավ դռանը, որպեսզի կեռը գցի, ձեռքն արդեն մեկնել էր և կանգ առավ. իսկ հանկարծ ու Տրոֆիմ Իվանիչը հարցնի, թե ինքը որտեղի՛ց գիտի, որ Գանկան չի վերադառնալու: Չէր կարելի, բայց, այնուամենայնիվ, Սոֆյան հետ նայեց: Տեսավ՝ Տրոֆիմ Իվանիչը հետևում է իրեն, իր՝ մեկնած ու կեռին ձեռք տալ չհամարձակվող ձեռքին:
-Հը՛, էդ ինչո՞ւ կանգ առար, – հարցրեց նա ու ծուռ՝ բերանի կեսով, քմծիծաղ տվեց: «Ամեն բան գիտի…», – մտածեց Սոֆյան. նրա հայացքի առաջ ժամացույցի ճոճանակը մի անգամ ճոճվեց ու քարացավ: Տրոֆիմ Իվանիչի արյունը լուռ, դանդաղ բորբոքվում էր. նա իրենից դեն հրեց սեղանը. Սոֆյայի մեջ՝ ներսում, մի բան տապալվեց: Այ հիմա՝ հենց այս պահին, նա ամեն ինչ կասի…
Ոտքերը հողից դժվար քաշելով՝ նա շարժվեց դեպի Սոֆյան. ճակատի երակը փքվել էր, ինչպես Նևան:
-Հը՛, ի՞նչ ես կանգնել, – գոռաց նա. սենյակում ամեն բան լռկվեց, – կողպի՛ր: Թող որտեղ ուզում է, ում մոտ ուզում է գիշերի՝ փողոցում, չափարի տակ, շների հետ: Կողպի՛ր, լսո՞ւմ ես:
-Ո՞նց թե, ո՞նց թե, – դեռ չհավատալով՝ ասաց Սոֆյան:
-Էդպե՛ս, – կտրեց Տրոֆիմ Իվանիչը և շրջվեց:
Սոֆյան կեռն անցկացրեց:
Նա վերմակի տակ դեռ երկար դողում էր, երբ վերջապես տաքացավ, հավատաց, որ Տրոֆիմ Իվանիչը չի կարող իմանալ, չգիտի: Նրա գլխավերևում ժամացույցը տևական ու զիլ կտցահարում էր պատը: Նստարանին քնած Տրոֆիմ Իվանիչը շուռ եկավ, սեղմած ատամների արանքով ագահորեն շնչեց, մինչդեռ Սոֆյային թվում էր, թե նա բառերով, բարձրաձայն, լսելի խոսում էր կատարվածի մասին: Նրա աչքին երևացած ատելի դեղձան խոպոպը հենց նույն պահին էլ չքացավ. Սոֆյան հիշեց, որ խոպոպն այդ չկա ու այլևս երբեք չի լինելու: «Փառք Աստծուն…, – ասաց նա ինքն իրեն և իսկույն էլ ուշքի եկավ,-ի՞նչ, փառք Աստծո՞ւն: Տե՛ր Աստված»:
Տրոֆիմ Իվանիչը նորից շուռ եկավ: Սոֆյան մտածեց՝ բայց չէ՞ որ նա նույնպես չկա՝ Տրոֆիմ Իվանիչը, և երբեք էլ չի լինելու, ինքը դատապարտված է քամու բերանն ընկած միայնակ կյանքի, և ուրեմն հանուն ինչի՞ էր… Դժվար, աստիճանաբար նա սկսեց օդ ներս առնել, այնպես էր շնչում, ասես պարանով քար բարձրացնելիս լիներ: Ամենավերևում քարն այդ գահավիժեց. Սոֆյան զգաց, որ շունչը տեղը եկավ: Արտաշնչեց ու սկսեց դանդաղ ընկղմվել քնի մեջ, ինչպես կսուզվեր խոր, տաք ջրիմեջ:
Երբ արդեն մինչև վերջ սուզվել էր, տախտակե հատակին բոբիկ ոտքերի թմփթմփոց լսեց: Նա ցնցվեց ու իսկույն ևեթ վեր լողաց: Այնտեղ հատակի փայտերը ճռճռում էին. Տրոֆիմ Իվանիչը զգուշորեն ինչ-որ տեղ էր գնում: Նա այդպես գիշերները գնում էր խոհանոց՝ Գանկայի մոտ, իսկ Սոֆյան միշտ կուչ էր գալիս, որպեսզի չխեղդվի, չգոռա. հիմա էլ պրկվեց: Հասկացավ. Տրոֆիմ Իվանիչի սիրտը քաշում էր այնտեղ. խոհանոցում նա հիմա միգուցե կհափշտակի, պինդ կգրկի Գանկայի բարձը կամ նրա թափուր անկողնու առաջ պարզապես կկանգնի …
Հատակի տախտակները ճռճռում էին, հետո ճռռոցը դադարեց: Տրոֆիմ Իվանիչը կանգ առավ: Սոֆյան աչքերը կիսով չափ բացեց. Տրոֆիմ Իվանիչը, սպիտակին տալով, կանգնել էր կեսճանապարհին` նստարանի և իր՝ Սոֆյայի մահճակալի միջև: Հանկարծ Սոֆյան գլխի ընկավ, որ նա ոչ թե խոհանոց է գնում, այլ գալիս է իր մոտ. ի՛ր: Նրա մեջ ջերմություն հորձանք տվեց, համակվեց տենդով, ատամները սկսեցին իրար զարկվել. կուչ եկավ:
-Սո՛ֆյա…, – կամաց ասաց Տրոֆիմ Իվանիչը և հետո՝ է՛լ կամացուկ՝ Սո՛ֆյա:
Սոֆյան ճանաչեց նրա իրեն ծանոթ, յուրահատուկ, գիշերային ձայնը, սիրտը ճյուղից պոկվեց և տատանուտ պտույտներ տալով՝ թռչնավարի գահավիժեց: Ոչ մտովի, բայց ծնկների, մարմնի ծալքերում ցավելու աստիճան սեղմված մի այլ բանով Սոֆյան մտածեց, որ նրա համար ավելի հեշտ կլինի, եթե ինքը չարձագանքի, և պառկել էր շունչը պահած, լուռ:
Տրոֆիմ Իվանիչը կռացավ. նրա շնչառությունը Սոֆյան զգաց մոտիկից. հավանաբար իրեն էր նայում: Սոսկ մի վայրկյան տևեց, բայց Սոֆյան վախենում էր, որ չի դիմանա. նա անձայն գոչեց՝ Տե՛ր, Տե՛ր Աստված: Վերևում, հազար-հազար վերստ անդին, ուր հիմա սև ամպերն էին սլանում, խելահեղ, հազիվ լսելի ծիծաղեց Պելագեյան: Մի տաք, չոր ձեռք հպվեց Սոֆյայի ոտքերին. նա դանդաղ զատեց շրթունքները, իր եղած-չեղածով մինչև հատակը բացվեց ամուսնու առաջ. կյանքում առաջին անգամ: Նա այնպես պինդ գրկեց, կարծես ուզում էր նրա՝ այն ուրիշի նկատմամբ անհագ չարությունը թափել Սոֆյայի վրա: Սոֆյան լսեց նրա ատամների ճռճռոցը և թե ինչպես վերևում Պելագեյան նորից շշուկով ծիծաղեց. էլ ուրիշ բան չմտապահեց:

6.
Առավոտյան սառնամանիք էր, լուսամուտի ապակիները ասես նաբաթից լինեին, արևի կապտադեղին ցոլքը սողում էր սպիտակ պատի վրայով: Սոֆյան դուրս եկավ բակ: Գիշերվա ընթացքում ամեն բան խաղաղվել էր, առավոտն անդորր էր, պարզ, ծուխը՝ ուղղաձիգ ու վարդագույն, բարձրանում էր երկինք:
Պելագեյան բակում էր: Նա Սոֆյային ասաց.
-Ձեր Գանկան ոնց որ թե փախել է, հա՞: Դե եկ ու դրա նմաններին տիրություն արա: Սոֆյան այդ առավոտվանից նրան նայեց թեթև, շիտակ դարձած հայացքով, փորձեց մտաբերել երեկվա եղածը, չկարողացավ. շատ էր հեռու այդ ամենը, ամենայն հավանականությամբ իսկի չէր էլ եղել: Պելագեյան պատմեց, որ գործարան գալուց առաջ Տրոֆիմ Իվանիչը մտել է իրենց տուն ու հարցրել, թե Գանկային չեն տեսել արդյոք: Սոֆյան ինքն իրեն ծիծաղեց:
-Ի՞նչ կա, – զարմացավ Պելագեյան:
-Հե՛չ…, – ասաց Սոֆյան. նա նայում էր ուղղաձիգ, վարդագույն ծխին. ճիշտ այդպիսի ծուխ տեսել էր իր գյուղում, որտեղից Տրոֆիմ Իվանիչը իրեն կնության էր տարել: Այնտեղ այժմ հավանաբար կաղամբ են կտրատում, կոթերը՝ սառնավուն, սպիտակ, խրթխրթան: Նրան թվաց, որ այդ ամենը երեկ էր, և ինքն էլ այնպիսին է, ինչպիսին երբ կաղամբի կոթ էր ուտում:
Գործարանից վերադառնալով՝ Տրոֆիմ Իվանիչը միայն հարցրեց՝հը՞, չկա՞: Սոֆյան արդեն գիտեր, թե ինչ է հարցնում. նա հանգիստ ասաց՝ չէ՛: Տրոֆիմ Իվանիչը ճաշեց և ինչ-որ տեղ գնաց: Վերադարձավ ուշ՝ մռայլված. հավանաբար ամենուր փնտրել էր, բոլորին հարցուփորձ էր արել: Գիշերը նա նորից եկավ Սոֆյայի մոտ դարձյալ լռելյայն, չարացած, ինչպես երեկ:
Հաջորդ օրը Տրոֆիմ Իվանիչը Գանկայի մասին հայտնեց միլիցիային: Սոֆյային, Պելագեյայինամուսնու հետ, հարևաններին կանչեցին այնտեղ: Սեղանի հետևը մի ջահել տղա էր նստած՝ կեպիով, քթին առանց շրջանակ իսկական քթակնոց, թռչնանման դեմք ուներ պեպենոտ, իսկ սեղանին՝ թղթերի տակ, սև պաքսիմատներ կային: Բոլորը նրան միևնույն բանն էին ասում. Գանկային տեսել են ինչ-որ տղերքի հետ զբոսնելիս, որոնք նավահանգստից չէին, այլ Պետերբուրգի կողմերից եկվորներ: Պելագեյան հիշեց,որ Գանկան մի անգամ ասել էր, թե ինքն այստեղից ձանձրացել է, թե կհեռանա: Կեպիով տղան գրառում էր: Սոֆյան նայեց պեպենոտ դեմքին, քթակնոցին, պաքսիմատներին և խղճաց նրան:
Տուն վերադառնալիս Սոֆյան Տրոֆիմ Իվանիչին խնդրեց նոր կացին գնել. հինը հավանաբար գողացել են, իսկ գուցե և ինչ-որ բանի հետևն է ընկել. գտնել չի լինում: Գանկայի մասին Սոֆյան այլևս չէր մտածում: Տրոֆիմ Իվանիչն էլ նրա մասին այլևս ոչ մի բառ չէր խոսում: Միայն երբեմն նստում էր՝ անվերջ նայելով թերթի միևնույն տողին, և Սոֆյան գիտեր, թե նա ինչի մասին է լռում: Դարձյալ լռելյայն նա ածխե գնչուական սև աչքերը բարձրացնում էր Սոֆյայի վրա, ծանր, լուռ հետևում էր նրան. Սոֆյան սահմռկում էր. գուցե ամեն բան գիտի ու հիմա մի այնպիսի բան կասի, բայց ոչ մի բան էլ չէր ասում:
Օրերը դարձյալ պարզ էին, ճռթճռթան և գնալով սոսկ կարճանում էին, կարծես ուր որ է, եթե ոչ այսօր, ապա վաղը, վերջին անգամ կրակի պես կբռնկվեն,և կմթնի, ամեն բան կվերջանա: Վաղը գալիս էր, իսկ վերջը դեռ չէր երևում: Եվ, այնուամենայնիվ, Սոֆյայի հետ ինչ-որ ձախավեր բաներ սկսվեցին կատարվել: Նա չքնեց մի գիշեր, հաջորդ գիշերը և երրորդը, աչքերի տակը սևացել էր, փոս ընկել: Այդպես գարնանը ձյունն է փայլատվում, սմքում, փուլ գալիս,և տակից հանկարծ երևում է հողը, բայց դեռ գարնան հոտ էլ չի գալիս:
Երեկոյան Սոֆյան թիթեղե ձագարի միջով լամպը կերոսին էր լցնում: Տրոֆիմ Իվանիչը գոչեց.
-Զգո՛ւյշ, ուշադի՛ր, ախր ի՞նչ ես անում, թափվեց:
Միայն այդժամ Սոֆյան նկատեց, որ լամպն արդեն լիքն է, և կերոսինը հավանորեն վաղուց թափվում է սեղանին:
-Թափվեց…,-շփոթահար կրկնեց Սոֆյան. միշտ հուպ տված նրա շրթունքներն իրարից զատվել էին, ինչպես լինում էր գիշերը. նա նայեց ամուսնուն. Տրոֆիմ Իվանիչին թվաց՝ նա էլի ինչ-որ բան է ուզում ասել:
-Հը՛, ի՞նչ, – հարցրեց նա:
Սոֆյան շրջվեց:
– Ինչ-որ լո՞ւր կա Գանկայից, – լսեց նա սպիտակ գնչուական ատամների արանքից հնչող ձայնը:
Չպատասխանեց:
Երբ Սոֆյան ընթրիք էր մատուցում, շիլայով ափսեն ձեռքից վայր գցեց հատակին: Տրոֆիմ Իվանիչը բարձրացրեց գլուխը, տեսավ կնոջ մի տեսակ նոր, ձյան պես սմքած աչքերը և, նրան նայելով, իրեն վատ զգաց. դա նա չէր:
-Քեզ ի՞նչ է եղել, Սո՛ֆյա:
Եվ նա դարձյալ ոչինչ չասաց:
Գիշերը նա եկավ Սոֆյայի մոտ. այն երկու գիշերից հետո ոչ մի անգամ նրա հետ չէր եղել: Երբ Սոֆյան լսեց իրեն ծանոթ նրա գիշերային ձայնը`«Սո՛ֆյա, ասա՛, գիտեմ, ասելու բան ունես», էլ չդիմացավ. դիմանալու չէր, արցունքները հորդեցին: Դրանց տաքությունը Տրոֆիմ Իվանիչը իր այտի վրա զգաց, վախեցավ:
-Հը՞,ի՞նչ, ի՞նչ է պատահել: Արդեն միևնույն է, դե՛, ասա՛:
Այդժամ Սոֆյան ասաց.
-Ես… երեխով եմ…:
Դա եղավ մթան մեջ. չէր երևում: Տրոֆիմ Իվանիչը չոր, տաք ձեռքը սահեցրեց նրա դեմքի վրայով, որպեսզի նաև տեսնի. դողացող մատներով զգաց, որ Սոֆյայի շուրթերը լայնորեն բաց ժպտում են: Նա սոսկ ասաց.
-Սո-ոֆ-կա՜:
Այդպես նա կնոջը չէր կոչել վաղուց՝ մի տասը տարի: Սոֆյան երանավետ, լիաթոք ծիծաղեց:
-Ախր էդ ե՞րբ եղավ,- հարցրեց Տրոֆիմ Իվանիչը:
Դա եղել էր Գանկայի կորչելուց հետո՝ այն երկու օրերից մեկում:
-Հիշո՞ւմ ես, վերևում Պելագեյան… Ես դեռ այն ժամանակ մտածեցի, որ ես էլ նրա պես կունենամ… Չէ, խաբում եմ. այն ժամանակ մտքովս չէր անցնում, այդ հիմա է, որ… Ախր ես հիմա էլ չեմ հավատում… Չէ, հավատո՛ւմ եմ, – նա շփոթվեց, արցունքները հոսում էին հեշտ, ինչպես հալոցքի առուները հողի վրայով:
Տրոֆիմ Իվանիչը ձեռքը դրեց նրա փորին, զգուշորեն, վախվորած սահեցրեց վարից վեր: Փորը կլոր էր, ինչպես հողագունդը: Հողում խոր, աչքից ծածուկ, պառկած էր Գանկան, և հողում, աչքից ծածուկ, ցորենն էր ծիլ տալիս: Գիշեր էր, հետո նորից ցերեկ եղավ, ու եղավ երեկո:
Երեկոյան Տրոֆիմ Իվանիչը ճաշի համար մի շիշ մադերա բերեց: Ճիշտ այդպիսի շիշ Սոֆյան մի անգամ արդեն տեսել էր. լավ կաներ, եթե այժմ մեկ այլ բան բերած լիներ: Սոֆյան սա նույնիսկ չմտածեց էլ, այլ հենց այնպես՝ առանց ներս գցելու. նրա ամբողջ մարմինը ժպտում էր, բերնեբերան լիացած էր և այլևս ոչ մի բանի համար տեղ չուներ: Նա միայն վախենում էր, որ օրերը գնալով կարճանում են, ուր որ է լրիվ կվառվեն, և այդժամ՝ վերջ. հարկավոր է շտապել, մինչ այդ դեռ պիտի հասցնի մի բան ասել կամ անել:
Մի անգամ Տրոֆիմ Իվանիչը սովորականից ուշ տուն եկավ: Կանգ առավ շեմքին՝ թիկնեղ, ոտքերը հողում պիդ արմատակալած, դեմքին ածխափոշի: Նա Սոֆյային ասաց.
-Հըմ, նորից էին կանչել:
Սոֆյան միանգամից հասկացավ՝ ուր և ինչու. նրա ներսում ճոճանակը կանգ առավ և բաց թողեց մեկ, երկու, երեք զարկ:
-Ե՞վ, – հարցրեց նա Տրոֆիմ Իվանիչին:
-Հեչ, ասացին՝ գործն ավարտված է, չգտանք: Սիրեկանի հետ ինչ-որ տեղ է մեկնել. մեկնել՝ մեկնել է, սատանան իր հետ. միայն թե նորից չհայտնվի…
Սոֆյայի սիրտը ժրեց. դեռ վերջը չէր:
Եվ իսկույն էլ նրա մեջ՝ սրտից մի քիչ ցած, կարծես մի սիրտ էլ տրոփեց, լցվեց կյանքով: Նա բարձրաձայն ախ քաշեց, բռնեց փորը:
-Քեզ ի՞նչ եղավ, – վազեց Տրոֆիմ Իվանիչը:
-Նա… շարժվում է…, – հազիվ ասաց Սոֆյան:
Տրոֆիմ Իվանիչը գլուխը թոթվեց, վերցրեց Սոֆյային, բարձրացրեց վեր. թռչնի նման թեթև էր:
-Իջեցրո՛ւ, – ասաց նա:
Տրոֆիմ Իվանիչը նրան դրեց հատակին, իսկ ատամները՝ իբրև հարմոնի ստեղներ, սպիտակին էին տալիս. նա ծիծաղեց միանգամից բոլոր ստեղներով: Գանկայից հետո դա առաջին անգամն էր, հավանաբար նա նույնպես հասկացավ: Սոֆյային ասաց.
-Այ թե ինչ կասեմ, Սո՛ֆյա, հիշի՛ր, եթե Գանկան այժմ հայտնվի, ես նրան…
Դուռը թակեցին, երկուսն էլ արագ շրջվեցին: Սոֆյան լսեց, թե Տրոֆիմ Իվանիչն ինչպես գրեթե բարձրաձայն մտածեց. «Գանկան է», և նույն բանն էլ իր մտքովն անցավ: Գիտեր, որ դա լինելու բան չէ, և, այնուամենայնիվ, մտածեց:
-Բացե՞մ, – հարցրեց Տրոֆիմ Իվանիչը:
-Բացի՛ր, – պատասխանեց Սոֆյան վախվորած ձայնով:
Տրոֆիմ Իվանիչը բացեց, ներս մտավ Պելագեյան՝ աղմկարար, հախուռն:
-Էդ ինչո՞ւ ես էդպես սփրթնել, – ասաց նա Սոֆյային: – Դու, եղնի՛կս, հիմա ավելի շատ պիտի ուտես:
Պելագեյան արդեն երկու անգամ ծննդաբերել էր, նա սկսեց այդ մասին խոսել Սոֆյայի հետ, նորից Սոֆյայի ամբողջ մարմինը սկսեց ժպտալ, նա մոռացավ Գանկային:
Գիշերը, երբ սուզվում էր քնի մեջ, հանկարծ, անհայտ պատճառով, նրա աչքին նորից երևաց Գանկան՝ իբր այդ գիշերվա հատակին մի տեղ պառկած: Սոֆյան ցնցվեց, բացեց աչքերը. առաստաղին լուսավոր բծեր էին թրթռում: Նա ականջ դրեց. դրսում քամի էր, լուսամուտի ապակին զրնգում էր. այդպես էր նաև այն օրը: Նա սկսեց վերհիշել, թե դա ինչպես ստացվեց, բայց որևէ բան չկարողացավ մտաբերել, երկար այդպես պառկած մնաց: Հետո, կարծես բոլորովին անպատեհ, առանձին, տեսավ հատակին փռած մի կտոր մարմարանման մոմլաթ և վարդագույն մեջքի վրայով սողացող ճանճ: Պարզորոշ երևում էին ճանճի ոտքերը՝ բարալիկ, ինպես սև կոճի թել: «Ո՞վ, էս ո՞վ է արել: Նա է արել, հենց նա,և այդ նա-ն ես եմ… Ահա, Տրոֆիմ Իվանիչը կողքիս է, ես երեխով եմ. և սա՞ էլ եմ ես»: Գլխի մազերը կենդանացան, նա հափշտակեց Տրոֆիմ Իվանիչի ուսը և սկսեց ցնցել նրան. հենց հիմա պետք է ասեր, որ նման բան չի եղել, որ դա ինքը չի արել:
-Ո՞վ է… Ո՞վ: Դո՞ւ, Սո՛ֆկա, – կոպերը հազիվ իրարից զատեց Տրոֆիմ Իվանիչը:
-Չէ, ես չեմ, ես չեմ…, – ճչաց Սոֆյան ու լռեց. հասկացավ, որ այլևս ոչինչ, ոչինչ ասել չի կարող. չի կարելի, և ինքը երբեք չի ասի, որովհետև…
-Տե՛ր Աստված… երանի թե շուտ ծնվեր, – ասաց բարձրաձայն:
Տրոֆիմ Իվանիչը ծիծաղեց.
-Այ քեզ հիմար: Կհասցնես: – Եվ շուտով նորից քնի մեջ սկսեց չպչպացնել:
Սոֆյան չքնեց: Նա գիշերներն այլևս չէր քնում: Ասենք, գիշեր գրեթե չէր էլ լինում, լուսամուտից դենը անվերջ ծփացող ծանր, ջինջ ջուրն էր, և ամառային ճանճերն էին անդադար բզզացնում:

7.
Առավոտյան՝ գործարան գնալուց առաջ, Տրոֆիմ Իվանիչը պատմեց, որ նախորդ օրը գործարանում թափանիվը փաթ է գցել յուղող բանվորին և երկար ժամանակ պտտել, իսկ երբ նրան հանել են, նա շոշափել է գլուխը, հարցրել՝ ո՞ւր է գլխարկս, և շունչը փչել:
Պատուհանների փեղկերը բացված էին դեպի դուրս. Սոֆյան փալասով սրբում էր ապակին ու մտածում յուղող բանվորի մասին, մահվան մասին, և թվաց՝ դա պիտի որ մայր մտնող արևի և նորեն բացվող օրվա պես հեշտ ու հասարակ մի բան լինի: Լուսամուտի վերնամասը սրբելու համար նա կանգնել էր նստարանին, և հենց այդ պահին թափանիվը բռնեց նրան, նա փալասը ձեռքից գցեց, ճչաց: Ձայնի վրա վազելով եկավ Պելագեյան. դա Սոֆյան դեռ հիշում էր,իսկ թե ինչ եղավ հետո, չէր հիշում. ամեն ինչ պտտվում էր, ամեն բան խույս տալիս. նա ճչում էր: Մի անգամ, չգիտես ինչու, պարզորոշ լսեց տրամվայի հեռավոր զանգը, բակում խաղացող երեխաների ձայները: Հետո ամենը միանգամից դադարեց, լռություն տիրեց, ինչպես արհեստական լճերում. Սոֆյան զգում էր՝ իրենից արյուն էր հոսում, հոսում: Այդպես հավանաբար նաև յուղող բանվորն է արնահոսել, երբ թափանիվից նրան վար են բերել:

-Ըհը, վերջ, – ասաց Պալեգեյան:
Դա վերջը չէր, բայց Սոֆյան գիտեր, որ վերջին քիչ է մնացել. հարկավոր էր շուտ անել, շուտ…
-Շուտ, – ասաց նա:
-Ի՞նչը շուտ, – հարցրեց Պելագեյայի ձայնը:
-Աղջնակին… ցույց տուր ինձ:
-Իսկ ի՞նչ գիտես, որ աղջիկ է,- զարմացավ Պելագեյան և ցույց տվեց Սոֆյայից կորզած կենդանի մսի կտորը: Փորի մոտ կուչ եկած ոտքերի պստլիկ մատերը շարժվում էին. Սոֆյան նայում էր, նայում:
-Հա, լավ, հրես, վերցրո՛ւ, – ասաց Պելագեյան, երեխային դրեց մահճակալին` Սոֆյայի մոտ, իսկ ինքը գնաց խոհանոց:
Սոֆյան կոճակներն արձակեց, երեխային մոտեցրեց կրծքին: Նա գիտեր, որ դա անում են միայն հաջորդ օրը, բայց սպասել չէր կարելի, պետք էր ամեն բան շուտ անել, շուտ: Երեխան խեղդվելով, անվարժ, կուրորեն սկսեց ծծել: Սոֆյան զգում էր իրենից արտահոսող տաք արցունքները, տաք կաթը. լրիվ բացվել ու հյութաքամ էր լինում. նա պառկած էր փաղաքուշ, երանավետ, խոնավ, վաստակած, ինչպես հողը. ողջ կյանքն ապրել էր՝ հանուն հենց այս մի րոպեի, ամենը հանուն դրա էր:
-Ես վազեմ վերև. որևէ բանի կարիք ունե՞ս, – հարցրեց Պելագեյան:
Սոֆյան լոկ շարժեց շրթունքները, բայց Պելագեյան հասկացավ, որ նա այլևս ոչ մի կարիք չունի:
Հետո Սոֆյան կարծես ննջում էր. վերմակի տակ շատ շոգ էր: Նա լսում էր տրամվայի զանգերը, տղաները բակում գոչում էին՝ բռնի՛ր դրան. ձայները գալիս էին շատ հեռվից ու թափանցում հաստ վերմակի միջով: «Էդ ո՞ւմ` նրան», – մտածեց Սոֆյան, բացեց աչքերը: Հեռվում՝ կարծես մյուս ափին, Տրոֆիմ Իվանիչը վառում էր լամպը. խիտ անձրև էր գալիս, անձրևից օրը մթնել էր, լամպը շատ պստլիկ էր, գնդասեղի չափ: Սոֆյան ստեղների հանգույն սպիտակ ատամներ տեսավ. հավանաբար Տրոֆիմ Իվանիչը ծիծաղում էր և իրեն ինչ-որ բան էր ասում, բայց չհասցրեց հասկանալ՝ ինչ. մի բան նրան քաշում էր դեպի հատակը:
Քնի միջից Սոֆյան անընդհատ զգում էր լամպը՝ պստլիկ, ինչպես գնդասեղ. լամպն այժմ արդեն իր ներսում էր` փորի մեջ մի տեղ: Տրոֆիմ Իվանիչը գիշերային ձայնով ասաց.
-Ախ դու… իմ Սոֆկա:
Լամպը սկսեց այնպես այրել, որ Սոֆյան ձայն տվեց Պելագեյային: Պելագեյան, մահճակալի մոտ նստած, ննջում էր. նա ձիու պես գլուխը ցնցեց:
-Լամպը…,- հազիվ, թլվատ արտասանեց Սոֆյան:
-Հանգցնե՞մ, – Պելագեյան նետվեց դեպի լամպը:
Այդժամ Սոֆյան լրիվ արթնացավ և Պելագեյային ասաց, որ փորի մեջ՝ հենց ամենաներքևում, այրվում է:
Լուսաբացին Տրոֆիմ Իվանիչը վազեց բժշկուհուն կանչելու: Սոֆյան ճանաչեց նրան. մահամերձ հյուսնին այցելած այն նույն փարթամ կրծքերով, քթակնոցով կինն էր: Բժշկուհին զննեց Սոֆյային.
-Լավ… Շատ լավ… Իսկ այստեղդ ցավո՞ւմ է: Եղավ,եղավ…
Հետո զվարթ, կճատաքիթ շրջվեց դեպի Տրոֆիմ Իվանիչը.
-Հը՛մ, հարկավոր է շուտ հիվանդանոց տանել:
Տրոֆիմ Իվանիչի ատամների փայլը խամրեց, ջլուտ արմունկով հենվեց Սոֆյայի մահճակալի սնարին:
-Ի՞նչ կա, – հարցրեց:
-Դեռ չգիտեմ: Նման է ծննդաբերական տենդի, – զվարթ ասաց բժշկուհին, գնաց խոհանոց` ձեռքերը լվանալու:
Սոֆյային բարձրացրին պատգարակի վրա և շուռ եկան դեպի դուռը: Լուսամուտը, պատի ժամացույցը, վառարանը, ամենը, ինչի հետ նա ապրել էր, անցան կողքով, կարծես շոգենավը ափից հեռանալիս լիներ,և ափին ամեն ծանոթ բան լողալով հեռանում էր: Պատի ժամացույցի ճոճանակը ճոճվում էր այս ու այն կողմ. հաջորդ պահին աչքից չքացավ: Սոֆյային թվաց, որ պետք է այստեղ՝ այս սենյակում, դեռ ինչ-որ բան անել վերջին անգամ: Երբ կառքի դռնակն արդեն բացվել էր, Սոֆյան հիշեց, որ… Կոճակներն արագ արձակելով՝ հանեց կուրծքը, բայց ոչ ոք չհասկացավ, թե նա ինչ է ուզում, սանիտարները ծիծաղեցին:
Որոշ ժամանակ անց լամպը նորից հայտնվեց, այժմ՝ վերևում՝ ճերմակ առաստաղի տակ: Սոֆյան տեսավ ճերմակ պատեր, մահճակալների մեջ՝ ճերմակ կանանց: Շատ մոտ՝ սպիտակի վրայով , սև կոճի թելի նման բարալիկ ոտքերով ճանճ էր սողում: Սոֆյան ճչաց և խույս տալով սկսեց մահճակալից ցած սողալ:
-Ո՞ւր: Ո՞ւր: Պառկե՛ք, – ասաց տածուհին, բարձրացրեց Սոֆյային:
Ճանճն այլևս չկար. Սոֆյան աչքերը հանգիստ փակեց:
Ներս եկավ Գանկան՝ փայտով լի պարկով: Պպզեց, ծնկները չռեց, նայեց Սոֆյային, քթի տակ ծիծաղեց, թափ տվեց ճակատի դեղձան խոպոպը: Սոֆյայի սիրտը լռվեց. նա կացնով հարվածեց նրան և բացեց աչքերը: Վրան խոնարհվող քթակնոց դրած կճատաքիթ դեմքի հաստ շրթունքներն ասում էին՝ եղավ,եղավ… քթակնոցը փայլում էր. Սոֆյան աչքերը կկոցեց: Իսկույն ևեթ ներս եկավ Գանկան` փայտով լի պարկով, պպզեց: Սոֆյան նրան կացնով կրկին հարվածեց, և նորից բժշկուհին, գլուխն օրորելով, ասաց՝ եղավ,եղավ… Գանկայի գլուխը կախ ընկավ ծնկների արանքը. Սոֆյան մի անգամ էլ խփեց:
-Եղավ,եղավ… լավ է, – ասաց բժշկուհին: – Ամուսինն այստե՞ղ է. կանչե՛ք շուտ:
-Շո՛ւտ, շո՛ւտ, – ճչաց Սոֆյան. նա հասկացավ, որ վերջ, որ ինքը մեռնում է,և պետք է հնարավորինս շտապել:
Տածուհին վազելով գնաց, դուռը շրխկացրեց: Շատ մոտ մի տեղ որոտաց թնդանոթը, մոլեգնած քամին ծեծում էր լուսամուտները:
-Հեղե՞ղ է, – հարցրեց Սոֆյան, լայն բացեց աչքերը:
-Հիմա՛, հիմա՛… Պառկե՛ք, – ասաց բժշկուհին:
Թնդանոթը որոտաց, քամին գվգվում էր ունկերում, ջուրը բարձրանում էր վեր ու վեր.հիմա կհեղեղի, կքշի ամեն ինչ. պետք է շտապել, շուտ… Երեկվա ծանոթ ցավը նրան երկատեց. Սոֆյան ոտքերը չռեց:
-Ծնել է պետք… շուտ, – նա հափռեց բժշկուհու թևքը:
-Հանգի՛ստ, հանգի՛ստ: Դուք արդեն ծնել եք, էլ ո՞ւմ:
Սոֆյան գիտեր՝ ում, բայց նրա անունը չէր կարողանում արտաբերել, ջուրը անընդհատ բարձրանում էր, պետք էր շուտ անել…
Գանկան, գլուխը կախ գցած, պպզել էր վառարանի կողքին, Տրոֆիմ Իվանիչը մոտեցավ նրան և իրենով փակեց: «Ե՛ս չեմ արել, ե՛ս չեմ արել», – ուզում էր ասել Սոֆյան. արդեն մի անգամ այդպես եղել էր: Նա մտաբերեց այդ գիշերը և իսկույն հասկացավ անելիքը, միտքը պարզվեց, հստակվեց: Նա վեր թռավ, մահճակալի վրա ծնկեց և Տրոֆիմ Իվանիչին նայելով՝ գոչեց.
-Այդ ե՛ս եմ արել, ե՛ս: Նա վառարանն էր վառում, ես նրան խփեցի կացնով…
-Նրա խելքը գլխին չէ… Ինքն էլ չգիտի… – սկսեց Տրոֆիմ Իվանիչը:
-Լռի՛ր, – ճչաց Սոֆյան, նա սսկվեց. Սոֆյայից վիթխարի ալիքներ էին ցայտումև ողողում Տրոֆիմ Իվանիչին, բոլորին. ամեն բան ակնթարթորեն լռեց, լոկ աչքեր էին շարժվում: -Ե՛ս եմ սպանել, – ծանր, հաստատուն ասաց Սոֆյան: – Ես նրան խփեցի կացնով: Նա ապրում էր մեր տանը, կենակցում էր ամուսնուս հետ, ես սպանեցի նրան և ուզում էի, որ ես…
-Նա գիտակից չէ, նա գիտակցությունը… կորցրել է,- Տրոֆիմ Իվանիչի շրթունքները ցնցվում էին, լեզուն կարկամել էր:
Սոֆյան վախեցավ, որ իրեն չեն հավատա. ի մի բերեց իր ներսում դեռ եղած ամեն բան, ճգնելով հիշեց ու ասաց.
-Չէ, իմ խելքը տեղն է: Ես հետո կացինը նետեցի վառարանի տակ. հիմա էլ այնտեղ է…
Շուրջբոլորը ճերմակ էր, շատ լուռ, ինչպես ձմռանը: Տրոֆիմ Իվանիչը լռում էր: Սոֆյան հասկացավ, որ իրեն հավատացել են: Նա դանդաղ, ինչպես թռչուն, պառկեց մահճակալին: Հիմա ամեն բան լավ էր, երանավետ, նա դատարկվել էր, ամբողջովին արտահոսել:
Առաջինը ուշքի եկավ Տրոֆիմ Իվանիչը: Նետվեց դեպի Սոֆյան, կառչեց մահճակալի սնարից, որպեսզի պահի նրան:
-Մեռա՛վ, – գոչեց նա:
Կանայք ցատկում էին անկողիններից, մոտ էին վազում, վիզները երկարացնում:
-Հեռացե՛ք, հեռացե՛ք, պառկե՛ք, – տածուհին ձեռքերը թափահարում էր նրանց վրա, բայց նրանք չէին գնում:
Բժշկուհին բարձրացրեց Սոֆյայի ձեռքը, պահեց իր ձեռքի մեջ, հետո ուրախ ասաց՝ քնած է:
Երեկոյան ճերմակը մի թեթև կանաչեց, ինչպիսին լինում է խաղաղ ջուրը, ինչպիսին որ լուսամուտից անդին երկինք էր: Սոֆյայի անկողնու կողքին նորից կանգնել էր ճոխ կրծքերով բժշկուհին, նրա կողքին՝ Տրոֆիմ Իվանիչը և էլի ինչ-որ ջահել՝ սափրված, երեսին սպի. թվում էր՝ սպին նրան միշտ ցավ էր պատճառում, բայց, այդուհանդերձ, նա ժպտում էր:
Բժշկուհին հանեց լսափողակը, լսեց: Սոֆյայի սիրտը խփում էր համաչափ, հանգիստ, և շնչառությունն էլ այդպիսին էր:
-Եղավ,եղավ… – Բժշկուհին մի պահ մտորեց. «Սա մեռնողը չի, արևս վկա, ապրելու է»: Նա հանեց քթակնոցը. աչքերը հանց կրակին նայող երեխու աչքեր լինեին:
-Դե ինչ, սկսենք, – ասաց սափրած դեմքով երիտասարդը և թուղթ հանեց. սպին ցավ էր պատճառում, բայց նա ժպտում էր:
-Ո՛չ, թող քնի. չի կարելի, – ասաց բժշկուհին: – Ստիպված եք, թանկագի՛ն ընկեր, վաղը գալ»:
-Լավ: Ինձ համար մեկ է:
-Իսկ նրա համար՝ առավել ևս. հիմա նա արդեն ձերն է.արե՛ք, ինչ ուզում եք: Բժշկուհու քթակնոցը փայլում էր. երիտասարդը, ցավի միջից ժպտալով, դուրս գնաց:
Բժշկուհին դեռ կանգնած նայում էր կնոջը: Նա քնած էր. շնչում էր համաչափ, մեղմ, երանավետ. շրթունքներն անկաշկանդ բացվել էին:

Ռուսերենից թարգմանեց Լեռնիկ Դալլաքյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *