Մանե Գևորգյան | Կամյուի «Օտարը» դարձավ իմ «Անծանոթը»

«Ես այն տպավորությունը ստացա, որ ամեն բան խառնվում է անգույն ջրում, որի մեջ պտտվում է գլուխս». գրում է Կամյուն իր «Օտարը» վեպում, բայց ես չեմ հավատում, ես մի քիչ կասկածում եմ ու Կամյուի հերոսին՝ Մյորսոյին, ուզում եմ հրավիրել, օրինակ, Պրահայի փողոցներից մեկի ծայրում գտնվող թեյարանն ու անջատել ձայանգրիչը՝ պարզապես խոսելու և մոռանալու համար։ Չեմ հավատում, որ իր գլուխը պտտվում էր, որ այդքան անորոշությունից ու վերացականությունից հետո իր գլուխը դեռ կարող էր պտտվել, որ դեռ կարող էր տարբերակել գույնը անգույնից, այն էլ այդ թափանցիկ ու պղտոր ջրի գույնը։
Խոսել Մյորսոյի մասին ու չանդրադառնալ պատմվածքի վերնագրին՝ անհնար է։ Օտա՞րը, տարօրինա՞կը… գուցե Կամյուն ցանկացել է այն անվանել «Օտարը», իսկ գրքի մյուս հերոսները պահանջել են հաշվի առնել իրենց տարբերակը՝ «Տարօրինակը»։ Չգիտեմ, դեռ վստահ չեմ՝ վեպն ինչպես է կոչվում, բայց երկու տարբերակն էլ քննարկելի է։ Մյորսոյը օտա՞ր։ Օտար ցավի՞ն, մահվա՞նը, սպանությա՞նը, ամուսնությա՞նը, մենակությա՞նը։ Իսկ եթե պարզապես անտարբե՞ր կամ «ես չեմ զգում այնպես, ինչպես դուք եք զգում»։ Տարօրինա՞կ։ Ո՞ւմ կամ ինչի՞ նկատմամբ։ Այս վեպից հետո խնամքով ու զգուշությամբ եմ օգտագործում տարօրինակ բառը։ Դժվար է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան որակել որպես տարօրինակ, երբ նույնիսկ բառի իմաստը լիովին չես պատկերացնում։ Օրինակ՝ ես լավ չեմ պատկերացնում, որովհետև չգիտեմ՝ որն է դրա հականիշը, չեմ պատկերացնում՝ դրանով ինչի բացակայությունը կամ առկայությունն են շեշտում։ Տարօրինակը հաստատ սովորականի հականիշը չէ։ Բացատրական բառարաններում «տարօրինակ» բառի դիմաց գրված է՝ «հասկացիր ինչպես ուզում ես, այն անբացատրելի է»։
Մյորսոն խոսոտովանում է. «Երբ ասելիք չեմ ունենում` լռում եմ»։ Այ հիմա գրեթե հասկանում եմ. ահա թե ինչն է տարօրինակ համարվելու առիթ տալիս։ Լռելը, զգացմունքներին չտրվելը, զգայական դաշտում հավասարակշիռ լինելը կամ պարզապես շատ բան չկշռելը։ Մոր թաղմանը գնալ ու խմե՞լ, քնե՞լ, չհուզվե՞լ, հաջորդ օրը գնալ կինոթատրո՞ն , հանդիպել աղջկա հե՞տ, ընդունել ամուսնության առաջարկ առանց հասկանալու սիրու՞մ ես, թե՞ ոչ, մարդ սպանել եղանակի, արևի պատճառո՞վ… իրականում ո՞ր հանցանքի համար էին դատում Մյորսոյին, երբ մոռացել էին մարդասպանությունն ու մեղադրում էին անզգանցմունքայնության մեջ։ Կամյուն միջամտում և գրում է. «Դա հիմար միտք էր, քանի որ նրանք ոչ թե ծիծաղելին էին փնտրում, այլ հանցանքը։ Սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ»։ Հետաքրքիր է՝ ե՞րբ է ստեղծվել այն արժեհամակարգը համաձայն որի ՊԵՏՔ է ապրենք, այն զգայադաշտը, որով պետք է ԶԳԱՆՔ ու արտահայտվենք, այն սկզբունքների համակարգը, որով պետք է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ։
Ու հիմա հիշում եմ ինձ համար այդքան չբացահայտված ու այդքան ուրիշ աշխարհից իմում հայտնված ճապոնացի գրող Կոբո Աբեի հետյալ միտքը. «Երբ հրեշը սկսում է, օրինակ, փշրել ափսեները, ապա, սովորաբար, դա վերագրում են ամեն ինչ ավերելու բնազդին։ Բայց երբեմն հակառակն է։ Բացատրությունը պետք է որոնել ափսեների փխրունության մեջ։ Ուրեմն քանի դեռ աշխարհում գոյություն ունի այն, ինչի նկատմամբ հնարավոր է բռնություն գործադրել, ինչը կարելի է ջարդել, փշրել, վառել, որից կարելի է արյուն հեղել, ում կարելի է խեղդամահ անել, հրեշին ուրիշ ոչինչ չի մնում, քան հետևողականորեն բռնություն գործադրել։ Հրեշն ինքնին ոչ այլ ինչ է, քան իր զոհերի գյուտը»։ Զոհերի գյուտն են նաև այն «բարոյական սկզբունքները», որոնք պատրաստ են փշրել մարդկային այսքան «նուրբ» հոգիներ։ Երբ մարդ կորցնում է իր «Ես»-երից որևէ մեկն ու պատրաստ չէ մեղադրել իրեն անուշադրության կամ աչքերը նախատեսվածից ավելի ամուր փակելու համար, գտնում է պատրվակներ (երբեք` պատճառներ) ՝ որպես հիմք ընդունելով «Մարդու ճիշտ արժեհամակարգ»-ի այդպես էլ երբեք չստորագրված միջներաշխարհային փաստաթուղթը։ Իրական սպանության դատավարություն` հիմնված սպանված զգացմունքների վրա։ Չնայած ինչպես եմ համարձակվում ասել սպանված, երբ դրանք նույնիսկ ծննդյան վկայական չունեն։ Իրական փաստերը ոչինչ են աշխարհընկալման տարբերությունների դեմ՝ պայմանավորված աշխարհների հեռավորությամբ ու բնակլիմայական պայմաններով. մի աշխարհում ձյուն է գալիս ու մարդիկ դրսում տաքանում են, իսկ մյուսում անձրև է գալիս, իսկ մարդիկ անձրևանոցները նավակ դարձրած գետեր ու օվկիանոսներ են կտրում։
«Օտար»-ի, «Տարօրինակ»-ի կամ պայմանականորեն Մյորսո անունը կրող տղամարդու հետ ծանոթանալուց հետո զգացի անծանոթ լինելու հավերաժականությունն ու անծանոթներին իրար կապող բոլոր զբոսանքներն ու սրճախմությունները։
Անծանոթի նկատմամբ օտարություն միշտ չէ, որ զգում ես, անծանոթին տարօրինակ անվանել չես համարձակվում, անծանոթին ամեն անգամ թեյի հրավիրելիս ավելի ծանոթ չես զգում. պատմվածքը իմ հիշողության մեջ անվանում եմ «Անծանոթը», ու Մյորսոյին կանչում, օրինակ, Պրահայի տանիքներից մեկում նստելու և մյուս տանիքների նմանությունն առանձնահատուկ դարձնող գույները փնտրելու։

 

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Մարգարիտ Հարությունյան says:

    Մանե ջան,շատ լավ է շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *