Քրիստոֆ Ռանսմայր | Մուրճի և սալի արանքում

 

1918 թվականը աշխարհացունց քաղաքական փոթորիկների տարի էր, երբ իրար հետևից խորտակվում էին դարերով գոյություն ունեցող երեք միջին եվրոպական կայսրությունները՝ գերմանական, ավստրո-հունգարական, ռուսական: Զուգահեռաբար վերածնունդ էին ապրում նախկիններում աշխարհի քարտեզից ջնջված և ահա մոխիրներից հառնող պետություններ՝ Լեհաստանը, Լիտվան, Չեխոսլովակիան…

Դեռևս 1915 թ. գերմանական ազատ-դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Նաումանի կողմից քաղաքական քննարկման դրվեց Միջին-Եվրոպա հասկացությունը, որը ենթադրում էր այդ բազմազգ ու բազմադավանանք աշխարհագրական տարածքի միավորումը մեկ-միասնական պետական կազմավորման մեջ՝ Գերմանիայի մշակութային տիրապետության տիրույթում, գաղափար, որի ուտոպիական բնույթն ու սնանկությունն ակնհայտ դարձավ արդեն 1918-ի պատմական իրադարձությունների խառնարանում: Պարզվեց, որ այնտեղ ապրող առանձին ժողովուրդներն ունեին սեփական ազգային պետություններն հիմնելու իրենց նվիրական երազանքը՝ հաճախ ի հեճուկս, անգամ ի վնաս մյուսների: Այս երկու իրարամերժ, հավերժապես փոխբացառող, ցանկալիի և իրականի գաղափարներն են ընկած Քրիստոֆ Ռանսմայրի պատմվածքում մարմնավորված փաստաբան Լիբերմանի և կայազորի հիվանդանոցի բժիշկ Սուչեկի թաքուն ու բացահայտ բանավեճի հիմքում: Ռանսմայրը միանշանակ կազմաքանդում է որևէ մեծազոր տերության հովանու ներքո միջին եվրոպական ժողովուրդներին համասեռ զանգվածի վերածելու և դրանով իսկ նրանց խաղաղ համագոյակցության պարտադրման կամ ապահովման գաղափարը, միաժամանակ քննադատության հակառակ սլաքն ուղղելով նաև այդ նույն ժողովուրդների ազգայնական կեցվածքին, ազգային եսասիրության ու անհանդուրժողականության հանգամանքին: Հայեցակետ, ինչն այսօր էլ արդիական է: Բայց սա կարելի է նաև իբրև անջատողականության նորօրյա քարոզ նկատել, հատկապես քաղաքականության այն սուբյեկտների առնչությամբ, որոնք ձգտում են ավելի ներփակ, քան թե բաց ազգային-պետական համակարգերի: Այն, ինչը ցօրս չլուծված խնդիր է մնում միջին եվրոպական տարածաշրջանի համար, առավել կամ պակաս պարբերաչափով իր լուծմանն է սպասում նաև հարակից, ապա և աշխարհագրական ամենահեռու լայնություններում ինքնահաստատվել ձգտող այլևայլ էթնոս-ցեղախումբ-ժողովուրդ-ազգ միավորների համար:

Քրիստոֆ Ռանսմայրը ծնվել է 1954-ին Ավստրիայի Վերին Ավստրիա երկրամասի Վելս բնակավայրում: 1972-78 թթ. փիլիսոփայություն և ազգագրություն է ուսանել Վիեննայի համալսարանում: Իբրև ազատ լրագրող երկար տարիներ թղթակցել է Վիեննայում լույս տեսնող հեղինակավոր Էքստրաբլատ, Տրանսատլանտիկ, Գեո և Մերիան պարբերականներին: Իր գրական երախայրիքը հանդիսացող Պայծառ կործանում բանաստեղծական հատորյակի (1982), ապա և Սառույցի սարսափը վեպի (1984) լույս ընծայումից հետո թողնում է լրագրողական գործունեությունը և ցօրս ապրում է իբրև ազատ ստեղծագործող: 1994-ից մշտապես բնակվում է իռլանդական Կորկ քաղաքում: Ռանսմայրին մեծ համբավ բերած նշանավոր վեպերն են՝ Վերջին աշխարհը (1988), Մորբուս կիտահարա (1995), Թռչող լեռը (2006), Վեհերոտ մարդու ատլասը (2012) ևն:

Վախճանաբանական թեմաների՝ կործանումների, աղետների, հայտնութենական տեսիլքների, մարդկության ապագայի հանդեպ անթաքույց վախով լցված՝ հորինաստեղծ աշխարհների հնարակերտողն ու հետազոտողն է Ռանսմայրը: Նրա երկերում ճգնաժամերին ու վերահաս աղետներին դիմակայելու մղումը առաջընթաց զարգացման հիմնարար քննադատության հեղինակի ներքին համոզմունք է: Նա դիմում է մարդկության անցյալի ճգնաժամային աղետներին՝ գալիք աղետների կանխատեսման, լուսաբանման և ըստ հնարավորի՝ կանխման նպատակով: Եվ եթե հաջողվում է անգամ կյանքի հեղհեղիկությունը արվեստի հաղթանակներով կերպափոխել, միևնույն է գոյության հանելուկը մնում է անլուծելի: Ռանսմայրը մետաֆիզիկ չէ, այլ մարդկային ազատության ջատագով: Իր ինչ-որ տեղ թափառաշրջիկ կենսակերպի բերումով՝ նա իրեն կիսաքոչվոր է անվանում: Նրա փոքր ժանրի արձակ մանրապատումները, որոնցում նա կանխագծում է Քնոսոսի լաբիրինթոսի կառուցման, 1453 թ. Կոստանդնուպոլսի վերջին օրվա կամ 1918 թ. Գալիցիայում Պրժեմիշլի Ազատ Հանրապետության հռչակման ձախողման իր տեսիլքները, հիշողություններ են այն մասին, որ դրանք ոչ միայն պատահել են իրականու՛մ, այլև որ ժամանակին նաև հնարավո՛ր են եղել:

Աշոտ Ալեքսանյան

ՊՐԺԵՄԻՇԼ

Միջին-եվրոպական ուսումնական ձեռնարկ

1997

1918 թվականի Բոլոր սրբերի տոնակատարության օրը, հրազենային վերքից Լուդվիգ Ույբերալի արյունածորելուց երկու շաբաթ առաջ, Պրժեմիշլի[1] Օղակաձև հրապարակում սկսվել էր Ոսկե դարաշրջանը: Այսպես էր համենայնդեպս կանխագուշակում մի փաստաբան, ով Օղակաձև հրապարակի մայրիների ներքո այդ մեղմ նոյեմբերյան երեկոյան ելույթ էր ունենում ջահակիրների ու ստվար բազմության առաջ: Պրժեմիշլում ճանաչում էին Հերման Լիբերմանին՝ ճառասացին, որպես Գալիցիայի սոցիալ­­-դեմոկրատական կուսակցության առաջնորդի և որպես բարեկիրթ մի մարդու, ով ամեն կեսօրից առաջ Գրանդ Կաֆե Շտիբերում լրագիր էր ընթեռնում, միջօրեին ճաշում էր կայարանային Քոն ճաշասրահում և տարիներ առաջ ապարդյուն փորձ էր ձեռնարկել ամուսնանալու  Գիզովսկի ընտանիքից սերող Հելենե Ռոզենբաումի հետ: Սակայն կիրքը, որով պարոն փաստաբանն այդ երեկո խոսում էր, իր ունկնդիրների մեծագույն մասին անծանոթ էր: Ոսկե Դարաշրջա՜ն… Գեղեցիկ, անչափ գեղեցիկ էր հնչում այդ ելույթի սկիզբը: Պարոն փաստաբանը մշտապես կարդում էր բազմածալ թերթիկին գրված հռոմեացի մի բանաստեղծի խոսքերը, բանատողերը, երկարուձիգ բանատողերը և ասաց, որ այսպիսի կամ առնվազն սրա նման մի բան պե՛տք է հիմա նաև Գալիցիայում հաստատվի. «Ոսկե դարաշրջանում ո՛չ սաղավարտ կար և ո՛չ էլ սուսեր: Չունենալով զինվորների կարիք՝ ժողովուրդներն այնտեղ ապրում էին անհոգ ու հեզանուրբ խաղաղության մեջ»…

Պրժեմիշլի Ազատ Հանրապետությու՛ն, այնուհետև բացականչեց Լիբերմանը և ձեռքը բարձրացրեց խմբավարի հանգույն, որ ոչ թե ձողիկով, այլ դատարկ բռունցքով էր չափ տալիս – Պրժեմիշլի Ազատ Հանրապետությունը, որի հիմնադրումն այստեղ և այսօր նման մի ցնծությամբ հռչակվեց, ցնցեց ավստրո-հունգարական իշխանությանը, որպեսզի ի վերջո աշխարհով մեկ տարփողի այն, ինչը Վիեննայում ու Բուդապեշտում մշտապես խոստանում էին, հուսահատ հավաստիացնում մինչ ի մահ, և որը Միջին եվրոպական երկրներում, այսպես կոչված Թագահպատակ երկրներում, երբեք իրականություն չէր դարձել. իրավահավասար ազգերի խաղաղ համագոյակցություն՝ բազմաձայն ու ժողովրդավարական պետության մեջ: Քաղաքի լեհ, ուկրաինացի ու հրեա ազգաբնակչությունը, նաև լուծարված կայսերական և թագավորական կայազորի խորվաթ, հունգար և բոհեմացի զինվորները պետք է ա՛յս Հանրապետությունում բարեկեցիկ, բայց որ ավելի կարևոր է՝ միասնական ապագա կերտեն, և … փաստաբանը կարճատև, շունչը հետ բերելու չափ դադար տվեց, ձեռքերը ցած բերեց և ապա դանդաղորեն ասաց՝ ավելի շուտ ինքն իրեն, քան հանկարծակի անհանգիստ դարձած բազմությանը. և հետագայում գուցե նաև Հայրենի՛ք:

Բազմաձայն հայրենիք, ազգերի ընտանիք, ծաղկող դանուբյան երկրներ և Հաբսբուրգների կործանման ժառանգությունը, մի խոսքով. Ազատ Միջին Եվրոպա: Լիբերմանն անդրադառնում էր մի հնամենի կարոտաբաղձության պատկերներին, որոնցով նաև ավստրո-հունգարական անցյալի մասին արտահայտվող շատուշատ բանախոսներ էին իրենց ելույթները զարդարում և որոնցով նաև միջինեվրոպական ապագայի մասին ճամարտակող շատուշատ ճառասացներ ու հոդվածագիրներ էին իրենց ճառերն ու գրվածքները պճնում: Սակայն այս պատկերները չէ, որ բազմությանն հանկարծակի անհանգիստ արեցին, այլ ընդամենը մի քանի ուկրաինական սայլապաններ, որ օղեգործ Ֆեդկովիչի դարպասին էին դեմ արել երկու ջահակիրների և այնտեղ ջանում էին նրանց ձեռքից կրակը խլել: Թե արդյոք սայլապանները հարբա՞ծ էին կամ կուրացե՞լ էին Լիբերմանի ճառի ուտոպիական փայլից, ճառասացի ամբիոնի բարձունքից հնարավոր չէր զանազանել: Լիբերմանն արեց այն, ինչը շատուշատ ճառասացներ են անում, երբ ժողովուրդը վերջապես սկսում է շարժվել. նա սպասողական դիրք գրավեց:

Սայլապանները վերջապես տեղի տվեցին դեպքին ուշադիր հետևող և գնալով չարացող ջահակիրների գերազանցող ուժի առաջ և հետ քաշվեցին կամարակապ ծառուղու խորումութ ստվերների մեջ: Օղեգործի դարպասի առջևի ջրափոսում ծխախոտի մի գլանակ հանգցվեց: Կոտորակված ձայնով, անէծքների շարան տեղալու պես, կամարակապ անցուղու խավարամած խորքից տղամարդկային լուսապայծառ մի ձայն հնչեցրեց ուկրաինական մի երգի առաջին ելևէջները. Շչե նե վմեռլա Ուկրաինա … Դեռ չի՛ մեռել Ուկրաինան: Պրժեմիշլի հանրապետականների բարձր գոչյունները սակայն տեղնուտեղը խլացրեցին նաև այս խափանարար փորձը:

«Ընկերնե՛ր, համաքաղաքացինե՛ր, բարեկամնե՛ր…», կրկնում էր Լիբերմանը, այժմ վերստին բարձրաձայն ու ինքնավստահ, դիմելաձևերի ընդունված կարգով, որ նա գործածում էր նաև Գրանդ Կաֆե Շտիբերում ամեն անգամ, երբ նա անսպասելիորեն կտրվում էր ժողովրդավար այրերի մտքերի փոխանակման կարմիր-սեղանային փրփրաբերան շոգեխանգարմունքից և ձայնի վերամբարձ հնչերանգով դիմում էր ստվարաքանակ սրճարանային հասարակությանը: Աստիճանաբար մարեց իրարանցումը Օղակաձև հրապարակում: Ոգևորության աղմուկ-աղաղակը տեղի տվեց ընդարմացման անդորրի առաջ, որ տարածվում էր պատգամախոսի ամբիոնի շուրջբոլորը, ինչպես տապի ու սառնամանիքի կտրուկ փոփոխությունից տրաքած տակառի միջի հեղուկը:

«Ընկերնե՛ր, համաքաղաքացինե՛ր, բարեկամնե՛ր… Միապետությունը կարող էր դառնալ Եվրոպայի սիրտը, սակայն նա կորցրեց իր այդ հնարավորությունը, մսխեց այն: Միապետությունը երես թեքեց իր սլավոն մեծամասնությունից և ժողովուրդների խաղաղ համագոյակցության փոխարեն ի ցույց դրեց ազգերի խղճուկ ու հնամաշ բուրգը, որի գագաթին այսպես կոչված պետականակերտ ազգությունն է գահակալում – գերմանացիները: Միապետությունը, ընկերնե՛ր, չհասկացավ, որ միջին-եվրոպական ժողովուրդներից որևէ մեկը բավականաչափ հզոր չէ, որպեսզի ի զորու լինի իշխելու մյուսներին: Չհասկացավ, որ հենց միայն ա՛յս պատճառով արդեն իսկ քաղաքական բանախոհությունը այս ժողովուրդների հաշտեցման ու իրավահավասարության պահանջ է դնում: Եվ ուրեմն միապետությունը պե՛տք է այսպիսով խորտակվի՝ ինչպես յուրաքանչյուր կայսրություն, երբ այն կորցնում է ժամանակի հրամայականի բնազդը: Այժմ, ընկերներ, մեր ուսերին է դրված այս կայսրության ավերակների վրա մի նոր միասնական Միջին Եվրոպայի կերտումը, որ վերապրել է պատերազմը՝ որպես հետևանք ազգերի սրբապիղծ աստիճանակարգության և  որն այժմ առանց որևէ ազնվականական իշխանության իր միասնությունն է գտնելու: Եվ Պրժեմիշլը, ընկերնե՛ր, համաքաղաքացինե՛ր և բարեկամնե՛ր, դառնալու է այսօրինակ ժողովուրդների հանրակցության նախատիպն ու ուսումնական ձեռնարկը»…

Կիսաձայն ընդմիջարկություններով, ինչպես օրինակ՝ Լիբերմանը լեզվին է տալիս կամ՝ Ա՜խ, Լիբերման, Լիբերման, կայազորի հիվանդանոցի չեխ բժիշկ Յարոսլավ Սուչեկը Գրանդ Կաֆե Շտիբերում  հնչող սոցիալ-դեմոկրատների այս և նմանօրինակ ելույթներին՝ երբեմնակի, բիլիարդի սեղանից չկտրվելով, ապա և կտրուկ խոյահարումներով դեպի երեք բյուրեղապակյա ջահերով զարդարված սրահի խորքը, կարճառոտ հակաճառություննէր էր իրեն թույլ տալիս, համենայնդեպս երբևէ չհետևելով Լիբերմանի առաջարկությանն առ այն, որ նա իր առարկությունները լավ կանի դեմոկրատների նեղ շրջանակներում ներկայացնի: Սուչեկը սկզբունքորեն արտահայտվում էր բիլիարդի սեղանի արծաթակապույտ ծխագոլորշիներով պարուրված հեռաստանի շղարշաքողի թիկունքից և դրանով իսկ զարմանալիորեն անորսալի էր թվում:

«Միջին եվրոպական ժողովուրդները սակայն ո՛չ ազնվիշխանական, ո՛չ էլ դեմոկրատական բազմազգ պետություն են տենչում», ասաց չեխ բժիշկը դեռ անցած շաբաթ՝ անձրևած մի ետկեսօրի, «այլ նրանք ցանկանում են պարզ ու հասարակ մի բան՝ իրենց սեփական, ինքնիշխան, խելապակաս ու փոքրիկ ազգային պետությունները, իրենց սեփական հռնդացող արդյունաբերությունները, կոռումպացված խորհրդարաններն ու զվարճալիորեն հանդերձավորված բանակները: Նայեք խնդրում եմ Ձեր շուրջը, պարոն Լիբերման, ի՞նչ եք տեսնում: Դուք տեսնում էք Միջին Եվրոպան՝ մի գազանանոց. չեխերը հայհոյում են սլովակներին, լեհերին, գերմանացիներին: Լեհերը լիտվացիներին ու ուկրաինացիներին: Սլովակները հունգարներին: Հունգարները ռումինացիներին: Խորվաթները սլովեններին, սերբերին ու իտալացիներին: Սերբերը ալբանացիներին ու չերնոգորցիներին: Սլովենները իտալացիներին ու բոսնիացիներին և այսպես շարունակ, և գերմանացիները հայհոյում են սլավոններին ընդհանրապես, բոլոր թշնամությունները բնականաբար նաև փոխադարձվում են և բոլոր մասնակիցների կողմից մշտապես նորովի և մշտապես խելակորույս նախապաշարումներով գերհագեցված: Այս քաջահայտ ժողովուրդների ընտանիքի անդամների համար ընդհանուրը հենց միայն այն է, որ նրանք ամեն հարմար առիթով հարձակվում են հրեաների վրա: Հրեական ջարդերը սակայն նաև այն միակ ձեռնարկումն է, որին ընտանիքն այս, միասնաբար, ինքն իրեն պատրաստ է գտնում:  Խաղաղ համագոյակցությու՞ն: Դրոշներ ծածանող և իրենց ազգային օրհներգերը գոռգոռացող այս զանգվածներից որոշները հենց միայն նոր են հայտնագործել իրենց ազգային բնավորությունը և այժմ ավելի հրատապ բան չունեն անելու, քան այս խեղկատակությունը սեփական պետության մեծադղորդ տարփողումի ներքո պահել-պահպանել՝ մինչև հաջորդ պատերազմը, մինչև հաջորդ հրեական հետապնդումները, մինչև հաջորդ ասպատակությունը: Ընդսմին՝ նրանք կույր են մնում իրար հանդեպ. կույր ու խելացնոր: Ազգությո՜ւն… Ա՜խ, Լիբերման, Լիբերման, ինչպիսի՜ ցնդաբանություն: Սակայն ժամանակավորապես սա նույնիսկ հույժ արդիական է մնում, այս ապուշության կարևորումը և դրանով իսկ հավատը սեփական, առանձնապե՛ս փառավոր պատմության հանդեպ, հավատը հույժ առանձնաշնորհյալ և հանճարեղորեն ոլորապտույտ սեփական ճանապարհի հանդեպ՝ կապիկների ոհմակից մինչև գերգիշատիչ ազգային պետությունը: Այն Եվրոպայում, որի մասին Դուք խոսում եք, մեծարգո պարոն, Բոհեմիան գտնվում է ծովափին և Տրիեստը լեռնաստանում: Ձեր ճառերը ժամանակի մակարդակի բարձրության վրա չեն: Եվ ժամանակը, պարոն դեմոկրատ, վստահաբար Ձեր ճառերի բարձրության մակարդակին չի գտնվում»:

Զինվորական հիվանդանոցի բժիշկ Սուչեկը երկուշաբթվա մինչկեսօրեի իր այս պոռթկումը բիլիարդի մականի անսպասելի մի հարվածով ավարտեց, ամբողջովին խորասուզված էր իր խաղի մեջ և այլևս անհաղորդ էր իրենից որևէ պատասխան ակնկալող Կարմիր սեղանականների բարձրացարած բողոքի ձայնին:

Որպես մի ահարկու հրդեհի զոհ՝ Հերման Լիբերմանը ճառասացի իր ամբիոնից վեր պարզեց առկայծող, հուրհրատող ջահերի մխացող դաշտը: Սուչեկի կողմից այդ երեկոյան որևէ բացականչություն չեղավ: Բժիշկն օրեր առաջ իր անձնակազմով հանդերձ տեղափոխվել էր և ապարդյուն փորձել էր խանգարել իր գործընկերներին իրենց հետ քարշ տալու կայազորի հիվանդանոցի բոլոր շարժական սարքավորումները: Ծանր բեռնավորված, երգելով ու զորաքայլելով՝ չեխերը, ժամանակի քաոսից դուրս պրծնելով, ընդառաջ գնացին իրենց սեփական պետությանը:

«Մենք հավաքվել ենք այստեղ», բղավեց Լիբերմանը կրակներից, կերպարանքներից, դեմքերից և վետվետացող ստվերներից հյուսված վայրի թավուտի միջից, «ապացուցելու, որ Միջին Եվրոպան միայն իր ժողովուրդների միասնությամբ է ի զորու պաշտպանվել ու խուսանավել օտար բանակների ու շահերի թատերաբեմ դառնալուց: Կեցցե՜ Պրժեմիշլի Ազատ Հանրապետությունը, ազգերի հանրակցության ուսումնական ձեռնարկը, կեցցե՜»:

Vivat[2] և ուռա՜ հռնդալով արձագանքվում էր ներքևներից: Ջահակիրները ճոճում էին իրենց լույսերը գլխավերևում կամ կրակի շրջանակներ ու օղաշրջաններ էին գծում օդում: Հաղթականորեն և շինծու չափաշեշտով, որ ասես վաղուց սպասված մի ազդանշան աչքաթող էր արվել և բաց թողնվածն այժմ արագացված տեմպով հարկավոր էր հետ բերել, ազդարարեց փողային նվագախումբը: Ցնծության միջից սուրուլիկ վեր էին խոյանում Օղակաձև հրապարակի մայրիները Գալիցիայի մթամած երկնքում:

Վստահաբար – այս Բոլոր սրբերի տոնի երեկոյան հանդիսությունը կարող էր նաև այլ կերպ ընթանալ. գուցե կարող էր Հանրապետությունն առանց փողային երաժշտության հռչակվեր, գուցե և Օղակաձև հրապարակի մայրիներն այն ժամանակ կանգնած չէին այլևս, չեխ բժիշկի անունը Սուչեկ չէր, այլ Պալացկի կամ մեկ ուրիշը, և գուցե չկային նաև սայլապանները, այլ Սիչի[3] համազգեստավոր անդամները, ուկրաինական ռազմականացված հրշեջների ջոկը, որ ձեռնամարտի էր բռնվել ջահակիրների հետ: Նույնպես և, փաստը մնում է փաստ, որ սոցիալ-դեմոկրատ Հերման Լիբերմանի կողմից ամենայն ոգևորությամբ հռչակված Պրժեմիշլի Ազատ Հանրապետությունը գոյատևեց մինչև 1918 թվականի Բոլոր սրբերի – Բոլոր հոգիների տոնական օրվա գիշերը: Քանզի այդ Հանրապետության առաջին օրվա բացվելուն պես քաղաք ներխուժեցին ուկրաինական բոլոր շեների գյուղացիները, հողագործներն ու արհեստավորները – ազգայնականները Վիրոչկոյից ու Յակսմանիչիից, Պոսդյաչից, Ստանիսլավչուկից ու Կորմանուչիից, ովքեր, դոկտոր Զահայկիևիչ անունով մի երկրորդ փաստաբանի առաջնորդությամբ, զինված ու անզեն՝ ներխուժեցին Պրժեմիշլ և դրանով իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ փաստաբան Լիբերմանի բազմազգ պետության. Պրժեմիշլը մշտապես ուկրաինակա՛ն է եղել: Պրժեմիշլը մշտապես մնալու՛ է ուկրաինական:

Ուկրաինացիներն այսպիսով գրավեցին խորհրդարանի շենքը, շրջանային վարչությունը, տեղահանված կայազորի հիվանդանոցը, կայարանն իր ճաշասրահով և ընդամենը նախորդ երեկոյան կազմված Ազատ Հանրապետության կառավարական հանձնաժողովը – չորս հաշտվողական ուկրաինացիների, չորս լեհերի և Լայբ Լանդաուին՝ հրեական կուսակցության առաջնորդին – տնային կալանքի տակ դրեցին: Նաև Ազատ Հանրապետության անունը ջնջվեց և փոխարինվեց Պերեմիշլ անվամբ:

«Մի՛միայն Դոկտոր Զահայկիևիչ…» ասված էր մի թռուցիկում, որ ավելի ուշ Գրանդ Կաֆե Շտիբերում  հարկ է որ բռնագրավված լիներ, «Զահայկիևիչը, ով արդեն իսկ տարազների փառատոններին և ազգագրական շքերթներին սիրում էր մշտապես իբրև ուկրաինական հեթման հանդերձավորվել – ահա այս կառնավալային խենթուկն է առաջնորդում հիմա ուկրաինական հորդան ընդդեմ քաղաքի…»:

Պրժեմիշլի համար մղվող պայքարի վախճանը կանխատեսելի էր՝ ինչպես որ կանխատեսելի է ուտոպիստական բոլոր պայքարների վախճանը. բնականաբար լեհերը չհանդուրժեցին, որ Պրժեմիշլն ընկավ ուկրաինական տիրապետության ներքո: Պերեմիշլ… Հենց միայն հնչու՛մն է բարբարոսական: Այդ անիծյա՛լ ուկրաինացիք: Եվ սակայն լոկ ռութենացի[4] գեղջուկներն էին, լեմկերն ու բոյկենները[5], որ իրենց համար ազգային անուններ ու մի-մի դրոշ էին ձեռք բերել և յուրաքանչյուր ճառացասի առթիվ, ով միանշանակ ու բավական երկարաշունչ անունով էր իրողությունը բնորոշում, քթի տակ Ուկրաինա էին գռմռում: Սակայն Պրժեմիշլը մշտապես լեհակա՛ն է եղել: Եվ Պրժեմիշլը ընդմիշտ լեհակա՛ն է մնացել:

Ուկրաինական տիրապետության երկու շաբաթներից հետո, ազգային ճամբարների միջև հարաճուն խռովքի ու ամենօրյա բախումներից հետո քաղաք ներխուժեցին լեհական զորաբանակները Ռոխ անունով մի գեներալի հրամանատարության ներքո, ծեծուջարդի ենթարկեցին խառնամբոխին ու վռնդեցին իրենց գյուղերը և փաստաբան Զահայկիևիչին տնային կալանքի տակ դրեցին: Շայբովկա խամուխոպանում և Ֆրանց-Յոզեֆ-նավամատույցի Սան առափնյակում նաև կրակոցներ հնչեցին: Սակայն մահացու վերք ստացավ միայն մի մարդ: Զավթիչների արձանագրությունը ավանդել է նրա անունը, դա մովսեսականություն դավանող լեհ Լուդվիկ Ույբերալն էր, ում մի գյուղացի Բալուչիից, ով գետի ավազով բեռնված եզների իր լծասարքը Ֆրանց-Յոզեֆ-նավամատույցի մանրախճե հատակի նստարանին էր տեղադրել, տեսել էր, թե ինչպես երկու կարճառոտ կրակահերթերից նա բերանքսիվայր գետնին տապալվեց:

Թարգմանությունը Աշոտ Ալեքսայանի

[1] Քաղաք Լեհաստանի հարավ-արևելքում, Ուկրաինայի սահմանին: Պրժեմիշլը դարեր շարունակ եղել է միջին եվրոպական խոշոր առևտրային կենտրոններից մեկը և սկսած 1895-ից նաև երկաթուղով էր կապված հաբսբուրգյան միապետության կարևորագույն կենտրոններին՝ Կրակովին, Լվովին ու Բուդապեշտին: Քաղաքն առ այսօր պահպանել է իր բազմազգ նկարագիրը (լեհեր, ռութեններ, ուկրաինացիներ, չեխեր, գերմանացիներ, հրեաներ, հայեր):

[2] Կեցցե՜ (լատ.):

[3] Սիչ – 16-18-րդ դարերում ուկրաինական կազակական ամրացված վարչական կենտրոնակայանների ընդհանուր անվանումը: Հնագույնը Զապորոժյան Սիչն էր, որը, ինչպես և նրա հաջորդները, մշտատև կռիվների մեջ էր Ռուսական և Օսմանյան կայսրությունների, ինչպես և լեհական ու լիտվական պետական կազմավորումների հետ:

[4] Ռութեններ կամ ռուսիններ – Այսօրվա ռուսների, ուկրաինացիների և բելոռուսների նախնիները: 11-րդ դարից ի վեր Գալիցիայում ու Կարպատյան նախալեռներում բնակվող արևելասլավոնական ցեղախումբ, որը 15-17 դարերում գտնվել է տարբեր պետական կազմավորումների հպատակության ներքո՝ Լիտվական Մեծ դքսության, Լեհ-լիտվական պետության և Հունգարիայի թագավորության, 18-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբը մտել է Հաբսբուրգների միապետության կազմի մեջ:

[5] Լեմկեր ու բոյկեններ – Երկու ազգային փոքրամասնություններն էլ, նաև հուզուլները, մինչև 2-րդ աշխարհամարտը ստվար զանգվածներով, սերնդեսերունդ բնակվելիս են եղել Լեհաստանում, այսօր նրանք կարելի է ասել գրեթե վերացել են: Լեմկերենն ու բոյկեներենը ուկրաիներենի ենթաբարբառներ են, որոնք իրենց վրա կրում են լեհերենի ու սլովակերենի մեծ ազդեցությունը, առկա են նաև ռումիներենի և հունգարերենի լեզվական հետքերը: Դավանանքը՝ հունադավան կաթոլիցիզմից անցում ուղղափառությանը: 1944 թվականին Լեհաստանի ժամանակավոր կառավարությունը և ԽՍՀՄ-ը ստորագրեցին Ազգաբնակչության փոխանակման համաձայնագիր, որով այս փոքր ազգությունների բնակչության մեծ մասը բռնությամբ տեղահանվեց ու վերաբնակեցվեց Ուկրաինայում՝ Լեհաստանում թողնելով իրենց անշարժ գույքն ու ունեցվածքը: Մնացածները ևս տարհանվեցին իրենց բնօրրանից և ցրվեցին Լեհաստանով մեկ: Այսպես վերացվեց նաև այդ ժողովուրդների մշակութային ժառանգությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *