Արաբատառ նամակը: Նրա հրատարակվելը «Գրանիշ» գրական հանդեսում:
Համացանցը կարծես թե մեզանից խլել է միայնակ, հետևաբար՝ անտեսանելի մնալու հնարավորությունը: Համակարգչային ստեղնաշարի համապատասխան կոճակը սեղմելով՝ աշխարհի մյուս ծայրի մի գրասենյակում նստած մարդը միլիոնավոր անտեսանելի փոստատարների օգնությամբ իր նամակն ուղարկում է միլիոնավոր անհայտ հասցեատերերին: Ճիշտ է, խելացի փոստային հավելվածները կարողանում են զտել միջանդարյան կործանարար համաճարակների հետ որոշակի ընդհանրություն ունեցող այդ նամակագրական-գովազդային բացիլները և կենտրոնացնել «լցոն» պիտակը կրող արկղում, որտեղ դրանք սպասում են անտեսանելի «աղբարկղ» ուղարկվելուն: Սակայն «լցոն» պիտակը կրող պահուստարանը ստուգելը բավականին խելամիտ է, և ես սովորություն եմ դարձրել շաբաթական մեկ անգամ զբաղվել այդ գործով, որովհետև անպետք նամակների մեջ երբեմն հանդիպում են ընտանեկան բիզնեսի տեսանկյունից կարևորություն ունեցող թղթակցություններ: Նամակներից մեկի արաբատառ լինելը հերթական ստուգման ժամանակ գրավեց ուշադրությունս: Մի պահ մտածեցի, որ իմ «Աբու Բաքր ալ-Բաղդադին» գրքում տեղ գտած որոշ մտքերից զայրացած ԴԱԻՇ-ի հետախույզները՝ Աբու Մուսլիմ ալ-Թուրքմանիի արնախում տղաները սկսել են զբաղվել ձեր խոնարհ ծառայի համեստ անձով: Այդ ենթադրությունից վախեցած կնոջս լսելով՝ խորհրդավոր նամակն անմիջապես վերահասցեավորեցի արաբագետ ընկերոջս՝ Սարգիս Գրիգորյանին: Գիտեի, որ իր գրքի վրա աշխատող Սարգիսն էլեկտրոնային փոստը հաճախակի չի ստուգում և նամակի մասին նրան զգուշացրեցի հեռախոսով: Զանգիցս մոտ կես ժամ հետո Սարգիսը խոսեց ինձ հետ ու ասաց, որ խորհրդավոր նամակն անմիջական կապ ունի «Հազար ու մեկ գիշերվա» հանրահայտ հեքիաթներից մեկի՝ Սինդբադ-ծովագնացի զարմանահրաշ պատմության հետ: Զարմացած ձայնով պատմեց, որ նամակը պարունակում է հեքիաթում հիշատակվող բեռնակրի սուր քննադատությունն իրեն յոթ օր շարունակ հյուրընկալած ծովագնացի հասցեին: Պնդեց, որ նամակը կարող է լինել Բորխեսի ու Կորտասարի գրքերով հրապուրված ինչ-որ անհայտ արաբ պոստմոդեռնիստի կատակը: Կատակ, որը համացանցի օգնությամբ ստացել է համաշխարհային ընդդգրկում՝ առանց իր հեղինակից նման ընդգրկման համար ժամանակին անհրաժեշտ տաղանդ, քաջություն, դրամ և իշխանություն պահանջելու: Հետո ենթադրեց, որ նամակում կարող է զետեղված նաև միանգամայն իրական տեքստ, որը ինչ-որ անանուն արաբ բանասեր փորձում է փրկել գերյալ օդաչուներին ու արգելված գրքերն այրող ԴԱԻՇ-ից: Խոստացավ թարգմանության գրավոր տարբերակն ուղարկել հաջորդ օրը: Ստանալով Սարգիսի կատարած տողացի թարգմանությունը՝ անմիջապես հրատարակելու համար անհրաժեշտ տեսքի բերեցի այն: Բեռնակրի բառերից գրի առնված քննադատական պատումն առաջին անգամ տպագրվեց «Գրանիշ» հանդեսում:
Հետագա աշխատանքի ընթացքում առասպելական բեռնակրի բառերից գրի առնված տեքստը ընդմիջեցի իմ դիտարկումներով, որոնք աղքատ արաբի նաիվ պատումում վեր հանեցին Ֆրոյդին և Լամբրոզոյին վայել բնազդային ընդհանրացումներ:
Բեռնակիրը ալ-Բահրիի տան մոտ: Հյուրընկալության հրավերը:
Հանուն գթառատ և ողորմած Ալլահի:
Մուեդզինի երգեցիկ ձայնը, խառնված վաղորդյան մշուշի ծվեններին, անշտապ ծորում էր Բաղդադի նեղլիկ փողոցներով՝ ուղղահավատ մուսուլմաններին հրավիրելով առաջին նամազը կատարելուն, երբ ես բացեցի իմ կավաշեն տան փայտյա դուռը և, ուշադիր նայելով չորս կողմս, կամացուկ դուրս եկա փողոց: Առավոտյան մշուշի քուլաները փարվել էին դեռևս վախվխելով առաջացող արևի ճառագայթներին՝ փողոցի երկու կողմերում իրար վրա բարձրացած տների պատերին դեղնավուն ստվերներ նետելով: Քայլեցի՝ գողի պես սեղմվելով այդ ստվերոտ պատերին: Քաղաքային շուկան բավականին հեռու էր աղքատների թաղամասում գտնվող իմ խղճուկ տնից, ու Ամենակարողին հղված առաջին աղոթքի սրբազան բառերը ստիպված էի շշնջալ Բաղդադի դեռևս նիրհող փողոցներով քայլելիս, ինչը սևազգեստ մոլլաների կարծիքով սրբապղծություն ու մեղք էր: Վստահ եմ, որ Տիեզերքի Տիրակալը՝ Ամենատես ու Արդարամիտ Ալլահը վերջին դատաստանի ահեղ օրը ներելու է իր ստրուկի փոքրիկ հանցանքը: Ալլահը վկա, եթե դերվիշների խորհրդավոր և իմաստուն աղանդի աղոթքը իրենց առանցքի շուրջը կատարվող համաչափ, հմայուն, անվերջանալիորեն երկար պտույտներն են, ապա ինչու պիտի մեղք համարվի խեղճ բեռնակրի աղոթելը իր օրվա ապրուստի հետևից քայլելիս:
Գողի պես սեղմվելով Բաղդադի տների ստվերոտ պատերին, խուսափելով փողոցների կենտրոնից, ասես այն սալարկված էր հրավառ մոխրի շեղջերով՝ շուկա հասա նախքան նրա հսկայական դարպասների բացվելը: Դարպասների մոտ վիճեցի ուրիշ բեռնակիրների հետ: Իրար հայհոյեցինք վերջին բառերով, սակայն ոչ մեկը չհամարձակվեց մյուսներին նախատել առավոտյան նամազը չկատարելու համար: Մեղքի ընդհանուր լինելը անմեղ էր դարձրել բոլորիս, իսկ մեր բերաններից թափվող հայհոյանքները աղքատի հավիտենական հուսալքության հարազատ զավակներն էին:
Շուկայի դարպասների մոտ պպզած՝ նկատեցի երկայնահանդերձ մի կնոջ, ով, աղախինների բազմությամբ շրջապատված, շրջում էր չամիչով ու ընդեղենով, մրգերով ու հալվայով բեռնված սկուտեղների շարքերի միջով: Կինը ձեռքը մեկնում և առանց սակարկելու ընտրում էր լավագույն մրգերն ու քաղցրեղենը, իսկ հմուտ աղախինները, քաղցրախոս վաճառականների օրհնանքների ներքո, արագորեն դասավորում էին գնումները հյուսածո կողովներում:
Ոտքս երկարացրեցի և ճարպկորեն փոշու ու ոչխարի կեղտի մեջ բերանքսիվայր թավալեցի բեռնակիր Հասանին, ով արագիլի կտուցի պես բարակ ու սուր իր քթով հոտոտելով երկայնահանդերձ կնոջ սփռած անուշահամ բուրմունքը, ցանկանում էր նրա աղախինների ձեռքից կողովները վերցնելու դիմաց վաստակել մի քանի ոսկի, որոնք, Ալլահը վկա, այդ օրը ինձ պիտի պատկանեին: Լուսանի նման սրընթաց ցատկեցի գետնին տապալված Հասանի վրայով ու վազելով մոտեցա երկայնահանդերձ կնոջը: Ասես ստրուկ՝ երկրպագեցի նրան: Երեկվանից ստամոքսումս գալարվող սովը կիրք ու զգացմունք հաղորդեց իմ հիացական ու հարգալից բառերին: Աղքատ հագուստս հնարավորություն տվեց չամաչել ձայնիս մեջ հնչող աղերսանքի համար: Կողովները շալակելուց առաջ նորից երկրպագեցի երկայնահանդերձ կնոջը: Շնորհակալություն հայտնելիս՝ աչքերումս արցունքներ ու ձայնիս մեջ դող հայտնվեց:
Շուկայից դուրս գալիս տեսա Հասանի՝ չար ջինի աչքերի պես ատելավառ հայացքը: Ժպտացի նրան, որովհետև հատուցումն անխուսափելի էր լինելու, և շուկայից դուրս գալիս նա էլ էր մի օր ժպտալու ինձ՝ մտածելով հատուցման անխուսափելիության մասին:
Երկայնահանդերձ կնոջ ու նրա աղախինների հետևից քայլելիս՝ տխրությամբ խորհեցի կյանքի ունայնության մասին, որտեղ մեկը, փափուկ մութաքաներին թիկնած, օրնիբուն ճաշակում է քաղցրահամ մրգեր ու ըմպում անապակ գինի, իսկ մյուսը խմում է իր ճակատից հոսող աղի քրտինքն ու կուլ տալիս մի անվերջանալի ճանապարհի կեղտոտ փոշին:
Սակայն երկնքում և երկրի վրա իրեն հավասարը չունեցող Ալլահն է իր անմեկնելի իմաստնությամբ սահմանել աշխարհի կարգը, որն անփոփոխ է մնալու մինչ նրա ահեղ դատաստանի օրը, և այդ աշխարհում դժբախտությունը, հուսալքությունն ու տառապանքն ավելի հաճախ են հյուր գալիս մարդուն, քան անհոգությունն ու երջանկությունը:
Կողովները երկայնահանդերձ կնոջ տան բակում դնելուց հետո նրա տված ոսկեդրամն ընդունեցի ողորմություն պահանջող մուրացկանի չարությամբ: Ինձ հանկարծահաս համակած, սիրտ մաշող թախիծից կուրացած՝ շնորհակալություն հայտնեցի այնպիսի կոպիտ բառերով, որ կինն իրեն մեղավոր զգա: Արագ ու վարժ շարժումներով կողովներից արձակեցի իմ իսկ հյուսած պարանները: Դրանց օղակը գցեցի քրտնամխած պարանոցիս և, կախվածի պես գունատ, բորոտի պես հոգնատանջ՝ սկսեցի քայլել դեպի իմ թշվառության, դեպի իմ մենության անշուք բնակարանը:
Օրը մոտենում էր իր կեսին, երբ երկնքում իրեն մրցակից չունենալուց արբեցած արևը չարությամբ որոնում էր ներքևում միջատների չափ փոքր երևացող մարդկանց ու իր ճառագայթների շիկացած ասեղներով անգթորեն շամփրում նրանց: Որոշեցի ստվեր գտնել և, Ալլահի օրհնյալ զովությանը հանձնվելով, փոքր-ինչ հանգիստ տալ հոգնած մարմնիս: Նստեցի հարուստ տներից մեկի առջևի նստարանին՝ ծառի շվաքի տակ: Իմ իսկ հյուսած պարանները սպանված օձի մարմնի պես մի քանի անկենդան օղակներ նկարեցին բոբիկ ոտքերիս մոտ:
Թիկունքս հենեցի պարսպի կրապատ քարերին ու փակեցի աչքերս՝ ժամանակ առ ժամանակ ձեռքս տանելով գրպանս ու շոշափելով ունեցածս միակ ոսկեդրամը: Աչքերս փակ պահելով՝ կարծես սրել էի մյուս զգայարաններս: Նախ բակի խորքում, շատրվանների շիթերի ու արևի շողերի գոյացրած ծիածանների և գեղեցիկ ծառերի կանաչի մեջ թաղված տնից լսվեց նվագարանների թույլ երաժշտությունը: Քիչ հետո առա նաև տարաշխարհիկ ուտեստների ախորժաբեր բույրը:
Ալլահը վկա, այս մեղավոր աշխարհի ամենից մեծ անարդարությունները մարդը զգում է իր մարմնի տարբեր անդամներով ու գործարաններով: Երբ դահիճը սրի հատու հարվածով կտրում է ավազակի կրունկը, որը չնայած մեղավոր է, սակայն իր անզորության մեջ՝ խղճալի, նրա մարմինը արյունահոսող վերքերով է ճանաչում թույլի և ուժեղի հարաբերություններում պարփակված անարդարությունը: Երբ հարուստի պատերի տակ հանգստացող սովահար բեռնակիրն առնում է ուտելիքների ախորժահամ հոտը, աշխարհի ամբողջ անարդարությունը պարփակվում է նրա կծկվող ստամոքսի ցավերում:
Նման պահերին մարդը կանգնում է մեղքի ճանապարհին, որովհետև սկսում է կասկածել Ալլահի հղացման կատարելությանը; Ես՝ հարուստի պատերի տակ անարդարություն զգացած նվաստ բեռակիրս, սկսեցի դժգոհել աշխարհի կարգից, որտեղ մեկը, փափուկ մութաքաներին թիկնած, օրնիբուն ճաշակում է քաղցրահամ մրգեր ու ըմպում անապակ գինի, իսկ մյուսը խմում է իր ճակատից հոսող աղի քրտինքն ու կուլ տալիս մի անվերջանալի ճանապարհի կեղտոտ փոշին:
Երբ տան դարպասները բացվեցին, վեր թռա, որովհետև կարծում էի, թե հարուստի դաժան ծառաները հիմա ինձ նախատելու և վռնդելու են՝ հետևիցս քարեր ու հիշոցներ շպրտելով: Սակայն դուրս եկած սպիտակամորուս, պատկառելի մարդն ինձ հետ խոսեց մեղմությամբ և հարգանքով:
-Ով անծանոթ, մի երկնչիր, այլ ամուր եղիր սրտով և ուրախ՝ դեմքով, որովհետև Ալլահը բարեգութ է և ողորմած իր հավատարիմ ծառաների հանդեպ: Իմ տերը՝ բարեսիրտ ու մշտազվարթ աս-Սինդբադ ալ-Բահրին պատիվ կհամարի, եթե հոժարես լինել նրա հյուրն ու կիսել նրա ուրախության հացը,- թուխ ձեռքը դնելով իր սրտին ու խոնարհելով գլուխը՝ երգեցիկ, բայց բարակ ձայնով հետս խոսեց սպիտակամորուս մարդը, ով, իր արտքինից դատելով, հավանաբար Հինդի երկրի ծպտյալ կռապաշտներից էր:
Քաղցր խոսքը գոտեպնդում է մարդուն ու նրա ճանապարհը, որը մինչ այդ թվում էր մթին, լեցուն միայն սև կարիճներով ու ժանտ օձերով, լուսավորում է հույսի վառվռուն ջահերով:
Ոտքի թեթև շարժումով նստարանի տակ հրեցի իմ հյուսած պարաննների խուրձը և, մեջքս ուղղած, գլուխս բարձր, քայլեցի սպիտակամորուս անծանոթի հետևից:
Հակասություններ հեքիաթի կանոնական և անանուն բեռնակրի պատմության տեքստերի միջև
Սարգիս Գրիգորյանի կատարած թարգմանությունը ընթերցելիս գրականագետ Հասմիկ Հակոբյանի խորհրդով որոշեցի օգտագործել տեքստերի համեմատական քննության մեթոդը: «HP laserjet 1018» տպիչի միօրինակ տառատեսակով պատված գրասենյակային թղթերի հետ գրակալի վրա դրեցի նաև «Библиотека великих писателей» մատենաշարի «Հազար ու մեկ գիշերվա» շքեղ հրատարակությունը: Նույն հերոսների, նույն վայրերի ու նույն գործողությունների մասին պատմող հատվածները կարդացի գրեթե զուգահեռաբար: Հակասություններն ակնհայտ էին. հեքիաթում Սինդբադ-ծովագնացի տունը ներկայացված էր որպես անհոգության, մարդասիրության ու վայելքի մի վսեմաշուք բնակարան, որի հյուրընկալ պատերի ներսում իր վեհ տեսքով հարգանք ներշնչող ու ազնվաբարո տանտերը պատահական բեռնակրին յոթ օր շարունակ արժանացնում է շռայլ հյուրասիրության, պատմում իր անօրինակ արկածների գրավիչ պատմությունը և, հրաժեշտ տալիս, ամեն անգամ իր աղքատ հյուրին նվիրում հարյուր միսկալ ոսկի: Թղթի պատառի վրա արտագրեցի Սինդբադ-ծովագնացի տունը, անձը և նրա հյուրերին բնորոշող մակդիրները:
Տուն՝ հրաշագեղ, բարեհամբույրության և արժանապատվության կնիք կրող, ծաղիկներով ու անուշահոտ բույսերով զարդարուն, գեղեցկատես հարճերով լեցուն դահլիճներ, արևելյան նվագարանների նրբանախշ երաժշտություն;
Սինդբադ-ծովագնաց՝ անվանի, պատկառելի, գեղեցկադեմ, վեհատես, տարիքի ճերմակը դիպած այտերով, արժանապատիվ, պատվելի, վեհաշունչ, սիրալիր:
Հյուրեր՝ ուրախ, պատվարժան, ժպտադեմ, քաջալերող:
Բեռնակրի թղթերում աս-Սինդբադ ալ-Բահրիի արտաքինի նկարագրությունը ինձ առաջին հայացքից թվաց սինթետիկ, համաշխարհային գրականությանը քաջ ծանոթ ինչ-որ անհայտ կատակասերի երևակայության ու հմուտ գրիչի արգասիք, որովհետև տանտիրոջ դիմագծերում և քրեագետների սիրելի «հատուկ նշաններ» բառակապակցությամբ ընդհանրացված առանձնահատկություններում ակնհայտորեն նշմարվում էին Շարլ Պեռոյի Կապույտ Մորուքի, Չեզարե Լամբրոզոյի նկարագրած հանցավոր մարդու և Բրեմ Սթոքերի Կոմս Դրակուլայի գրական կերպարներին բնորոշ տարրերը:
Բեռնակրի հուսահատեցնող, չարագուշակ մարդաբանությունից բացի նրա տեքստում անմիջապես աչքի էր զարնում նաև աս-Սինդբադ ալ-Բահրիի տան արտաքին թեթևության, պայծառության ու ներքին մթնոլորտի մռայլ թշնամանքի հակադրությունը:
Աս-Սինդբադ ալ-Բահրիի սարսափազդու արտաքինի նկարագրությունը:
Հանուն գթառատ և ողորմած Ալլահի:
Ալլահը վկա, միայն ինքը՝ Տիեզերքի ամենակարող ու արդարամիտ տերն է ճանաչում ամեն արարածի լավն ու վատը, իսկ Արարիչի խղճուկ ստվերը՝ մարդը երբեք չի կարողանում իմանալ, թե որտեղ կգտնի և որտեղ՝ կկորցնի: Դրա համար, ոմանք պատահականորեն կործանվում են, ոմանք նույնքան պատահականորեն բարձրանում մարդկանց մեջ և լիություն գտնում:
Սպիտակամորուս հնդիկի հետևից քայլելիս հոգով թեթև էի և դեմքով՝ ուրախ, որովհետև նրա քաղցր խոսքերին ականջալուր՝ հյուրասիրություն ու հաճելի զրույց էիի անկալում:
Աս-Սինդբադ ալ-Բահրիի հարուստ տան բակում լսվում էր շատրվանների արծաթաձայն կարկաչն ու թևածում էր կարմիր, կապույտ, սպիտակ, դեղին ծաղիկների գլխապտույտ բուրմունքը: Ազատորեն վազվզող եղնիկներն ու անտիլոպները, Ալլահը թող ինձ ների մեղսավոր համեմատության համար, երկրային ջեննաթ թվացող այդ բակում համարձակ մոտենում և իրենց խոնավ դնչիկներով հրում էին մեզ՝ ուտելիք կամ գգվանք պահանջելով: Սիրամարգերը՝ գեղեցկագույն հայ ստրկուհիների պես նվաղուն ու ծույլ, շարժում էին զմրուխտներով ու հակինթներով զարդարված հովհար հիշեցնող իրենց պոչերը:
Ալլահը վկա, չէի զարմանա, եթե աս-Սինդբադ ալ-Բահրիի հարուստ տան բակում մեղրի, գինու ու անարատ կաթի գետեր հոսեին:
Հասնելով տան մուտքին՝ ինձ ուղեկցող սպիտակամորուս հնդիկը երկծալ խոնարհվեց և, դեմքին ժպիտ, որն ինձ նենգաբարո ու կեղծ թվաց, բացեց փորագրության ճարտար արվեստով զարդարուն դուռը:
Աս-Սինդբադ ալ-Բահրիի հարուստ տան մութ միջանցքը լուսավորում էին պատերին ամրացված կանթեղները, որոնք ինչ-որ անհասկանալի, խենթացնող բույր էին տարածում: Ալլահը վկա, լսել էի, որ կան Հդկաստանից բերված բուրավետ խեժեր, որոնց այրման ծուխը ոլորում է մարդու աղիներն ու տանում է նրա խելքը՝ ստիպելով տեսնել ստվերներ, որոնք Ալլահի ստեղծած աշխարհում գոյություն չունեն, ու զգալ ուրախություն, որը կեղծ է՝ ինչպես գիշերային անապատում որոճող ուղտի աչքերում արտացոլված լուսինը:
Միջանցքի ծայրից լսվեց գործիքների ուժգին, խելահեղ, կշռույթ նվագող ձայնը: Խելացնոր երաժշտությունն ու կանթեղների կրակի թրթռուն բոցը, միջանցքի պատերին պարող մարտիկների մերկացրած դաշույնների պես տտատանվող ստվերները սիրտս երկյուղ ձգեցին:
-Մի երկնչիր, ով անծանոթ,-ականջիս տակ լսվեց սպիտակամորուս հնդիկի ծաղրական, բարակ, կանացի ձայնը:- Ալլահն է մահկանացու իսանի ճակատին գրում նրա բախտի գիրը, ու այդ անտեսանելի, աստվածային նասթալիկի Ալիֆն ու Գիմելը ավելի հաստատուն են, անջնջելի, քան Դամասկոսի զինագործների կոփած պողպատի էությանն ագուցած նախշերը: Քայլիր, ով անծանոթ, համարձակ քայլիր վիճակիդ ընդառաջ, քանզի ի զորու չես մազաչափ անգամ փոխել այն:
Երկար միջանցքով մի քանի վեհերոտ քայլ կատարեցի դեպի խելահեղ երաժշտության ձայնը: Հինգերորդ քայլն անելիս՝ միջանցքի երկու կողմերից դռներ բացվեցին, ու այնտեղից դուրս եկան կսամերկ, սևամորթ ստրկուհիներ՝ տեգերի պես ցից, տեգերի պես սուր ստինքներով: Ստրկուհիները, լուռ, արագաշարժ, արծաթե ափսեների պես փայլող աչքերով ստրկուհիներն անշշուկ շրժապատեցին ինձ: Սառը քրտինքով պատած մարմնիս քսելով հասած խուրմայի գույն ունեցող պտուկներն ու իրենց տաք շնչառությունը՝ առաջ մղեցին դեպի միջանցքի ծայրը, որտեղ իր հյուրերի ու հարճերի հետ քեֆ էր անում տանտերը՝ ահարկու և զորեղ աս-Սինդդբադ ալ-Բահրին:
Ալլահը վկա, անապատների սորուն ավազներից ծնվող կապտամաշկ ջիների ու ահեղ Մալիկ հրեշտակապետի արտաքինի ներշնչած սարսափը պիտի նսեմանար տանտիրոջ արտաքինի տարածած զարհուրանքի առջև, եթե նրանք կանգնեին իրար մոտ:
Փափուկ գորգերի ու բարձերի վրա բազմած աս-Սինդբադ ալ-Բահրին մարմնով խոշոր էր, կոպիտ՝ ինչպես Էրանի փադիշահի անմահների անիծյալ գնդի մարտական փղերը: Նրա ջլապինդ բազուկները, հաստ սրունքներն ու ամուր կուրծքը պատված էին կոշտ, խիտ, գանգուր, սև մազերով: Մինչև մերկացրած լանջի կեսն իջնող մորուքն ամբողջովին կապույտ էր՝ ասես անապատների չար ավազների ծնած ջիների մուգ մաշկը: Ճակատը նեղ էր ու թեք՝ ծածկված բլթակերով և կոշտուկներով: Շուրթերն անգույն էին, անկենդան ու բարակ՝ ասես անմաքուր սֆամնուն ձկան շերտ-շերտ կտրտած միս: Քիթը տափակ էր խափշիկի ջարդված քթի պես: Աչքերը փոքր էին՝ ամեն ուղղահավատ մուսուլմանի համար հարամ կենդանու՝ խոզի աչքերի չափ: Բիբերը դատարկ էին՝ ասես աս-Սինդբադ ալ-Բահրին երբեք չէր տեսել Ալլահի ստեղծած մաքրամաքուր լույսը: Սպիտակուցները լցված էին արյունով, կարմիր՝ ինչպես շիկացած ածուխը, որով խալիֆի դաժան դահճապետն այրում է նրա թշնամիների աչքերը:
Երբ աս-Սինդբադ ալ-Բահրին ինձ հառեց իր սարսափեցնող աչքերի մեռյալ հայացքը՝ միաժամանակ կուրծքս ներսից այրող կրակ ու մինչ ջահաննամի հատակը փորված ջրհորի գերեզմանային պաղությունը զգացի:
Կանգնեցի՝ ահաբեկ ու կարկամած: Մի կերպ ստիպեցի ինձ խոնարհել փայտացած պարանոցի վրա ամրացված կապարագնդի պես անհնազանդ գլուխս և ողջույնի մի քանի անճարակ բառ կմկմացի: Աս-Սինդբադ ալ-Բահրին հետ ընկավ փափուկ բարձերին ու քահ-քահ ծիծաղեց՝ քորելով թավամազ կուրծքը: Ամենակարող Ալլահը թող թշնամիներիս նույնիսկ չպատժի այդ օրվ իմ զգացած սարսափով. նկատեցի նրա եղունգները, որոնք ամուր էին, սուր ու երկար, ինչպես արծվի մագիլները, ինչպես թյուրք ասկերի կեռ յաթաղանը ու պատված էին սև գույնի ներկով:
Նրա բամբ ձայնին, գազազած ռնգեղջյուրի կարճ մռնչյուն հիշեցնող նրա ծիծաղին միացավ նաև հյուրերի անզուսպ հռհռոցը: Ականջիս տակ կանացի բարակ ձայնով քռքռաց սպիտակամորուս հնդիկն, ու սևամորթ ստրկուհիները, կապկելով, ծանակեցին իմ ողջույնը:
-Ով անծանոթ, շնորհ արա և մասնակցիր մեր ուրախության ու խնջույքի սեղանին՝ մեզ հետ կիսելով Ալլահի շնորհած բարիքները,- հսկայական ափով սրբելով աչքերից ցայտող արցունքները՝ ծիծաղից խեղդվող ձայնով մի կերպ արտաբերեց աս-Սինդբադ ալ-Բահրին:
Տիրոջ ձայնին հնազանդ՝ սևամորթ ստրկուհիներն իրենց պիրկ կրծքերով իսկույն առաջ հրեցին ինձ:
Աս-Սինդդբադ ալ-Բահրիի հյուրերից մեկը, ծաղրածուի պես ծռմռվելով, ցույց տվեց իմ տեղը: Նրա նշանից հետո իմ սրտի անհանգիստ տրոփյունի պես արագացավ նաև խելահեղ երաժշտությունը: Դափերի խելակորույս դղրդյունի, ծնծղաների ինքնամոռաց շրխկշրխկոցի, փողերի աղեկտուր ոռնոցի և հյուրերի սուր հայացքների ներքո՝ կարողացա մի կերպ զբաղեցնել ինձ հատկացված տեղը:
Սինդբադ-ծովագնացի գաղտնի այլասերվածությունը
Աս-Սինդբադ ալ-Բահրիի սարսափազդու արտաքինի նկարագրությամբ տպավորված՝ փորձեցի կապվել գրականագետ Հասմիկ Հակոբյանի հետ: Մի քանի ժամ շարունակ գրականագետը չպատասխանեց իմ ֆեյսբուքյան հաղորդագրությանը: Բջջայինի հսկայական էկրանին հավաքեցի նրա հեռախոսահամարը: Կանչի կրկնվող ազանշանները, որոնք այդ պահին ինձ թվացին մարդկային մենության ու լքվածության սիրտ ճմլող խորհրդանշաններ, հուշեցին Հասմիկի զբաղված լինելը: Ինչպես պարզվեց երեկոյան՝ գրականագետը անասնաբուժական կլինիկա էր տարել Ջեկո տարօրինակ անունով իր կատվին, որը հոֆմանյան Մուռի պես խիստ խոհեմ, սակայն հիվանդոտ արարած էր:
Ստիպված էի բանասիրական հանելուկի հետ անսպասելիորեն առնչված գրասերի հրճվանքը վայելել միայնակ՝ նաև փորձելով կռահել իմ փոստարկղի «լցոն» բաժնում հայտնաբերված զարմանահրաշ պատմության հետագա զարգացումները:
Սարսափազդու աս-Սինդբադ ալ-Բահրիի դիվային խրախճանքի ակամա մասնակիցը դարձած բեռնակրի հետագա ճակատագիրը պետք է երանգված լիներ վերքերից առատորեն հոսող արյան մուգ կարմիր ցայտերով: Դետեկտիվ գրականության ու կինեմոտոգրաֆի երկար տարիներ ձևավորած կաղապարներն այլընտրանք չէին թողնում. չարագուշակ արտաքինով գործող անձանց ու մռայլատես դեկորների ի հայտ գալը կարող էր հանգուցալուծվեր միայն որևէ սահմռկելի ոճրագործությամբ:
Սակայն կյանքն ընդհանուր առմամբ լինեով ավելի «սովորական» և օրինաչափ, քան գրականությունը կամ կինոն, որոնց ստեղծած իրականության մեջ կան վամպիրների պես անմահ արարածներ ու հուր արտաժայթքող եռագլուխ հրեշներ, խոսող ձկներ և բարի, մարդամոտ հսկաներ, որտեղ կարող են վերանալ պատճառահետևանքային կապերն ու ձգողականության համընդհանուր օրենքն, այնուամենայնիվ բավականաչափ շռայլ է մեզ օրինաչափությունը հաստատող բացառություններ հրամցնելիս:
Հեռավոր անցյալի Բաղդադում այդ օրը ոճրագործություն տեղի չէր ունեցել: Սարսափազդու ալ-Բահրիի դիվային սեղանի շուրջ հայտնված բեռնակիրը ողջ էր մնացել և, սպիտակամորուս հնդիկի ուղեկցությամբ դուրս գալով Սինդբադի պատրանքային տան խաբուսիկ դարպասներից, վազելով հասել էր աղքատիկ արվարձանում գտնվող իր անշուք բնակարանը: Երբ անցել էր կիսամաշ խսիրի վրա բերանքսիվայր մեկնված բեռնակրին ցնցող մանր դողը, նա հասկացել էր, որ այդ օրվա իրադարձությունները անջնջելի կերպով դրոշմվել են իր հիշողության մեջ և վաղ թե ուշ պետք է փոխանցվեն թղթին, որը հավակնում է ցանկացած պատմություն հավերժ դարձնելուն:
Բեռնակրի կցկտուր բառերից գրված տեքստի շարունակությունը աս-Սինդբադ ալ-Բահրիի՝ սերունդներից գաղտնի պահված այլասերվածության նկարագրությունն էր: Սինդբադ-ծովագնացի՝ «Հազար ու մեկ գիշերվա» ցանկացած հրատարակությունից մեզ հայտնի ճամփորդություններից որոշները լի են հերոսի իրական նախատիպի զարհուրելի այլասերվածությունը մատնող ակնարկներով: Սակայն հեքիաթային Սինդբադն, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ հանդես է գալիս որպես բարեպաշտ վաճառական ու արկածախնդիր ծովագնաց, որին յոթ ճամփորդություններից յուրաքանչյուրի սկզբում պատուհասող փորձությունները պատմության ավարտին վերափոխվում են զարմանալի հաջողության:
Բեռնակրին հանդիպած ծովագնացն ավելի անկեղծ էր իր արկածները պատմելիս, իր արտաքինի ներշնչած գրոտեսկային, սինթետիկ զարհուրանքով հանդերձ՝ ավելի իրական ու հնարավոր:
Աս-Սինդդբադ ալ-Բահրիի ճշմարիտ պատմությունը: Բեռնակրի տառապագին վախն ու անսպասելի փրկությունը:
Հանուն գթառատ և ողորմած Ալլահի
Արդարև, միայն երկնքի ու երկրի ամենակարող Տերն է տեսնում անհամար ճյուղավորվող ուղիներից յուրաքանչյուրի ավարտին մեզ սպասող փորձանքն ու հաջողությունը, իսկ մենք՝ Միակ Աստծո նվաստ ստրուկներս, կուրորեն դողում ենք սարսափից՝ կանգնած Ալլահի պարգևած մեծագույն երջանկության առջև և անհոգ ծիծաղում նրա սահմանած կործանման նախաշեմին:
Երբ սարսափազդու և զորեղ աս-Սինդբադ ալ-Բահրին դադարեց հռհռալ ու դեպի ինձ դարձրեց արյամբ լի թասերի պես կլոր և կարմիր իր աչքերը, սիրտս, պոկվելով կրծքիցս, ընկավ բոբիկ ոտքերիս տակ ու մորթվող մատաղացու գառան պես հուսահատ թպրտաց:
Զարհուրելի տանտիրոջ աչքերում մահ ու մահվան հետ քայլող խենթ հրճվանք նկատեցի:
-Ով անծանոթ,-կատաղած ցուլի պես փնչաց աս-Սինդբադ ալ-Բահրին,- ճաշակիր իմ սեղանի համադամ ու տարաշխարհիկ խորտիկները ու առավել վայելքով ճաշակիր իմ աննման պատմությունը, որովհետև ամենից համեղ կերակուրն անգամ բնության օրենքին պատշաճ կերպով դառնում է գարշահոտ կեղտ ու դուրս գալիս հետանցքից, իսկ ճշմարիտ պատմության բառերը ժամանակի ընթացքում հղկվում և փայլում են ազնիվ ոսկու պես:
Հետո սարսափազդու տանտերը բարձրացրեց թավ հոնքերից մեկն, ու, նրա նշանին հնազանդ, մերկ ստինքներով ստրկուհիները ներս բերեցին փայտյա ամուր վանդակներ, որոնց մեջ բանտարկված էին կեդանի կապիկներ:
Սպիտակամորուս հնդիկը, քթի տակ բարակ, առնետի ձայնով քրթմնջալով, հանեց լայն կարմիր գոտու տակ խրված կեռ սուրը ու մի հմուտ շարժումով թռցրեց իրեն ամենից մոտ վանդակի կապիկի գլխի կափարիչը:
Ալլահը վկա, իրենց ցեղակցի սպանությունից խեակորույս կապիկների սրտկեղեք աղաղակներից կսարսափեին անգամ ջահաննամի դևերն ու անապատի ջիները, բայց սիտակամորուս հնդիկը, աշխարհին ու մեզ, աղեկտուր աղաղակներին ու իր շորերին թափվող արյանն անտարբեր, ավարտին հասցրեց սկսած գործը: Հետո վզի մկաններից ու ջլերից հատեց կապիկների գլուխները և խոփը բաց հրեշավոր կաթսաներ հիշեցնող գանգերը դրեց սեղանի շուրջը բազմած հյուրերից յուրաքանչյուրի առջև:
Սիրտս խառնեց, երբ քթիս դիպավ կապիկի ուղեղի գորշ գալարներից բարձրացող գոլորշու թույլ հոտը: Սիրտս խառնեց, երբ հայացքս դիպավ մահվան սառը փառով պատված տխուր աչքերին:
-Ով անցորդ,- իր սպանած վիթի արյունոտ պարանոցը լիզող հովազի պես մռլտաց աս-Սինդբադ ալ-Բահրին՝ ոլորելով ահարկու աչքերը,- հյուրընկալ տանտիրոջ հացն արհամարհողն Ալլահի ամենատես աչքի առջև արհամարհում է նաև հյուրասեր տանտիրոջ անձը:
Հետո իր հաստ մատներով սեղանից ճանկեց արծաթյա գդալներց մեկը, այն թափով մտցրեց կապիկի գանգի մեջ ու, հաճույքից փակելով աչքերը, հանեց և ագահորեն կլլեց կապկի ուղեղի դեռ տաք կտորը:
Սարսափից դողալով՝ կրկնեցի աս-Սինդբադ ալ-Բահրիի շարժումները: Սարսափում էի, որովհետև խենթության ու սարսափի այդ սրահում տեսնում էի մահս: Աչքս չկարողանալով կտրել տանտիրոջ սոսկալի դեմքից՝ կապիկի ուղեղի կտորը կուլ տալիս տհաճ համ ու աղիներս ոլորող զզվանք չզգացի:
Իմ ուտելուն խալիֆի պահնորդի ուշադիր հայացքով հետևող տանտերը հանկարծակիորեն ժպտած՝ մերկացնելով շուրթերի պատյանում թաքնված յաթաղանների պես կեռ և սուր ժանիքները: Հետո աս-Սինդբադ ալ-Բահրին իր անդամների համար հարմար ձևով թիկնեց փափուկ բարձերին ու, ճկույթ մատի սև ներկած եղունգով քչփորելով ատամները, սկսեց իր զարմանահրաշ ու հետաքրքիր պատմությունը:
Աս-Սինդբադ ալ-Բահրին, ում իսկական անունն այդ օրը Ալլահը կամեցավ գաղտնի պահել ինձնից ու նրա սրտակից ընկեր հյուրերից, մանուկ հասակում պիտի ամորձատվեր ու որպես ներքինի ծառայեր մեր աննման խալիֆին ենթակա զորավոր տիրակալներից մեկի հարեմում: Ամորձատման նախորդ օրը աս-Սինդբադ ալ-Բահրիի պատվարժան հոր եղբայրը, ով քաջակորով նիզակակիր էր խալիֆի բանակում ու էմիրների, շեյխերի, ուլեմների և իմամների առջև հանդուգն մի մարդ, կարողանում է փախցնել իր ավագ եղբոր որդուն ու ողջ գիշերը սրարշավ վարգող ուղտերի վրա օրորվելուց հետո Բասրա նավահանգստում մի քանի ոսկով նրան ծառայության է վաճառում առևտրում և ծովագնացության վտանգավոր արվեստում հաջողության հասած մի նավապետի:
Աս-Սինդբադ ալ-Բահրին իր արկածների մասին պատմելիս անընդհատ քորում էր կոշտ մազերով պատված հզոր կուրծքը: Հետո սուր եղունգներով քչփորում ու մսի կտորտանքից մաքրում էր իր փայլուն ատամները: Մի քանի անգամ որովայնից բարձրացող դղրդյունով քամի արձակեց, ինչին հյուրերն ու մերկ ստինքներով ստրկուհիներն արձագանքում էին ծափերով և ծիծաղով:
Աս-Սինդբաղ ալ-Բահրին մերթ մեղմորեն կոհակվող մերթ փոթորկալից որոտացող ձայնով պատմում էր ծովերի ամեհի հորձանուտի խորքում կանաչ պարիսպների պես վեր խոյացող ծառերով պատված Զաբագ կղզու մասին, որի սև մաշկով ու տափակ քթերով բնակիչները, արդարամիտ Ալլահը թո՛ղ ջահաննամի անշեջ կրակով հատուցի նրանց ոճիրները, չէին խորշում խորովել ու լափել մարդամիս:
-Ռուխ թռչունի ճուտն ունի արմավենու բնի չափ պիրկ և հաստ ոտքեր ու հսկայական է՝ ասես մարտական փիղը: Նա չի կարողանում գետնից կտրել իր ծանր մարմինը, սակայն վազում է մեր խալիֆի ամենից լավ նժույգից էլ արագ: Նրա կտուցն ամուր է ասես պողպատակոփ տեգ, իսկ մագիլները կեռ են ու մահաբեր: Վայ այն մարդուն, ում վրա կդարձնի իր աչքերի հրաբորբ հայացքը Ռուխ թռչունի ճուտը: Ասում են, որ մեծանալով Ռուխը սնվում է փղերով ու ալ-կարկադան անվանյալ կենդանիներով, սակայն եթե մեկն ասի, թե ինքը տեսել է Ալլահի ստեղծած արևի վրա իր թևերով ստվեր ձգող այդ թռչունին, ստում է, որովհետև Ռուխին նայողը տեսնում է իր անխուսափելի մահը:
Ալլահը վկա, Աս-Սինդբադ ալ-Բահրիի աչքերը փայլում էին ագահությամբ, երբ նա պատմում էր Ռուխ թռչունի ու գերանաչափ օձերի երկիր Մադագասկար կղզու հակինթների, զմրուխտների և ալմաստների մասին: Ալլահը վկա, Աս-Սինդբադ ալ-Բահրիի աչքերում շողշողում էր խենթությունը, երբ նա պատմում էր Մադագասկար կղզուց հեռանալիս իրենց նավին հանդիպած ահարկու փոթորիկի, այդ փոթորիկի խորքում մշտապես տիրող դժոխային գիշերվա, ժայռաբեկորների չափ մեծ ու կարծր կարկտահատիկների մասին: Նրա աչքերը շանթեր էին արձակում ու ձայնը դղրդում էր, երբ խոսում էր իրենց նավը ջախջախած վիթխարի ալիքների, տաշեղի պես դես ու դեն քշվող մակույկով տաս հոգով երկարատև փրկության և միայն յոթ հոգով Միհրաջան կղզի հասնելու մասին, որովհետև մյուս երեքը, բոլորի հետ հավասար վիճակ նետելով, զոհել էին իրենց ընդհանուր փրկության համար:
Սարսափազդու տանտիրոջ այդ խոսքերը լսելիս ես դողում էի վախից, որովհետև մարդակերության եղկելի սովորությանը մեկ անգամ տուրք տված մարդը վտանգավոր է, ինչպես Ալլահի ստեղծած այն ամեհի գազանները, որոնց որսը զորեղ մարդիկ համարում են իրենց քաջության պսակը: Հաջորդ պահին ես կարմրում էի ամոթից, որովհետ Աս-Սինդբադ ալ-Բահրին խոսում էր անհավատների այն պիղծ ու մշտապես ձյունապատ երկրի մասին, որտեղ կինը պատկանում է իր ցեղի բոլոր տղամարդկանց, իսկ բոլորը տղամարդիկ պատկանում են կնոջը: Մեղքի ու հեշտասիրության այդ լեռնային երկրում կնոջ հետ խառնակվել ցանկացողը նրա ամուսնու տան դռան մոտ էր թողնում իր գավազանը, իսկ ամուսինը այդ դեպքում կամ տուն չէր մտնում, կամ, ցանկություն զգալով, ներս էր գնում և միանում էր այդ չտեսնված պղծությանը:
Իր զարմանահրաշ կյանքը պատմելիս՝ աս-Սինդբադդ ալ-Բահրին քահ-քահ ծիծաղում էր իմ սարսափի ու իմ ամոթի վրա: Նրա ծիծաղին միանում էին հյուրերն ու մերկ ստինքներով գեղեցկատես ստրկուհիները, և, Ալլահը վկա, միայն սպիտակամորուս հնդիկն էր իր բարակ ձայնով քթի տակ մրմնջում աղոթքի կամ նզովքի տարօրինակ խոսքեր:
Ահեղ դատաստանի օրը Ալլահը կների իր թշվառ ստրուկին, որովհետև իմ կատարած հանցանքները չնչին են նրա աստվածային մեծության առջև, ինչպես օվկիանոսի անսահմանությանը նետված քար, սակայն աս-Սիինդբադ ալ-Բահրիի տանը ինձ լքել էր Տիրոջ մեծագույն պարգևը՝ հույսը: Կարծում էի, որ ապրում եմ իմ խեղճ կյանքի վերջին ժամերը և Ալլահից հաստատակամություն էի խնդրում վախճանս, որն ըստ երևույթին սոսկալի պիտի լիներ, ուղիղ հայացքով ու շիտակ սրտով դիմավորելու համար:
Ենթարկվելով իրենց տիրոջ նշանին՝ մերկ ստինքներով ստրկուհիները նորից շջապատեցին ինձ: Ծիծաղելով ու իրեց հեշտասեր մարմիններն անամոթաբար քսելով իմ մարմնին՝ ոլորեցին ձեռքերս և ստիպեցին կռանալ գոտկից, իսկ սպիտակամորուս հնդիկն, իր անհասկանալի բառերը քրթմնջալով, մոտեցավ ու գինու մեջ թրջած բարակ ճիպոտով ձաղկեց հետույքս:
-Ով անծանոթ,- ինձ պատած սարսափի և ցավի մեջ պայթեց զարհուրելի տանտիրոջ ձայնը,- ով անծանոթ, այս ճիպոտներն ընդունիր որպես ամենակարոող Ալլահի ուղարկած փորձություն և պարգև: Մեր աննման խալիֆին մատուցած ծառայությունների համար ես ունեմ տարեկան երեք մարդ անպատիժ սրատելու իրավունք: Այս ճիպոտերը քո կյանքի փրկագինն են և Ալլահից այլևս երբեք չդժգոհելու խրատը, որովհետև նա է Բարձրացնողն ու Նսեմացնողը, իսկ մենք ենթակա ենք նրա կամքին: Նա է իր անմեկնելի իմստնությամբ սահմանել, որ մեկը հարուստ է, մյուսը՝ աղքատ» մեկն առյուծ է, մյուսը՝ բորենի, մեկը գայլ է, մյուսը՝ ոչխար:
Ինձ թվաց, թե սուզվում եմ բոսորագույն մշուշի մեջ: Արյան անձրև ու սրերի շեղբերին նստած կարմիր ցող պատկերացրեցի: Աս-Սինբադ ալ-Բահրիի ձայնը կոկորդային թվաց, ասես դիակներով լի մարտադաշտի վրա ագռավերի երամ էր կռկռալով պտտվում:
Հետո պիրկ ստինքներն ու տաք ձեռքերը դուրս հրեցին ինձ՝ զգացածս ցավին հեշտասիրություն խառնելով: Դրսում հասկացա, որ օրն արդեն անցել է: Շալակեցի ծանր թվացող պարաններս ու, ուժահատ մարդու պես ոտքերս մի կերպ քաշ տալով, քայլեցի դեպի տուն՝ գոհություն հայտնելով բարձրյալին իմ անսպասելի փրկության համար, երբ համոզված էի, որ ապրում եմ կյանքիս վերջին օրը:
Աս-Սինդբադ ալ-Բահրիի այլասերվածության տեքստային ակնարկները
«Գրանիշ» հանդեսում տպագրության նախապատրաստելիս՝ գրականագետ Հասմիկ Հակոբյանի խորհրդով արաբատառ տեքստի թարգմանությունից հանեցի վերջին՝ Ալլահի փառաբանական մասը: Գրականագետն իրավացի էր. Ալլահի անըմբռնելի հատկանիշների և խորհրդանշական անունների թվարկումը հազիվ թե հետաքրքիր լիներ ժամանակակից ընթերցողին:
Անանուն բեռնակրին վերագրված տեքստը ստիպեց ինձ մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ վերընթերցել «Библиотека великих писателей» մատենաշարի «Հազար ու մեկ գիշերվա» շքեղ հատորի 229-281 էջերում զետեղված հեքիաթը: Սինդբադ-ծովագնացի առաջին երկու ճամփորդությունները նկարագրող պատմություններն արաբական բանահյուսության փառահեղ նմուշներ էին՝ լի ապշեցուցիչ աշխարհագրական փոխաբերություններով ու նախքան Մուհամմադ մարգարեի երկարաշունչ ու սրամերկ քարոզներն Արաբական թերակղզին ու այն երեք կողմից շրջապատող ծովը բնակեցրած առասպելական արարածներով: Մտածեցի, որ իր բլրաչափ ձագերին փղերով կերակրող Ռուխ թռչունի ու կղզու հետ շփոթած կետ ձկան հետ հանդիպած Սինդբադ-ծովագնացը հարուցում է ընթրցողի համակրանքն ու կարեկցական խղճահարությունը: Իրենց ահռելի չափերի պատճառով արդեն իսկ մարդու համար անըմբռնելի, օտար, հանելուկային այդ ուժերի հետ բախված Սինդբադի կերպարում ընթերցողը որոնում և գտնում է անըմբռնելի Տիեզերքի առջև անպաշտպան իր անհատականության բնորոշ գծերը:
Երրորդ ճանապարհորդությունը կարող է հարուցել ուշադիր ընթերցողի տարակուսանքը: Ակնհայտ է, որ ալ-Բահրիի իրական պատմությունը կեղծողները քաջ ծանոթ են եղել կույր ռապսոդի նշանավոր գրական կոթողին, որովհետև Սինդբադի ընկերներին խժռած հսկայի նկարագրում մենք միանգամից ճանաչում ենք միաչքանի կիկլոպ Պոլիփեմոսին: Սրածայր բրի օգնությամբ միաչքանուն կուրացնող Ոդիսևսի հնարամտության կրկնություն է ապահովում նաև Սինդբադի ոււ նրա ընկերների փրկությունն այդքան սարսափելի խոհարարական հակումներ ունեցող հսկայի ճիրաններից:
Նախքան գործողության վայրում հրեշավոր մարդակերի հայտնվելը Սինդբադի և նրա ընկերների պահվածքը միանգամայն անիրական, անհնարին է թվում: Հանգած խարույկի ածխաշեղջի մոտ հայտնաբերելով մարդկային ոսկորների մեծ կույտեր՝ հեքիաթային ծովագնացն ու նրա ընկերները ցուցաբերում են զարմանալի անհոգություն: Նրանք չեն հեռանում ակնհայտորեն չարագուշակ վայրից, մինչ վերադառնում է մարդակեր հսկան ու, բոլորի մարմինները տնտղելով, շամփուրի քաշում, խորովում և խժռում նավապետին, որովհետև նա ամենից յուղոտն ու հաստլիկն էր: Մարդակերի ընտրության ու նավապետի գաստրոնոմիկ վախճանի տեսարանը հավանաբար ակնարկում է, որ գոյություն ունի նաև աս-Սինդբադ ալ-Բահրիի առաջնորդած և ապստամբների հաղթանակով ավարտված որևէ նավային խռովության մեզ անհայտ պատմություն:
Ընթերցողի տարակուսանքը փոխակերպվում է սարսափի և Սինդբադի այլասերված լինելու վերաբերյալ համոզվածության, երբ նա հասնում է աննկուն ծովագնացի չորրորդ նավարկության պատմությանը: Իրենց զոհերին գյուղական անասնապահի համառությամբ կերակրող մարդակերների դրվագը զարմանք չի հարուցում, որովհետև պատանեկոթյան տարիներին Ժյուլ Վեռնի արկածային գրիչով հմայված ուշադիր ընթերցողին հայտնի են ծովագնացների և մարդակերների վայրենի ցեղերի առնչության բազմաթիվ պատմություններ:
Սակայն Սինդբադի և չքնաղ հնդկուհու ամուսնության, դեռատի կնոջ անսպասելի մահվան ու, ըստ երևույթին իրական Հնդակստանում ժամանակին լայնորեն տարածված բարբարոսական ծեսերից մեկով ներշնչված և ծովագնացի անիրական Հնդկաստանում մահացածի հետ նաև նրա կողակցին համընդհանուր շիրմատան դեր կատարող քարանձավ իջեցնելու սովորույթի վերափոխված դաժանության մասին պատմող դրվագներից ուշադիր ընթերցողն ինչ-որ տարտամ անհանգստություն, ինչ-որ ինտուիտիվ կասկած է զգում: Կասկածը փոխվում է Սինդբադի մեղսակցության մասին համոզվածության, երբ նա հասնում է հանցավոր ծովագնացի՝ քարանձավից փրկվելու պատմությանը:
Արդեն կմախքացած գանգերի սոսկալի քմծիծաղով նայող, գարշահոտություն տարածելով քայքայվող ու ուլունքանման սառն աչքերն տարածության մի անտեսանելի կետի հառած դեռ թարմ դիակներով լի այդ զարհուրանքի քարանձավում հայտնված մարդու ամենից մեծ փորձությունը նրա մենությունն է, որը կարող է խելագարության հասցնող հրեշներ ծնել: Սակայն Սինդբադը նախընտրում է սպանել իրենց կողակիցների մարմինների հետ քարանձավ իջեցված կանանց և տղամարդկանց՝ նրանց համար նախատեսված աղքատիկ պարենին՝ հացին ու ջրին տիրանալու համար:
Արժանահավատ չէ նաև Սինդբադի վարկածը քարանձավում ինչ-որ խշշոց լսելու, դիակը լափող կենդանի՝ աղվես կամ շնագայլ նկատելու ու նրան հետևելով քարանձավի ելքը գտնելու մասին: Հեքիաթային ծովագնացը պնդում է, որ այդ եղանակով ինքը կարողացել է փրկվել քարանձավում տևական ժամանակ բանտարկված մնալուց և մի քանի մարդ սպանելուց հետո: Սակայն դյուրությամբ հասանելի մարդկային մսի հսկայական պաշարներ պարունակող քարանձավի գոյությունն անհապաղ հայտնաբերած կենդանիններն իրենց ներկայությունն, ակնհայտորեն, զգացնել կտային ծովագնացին նրա իրապես դժոխային բանտարկության առաջին իսկ օրը:
Սինդբադի խոստովանությունը փրկության հաջորդ օրերին պարբերաբար քարանձավ վերադառնալու, նոր սառնասիրտ սպանությունների և դիակների ոսկյա զարդերին տիրանալու մասին բացահայտում են ծովագնացի հանցագործ էությունը:
Սինդբադի քողարկված այլասերվածության հաջորդ ակնարկը գտա նրա հինգերորդ նավարկության արկածները նկարագրող հատվածում: Սինդբադը պատմում է խաբեությամբ իր ուսերին հայտնված ու ջլապինդ, մազոտ, սև ոտքերով իր պարանոցն օղակած և իրեն ստրկացրած չարասիրտ ծերուկի մասին՝ չվարանելով նշել, որ ծերունին իր բնական կարիքները հոգում էր՝ չիջնելով գերյալ ծովագնացի շալակից: Հանրահայտ է, որ սեռական այլասերվածությունների որոշ տեսակներ զուգակցվում են կոպրոֆագիայի և ուրոֆիլիայի նողկալի սովորությամբ: Թեթևությունը, որով քաջարի ծովագնացը պատմում է իր անօրինակ նսեմացման մասին, թերևս տևական ստորացման ընթացքում նրա զգացած թաքուն սեքսուալ հաճույքի վկայությունն է:
Նախքան «Գրանիշ» հանդեսում արաբատառ տեքստի թարգմանության հրատարակվելը, եզրակացություններս կիսեցի գրականագետ Հասմիկ Հակոբյանի հետ: Հասմիկը պնդեց, որ սեռական հոգեբանության պես նուրբ հարցի մասին վստահորեն գրելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մասնագետի փորձագիտական կարծիքը: Կարծում եմ, որ այս հարցում հարգելի գրականագետը լիովին իրավացի է: Արդեն պայմանավորվել եմ ընկերոջս՝ Դավիթ Ջամալյանի հռչակավոր մորեղբոր՝ հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ: Հաջորդ կիրակի, վերցնելով մեկ շիշ թունդ ինքնաթոր, արաբատառ տեքստն ու իմ գրառումները, հյուրընկալվելու եմ նշանավոր հոգեբանին: Կարծում եմ, որ «Գրանիշի» ընթերցողին հետաքրքրելու է նաև անվանի գիտնականի հեղինակավոր կարծիքը, որը ևս, համարձակվում եմ հուսալ, իմ սիրելի ընկեր Հասմիկ Հակոբյանը չի մերժելու հրատարակել իր խմբագրած հանդեսի էջերում: