Մարիամ Մնացականյան | Հինգ առավոտ

Առավոտյան արթնացա ու տեսա, որ ձեռքիս մատները փոքրացել են: Ամբողջ մարմնով ձգվեցի, բայց ոտքերս անկողնուս միայն մեջտեղը հասան: Քթիս եմ ձեռք տալիս՝ դեռ ծուռ չէ՛: Չէ, ես Գրեգոր Զամզայի պես ուտիճ չեմ դարձել հաստատ: Մարմինս մարդու է… մանկակա՞ն: Հայելու մեջ եմ նայում. երկու մեծ, սև աչքեր միայն: Քույրս միշտ ասում էր՝ ամբողջ դեմքդ աչք ա: Նախնական տվյալներով ես երևի 3-5 տարեկան եմ, բան չեմ հիշում էդ տարիքից: Ի՞նչ անեմ, մանկապարտեզ գնա՞մ: Լավ, հագնվում եմ. վարդագույն, վարդագույն, վարդագույն. լավ էլի, մա՛մ:
– Էս էրեխեն պատուհաս ա, քանի՞ անգամ ասեմ՝ տաշտակի միջից կեղտոտ շորերը մի քրքրի, նորից հագի, ախր մաքուր լվացած դրել եմ չէ՞աթոռիդ մոտ, դա՛ հագիր, էլի՛:
Ուզում եմ ասել. «Մա՛մա, բայց վարդագո՞ւյն»: Ասելու պահին հասկացա, որ վարդագույն բառը պարզվում է՝ լավ էլ դժվար բառ է, հատկապես, երբ բերանումդ մի կարգին ատամ չկա: Մաման, էլ՛ գլուխ չի դնում հետս, թաշկինակը խցկում է շալվարիս գոտու տակ (ասա գրպանում դիր, էլի, վա՜յ), ու ձեռքս պինդ բռնում:
Գնացինք մանկապարտեզ:
Մանկապարտեզում մի լավ զռռացի: Տորք Անգեղի կազմվածքով դաստիարակչուհին ինձ ասաց՝ տափու՛կ: Մտքիս մեջ իրեն մի երկու լավ բառ ասացի, գնացի մտա իմ անվանական պահարանը. վրան բալ էր պատկերված, բայց ես սերկևիլով էի ուզում: Ո՜ւֆ, լավ: Պահարանի դուռը ներսից փակեցի: Լավ էլ տեղավորվում եմ, սպասեմ մամային:
Հետ գալուց դիմացի «բուդկայից» մաման ինձ համար «թզուկ» պաղպաղակ գնեց. շատ համով էր:
Քույրս դպրոցում էլի հինգ էր ստացել գրականությունից, բայց օրագրում մաթեմատիկայի դիմաց դատարկ էր: Մաման բազմանշանակ նայեց քրոջս երեսին:
Արթնանում եմ: Ամբողջ մարմնով ձգվում եմ: Ոտքիս բութ մատը վերմակիցս դուրս մնաց: Հուսով եմ՝ ուսումնական տարի չէ, թե չէ մանկապարտեզի Տորք Անգեղին կուզեի: Պատուհանից դուրս եմ նայում. լիքը երեխաներ են. էս ի՜նչ ձայն են դրել: Շոգ է, հաստատ հուլիսը կլինի: Չիջնե՞մ՝ խաղամ: Դռան զանգն ուժեղ տվեցին. մեր հարևան երկու տղաներն են, ինձ են կանչում: Երկուսի կենտրոնացած, խոժոռ հայացքներից հասկացա, որ բան է պատահել: Պարզվեց՝ դիմացի բակի երեխաները մեզ ձեռնոց են նետել՝ «ֆիշկա» ենք խաղալու: Տասներկու «ֆիշկա» միանգամից խփեցի, շուռ տվեցի: Բակի տղաների դեմքերից հասկացա, որ այսօրվանից հեղինակություն եմ դառնում ու… տղաներից մեկին ուղարկեցի մեր պատուհանի տակ՝ մամայիս ձայն տալու, որ գնդակս գցի՝ ֆուտբոլ խաղանք: Խաղի ընթացքում դիմացի բակի տղաներից մեկի մայրը եկավ, ասաց, որ իր տղայի ձեռքից շատ հազվագյուտ «ֆիշկա» եմ տարել: Ուզում էի ասել՝ չեմ տարել, հաղթել եմ, բայց հետ տվեցի: Առաջին անգամ հասկացա, որ եթե հաղթանակիդ վկաները պաշտոնով բարձր չեն, ուրեմն դու հեչ էլ չես հաղթել:
Ուշ ժամի իջա հեծանիվ քշելու, տեսնեմ՝ ինձնից մի քանի տարով մեծ տղաներ մոտեցան. հեծանիվս են ուզում խլել: Անճարությունից լաց եղա: Մամաս պատուհանից տեսավ, իջավ հեծանիվս հետ վերցրեց: Այդ պահին հասկացա, որ աղջիկ եմ, մեկ-մեկ լացեմ, էլի՛. ինչ կլինի՞ որ:
Քթիցս արյուն է գալիս: Բակի տղաներից մեկն ինձ աստիճաններից հրել էր: Թիկունքից էր հրել: Թեքվում եմ, որ դեմքը հիշեմ: Մի քանի ժամ հետո բռնացնում եմ նրան բակի հետնամասում. կռվի ենք բռնվում անձայն, որ հանկարծ տանեցիները չլսեն: Աչքի տակը կարմրեց. արդեն կարող եմ գնալ: Այդ օրվանից քիթս մի քիչ էն չի:
Երեկոյան կողմ պառկած թեյ եմ խմում: Մայրս մոտեցավ, ասաց՝ հյու՛ր ունես: Տեսնեմ՝ ընկերներիցս մեկն է: Ժպտալով մոտեցավ, ասաց.
– Ուզու՞մ ես տրամադրությունդ բարձրացնեմ: Արի, տես՝ քեզ ինչ եմ բերել:
Տեսնեմ՝ հոլ է՝ սիրուն, գունավոր թելով փաթաթված: Ընկերս իր ձեռքով մեծ քրոջ եղունգների ներկով սիրուն ծաղիկներ էր նկարել վրան, որ պտտվելուց գեղեցիկ երանգներ ունենար: Սովորեցի հոլ պտտեցնել:

Առավոտյան արթնացա, գնացի լվացվելու: Հայելու մեջ եմ նայում. մարմինս ձևափոխվել է. չգիտեմ՝ նույնիսկ լա՞վ է, թե՞ չէ: Ինչ որ է: Մազերս ձիգ կապում եմ, շուրջս եմ նայում. տունն ուրիշ է: Սենյակի կենտրոնում դաշնամուր է դրված՝ վրան լիքը նոտաներ, նոտաների վրա մատիտով արված լիքը նշումներ. «քաշվեցի՜, ուրեմն արդեն դաշնակահար եմ»: Փաստորեն վատ չեմ նվագում, մի քանի օրից պիտի ելույթ ունենամ:
Շոպենի նոկտյուրններն եմ նվագում, մեղեդին մատներիս ծայրին է, հնչյուններն ականջիս են հասնում, ու աշխարհս փոխվում է: Այս առավոտն ամենաբարին էր: Համերգից հետո մայրս հուզված է, հպարտությունից աչքերը փայլում են, տեսնեմ՝ մի կնոջ հետ է խոսում. երևի ինչ-որ լավ բան է ասում:
Ռոք երաժշտության հետ եմ ծանոթանում: Ընկերուհիներով գնում ենք գանգերով վզնոցներ առնելու: Ընկերուհիներ ունեմ, բա՜: Սենյակիս պատերն ամբողջովին ծածկված են հայտնի ռոքերների պաստառներով: Դպրոցի տնօրենը կանգնեցրեց, ասաց, որ եղունգներս սև չներկեմ ու վրայիս գանգերը հանեմ:
Չհանեցի:
Դասարանում ասում են՝ էմո՛ ես:
Էմո չեմ:
Մարդ եմ:
Դաշնակահար չեմ:
Մարդ եմ:
Աղջիկ չեմ:
Մարդ եմ:
Ինչո՞ւ չեք հարցնում՝ մա՞րդ ես:
Ընկերներիցս մեկը հրավիրում է զբոսնելու: Առանց հայելու մեջ նայելու՝ իջնում եմ ցած: Ասում եմ՝ գնա՞նք հեծանիվ քշենք, ասում է՝ չէ՛, կգա՞ս ուղղակի ման գանք: Դանդաղ ճեմում ենք: Երեկոյան կողմ է: Ինձ հարցեր է տալիս.
– Ինչի՞ մասին ես երազում… ո՞ր գույնն ես սիրում… ո՞ր երկրում կուզեիր ապրել… ի՞նչ անուն ես սիրում… ի՞նչ տիպի տղա ես հավանում…
Պահոոո՜:
– Կլինի՝ հոլ բերես՝ ֆռռացնենք:

Առավոտյան արթնանում եմ զարթուցիչի ձայնից: Դաժան առավոտ է, ու հաստատ ավտոբուսից ուշանում եմ: Դաշնամուրի քննության եմ. Պրոկոֆև եմ նվագելու: Նոտաները գիրկս նստում եմ ավտոբուս ու ծնկիս վրա բարդ պասսաժներն եմ փորձում. մարդիկ ինձ են նայում,- դե լավ, էլի՛: Պրոկոֆևը բացի կոմպոզիտոր լինելուց նաև լավ շախմատիստ էր: Բա ես դաշնակահար լինելուց բացի է՞լ ինչ եմ: Մա՛րդ եմ: Մի ժամանակ դա ինձ բավարարում էր, բայց հիմա…
Ուշացա քննությունից:
Համալսարանի պատերից սպեցիֆիկ հոտ է գալիս: Կուրսեցիներս ասում են՝ հնության հոտն է: Բայց ինձ դուր է գալիս. թող հին լինի:
Սկսում եմ դեպքերը մոռանալ, դեմքերը՝ նույնպես: Միայն էմոցիաներն եմ հիշում, գույներն ու բույրերը: Հին ընկերներս հեռու են: Սկայպով մեկի հետ կապվեցի: Սկզբում ձայնից վախեցա, մորուք էլ ուներ, էլ հոլ չէր պտտեցնում, ինձնից էլ ամաչում էր ու չհարցրեց՝ ի՞նչ տիպի տղա եմ հավանում, գտե՞լ եմ հավանածիս, թե՞ չէ: Հա՛, գտել եմ, անունը՝ Յոհան: Յոհան Սեբաստիան Բախ:
Առանց պատճառ շատ եմ տխրում: Երևի միշտ է այդպես: Մարդկանց քիչ եմ ժպտում, շատ եմ տնտղում: Հաջողություններից բավարարություն չեմ ստանում, ինքս ինձնից ու աշխարհից՝ նույնպես: Աշխարհի մասին շատ բան գիտեմ արդեն, բոլոր պետությունների ներքաղաքական իրավիճակից նույնպես պատկերացում ունեմ: Բայց աշխարհը լայնանալու փոխարեն գնալով նեղանում, նեղանում, փոքրանում ու փոքրանում է: Մնում է միայն գիրք կարդալու հաճույքը: Ինչ գիրք ուզում է լինի, կարևորը՝ հեղինակ ունենա ու կերպարներ: Մնում է մեկ էլ երաժշտությունը, ծնողներիս հպարտ հայացքը, ընկերներիս հետ մեկ-մեկ խմելը…
Ծնողներիս հպարտ հայացքը սրան չէր վերաբերում:

Առավոտյան չեմ ուզում արթնանալ. գնալու տեղ չունեմ: Քնեմ, էլի՛, գիտե՞ս՝ քանի տարի մի կարգին չեմ քնել ու մոռացել եմ երազ տեսնելու արվեստը: Սուրճի բաժակը ձեռքումս սեղմած, մազերս դես ու դեն՝ անշտապ ու ալարկոտ քայլում եմ: Հայելու մեջ եմ նայում. փոխվել եմ: Արագ մատներիս եմ նայում,- թու՛, թու՛, թու՛,- ամուսնացած չեմ: Մտածում եմ՝ տեսնես մի օր կգա՞, որ ամուսնություն բառից հետո չասեմ՝ թու՛, թու՛, թու՛: Լավ, ինչի՞ մասին եմ ուզում մտածել, երաժշտությա՞ն, չէ՞, ինչի՞, ի՞նչ պատահեց էս առավոտ:
Դուրս եմ գալիս զբոսնելու: Մտքովս էլ չի անցնում՝ զանգեմ ինչ-որ մեկին, որ ինձ ընկերակցի: Լռության ձայնն եմ վայելում; Լռությունն ուրիշ հնչողություն ունի՝ մեկ-մեկ խլացնող: Մի ժամանակ լռության մեջ կոկորդս բարձր մաքրում էի, որ հավատամ իմ գոյությանը: Հիմա լռությունն ինձ չի հերիքում: Ականջներս էլ եմ փակում, աչքերս էլ, որ ուրիշ գույներ ու բույրեր էլ զգամ: Հետո հեռվից, շա՜տ հեռվից թռչունների ձայնն է հասնում ականջիս. Տեսնես՝ ի՞նչ են խոսում, ինչի՞ համար են մտահոգվում, ինչի՞ց են ուրախանում: Երաժշտությո՞ւն: Ո՞վ ասաց, որ էլ հետաքրքիր չէ: Ամեն ինչն է երաժշտություն, ուղղակի դրանք գրելու համար Բախ է պետք, իսկ ես Բախ չեմ:
Մի րոպե, հաստա՞տ Բախ չեմ:
Նստում եմ նստարանին ու գիրք եմ կարդում: Շատ դանդաղ եմ կարդում, քմծիծաղով եմ կարդում: Այդ ինչպես է ստացվում, որ հեղինակը սկսում է նշանակություն ունենալ, հեղինակը սկսում է հեղինակություն չլինել, կերպարները դառնում են թղթից ու հեշտ այրվող:
Այս առավոտ ոչնչից չզարմացա:
Իսկ հաջորդ առավոտ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *